Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 16
ԺԴ
Միևնույն գիշերը, երբ Դավիթ բեկը Սաքուլի հետ առանձնացած էր իր ննջարանում, Բայինդուր իշխանը միայնակ նստած իր սենյակում, մեկին անհամբերությամբ սպասում էր: Ձիթային ճրագի աղոտ լույսը, որ ավելի ևս մռայլվել էր իշխանի անընդհատ ծխվող չիբուխի մուխով, հազիվ կարողանում էր լուսավորել սենյակի մեջ տիրող մթությունը: Պարսից թագավորի «բաթման ղլիճի» աղքատ բնակարանը իր կարգուսարքով բոլորովին համապատասխանում էր նրա սպարտական խստակեցությանը, որը նա ծայրահեղության էր հասցրել: Նա հոգով ճգնավոր էր, իսկ մարմնով զինվոր: Մերկ սենյակի մեջ դրած էր մի փոքրիկ թախտ, առանց սփռոցի, որի վրա պառկում էր նա: Տարվա բոլոր եղանակներում նրա անկողինը բաղկացած էր իր յափունջու: Սենյակի մեջ կրակ երբեք չէր վառվում. «Կրակը մարդու ներսիցը պիտի տաքացնե» – պատասխանում էր նա, երբ հարցնում էին, թե ինչո՞ւ չէ վառել տալիս սենյակը: Մի պատից քարշ էին ընկած իշխանի զենքերը. էլ ուրիշ ոչինչ չկար այնտեղ: Այդ տխուր, լույսից և օդից զրկված բնակարանին կից էր ախոռատունը: Այնտեղ կապված էր նրա մտերիմ ձին, այնտեղ բնակվում էր նրա նույնքան մտերիմ ծառան, որի հետ այն աստիճան ընտանեցած էր, որ շատ անգամ մոռանում էր, արդյոք նա՞ է տերը, թե՞ ինքը: Այդ էր նրա ընտանիքը, – ձին, ինքը և ծառան, – եթե ավելացնենք դրանց վրա նրա ահագին զայլանման շունը, ընդամենը չորս հոգի:
Իշխանը անհանգիստ էր. թախտի վրա պառկած, անդադար մի կողքից դեպի մյուսն էր շուռ գալիս: Նրա անհանգստությունը ուրախության անհանգստություն էր. դա նույնքան ծանր է, որքան տխրությունը: Լցված սիրտը կամենում էր թեթևացնել. իր ուրախությանը կամենում էր մի բարեկամի ևս մասնակից անել: Բայց «ո՞ւր մնաց նա, ի՞նչու ուշացավ»: Նա վեր կացավ, սկսեց անցուդարձ անել սենյակի մեջ. այդ ևս շուտով ձանձրացրեց նրան: Դուրս եկավ բակը: Գարնանային խաղաղ գիշերը բուրում էր զվարթացուցիչ անուշահոտությամբ: Ամենուրեք տիրում էր լռություն. ամբողջ Մցխեթը քնած էր: Նա սկսեց ման գալ բակում, որի տարածությունը շատ ընդարձակ չէր: Գրեթե հարյուր անգամ անցավ նա բակի մի ծայրից դեպի մյուսը, երբեմն կանգնելով, և ցանկապատից նայելով դեպի խավար փողոցը: «Ո՞ւր մնաց, ինչո՞ւ ուշացավ…» – անհամբերությամբ կրկնում էր նա: Եթե մեկը այն անագան գիշերային պահուն տեսնելու լիներ իշխանին այդ տենդային դրության մեջ, անպատճառ կմտածեր, թե նա սպասում է իր սիրուհուն, բայց նրան այժմ հազիվ թե կարող էր գրավել կնիկների ամենագեղեցիկն անգամ: Նա սպասում էր Մխիթար սպարապետին, որ ժամադիր էր եղած իր մոտ գալու մի քանի կարևոր հարցերի մասին խորհելու համար:
Վերջապես եկավ նա: Բակի ցանկապատից, որ այնքան բարձր չէր, տեսավ նա, որ մեկը փողոցով գալիս էր: Սպասավորը լուսավորում էր նրա ճանապարհը ձեռքի լապտերով: Իշխանը առանց իր ծառային զարթեցնելու, ինքը գնաց բակի դուռը բաց արեց:
– Լա՜վ հիվանդի խնձոր բերող կլինես, մինչև բերես, նա հոգին կտա, – ասաց իշխանը, բակի դուռը կրկին կողպելով;
– Ես գիտեի, որ այսպես պիտի ասես, – պատասխանեց սպարապետը, իսկ եթե գիտենաս իմ ուշանալու պատճառը, չես մեղադրի ինձ:
Երկուսն էլ մտան իշխանի սենյակը: Սպարապետի հետ եկող ծառան գնաց ախոռատունը սպասելու իր տիրոջը:
– Հիմա պատմիր, ի՞նչ շինեցիր, – հարցրեց սպարապետը, նստելով թախտի վրա:
– Գործը ինքն իրան շինվեցավ… և ես հավատացած էի, որ այսպես էլ կլիներ, – պատասխանեց իշխանը ուրախությամբ: – Մի քանի ժամ առաջ ինձ մոտ էին, բոլորն էլ երդվեցան, թե կգան մեզ մոտ:
– Բայց դու չպիտի հայտնեիր նրանց գործի բուն նպատակը:
– Բայինդուրը խելքը հացի ու պանրի հետ չի կերել. նա այդ սատանայությունները շատ լավ է իմանում: Նա գիտե, որ բահը չպիտի հասկանա, թե ինչ նպատակով մշակը նրանով փորում է հողը:
– Ուրեմն դու ի՞նչ կերպով բացատրեցիր նրանց:
– Շատ հասարակ կերպով. ես այսքանը միայն ասեցի, թե Բեկը մի սարսափելի տեղեկություն է ստացել. Հայաստանում կազմվել է մի մեծ դավադրություն. մահմեդականները պատրաստվել են հայերին կոտորելու և հայերը Բեկից օգնություն են խնդրում: Այդ հենց որ լսեցին, բոլորը կատաղեցան, բոլորը վառվեցան, և առանց իմ թելադրության, իրանք պատրաստակամություն հայտնեցին Հայաստան գնալու և իրանց հայրենակիցներին օգնելու: Այդ չափազանց ուրախացրեց ինձ. ես մինչև այսօր կարծում էի, թե Կախեթի գինին, վրացիներից ստացած անհոգությունը իսպառ փչացրել է դրանց, բայց այսօր համոզվեցա, որ հայի սրտում չէ հանգչում հայրենասիրության կայծը, նա հանգամանքներից փոքր-ինչ նսեմանում է միայն. բավական է փչել նրա վրա և ահա նա կբորբոքվի, կբոցավառվի…
Վերջին խոսքերը արտասանեց իշխանը խիստ զգալի ոգևորությամբ, երևում էր, միևնույն սուրբ հուրը բորբոքվում էր և նրա սրտում: Բայց սպարաետը բավական սառնությամբ հարցրեց.
– Ո՞վքեր են ցանկացողները:
– Այստեղ գտնվող բոլոր հայ վարատականները. լոռեցի Ավթանդիլ գնդապետը, մեծ Գիորգին, փոքր Գիորգին, երևանցի կաղ Օհանեսը, շուշեցի Զաքարիա իշխանը, նախիջևանցի պատանի Մոսին, չամախեցի Թադեոս բեկը, գանձակեցի Եղիազար աղան, վաղարշապատցի Հարություն տանուտերը, – բացի դրանցից կան ուրիշները, որոնց դու չես ճանաչում: Հաշվել եմ, մեր բոլորի թիվը քառասուն հոգի կլինի այստեղից դուրս գալու ժամանակ:
– Բայց դու վստահություն ունե՞ս այդ մարդկանց հավատարմության վրա, – հարցրեց սպարապետը ցած ձայնով:
– Բոլորին իմ հինգ մատի պես ճանաչում եմ. չափազանց ճարպիկ, հաջողակ, փորձված և վերջին աստիճանի անձնվեր մարդիկ են: Եթե ասելու լինես` կրակի մեջը մտիր, իսկույն կնետվեն: Եվ գլխավորն այն է, որ այդ մարդիկներից ամեն մեկն ունի իր պատմությունը, տոգորված է իր տոհմային ավանդություններով: Նրանցից չկա մեկը, որ իր սրտում չկրեր մի գաղտնի վերք, որ ստացել էր բռնության կոպիտ ձեռքից; Եվ հենց այդ տեսակ հալածված, տանջված և վշտացած մարդիկը մեզ պետք կգան:
– Ես էլ այսպես եմ կարծում, – ասաց սպարապետը և նրա մռայլված դեմքը, որ մինչ այժմ բավական տխուր էր երևում, սկսեց փոքր առ փոքր պայծառանալ:
Հաղորդելով սպարապետին իր տեղեկությունները, իշխանը հարցրեց.
– Հիմա դու պատմիր, ինչպե՞ս վերջացրեց Բեկը մեծ պարոնի հետ, ես այսօր ժամանակ չունեցա նրան տեսնելու:
– Ես տեսնվեցա, շատ լավ է վերջացրել, – պատասխանեց սպարապետը, – մի այնպիսի բան է հնարել, որ կարողացել է մեծ պարոնի հաճությունը ստանալ:
– Այսպիսի դեպքերում փոքր-ինչ խորամանկությունը, իմ կարծիքով, ներելի է, – ասաց իշխանը ծիծաղելով, – ես կարող եմ երևակայել, թե ի՜նչ բան հնարած կլինի:
– Նա հայտնել է մեծ պարոնին, թե դիտավորություն ունի Էջմիածին ուխտ գնալու, թե այնտեղ մեռոն պիտի եփվի, ցանկանում է ներկա գտնվել այդ հանդիսին: Եվ այս առիթով նպատակ ունի այցելել իր հայրենիքը, որից շատ տարիներ բաժանված է:
– Վատ չէ հնարել, – ասաց իշխանը` շարունակելով իր ծիծաղը, – ուխտագնացությունը սնահավատների վրա միշտ մեծ ազդեցություն է անում: Իսկ եթե Բեկը պարզ հայտնելու լիներ իր նպատակը, ի՞նչ ես կարծում, գուցե մեծ պարոնը իր կողմից կօգներ նրան:
– Նա վրացիների օգնության վրա վստհություն չունի: Եվ մեծ պարոնը կախված լինելով պարսիկներից, գուցե ինքը առաջինը կլիներ, որ կմատներ նրան, պարսիկներին մի ծառայություն անելու համար:
– Շատ հավանական է, – ասաց իշխանը, – դրանցից ամեն բան կարելի է սպասել: Իսկ այդ ուխտագնացության պատրվակը կասկածի մեջ չի՞ ձգի մեծ պարոնին:
– Չկարծեմ, որովհետև Բեկը վաղուց խոսում էր ուխտագնացության մասին, իսկ մեծ պարոնը միշտ հետ էր գցում: Առաջ նա սուրբ տեղերի անունով դիտավորություն ուներ ճանապարհորդել Հայաստան, նրա դրությունը անձամբ հետազոտել և հետո սկսել գործը, իսկ այժմ հանգամանքները շտապեցրին նրան:
– Այդ ե՞րբ:
– Դեռ մի տարի առաջ, երբ տակավին Սյունյաց աշխարհից այդ նամակները չէին ստացված:
– Զարմանալի ծածկամիտ մարդ է եղել այդ Բեկը. – ասաց իշխանը գլուխը շարժելով. – ես մինչև այսօր հավատացած էի, որ նա ինձանից ոչինչ գաղտնիք չունի, բայց հիմա ուրիշ կեպով է դուրս գալիս: Մի տարի առաջ նա մտածում էր մի խաբուսիկ ուխտագնացության վրա, իսկ այդ մասին դեռ ոչինչ չգիտեմ:
– Գուցե այժմս էլ ես և դու շատ բաներ չգիտենք, ինչ բաների մասին որ մտածում է նա, – պատասխանեց սպարապետը ժպտելով, – բայց պետք է հավատանք, որ նրա վարմունքները, ինչ տեսակ և լինեին նրանք, անկեղծ են և գործի օգտին են ծառայում: Այս պատճառով, մենք նրանից խիստ պահանջող չպիտի լինենք, և պիտի բավականանանք այնքանով միայն, որքան որ նա հարկավոր է համարում մեզ հաղորդել: Նրա ազնվությունը մեծ երաշխավորություն է, որ նա չի խաբի մեզ: – Կարծեմ դու ինձ հետ կհամաձայնվես, որ նա չափազանց ազնիվ մարդ է:
– Բոլորովին համաձայն եմ, – պատասխանեց իշխանը, – նա ավելի ազնիվ է, որքան հարկավոր է, որ մարդս լինի ազնիվ:
Րոպեական մտածությունից հետո հարցրեց նա. – իսկ այդ պարոնները ի՞նչ անունով պիտի գան մեզ մոտ:
– Դարձյալ ուխտագնացության անունով, – պատասխանեց սպարապետը: – Իբրև հայ, Էջմիածին գնալու համար, ոչ ոք նրանց մասին կասկած չի տանի: Բացի դրանից, մի ուրիշ բանկ կա. այդ պարոնները թեև այստեղ զանազան պաշտոններ ունեն, բայց բոլորն էլ գտնվում են Բեկի հովանավորության ներքո և կազմում են նրա թիկնապահների խումբը: Այս մտքով Բեկը շատ պատճառներ ունի նրանց իր հետ տանելու: Իհարկե, նա իր պատվի ու աստիճանի համեմատ պիտի ունենա իր թիկնապահները, իր սվիտան, և քառասուն մարդը շատ չէ նրա համար:
– Իհարկե շատ չէ և ցանկացողները քառասուն մարդից ավել չեն լինի, – ասաց իշխանը: – Բայց դու գիտե՞ս, թե ումը հանձվեցավ Բեկի պաշտոնը:
– Արչիլին, միայն առժամանակյա կառավարության համար, – պատասխանեց սպարապետը: – Բայց պետք է խոստովանած, որ Բեկը այդ մի քանի տարվա ընթացքում այնքան բարեկարգեց Վրաստանը, այնքան լավ կարգի գցեց նրա խանգարված գործերը, որ այսուհետև շատ հեշտ է կառավարել նրան, միայն թե կառավարիչները աշխատեին պահպանել այն, ինչ որ նա հիմնեց: Բայց ես հավատացած եմ, որ նրա բացակայության ժամանակ կրկին ամեն ինչ տակնուվրա կլինի:
– Իսկ ի՞նչ կարգադրություններ արեց Բեկը իր կալվածների և գյուղերի վերաբերությամբ, – հարցրեց իշխանը:
– Ոչինչ, նա իր կալվածների մասին ամենևին չի էլ մտածում, բոլորը թողնում է:
– Վատ չէր լինի, եթե ծախեր, գուցե փողերը մեզ պետք կգային:
– Միևնույնը ես առաջարկեցի նրան, – ասաց սպարապետը, – բայց նա ինձ պատասխանեց, թե «պատերազմի գործը պետք է պատերազմով սնանվի»:
– Այսուամենայնիվ, սկզբում միջոցներ հարկավոր են:
– «Ինձ խիստ փոքր միջոցներ հարկավոր են գործը սկսելու համար, իսկ այդ միջոցներն ունեմ ես», – ասում է Բեկը: – Եվ իմ կարծիքով, նրա անձնավստահությունը շատ ուղիղ է: Կալվածների վաճառելը կարող էր միայն կասկած հարուցանել և փչացնել այն ծրագիրը, որ կազմել է նա: Իսկ գործի սկսելու համար ես էլ համաձայն եմ նրա հետ, որ մեծ միջոցներ պետք չեն: Աղեքսանդր Մակեդոնացիները, Լենկ-Թեմուրները, Չինգիս-խանները իրանց հետ գանձ չէին ման ածում, այլ կերակրվում էին իրանց սրով:
– Բայց եթե մենք չգտնենք Հայաստանում այն նախապատրաստությունները, որ խոստանում են մեզ Սյունյաց աշխարհից ստացված նամակներով, – այն ժամանակ, կարծեմ, բանը կդժվարանա և փոքր միջոցներով մի նշանավոր գործ կատարել անհնարին կլինի, – ասաց իշխանը:
– Ես ավելի, քան թե դու, սիրելի Բայինդուր, սովորած եմ թերահավատությամբ վերաբերվել դեպի անակնկալ բախտի հաջողությունը, – պատասխանեց սպարապետը, – իսկ այդ գործում համոզված եմ, եթե Սյունյաց աշխարհում ոչինչ նախապատրաստություններ ևս չլինեն, մեզ դարձյալ կհաջողվի: Դու քանի րոպե առաջ ինքդ ասեցիր, թե հայերի սրտում բոլորովին չէ հանգած հայրենասիրության կայծը, այլ հանգամանքներից փոքր-ինչ նսեմացած է միայն. բավական է փչել նրա վրա և իսկույն կբորբոքվի, կբոցավառվի… Դրանք քո խոսքերն են: Իսկ բոցավառվել, բորբոքել հայրենասիրության սրբազան հուրը` մենք կարող ենք: Եվ այդ կլինի գործի հաջողակ սկիզբը. իսկ վաճխանը աստուծո ձեռքումն է: Ես այնքան հավատում եմ Հայաստանի աստղին, որքան հավատում եմ, թե կա երկնքում մի արդար դատավոր, որը վերջապես կլսե թշվառի ձայնը և նրան ուժ ու զորություն կտա փշրելու ամբարտավան բռնակալի եղջյուրները:
Նրանք դեռ երկար խոսում էին և խորհում էին միմյանց հետ, մինչև զարմացած նկատեցին սենյակի նեղ լուսամուտներից վաղորդյան արեգակի ճառագայթները: Այժմ միայն հասկացան, որ ողջ գիշերը լուսացրել են:
ԺԵ
Վերջին օրերում Դավիթ բեկը սաստիկ զբաղված լինելով իր հայրենիքը գնալու պատրաստություններով, համարյա մոռացել էր այն, ինչ որ նրա սրտին ավելի մոտ էր, ինչ որ նրա համար ավելի թանկագին էր: Նա մոռացել էր գեղեցիկ Թամարին: Հայրենիքի ազատության բաղձանքը այն աստիճան տիրել էր նրա սրտին, այն աստիճան լարել էր նրա ամբողջ մտավոր զորությունը, որ նա գտնվում էր մի տեսակ հոգեկան հափշտակության մեջ, որ հասցնում էր ինքնամոռացության, և ամեն առարկա, ամեն մտածություն, որ չէր նպաստում այդ գաղափարին, նրա համար ոչ միայն նշանակություն չուներ, այլ նրա վրա ուշադրություն անգամ դարձնել ավելորդ էր համարում:
Բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները կարգի դնելուց հետո, մի գիշեր, առանձնացած իր ննջարանում, գրում էր նա իր բարեկամ Ստեփաննոսից ստացած նամակի պատասխանը: Նամակաբեր Աղասին, ճանապարհի հագուստով, Բեկի ընդունարանում սպասում էր, որ նամակը վերջացնե, իրան տա և ինքը իսկույն ճանապարհ ընկնի: Նրա թամքած ձին բակում պատրաստ կանգնած էր:
Իր նամակի մեջ Բեկը հայտնում էր օրը, ժամը, երբ կթողնե Վրաստանը և կուղևորվի դեպի հայրենիքը: Հայտնում էր անունները այն քաջերի, որոնք իր հետ պիտի լինեն: Մանրամասնաբար պատվերներ էր տալիս այն զգուշությունների մասին, որ պետք էր գործ դնել իրան ընդունելու ժամանակ, որպեսզի իր ներկայությունը Սյունյաց աշխարհում սկզբում բոլորովին գաղտնի պահվեր: Նշանակում էր տեղը, ուր առաջ պիտի տեսնվեր «միմիայն» Ստեփաննոսի հետ, ապստամբության սկզբնական գործողությունների մասին խորհելու համար: Որոշում էր օրը, որ նա պիտի սպասե իրան նշանակյալ տեղում: Վերջացնում էր նամակը, հայտնելով, թե Սյունյաց աշխարհից ստացած եպիսկոպոսների, հոգևոր առաջնորդների, մելիքների և տանուտերների հանրագրի պատասխանը չգրեց, գլխավորապես այն պատճառով, որ այսքան անձինքների մեջ որևիցե խորհուրդ իբրև գաղտնիք պահպանել անհնարին էր:
Երբ կնքում էր նամակը, հանկարծ նրա ձեռքերը դողացին, և դեմքը սպիտակ կտավի նման գունաթափվեցավ: Այս ժամանակ միայն նա մտաբերեց գեղեցիկ Թամարին: Այդ նամակը վճռում էր նրանց միմյանցից անջատումը և գուցե հավիտյան անջատումը… Հանկարծակի հարվածք ստացած մարդու նման սարսափելի խռովության մեջ ընկավ: Նա, կարծես, տեսնում էր սիրած աղջկա արտասվալից աչքերը և լսում էր նրա աղաչավոր ձայնը. «Ո՞ւր ես գնում… ինձ ինչո՞ւ ես թողնում… մի՞թե այդ էր մեր ուխտը… մեր պայմանը…»:
Նամակը մի կողմ դնելով, նա ձեռքը տարավ դեպի ճակատը, աչքերը ծածկեց իր մտածությունները ավելի ամփոփելու համար: Ամբողջ տարիների ընթացքում պատահած անցքերի մի երկար շարք, իրանց տխուր և ուրախ գույներով, նկարվեցան նրա աչքի առջև: Նա հիշեց այն թանկագին ժամերը, որ անցուցել էր Թամարի հետ, հիշեց այն անսահման սերը, այն քնքուշ, հրեշտակային մխիթարությունը, որով նա քաղցրացնում էր իր կյանքի դառնությունը օտար աշխարհի պանդխտության մեջ: Եվ այդ սերը ավելի մեծ արժեք ուներ նրա համար գլխավորապես այն պատճառով, որ նազելի, իշխանական օրիորդը սիրեց նրան իր վիճակի ամենաթշվառ ժամանակում, երբ ինքը մի աննշան հովիվ էր, երբ նրա սպասավորը լինելու արժանավորություն չուներ: Իսկ այժմ իր փառքի ամենաբարձր աստիճանին հասած, երբ կարող էր բախտավորեցնել Թամարին, թողնել նրան, գնալ, և գուցե հավիտյան բաժանվել նրանից, – այդ ծանր էր, սաստիկ ծանր մի զգայուն սրտի համար, որպիսին էր Բեկի սիրտը: Ի՞նչ ասել, ինչպե՞ս բացատրել Թամարին իր գնալու նպատակը, ի՞նչ խոսքերով հանգստացնել նրան: Նրան խո չէ՞ր կարելի խաբել, թե ուխտ եմ գնում և շուտով կվերադառնամ: Նրան պետք էր պարզ ասել, թե գնում եմ կրակի և արյան մեջ, – գնում եմ սարսափելի վտանգների և փորձանքների հետ պատերազմելու: Արդյոք կդիմանա՞ր սիրող օրիորդի քնքուշ սիրտը այդ սոսկալի խոսքերին: Արդյոք ինքն այնքան ուժ և կամքի հաստատություն կունենա՞ր, որ հաղթեր իր զգացմունքներին, որ չըկնճվեր նրա արտասուքի առջև, երբ լսելու լիներ այդ խոսքերը. «Ա՜խ, մի՜ գնա… եթե քեզ մի օր չտեսնեմ, ես կմեռնեմ…»:
Հարյուրավոր այս տեսակ հարցեր ծագեցան նրա մտքում, խռովում էին, տակնուվրա էին անում նրա սիրտը, և այն մարդը, որ մինչև այսօր ոչ մի դժվարության առջև խոնարհված չէր, այժմ գտնվում էր շվարած, շփոթված և բոլորովին անել դրության մեջ:
– Ո՜չ, – ասաց ինքնիրան երկար մտատանջությունից հետո, – Թամարը բարձր է բոլոր կանացի թուլություններից, ես այդ մտածություններով ստորացնում եմ նրա արժանապատվությունը: Նա ինքը կներշնչե իմ մեջ իր հոգին. նա ինձ ուժ և զորություն կտա հաջողությամբ կատարելու այն մեծ գործը, որի համար հայրենիքը կոչում է ինձ:
Այդ խոսքերից հետո նա վեր առեց նամակը և կնքեց: Հետո ներս կանչեց Աղասուն, որ ընդունարանում սպասում էր:
– Դու բոլորովին պատրա՞ստ ես, – հարցրեց նրանից:
– Պատրաստ եմ, ձին բակումը սպասում է, այս րոպեիս կարող եմ ճանապարհ ընկնել, – պատասխանեց սուրհանդակը, ընդունելով նամակը և դնելով իր կաշյա թղթապահի մեջ:
– Գիտե՞ս, Աղասի, – ասաց նրան Բեկը, – եթե դու այդ նամակը կորցնելու լինես, եթե դա մեր թշնամիների ձեռքը անցնելու լինի, այն ժամանակ շատ բան կկորցնենք:
– Այդ մասին անհոգ կացեք, տեր իմ, Աղասին երեխա չէ: Տեսնո՞ւմ եք այս հագուստը, որի մեջ մտել եմ, այս հագուստով ես անհուն գազանների բանակի միջով կարող եմ անցնել և հասնել մինչև մեր երկիրը:
Նա ոտքից ցգլուխ հագնված էր լեզգու ձևով:
– Ուրեմն մի ուշացիր, բարի ճանապարհ եմ ցանկանում քեզ, – ասաց Բեկը, տալով նրան մի քանի ոսկիներ` ճանապարհին ծախսելու համար:
– Պետք չէ, – պատասխանեց Աղասին հրաժարվելով, – եթե – ճանապարհին փող հարկավոր լինի, ես կարող եմ ճարել:
– Ի՞նչ կերպով:
– Մեկի վզակոթին կտամ ու ձեռքից կառնեմ:
– Այդ լավ չէ, Աղասի, – ասաց Բեկը ծիծաղելով:
– Ո՞վ է ասում, որ լավ է, բայց ի՞նչ պետք է արած, այդ իմ սովորությունն է… – պատասխանեց քաջասիրտ ավազակը, և խոնարհվելով գրկեց Բեկի ոտները:
– Մի՜ ուշացեք, տեր իմ, շուտ եկեք, ամեն մի կորցրած րոպեն թանկ է մեզ համար, – ասում էր նա աղերսելով, – հայոց խեղճ ժողովուրդը սպասում է ձեզ…
Բեկի սաստիկ շարժված այդ խոսքերից, ձեռքը տարավ, վեր բարձրացրեց նրան: Նրա զարմանքը մեծ եղավ, երբ նկատեց երիտասարդի աչքերում արտասուք: Նրա ձեռքը բռնելով, ասաց նրան.
– Եթե հայոց բոլոր գյուղացիները քո սիրտն ու քաջությունը կունենային, այն ժամանակ մեր աշխարհը կորած չէր լինի: Գնա՜, դարձյալ բարի ճանապարհ եմ ցանկանում քեզ: Իսկ ես մի շաբաթից հետո իմ հայրենիքում կլինեմ:
Երիտասարդը, կրկին և կրկին գլուխ տալով, հեռացավ: Դրսում մթին գիշեր էր: Բեկի ծառաները, սպասավորները, աղախինները հավաքված բակում, սպասում էին նրան: Մի քանի օրվա մեջ Աղասին այն աստիճան ընտելացավ նրանց հետ, որ ամենքը խիստ ցավելով բաժանվեցան նրանից: Նա բոլորին մնաք բարով ասելով, խաչակնքեց երեսը, նստեց ձիու վրա և անհետացավ գիշերային խավարի մեջ:
ԺԶ
Մեծ պարոնի տան մեջ արդեն բոլորը խոսում էին Բեկի ուխտագնացության մասին և ոմանք պատմում էին, թե որպիսի ծանրագին ընծաներ է տանում նա հայոց վանքերի ու եկեղեցիների համար: Միայն Թամարը դեռ ոչինչ չէր լսել. բայց նրան սաստիկ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ մի քանի օր շարունակ չէր տեսել իր սիրելիին:
Գիշերից բավական անցել էր. աքաղաղները սկսել էին խոսել: Մեծ պարոնի տան մեջ բոլորը քնած էին, բացի Թամարից: Նա առանց հանվելու պառկել էր իր անկողնի վրա և տխուր մտահոգության մեջ նայում էր ճրագի ճաճանչներին, թե որպես նրանք, իր աչքերը ամեն մի բացուխուփ անելու ժամանակ, զանազան ձևեր էին ստանում: Նրա անկողնի մոտ լուռ կանգնած էր իր մտերիմ աղախինը` Կատոն, և անհամբերությամբ սպասում էր, մինչև օրիորդը քնե, որ ինքն էլ գնա հանգստանա:
– Կատո, – դարձավ նա դեպի աղախինը, – այդ ի՞նչ է պատահել, քանի օր է Բեկը չէ երևում:
Կատոն, որի միջնորդությամբ կատարվում էին երկու սիրահարների գաղտնի տեսությունները, ոչինչ գտավ պատասխանելու: Օրիորդի հարցումը բավական անակնկալ եղավ, և աղախինը ամենևին նախապատրաստված չէր մի հարմար պատասխան հորինելու, որպեսզի իր տիրուհուն իսպառ չվհատեցնե:
– Ինչո՞ւ չես խոսում, Կատո, քեզանից բան եմ հարցնում, – կրկնեց օրիորդը:
Աղախինը կմկմաց և դարձյալ ոչինչ չկարողացավ խոսել: Այդ ավելի շարժեց օրիորդի կասկածը, և նա գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից, նստեց անկողնի վրա: Ճրագի լույսը այժմ ուղիղ ընկավ նրա գունաթափ երեսի վրա, որ մասամբ սքողված էր գլխի սև մազերով, որոնք խիստ հույսերով թափվել էին նրա կիսաբաց կուրծքի և թիկունքի վրա:
– Կատո, ինչո՞ւ չես խոսում, ուղիղն ասա՜, ի՞նչ է պատահել. – դարձյալ հարցրեց օրիորդը այնպիսի մի ձայնով, կարծես, ինքը ավելի վախենում էր այն պատասխանից, որ պիտի տար աղախինը:
– Չե՞ք լսել, նա գնում է… – պատասխանեց Կատոն, մտածելով, որ իր աղջիկ պարոնին երկար անգիտակցության մեջ պահելը ավելորդ էր այնուհետև:
– Գնո՞ւմ է… – գոչեց օրիորդը սարսափելով. – գնո՞ւմ է առանց ինձ տեսնելու, առանց ինձ մի խոսք ասելո՞ւ… ո՞ւր է գնում… ե՞րբ է գնում…
Խեղճ աղջկա աչքերը լցվեցան արտասուքով: Նա երեսը ծածկեց բարձի վրա, սկսեց դառն կերպով հեկեկալ: Շվարած Կատոն չգիտեր ինչ անել, ինչով մխիթարել նրան: Նա մոտեցավ, աշխատում էր հանգստացնել նրան այս խոսքերով:
– Մի՜ լաց լինիք, ցավդ առնեմ, Թամար, նա իր երկիրը ուխտ է գնում, շուտով կվերադառնա: Նա առանց ձեզ տեսնելու, առանց ձեզ հետ խոսելու չի գնա: Հենց այսօր, ճաշին, մեծ պարոնի սենյակից դուրս գալու ժամանակ ինձ ասաց. «Կատո, Թամարին իմացում տուր, որ գիշերը պիտի գամ մնաք բարով ասելու: Բայց ես` հիմարս մոռացա, չհայտնեցի ձեզ:
Կատոն իրանից հնարեց վերջին խոսքերը: Բեկը նրան ամենևին այդպիսի բան ասած չէր: Նա մտածեց օրիորդին առժամանակ միայն հանգստացնել, մինչև կամ ինքը կգնա Բեկին կկանչե, կամ տեսությունը կհետաձգե հետևյալ օրը: Բայց փոխանակ հանգստացնելու, ավելի վրդովեց նրան:
– Ո՞ւր է, ապա ինչո՞ւ չեկավ, շուտով կես-գիշեր կլինի, – ասաց նա` գլուխը վեր բարձրացնելով բարձի վրայից և վայրենի հայացքով նայելով իր շուրջը: – Չէ՜, չէ՜, նա չի գա. ես ինքս կգնամ նրա մոտ…
Այս խոսքերը ասելով, կատաղածի պես գլուխը բաց, արձակ մազերով նա դուրս պրծավ սենյակից և անհայտացավ գիշերային խավարի մեջ: Աղախինը վազեց նրա ետևից և հազիվ կարողացավ բռնել, երբ տակավին չէր դուրս եկել տան բակից: – Թամար, ցավդ առնեմ, – աղաչում էր նա իր գրկի մեջ պահած ունենալով ցնորածի պես խելքն ու միտքը կորցրած օրիորդին: – Թամար, այդպես չէ կարելի, ի՞նչ կասեն, եթե փողոցում քեզ կտեսնեն: Այդպես չէ կարելի, Թամար: Բեկը ինքը կգա, անպատճառ կգա:
Աղախինի խոսքերը ամենևին չլսեց օրիորդը. նա այն աստիճան սարսափելի հոգեկան վրդովմունքի մեջ էր գտնվում, գուցե լսեց բոլորը, բայց չհասկացավ: Բորբոքված զգացմունքների կատաղությունը նրան ըմբիշի ուժ և զորություն էր տվել: Կատոն իր զորեղ ձեռքերով չկարողացավ պահել նրան իր գրկի մեջ: Նա դուրս պրծավ և վազեց դեպի բակի դուռը: Բարեբախտաբար դռները բաց էին, եթե ոչ ամբողջ տունը կզարթեցներ նա: (Մեծ պարոնի դռները սովորաբար գիշեր և ցերեկ բաց էին թողնում): Նա անցավ առանց նկատվելու: Պահապանները, կծկված իրանց յափունջիների մեջ, նիրհում էին:
Այդ միջոցին Կատոն շտապով մտավ օրիորդի սենյակը, խլեց այնտեղից մի շալ և վազեց նրա ետևից: Նա գտավ օրիորդին փողոցում, գլուխը բաց, հերարձակ աճապարում էր դեպի Բեկի տունը:
– Ծածկվեցեք այդ շալով, ես կտանեմ ձեզ, – կանգնեցրեց օրիորդին և սկսեց փաթաթել նրա գլուխը և ուսերը ընդարձակ շալով:
Փողոցները բոլորովին դատարկ էին և այնքան մութ, որ մի քայլ այն կողմը ոչ ոքին չէր կարելի տեսնել: Նրանք դուրս եկան բնակություններից և անցան դեպի ամայի դաշտը: Այս կողմից ավելի հարմար էր մոտենալ Բեկի տանը, թեև ճանապարհը բավական հեռու էր: Բայց ահագին տարածությունը անցան նրանք մի քանի րոպեի մեջ և շուտով հասան Բեկի տան պարտեզի ցանկապատին, որ հյուսված էր փշոտ մացառներից: Օրիորդը մոտեցավ ցանկապատին, կամենում էր վեր բարձրանալ նրա վրա և իջնել պարտեզի մեջ: Պարտեզի կողմից մուտքը դեպի Բեկի սենյակը ավելի ապահով էր. տանեցիներից ոչ ոք չէր տեսնի նրանց:
– Այդ ի՞նչ եք անում, դուք բոլորովին կծակոտեք ձեր մարմինը, – ասաց աղախինը` բռնելով օրիորդի փեշից, որ արդեն կատվի նման ճանկռտում էր փշոտ ցանկապատը:
Բայց օրիորդի խռովությունը թույլ չտվեց լսել աղախնի զգուշացնող ձայնը. նա արագությամբ ցանկապատից ցատկեց մյուս կողմը, իջավ պարտեզի մեջ: Աղախինը նույնպես հետևեց նրա օրինակին, սաստիկ ծակոտելով իր ձեռքերը:
Պարտեզի ամեն մի ճեմելիքները, ամենափոքրիկ շավիղներն անգամ ծանոթ էին Թամարին: Նա դիմեց ուղիղ դեպի այն կողմը, որտեղ բացվում էին Բեկի ննջարանի լուսամուտները: Նա ուրախացավ և ավելի փութացրեց իր քայլերը: Լուսամուտներից ճրագ էր երևում: Ուրեմն նա տանն էր, և եթե տանն էր, դեռ քնած չէր: Օրիորդի սիրտը սկսեց սաստիկ բաբախել, փոքր էր մնում, որ շնչասպառ լինի: Բայց դարձյալ նա շարունակեց իր շտապ քայլերը և մոտեցավ լուսամուտներին, որոնք բավական բարձր էին:
– Կատո, – ասաց աղախինը, – կարո՞ղ ես ինձ փոքր-ինչ բարձրացնել, որ գլուխս հասնի լուսամուտին:
– Կարող եմ, դուք միայն ձեր ոտները դրեցեք ափերիս մեջ և բարձրացեք ուսերիս վրա. ես կկանգնեմ պատի մոտ, ուղիղ լուսամուտի ներքևը:
Կատոն երկու ձեռքերի մատները միմյանց հետ հյուսելով, կազմեց շարժական սանդուղքի առաջին աստիճանը: Օրիորդը մի ոտքը նրա վրա դնելով, մյուսը դրեց նրա ուսի վրա, և իր ձեռքերով պատը բռնելով, բարձրացավ մինչև լուսամուտը: Սկսեց այնտեղից նայել: Ոչինչ չէր երևում, որովհետև լուսամուտի փեղկերը ապակու փոխարեն պատած էին թղթով: Նա իր մատով զգուշությամբ մի փոքրիկ ծակ բաց արեց թղթապատի մեջ: Այդ գործողությունը կատարվեցավ միևնույն րոպեում, երբ Բեկը իր երկար տենդային մտատանջությունից հետո, վերջապես վճռեց կնքել նամակը և հանձնել Աղասուն:
Օրիորդը դեռ նայում էր իր դիտարանից: Նա տեսնում էր, թե ո՜պես Բեկը սուրհանդակի գնալուց հետո սաստիկ հուզված էր, ո՜րքան օտարոտի կերպով վառվում էին նրա վրդովմունքով լի աչքերը, ո՜րքան անհանգիստ կերպով նայում էր նա թղթերի մի կապոցի վրա, որ դրած էին նրա մոտ: Հետո տեսավ, թե ինչպես նա մոտեցավ ճրագին և սկսեց գրել: Որքա՛ն գունաթափ, որքա՛ն սոսկալի էր նրա դեմքը ճրագի լույսի առջև:
Օրիորդը երկար նայել չկարողացավ: Նրա ոտները դողդողացին, փոքր էր մնում, որ պիտի ցած գլորվեր: Նա լարեց իր վերջին ուժերը, մի ձեռքով պատը բռնելով, մյուս ձեռքով սկսեց բախել լուսամուտը: Բեկը ոչինչ չլսեց: Նա սաստկացրեց զարկը: Բեկը այժմ լսեց, բայց կարծելով, թե քամին է, դարձյալ շարունակեց իր գրելը: Քանի րոպեից հետո նա լսեց իր անունը. – «Դավի՛թ»… Ծանոթ ձայնի մեղմ հնչյունները, կարծես, հասան մինչև նրա սրտի խորքը: Նա մի կողմ ձգեց գրիչը և շտապով վազեց դուռը բաց անելու: