Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 17
ԺԷ
Բեկը ամենը հասկացավ: Թամարի խառնված գիսակները, ծվատված, արյունոտ ձեռքերը, ցեխոտված, փոշոտված հագուստը, գունաթափ դեմքը, բոցավառ աչքերը ավելի պարզ խոսում էին այն սաստիկ հոգեկան վրդովմունքի մասին, որ նրան այն ահագին գիշերային պահուն բերել էր իր բնակարանը: Նա խելագարի նման կախվեցավ Բեկի պարանոցից և երկար բաց չէր թողնում իր գրկից: Սրտի սաստիկ հուզմունքը խլել էր նրանից լեզվի ընդունակությունը. նա մի բառ անգամ չկարողացավ արտասանել. միայն ալեկոծված կուրծքից երբեմն դուրս էին թռչում խուլ հառաչանքներ և լսելի էին լինում մթին, անորոշ բացագանչություններ: Աչքերում արտասուք չկար:
– Եթե կարողանայի լաց լինել, ես կհանգստանայի, – ասաց նա, թաքցնելով իր երեսը Բեկի կուրծքի վրա:
Երիտասարդը նույնչափ խռովության մեջ լինելով, ոչինչ չպատասխանեց, միայն նստեցրեց նրան թախտի վրա, ինքն էլ տեղավորվեցավ նրա մոտ, օրիորդի դողդոջուն ձեռքերը բաց չթողնելով իր ձեռքերի միջից:
– Դու ամեն բան լսել ես, Թամար, բոլորը գիտես, – վերջապես խոսեց նա բավական հանգիստ ձայնով: – Դու ուրիշներից լսեցիր այն, ինչ որ ես ուղղակի պիտի ասեի քեզ: Այդ մի կողմից լավ է, որ դու արդեն նախապատրաստված ես, որ դու արդեն փորձել ես դառն տանջանքի ամենածանր մասը: Բայց ես ավելին պիտի ասեմ քեզ, և հավատացա եմ, որ դու այնքան սրտի ամրություն ունես, որ սառնությամբ կլսես ինձ: Մի կողմ դնենք մեր զգացմունքների թուլությունները, որ կարողանանք հասկանալ միմյանց:
Օրիորդը գլուխը քարշ գցած լսում էր: Բեկը շարունակեց:
– Դու դեռ բոլորը չգիտես, Թամար, դու լսել ես միայն, որ ես գնում եմ, բայց ո՞ւր եմ գնում, ինչի՞ համար, – այդ չգիտես դու: Ես բոլորը կասեմ քեզ, հավատացած լինելով, որ քեզ հայտնած ամեն գաղտնիք, դարձյալ իմ սրտումը կմնա: – Ես գնում եմ իմ հայրենիքը, Թամար, և գուցե հավիտյան բաժանվում եմ քեզանից, գուցե այլևս չպիտի տեսնենք միմյանց: Ես զգում եմ, թե այդ խոսքերը որքան ծանր են քո սրտին, զգում եմ, թե որքան դառն պիտի լինի քեզ համար ինձանից բաժանվելը: Բայց ես հենց քեզ դատավոր պիտի ընտրեմ, և գիտեմ, որ արդար դատավոր կլինես: Եթե դու ասելու լինես` «մի’ գնա», – ես չեմ շարժվի իմ տեղից: Կամենո՞ւմ ես դատավոր լինել:
– Խոսիր, – ասաց օրիորդը գլուխը վեր բարձրացնելով:
– Մենք սիրում ենք միմյանց, Թամար: Ես այդ «սիրում ենքը» այդպես եմ հասկանում, թե մեր երկուսիս մեջ կա մի սիրտ, կա մի հոգի – այն, ինչ որ կրոնավորը այր և կնոջ մասին ասում է` երկու անձինք մի մարմնի մեջ միացած: Եթե այդպես է, եթե մենք երկուսս միևնույն հոգին, միևնույն սիրտն ենք կրում, ուրեմն, ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում, իսկ դու պիտի սիրես այն, ինչ որ ես եմ սիրում: Ուրիշ կերպ ներդաշնակություն կայանալ չէ կարող: – Այդպե՞ս է:
– Այդպես է, – պատասխանեց օրիորդը: – Հիմա այն ասա՜, թե ի՞նչ ես սիրում դու, որ ես էլ նույնը սիրեի:
– Ես սիրում եմ իմ հայրենիքը և իմ ազգը: Ես իմ անձի մասին շատ բան պատմել եմ քեզ, Թամար, դու գիտես իմ կյանքի բոլոր մանրամասները, սկսյալ իմ մանկությունից մինչև այժմ: Բայց իմ ազգի, իմ հայրենիքի մասին դեռ ոչինչ չեմ պատմել քեզ: – Եվ նա սկսեց նկարագրել Հայաստանը այնպիսի ազդու, կենդանի գույներով, որ չէր կարելի սառնասրտությամբ լսել: Նկարագրեց նրա անցյալ փառքը և ներկա անբախտ դրությունը: Նկարագրեց մահմեդականների անգութ բարբարոսությունները և ստրուկ ժողովրդի սարսափելի նեղությունները: Եվ որպես կնոջ` Թամարի զգացմունքների վրա ավելի ազդելու համար, նկարագրեց հայ կնոջ թշվառ վիճակը. – կինը այնտեղ իր ամուսնի սեփականությունը չէ, պատահած սրիկան կարող է նրան իր կրքերին ծառայեցնել: Մի փոքր ընդդիմությունը բավական էր, որ մոր երեխան իր կուրծքի վրա մորթեին: Աղջիկը այնտեղ իր տասն տարեկան հասակում զոհ է դառնում մի որևիցե անզգամի բռնաբարությանը: Նրան խլում են հայրենական օջախից և ոչխարի նման վաճառում են, կամ բարեկամը բարեկամին ընծա է ուղարկում:
Եվ ուրիշ շատ սոսկալի դեպքեր պատմելով ժողովրդի ընտանեկան և տնտեսական դրությունից, նա ասաց.
– Ահա այդ ողորմելի ժողովուրդը փրկություն է որոնում, աշխատում է ազատվել բռնակալի լծից և ինձանից օգնություն է խնդրում: – Ի՞նչ ես ասում, Թամար, գնա՞մ, թե ո՜չ, ես սկզբից քեզ դատավոր ընտրեցի:
– Գնա՜, աստված քեզ հետ, – պատասխանեց օրիորդը և միևնույն ժամանակ նրա դեմքը, որ մինչև այն րոպեն տխուր էր, պայծառացավ խիստ ուրախ զվարթությամբ: – Բայց ես քեզանից մի բան պիտի խնդրեմ, Դավիթ, պետք է ինձ էլ քեզ հետ տանես: Դու ինքդ ասացիր, որ ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում: Ես սիրեցի քո ազգը և քո հայրենիքը: Ինչո՞ւ միասին չկռվենք, ինչո՞ւ միասին չմեռնենք:
– Այդ շատ գեղեցիկ կլիներ, Թամար, բայց ես ցավում եմ, որ կռվի արյունոտ դաշտը կնիկների համար չէ:
– Ես գիտեի, որ այդպես պիտի ասես, – խոսեց օրիորդը փոքր-ինչ վիրավորված եղանակով: – Բայց դու ինձ բավական ճանաչո՛ւմ ես, Դավիթ: Դեռ փոքրիկ աղջիկ էի, սիրում էի լեռը, դաշտը, անտառը: Դու շատ անգամ տեսել ես ինձ միայնակ լեռների մեջ, երբ դեռ հովիվ էիր: Գազանների մռնչյունը, հեղեղատների կատաղի հոսանքը չէր վախեցնում ինձ: Ինձ միշտ մեծ զվարճություն էր պատճառում, երբ անապատում գտնված ժամանակ մրրիկի կամ փոթորիկի էի հանդիպում: Դեռ տասն տարեկան հազիվ կլինեի, որ հայրս ինձ ձիու վրա նստեցնելով, տանում էր իր հետ որսորդության: Շատ անգամ անձրևից թրջված, կարկուտից ծեծված, տուն էի վերադառնում: Գուցե ես այսպես չդաստիարակվեի, եթե մայրս վաղ մեռած չլիներ: Բայց խորթ մոր անհոգությունը ավելի ազատություն էր տալիս ինձ: Ես աճեցի, զարգացա, որպես մի վայրենի եղջերու: Բոլոր հեքիաթների, բոլոր պատումների մեջ ինձ ոչինչ այնքան չէր հետաքրքրում, որպես լեզգիների, չեչենների և չերքեզների կնիկների սովորությունները: Ես հիանում էի նրանց քաջագործությունների պատմությունները լսելիս, և միշտ մի առանձին նախանձով ասում էի ինձ ու ինձ. «Ի՞նչու ես էլ լեզգու կամ չերքեզի աղջիկ չեմ»: Այդ բոլորը դու ինքդ լավ գիտես, Դավիթ: Հիշո՞ւմ ես, շատ անգամ ասում էիր ինձ. «Ես սիրում եմ քեզ, Թամար, ավելի նրա համար, որ իշխանական տան թուլությունների մեջ չփչացար դու»: Այժմ ի՞նչ ես կարծում, թե ես քեզ հետ գալով, կարող եմ քո վրա մի ծանր բեռ դառնալ:
Բեկը մեծ ուրախությամբ լսում էր մանկահասակ հերոսուհու խոսքերը, հիանում էր նրա սրտի անկեղծ զեղմունքով: Նա գիտեր բոլորը, ինչ որ այնպես հպարտությամբ պատմում էր Թամարը, ճշմարիտ էր: Բայց տանել իր հետ նրան, սարսափելի փորձանքների ենթարկել այդ պատվական գանձը, նա անկարող էր: Օրիորդը նկատելով նրա լռությունը, երես առած երեխայի նման, կախվեցավ նրա պարանոցից, և անհագաբար նրա երեսը, աչքերը, շրթունքը համբուրելով, սկսեց ավելի և ավելի թախանձել նրան, ասելով.
– Տա՜ր, քո հոգուն մատաղ, ինձ էլ տա՜ր, աղաչում եմ, խնդրում եմ, պաղատում եմ, ինձ էլ տա’ր: Մի քանի րոպե առաջ ինքդ ասեցիր, թե ինչ որ դու սիրում ես, ես էլ պիտի սիրեմ, թե մեր երկուսի մեջ միևնույն սիրտը պետք է լինի: Ինչո՞ւ ես էլ չպիտի սիրեմ քո հայրենիքը, երբ որ դու սիրում ես. ինչո՞ւ ես էլ չպիտի արյուն թափեմ նրա համար, երբ դու քո արյունը զոհում ես: Չէ՞ որ մեր երկուսի մեջ միևնույն սիրտն է բնակվում:
Բեկը վերջին խոսքից բռնելով, պատասխանեց նրան:
– Հենց այդ պատճառով, էլ մեր երկուսիս մեջ միևնույն սիրտն է բնակվում, հենց այդ պատճառով, որ մենք երկուքս մի մարմին ենք կազմում, քո ինձ հետ լինելը ավելորդ է, այսինքն կամենում եմ ասել` իսկապես դու ինձ հետ կլինես: Որովհետև ես սրտով, հոգով, մարմնով բաժանված չեմ լինի քեզանից: Դարձյալ քո հոգին պիտի ոգևորե ինձ, դարձյալ քո սիրտը պիտի սիրտ տա ինձ: Ես պիտի ուժ և զորություն ստանամ, միշտ այն տպավորության տակ գտնվելով, թե Թամարը ինձ հետ է: Մի՞թե դու չես հավատում այդ խոսքերին, որ այդ իսկապես այդպես է: Մենք հրեշտակներին չենք տեսնում, բայց հավատացած ենք, որ նրանք աներևութապես գործում են մեզ հետ. օգնում են մեզ, երբ նրանցից օգնություն ենք խնդրում, զորություն են տալիս մեզ, երբ նրանց աջակցությանն ենք դիմում: Դու կլինես իմ պահապան հրեշտակը, Թամար, դու այստեղից ևս կարող ես հովանավորել և պաշտպանել ինձ: Դու գիտե՜ս, Թամար, որ ես մինչև այսօր կատարած իմ ամենամեծ հաղթություններով պարտական եմ քեզ, միայն քեզ: Երբ ես վերադառնում էի կռվի դշտից գերիներով և պատերազմական անհուն ավար ինձ հետ բերելով, ոչ մի վարձատրություն, ոչ մի գովասանք ինձ համար այնքան քաղցր, այնքան թանկագին չէր, որպես քո ժպիտը, որպես քո համբույրը, Թամար, երբ ինձ գրկելով ասում էիր. «Իմ քա՛ջ, իմ հերոս…»: Այդ խոսքերը լցնում էին իմ սիրտը անսահման բերկրությամբ, ինձ ավելի ուժ և զորություն էին տալիս, երբ մտածում էի, թե կա մեկը, որ անկեղծությամբ համակրում է իմ գործունեությունը, և ես աշխատում էի քեզ ավելի ու ավելի հաճելի լինել, և ավելի մեծ գործեր գործել: Եվ իմ այժմյան արշավանքը դեպի իմ հայրենիքը դարձյալ քո սիրո համար է, Թամար: Լսիր, այդ մասին մի փոքր երկար պիտի խոսեմ քեզ հետ:
– Իմ կյանքի պատմությունը ուսուցել է ինձ հավատալ ճակատագրին, հավատալ բախտին: Իմ նախազգացումները միշտ կատարված են եղել, երբ ես մի բանի վրա հույս և հավատ եմ ունեցել: Մենք սիրեցինք միմյանց դեռ այն ժամանակ, երբ ես հովիվ էի: Այդ իմ կողմից մի տեսակ լրբություն էր, բայց ես հավատացած էի, որ իմ վիճակը կբարձրանա և քեզ արժանի կլինեմ: Այդպես էլ եղավ: Անակնկալ դեպքեր ինձ հաջողեցրին մտնել պալատը և քեզ ավելի մոտ լինել: Ես դեռ խիստ ստոր աստիճանի վրա էի կանգնած, երբ քո խորթ մայրը աշխատում էր քեզ ձգել իմ գիրկը, որպեսզի ինքը ավելի դյուրություն ունենա իր հարազատ աղջիկը տալ Լևանին, որ քեզ սիրում էր: Բայց ես միշտ հետաձգում էի մեր ամուսնությունը, որովհետև ինձ դեռ բավական անարժան էի համարում քո ամուսինը լինելու: Այնուհետև իմ դիրքը շատ բարձրացավ, բայց ես դարձյալ մնացի այն համոզմունքի վրա, թե դեռ մի բան, և ամենագլխավոր բանը պակաս է: Այժմ մնում է լրացնել այդ պակասը: Ես վաղուց մտածում էի իմ հայրենիքի մասին, բայց սպասում էի, մինչև հաջող հանգամանքները նպաստեին իրագործելու իմ նպատակը: Այժմ հանգամանքները նպաստավոր են, և ես դիմում են այն նպատակին: Ազատել հայրենիքս, ազատել իմ ազգը և Հայաստանի թագուհու թագը քո գլխին դնել, – ահա այն մեծ նպատակը, Թամար, որի մասին խոսում եմ: Ես այն ժամանակ միայն պիտի պսակվեմ քեզ հետ, երբ հայոց թագավորների և թագուհիների թագերով կպսակեն մեզ: Այդ ցնորք չէ, Թամար, դա կախված է իմ քաջությունից և իմ սրի հաջողությունից: Իսկ քո սերը բավական է, Թամար, որ վառե իմ քաջությունը, որ առաջնորդե ինձ, որ լուսավորե իմ ճանապարհը այն հրեղեն սյունի նման, որ աստված ուղարկեց Իսրայելը Եգիպտոսի գերությունից ազատող Մովսեսի ճանապարհը լուսավորելու համար:
Մի ուրիշը Թամարի տեղ, լսելով այդ խոսքերը, կգրկեր իր սիրելիին, կհամբուրեր նրան, անվերջ, անթիվ կերպով կհամբուրեր, կթափեր նրա առջև իր հոգու ամենաջերմ զգացմունքները, և մարդկային լեզվի ամենաբարձր, ամենավսեմ խոսքերով կհայտներ իր սրտի անսահման ուրախությունը, թե որքան բախտավոր է ինքը, թե որքան երջանիկ է, որ ունի մի այսպիսի քաջ, անձնվեր և ազնիվ տղամարդ: Բայց Թամարը իր սովորական գեղեցիկ ժպիտը գեղեցիկ դեմքի վրա, դարձավ դեպի Բեկը, ասելով. – Այդ բոլորը շա՛տ լավ է, շա՛տ սքանչելի է, բայց ես դարձյալ կրկնում եմ իմ աղաչանքը, որ ինձ էլ քեզ հետ տանես, որ ես էլ մաս ու բաժին ունենամ այն սուրբ գործի մեջ, որ պիտի կատարես դու:
– Անկարելի է, Թամար: Եթե մի բան, որ պիտի խնդրեմ քեզանից իմ բաժանման րոպեում, թող այդ լինի. մնացի՜ր քո հոր տանը: Պատերազմական գործն ունի իր այլ և այլ խորամանկությունները: Դու բոլորովին կփչացնես իմ կարգադրությունները, եթե ինձ հետ գալու լինես: Պատճառները կբացատրեմ քեզ: Դու գիտես, որ ես հեռանում եմ այստեղից ուխտավորի անունով: Իբրև ամուսին քեզ ինձ հետ տանել չեմ կարող, որովհետև դու դեռ իմ նշանածն ես: Իսկ եթե իբրև նշանած տանելու լինեմ, դա մի կողմից անպատշաճ է, մյուս կողմից, հազիվ թե թույլ կտային: Բայց եթե թողնելու ևս լինեին, անպատճառ կշրջապատեին քեզ մի ամբողջ խումբ կնիկներով, աղախիններով և ծառաներով: Դրանց մոտ կբացվի իմ հնարած ուխտագնացության գաղտնիքը, որը ես ամենայն զգուշությամբ պետք է ծածուկ պահեմ: Մնում է մի ուրիշ հնար, այն է` քեզ փախցնել այստեղից: Այդ ես կանեի, բոլորովին ուշադրություն չդարձնելով բամբասանքի վրա, որովհետև սերը ավելի բարձր է, քան հասարակության նախապաշարմունքը: Բայց դարձյալ մի այսպիսի վարմունք կվնասեր գործին: Ես իսկույն կմերկացնեի այն պատրվակը, ինչ անունով որ այստեղից դուրս եմ գալիս: Իսկույն կսկսեին այստեղից հետամուտ լինել ինձ և լրտեսել իմ գործողությունը: Իմ պլանները այնուհետև բոլորովին կխախտվեին:
– Ես այժմ համաձայն եմ քեզ հետ, ես այստեղ կմնամ և կսպասեմ քո հաջողությանը…: – Վերջին խոսքերը այնպիսի մի եղանակով արտասանեց Թամարը, կարծես, նույն րոպեում նրա գլխից անցավ մի նոր և ավելի գործնական միտք: Բեկը ոչինչ չնկատեց, միայն գրեց նրան և համբուրեց, ասելով. – իմ խելացի՛, իմ հրեշտա՜կ… – Բայց ի՞նչ միտք էր այդ. ի՞նչը համոզեց նրան հրաժարվել իր համառ պահանջից և այդպես շուտ համաձայնվել Բեկի հետ: Թամարը կամքի տեր աղջիկ էր, նա հեշտությամբ կոտրվող պտուղներից չէր: Չի՞ցե թե նա մտածեց. «Թո՜ղ գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի… ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած կլինի…»: Ի՜նչ էլ որ լիներ նրա խորհուրդը, այդ միայն աստված գիտե, բայց Բեկին մեծ ուրախություն պատճառեց, որ կարողացավ վերջապես համոզել նրան:
– Ե՞րբ ես մտադիր ճանապարհ ընկնել, – հարցրեց օրիորդը:
– Բոլոր պատրաստությունները կարգի դրած եմ, – պատասխանեց Բեկը. – ինձ մնում էր ամենադժվար խնդիրը, այն է` ստանալ քո համաձայնությունը. այժմ ուրախ եմ, որ մենք հաշտվեցանք: Ես հենց էգուց երեկոյան կարող եմ դուրս գալ այստեղից:
– Ուրեմն մի՜ ուշացիր, – շտապեցնում էր օրիորդը: – Բայց ես պատուհանից նկատեցի, դու գրում էիր մի թուղթ, ի՞նչ թուղթ էր այն: Դու այնքան հուզված էիր գրելու ժամանակ, որ ես կարծում եմ, մի շատ կարևոր բան պիտի լիներ:
– Որքան հետաքրքիր ես դու, Թամար, ամեն բան ուզում ես գիտենալ, – ասաց Բեկը ծիծաղելով: – Ես գրում էի իմ կտակը:
– Կտա՞կ… – բացականչեց օրիորդը շփոթվելով. – Ինչո՞ւ համար է կտակը:
– Որ կնքած քեզ հանձնեմ, որ դու նրա կնիքը լուծես միայն այն ժամանակ, երբ իմ սպանման լուրը քեզ կբերեն: Խո կարո՞ղ է պատահել, որ ինձ սպանեն:
– Կարող է պատահել… – տխրությամբ ասաց օրիորդը: – Բայց դու կասե՞ս ինձ այդ կտակի բովանդակությունը:
– Այժմ ոչ, բայց երբ կմեռնեմ, բոլորը կարող ես գիտենալ:
– Երևի քո կայքերի, քո ճորտերի մասի՞ն է, – դարձյալ հետաքրքրությամբ հարցրեց օրիորդը:
– Ավելի լավ է չհարցնես, իմ մահը միայն իրավունք կտա քեզ բաց անել այն ծրարը, որ պիտի հանձնեմ քեզ:
Այդ միջոցին Կատոն, որ ընդունարանում քնած էր, հանկարծ զարթեցավ, և նկատելով երդիկից վաղորդյան լույսը, վազեց Բեկի ննջարանը, ասելով.
– Թամար, շուտով փողոցները կլցվեն մարդիկներով, դու շատ ես ուշանում:
– Լավ, դրսում սպասիր, ես այս րոպեիս կգամ, – ասաց նրան օրիորդը փոքր-ինչ բարկացած ձայնով և դարձավ դեպի Բեկը:
– Մենք էլի կտեսնվենք, այնպես չէ՞:
– Անպատճառ, ես առավոտյան կգամ մեծ պարոնին իմ վերջին մնաք բարյավը ասելու, հետո կանցնեմ քեզ մոտ: Միայն այնպես կարգադրիր, որ քո սենյակում ուրիշ ոչ ոք չլինի, բացի քեզանից:
Օրիորդը վեր կացավ: Բեկը բռնեց նրա երկու ձեռքերից և սարսափելով նկատեց, որ նրանց վրա արյան բծեր կային:
– Այդ ի՞նչ է, – հարցրեց նա, ավելի ուշադրությամբ նայելով օրիորդի կեղեքված ձեռքերի վրա:
– Ես այսօր ինձ նախապատրաստեցի արյան համար, – ասաց նա ժպտելով. – պարտեզի ցանկապատից անցնելու ժամանակ ձեռքերս ծվատեցի:
Երիտասարդը խորին հափշտակությամբ նրա ձեռքերը սեղմեց իր շրթունքի վրա, ասելով.
– Ես ավելի մեծ հաճությամբ կհամբուրեի այդ ձեռքերը, եթե մեր թշնամիների արյունով ներկված լինեին:
– Այդ էլ կլինի… – պատասխանեց օրիորդը խորհրդավոր ձայնով և փաթաթվեցավ երիտասարդի պարանոցին: Նրանք երկար չէին բաժանվում միմյանցից, մինչև նախասենյակից կրկին լսելի եղավ Կատոյի անախորժ կանչյունը. «Բավակա՛ն է… ուշանում ես, օրիորդ…»:
Օրիորդը փաթաթվելով իր շալի մեջ, Բեկի տան ետևի դռնով դուրս եկավ պարտեզը. Բեկը ճանապարհ դրեց նրան մինչև պարտեզի ցանկապատի չարչվան: Երկինքը բոլորովին ամպամած լինելով, նոր ծագող առավոտը դեռ մթին էր: Մոխրագույն մառախուղը պատել էր ամենուրեք: Օրիորդը բաժանվեցավ իր սիրելիից, կրկին և կրկին անգամ հարցնելով.
– Կգա՞ս ինձ մոտ, կգա՞ս… չուշանաս, սիրելիս…
– Չեմ ուշանա, իմ հրեշտակ…
Նույն ավուր երեկոյան պահուն Դավիթ բեկը թողեց Վրաստանի հին մայրաքաղաք Մցխեթը, և դուրս գալով վրաց Շահնավազ իշխանի ծառայությունից, իր քառասուն քաջերի հետ ուղևորվեցավ դեպի Սյունյանց աշխարհը:
Երկրորդ գրքի վերջը
ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔ
Ա
1722 թվին Դավիթ բեկը թողեց Վրաստանը և վերադարձավ իր հայրենիքը:
Ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Հայաստանը, ի՞նչ քաղաքական նպաստիչ հանգամանքներ ի նկատի ուներ այդ հերոսը, որ այնպես վստահությամբ ձեռնարկում էր մի մեծ, միևնույն ժամանակ խիստ վտանգավոր գործի: – Այդ հարցերը պարզելու համար մենք համառոտ կերպով կնկարագրենք այն ժամանակվա մի քանի պատմական անցքեր:
Պարսկաստանը քայքայման վիճակի մեջ էր: Շահ-Սուլեյմանի որդի Շահ-Հյուսեին իններորդի 28 տարվա թույլ, անհոգ, միևնույն ժամանակ թմրեցուցիչ կառավարությունը խլել էր այդ սոսկալի պետությունից նրա պատերազմական ոգին: Արյունահեղությունը, բարբարոսական անգթությունը, դեպի ամեն կողմ ահ և սարսափ տարածելը, որ այնքան հատուկ էր բոլոր Սեֆեվիներին և որը այդ տոհմի բռնակալների իշխանությունը պահպանելու ամենագլխավոր պայմանն էր – այդ հատկություններից զուրկ էր երկչոտ Շահ-Հյուսեինը, Սեֆեվիների համարյա վերջին ժառանգը: Կրոնասեր, մոլեռանդ թագավորը շրջապատել էր իրան հոգևորականներով, դերվիշներով, սուրբ գրքի մեկնիչներով և, փոխանակ տերության գործերով զբաղվելու, իր ժամանակը անց էր կացնում ղորանի ընթերցանությամբ և անդադար նամազներ անելով: Այդ պատճառով նա ստացավ ժողովրդից «մոլլա» կոչումը, որ մի ծաղրական կոչում էր պարսից թագավորի համար: Երկրի կառավարությունը թողված էր ավազակ, շահախնդիր փոխարքաների կամայականությանը, որքան անպատիժ կերպով կողոպտում էին ժողովուրդը, որոնք ամեն տեղ տարածում էին թշվառություն և աղքատություն, իսկ թուլամորթ շահի սիրտը գրավում էին նրանով միայն, որ երբեմն նահանգներից նրա համար ընծա էին ուղարկում գեղեցիկ աղջիկներ: Թագավորի հարեմը ճոխանում էր, լցվում էր աշխարհի ամեն տեսակ զեխություններով, իսկ ժողովուրդը ուտելու հաց չուներ: Արքունիքի դիվանի մեջ մեծ դեր էին խաղում խորամանկ ներքինիները և բազմաթիվ շողոքորթները: Խելացի մարդիկը, քաջ պատերազմողները, պետության փառքն ու պատիվը պահպանողները հեռացած էին ասպարեզից: Ամեն տեղ տիրում էր դժգոհություն, ամեն կողմից հայտնվում էին բողոքներ: Բայց ժողովրդի ցավերին ճար ու դարման անող չկար: Մի արտաքին զարկ բավական էր, որ այդ ընդարձակ, ահեղ պետությունը քայքայվեր, և նրա բազմասեռ տարերքը լուծելով, բաժան-բաժան լինելով, կազմեին զանազան անկախ իշխանություններ:
Պարսկաստանի այդ խարխուլ, անդադար օրորվող դրությունը չէր կարող աննկատելի մնալ նրա հարևան պետություններից: Ավղանիստանը, որ այն ժամանակ պարսից իշխանության ներքո էր գտնվում, առաջինը եղավ, որ ապստամբության դրոշը բարձրացրեց: Ղանդահարի սուլթան Միր-Վեյսը, սպանելով պարսից զորապետ Գիորգի-խանին††††††††, իրան Ավղանիստանի անկախ ամիր հրատարակեց: Իսկ նրա որդի Միր-Մահմուդ-խանը, ավելի զորանալով, մտածում էր տիրել Պարսկաստանին և ինքը նրա թագավորը դառնալ:
Երիտասարդ Մահմուդի փառասիրությանը նպաստեցին մի քանի սաստիկ պարտություններ, որ կրեցին պարսից զորքերը այլ և այլ կողմերում: Զանազան վայրենի, գազանաբարո ցեղեր, որ բնակվում էին պետության մեջ, կամ թափառում էին նրա սահմանների վրա, ապստամբվելով, սկսեցին կողոպտել ժողովուրդը և ամայի դարձնել երկիրը: Նրանք քանդեցին շատ քաղաքներ, կրակի մատնեցին բազմաթիվ գյուղեր: Քրդերի ավազակ ցեղերը իրանց արշավանքները տարածեցին մինչև պարսից մայրաքաղաքի` Սպահանի պարիսպների մոտ: Հյուսիսից Խորասանի նահանգը ավերակ դարձավ կատաղի ուզբեկների և թուրքմենների բարբարոսություններից: Հարավային կողմից ապստամբվեցան Լորիստանի և Խուժիստանի թափառական ցեղերը: Միևնույն ժամանակ Մասկադի իմամը հարձակվեցավ Պարսից ծոցի կղզիների վրա և տիրեց նրանց: Արևմտյան կողմից լեզգիների Ղազի-Ղումուխ ցեղի գլխավորը` Սուրխեյ-խանը, կովկասյան անթիվ լեռնաբնակներով հարձակվեցավ Շիրվանի վրա, տիրեց Շամախին և անցավ մինչև Սևանա լիճը, կոտորելով ժողովրդի մեծ մասը: Ի լրումն այդ բոլոր դժբախտությունների, արևմտյան Պարսկաստանի մայրաքաղաք Թավրիզը ենթարկվեցավ երկրաշարժության և բնակիչների մեծ մասը ոչնչացավ:
Պարսկաստանը իր օրհասականի մեջն էր: Երկնքի վրա հայտվող զանազան երևույթներ գուշակել էին տալիս շահի աստղագետներին, թե այդ պետության վախճանը հասել է:
Հիշյալ ներքին և արտաքին խռովությունների միջոցում, 24 տարեկան Միր-Մահմուդ-խանը, 20,000 ավղանական զորքով, Ղանդահարից արշավեց դեպի Պարսկաստան` այդ համարյա անիշխանության ենթարկված պետությունը տիրելու համար: Նա արդեն գտնվում էր Սպահանից մի երկու օրվա ճանապարհի հեռավորության վրա, բայց անհոգ Շահ-Հյուսեինը տակավին ոչ մի զորեղ միջոց ձեռք չէր առել թշնամու առաջը կտրելու համար: Նա բավականացավ նրանով, որ մարդիկ ուղարկեց Մահմուդի մոտ, առաջարկելով նրան մեծ գումար, որ թողնե պարսից երկիրը և վերադառնա իր տեղը: Բայց հպարտ Մահմուդը, ուշադրություն չդարձնելով շահի առաջարկությանը, շարունակեց իր արշավանքը: Այն ժամանակ միայն շահը ուղարկեց նրա առջև իր զորքերը, երբ թշնամին կանգնած էր Սպահանից երեք մղոն հեռավորության վրա: Գյուլնաբադի ճակատամարտի մեջ պարսից զորքերը սաստիկ ջարդվեցան, և մնացածները փախչելով, մտան քաղաքը: Ավղանները պաշարեցին քաղաքը, որ տևեց մի քանի ամիս: Բոլոր ուտեստները սպառվելով, բնակիչները սկսեցին ուտել հին կոշիկների կաշի, ոսկորներ և մինչև անգամ փեհին: Մի տղա, կտրելով սովից մեռած քրոջ ստնիքը, կերավ: Այդ ժամանակ շահը դեսպաններ ուղարկեց Մահմուդի մոտ այս խոսքերով. «Կտամ քեզ 100,000 թուման փող, Խորասանի և Քիրմանի նահանգները, – իմ աղջիկն էլ կտամ քեզ, միայն ե՜կ հաշտվենք և կապրենք միասին, ինչպես հայրը որդու հետ: – Ա՜ռ այդ բոլորը և հեռացիր իմ քաղաքից»: Մահմուդը այդ պայմանների հետ չհամաձայնվեցավ: – «Գնա, հայտնիր քո թագավորին, ասաց նա դեսպանին, – դու տալիս ես ինձ 100,000 թուման և այդ երկրները: Ախար նրանք արդեն ինձ են պատկանում, իսկ դու առաջարկում ես ինձ հենց իմ փողերն ու նահանգները: Դու առաջարկում ես ինձ քո աղջիկը: Ինչի՞ն է պետք ինձ քո աղջիկը: Քո բոլոր աղջիկներին, քո բոլոր որդիներին ես կտամ իմ ծառաներին: Խելքի մոտ բան չէ, որ դու մտածել ես: Ես չեմ հեռանա Սպահանից»:
Սպահանի պաշարման ժամանակ ավելի սարսափելի վիճակի ենթարկվեցան Նոր Ջուղայի հայերը: Նրանց թիվը այն ժամանակ հասնում էր 30 հազար հոգու, բնակվում էին մի առանձին արվարձանում, որ համարյա մի ջոկ քաղաք էր Սպահանի մոտ: Երբ ավղանները մոտեցան, հայոց հասարակությունը իր դարուղային և քալանթարին ուղարկեց շահի մոտ, խնդրելով, որ զորքեր տան իրանց քաղաքի պաշտպանության համար: «Մեր զորքերը ուղարկեցինք պատերազմելու, պատասխանեցին նրանց, դուք ուղարկեցեք շահի արքունիքի պահպանության համար 3,000 լավ զինվորված տղամարդիկ»: Քալանթարը և դարուղան կատարեցին այդ հրամանը, բայց շահի դրանիկները բոլոր հայ զինվորների զենքերը առնելով, ասեցին նրանց. «Գնացեք, այլևս մեզ պետք չեք»: Այս խաբեությունը սաստիկ զայրացրեց հայերին, մանավանդ, երբ պարսիկները սկսեցին զինաթափ անել Նոր Ջուղայի մնացած հայերին ևս: «Դուք մեզ զինվորներ չտվեցիք, աղաղակում էին հայերը, այժմ չե՞ք էլ թողնում, որ մեր զենքերով պաշտպանենք մեր քաղաքը»: Բայց անիրավ պարսիկները նրանց բողոքը չլսեցին, որովհետև հրամանը շահիցն էր: Այդ բավական չէր, որ անզեն, անպաշտպան հայերին թողեցին գազանաբարո ավղանների կամքին, բացի դրանից, նշանավոր քեդխուդաների ընտանիքները որպես պատանդ տարան Սպահան և փակեցին քաղաքի պարիսպների մեջ: Այդ բոլոր դավաճանությունները կատարվեցան այն նպատակով, որ բթամիտ շահի խորհրդականները խրատ էին տվել նրան, թե «հայերին զինաթափ անելով և ավղանների ձեռքը մտնելով, մենք կարող ենք ազատել Սպահանը, որովհետև ավղանները հափշտակասիրության նպատակով եկած են մեզ վրա, հայերի անբավ հարստությունը կկողոպտեն, և դրանով լիացած, բավականացած, հետ կդառնան ու մեզ հանգիստ կթողնեն»: Բայց նրանք սխալվեցան իրանց հիմար հաշիվների մեջ:
Նոր Ջուղան Սպահանի արվարձանը լինելով, պետք էր առաջ նրան տիրել և հետո անցնել բուն քաղաքին: Ջուղայի հայերը, հավաքելով իրանց մնացած ուժերը, սկզբում քաջությամբ պաշտպանվեցան: Բայց որովհետև չունեին ոչ թնդանոթներ և ոչ բավականաչափ ռազմամթերք, այդ պատճառով ստիպվեցան վերջը անձնատուր լինել: Չորս օր անցել էր, որ ավղանները տիրել էին Ջուղային, բայց դեռ հայերի ոչ քալանթարը, ոչ դարուղան և ոչ էլ քեդխուդաները չէին գնացել հաղթող Մահմուդին երկրպագելու և իրանց հպատակությունը նրան հայտնելու: Այդ սաստիկ գրգռեց ավղան բռնապետի բարկությունը և հրամայեց բոլոր հայերին կոտորել: Բայց հայոց գլխավորները իրանց արդարացրին նրանով, որ Մահմուդի ոտները ընկնելով, հայտնեցին. «Մեր ընտանիքները պահված են Սպահանի մեջ իբրև պատանդ, եթե մենք ձեզ մոտ գալու լինեինք, շահը կհրամայեր մեր կնիկներին, մեր զավակներին կկոտորեին»: Այդ իրավացի պատճառները թեև ամոքեցին Մահմուդի բարկությունը, բայց դարձյալ հրամայեց նա հայերից առնել 70,000 թուման տուգանք: Ահա ինչպես է նկարագրում մի ժամանակակից ականատես իր հիշատակարանի մեջ հիշյալ ահագին գումարի հավաքման եղանակը. «Այն րոպեում նշանակեցին հարկահաններ և ուղարկեցին 70,000 թումանը հավաքելու: Հարկահանները Ջուղայի քալանթարի և քեդխուդաների հետ սկսեցին ման գալ տնից տուն և հավաքել բոլորը, որքան կնիկները ունեին, թանկագին քարեր, մարգարիտ, ոսկի, արծաթ և մետաքսեղեն կերպասներ: Այդ բոլորը դիզեցին մի տեղում: Մետաքսեղեն կերպասները, արծաթը ընդունեցին քառորդ գնով: Մեկ մոխալ ոսկուն նշանակեցին 1000 դիան գին: Թանկագին քարերը, մարգարիտը և ոսկին կշռում էին այնպիսի կշիռքով, որը միայն գարի կշռելու համար էին գործածում: Դրանից հետո ավղանները տարան 62 աղջիկներ: Բացի դրանից, ջուղայեցիներից առնվեցավ 5000 կտոր ատլաս, ղութնի, մահուդ, շալեր, և զանազան զգեստներ, որ բաժանեցին զորքերին: Այլև առեցին նրանցից բազմաթիվ վերմակներ, բարձր, անկողիններ, այդ բոլորը պատրաստված էր մետաքսից, ղութնիից և ատլասից: Այլևս չեմ խոսում եկեղեցիների թանկագին անոթների և սուրբ սպասների հափշտակության մասին, որ կողոպտեցին ավղանները այն ժամանակ, երբ նրանք ինքնակամ թափվեցան հայոց տների մեջ, սկսեցին թալանել, և մինչև անգամ քանդել շինվածքները»:
Չնայելով, որ պարսիկները այսպես դավաճանությամբ Ջուղան մատնեցին ավղանների ձեռքը, որպեսզի Սպահանը ազատեն, բայց պարսից մայրաքաղաքը ավելի վատթար վիճակի ենթարկվեցավ: Ոչինչ չէր կարող լիացնել անհագ ավղանների հափշտակասիրությունը: Շահի գանձը, նրա արքունիքը այնպես կողոպտվեցավ, որպես ջուղայեցի հայի տունը: Նրա որդիները կոտորեցին, ամբողջ հարեմը բաժանեցին իրանց մեջ, տալով շահին երեք կին միայն: Նրա որդիներից կենդանի մնաց միայն Թահմազ-Միրզան, որ Սպահանի պաշարման ժամանակ գաղտնի փախավ դեպի Մազանդարան: Մի քանի ամբողջ շաբաթներ Պարսկաստանի լայնատարած մայրաքաղաքում կատարվում էր ավարառություն և կոտորած: Այդ միջոցին երիտասարդ Միր-Մահմուդ-խանը դեռ չէր մտել քաղաքը: Նա գտնվում էր Ֆարահաբադի փառավոր ապարանքի մեջ և սպասում էր, մինչև իր զորքերը վերջացնեն իրանց բոլոր բարբարոսությունները:
Երբ ամեն ինչ վերջացած էր, Միր-Մահմուդ-խանը պահանջեց, որ շահը անձամբ գա իր մոտ և տանե քաղաքը հանձնե իրան: Ծերունի Շահ-Հյուսեինը իր պալատականներով գնաց հաղթողի մոտ: Նա մտավ Ֆարահաբադի այգին, այն այգին, որ թե իր և թե իր նախորդների մշտական զվարճության դրախտն էր, ուր վատնվում էին Պարսկաստանի ահագին գանձերը, ուր հավերժական հյուրիների նման փայփայվում էին այդ երկրի ամենագեղեցիկ կնիկները: Նա մտավ այդ այգին հաղթված, խոնարհված, անարգված: Մի քանի ժամ արեգակի տակ սպասել տալուց հետո ընդունեցին նրան Մահմուդի մոտ: Նա արտասուքը աչքերում մոտեցավ հպարտ ավղանին, և արքայական ջիխկան իր գլխիցը առնելով, և իր ձեռքով նրա ճակատին կապելով, ասաց. «Որդի, իմ մեղքերի համար աստված այլևս ինձ արժանի չէ համարում կառավարելու իմ թագավորությունը: Իմ թագը նա տվեց քեզ: Ահա ես դնում եմ քո գլխին: Եվ թող օրհնյալ լինի քո թագավորությունը»:
Նույն օրը Միր-Մահմուդ-խանը, որպես պարսից թագավոր, մտավ Սպահան քաղաքը, և հաղթական փառքով գնաց Սեֆեվիների արքունիքը: Այդ օրից այդ տան թագավորությունը համարյա թե վերջացավ: