Kitabı oku: «Զահրումար», sayfa 7
ԺԶ
Հասավ հուլիս ամիսը:
Տոթը գնալով ավելի սաստկանում էր. փոշին մարդ էր խեղդում, և եղանակը օրեցօր անտանելի էր դառնում: Բոլոր երևելի գերդաստանները գնացել էին ամառանոց, և քաղաքում մնացել էին միայն այնպիսի մարդիկ, որոնք չեն կարող բաժանվել կյանքի հոգսերից:
Մայիլովը նույնպես չէր երևում Հացի-Գելենց տանը, նա մի շաբաթ առաջ, մնաք բարով ասելով օրիորդ Սոֆիին, գնացել էր Կոջոր: Բայց մեր հերոսուհին օր ու գիշեր հեծում էր տխրությունից` յուր սիրո առարկան մոտը չլինելու համար, մինչև մի օր փոքր – ինչ ուրախացավ, երբ նրանից ստացավ մի այսպիսի նամակ.
«Իմ հոգու հատոր, սիրելի իմ Սոֆի
– Հրաշա՛լի փոփոխություն… – բացականչեց օրիորդը: – Ա՛խ, սե՜ր, սե՜ր, ինչպիսի աստվածային զորություն է թաքուցած քո մեջ…: Նա բաց է արել մունջ լեզուն, նա վառել է նրա սրտում երկնային կրակ, նա շնչել է նրա հոգում այսպիսի քնքուշ զգացմունքներ… և սառնարյուն սքոլական համբակը՝ ոգևորված այսպիսի նամակ է գրել…:
Նա երկրորդ և երրորդ անգամ կարդաց նամակը, սեղմեց նրան յուր կրծքին և հիացմամբ սկսավ զմայլիլ իր սիրո առարկայի վրա:
Հանկարծ դրսում լսելի եղավ ճանապարհորդական սայլակի զանգուլակների ձայն. և քանի մի րոպեից հետո ծառան հայտնեց, թե աղան եկավ Կավկայից:
Հոր գալուստն առավել ևս ուրախացրեց օրիորդ Սոֆիին, որովհետև նա մտածում էր, թե այնուհետև անարգել կարող են ամառանոց գնալ:
Օրիորդն ուրախությունից դուրս վազեց և գտավ յուր հորը դահլիճում բոլորովին արևից այրված ու փոշուց սևացած. օրիորդը քնքշությամբ գրկեց նրան և համբուրեց նրա ձեռքը, հայրն էլ համբուրեց նրա երեսը:
Շուտով շրջապատեցին նրան տիկին Բարբարեն, նրա մյուս աղջկերքը Լիզան և Ելենան, սկսան փաթաթվել նրա վզով: Ճանճուր Իվանիչը խիստ ուրախությամբ ընդունեց յուր զավակների գգվանքը, և նրա դեմքը թեև արևի կիզող ճառագայթներից այլայլված, բայց արտահայտում էր գոհունակություն, որով երևում էր, թե նրա գործերը հաջողել են Կավկայում: Նա հանվեցավ, ծառաները ջուր բերին լվացվելու:
Կեսօր էր: Ճանճուր Իվանիչը լվացվեցավ, ճանապարհի փոշին թոթափեց յուր փափախից, կաբայից և արխալուղից, ճաշեց և պատրաստվեցավ շուկա գնալ նույն հագուստով:
Տիկին Բարբարեն խնդրեց, որ այդ օր փողոց չգնա, այլ մնա տանը հանգստանա, երեկոյան պահում, բաղնիք գնա, այնուհետև մյուս օրը դուրս գա փողոց: Բայց Ճանճուր Իվանիչր չհոժարեցավ – իմ հանգստությունը իմ գործերս են, ասելով՝ տանից դուրս գնաց, թեև վրայից սարսափելի անախորժ թթվահոտ էր բուրում:
Ճանճուր Իվանիչի գնալուց հետո տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին մնացին միայնակ միասին:
– Տեսնո՞ւմ ես, մայրիկ, այսօր արևը տոթային է, – ասաց օրիորդ Սոֆին:
– Հա՛, Սոֆի, – պատասխանեց տիկին Բարբարեն, – դուրսը կարծես տաքացած փուռ լինի, խեղճ հայրդ ի՞նչպես է եկել այս տաք օրին:
– Հայտնի բան է, մեծ նեղությունով: Բայց, մայրիկ, ես չեմ կարող տանել այս տոթը, – խոսքը փոխեց նա, – եթե այս ամառ քաղաքում անցկացնեմ, անպատճառ կհիվանդանամ:
– Ուրեմն միտք ունիս ամառանո՞ց գնալ, – հարցրեց մայրը:
– Ես արդեն սովորած եմ. մենք վարժարանում եղած ժամանակ ամեն ամառ գնում էինք, – պատասխանեց օրիորդը:
– Շատ լավ, մի քանի օր համբերիր, ես այդ մասին կխոսեմ հորդ հետ և անպատճառ կտնօրինեմ, որ այս ամառ Կոջոր գնանք:
Տիկին Բարբարեն թողեց յուր աղջկան միայնակ և դուրս գնաց ծառաներին պատվերներ տալու, իսկ օրիորդ Սոֆին մտավ յուր սենյակը, ներսից դուռը կողպեց, էլի մի անգամ կարդաց նամակը, որ ստացել էր Մայիլովից և սկսավ պատասխանը գրել:
Ավելորդ եմ համարում մեր հերոսուհու նամակի պատճենը հաղորդել ձեզ, պատվելի ընթերցող, մտածելով, թե դուք շատ անգամ կարդացած կլինեք նամակներ, թե ի՛նչ են գրում սիրուհիք իրանց սիրեկաններին: Նրանց ոչ միայն խոսքերը, ոճը և պարբերությունները շնչում են ամբողջ բանաստեղծությամբ, այլև թուղթը, նրա գույնը, նրա նկարները, թանաքը, կնքամոմը, ծրարը, – այդ բոլորը պարունակում են իրանց մեջ սիրո գաղտնիքներ:
Մենք հանգիստ թողնենք օրիորդ Սոֆիին յուր նամակը գրելու, այժմ տեսնենք, թե ո՛ւր գնաց Ճանճուր Իվանիչը:
Նա յոր տանից դուրս գալուց հետո ոտքով մի քանի ժամվա մեջ շրջեց բոլռր գլխավոր տեղերը, ուր գործ ուներ: Նախ և առաջ գնաց ինժեներնոյե ուպրավլենիեն. իսկույն լսվեցին ծառայողների ողջույնները. «բարով, բարով, Ճանճուր Իվանիչ» – գոչեցին զանազան ձայներ: Նա մոտեցավ այս կամ այն ծառայող աստիճանավորին, սեղմեց նրա ձեռքը. մի փոքր խոսեց, մի փոքր ծիծաղեց, մի փոքր սրա և նրա ականջում քչփչաց: Այնտեղից դուրս եկավ բիրժի առջև: Կեղծավորաբար մոտեցավ սրան, նրան՝ «բարով, Իսակ Մարտինիչ», «բարով, Գարասիմ Յակուլիչ», մոտեցավ զանազան մարդկանց, սկսավ երկար ու բարակ հարցնել նրանց քեֆը, նրանց տանեցոց առողջությունը, մի փոքր զվարճաբանեց, մի փոքր փաղաքշեց, այնուհետև գլուխ տալով հեռացավ, յուր մտքի մեջ հայհոյելով նրանց ծնունդը. «քու հերն անիծած» ասելով, նա սկսավ դիմել դեպի Միջի – փողոց: Այնտեղ ևս զանազան մարդկանց գլուխ տալով, ամեն մինի հետ մի քանի րոպե խոսելով, անցավ բազազխանա:
Բայց ուշադրության արժանի է այն, որ երբ մարդիկ նրանից հարցնում էին, թե ի՞նչպես անցան յուր Կավկայի կապալները, շահավե՞տ էին թե ո՛չ, Ճանճուր Իվանիչը ցույց էր տալիս անչափ դժգոհություն, ասելով, թե նա պիտի բավական վնաս ունենա Կավկայում, թեև այն տարի նրա Կավկայի կապալները խիստ շահավետ եղան բայց Ճանճուր Իվանիչը վնաս ցույց տալու մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքական խորամանկությունը, այն է, որ մյուսներն այնտեղի կապալները վնասակար համարելով՝ չմտնեն այնտեղ:
Ման գալով բոլոր շուկան, Ճանճուր Իվանիչը մինչև անգամ գնաց Շիրաչխանեն, իմացավ, թե քանիսով է ծախվում գինին, գնաց Շեյթան փողոցը, այնտեղ իմացավ, թե քանիսով է ծախվում ալյուրը, ի՛նչպես է ծախվում գարին, այնտեղ իմացավ նաև հնդկահավի, ձվի ու ցոցխալի մազանդան, թեև այդպիսի բաներին նա փող տվողը չէր, բայց մտնելով ղասաբխանա, գնեց խորովածի համար կես չարեք չալաղաջի և բերավ տուն:
Երեկոյան զանգակները զարկում էին:
Տանը նա պատրաստ գտավ թեյը:
Նա չգնաց յուր սենյակը, ինչպես սովորություն ուներ առաջ, այլ ուղղակի մտավ սեղանատուն, ուր նրա գերդաստանր նույն ժամուն հավաքված էին թեյի սեղանի շուրջը: Քիտեսը չմոռանալով յուր աղայի հին պատվերը, դրեց նրա քուրսին, Ճանճուր Իվանիչը նստեց նրա վրա:
Նա սկսավ խոսել ու ծիծաղել յուր երեխաների հետ, նրանք նույնպես ուրախ էին իրենց հոր գալստյան համար: Բայց օրիորդ Սոֆիի դեմքը չէր ցույց տալիս որևիցե ուրախություն, նա նույն րոպեին մտածում էր ամառանոցի մասին:
Հանկարծ հայտնվեցավ Սամիլ Պետրովիչը:
Անհասկանալի է, թե չարանախանձ բամբասողը ո՞րտեղից էր առել Ճանճուր Իվանիչի գալստյան լուրը. ստերի մի պարկ թևի տակին և զինավորված մի քանի նոր բամբասանքներով, նա մտավ Հացի-Գելենց տուն` երեկոյան թեյն այնտեղ խմելու, իսկ եթե աստված հաջողի, նաև ընթրիքին մնալու:
– Բարով, բարով, Ճանճուր Իվանիչ, – ասաց նա ուրախ դեմքով և մոտենալով` առավ նրա ձեռքը:
– Բարով, Սամիլ Պետրռվիչ, – կրկնեց Ճանճուր Իվանիչը:
Նրանք ձեռք – ձեռքի տվին և պռոշտի արին:
Այնուհետև Սամիլ Պետրովիչը քաղաքավարությամբ գլուխ տվավ տիկին Բարբարեին ու մյուսներին և նստեց:
– Ի՞նչ բարին հարցնինք, – խոսեց Սամիլ Պետրովիչը, – փառք աստծո, էլի սաղ – սալամաթ էկաք ձիր օջախին արժանի էլաք: Բարբարե, աչքդ լուս, – դարձավ նա դեպի տանտիկինը:
Տիկին Բարբարեն գլուխ տալով՝ հայտնեց յուր շնորհակալությունը:
– Ի՛նչ շատ քաշից սաֆարդ, Ճանճուր Իվանիչ, – հարցրեց Սամիլ Պետրովիչը: – Աչքներս հենց քու ճամփին էր մնացի, ասում էինք՝ էսօր գուքա, էգուց գուքա:
– Հա՛, շատ քաշից, էրկու ամսից ավել է, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը:
– Ջանդ սաղ ըլի, մարդը դիփ աշխատելու համար է ծնված, – կրկնեց Սամիլ Պետրովիչը: – Հալա մե ասա՛ տեհնինք, քու գործերի համա ի՞նչ շինեցիր:
– Գուրծիրուս համա էլ մի՛ հարցնի, Սամիլ Պետրովիչ, – էս տարի խեր չկա, վնաս շատ կունենամ:
– Ջանդ սաղ ըլի, դարդ մի՛ անի, ղոչաղ կաց. աշխարքի մալը աշխարքում կու մնա, ի՞նչ պիտի տանինք միզ հիդ: Հալա ասա՛, տեհնիմ, Սիմոն Յագորիչն ինչ է շինում, եփոր գուրծիրը, ինչպես ասում իս, վատ ին գնում: Հիմի ես գիդիմ, բուռնութին քաշում կուլի, ախ ու վախ անելիս կուլի, էտենց չէ՞, ես նրա խասյաթը գիդիմ:
– Էտենց է, աստուծ գիդենա, – ծիծաղելով պատասխանեց Ճանճուր Իվանիչը:
– Արմնալու մարդ է էտ Սիմոն Յագորիչը. ուրիշը վնաս կոնե, համա ղուսեյնը նա կու քաշե:
– Մագրամ շատ չեստնի մարդ է, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը, – քսան տարի է իմ գուրծերումն է, ես նրամեն մե խայինութին չիմ տեհած:
– Ես էլ գիդիմ, որ չեստնի մարդ է, – կրկնեց Սամիլ Պետրովիչը:
Սամիլ Պետրովիչին մատուցին թեյ: նա առավ ձեռքը, մի քանի կում ընդունեց, ապա ասաց.
– Ի՜նչ լավ չայ է, ի՛նչ համ ու հոտ ունե, գրվանքեն վո՞ւնց իք առնում:
– Իրեք մանեթով, – մյուս կողմից պատասխանեց տիկին Բարբարեն:
Թեյի գրվանքան առնված էր տասը մանեթով: Բայց երեք մանեթի ձայնը լսելիս դարձյալ Ճանճուր Իվանիչի դեմքը մռայլվեցավ, որովհետև նրա կյանքում վեց աբասանոցից ավել թեյ նրա տուն չէր մտած:
Սամիլ Պետրովիչը նկատելով, որ թեյի հարցը լավ ընդունելություն չգտավ լսողներից, խոսքը փոխեց.
– Կիրակի օրը դուրս էկած կուլիք, էտենց չէ՞, – հարցրեց նա:
– Հա , կիրակի առուտեհան դուրս էկանք, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը:
– Ճամփին խոմ շատ շուք չէ՞ր:
– Ի՞նչ շուք, մարդ մրսում է. խալխը հենց ջանիքը նեժնի ունեին պահած, մե քիչ արև ըլելիս, ասում ին շուք է. շուքն ի՞նչ է, մարդի ջանը պիտի ղայիմ ըլի, վուր շուքին էլ դիմնա, ցրտին էլ:
Օրիորդ Սոֆիին ձանձրացրեց դրանց խոսակցությունը. մանավանդ Ճանճուր Իվանիչի նկատողությունները շոքի մասին փոքր – ինչ թուլացրին նրա հույսերը ամառանոց գնալու մասին: Նա վեր կացավ և դուրս գնաց պատշգամբ ու սկսեց նայել դեպի շուկան:
– Էլ ի՞նչ բարին հարցնինք, – խոսեց Սամիլ Պետրովիչը, – հա՛, միր Սերգեյին տեհա՞ր էնտեղ:
– Սերգեյին իս ասո՞ւմ. ա՜յ աստուծ վուչ գիտենա նրա գլուխը, հա՛, տեհա, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը մի փոքր գունաթափությամբ:
– Ի՞նչ է շինում:
– Ղազախի ձիաների խոտը փոդրաթով ունե վիր կալած:
– Շահի բիստի ունի՞ ձեռքում:
– Ի՞նչ գիդիմ, աթմորթու բանը սատանեն է խաբար:
– Լավ, էս էլ էտենց. ասա՛, տեհնիմ՝ էրկաթե ճամփեն ինչկլի ո՞ւր ին բերի:
– Քութայիսեմեն անց ին կացրի:
Ճանճուր Իվանիչը բոլորովին հոգնեցավ շատախոս Սամիլ Պետրովիչի հարցմունքներին պատասխանելով: Եվ կամենալով նրան խոսել տալ, ինքը մի այսպիսի հարց առաջարկեց.
– Ասա՛, տեհնիմ, Սամիլ Պետրովիչ, քաղաքում ի՞նչ նուր խաբար կա:
– Նուր խաբար իս ուզո՞ւմ. Վ… ովը քվիրը մարդու էրիտ:
Այդ լուրն իսկապես շարժեց տիկին Բարրարհի հետաքրքրությունը, և նա կամեցավ գիտենալ այդ մասին մանրամասն, այդ պատճառով հարցրեց.
– Վ…ովը քվիրը մարդու էրիտ, հա՜, ո՞ւմ:
– Ղ..ովի տղին:
– Էտ լավ է, լավ փեսա է ճանգի, – ասաց տիկին Բարբարեն:
– Լավ է, մագրամ յառսուն հազար մանեթ վրեն դրից, ինչկլի բանը գլուխ էկավ:
– Յառսուն հազար մանե՞թ, – զարմանալով հարցրեց Ճանճուր Իվանիչը:
– Հա՛, էտքան փուղին մի էտքան էլ բաժինք կուլի, գիդի՞ս, – կրկնեց Սամիլ Պետրովիչը:
– Քու տուտուց հե՛րն անիծա՜ծ, – խոսեց Ճանճուր Իվանիչը՝ բարկանալով, – էտքան փուղ աղջկան տալ կո՞ւլի , էտ ի՞նչ բան է:
– Լավ, ինչի՞ է տուտուց, – նրա խոսքը կտրեց տիկին Բարբարեն, – փուղ ունի, տալիս է. հետո գիդի՞ս փեսեն ի՛նչ տղա է:
– Ի՞նչ տղա է, էգուց էլօր յառսուն հազար մանեթը բոլ – բոլ կու մսխե ու փուղ դադողի հերն ու մերը ուշունց կուտա, – ասաց Ճանճուր Իվանիչը:
– Ինչի՞, գժվի՞լ է, – կրկնեց կինը:
– Մուֆթա փուղը ում ձեռը տաս, կու գժվի:
– Լավ, ջեր դրանք թող մնան, – նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրովիչը, – մագրամ մարդ պիտի էնպես կամուրջ շինե, վուր ուրիշն էլ կանենա անց կենա: Ասինք թե նրա հերը մե սկուպոյ մարդ էր, վուչ ինքը կուտեր, վուչ ուրիշին կուտացներ, իր կինքումը մե աղքատի կոպեկ տված չկա, ընկերներին կողոպտեց, ուսումնարանի ու էգեղեցու փուղիրը կերավ, էտպեսով մոդ արավ, մոդ արավ, իժում գոռբագոռ էլավ ու վուրթիկերանցը մինձ դովլաթ թողից: Հերը տարիներով մե ղադաքի արխալուղով էր յոլա գնում, հիմի կի տղեն տարենը էրկու հազար մանեթ հենց փերչաթկի փուղ է տալիս: էտպես մուֆթա փուղը հալբաթ էնքան կուտան փեսին: Էն էլ հայ էլեր, գլուխը քարը, հայ էլ չէ՛:
– Լավ, ասինք թե նա մուֆթա փուղ ունե (գլուխն ուտե իրա փուղը), այնումը չի գցում ու տալիս է, բաս խիղճ քասիբ – քուսուբն ի՞նչ անե: Չէ՞ վուր նրանք էլ աղջիկ ունին, նրանք էլ փեսա գուզին, – խոսեց տհաճությամբ Ճանճուր Իվանիչը:
– Քեսիբն էլ իրա գորա թող տա, – պատասխանեց տիկին Բարբարեն, – շատ չունե, թող քիչ տա:
– Նրանից ո՞վ է հարցնում՝ շատ ունե, թե քիչ, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը: – Նրան կոսին էսքան հարուր թուման կուտաս, աղջիկդ կառնենք, չիս տա չինք առնի, թող մնա ու պառվի… Թող ենդումեն դենը խարազը գնա հենց կաշին կրծե ու օսկերիչը չաքուճ խփե, ինչկլի հարուր թուման դրստե, վուր իր աղջիկը կանենա մարդու տա:
– Միր ազգի տունը էն վուխտը քանդվեցավ, – նրանց խոսքը կտրեց Սամիլ Պետրովիչը, – եփոր մինք միր պապենական ադաթնիրը փոխեցինք: Գիդի՞ք ինչպես է էլած միր պապերու վուխտը. ասում ին, թե փեսեն է փուղ տալիս ըլում աղջկա հորը: Հարսանիքի ժամանակ էն փուղը վուր փեսեն տվիլ է, հարսնիրը իրանց մեջ հավաքելիս ին էլի ու փեսին տալիս, էնպես վուր փեսեն էլ մեջտեղում իր հարսանիքի ծախսը մուֆթա էր քցում: Հիմի ջեր ղզլբաշի երկրում ու Հայաստանում էտ ադաթը մնում է:
– Էս ռուսոբան միր տունը քանդից, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը. – էտենց լավ է էլած, մաշ վո՞ւնց: Տեհնում իք մե մարդ մե կով է ունենում, ան թե մե էշ է ունենում. եփոր դրանք ուրիշին հարկավոր է ըլում, առանց փուղի չէ' տալիս: Ամա աղջիկը միր քաղքում կովից էլ, էշից էլ վատ է էլած. ինչկլի փուղ չիս տալիս, չին տանում:
Ճանճուր Իվանիչի վերջին խոսքերը վատ ներգործություն ունեցան տիկին Բարբարեի սրտին, և նա խոսեց վրացերեն.
– Ծնողների համար ի՞նչ զանազանություն կա զավակների մեջ. նրանց համար թե տղեն, թե աղջիկը մեկ է: Եթե նա ունի հարստություն, ամենին էլ հավասար բաժին պիտի տա. էլ ինչի՞ աղջիկը պիտի զրկված մնա հոր կայքից:
– Զանազանություն շատ կա տղի ու աղջկա մեջ, – նրան պատասխանեց Ճանճուր Իվանիչը, – նրա համա, վուր օջախը, հոր անունը տղեն է պահում, քաղաքական հարկերի համա տղեն է պատասխանատու: Ծնողներին վերջում տղեն է պահում: Մե խոսքով տղի ծախսերը շատ ին. չէ կարելի տղի հացր կտրել ու տալ աղջկան, վուր նա տանե ուրիշ տղամարդու հիդ քեֆ անե:
– Էտ ո՞ւր իք ասում, – մեջ մտավ Սամիլ Պետրովիչը, – տղամարդու առավելությունը աղջկանից թող հիռու մնա. բայց բանն էնպես է փոխվել, վուր տղամարդը ժառանգության մեջ խիստ ստոր է մնացել աղջկանից, և շատ անգամ եղբայրը ուրախ է գրկվել հոր կայքից, գեթ նրա քույրերը կարողանան մարդու գնալ: Ձիզ մի օրինակ ասիմ. մի հայր ունե երկու հարիր թուման փուղ, երկու աղջիկ, երկու տղա. եթե հավասար բաժին անե նրանց մեջ, ամեն մեկին կու հասնի հիսուն թուման. էտ գումարը բոլորն էլ դնում է աղջիկների վրա, բայց դարձյալ չէ կարողանում մարդու տալ:
– Էտ է պատճառը, վուր եփ մարդու տանը մե քանի աղջիկ կա, նա բազարում Էհտիբար (վարկ) էլ չէ ունենում: Էն մարդը, վուր փուղը տալիս է ապրանքի ու գցում է ծովի երեսը, նրան փուղ տալիս ին ու չին վախենում, թե կարելի է նավը ծովակուլ լինի, համա էն մարդուն, վուր աղջիկներ ունե, նրան փուղ չին տալի, nւ էտպիսով մարդիկ ճարահատյալ իրանց աղջիկներր օտար ազգերի ին տալի. պատճառ, վուր հայի տղի համա պաս է էլած անփուղ աղջիկ առնիլը: Ինչպես մինձ պասին՝ բարեկենդանի մնացած կերակուրները չուտելու համա տալիս ին թուրքի, ան աղքատի, վուր չհոտին, – ասաց Ճանճուր Իվանիչը:
– Ի՞նչ կորուստ է այդ հայերի համար – պատասխանեց տիկին Բարբարեն կրկին վրացերեն, – դիցուք թե մի հայր ունի աղջիկ և նրան տալիս է փող. միևնույն ժամանակ նա ունի տղա, որ յուր նշանածի հետ բերում է փող: Այդպիսով առաջինի կորուստը լրացնում է երկրորդը:
– Այդ միևնույն է, եթե մի մարդ թույլ տա իրան կողոպտել, մտածելով, թե փոխարենը ինքը կու կողոպտե ուրիշին, – պատասխանեց Ճանճուր Իվանիչը:
Վեճը նրանց մեջ այսպես աննկատելի կերպով երկարեց մինչ մերձակա սենյակում ժամը զարկեց տասը: Բայց թե Ճանճուր Իվանիչը, թե Սամիլ Պետրովիչը չկարողացան համոզել տիկին Բարբարին, թե փողով աղջիկ մարդու տալը չարաչար վնասում է հասարակությանը: Նրանք կես ժամ ևս վիճեցին, մինչև ծառան ներս մտավ և հայտնեց, որ ընթրիքը պատրաստ է: Սամիլ Պետրովիչը գդակն առավ և այնպես ձևացրեց, թե կամենում է գնալ, բայց նրան խնդրեցին մնալ իրանց հետ ընթրելու:
ԺԷ
Առաջին օրը Ճանճուր Իվանիչի համար անցավ բավական խաղաղությամբ, որովհետև նա չգիտեր, թե Կավկա գնալուց հետո յուր տան մեջ ինչ ու ինչ փոփոխություններ են եղել: Բայց մյուս օրվա առավոտյան պահուն յուր տան մեջ ամեն մանրամասնություններ քննելուց հետո նա իջավ ներքին հարկի հետնակողմյան բակը, որ առաջ թոնրատունն էր, նայելու հավերին: Նա զարմացավ, երբ տեսավ, որ փոքրիկ դռան տեղ մի ահագին երկփեղկանի դուռ բացվում էր դեպի շուկան, նախկին թոնրատան փոխարեն շինված էր մի նոր ծածկ, որի ներքև կանգնած էր մի փառավոր կառք և նրան կից` ախոռ, մեջը կանգնած մի զույգ սպիտակ, կապույտ պիսակներով, անգլիական ազնիվ ձիեր:
Նա առաջ այնպես կարծեց, թե կարելի է կառքը պատկանում է ներքևի կեցողներին, բայց հետո մտածելով, որ նրանք այնպիսի մարդիկ չեն, որ կարողանային կառք ունենալ, այդ պատճառով չհավատաց յուր կարծիքին: Եվ զարմանալով առաջ գնաց՝ ստուգելու այդ նոր երևույթը:
Մանկահասակ կազանեցի թաթար կառավարը՝ շեկ մազերով, կարմիր շապիկով և կարմիր վարտիքով, կապույտ աչքերով, տեսնելով նրան, գլխարկն առավ և խոնարհությամբ գլուխ տվավ նրան: Ճանճուր Իվանիչր հարցրեց, թե ո՞ւմն է պատկանում կառքը:
– Կառքը պատկանում է ձեր բարեծննդությանը, տեր իմ, – պատասխանեց թաթարը:
Ճանճուր Իվանիչը զարհուրանքից փետացավ:
– Ի՞նչպես թե դրանք ինձ են պատկանում, – հարցրեց նա կատաղած կերպով:
– Այո՛ , տեր իմ, – պատասխանեց թաթարը, – ձեզ են պատկանում:
– Աստված իմ, – բացականչեց Ճանճուր Իվանիչը և դուրս եկավ ախոռատնից:
– Կհրամայե՞ք լծել կառքը, – հարցթեց թաթարը՝ կարծելով, թե յուր տերը եկել է կառքն ու ձիաները փորձելու:
Բայց Ճանճուր Իվանիչը ոչինչ չպատասխանեց, այլ արջի նման մրթմրթալով գնաց վերև:
Նա մտավ յուր սենյակը: Նա բոլորովին կատաղած էր և չգիտեր, թե ի՛նչ անե: Նա առաջ վճռեց կնոջը կանչել յուր մոտ և աշխարհի բոլոր անեծքներն ու հայհոյանքը թափել նրա գլխին՝ կառքը գնելու համար: Բայց մտածեց, թե այդ չէ կարելի: Հետո յուր մտքում վճռեց յուր դստերը՝ օրիորդ Սոֆիին կանչել և ըստ կարգին հանդիմանել նրան, իբրև այդ բոլոր չարիքների սկզբնապատճառի: Մտածեց, որ այդ նույնպես «չի կարելի»: Հուսահատությունը խեղդում էր նրան: «Ես դրանց հետ (կնոջ և դստեր) չեմ կարող կյանք վարել այսուհետև», – ասաց նա յուր մտքում: «Լավն այն է, որ ես ինքս այս լուասմուտից ներքև ձգվեմ, փշրվիմ քարերի վրա, գուցե ազատվիմ այդ կերպով այս վշտերից»: Վերջին խորհուրդը եղավ նրան բոլորովին հավանական. նա ներսից կողպեց սենյակի դուռը և մոտեցավ լուսամուտին: Նրա բոլոր մարմինը դողում էր բարկությունից: Նրա սարսափելի դեմքը արտահայտում. էր կատտղի խռովություն:
Նա ձեռքը տարավ բաց անելու լուսամուտը:
Հանկարծ նրա միտքն եկան Կավկան, կապալները, Սիմոն Յագորիչը, Կուզմինը և յուր մյուս գործերը: Նրա ձեռքը թուլացավ: Նա դարձավ և նստեց մահճակալի վրա, նրանում զորություն չէր մնացել: Նա պառկեց: Քրտինքը աղբյուրի նման բխում էր նրա մարնից: Նա վառվում էր, կարծես թե կրակի մեջ: Մի տաքություն, որ ավելի նման էր ջերմախտի, տիրեց նրան: Նրա աչքերի առջև սևացավ: Նա մնաց անզգա յուր մահճակալի վրա:
Բոլոր օրը Ճանճուր Իվանիչը մնաց նույն զարհուրելի թմրության մեջ: Ոչ ոք ներս չմտավ նրա սենյակը, որովհետև կարծում էին, թե նա փողոցումն է: Նա սթափվեցավ միայն երեկոյան, տեսավ, որ սենյակը մութն է, ճրագ վառեց և իսկույն հրամայեց կանչել յուր քաղաքի գործակատարին` նրա հաշիվները տեսնելու համար:
Մի ժամից հետո նրա սենյակում հայտնվեցավ մի կարճլիկ և կլորիկ մարդ, երկյուղած դեմքով, թևի տակին մի դավթար: Նա բարի իրիգուն ասաց և նստեց:
Ճանճուր Իվանիչը հրամայեց նրան ցույց տալ բոլոր հաշիվները, որ եղել են յուր բացակայության ժամանակ:
Նրանք նստեցին գրասեղանի մոտ. Ճանճուր Իվանիչը հաշվակալը դրավ յուր առջև, իսկ գործակատարն սկսեց հաշիվները կարդալ:
Բոլոր հաշիվներից հետո գործակատարի վրա մնաց հինգ հազար մանեթ:
– Էտ հինգ հարուր թումանն ուր է, – հարցրեց Ճանճուր Իվանիչը:
– Էտ հինգ հարուր թումանն ինձմեն ստացիլ է տիկին Բարբարեն, – պատասխանեց գործակատարը:
– Տիկին Բարբարե՞ն, – զարհուրելով հարցրեց Ճանճուր Իվանիչը:
– Հրամմել եք, խոմ սուտ չիմ ասում, էս էլ նրա ռասպիսկեքը, – ասաց գործակատարը՝ հանելով յուր թղթապահի միջից մի քանի ստացական տոմսակներ և տալով Ճանճուր Իվանիչին:
Ճանճուր Իվանիչր միայն նայում էր տոմսակներին:
– Էսքան փուղն ի՞նչ է արել էտ անիծածը, – հարցրեց Ճանճուր Իվանիչը:
– Ձիր գնալուց հետո շատ ծախս է էլի:
– Հինգ հարուր թուման ծա՞խս, – կոչեց կատաղի կերպով Ճանճուր Իվանիչը: – Էտ ի՞նչ տնաքանդութին է:
– Ես ի՞նչ գիդիմ, – պատասխանեց գործակատարը, – փայտոն ին առի, ձիանիր ին առի ու ուրիշ մխսիր ին արի:
– Մեկ կոպեկ ինձ ընդունելի չէ, դուն գլուխդ քարովն իս տվի, վուր նրանց էտ ղադա փուղ իս տվի:
– Ես ի՞նչ մեղավոր իմ:
– Մաշ ո՞վ է մեղավորը, շուն շանորթի, – գոռաց Ճանճուր Իվանիչը: – Ես ե՞փ իմ ասի, վուր դուն էտքան փուղ տաս էն անիծածներին:
Խեղճ գործակատարը մնաց քարացած, երբ Ճանճուր Իվանիչը սկսավ գազանաբար գռռալ նրա վրա: Եվ երբ նա նշմարեց, որ այդ անպատվությունը չափից անցնելու է, վեր կացավ և առանց մի բան խոսելու, դուրս եկավ Ճանճուր Իվանիչի սենյակից:
Գործակատարի գնալուց հետո նա առավել ևս կատաղեցավ, որովհետև քանի նա այնտեղ էր, Ճանճուր Իվանիչը էլի փոքր – ինչ մխիթարվում էր յուր բարկությամբ, երբ յուր հայհոյանքի առարկան այնպես հնազանդությամբ տանում էր յուր խոշոր հիշոցները, բայց նրա գնալուց հետո այդ բախտից ևս զրկվեցավ Ճանճուր Իվանիչը:
Մի՞թե աշխարհում սակավ բաներ կային, որոնց Ճանճուր Իվանիչը կարող էր հայհոյել և յուր սրտի տապը զովացնել:
Եվ նա սկսավ հայհոյել կառք մոգոնողի (հորինողի) հերն ու մերը, և իրանց երկրում այդ զահրումարն ադաթ գցողին էլ խառնեց նրա հետ: Նա սկսավ հայհոյել թատրոն մոգոնողի օխտը պորտը և հանգուցյալ Թամաշովին էլ մասնավորապես հիշեց, որ, նրա կարծիքով, մի այդպիսի սատանայական բույնը դրեց յուր քարվանսարի կենտրոնում: Հետո մտքով նա ներս մտավ մոդնի մագազինները և հիշեց մոդա դուրս գցողի մեռելն ու կենդանը: Այնտեղից անցավ Ալեքսանդրյան այգի, Մուշտայիդ, բուլվար և ամեն տեղ սկսավ թափել յուր հայհոյանքների կայծակները, և այդ նրա համար, որ այդ զբոսարանները, այդ զվարճության տեղերը այդպես ոխերիմ կերպով զինավորվել էին նրա դեմ և նրա քսակից անիրավաբար քաշում էին արծաթներ: Այնուհետև մակաբերելով, թե բոլոր այդ չարիքների գլխավոր պատճառները կինը, որդիքը, աղջկերքն ու ընտանիքն է, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի կայծակների տարափը դարձրեց դեպի ընտանեկան կյանքը, դեպի ամուսնությունը և դեպի… ի՞նչ ասեմ` ավելի սուրբ բաներ…:
Եվ այդպես առատ հայհոյանքով բավական կազդուրելով յուր սրտի թուլացած զորությունը, որ պատճառեց կառավարի հանկարծական լուրը ախոռատան բակում, Ճանճուր Իվանիչը վճռեց, թե նրա ընտանեկան կյանքում այդ մեծ կործանիչ վերանորոգության գլխավոր ռեֆորմատորը ոչ այլ ոք էր, բայց միայն օրիորդ Սոֆին: Եվ եզրակացնելով թե յուր աղջկան դեպի մի այդպիսի չարագործության հարկադրող պատճառներն էին ուսումն ու գիտությունը, Ճանճուր Իվանիչը յուր հայհոյանքի մնացորդ մասը թափեց ուսումնարանների և գրի ու կարդալ մոգոնողների վրա:
Եվ մինչ Ճանճուր Իվանիչը յուր փոքրիկ սենյակի խորքից արձակում էր հայհոյանքի կայծակներ դեպի Աթենասա սրբարանները, հանկարծ ներս մտավ Սամիլ Պետրովիչը: Նա այն գիշեր նախ մտնելով տիկին Բարբարեի մոտ, մասնավորապես տեղեկացել էր, թե այն օրո ինչ էր անցել նրանց տան մեջ, որովհետև նա այնտեղ վրա հասավ, երբ գործակատարը նստած պատմում էր տիկին Բարբարեին բոլոր անցքը, որ անցավ յուր տիրոջ սենյակում: Եվ ջրի պղտորության մեջ ձուկ որսալը Սամիլ Պետրովիչի էական կանոններից մինը լինելով, նա մտածեց օգուտ քաղել այդ խռովությունից:
Մինչև Ճանճուր Իվանիչի սենյակ գալը նա մտածում էր, թե արդեն կատաղած Ճանճուր Իվանիչը իսկույն կսկսե դարձյալ հայհոյել, անիծել, լաց լինել և բողոքել յուր ընտանեկան անկարգությունների դեմ, իսկ ինքը փոքր – ինչ կխրատե նրան, կհանգստացնե, կմխիթարե, այնուհետև կտանե նրան յուր ընտանիքի մոտ, այնտեղ կբարիշացնե նրան յուր կնոջ և աղջկա հետ: Եվ այդպիսով լինելով միջնորդ հաշտության նրանց միջև ու բավական խորը մտնելով նրանց ընտանեկան գաղտնիքների մեջ, նա կարող է Հացի-Գելենց գերդաստանի շրջանում յուր բարձի համար հիմնավոր տեղ գտնել:
Բայց մտնելով Ճանճուր Իվանիչի սենյակը, Սամիլ Պետրովիչը գտավ նրան ոչ այն, ինչ որ սպասում էր:
Թեև բնականաբար երկու ծայրահեղ իրողություն, զորօրինակ ծնունդ կամ մահ, ծիծաղ կամ լաց, ուրախություն կամ տխրություն միշտ չափազանցորեն գրգռում են ու բորբոքում կրքերը և մարդ այդպիսի րոպեներում միշտ կարոտում է կարեկցի, բայց ընդհակառակը, Ճանճուր Իվանիչի այդ տեսակ կատաղի դրության մեջ Սամիլ Պետրովիչի ներկայանալը յուր նպատակին համաձայն ընդունելություն չգտավ:
Որովհետև Ճանճուր Իվանիչր այն տեսակ մարդկանցից էր, որ գիտեր տիրել յուր կրքերին: Նա գիտեր հազարավոր գույներով կեղծավորել յուր արտաքին կերպարանքը և խիստ խստությամբ պահպանել յուր ընտանեկան հուզմունքների գաղտնիքը արտաքին աշխարհից:
Այդ պատճառով նկատելով բամբասողի գալուստը, նա յուր մի րոպե առաջ վայրենացած դեմքին տվավ ավելի մեղմ արտահայտություն և ծիծտղի պես մի բան, որ ավելի նման էր դիվահարի դեմքի սոսկալի ցնցողության, երևաց նրա անճոռնի երեսի վրա:
– Բարով, Սամիլ Պետրովիչ, էտ ո՞ւր իք, քանի օր է չիք երեվում, էնպես շուտ – շուտ գնացեք – եկեք, վուր մեկզմեկու լավ ճանչնանք, – ասաց Ճանճուր Իվանիչը՝ ուրախությամբ ձեռք տալով բամբասողին:
– Քանի օր էր մե քիչ քեփ չունեի, տանեմեն դուրս չէի գալի, – պատասխանեց Սամիլ Պետրովիչր տնքալով, որով կամենում էր ցույց տալ, թե տակավին բոլորովին չէ առողջացել:
Բոլորովին սուտ էր խոսում Սամիլ Պետրովիչը, նրա համար, որ թեթև հիվանդությունները չէին կարող հարկադրել նրան տանը մնալ:
– Հիմի խոմ, փառք աստուծո, լա՞վ իս, – հարցրեց Ճանճուր Իվանիչը:
– Փառք աստուծո, լավ իմ, դո՞ւք ինչպիս իք:
– Է՜հ, կա՛նք էլի՜… աշխրքի հիդ յոլա ինք գնում…
Սամիլ Պետրովիչը նկատելով նրա խորին սառնասրտությունը, ինքը ևս իրան այնպես ձևացրեց, իբրև ոչինչ չէ լսած նրանց տան անցքից:
Նրանք կցեցին իրանց խոսակցությունը:
Սամիլ Պետրովիչը յուր խոսակցության համաձայն, խոսեց քաղաքի մեջ պատահած նոր բաներից և կցեց յուր բամբասանքները: Ապա ավելացրեց մի քանի զվարճախոսություններ. այնուհետև սկսավ խնդալ այլոց անբախտության վրա, թե ով վնասվեց առևտուրում, ո՛վ դատաստանատներում յուր գործը տանել տվավ և այլ այդպիսի չարախնդություններ:
Բայց Ճանճուր Իվանիչը լսում էր այգ բոլորը առանց համակրության, միմիայն բամբասողի սիրտը շահելու համար, որովհետև նա նույն րոպեին մտածում էր մի այլ իրողության վրա:
Ճանճուր Իվանիչի կյանքում ամեն մի երևույթ, թեև լիներ շատ չնչին, դարձյալ ուներ յուր էական պատճառները: Հանկարծ կատաղի բարկությունից մտնել խաբեբա կեղծավորի կերպարանքի մեջ, այդ ևս Ճանճուր Իվանիչի մեջ յուր հարկադրիչ պատճառն ուներ:
Նա մտածում էր Սամիլ Պետրովիչի ներկայությունը շահավետ կացուցանել յուր նպատակներին:
Ճանճուր Իվանիչը տակավին չէր մոռացել Սամիլ Պետրովիչի այս խոսքը, որ նա ասաց օրիորդ Սոֆիի ուսումնարանից իրանց տուն գալու առաջին գիշերը, երբ խոսք բացվեց Օրիորդին մարդու տալու մասին: Ճանճուր Իվանիչը մտածում էր նորոգել նույն խոսակցությունը, որ այնպես անխոհեմաբար առանց ուշադրության թողեց առաջին անգամ: Թեև նա բոլորովին չէր հավատում Սամիլ Պետրովիչի ասածներին, բայց որպես առածն ասում է՝ «խեղդվող մարդը դեպի ծեղն էլ է ձեռք մեկնում»:
Բայց թե ի՛նչպես խոսք բաց աներ այդ մասին, նա դժվարանում էր:
Ճանճուր Իվանիչը գիտեր, որ յուր աղջիկը «ի՛նչ սանրի կտավ է»: Բայց դարձյալ յուր ապրանքը չէր կամենում էժան գնով ծախել:
Այդպիսի բնավորությունը հատուկ էր նրա համաքաղաքացիներին: Ով որ եղել է Թիֆլիսում, նա գիտե, թե թիֆլիզեցին ոչ միայն յուր լավ ապրանքը, այլ յուր ամենավատ ապրանքը ևս փա՛հ – փա՜հ – ով է ծախում: Եթե մեր ընթերցողը երբեմն անցել է բազազխանի, մրգավաճառների առջևից, նա տեսած կլինի, թե ի՛նչպես մրգավաճառները, հոտած խնձորը կամ տհաս տանձը, ածած թաբախներում, ձայն են տալիս և գոռում` «աբա՛ լավ խնձորը, լավ տանձը, լավ բողկը… պա՛… պա՛… պա՛…», կամ թե Ալյուրի մեյդանով բաղնիք գնալու միջոցներում, իհարկե, նա տեսած կլինի, թե ինչպիսի գովասանքներով են ծախում ծլած բակլան, բորբոսնած ջոնջոլը և հոտած խրամուլին:
Ճշմարիտն ասած, մենք միտք չունինք վատաբանել մեր քաղաքացի ազգայիններին կծու կատակներով իրանց արդար շահասիրության համար, երբ մեր աչքի առաջ ունինք ասիական կյանքի պահանջմունքները: Մենք կբավականանանք մեր պապերի առածով, թե՝ «ոչ ոք յուր թանին թթու չի ասիլ»:
Այնուամենայնիվ չի կարելի սառն աչքով նայել այն հետաքրքրական տեսարանի վրա, որ վաճառքի նյութը՝ բողկը կամ ջոնջոլը և կամ խրամուլի չէ, այլ մեզ նման մարդու մի սիրուն աղջիկ:
Արդարև, զանազան կողմերում մենք տեսել ենք հայաբնակ քաղաքներ և գյուղեր, ուր հայրը վաճառում է յուր դուստրը, որպես յուր տան չորքոտանին, չնչին արծաթի գնով, որ նա ստանում է յուր փեսայի հորից: Բայց այդ քաղաքի աղջիկների առևտուրը լինում է բոլորովին հակառակ մեր տեսածներին: Այստեղ աղջիկը ծախվում է վրադիր փողով, այսինքն` հարսնացուի հայրը վճարում է արծաթ յուր փեսային, որ կարծես թե, ցավալի է ասել, մի մարդ վարձատրում է մշակին, որ տանե և հեռացնե նրա տանից մի անպետք բան:
Ցավալի՜ դրություն. ո՛րքան ոտնակոխ է եղած գեղեցիկ սեռի պատիվն ու իրավունքը: Այստեղ փեսայի աչքում յուր ընտրելու հարսնացվի գեղեցկությունը, սերը և նրա բոլոր արժանավորությունները ոչինչ նշանակություն չունին, եթե նա յուր հետ չի բերում առատ արծաթ: Եվ ընդհակառակը` աղջկա տգեղությունը, բարոյական և հոգեկան արատները բոլորը ծածկվում են փեսայի աչքերից, երբ նա յուր հետ բերում է շատ փող:
Բայց մեր չքնաղագեղ հերոսուհին բախտավոր է այդ կողմից: Նա ունի ոչ միայն գեղեցկություն և ուրիշ արժանավորություններ, այլև փող: Բայց դարձյալ նա կարոտ է դալալի, որ գտնի նրա համար, ինչպես ասացինք, մի մշակ՝ նրան յուր հոր տնից հեռացնելու համար:
Հոգ չկա, մի կարգ մարդիկ պարապում են այդ դալալության արհեստով. դրանք կոչվում են մոցիքուլներ: Թեև մենք խորին կերպով այդ լեզվին տեղյակ չենք, որ հայոց խոսքով բացատրենք այդ վրացերեն բառի նշանակությունը, միայն մեր կարծիքով՝ միեցի փուլի խոսքից է, որ նշանակում է «տո՛ւր փող». այդ արհեստով պարապողների համար խիստ հարմարավոր անուն:
Հրավիրում ենք այսուհետև ծանոթանալ Սամիլ Պետրովիչի` այդ կարգի մարդկանց պատվավոր անդամներից մեկի հետ:
Մեզ հայտնի է, որ Ճանճուր Իվանիչը կյանքի փորձերում եփված մարդ է: Նա և՛ բաղկալի աշկերտ է եղել, և՛ բազազի: Նա գիտե գործ դնել բոլոր փահ – փահը յուր վաճառելի ապրանքի համար: Բայց դժբախտությունը նրանումն է, որ նա մտածում էր բանն այնպես բերել, որ Սամիլ Պետրովիչն ինքն այդ մասին խոսք բաց անե:
Ճանճուր Իվանիչի այդ իղձը նույնպես կատարվեցավ:
Սամիլ Պետրովիչը վաղուց նկատել էր, թե Հացի-Գելենց տան ընտանեկան անհամաձայնությունների գլխավոր պատճառը տիկին Բարբարեի անտանելի ծախսերն են, որոնք լինում էին օրիորդ Սոֆիի առիթով: Այս իրողությունից նա եզրակացրել էր, թե օրիորդ Սոֆիին տնից հեռացնելը Ճանճուր Իվանիչի գլխավոր ցանկություններից մինն է լինելու: Եվ մտածելով, թե այն օրվա անցքն առավելապես գրգռած պիտի լինի Ճանճուր Իվանիչի մի այդպիսի ցանկությունը, նա հարմար դատեց այդ մասին խոսել նրա հետ, գուցե կարողանար օրիորդի սովդան բարիշացնել մինի հետ և մեջտեղից մի քանի հարյուր մանեթ փող գջլել:
– Ջեր դրանք թող մնան, – խոսեց վերջապես Սամիլ Պետրովիչը, – հալա դուն ինձ ասա, տեհնիմ, Ճանճուր Իվանիչ, Սոֆիին ե՞փ պիտիս մարդի տա, վուր մենք էլ մե քանի շահի խերվինք:
– Ի՞նչ իս ասում, Սամիլ Պետրովիչ, – պատասխանեց այդ անակնկալ հարցի համար ուրախացած Ճանճուր Իվանիչը: – Սոֆիի ջեր ի՞նչ վուխտն է:
– Ինչի՞ վուխտը չէ, թթու իս դրի՞, ինչկլի չքացխի չիս ծախի՞:
– Չէ, նա ջեր տասնուչորս տարեկան է:
Արդեն հինգ տարի կլիներ, որ Ճանճուր Իվանիչը հենց ամեն հարցնողին պատասխանում էր, որ «Սոֆին տասնուչորս տարեկան է»:
– Տասնուչորս տարեկա՞ն, – կրկնեց Սամիլ Պետրովիչը: – Իմ հոգին գիդենա, հենց լազաթի մարդու տալու վուխտն է:
– Չէ, աստուծ գիդենա, Սոֆին ջեր էրեխա է:
– Թե ինձ կու հարցնիս, աղջիկը վուրքան չուստ մարդու տաս, չիս փոշմնի, նրա համա վուր աղջիկը պահելու ապրանք չէ:
Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե լռեց ու որպես թե դժվարանում էր այդ հարցին պատասխանել:
– Լավ ո՞ւմ տանք, ո՞վ է էտպես լավ օքմին, ամեն մարդու էլ խոմ չիս ըլի աղջիկ տալ, – որպես ակամայից համոզվելով՝ խոսեց Ճանճուր Իվանիչը:
– Լավ մարդիկ իս ուզո՞ւմ, – հարցրեց Սամիլ Պետրովիչը: – Էգուց էվետ հազարը ճարիմ: Քանի վուխտ է վուր քա՛նի – քանի օրինավոր օքմնիր ինձեմեն խնդրում ին Սոֆիի մասին:
– Ո՞վքեր:
Եվ Սամիլ Պետրովիչը սկսավ անունները մեկ – մեկ հիշել՝ ամեն կարգերից և ամեն աստիճաններից: Եվ ապա ավելացրեց.
– Հիմի քու կամքն է, դրանցից վուրն ուզում իս՝ ջոգե, չինովնիկ իս ուզում՝ ասա՛, դոխտուր իս ուզում՝ ասա՛, առուտուրական մարդ իս ուզում՝ ասա՛, փեշաքար իս ուզում՝ ասա՛: Ես ամեն ջուռիցն էլ քիզ նշանց տվի, որը գուզիս՝ ջոգե, ամեն մեկին մե մազանդա ունե. դուն էլ գիդիս, վուր չինովնիկի, ան դոխտուրի մազանդան բարձր է. իժում սովդաքարն է, իժում փեշաքարն է, ու էդպես սանդուղքներով դվեր է գալիս:
Ճանճուր Իվանիչը, մի քանի րոպե մտածելուց հետո, պատասխանեց.
– Ղուրթ է, իմ Սոփոն թաքավուրի խարջ աղջիկ է, մագրամ ամեն մարդ իր բաբ մարդ պիտի գթնե: Միզ համա ավելի լավ է միր համքրի մարդու հիդ բարեկամութին սարքինք:
– Բաս դուն սովդաքար մարդ իս ուզում, էդպես չէ՞: