Kitabı oku: «Անահիտ», sayfa 3

Yazı tipi:

Այսպես որ ասաց Անահիտը՝ իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս։ Նայեցին Առանին, տեսան, որ նա շատ հավան է աղջկա ասածին։ Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին.

– Ուրեմն, դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա համար, որ նա արհեստ չգիտե՞։

– Այո՛, և այս ամենը, ինչ որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել՝ արհեստ չգիտցող մարդու չգնալ։ Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի։

Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին։ Նույն գիշերը մնացին Առանի տանը։ Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպե՛ս նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել։ Իշխանները, տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե ինքն այդ սովորել է թագավորի պալատական վարպետից։ Մյուս օրը վեր կացան, գնացին և ինչ որ տեսել, լսել էին՝ մի առ մի պատմեցին թագավորին։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան՝ կարծելով, թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից. բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին՝ նա ասաց.

– Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ։

– Ուրեմն, դու հոժա՞ր ես մի արհեստ սովորելու, – հարցրեց մայրը։

– Այո՛:

– Բայց ուղի՛ղն ասա, ինչո՞ւ համար ես ուզում սովորել. արհեստի կարևորությո՞ւնն զգալով, թե՞ Անահիտին արժանանալու համար։

– Երկուսն էլ… ինչո՞ւ թաքցնեմ, – պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից…

Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին, և նրանք միաձայն վճռեցին, թե՝ նրան վայելուչ արհեստը լավ դիպակ գործելն է, որ չկա իրանց երկրի մեջ և հեռավոր երկիրներից են բերել տալիս շատ թանկ գնով։ Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար։ Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա։

Անահիտը, ստանալով այդ ընծան, ասաց.

– Հիմա ոչինչ չունիմ ասելու.

Երբ կանճարանա,

Ջուլհակ կըդառնա։

Հայտնեցե՛ք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարե՛ք նրան ընծա։

Վաղինակը վեր առավ գորգը և, ձին հեծնելով, շտապեց դեպի Բարդա, որ մի րոպե առաջ ավետե Վաչագանին Անահիտի հոժարությունը։

Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել, և յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին։ Այդ հարսանիքը մի չտեսնված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար։ Գյուղացոց ուրախությանն էլ չափ չկար։ Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին, նախ՝ որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ՝ որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին. երրորդ՝ որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին։ Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.

 
Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ.
Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ.
Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.
Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան.
Շա՜տ ապրի Ոսկեծղին՝
Մեր մայր թագուհին…
 

Է

Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը։ Մեկ օր թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից, և այն գնալն էր, որ գնաց. էլ ետ չեկավ։ Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ։

Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե՝ անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպե՛ս են անհետանում այդ մարդիկը և ո՛ւր են կորչում։

Թագավորը կարծեց, թե՝ երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակող բարբարոս ազգերի մեջ վաճառում։ Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանք գնացին, գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով՝ ետ դարձան հուսահատ։

Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց թագավորին։ Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես էր սիրում, այլև՝ նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում, և ինքը չէր կարողանում հետքը գտնել։

Այս դեպքից հետո շատ չանցած՝ թագավորն ու թագուհին վախճանվեցան, խորին ծերության հասած։ Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր։ Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր հոր տեղը նստեցրին։

Վաչագանը, իր նախնյաց գահը բարձրանալով, ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ՝ բախտավոր։ Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր։ Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը։ Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսիլ.

– Տե՛ր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս։ Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում։ Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են՝ ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրանց վիճակից։ Ո՞վ գիտե, ինչե՜ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ։ Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն՝ վաճառականություն, մի խոսքով՝ ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու. դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։ – Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահի՛տ, – ասաց թագավորը։ – Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես. միայն ծերության ժամանակ է՛լ չէր կարողանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ինչպե՞ս անեմ. ես որ երթամ՝ ո՞վ կկառավարի իմ տեղս։

– Ես ի՛նքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։

– Շա՛տ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ։ Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ՝ իմացի՛ր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել։

Ը

Վաչագան թագավորը, հասարակ շինականի հագուստով ծպտված, ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը։ Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն, ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը։

Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր Կուր գետի ափումը։ Բնակիչները կռապաշտ պարսիկներ էին։ Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ո՛չ քահանա և ո՛չ աղոթատուն։

Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան էր. նրա չորս կողմն էին գտնվում բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները։

Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ տեսավ՝ ահա՛ մի խումբ մարդիկ են գալիս և բերում են իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի՝ աջ ու ձախ բազուկները բարձրացրած։ Ծերունին շատ ծանր էր գալիս. նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դնում ոտների տակին։ Վաչագանը մոտեցավ մի մարդու և հարցրեց, թե՝ ո՞վ է այդ ծերունին։ Մարդը պատասխանեց.

– Սա մեր մեծ քրմապետն է, մի՞թե չես ճանաչում։ Տես որքա՜ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե՝ մի որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվի։

Հրապարակի ծայրումը մի կապերտ փռեցին, և քրմապետը չոքեց նրա վրա, որ հանգստանա։ Վաչագանը գնաց նրա դիմացը կանգնեց, որ տեսնի՝ ի՞նչ է խոսում այդ մարդը կամ ի՞նչ է անում։ Քրմապետը շատ սրատես էր. նա էլ Վաչագանի վրա նայեց և, նկատելով նրա օտարական լինելը և առաջին անգամ իրան տեսնիլը՝ ձեռով արավ, որ գնա մոտը։ Վաչագանը մոտեցավ։

– Դու ո՞վ ես, ի՞նչ գործի ես, – հարցրեց քրմապետը։

– Ես մի օտար բանվոր եմ, – պատասխանեց Վաչագանը, – եկել եմ այս քաղաքը մշակության։

– Շա՛տ լավ, կգա՛ս ինձ հետ, ես քեզ գործ կտամ և լավ կվարձատրեմ։ Վաչագանը, գլուխ տալով՝ հոժարություն ցույց տվավ և գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ։

Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոսք փսփսաց, և նրանք ցրվեցան այս ու այն կողմ և մի քանի րոպեից վերադարձան այլևայլ պաշարներով՝ մշակների շալակը տված։ Երբ որ բոլոր քուրմերը եկան՝ քրմապետը վեր կացավ և միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարանը։ Վաչագանն էլ լուռ ու մունջ հետևեց նրան՝ ավելի հետաքրքրությունից շարժված, որ տեսնի՝ ինչո՞վ են զբաղված այդ քուրմերը, կամ ի՞նչ մարդ է քրմապետը, ի՞նչ բարեգործություններ ունի, որ այդպես սուրբի պես պաշտվում է։ Այսպես գնացին մինչև քաղաքի ծայրը։

Այդտեղ քրմապետը, օրհնելով ճանապարհ ձգող ջերմեռանդ կռապաշտներին, ետ դարձրեց, մնացին միայն իր քուրմերը և բեռնակիր մշակներն ու Վաչագանը։ Դրանք շարունակեցին իրանց ճանապարհը և, հեռանալով քաղաքից մոտ երկու վերստ՝ հասան մի պարսպապատ շենքի և կանգ առան նրա երկաթի դռան մոտ։ Քրմապետն իր գրպանից հանեց մի ահագին բանալի, բաց արավ դուռը և, ամենին ներս անելով՝ կրկին կողպեց։ Այստեղ Վաչագանը մի անսովոր սարսուռ զգաց՝ տեսնելով, որ այստեղից իր կամքով դուրս գնալու հնար չի ունենալու։ Վաչագանի հետ եղած մշակներն էլ առաջին անգամն էին մտնում այս շենքի մեջ։ Նրանք ամենքն էլ, իրար երեսի նայելով, սկսեցին փսփսալ, թե՝ ո՞ւր բերին մեզ այս մարդիկը։ Վերջապես, պարսպի կամարակապ ճանապարհն անցնելուց հետո, դրանց առջև բացվեց մի շատ ընդարձակ հրապարակ, որի մեջտեղը կար մի գմբեթահարկ մեհյան՝ մանր խուցերով շրջապատված։ Մշակների բեռները ցած դնել տվին այդ խուցերի մոտ, և նրանց՝ Վաչագանի հետ միասին, քրմապետը տարավ մեհյանի մյուս կողմը, այնտեղ բաց արավ մի նոր երկաթի դուռ և ասաց.

– Գնացե՛ք ներս, այդտեղ ձեզ գործ կտան։

Նրանք մոլորվածի պես լուռ ու մունջ ներս մտան, և քրմապետն այդ դուռն էլ փակեց նրանց քամակից։ Այստեղ մեր օտարականները նոր ուշքի եկան, նոր աչք բաց արին և տեսան, որ մի ստորերկրյա ճանապարհի վրա են կանգնած։