Kitabı oku: «Անահիտ», sayfa 5

Yazı tipi:

ԺԱ

Անահիտը Վաչագանի բացակայության ժամանակ լավ էր կառավարում երկիրը, և ամենքն էլ գոհ էին՝ առանց իմանալու, թե նա՛ է կառավարողը, բայց ինքը սաստիկ մտատանջության մեջ էր ընկել, ըստ որում՝ քսան օրից արդեն տասն օր էլ անցել էր, բայց թագավորը չէր վերադարձել։ Նա գիշերը հանգիստ չուներ. սարսափելի երազներ էր տեսնում և հանկարծ վեր թռչում։ Ամեն բան փոխվել էր նրա աչքումը, և ամեն ինչ մի անսովոր հատկություն ստացել։ Զանգին անդադար ոռնում ու վնգստում էր և, թագուհու ոտներն ընկնելով աղիողորմ կերպով կլանչում ու նրան ավելի ևս մտատանջության մեջ ձգում։ Վաչագանի ձին անընդհատ խրխնջում էր մայրը կորցրած քուռակի պես և, իր ախորժակը կորցնելով՝ օրեցօր նիհարում էր։ Մարի հավերը կանչում էին աքաղաղի պես, իսկ աքաղաղները, փոխանակ լուսաբացին կանչելու՝ երեկոյին էին ծկլթում փասիանի ձայնով։ Պարտիզի սոխակներն ընդհատել էին իրանց ծլվլոցը, և նրանց տեղ լսվում էր գիշերները բուերի վայունը։ Այլևս չէին քչքչում Թարթառի կոհակները՝ ուրախ-ուրախ թռչկոտելով, այլ, վա՜շ-վի՜շ-վա՜շ-վի՜շ անելով՝ անցնում էին պարսպի տակով տխուր ու տրտում։ Արիասիրտ Անահիտը մի անսովոր երկյուղի մեջ էր ընկել, և ի՛ր իսկ ստվերը նրա առջև վիշապի պես էր ձգվում։ Մի հասարակ թխկոցից, մի սովորական գոչյունից նա վեր էր թռչում և սարսռում։ Երբեմն ուզում էր կանչել իշխաններին և հայտնել նրանց թագավորի բացակայությունը և անհայտանալը, բայց վախենում էր, թե՝ միգուցե դրա հետևանքը վատ լինի, մի ապստամբություն ծագի երկրի մեջ և խռովություն ընկնի։

Մեկ առավոտ էլ, սաստիկ սրտնեղած, ման էր գալիս պարտիզումը, երբ իր ծառաներից մինը ներս եկավ և հայտնեց նրան, թե՝ մի օտար վաճառական է եկել և ասում է, որ մի երևելի բան ունի վաճառելու թագուհուն։ Անահիտի սիրտն սկսեց մի անսովոր կերպով տրոփել։ Հրամայեց, որ շուտով ներս բերեն այն մարդուն։

Ներս եկավ մի դաժան կերպարանքով մարդ, խոր գլուխ տվավ թագուհուն և արծաթե սինու վրա դրած մի ոսկե դիպակ դրավ թագուհու առջև։ Անահիտը վեր առավ, քննեց դիպակը և, ուշ չդարձնելով նախշերի վրա, հարցրեց գինը։

– Իր կշռովը երեք հարյուր կշիռ ոսկի կարժե, ողորմա՛ծ թագուհի։ Ուզում եմ ասել, որ ինձ վրա այդքան է նստել միայն գործքն ու նյութը, իսկ աշխատանքն էլ թողնում եմ քո ողորմության կամքին։

– Մի՞թե այդքան թանկ կարժե։

– Ո՛ղջ լինի թագուհին, դրա մեջ կա մի այնպիսի զորություն, որ անգնահատելի է։ Դրա վրա եղած նկարները հասարակ նախշեր չեն, այլ՝ թալիսմաններ են, իսկ այդ թալիսմանները այն զորությունն ունին, որ դրա հագնողին միշտ զվարթ, միշտ ուրախ կպահեն։ Դրա հագնողը կյանքի մեջ տխրություն չի տեսնիլ։

– Մի՞թե այդպես, – ասաց Անահիտը և սկսեց բաց անել դիպակը և ուշի-ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ՝ ծաղկագրեր էին։ Անահիտը լուռ ու մունջ կարդաց նրանց մեջ հետևյալ խոսքերը.

«Իմ աննմա՛ն Անահիտ, ես ընկել եմ մի սոսկալի դժոխքի մեջ։ Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է։ Ինձ մոտ է և Վաղինակը։ Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք, մի պարսպապատ մեհյանի հատակում։ Եթե շուտ օգնության չհասնես՝ մենք կորած ենք հավիտյան։

Վաչագան»։

Անահիտը մեկ անգամ կարդալով չբավականացավ, երկրորդ և երրորդ անգամ էլ կարդաց, ըստ որում՝ իր աչքերին չէր հավատում. կարդաց և չորրորդ անգամ, միայն այս անգամ ոչ թե կարդում էր իսկապես, այլ մտածում էր, թե ինչ անելու է։ Աչքը ձգած գրերին՝ երկար մտածելուց հետո դարձավ դեպի վաճառականի հագուստի մեջ ծպտած քուրմը և ուրախ դեմքով ասաց.

– Դու ճշմարիտ ես ասում, քո դիպակիդ նկարները ուրախացնելու զորություն ունին։ Ես այսօր շատ տխուր էի, բայց այս րոպեիս մի անպատմելի ուրախություն եմ զգում։ Իմ կարծիքով՝ այս դիպակը անգնահատելի է։ Եթե սրա համար իմ թագավորության կեսը պահանջեիր՝ ես խնայելու չէի։ Բայց գիտե՞ս ինչ կա, իմ կարծիքով՝ ոչ մի գործ կարող չէ իր գործողից ավելի զորավոր լինել։ Այսպե՞ս է, թե՞ ոչ։

– Թագուհին ո՛ղջ լինի, քո կարծիքը շատ ճշմարիտ է. արարածը կարող չէ հավասարվիլ արարողին։

– Եթե դու էլ գիտես, որ այդպես է, պետք է բերես ինձ մոտ սրա գործողին, որ ես վարձատրեմ նրան նույնպես, ինչպես և քեզ։ Դու էլ լսած կլինիս, որ ես արհեստին մեծ նշանակություն եմ տալիս և պատրաստ եմ ամեն մի լավ արհեստավորին նույնպես վարձատրել, ինչպես իմ ամեն մի քաջ զորականին։ – Ողորմա՛ծ թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում։ Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գնել եմ Հնդկաստանումը մի հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ՝ ո՞վ գիտե ումից կամ ո՛ր աշխարհից։

– Բայց դու, կարծեմ, ասացիր, թե՝ գործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր, թե՝ ես այսքանով եմ գնել. դրանից երևաց, որ դու ի՛նքդ ես գործել տվել։

– Ողորմա՛ծ թագուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ…

– Սպասի՛ր, որտե՞ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կլինի՞։

– Ո՛չ, ողորմած տիրուհի, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք-չորս ամսվա ճանապարհ է։

– Բայց գիտե՞ս, եթե ես ուզենամ՝ կարող եմ քո Հնդկաստանը մինչև Պերոժ մոտեցնել։ Կարո՞ղ ես ասել ինձ, թե՝ դու ո՞վ ես, ի՞նչ տեղացի ես, ի՞նչ ազգից ես, ի՞նչ կրոնի ես, որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ ես կենում, այժմ ի՞նչ գործի ես ծառայում։

– Ողորմա՛ծ թագուհի…

– Լռի՛ր, ես քեզ ողորմելու չեմ. քո բերած թալիսմաններդ ինձ հայտնեցին քո ով լինելդ։ Ծառանե՛ր, բռնեցե՛ք այս մարդուն և ձգեցե՛ք մթին բանտի մեջ։

ԺԲ

Վաչագանն իր ազատվելու մասին էլ ո՛չ մի կասկած չուներ։ Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել՝ դարձավ դեպի Վաղինակը և ասաց.

– Եղբա՛յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա բոլորովին քո տեսածի նման։ Ես այնպես եմ կարծում, թե՝ մենք հենց այսօր թե այս գիշեր պիտի ազատվինք։ Բայց գիտե՞ս ինչ կա, Վաղինա՛կ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ դուրս գանք՝ դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է թե՝ մեր աչքերը վնասվին էլ։ Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գալու կլինինք և կտեսնեք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցե՛ք աչքներդ, մինչև քիչ-քիչ սովորեք։ Ես շատ եմ տեսել մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմանում։

– Երանի՜ թե դուրս գանք միայն այս սպանդարանից, թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի. բայց, վարպե՛տ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգեց միտս, որ չեմ կարող չասել։ Մի անգամ ես ու թագավորի որդին որսորդություն անելիս իջանք մի աղբյուրի մոտ՝ շատ դադրած ու քրտնած։ Մոտակա գյուղի աղջկերքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները։ Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դարտկեց։ Հետո ի՛նքն սկսեց նորից լցնել, բայց էլի դարտկեց, և այսպես կրկնեց նա քսան թե երեսուն անգամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ։ Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ, երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, թե՝ իր միտքը չար չէր, այլ, տեսնելով, որ հոգնած ու քրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր-ինչ շունչ առնենք և հովանանք։ Հիմա քո ասածն էլ նրա ասածի նման է. և գիտե՞ք արդյոք, գուցե հենց այն ջուր տվող աղջիկն է այժմ մեր թագուհին։ Վաչագանը նրան տեսնելուց հետո է՛լ ուրիշ աղջիկ չուզեց. վճռաբար ասաց. կուզեք՝ նա՛ է, չեք ուզիլ՝ նա՛ է։ Թագավորը, ճարահատած՝ ինձ ուղարկեց նրա հոր մոտ հարսնախոսության, բայց աղջիկը չհոժարեց, թե՝ ես արհեստ չգիտցողին չեմ ուզիլ։ Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գեղեցիկ դիպակ գործել՝ բոլորովին քո գործածիդ պես։ Իսկ ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը։

– Բայց դու ինձ ա՛յս ասա, եղբա՛յր Վաղինակ, պատճառն ի՞նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագավորին։

– Ո՞վ գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս, ըստ որում՝ երազի մեկնողը դու ես և, ների՛ր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա. դու իմ աչքումս մի շատ իմաստուն մարդ ես երևում. դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ. դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ, որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը և մեզ ամենիս փրկություն տալիս։ Եթե Աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, որ թագավորն իսկույն կկանչե քեզ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե։

– Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում՝ թագավորին ես ծանոթ չեմ։ Բայց ով գիտե, թե ինքը թագավորն ի՛նչ վիճակի մեջ է այժմ, գուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ է գործում։ Բա էլ ո՛ր օրվան համար է ջուլհակ դառել։

– Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ… բայց չէ՜… ինչպե՞ս կարելի է, որ իմ Վաչագանին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս։

– Իմ խոսքերիս մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբա՛յր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ սրտինս է։ Իմ կարծիքով՝ թագավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա։ Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում. մեզ սպանում են, գերի են տանում, նրան էլ են այդպես անում։ Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում, կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էլ՝ գուցե ավելի դառն…

– Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպե՛տ եղբայր, բայց իմ կարծիքով՝ թագավորն այնքան խոհեմ պետք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված՝ քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ։

– Այդ մի՛ փորձանք է, եղբա՛յր Վաղինակ։ Մի՞թե թագավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է. մի՞թե նա կարող է կարծել, թե՝ կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի եղեռնագործությունը իրանց համար մի զվարճություն են համարում։ Չէ՛, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից. այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե՝ վաղն ի՛նչ անբախտության մեջ պիտի ընկնի։ Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգը առջևդ կանգնած երևում է իր իսկական կերպարանքով։ Խելքը գլխին մարդը երբ որ պատահում է մի վարար գետի՝ գլխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը։ Դու ինչ կուզես ասա՛, բայց մեր տեսած երազը ցույց է տալիս, որ թագավորը նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվինք մենք ինքներս։

– Եվ, իհարկե, նա ի՛նքը կլինի ազատած մեզ իր դիպակագործության շնորհիվ։ Իմ սիրտս էլ ասում է, որ այս րոպեիս ես լսում եմ իմ թագավորի ձայնը. այդ ձայնը հենց առաջին անգամ լսելիս թափանցել է սրտիս մեջ։ Բայց արդյոք հավատա՞մ իմ ականջին, ի՞նչ կասես, ասա՛ ինձ կտրական։

– Ո՛չ, ո՛չ, մի՛ հավատար. բայց հավատա՛ այն ձայնին, որ դրսից կլսես։ Ականջ դրեք, ահա՛ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմա՛ց տվեք ամենքին, որ գան այստեղ պատրաստ կենան…