Kitabı oku: «Առակներ», sayfa 7

Yazı tipi:

ԻՄԱՍՏՈԻՆԻ ԽՐԱՏԸ

– Ւ՞նչ գաղտնիք կարելի է վստահել մարդուն, – հարցնում է թագավորը։

– Ոչինչ չի կարելի վստահել, – պատասխանում է իմաստասերը։

– Բացատրիր միտքդ։

– Մի ճանապարհի վրա խոր ջրհոր կար փորված։ Այդ ջրհորի մեջ մի կապիկ է լինում, մի վագր և մի օձ։ Հետո ջրհորն է ընկնում նաև մի մարդ, որ արհեստով ոսկերիչ էր։ Եվ կենդանիները ոսկերչին չվնասեցին։

Մի օր ճանապարհով անցնում է մի բարի, առաքինի մարդ և հորի մեջ տեսնում սրանց։ Մտածում է ինքն իրեն. «Բարություն անեմ, դուրս հանեմ սրանց հորից»։

Կախում է պարանը, և դուրս է գաղիս կապիկը։ Նորից է կախում, դուրս է գալիս օձը, հետո՝ վագրը։ Եվ երբ կրկին է կախում, որպեսզի հանի ոսկերչին, կենդանիներն ասում են.

– Մի՛ հանիր դրան, որովհետև չար մարդ է, և քո բարությանը չարով կհատուցի։

Նա չլսելով գազաններին, դուրս հանեց ոսկերչին։

– Մեր բնակության վայրը այսինչ քաղաքն է, – ասացին գազանները մարդուն, – երբ գաս այդ քաղաքը քո լավության տակից դուրս կգանք։

– Ես էլ նույն քաղաքից եմ, – ասաց ոսկերիչը, – երբ գաս, քո լավությանը կփոխհատուցեմ։

Որոշ ժամանակ անց այն բարի մարդը գնաց այդ քաղաքը։ Հանդիպեց նրան կապիկը և ասաց.

– Բարի եկար, ապրեցուցիչ իմ։

Եվ տարավ մարդուն իր օթևանը, հյուրասիրեց ընտիր ու համեղ մրգերով։ Եկավ վագրը և տեսնելով մարդուն, ասաց նույնը: Այնուհետև գնաց, թագավորի պալատից գողացավ ոսկի ու ակնեղեն, նվիրեց մարդուն։

Սա մտածում է. «Եթե գազաններն այսքան լավություն արեցին, հապա ոսկերիչը որքա՜ն պիտի անի։ Հիմա գնամ մոտը, նրան տամ ոսկին և ակնեղենը, որ իր իմացածով վաճառի»։

Գնաց ոսկերչի մոտ, ցույց տվեց նրան բոլորը։ Ոսկերիչը մտածեց, «Գնամ հայտնեմ թագավորին ու պարգևի արժանանամ»։ Եվ նա սեղան գցելով հյուրի առջև, ասաց.

– Դու կեր ու խմիր, ուրախացիր իմ հարկի տակ, իսկ ես գնամ քո գործը գլուխ բերելու։ Ոսկերիչը գնալով թագավորի մոտ ասաց.

– Ահա գտել եմ քո ոսկին ու ակնեղենը գողացողին։

Թագավորն ուղարկեց զորականներ, որոնք մարդու ձեռք ու ոտքը կապած բերին պալատ։ Եվ թագավորը հրամայեց տանջել նրան պեսպես տանջանքներով ու սպանել։ Բարի մարդն իր մտքում ասաց, «Եթե լսեի ես գազաններին և չհանեի ոսկերչին հորից, այս ամբողջ չարիքը չէր գա իմ գլխին»։

Տեսավ վագրը մարդու տանջանքները և շտապ գնաց պատմեց օձին։ Եկավ օձը մարդու մոտ և ասաց նրան.

– Հոգ մի արա։ Առ այս տերևը քեզ մոտ։ Ես կգնամ, կխայթեմ թագավորի աղջկան, իսկ դու ասա, թե կարող ես բժշկել։ Եվ տար դիր տերևը վերքին ու մի կտոր էլ տուր թող ուտի։ Արագ կլավանա։

Այդպես արեցին, և աղջիկը առողջացավ։ Թագավորն ազատեց այն բարի մարդուն, ընծայելով նրան շատ ոսկի ու արծաթ։

Եվ նա պատմեց թագավորին ստույգ եղելությունը։ Թագավորը հրամայեց չարաչար մահով սպանել ոսկերչին։

Ամեն նենգավոր մարդու վերջն այս է, քանզի ով բարուն չարով փոխհատուցի, ինքը կկորչի չարությամբ։

ԲԱՐԻ ԴԻՊՎԱԾԸ ԱՄԵՆԻՑ ԼԱՎՆ է

Չորս մարդ ճանապարհի ընկեր դարձան ու օտարություն գնացին։ Մեկը թագավորի տղա էր, մյուսը՝ վաճառական՝ իմաստուն ու խելոք, երրորդը գեղեցկատես էր, իսկ չորրորդը՝ հողագործ շինական։ Նրանք բոլորի էլ վտարված էին իրենց երկրից, զուրկ ամեն ինչից ու գրեթե մերկ։ Վեճ բացվեց մարդկային երջանկության ու դժբախտության մասին։

– Ժամանակն է որոշում մարդկանց գլխովն եկած փորձանքը, – ասում է թագավորի որդին։

– Իմաստությունն ու խելքը բարձր են ամեն ինչից, – ասում է վաճառականը։

– Պատկերն ու գեղեցկությունը ամեն ինչից վեր է, – ամսում է գեղեցկատեսը:

– Վաստակն ու աշխատանքը բարձր են ամեն ինչից, – ասում է հողագործը։

Եվ չորսը հասան մի քաղաք, հոգնած ու քաղցած նստեցին քաղաքի դռան առջև։

– Գնա, – դիմեցին հողագործին, – վաստակ արա և մեզ ուտելիք բեր։

Գնաց հողագործը և հարցուփորձ արեց քաղաքացիներին.

– Ի՞նչ գործ անեմ այսօր, որ ստացած վարձով կարողանամ չորս մարդու համար ուտելիք գնել։

– Գնա, անտառից փայտ բեր, – ասացին, – և ծախիր։

Գնաց շինականը, փայտ բերեց, վաճառեց մեկ դեկանով և չորս հոգու համար ուտելիք գնեց։ Քաղաքի դռան վրա գրեց, «Մի օրվա աշխատանքովս չորս հոգու կերակրեցի»: Ընկերները հաջորդ օրը դիմում են գեղեցկատեսին.

– Գնա քո գեղեցկությամբ, որով պարծեցար, մեզ համար ուտեստ բեր։

Գնաց գեղեցկատեսը տարակուսած մտածելով. «Ի՞նչ անեմ, աշխատել չգիտեմ, չեմ կարող, մուրալ՝ ամաչում եմ»։ Եվ սրտաբեկ նստեց մի ծառի տակ ու քնեց։ Այդ կողմով անցնում էր մի գեղեցիկ ու հարուստ կին։ Կինը արթնացրեց նրան, տարավ իր տունը, զվարճացան, ու տվեց նրան հինգ հարյուր դեկան։ Գեղեցկատեսը ուտելիք գնեց ու տարավ ընկերներին։ Քաղաքի դռան վրա գրեց. «Մի օրում իմ գեղեցկությամբ այս քաղաքից առա հինգ հարյուր դեկան»։

Երբ լույսը բացվեց, դիմեցին վաճառականին.

– Գնա, քո խելքով ու իմաստությամբ մեզ համար այսօր ուտելիք ճարիր:

Գնաց նա և երբ մոտեցավ քաղաքին, տեսավ առևտրական նավեր, որ գալիս էին Հնդկաստանից և լի էին ամեն տեսակ ապրանքներով։ Քաղաքի վաճառականները հավաքված ասում էին միմյանց.

– Այնպես անենք, որ կերպասի ու գործվածքեղենի գները իջնեն, մեզանից բացի քաղաքում ուրիշ գնող չկա, մեզ ինչ հարկավոր է՝ էժան գնենք։

Այս ամենը լսեց վաճառականը, գնաց դեպի նավերը, հայտնեց քաղաքացիների որոշումը: Եվ ինքը մի դատարկ խոսքով գնեց այն ամենը, ինչ կար նավերի մեջ:

– Եկեք ինձ հետ այսինչ քաղաքը և ձեզ ավելին կվճարեմ։ – ասաց նավապետին:

– Վայ մեզ, – լսելով լուրը վշտացան քաղաքացիները, – կորանք մենք և կորցրինք մեր շահը։

Եվ եկան իմաստուն վաճառականի մոտ, աղաչանք–պաղատանքով նրան տվեցին հարյուր հազար դեկան, գնեցին ապրանքննրը: Վերցրեց վաճառականը հարյուր հազարը և բազմատեսակ ուտելիքներով գնաց ընկերների մոտ։ Քաղաքի դռան վրա գրեց. «Մեկ օրվա աշխատանքով այս քաղաքից առա հարյուր հազար դեկան»։ Հաջորդ օրը թագավորի որդուն ասացին.

– Գնա, մեզ համար ուտելիք բեր։

Թագավորազնը գնաց տրտում ու չգիտեր, թե ինչ է անելու։ Նստեց քաղաքի դռան առջև։ Այդ օրը մեռել էր քաղաքի թագավորը, որին այդ դռնով տանում էին թաղելու: Թագավորազնը չբարձրացավ նստած տեղից և պատիվ չտվեց։ Դռնապանը նախատեց նրան և դուրս վտարեց, իսկ նա կրկին նստեց իր տեղը։ Երբ մարդիկ վերադառնալով թագավորի թաղումից, տեսան նրան դռան առջև նստած, մտածեցին, թե լրտես է և բանտ նետեցին։

Հաջորդ օրը ամբողջ քաղաքը՝ ծերերը, երիտասարդները և զորապետները, հավաքվեցին միասին և մտածում էին թագավոր ընտրելու մասին, քանի որ իրենց թագավորը ժառանգ չուներ: Վեճ ու անհամաձայնություններ ծագեցին նրանց մեջ, ամեն մեկն ուզում էր ինքը թագավոր դառնալ։

– Մի կռվեք, – ասաց դռնապանը, – այստեղ մի լրտես կա, որին բանտարկել եմ։ Եթե նա լսի ձեր վեճը և փախչելով՝ զորք բերի մեր դեմ, ի՞նչ կլինի մեր վիճակը։

– Բե՛ր այդ մարդուն մեզ մոտ, – հրամայում են իշխանները։

– Ո՛վ ես, ի՞նչ մարդ ես, – հարցրին նրան:

– Այսինչ թագավորի որդին եմ, – պատասխանեց նա, – և փախել եմ իմ եղբայրների հալածանքից։

Շատերը ճանաչեցին նրան, հավատացին, որ ճիշտ է ասում։ Եվ բոլորը միաբերան միաբանելով` նրան թագավոր ընտրեցին, բազմեցրին իրենց գահին ու խոնարհվեցին առջևը։ Երկու օր անց, հեծավ թագավորը ձին ուզննեց քաղաքի շրջակայքը։ Նայեց դռան վրայի գրերին, հրամայեց բռնել–բերել գրողներին ու մաքրել տվեց իր ընկերների գրածը։ Եվ թագավորը գրեց. «Բարի գիպվածն ավելի էավ է, համբերությունը ավելի պատվաբեր, ես ասացի և կատարվեց իմ խոսքը, քան դեմքի գեղեցկությունը, քան մտքի իմաստությունը և քան երկրագործությունը։ Անարգվեցի, բայց հետո մեծարվեցի»։ Իմաստուն վաճառականին կարգեց պալատական իշխան, հողագործին դարձրեց իր պալատի տնտես, իսկ գեղեցկատեսին ապականության համար վտարեց քաղաքից։

ԵՐԵՔ ԽՈՐՀՈՒՐԴ

– Երբ հայրս վախճանվում էր, – ասաց թագավորն ի լուր ամենի, – ինձ երեք խրատ տվեց և ասաց. «Հիշիր խոսքս, որ լավ ապրես։ Որդյա՛կ, ինչ վատ բան տեսնես, չտեսնելու տուր, ինչ քեզ չեն հարցնում, մի ասա, և լավ օրը վատով մի փոխիր»։ Մի թագավորի մոտ գանձապահ էի։ Մի օր թագավորը գնաց որսի, դեղթափ մատանին մոռանալով գահին դրված բարձի վրա։ Եվ երբ նստեցինք ճաշելու, ուղարկեց ինձ պալատ, հրամայելով. «Գնա շտապ բեր մատանիս»։

Մտնելով պալատ, տեսա, որ թագավորի մեծ իշխաններից մեկը շնանում էր թագուհու հետ։ Ես շտապ վերցրի մատանին, նրանց չտեսնելու տվի և դուրս ելա: Իսկ թագավորը չհարցրեց ինձ, թե տանը ինչ տեսա, ես էլ չասացի:

Երբ թագավորը վերադարձավ տուն, թագուհին պատառոտեց շորերը, ճանգռոտեց դեմքը և ճչալով ասաց.

– Թագավոր, քո սիրելի երիտասարդը ուզեց բռնությամբ անպատվել ինձ։

Իսկ թագավորն ինձ շատ էր սիրում, ուստի և դժվարացավ անմիջապես սպանել: Բացի դրանից, թագավորը մի բերդ ուներ, որտեղ էլ սպանել էր տալիս մահապարտներին:

Եվ նա նամակ գրեց բերդավագին, կնքեց ու տվեց ձեռքս, թե «Տար, բերդավագին հանձնիր»։ Իսկ նամակի մեջ գրել էր։ «Բերդավագ, այս մարդուն, որ թուղթս քեզ է բերել, գլխատիր, գլուխը դիր մի արկղի մեջ և կնքած ետ ուղարկիր ինձ»։

Նամակն առած ճանապարհ ընկա։ Ես պիտի անցնեի թագուհու հետ շնացող իշխանի գյուղով։ Երբ իշխանը տեսավ ինձ, շատ վախեցավ, կարծեց, թե թագավորն իրեն է կանչում պատմելու նպատակով։

– Ո՜ւր ես գնում, – հարցրեց ինձ իշխանը։

– Նամակ եմ տանում այսինչ բերդը, – պատասխանեցի:

– Օրը ցուրտ է, – ասաց ինձ, – դու մնա իմ տանը, կեր և խմիր, ես կտանեմ թուղթը։

– Թագավորն, – ասացի, – ինձ է հրամայել, թե՝ տար։ Ես վախենում եմ։

– Մի՛ մտածիր, դու կաց իմ տանը, ես կտանեմ։ Դրսում խիստ ձյուն էր ու բուք։ Եվ ես մտածեցի. «Սա իմ հոր խրատն է, թե լավ օրդ վատով մի փոխիր»։

Ես մնացի իշխանի տանը, իսկ նամակը տարավ նա։ Երբ բերդավագը ընթերցում է նամակը, բռնությամբ կտրում է իշխանի գլուխը, դնում արկղի մեջ, կնքում ու տալիս ծառային, թե՝ տար թագավորին։

Ճանապարհին հանգիպելով ծառային, ասացի.

– Տուր ինձ, ես պիտի տանեմ։

Վերցրի արկղն ու տարա։ Երբ թագավորը բացեց այն, զարմացած տեսավ, որ իր սիրելի իշխանի գլուխն էր մեջը։

Ասաց ինձ.

– Այս ի՞նչ բան է, ճիշտն ասա՛, թե չէ կսպանեմ քեզ։

Մեկ առ մեկ պատմեցի իսկությունը, ինչպես եղել էր։

Երբ լսեց թագավորը, չարաչար մահով սպանել տվեց կնոջը։

ԲԱՐԵԳՈՐԾՈԻԹՅԱՆ ՊՏՈԻՂԸ

Կար մի թագավոր, որի կյանքի օրերն ու տարիները անցել էին, բայց իրենից հետո չուներ որդի ու ժառանգ թագավորությանը: Որդի ունենալու համար շատ աղոթեց, աղքաներին ու կարիքավորներին տվեց առատ նվերներ: Աստված գթաց նրան, և վերջապես ծնվեց տղա՝ թագավորական գահի համար ժառանգ։

Մանկան ծննդյան առթիվ մեծ խրախճանքներ կազմակերպեց թագավորը, անթիվ քանակով ոչխարներ, եզներ և այլ անասուններ մորթել տվեց, կերակրեց քահանաներին ու ժողովրդին, շատ աղքատների զգեստներ նվիրեց, հորդորելով աղոթել, որպեսզի աստված կենդանություն պարգևի իր նորածին զավակին։ Իր սրտին գոհացում և խնդություն տալու նպատակով, թագավորը հրավիրեց նաև իր աշխարհի բոլոր իմաստուններին ու աստղագետներին, որպեսզի նրանք գուշակեն տղայի ճակատագիրը, խելքն ու ապագան։ Իմաստունները, հմուտ ու ճարտար աստղագետները, հավաքվելով քննեցին և իմացան մանկան ճակատագիրը։

– Ո՛վ թագավոր, – ասացին նրանք, – քո որդին աստծո տված է և պտուղ է ողորմության։ Նա շատ խելացի է լինելու, բայց պիտի խայթվի օձից։ Եթե մինչև տասնհինգ տարեկան հասակը օձը նրան չկծի, շատ կապրի և իր կյանքն ու ժամանակը կանցկացնի երկար տարիներով։

Լսելով այս, հայր թագավորը խիստ վախեցավ ու սկսեց մտածել, թե ինչ հնարքով փրկի որդուն օձից։ Նա կառուցել տվեց մի բարձր ու թանկարժեք ապակեպատ աշտարակ, գրեց այնտեղ մանկանը մոր հետ և, նրանք սպասավորելու համար, շատ ծառաներ։ Իսկ ծառաները, մանկան մոտ մտնելիս, մերկանում էին բոլոր հանդերձներից ու միայն հատուկ գոգնոցներով էին ծածկվում։ Նրանք ելումուտ էին անում ահուդողով, զգուշությամբ, որ օձը չթաքնվի մեկնումեկի շորերի մեջ և հանկարծակի չվնասի մանկանը:

Տղային կրծքից կտրելուց հետո՝ մայրը թողեց որդուն պալատում և, գոհանալով աստծուց, գնաց տուն իր ամուսնու մոտ, բարի լուր տալով նրան տղայի աճի ու փարթամության մասին։ Որդու համար թագավորը պատրաստել տվեց ոսկեղեն քանդակներով, մարգարիտներով ու ընտիր ակնեղենով զարդարված մի աման՝ ջուր ու գինի խմելու համար, ամեն առավոտ ուղարկում էր նրան անուշահամ ուտեստներ և քառասուն հատ կարմիր ոսկեդրամ, որպեսզի նա իր ձեռքով՝ հանուն իր կյանքի ու արևշատության, բաժանի աղքատներին։

Եվ ըստ սովորության՝ ամեն օր գալիս էին աղքատները։ Երբ առավոտները ելնում էր թագավորի որդին նայելու պատուհանից դուրս և տեսնում էր պատուհանի տակ հավաքված աղքատներին, առատորեն տալիս էր նրանց ողորմության տուրքը։ Իսկ նրանք ուրախ սրտով վերադառնում էին իրենց տները, մաղթելով իրենց թագավորին` երկար կյանք, արքայորդուն՝ կենդանություն։

Երբ լրացավ տղայի տասնչորս տարին, մի օր նրա հոր մառանապետը, քադելով այգուց մի քանի վաղահաս ու քաղցրահամ ողկույզ, դրեց կողովի մեջ, որ տանի թագավորին։ Հանկարծակի ելավ իր բնից մի թունավոր օձ և մառանապետից աննկատ սողաց կողովի մեջ։ Մառանապետը խաղողը տարավ ու ամանով դրեց թագավորի առջև։ Իսկ նա վերցրեց ընդամենը մի ողկույզ ու հրամայեց մնացածը տանել որդուն: Երբ մառանապետը տարավ խաղողը թագավորի որդու պալատը, տղան հանգիստ քնած էր, ուստի ծառաները կողովը դրեցին մի անկյունում ու գնացին։ Այդ ժամանակ ելավ օձը իր թաքստոցից և մտավ տղայի անկողնու տակ։

Եվ այնժամ մի անճար ու խեղճ աղքատ, որ կանգնել էր տղայի պատուհանի մոտ, ներքևից բարձրաձայն դիմեց թագավորի որդուն, ասելով.

– Ով բարի պատանի, հանուն քո հոր գահի և հանուն քո կյանքի, ողորմություն տուր ինձ, որովհետև դառն կարիքի մեջ եմ։

Լսելով աղքատի ձայնը, անմիջապես արթնացավ քնից բարի տղան ու քաղցրությամբ պատասխանեց նրան։

– Ով բարի աղքատ, մի քիչ համբերիր, եկ ճաշի ժամին, որ տամ խնդրածդ, որովհետև այժմ մոտս դրամ չկա։

– Բարի պատանի, դառն սովամահության մեջ եմ իմ որդիներով հանդերձ, ուստի և աղաչում եմ հենց այժմ կատարես իմ խնդիրքը։

Տղան՝ շուրջն աչք ածելով, ոչինչ չգտավ, աննման հորինվածքով, ակնեղենով ու մարգարիտներով զարդարված ոսկե ամանից բաց: Այն տվեց աղքատ մարդուն, որը վերցնելով ասաց.

– Քանի որ ազատեցիր ինձ դառն աղքատությունից, դու ևս ազատվես պատուհասից։ Իսկ թագավորի տղան, որ մենակ էր մնացել, մի ողկույզ խաղող վերցրեց կողովից և կամեցավ ուտել։ Հանկարծ մի քանի հատիկ, պոկվելով ողկույզից, ընկան անկողնին։ Տղան սկսեց բարկությամբ դանակով հարվածել հատիկներին ու անկողնին։ Այդպիսով նա մահճի տակ թաքնված օձի գլուխը գամեց գետնին։ Իսկ երբ ցավից գալարվելով՝ օձը հանեց իր պոչը, տղան տեսավ նրան և ուշագնաց եղավ։

Ներս մտան ծառաները, տեսան, որ տղան մեռածի պես ընկած է հատակին՝ կողքին սատկած օձը։ Կարծեցին, թե օձը նրան սպանել է։ Երբ ջուր ցաներին տղայի երեսին, անմիջապես ուշքը տեղն եկավ, և նա ասաց.

– Մի՛ վախեցեք, ես սպանեցի օձին։

Թագավորն ուրախանալով` տարավ որդուն իր պալատը։ Շարունակելով լավություն անել աղքատներին, պատանին բարի համբավ ձեռք բերեց երկրում և հոր մահից հետո ժառանգեց թագն ու գահը։

ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ

Կար մի թագավոր, որ ժառանգ չուներ` ոչ աղջիկ, ոչ տղա։ Քրոջ որդի միայն ուներ և կամեցավ նրան թագաժառանգ կարգել, որովհետև շատ էր սիրում նրան։ Թագավորի քեռորդին խելացի էր ու խիստ բարեպաշտ։

Մի ազդեցիկ իշխան նախանձեց նրա փառքին ու ապագային։ Մտածեց չարախոսել նրան թագավորի առջև, որպեսզի ինքը դառնա ժառանգ։ Մի օր նա թագավորի քեռորդուն ասում է.

– Ո՛վ պատանի, բերանիցդ հոտ է գալիս ու դու չգիտես։ Եվ երբ նստում ես թագավորի մոտ, նա բարկանում է քեզ վրա։

– Ես այլևս չեմ նստի քեռուս՝ թագավորի մոտ, – ասում է նա, – իսկ եթե նստեմ, դեմքս կշրջեմ նրանից, որ հոտ չառնի։

Լսելով այդ, իշխանը գնում է թագավորի մոտ և չարախոսելով ասում.

– Քրոջդ որդին չարություն է տածում քո նկատմամբ և մտածում խլել քեզանից թագավորությունդ քո կենդանության օրոք։

– Ի՞նչ գիտես, – հարցնում է թագավորը։

– Երբ քեզ հետ է լինում, մոտ չի նստում, իսկ եթե նստում է, քո կողմը չի նայում, այլ շրջում է դեմքը քեզնից։

Եվ թագավորը ըստ սովորության քրոջ որդուն կանչեց մոտը, բայց նա չմոտեցավ։ Կրկին կանչեց թագավորը նրան և ստիպեց մոտ նստել, որպեսզի ստուգի իշխանի խոսքը: Եվ պատանին նստեց թագավորի մոտ, բայց դեմքը շրջեց նրանից։

Այն ժամանակ թագավորի կասկածը հաստատվեց, և որոշեց սպանել պատանուն, բայց ոչ բոլորի ներկայությամբ, այլ ծածուկ, որովհետև իր ազգականն էր։ Ձուլարանի վերակացուին ուղարկեց մի նամակ, որի մեջ գրել էր. «Առաջին մարդը, որ կգա քեզ մոտ, գցիր կրակի մեջ, որ այրվի։ Եվ եթե ասի, թե ինքը թագավորի քրոջ որդին է, կամ իշխանը, ուշադրություն չդարձնեք»։

Հաջորդ օրը վաղ առավոտյան թագավորն ուղարկեց իր քրոջ որդուն ձուլարան։ Եվ երբ գնում էր նա, լսեց եկեղեցու զանգերի ձայնը։ Որոշեց մտնել եկեղեցի, մտածելով, թե. «Աստված է թագավորների թագավորը։ Նախ աստծու հրամանը պետք է կատարել, և ապա թագավոր քեռու»։ Եվ նա մտավ եկեղեցի ու մի քանի ժամ մնաց ներսում։

Իսկ չարախոս իշխանը ձի հեծած շտապեց ձուլարան, մտածելով, որ եթե թագավորի քրոջ որդուն կրակի մեջ նետած չլինեն, ինքը նետել կտա։ Երբ տեղ հասավ, բռնեցին նրան և գցեցին կրակը և այրեցին։

Հետո ձուլարան հասավ պատանին։

– Գնա հայտնիր թագավորին, – ասաց վերակացուն, – որ հրամանն ի կատար է ածվել, ձեր թշնամուն այրել ենք:

ԱՆՀՆԱԶԱՆԴ ԵՎ ԻՆՔՆԱՀԱՎԱՆ ԾԱՌԱՆ

Մի տանուտեր ուներ հավատարիմ ու գործունյա ծառա, որին վստահել էր իր ամբողջ ունեցվածքը։ Մի օր երկուսի մեջ խոսք բացվեց Ադամի անհնազանդության, արգելված պտուղը ճաշակելու մասին։ Ծառան զայրացած Ադամի անկայուն մտքի վրա, ասում է տիրոջը.

– Աստծո մասին խոսք չունեմ ասելու, իսկ եթե դու սաստիկ հրաման տայիր ինձ, երբեք չէի խախտի։

Տերը լռեց։ Օրեր հետո, երբ ծառան անուշադիր էր և Ադամի մասին ասածները չէր հիշում, տերը նրան տվեց մի փոքրիկ սափոր, ծածկած, բայց չփակած, ասելով։

– Սա տալիս եմ քեզ պահելու, բայց եթե բանաս, քո ամբողջ վարձը, որ ինձ մոտ է, և իմ հոգատարությունը, հավիտյանս կկորցնես։

Ծառան գնաց սենյակ։ Երբ մենակ մնաց, ցանկացավ իմանալ, թե ինչ կա սափորում։ Շատ անգամ նայելով ու շրջելով ասում է իր մտքում. «Ի՞նչ կա, եթե բանամ. այստեղ մենակ եմ, ոչ ոք ինձ չի տեսնի։ Եթե մեկն ինձ հարցնի, կասեմ չգիտեմ, քանի որ վկա չկա, որ ինձ դատապարտի»։ Հետո բացեց սափորը, և թռչունը, որ այնտեղ էր, թռավ։ Այն ժամանակ տրտմեց, որ իմացավ գաղտնիքը։ Եվ երբ տերը նրան հարցրեց ամանի մասին, նրա ոտքերն ընկավ, ներողություն խնդրեց, բայց անօգուտ։ Տերը նրան ասում է.

– Ո՛վ չար ու ինքնահավան ծառա, դու մեր նախահորը դատապարտում էիր անհնազանդության համար, գովելով քո հաստատամտությունը՝ քեզ հանցանքի մեջ գցեցիր։ Դե հիմա հեռացիր ինձնից, որ այլևս երեսդ չտեսնեմ:

ՀՊԱՐՏ ԹԱԳԱՎՈՐԸ

Մի թագավոր գահին նստած, տեսավ որ ի՛նչ խոսք բերանից դուրս է գալիս, ծառաներն իսկույն կատարում են: Մտքում հպարտացավ. «Ես աստծո նման եմ, որ իմ բերանից ելած խոսքը կատարվում է»: Աստված չհանդուրժեց այդ հպարտությունը։ Երբ թագավորը պառկեց քնելու, աստված վրան կրակացավ ձգեց։ Թագավորը զարթնեց, մերկացավ և գետին թավալվելով ասաց.

– Այրվեցի, կործանվեցի, փրկեցե՛ք ինձ։

– Վե՛ր կաց, գնանք գետի մոտ, մտիր ջուրը, գուցե մի քիչ հովանաս, – խորհուրդ տվեցին ծառաները։

Եվ վերցրին զորքը, գնացին գետափ։ Թագավորը մերկացավ, մտավ շուրը։ Այնժամ մարդկանցից աննկատելի, աստծո հրամանով, երկնքից մի հրեշտակ իջավ, թագավորին ընկղմեց ջրի մեջ, իսկ ինքը թագավորի կերպարանքն առած` դուրս եկավ ջրից։ Զորականները հագցրին նրան շորերը, կարծելով թե իրենց թագավորն է, տարան բազմեցրին գահին։

Թագավորը մեկ ժամ մնաց ջրի մեջ, հետո դուրս ելավ, տեսավ՝ ոչ զորք կար, ոչ ծառա, ոչ շոր։ Իր կերպարանքը փոխվել էր այլ մարդու պատկերի, այնպես, որ իրեն չէին ճանաչի։

Նա գնաց մի իշխանի դուռը և ասաց դռնապաններին.

– Գնացեք իշխանին ասացեք՝ «Քո թագավորն եկել է դուռդ, քեզ է կանչում»։

Գնացին ասացին իշխանին.

– Մի մորից մերկ մարդ ասում է՝ «Իշխանին ասացեք դուրս գա»։

– Ներս բերեք, – ասում է իշխանը։

Գնացին ներս բերին, և իշխանն ասում է.

– Տկլոր, ի՞նչ մարդ ես։

Ասում է.

– Ես քո թագավորն եմ, դու իմ ծառան ես։

Այս ասելուն պես իշխանը բարկացավ և դուրս վտարել տվեց նրան։

– Գնա կորիր, խե՛նթ։

Հետո գնաց իր պալատի դուռը, դռնապաններին ասաց.

– Ինձ տարեք թագավորի մոտ։

Եվ նրանք տարան։

Թագավորն ասում է.

– Ի՞նչ մարդ ես, որ այդպես մերկ ու խայտառակ շրջում ես:

Ասում է.

– Ես այդ գահի տերն, հմ, սրանք, որ քեզ մոտ են, իմ որդիներն են։

Այն ժամանակ որդիները ծեծելով դուրս գցեցին նրան, և նա լալով գնաց վանք, եպիսկոպոսին ասաց.

– Ես քո թագավորն եմ, քեզ այդքան իշխանություն եմ տվել, իսկ դու ինձ չես օգնում։

Եպիսկոպոսն ասում է.

– Ո՛վ անիծված խայտառակ, գնա դուրս, կորիր, որ թագավորը չիմանա քեզ սպանի։

Եվ աբեղաները ծիծաղելով դուրս տարան նրան:

Այնժամ թագավորը հասկացավ, որ իր հպարտությունն իրեն այդպիսի չարիք բերեց, դարձավ ընկավ կաթողիկոսի ոտքերը և խոստովանեց, որ իր հպարտությունն էր պատճառը և խոնարհություն որդեգրեց։

Երբ կաթողիկոսը մեղքի թողության համար աղոթեց, թագավորը վերստին նախկին կերպարանքն առավ։ Եպիսկոպոսը ճանաչեց, նրա ոտքերն ընկավ, բերեց շորեր հագցրեց ու տարավ պալատ։ Տեսավ, որ ուրիշ թագավոր չկար գահին, զարմանալով փառք տվեց աստծուն։

Այս է հպարտության պատուհասը և խոնարհության փառքը։

ԹԱԳԱՎՈՐԻ ԶՐՊԱՐՏԻՉ ԴՍՏԵՐ ՀԱՄՐԱՆԱԼԸ

Անաստաս կայսեր դուստրը՝ Փարազնյան, Ամոն անունով մի պատանու գեղեցկությանը սիրահարված՝ ցանկանում էր իր իղձը կատարել, իսկ նա չէր համարձակվում կայսեր ահից: Զայրացած էր Փարազնյան նրա դեմ և մի օր, երբ Ամոնը նրա սենյակի դռնով էր անցնում, աղաղակեց, ասելով.

– Օգնեցե՛ք ինձ, Ամոնն ուզում է բռնանալ ինձ վրա։

Իսկույն պաշտոնյաները հասան, բռնեցին պատանուն ու տարան կայսեր մոտ։

Կայսրը նրան հարցրեց.

– Ճի՞շտ է, որ ասում են քո մասին։

– Ո՛չ, տեր իմ, – ասաց Ամոնը։

Այն ժամանակ կայսրը կանչել տվեց Փարազնյային և ասաց.

– Ինչպե՞ս եղավ դեպքը, պատմի՛ր ինձ։

Եվ նա չպատասխանեց։ Կայսրը կրկին ասաց.

– Քե՛զ, քեզ եմ ասում, ինչո՞ւ չես պատասխանում:

Ու նա դեռ լռում էր։

Եվ նախարարներից մեկը տեսնելով որ ոչինչ չի խոսում, մտածեց՝ գուցե լեզուն բռնվել է։ Նայեցին բերանը, իսկապես տեսան, որ նրա լեզուն չորացել է վրեժխնդրությունից ու զրպարտությունից։

Կայսրը, տեսնելով այդ՝ շատ զարմացավ և ազատեց Ամոնին։ Եվ իսկույն բացվեց դստեր լեզուն։ Նա խոստովանեց ճշմարտությունը և զղջալով մտավ կուսանոց և իր ամբողջ կյանքն անցկացրեց այնտեղ։

ՎԱՃԱՌԱԿԱՆԸ ԵՎ ԹԱՆԿԱԳԻՆ ԱԿԸ

Մի վաճառական ուներ մի փոքրիկ ակ, տարավ թե ծախի թագավորին։

Թագավորը տեսավ և հարցրեց գինը։

– Իմ ակի գինն այն է, – ասաց վաճառականը, – որ կշեռքի մի կողմը իմ ակը դնեն մյուսը ոսկի լցնեն, երբ հավասարվիր դու ակը վերցնես, ես՝ ոսկին:

Թագավորը բերեց ակը, դրեց կշեռքի մի նժարին և մյուսին ոսկին լցրեց՝ հիսունով ու հարյուրով, հազարով և հիսուն հազարով, հարյուր հազարով, և ակի թաթը տեղից չշարժվեց։ Թագավորը զարմացավ, չգիտեր՝ ինչ անել։

Այդ թագավորն ուներ երեք լումայափոխ, մեկը մարդու, մեկը ձիու, մեկը ակի։ Կանչել տվեց ակի լումայափոխին: Սա տեսնելռվ ակը, ասում է.

– Թագավոր, դրան ակն են ասում, ակն գրական լեզվով աչք է նշան ակում, ես դրա գինը գիտեմ։

Լումայափոխը ելավ գնաց դուրս, վերցնելով մի ափ հող, բերեց լցրեց ոսկու կողմը։ Այնժամ ակի նժարը բարձրացավ և հողը մնաց անշարժ։

Ճշմարիտ է առակս, աշխարհում ինչ ոսկի ու արծաթակ ու մարգարիտ կա, եթե ագահ մարդուն տան, ոչ կասի բավական է, ոչ էլ կկշտանա։ Ագահությունը աղի ջրի նման է. մարդ ինչքան իմի, կծարավի, իսկ երբ մեռնի, մի ափ հողով կլցվի աչքը:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
130 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772468038
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 4,9, 9 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 13 oylamaya göre
Metin
Ortalama puan 3,5, 8 oylamaya göre
Metin
Ortalama puan 4, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 4,1, 8 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 4,6, 16 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,4, 14 oylamaya göre