Kitabı oku: «Հեքիաթներ», sayfa 2

Yazı tipi:

ՍՈՒՏԱՍԱՆԸ

Լինում է, չի լինում մի թագավոր: Էս թագավորը իր երկրումը հայտնում է.

«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»:

Գալիս է մի հովիվ: Ասում է.

– Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում:

– Կպատահի՛, – պատասխանում է թագավորը: – Իմ պապն էլ մի չիբուխ ուներ. մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում:

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում:

Գալիս է մի դերձակ: Ասում է.

– Ներողությո՜ւն, թագավոր, ես վաղ պիտի գայի, ուշացա: Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու:

– Հա՜, լավ ես արել, – ասում է թագավորը, – բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց:

Սա էլ է դուրս գնում:

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին: – Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ, – հարցնում է թագավորը:

– Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ:

– Մի կոտ ոսկի՞, – զարմանում է թագավորը: – Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ:

– Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր:

– Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում, – խոսքը փոխում է թագավորը:

Ճշմարիտ եմ ասում` մի կոտ ոսկին տուր:

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան:

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղաճ ու մի կտոր պանիր:

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում` բաղաճը չկա:

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը:

– Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղաճը հա՞. կաց` հիմի ես քեզ պանիր ցույց տամ: – Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի:

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: – Ինձ մի սպանի, – ասում է, – մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ:

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում:

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի, ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալի թագավորի մոտ:

– Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք: Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք, ետ կբերենք:

– Չախչախ թագավորն ո՞վ է, – զարմացած հարցնում է թագավորը:

– Դու դեռ չես ճանաչում, – պատասխանում է աղվեսը: – Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես:

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս: – Օֆ, – ասում է, – զոռով չափեցինք:

– Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել, – մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում:

Մյուս օրը աղվեսը ետ է գալիս, թե` Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք:

Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում. կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում:

– Օֆ, – ասում է, – մեռանք, մինչև չափեցինք:

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում: Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում:

Անց է կենում մի քանի օր: Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե` Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է:

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում:

– Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք:

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում:

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե` հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք:

– Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել, – ասում է վախեցած ջաղացպանը: – Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… Հիմի ես ի՞նչ անեմ…

– Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, – հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:

Վազելով ընկնում է պալատը: – Հայ-հարա՛յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն: Շրջապատված մեծամեծներով, առջևից` ձիավորներ, ետևից` ձիավորներ – էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՜ն – շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկուռում ու զարմանում:

– Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը: – Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:

– Չէ, դրանից չի, – պատասխանում է աղվեսը: – Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի:

– Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր, – հարցնում է թագավորը:

– Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի, – պատասխանում է աղվեսը հառաչելով:

– Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի, – խնդրում է թագավորը: – Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկակ մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:

– Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք, – ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:

– Էս ո՞ւմ նախիրն է: Ասում են. – Շահ- Մարինը:

– Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը. թե չէ` վայն եկել է ձեզ տարել:

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:

– Էս ո՞ւմն է:

– Շահ-Մարինը:

Հովիվներին էլ նույնն է ասում:

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:

– Էս ո՞ւմ արտերն են:

– Շահ-Մարինը:

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում: Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:

– Էս ո՞ւմն են:

– Շահ-Մարինը:

Խոտ հարողներին էլ նույնն է ասում: Հասնում է Շահ-Մարի պալատին:

– Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր, – գոռում է հեռվից վազելով: – Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:

– Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ, – հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:

– Փախի՛, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից:

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից անհամար ձիավորներ:

Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:

– Էս ո՞ւմ նախիրն է, – հարցնում են ձիավորները:

– Չախչախ թագավորինը, – պատասխանում են նախրապաները:

Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:

– Էս ո՞ւմն է, – հարցնում են ձիավորները:

– Չախչախ թագավորինը, – պատասխանում են հովիվները:

Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:

– Էս ո՞ւմ արտերն են:

– Չախչախ թագավորինը: Հասնում են խոտհարքներին:

– Էս ո՞ւմն են:

– Չախչախ թագավորինը:

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին:

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը:

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում:

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է:

ՈՍԿՈԻ ԿԱՐԱՍԸ

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը իրենց պապերից, նրանց պապերն էլ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը:

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են: Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին:

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի: Եզները լծած թողնում է, վազում է գյուղը` հողատիրոջ մոտ:

– Հե՜յ, աչքդ լուս, – ասում է, – քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար:

– Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի, – պատասխանում է հողատերը: – Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է:

Սկսում են վիճել. սա ասում է` քունն է, նա, թե չէ` քունը: Վեճը տաքանում է, իրար ծեծում են: Գնում են թագավորի մոտ գանգատ:

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ` աչքերը չորս է բաց անում: Ասում է.

– Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել – իմն է:

Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի: Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում – ի՞նչ ոսկի – կարասը լիքը օձ…

Զարհուրած ու կատաղած ետ է գալի: Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել:

– Չէ՛, թագավորն ապրած կենա, – գոռում են խեղճերը, – մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի…

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն: Մարդիկը գնում են, ետ գալի, թե` ճշմարիտ, ոսկի է:

– Վա՜հ, – զարմանում է թագավորը: Ասում է. – երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր: – Վեր է կենում մին էլ գնում:

Կարասը բաց է անում, – դարձյալ մեջը լիքը օձ:

Էս ի՜նչ հրաշք է, ինչ միտք ունի, – չեն հասկանում:

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին:

– Բացատրեցեք, – ասում է, – ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա: Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել: Ես եմ գնում – կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում – ոսկի: Էս ի՞նչ կնշանակի:

– Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ, – ասում են իմաստունները: – Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար: Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում:

Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու:

– Լա՛վ, – ասում է, – դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին:

– Իհարկե հողատիրոջը, – ձայն է տալի վարող գյուղացին:

– Չէ, վարողինն է, – մեջ է մտնում հողատերը: Ու նորից սկսում են կռվել:

– Լա՛վ, լա՛վ, կացե՜ք, – կանգնեցնում են իմաստունները, – ի՞նչ ունեք դուք – տղա կամ աղջիկ:

Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ: Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց: Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը: Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին:

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ:

ՏԵՐՆ ՈԻ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ: Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում: Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն: Վճռում են` փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն:

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում:

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կըկվի ձեն ածելը: Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային: Ասում է` «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս – դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ – ես տամ»:

– Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ, – ասում է ծառան:

– Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես: Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի: Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց: Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով:

Ասում է լավ. համաձայնում է:

Պայմանը կապում են ու մտնում է ծառայության:

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու:

– Գնա՛, – ասում է, – քանի լուս է հնձի, որ մութն ընկնի կգաս:

Ծառան գնում է ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն: Տերը հարցնում է.

– Էդ ո՞ւր եկար:

– Դե արևը մեր մտավ, ես էլ եկա:

– Չէ՛, էդպես չի: Ես քեզ ասել եմ` քանի լուս է, պետք է հնձես: Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ: Սա ինչ պակաս է լուս տալի…

– Էդ ո՞նց կլինի… – զարմանում է ծառան:

– Հ՞ը, դու արդեն բարկանո՞ւմ ես, – հարցնում է տերը:

– Չէ՛, չեմ բարկանում… ես միայն ասում էի` հոգնած եմ… Մի քիչ հանգստանամ… – կըզկըզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու:

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում: Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի: Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում:

– Վայ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ… – սկսում է հայհոյել հուսահատված:

– Հը՞, դու բարկանո՞ւմ ես, – կանգնում է գլխին հարուստը: – Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է: Էլ չասես թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին:

Ու պայմանի ուժով ստիպում է, ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի:

Ծառան մնում է կրակի մեջ: Հազար մանեթ չուներ, թե տար հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր: Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի, պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն:

– Հ՜ը, ի՞նչ արիր, – հարցնում է փոքր ախպերը: Ու մեծ ախպերը նստում է, գլուխն էկածը պատմում, ինչպես որ պատահել էր:

– Բան չկա, – ասում է փոքրը, դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ: Վեր է կենում հիմի էլ փոքր ախտերն է գնում ծառա մտնում է՜լ նույն հարուստի մոտ:

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կըկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է:

– Չէ՛, էդ քիչ է, – հակառակում է տղեն: – Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ:

– Լա՛վ, – ուրախանում է հարուստը: Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության:

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը: Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է:

– Ա՛յ տղա, դե վեր կաց է՜, օրը ճաշ դառավ:

– Հը՞, բարկանո՞ւմ ես դու… – գլուխը վեր է քաշում ծառան:

– Չէ՛, չեմ բարկանում, – վախեցած պատասխանում է տերը. միայն ասում եմ` պետք է արտը գնանք հնձելու:

– Հա՜, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում: Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել: Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է:

– Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի է…

– Հ՛ը, հո չե՞ս բարկանում:

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել` ուշանում ենք…

– Հա՜, էդ ուրիշ բան է. թե չէ` պայմանը պայման է: Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում:

– Էլ ինչ հնձելու ժամանակ է, – ասում է ծառան, – տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք` հետո:

Նստում են, ճաշն ուտում: Ճաշից հետո էլ ասում է` «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞»: Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն:

– Տո՛, վեր կաց է, մթնեց է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց… վա՛յ քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՛յ քո կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ… էս ինչ կրակի մեջ ընկա… – սկսում է գոռգոռալ հուսահատված տերը:

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես, – գլուխը վեր է քաշում ծառան:

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում թե` մթնել է, տուն գնալու ժամանակն է:

– Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես. վա՛յ նրա մեղքը, ով բարկացավ:

Գալիս են տուն: Տեսնում են հյուր է եկել:

Ծառային ղրկում են թե` գնա ոչխար մորթի:

– Ո՞րը:

– Որը կպատահի:

Ծառան գնում է: Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե` հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց: Էս հարուստը վազում է, տեսնում է` ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է: Գլխին տալիս է, գոռում.

– Էս ի՞նչ ես արել, ա՜յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր…

– Դու ասիր` «ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի – ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել, – հանգիստ պատասխանում է ծառան, – բայց կարծեմ դու բարկանում ես…

– Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ…

– Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ:

Հարուստը մտածում է` ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի: Պայման է կապել մինչև մին էլ գարնան` կըկվի ձեն ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կըկուն…

Միտք է անում միտք, մի հնար է մտածում: Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի: Ինքը գալիս է ծառային տանում թե` արի գնանք անտառը որսի: Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է – «կուկո՜ւ, կուկո՜ւ…»:

– Ըհը՜, աչքդ լուս, – ասում է ծառային տերը. կըկուն կանչեց, ժամանակդ լրացավ…

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը:

– Չէ՛, ասում է, ով է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կըկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում: Ես պետք է էս կըկվին սպանեմ, սա ինչ կըկու է…

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը: Տերը գոռալով ընկնում է առաջը.

– Վա՜յ չզարկես, աստծու սիրուն… սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը…

– Հ՞ը չլինի՞ թե բարկանում ես…

– Հա՛, ախպեր, հերիք էր. արի` ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ: Իմ դրած պայմանն է-ես էլ պետք է տուժեմ: Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը` թե «մարդ ինչ անի, իրեն կանի»:

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
70 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772466942
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 5, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 2, 2 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 13 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 29 oylamaya göre