Kitabı oku: «Հեքիաթներ», sayfa 5
ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
Ա
Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը: Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ` շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում: Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով: Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում: Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում: Ներս է մտնում տեսնում` դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները: Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում:
– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ, – ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը:
– Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստըծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք, – խնդրում է տան տերը: Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը:
Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփա դնում: Երբ երաժիշտները հեռանում են` դերվիշը տան տիրոջը հարցնում է.
– Անունդ ի՞նչ է, բարեկամ:
– Հասան:
– Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՛նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անց կացնում քո ժամանակը:
– Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա, – պատասխանում է տան տերը: – Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել: Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում: Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար: Նստում ենք, ուրախանում: Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է` ավելի լավ:
– Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի` ի՞նչ պիտի անես:
– Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:
– Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի:
– Է՛հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից… կամ ի՞նչ են արել նրան փինաչիները: Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք. այժմ քնենք, դերվիշ բաբա: Աստված ողորմած է. քեֆ անողին քեֆ չի պակսիր: Աշխարհքի բան է` ինչպես բռնես` էնպես էլ կերթա:
– Լա՜վ, աստված տա, որ էդպես լինի, – բարեմաղթում է դերվիշն, ու քնում են:
Բ
Առավոտը վաղ դերվիշը գնում է: Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էս օրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու: Զանցառուների գլուխները կթռչեն:
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում:
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու: Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում է ուրախ Հասանը: Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից: Ներս է մտնում:
– Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա. համեցեք, նստիր քո տեղը:
Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կես գիշեր:
Կես գիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում: Մնում են տան տերն ու հյուրը:
– Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա:
– Ի՞նչ պատահեց:
– Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն: Էսօր թագավորը հրաման հանեց – մեր արհեստն արգելեց…
– Ի՞նչ ես ասում, – զարմանում է հյուրը: – Հապա որտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր:
– Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում: Օրական ինչ աշխատում եմ` մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը` երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում:
– Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու:
– Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալիս, որ արգելի: Եվ ի՞նչու էսօրվանից դարդ անեմ դրա համար: Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ: Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ:
– Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան, – բարեմաղթում է դերվիշն ու հեռանում:
Գ
Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստըծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու: Պատռել բոլոր ջրկիրների տիկերն և ջարդել նրանց կժերը:
Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում:
Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու: Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը: Դարձյալ ուրախության և երգի ձայներ: Ներս է մտնում:
– Ա՜յ, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՛ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք: Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել:
– Իհարկե, ուրախությունը ավելի լավ է: Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է, թող ուրախանա, – բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին:
Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում: Մնում են դերվիշն ու տանտերը:
– Հասան ախպեր. Էսօր ի՜նչ լսեցի. ասում ես թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք:
– Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին: Ա՜խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես` մյուս օրը կատարվում է:
– Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում: Ո՞րտեղից ես գտել էս փողը:
– Երանի թե մարդու պակասը փողը լինի: Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա: Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս. բերում եմ մի մասը ապրուստս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը: Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա:
– Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու, – բացականչեց դերվիշը:
– Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞:
– Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա, – պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին:
Դ
Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը:
– Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը:
– Ես եմ, – պատասխանեց զարմացած Հասանը:
– Թագավորի հրամանով հետևիր մեզ:
Ուղիղ պալատը տարան Հասանին: Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել: Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև: Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը: Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե` գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու:
Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու:
Գնաց մոտեցավ Հասանի տանը: Ականջ դրեց: Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը: Հասանը քեֆ է անում դարձյալ: Ներս մտավ:
– Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի է՜. երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել:
– Ի՜նչ ես ասում:
– Աստված վկա:
– Եվ երևի շատ փող է տվել…
– Չէ՜ ինչ փող. մի գրոշ չտվին: Դատարկ տուն ղրկեցին:
– Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում:
– Նստի՛ր, ասեմ որտեղից: Մի թուր են կապել մեջքս: Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե` հո ես մարդ չեմ սպանելու: Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի` եկա տուն: Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի: Լավ եմ արել, չէ՞, դերվիշ. ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր:
– Հա՜, հա՜, հա՜, – ծիծաղեց դերվիշը: – Լավ անելը` լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե` կտրի էս հանցավորի գլուխը` ի՞նչ ես անելու:
– Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ, – բարկացավ Հասանը: – Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել…
Ու շատ վշտացավ Հասանը: Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի:
Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի:
– Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը:
– Ապրած կենաս, մեծ թագավոր, – պատասխանեց սարսափած Հասանը, – ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող: Փորձված մարդիկ շատ կան քո պալատում. հրամայիր մի ուրիշը կտրի…
– Ես քեզ եմ հրամայում, – սաստեց թագավորը, – եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի: Հանի՛ր թուրդ…
Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.
– Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես: Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը…
Ասավ, դուրս քաշեց թուրը… Փա՜յտ: Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած: Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև: Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին: Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին: Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով` հոչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս, ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում:
ԵԴԵՄԱԿԱՆ ԾԱՂԻԿԸ
Ժամանակով մեր աշխարհքում մի վաճառական է լինում: Էս վաճառականը ունենում է մի աղջիկ` անունը Ծաղիկ: Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքույշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում:
Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը: Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է.
– Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ: – Թե` եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես: – Լավ, ասում է, կբերեմ:
Գնում է աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առու-տուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա: Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում: Վերջը մի ծեր մարդ է պատահում: Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի. ասում է էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը: Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է:
Հոր սիրտ է: Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է գնում: Գնում է, գնում, շատ է գնում թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը: Հենց հասնում է ծաղիկը պոկում է թե չէ, մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ: Մարդ ասես` մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է.
– Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը… քո մահն է հիմի…
– Քո մահն է հիմի… – ձեն է գալի ամեն կողմից…
Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի` հրեշի առաջն է ընկնում:
– Ներիր, – ասում է, – ո՛վ հզոր… իմ աղջիկն էր ուզել…
– Կներեմ, – կանչում է հրեշը, – միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս:
– Համաձայն եմ:
– Որ համաձայն ես` քեզ եմ բաշխում քո կյանքը: Գնա: Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի – էդ իմ նշանն է, կգամ Ծաղիկին տանելու:
Դու մի ասիլ Սիպտակ դևը ինքը հրեշն է, որ կա: Վաճառականը վերադառնում է տուն: Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում: Հերը համբուրում է` եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է: Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում: Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում: Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում իրենց տան դիմացի սարն արդեն սիպտակել է: Լաց է լինում: Պատճառը հարցնում են. էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե` հապա չեք ասիլ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է Ծաղիկին տանի:
– Բան չկա, հայրիկ, – ասում է Ծաղիկը, – դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ. ինչ կլինի կլինի:
Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է.
– Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր… ինձ տո՛ւր…
Մռնչում է ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը գունատվում. ի՛նչ պետք է անեին խեղճ մարդիկը: Զուգած, զարդարած, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս են բերում Ծաղիկին հանձնում են Սիպտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է տանում: Տանում է Մասիսի մեծ վիհը: Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր բյուրեղյա ապարանքը: Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում տանում ամեն կյանք ու կենդանություն: Ծաղիկին էլ տանում է փակում էն բյուրեղյա ապարանքում:
Էսպես ամիսներ են անց կենում: Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում փախչում: Ետ է գալի դևը` տեսնում է` Ծաղիկը չկա: Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրիկի նման սուրալով, օձի նման սուլելով` ընկնում է ետևից: Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած: Ետ է նայում տեսնում է Սիպտակ դևը գալիս է: Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի: Սարսափից ճչում է, օգնություն է կանչում: Կանչելու հետ, աստըծու հրամանով, առաջը մի դուռն է բացվում: Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին:
Ավելի է կատաղում Սիպտակ դևը. իր լայն թևերով բամփում է Արագածի գագաթին ու մռնչում.
– Ո՞ւր է Ծաղիկն, ո՛ւր… ինձ տո՜ւր…
Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ:
Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ, դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են.
Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պառկած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած:
Պառկած է մինչև օրը ցանկալի,
Էն պայծառ օրը, երբ որ նա կըգա,
Կըգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անույշ ու համբույր կըտա:
Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով ու տարածվում են ուրախ երգի ձայները.
Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմի կելնի պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին:
Հիմի կելնի թագավորը,
Հզոր Արին-Արմանելին
Ու կըժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին:
Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սիպտակ դևի,
Հիմի կըգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի:
Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը:
Դու մի՛ ասիլ` հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
– Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, – հարցնում է Արին-Արմանելին, – և ինչպես ընկար էս աշխարհքը:
Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:
– Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձայնը. – պատասխանում է Արին-Արմանելին: Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ: Էսպես է անում ամեն տարի: Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը: Դու եղար էդ մինը: Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ:
Ասելն ու անելը մին է լինում: Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի: Երկու թշնամի ուժերը պատահում են իրար. բացվում է օրհասակռիվը: Զարկում են զարկվում-երկինք ու գետինք իրար են խառնվում: Մութն ամպերում մռնչում է Սիպտակ դևը, Արին-Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը. երկիրը դողում, դղրդում է հիմքից: Կռվի վերջում պարտված-զարկված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառն ապարանքում: Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին:
Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովտում: Արին-Արմանելին պսակվում է Ծաղիկի հետ: Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ-կարմիրը` ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում ու աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը:
Ու էսպես կրկնվում է ամեն տարի, որովհետև ամեն տարի Սիպտակ դևը կախարդում է Արին-Արմանելիին ու հափշտակում է սիրուն Ծաղիկին: