Kitabı oku: «Հեքիաթներ», sayfa 3

Yazı tipi:

ԽԵԼՈՔՆ ՈԻ ՀԻՄԱՐԸ

Երկու ախպեր են լինում. մինը խելոք, մյուսը հիմար: Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին: Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե`

– Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ:

– Լա՛վ, – ասում է խելոքը. – էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի – ինձ, որը դուրսը մնա-քեզ:

Ժամանակն էլ լինում է ձմեռ:

Հիմարը համաձայնում է: Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում: Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ. հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ` իրար ետևից ներս են թափում: Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի գերաններին քոր անելիս: Էն է մնում հիմարին:

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու:

– Ա՛ մոզի, արի, հե՛յ, – կանչելով գնում է:

Մի հին ավերակի մոտից անցնելիս, էլ որ ձեն է տալի – ա՛ մոզի, արի, հե՜յ… – ավերակի արձագանքը կրկնում է.

– Հե՜յ…

Հիմարը կանգնում է:

– Ինձ հետ ես խոսում, հա՞…

Ավերակը ձայն է տալիս.

– Հա՜…

– Մոզին ուզում ե՞ս:

– Ե՜ս…

– Քա՞նի մանեթ կտաս:

– Տա՜ս…

– Հիմի կտա՞ս, թե չէ:

– Չէ՜…

– Դե էգուց կգամ, որտեղից որ է` ճարի՜:

– Արի՜…

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շըվշվացնելով վերադառնում տուն:

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու: Դու մի՜ ասիլ` գիշերը գայլերը մոզնի կերել էն: Գնում է տեսնում` ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև:

– Հը՞, – ասում է, – մորթել ես կերել, հա՜:

– Հա՜…

– Չաղ է՞ր, թե չէ:

– Չէ՜:

Հիմարը էստեղ վախենում՜ է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա:

– Էդ իմ բանը չի, – ասում է, – առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը – տասը մանեթ դեղին ոսկի՜…

– Սկի՜…

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին: Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում: Դու մի ասիլ` հնուց էդ պատում գանձ է եղել պահած: Քարերը որ վեր են ընկնում` ոսկին թափում է հանկարծ առաջը լցվում:

– Այ էդպես… բայց էսքանն ինչ եմ անում. տասը մանեթ ես պարտ – իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…

Մի ոսկի է վերցնում, գալի տուն:

– Հը՞, մոզիդ ծախեցիր, – ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը:

– Ծախեցի:

– Ո՞ւմ վրա:

– Ավերակի:

– Հետո, փող տվա՞վ:

– Իհարկե տվավ: Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի բանի հասցրի, ինչ ուներ` առաջիս փռեց: Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված:

Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս:

– Էդ ո՞րտեղ է, – աչքերը չորս է անում խելոք ախպերը:

– Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մէջքս կկոտրի:

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա:

– Բեր, – ասում է, – ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր: Որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ:

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է` ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի: Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում:

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ:

– Պարոն դատավոր, – ասում է, – ես մի մոզի ունեի տարա ավերակի վրա ծախեցի…

– Հերիք է, հերիք, – ընդհատում է դատավորը. – էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՛նց թե մոզին ավերակի վրա ծախեցի… – վրեն ծիծաղում է ու դուրս անում:

Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում:

Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալիս, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ:

ԽՈՍՈՂ ՁՈԻԿԸ

1

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ: Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակտար: Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը:

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակտարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում: Էս շալակտարը գետափին նստած` նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում.

– Տեր աստված, – ասում է, – սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա` սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում` թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

– Լսի՛, – ասում է, – մարդ-ախպեր: Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ: Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը: Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են: Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում. շունչս կտրում է ջրից դուրս: Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում: Էնպես եմ ուզո՛ւմ, էնպես եմ ուզո՛ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՛ծ, շատ ցա՛ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով:

Էս շալակտարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը:

– Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը: Թող չտխրեն քու ընկերները: Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ:

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակտարի վրա:

– Տո՛ ախմախ, – ասում է, – էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուր գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակտարը չես էս օրից. գնա սովից մեռի:

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփա դնում:

– Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ… – տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն:

2

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ` առաջը մի գեղեցիկ կով:

– Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում, – հարցնում է Հրեշը:

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը:

«Լսի՛, բարեկամ, – ասում է Հրեշը: – Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով: Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք: Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ: Թե հարցիս պատասխանեցիք – իմ կովը ձեզ լինի, թե չէ` երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ: Համաձայն ե՞ս:

– Մի բան` որ առանց էն էլ սովից մեռնելու ենք, – մտածում է աղքատը, – կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է: Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

– Համաձայն եմ, – ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն:

3

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում: Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին. և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա:

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ ով գիտի` ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հրեշի միտքը:

– Ա՛յ թե ինչ դուս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի… Հրեշի հետ հաշիվ ունենա… Հրեշից լավություն ընդունի… – Հառաչելով զղջում էին մարդ և կին, բայց անցկացածս անց էր կացել, էլ հնար չկար: Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում:

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ:

– Բարի իրիկուն, ասում է, ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր:

– Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն ատծունն է: Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր: Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետք գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ – իր գերին ենք: Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք: Հիմի մեզ ինչ անի` մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի:

– Բան չկա, որտեղ դուք` էնտեղ էլ ես, – պատասխանում է օտարականը:

Համաձայնում են. հյուրը մնում է:

Մին էլ կես գիշերին դուռը դղրդում է: – Ո՞վ է. – Հրեշը: Եկել եմ, որ եկել եմ, դե պատասխանս տվեք: – Ինչ պատասխան. սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած:

– Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ, – ասում է երիտասարդ հյուրը և գնում է դեպի դուռը:

– Եկել ե՜մ, – դռան ետևից ձայն է տալիս Հրեշը:

– Ես էլ եմ եկե՛լ, – պատասխանում է ներսից հյուրը:

– Ո՞րտեղից ես եկել:

– Ծովի էն ափից:

– Ընչո՞վ ես եկել:

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել:

– Ուրեմն ծովը պստիկ է եղել:

– Ի՜նչ պստիկ. արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի:

– Ուրեմն արծիվը ճուտ է եղել:

– Ի՞նչ ճուտ. թևերի շվաքը քաղաք է ծածկում:

– Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ:

– Ի՜նչ փոքրիկ. նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի:

– Ուրեմն նապաստակը ձագ է:

– Ի՜նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել:

– Ուրեմն մարդը թզուկ է:

– Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ:

– Ուրեմն խուլ է:

– Ի՛նչ խուլ. սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի:

Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ:

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում: Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը:

– Չենք թողնի, որ չենք թողնի, – առաջը կտրում են մարդ ու կին. – դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

– Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը:

– Դե, գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք` թե ում ենք օրհնելու…

– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի – չի կորչի: Ես հենց էն խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր… – ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից:

ԿՌՆԱՏ ԱՂՋԻԿԸ

Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու մի ախպեր են լինում: Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսի կտոր, անունն էլ Լուսիկ:

Ախպերը պսակվում է, կնիկ է բերում:

Սա տեսնում է, թե ինչպես ամենքը սիրում են Լուսիկին, ու նախանձը օձի նման բուն է դնում սրտի մեջ: Սկսում է Լուսիկին բամբասել ու լացացնել ամեն օր, ամեն օր…

Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը: Մին տուն է գալիս` հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը միրգ, մի ուրիշ անգամ` հագուստ:

Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից:

Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է, ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին:

Մտածում է, մտածում է. մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով է տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը:

Որ տեսնում է մարդը գալիս է, սկսում է լաց լինել:

– Ա՛յ, – ասում է, – էս էլ քու սիրած քույրը, տանը ինչ ունեինք-չունեինք` ջարդեց:

– Բան չկա, այ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում. էդ բոլորն առնելու բաներ են: Աման է` կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք:

Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ: Մյուս անգամ, երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է, քշում կորցնում ու գալիս ձեռները ծոցին կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի:

– Ա՛յ, – ասում է, – էս էլ քու սիրած քույրը. քու էն լավ ձին դուրս է արել, կորցրել, մեզ էսպես տնաքանդ արել:

Մարդը ասում է.

– Բան չկա. ձի է, կորել է, կաշխատեմ մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել:

Չար կինը տեսնում է, որ էս անգամ էլ զուր անց կացավ, ավելի է կատաղում, իրեն կրծում:

Մի գիշեր էլ քնած ժամանակը իր երեխին օրորոցումը մորթում է, արնոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի գրպանը:

Գիշերվա մի ժամանակը մազերը շաղ է տալի, երեսը պոկում, ճչում, ծղրտում.

– Վա՜յ, երեխես, երեխես…

Տանըցիք վեր են թռչում, տեսնում երեխեն օրորոցումը մորթած: Մնում են սարսափած, սասանած կանգնած: Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինիլ…

Հարսն ասում է.

– Էլ ո՞վ պետք է լինի. էս տունը մեզանից բացի հո էլ ուրիշ մարդ չի մտել, ման գանք, ում գրպանում արնոտ դանակը գտնենք-նա կլինի:

Համաձայնում են: Ման են գալի, ու… արնոտ դանակը հանում են Լուսիկի գրպանից:

Մնում են քար կտրած, բայց էլ ի՞նչ…

– Է՜ս էլ քու սիրած քույրը, – ճչում է չար կինը ու երեսը պոկում – երեխես, երեխես…

Առավոտը լուսի հետ աշխարհքով մին լուրը տարածվում է: Ժողովուրդը վրդովվում է, դատաստան է պահանջում, մայրը լալիս է, դատաստան է պահանջում, ու գեղեցիկ Լուսիկին քաշում են դատաստանի դուռը: Դատում են, վճռում, կռները կտրում են ու էնպես, կռնատ, տանում, հեռացնում, կորցնում են հեռո՛ւ հեռո՛ւ անտառներում:

Էսպես կռնատ, մեն-մենակ թափառում է Լուսիկը անբնակ անտառներում: Շատ թափառելուց թփերն ու փշերը հագի շորերը տանում են, մնում է տկլոր: Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռ չի ունենում թե քշի, մտնում է մի ծառի փչակ:

Օրերից մի օր թագավորի տղեն էս անտառը որսի է գալի: Որսի շները անտառում էս ու էն կողմն են ընկնում, մի ծառի շրջապատում ու սկսում են հաչել:

Թագավորի տղեն, իր հետի մարդիկը մտածում են, թե շները երևի գազանի հետքի վրա են ընկել կամ որջ են գտել, ու սկսում են շներին հիս անել:

– Հիս մի՛ անիլ ինձ վրա, թագավորի որդի, – ձեն է տալի աղջիկը ծառի փչակից, – ես մարդ եմ, գազան չեմ:

– Թե մարդ ես, դե դուրս արի:

– Չեմ կարող, մերկ եմ, ամաչում եմ:

Թագավորի տղեն ձիուց իջնում է, վերարկուն հանում տալիս իր մարդկանց, որ տանեն գցեն աղջկա վրա: Վերարկուն տանում են, գցում են աղջկա վրա. դուրս է գալի մի սիրուն, մի աննման աղջիկ, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու մտիկ անես: Թագավորի տղեն հայիլ-մայիլ է մնում:

– Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, ի՞նչ ես շինում էս անտառում, ի՞նչու ես մտել էս ծառի փչակը…

– Ես մի էսպես աղջիկ եմ. աշխարհքումը մի ախպեր ունեմ. բայց ախպերն էլ է ինձ թողել, աշխարհքն էլ…

– Ախպերդ էլ է քեզ թողել, աշխարհքն էլ, բայց ես չեմ թողնիլ, – ասում է արքայորդին ու առնում է Լուսիկին տանում իրենց տունը:

Տանում է իրենց տունը, հորն ու մորը հայտնում, թե պետք է պսակվի նրա հետ:

– Թե սրա հետ կպսակվեմ, լավ, թե չէ` ինձ մի փորձանքի կտամ:

Հերն ու մերն ասում են.

– Այ որդի. աշխարհքի աղջիկները հո վերջացել չեն. թագավորի աղջիկներ կան, նազիր-վեզիրների աղջիկներ կան, հարուստ, գեղեցիկ… էդ կռնատ, տկլոր, անտեր աղջիկն ո՞վ է, որ դու դրան ուզում ես:

– Չէ՛, որ չէ…

Հերն ու մերը ճարահատված իրենց քաղաքի խելոք մարդկանց հավաքում են, մի խորհուրդ են հարցնում, թե ինչպես անեն, իրենց որդուն էդ կռնատ աղջկա հետ պսակեն, թե չէ:

Խելոք մարդիկ ասում են.

– Մարդ ու կնկա բախտը որ կա` սրտիցն է: Ձեր տղի բախտն էլ, երևի, էդ աղջիկն է, որ սիրտը կպել է դրան: Աստված դրանց համար էլ էդպես է բարի տեսել:

Էս որ լսում են` հերն ու մերն էլ համաձայնվում են, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, ու թագավորի տղեն ամուսնանում է գեղեցիկ Լուսիկի հետ:

Միառժամանակ անց է կենում, էս թագավորի տղեն գնում է հեռու երկիր: Գնալիս տանը պատվիրում է, որ երբ կինը ծնի` իրեն տեղեկություն գրեն: Պատվիրում է ու գնում:

Սրա գնալուց մի քանի ամիս անց է կենում, Լուսիկը ազատվում է, մի սիրուն, շարմաղ, ոսկեգանգուր տղա է ծնում:

Թագավորն ու թագուհին էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ աշխարհքովը մին են լինում: Աչքալուս են գրում, նամակը տալիս են սուրհանդակին, ուղարկում են: Դու մի ասիլ, էս նամակը տանողը գնում է ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը ու գիշերը մնում է նրանց մոտ: Իրիկունը զրույց անելիս պատմում է, թե` հապա՛, էսպես-էսպես մի բան է պատահել ու հիմա աչքալուսի թուղթ եմ տանում թագավորի տղին:

Չար հարսը էստեղ գլխի է ընկնում բանը: Գիշերվա մի ժամանակը վեր է կենում, էս մարդի գրպանից նամակը հանում, կրակը գցում ու ինքը մի նոր նամակ գրում, դնում տեղը: Գրում է, թե` հապա չես ասիլ, քու գնալուց ետը կինդ ծնեց` մի շան լակոտ բերա՛վ… Էսպես խայտառակվեցինք աշխարհքի մեջ. հիմի քեզ իմացնում ենք – գրի ինչ անենք, ինչ չանենք:

Սուրհանդակը էս նամակը տանում է տալի թագավորի տղին:

Կարդում է թագավորի տղեն ու շա՛տ շատ վշտանում: Հորն ու մորը նամակ է գրում, թե իմ բախտն էլ երևի էդ է եղել. ինչ որ աստված տվել է – իմն է, պահեցեք, կնկանս էլ մի թթու խոսք չասեք, մինչև ես գամ:

Գրում է, նամակը տալիս սուրհանդակին, ետ ղրկում: Էս սուրհանդակը վերադարձին գալիս է կրկին իր հյուրատունը ու էլի գիշերը մնում է նրանց մոտ:

Չար հարսը գիշերվա մի ժամանակն էլի վեր է կենում, սրա գրպանից թագավորի տղի նամակը հանում, գցում կրակը, ինքը մի նորը գրում, դնում տեղը: Գրում է, թե` իմ կինն ինչ որ ծնել է, իր ծնած շան լակոտը դոշիցը կկապեք ու դուրս կանեք, կկորցնեք, որ ես չգամ ու մեր տանը տեսնեմ, թե չէ ինձ մի փորձանքի կտամ:

Հերն ու մերը էս նամակը որ ստանում են, մնում են զարմացած: Ասում են.

– Էս ի՞նչ բան է. ինքը բերավ մեր կամքին հակառակ հետը պսակվեց, հիմի էլ գրում է, թե` դուրս արեք…

Շատ են տխրում, շատ է մեղքները գալի, բայց ինչ որ գրել էր` պետք է կատարեին:

Բերում են երեխին կապում են մոր դոշիցը, լաց են լինում, օրհնում են ու իրենց տանիցը դուրս են անում:

Երեխեն դոշիցը կապած` Լուսիկը գնում է լալով: Անց է կենում խոր ձորեր, մութ անտառներ, անբնակ դաշտեր, ընկնում է մի անջուր, ամայի անապատ:

Էս անապատում՝ ծարավ, ջրչոր` գնում է, գնում է, շատ է գնում, թե քիչ է գնում, շատն ու քիչն էլ աստված գիտի – հասնում է մի ջրհորի: Նայում է ջրհորի մեջը, աչքին թվում է, թե ջուրը մոտիկ է: Կռանում է թե ջուր խմի` երեխեն գրկիցը ընկնում է ջրհորի մեջը: Ճչալով ջրհորի էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում: Հանկարծ ետևից մի ձեն է գալի.

– Մի՛ վախիլ, աղջիկ ջան, մի՜ վախիլ, հա՛նի…

Ետ է նայում, տեսնում` սիպտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի: Ասում է.

– Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ:

– Հա՜նի, հա՜նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի…

Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է: Ետ է դառնում թե շնորհակալություն անի, տեսնում է ծերունի չկա, աներևութացել է:

Սրան էստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ո՞ւմնից տեղեկություն տանք: Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը:

Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է, ու էլ տուն չի մտնու., դռնից ետ է դառնում, գնում է աշխարհքե աշխարհք ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի:

Գնում է ման է գալի. էս կողմը հարցուփորձ, էն կողմը հարցուփորձ, մի տեղ պատահում է մի մարդու:

– Բարի օր:

– Աստծու բարին:

– Ո՞ւր առաջ բարի:

– Իմ քրոջն եմ ման գալի:

– Դե մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան երեխիս եմ ման գալի:

Ընկերանում են, գնում են ման են գալի, մի տարի, երկու տարի, երեք տարի, ոչ տեղն են իմանում, ոչ տեղեկություն: Էս թագավորի տղեն վերջը գալիս մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ իր տուն ու տեղը, իր կնկանը բերում է ու էնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող-եկողից մի բան իմանան:

Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ:

Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է.

– Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին: Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են. հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա:

Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե` մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք:

Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին: Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին: Թագավորի տղեն ասում է.

– Քուններս չի տանում, քուրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անց կենա:

– Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ, – պատասխանում է աղքատը, – ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական. թե կուզեք, պատմեմ, լսեցեք:

– Լավ, էդ պատմի:

Ու աղքատ կինը սկսում է պատմել:

– Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում, մի քույր, մի ախպեր են լինում: Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
70 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772466942
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 5, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 2, 2 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 13 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 29 oylamaya göre