Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 19

Yazı tipi:

Աղոթքից հետո եկեղեցական ամբողջ դասը երգեց երկրորդ սաղմոսը. Խզեսցուք զկապանս նոցա, և ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա»: Այդ սաղմոսերգության ժամանակ վանքի զանգակները սկսեցին հնչել, և կարծես, երկնքի բոլոր անմահները ցած իջան և սկսեցին ձայնակցել հայոց ուխտավորների ոգևորությանը:

Հետո կատարվեցավ ուխտի խորհուրդը: Ներսես արքեպիսկոպոսը նախ օրհնեց իշխանների սրերը, որ դրած էին Վարդանի դագաղի վրա, խաչի և Ավետարանի մոտ: Իսկ հետո կարդացվեցավ երդման թուղթը: Դա համարյա նույն բովանդակությունն ուներ, որ գրվեցավ Վարդանանց պատերազմի սկզբում. փոփոխությունը մի քանի ավելվածների մեջ էր միայն: Ահա նրա օրինակը:

«Հարազատ եղբոր սուրը իր մերձավորի վրա պիտի բարձրանա, երբ որ նա դավաճանություն կգործե ուխտի և միաբանության դեմ: Հայրը պիտի չխնայե իր որդուն, և որդին ակնածություն չի պիտի անե հոր պատվին: Կինը պետք է կռվե իր ամուսին այրի հետ և ծառան պիտի դառնա իր տիրոջ դեմ, երբ նրանում անհավատարմություն կնկատի: Հայրենիքի սերը և նրա ազատության միտքը պետք է թագավոր լինի ամեն գործողությունների վրա, և ամեն ինչ պիտի զոհվի այդ ազատությունը գնելու նպատակին: Անպայման հնազանդություն դեպի գործի գլխավորը, – պետք է լինի օրենք, և այդ օրենքի հակառակորդը կընդունի իր դատապարտության պատիժը նույն գլխավորից»:

Երբ երդման թղթի ընթերցումը վերջացավ, եպիսկոպոսը հրավիրեց Դավիթ բեկին կանգնել իր մոտ: Օրվա հերոսի դեմքը չէր ցույց տալիս այն անսահման հոգեզմայլությունը, որ տիրում է ամեն մի մարդու սրտին այսպիսի հանդիսավոր րոպեներում: Նրա ընթացքը, որով մոտեցավ նա սրբազանին, արտահայտում էր մի առանձին վեհություն, որ ծածկված էր համեստության քողի տակ: Կանգնելով եպիսկոպոսի մոտ, խոսեց մի փոքր ճառ.

«Եղբայրնե՜ր, – ասաց նա իր սովորական ամուր ձայնով, – ես ինձ բախտավոր եմ համարում, որ ինձ վիճակվեցավ անցնել այն շարժման գլուխը, որին կարոտ էր մեր հայրենիքը, որին վաղուց սպասում էր նա: Իմ հույսը մեծ է: Ես հավատացած եմ, որ Հայաստանի աստվածը նույնպես կպսակե մեր գործը, որպես շատ անգամ ցույց է տվել իր աջակցությունը մեր հայրերին: Մեր նպատակը սուրբ է. մեր ձեռնարկությունը չէ կրում իր վրա անիրավության ոչ մի բիծ: Մենք պիտի կռվենք բռնության, անարդարության և ստրկության դեմ: Իսկ բռնությունը, անարդարությունը և ստրկությունը պիղծ են աստուծո առջև: Ես իմ հույսը դրել եմ նեղված, տանջված, հարստահարված ժողովրդի վրա և ձեզ վրա, եղբայրներ, որ ժողովրդի ներկայացուցիչներն եք: Հավատքով, անկեղծությամբ, անձնազոհությամբ դիմենք մեր նպատակին, – և այդ նրա հաջողության ամենագլխավոր պայմանն է»:

Այնուհետև իշխաններից յուրաքանչյուրը սկսեցին հերթով մոտենալ Բեկին: Նրանք նախ համբուրում էին Վարդանի դագաղի վրա դրած խաչն ու Ավետարանը, հետո հավատարմության ձեռք էին տալիս Բեկին: Իսկ Բեկը վեր էր առնում դագաղի վրայից նրանց սրերը և իր ձեռքով հանձնում էր տերերին:

Ամենից առաջ մոտեցավ Չավնդուրի Թորոս իշխանը, հետ նրա քրոջ որդին` Գենվազի իշխան Ստեփաննոս Շահումյանը և Թորոսի ազգականը` Մելիք-Նուբարը: Հետո մոտեցավ Հալիձորի Մելիք-Փարսադանը իր փեսա տեր Ավետիքի և իր որդի Բալի զորավարի հետ: Դրանցից հետո մոտեցան հետևյալ անձինքը` Կալերից` Պապ զորավարը. Սիսիանից` մելիք Կոջո սիսական զորավարը և տեր Գասպարը, որ կոչվում էր «Ավշար երեց». Բաղաբերդից` Ադամ զորավարը. Գյուլ-բերդից` Ղազար զորավարը. Շիրվանաձորից` Սարգիս զորավարը, Ջուղայից` Մազա մելիքի երկու որդիները` Աշոտ և Սմբատ, Տաթևից` Կիջի տանուտերը, իսկ Տաթևի շրջակայքից` Այտի, Եսայի և տիրացու Սիմեոն տանուտերերը. Շընհերից` Մինաս և Ստեփան տանուտերերը. Չավնդուրից` Վարդան, Թովմաս, Թուրինջ և Հովհաննես տանուտերները. Մեղրիից` մելիք Կոնստանդինը, իսկ նրա շրջակայքից` Հովհաննես, Սարի և Առաքել տանուտերները:

Այնուհետև մոտեցան Դավիթ բեկի հետ Վրաստանից եկած քաջերը` Մխիթար սպարապետը, Բայինդուր իշխանը և մյուսները, որոնց անունները հայտնի էր մեզ: Բոլորից հետո հավատարմության երդում տվեց Տաթևի վանքի միաբանությունը` վանահայր Ներսես արքեպիսկոպոսը, որ այնօր պատարագիչ էր, տասնևերկու եպիսկոպոսներ, և քսանևչորս վարդապետներ:

Վանքի մեծ դահլիճը, որ կոչվում էր «Թանաբի», այսօր սովորականից ավելի զարդարած էր: Այնտեղ պատրաստված էր մի ճոխ սեղան ճաշի համար: Տաճարից դուրս գալով, եկեղեցական դասը իշխանների ու երկրի ավագների հետ դիմեցին դեպի դահլիճը: Բազմությունը այդ միջոցին լցրել էր վանքի բակը: Երբ տեսան Բեկին, հազարավոր ձայներ ողջունեցին նրան «կեցցեներ» գոչելով: Նա բոլորին գլուխ տվեց և անցավ:

Նույն օրը հավաքվեցան նրա շուրջը 6628 կամավոր զինվորներ:

Գ

Մնում է մի քանի խոսք ասել, թե ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Վրաստանը, ի՞նչ էին անում վրացիները, երբ հայերը իրանց հայրենիքի ազատության մասին էին աշխատում: Արդյոք այդ երկու հարևան քրիստոնյա ազգերը, որոնք միևնույն վիճակի մեջ էին գտնվում, մտածո՞ւմ էին ձեռք ձեռքի տալ և միասին, ընդհանուր ուժերով թոթափել պարսից լուծը:

Վրաստանը բաժան-բաժան էր եղած այնքան մանր, միմյանցից անկախ իշխանությունների, որքան միմյանցից տարբեր ցեղեր և բարբառներ կային այնտեղ: Կարթալինիան, Կախեթիան, Իմերեթիան, Օսեթիան, Մինգրելիան, Գուրիան, Աբխազիան և ուրիշ շատ երկրներ, առանձին-առանձին իշխանություններ էին կազմում: Տիրապետող իշխանների քաղաքական նշանակությունը ոչնչով չէր տարբերվում, օրինակ, նույն ժամանակվա Ղարաբաղի մելիքների

իշխանությունից: Ղարաբաղի մելիքը թե իր կառավարած երկրի տարածությամբ և թե իր վայելած արտոնություններով նույնքան իրավունք ուներ իր գավառի մեջ, որքան վրաց իշխանը իր նեղ, սահմանափակ երկրի մեջ: Թե վրաց իշխանները և թե Ղարաբաղի մլիքները միօրինակ կախումն ունեին պարսից կառավարությունից, նրանցից նշանակվում էին և նրանց հարկ էին վճարում: Ղարաբաղի մելիքները այն առավելությունը ունեին, որ իրանց հավատարմությամբ այնքան համարում էին ստացել պարսից կառավարության առջև, որ առանց իրանց կրոնը փոխելու, առանց մահմեդականություն ընդունելու հավատում էին նրանց: Թեև լինում էին դեպքեր, որ հայ մելիքներից մեկը ուրանում էր կրոնը փառք և իշխանություն ձեռք բերելու համար, բայց այսպիսիներին հայ հասարակությունը բոլորովին մերժում էր իր միջից: Որի ընդհակառակն, պարսից արքունիքում, Սեֆեվիների տիրապետության ժամանակ համարյա ընդունված սովորությունների կարգն էր անցել, որ մինչև վրաց իշշխանները մահմեդականություն չընդունեին և իրանց անունը չփոխեին, իրավունք չունեին ստանալ Վրաստանի կառավարությունը: Շահ-Աբաս մեծի տիրապետությունից հետո (1617 թ.), երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ, հիշյալ սովորությունը բոլորովին օրինական ձև ստացավ: Վրացիների պարսից կառավարության հետ կապած դաշնագրի գլխավոր պայմաններից մեկը այն էր, որ Վրաստանի կառավարիչները կարող են լինել տեղացիներ, վրացիք, միայն մահմեդականություն ընդունած, և պիտի նշանակվեն պարսից կառավարությունից: Այդ օրից մինչև ռուսների տիրապետությունը գտնում ենք մի շարք մահմեդականություն ընդունած վրացի ազնվականներ, որ կառավարում են երբեմն Կախեթիան և երբեմն Կարթալինան, որպես պարսից «վալիներ» և որոնց վրացիք «մեփե» են կոչում:

Սպահանը` պարսից մայրաքաղաքը լիքն էր այդ ժամանակ վրացի ազնվականներով. նրանք պատվի և պաշտոնի համար ծախում էին ամեն բան, ինչ որ սուրբ և նվիրական էր իրանց ազգի համար, և մահմեդականություն ընդունելով, ստանում էին պաշտոններ կամ իրանց հայրենիքում, կամ Պարսկաստանում: Շատերը այնտեղ ամուսնանում էին պարսիկների հետ, որդիք էին ծնում, որոնք պարսկական սովորությունների մեջ կրթվելով, բերում էին պարսից զեխությունը, շռայլությունը, անբարոյականությունը դեպի իրանց հայրենիքը: Այսպիսով վրաց ազնվականների վաղեմի պարզ, նահապետական բարքուվարքը փչացավ և նրան փոխարինեց պարսից հարեմներից ստացված ծույլ, անհոգ, ամեն ինչ վատնող, ամեն ինչ ոչնչացնող բնավորությունը, որի հետքերը մնում են մինչև այսօր: Վրաց այն ժամանակվա տիրապետող իշխաններից ոչ մեկը չէ կարելի ցույց տալ, որ իր կյանքի մեծ մասը Պարսկաստանի մայրաքաղաքում մաշած չլիներ: Նրանք կողոպտում էին իրանց երկիրը, աղքատացնում էին ճորտերին, և նրանց դառն աշխատության պտուղը շռայլությամբ վատնում էին Պարսկաստանում: Վրաստանը լեզգիների ոտքի տակ ավերակ էր դարձել. Դաղստանը լիքն էր վրացի գերիներով, բայց վրաց իշխանները, փոխանակ իրանց աշխարհը պահպանելու, նրան անտեր թողած, իրանց երկրի ամենաընտիր տղամարդիկը տանում էին Պարսկաստան և պարսից շահի համար հեծելազորք էին կազմում, ավղանների հետ էին պատերազմում, որ խանություն ստանան: Պատվի և պաշտոնի համար ամեն բան ծախում էին նրանք, մինչև անգամ իրանց քույրերը, հարազատ աղջիկները, որ տալիս էին պարսից մեծամեծներին, նրանց պաշտպանությունը վայելելու համար: Խիստ ճիշտ է նկատում մի գրող, որ իրանք` վրացիները այնքան գեղեցիկ աղջիկներ տարան Պարսկաստան, որ պարսիկների ցեղը ազնվացրին:

Պարսից Շահ-Սեֆի 1-ի և օսմանցոց Սուլթան Մուրադ IV-ի ժամանակ (1636 թ.) Վրաստանը բաժանվեցավ պարսիկների և թուրքերի միջև: Կարթալինան և Կախեթիան դարձան պարսկական նահանգ, իսկ Ախալցխայի նահանգը և Վրաստանի ամբողջ արևմտյան մասը ընկավ թյուրքերի իշխանության ներքո: Ախլցխան դարձավ թյուրքերի գլխավոր բերդաքաղաքը, և այստեղից մահմեդական իշխանության հետ նրանց ազդեցությունը տարածվեցավ Իմերեթիայի, Մենգրելիայի, Գուրիայի և Աբխազիայի վրա: Ղորանը փոխարինեց Ավետարանին: Մոլեռանդ թյուրքերը ամեն տեղ մտցրին իրանց հոգևորականներին, սկսեցին հալածել քրիստոնեությունը և տարածել մահմեդականություն: Թյուրքերը ավելի խստություններ էին գործ դնում կրոնի վերաբերությամբ, քան թե պարսիկները: Թյուրքաց նահանգապետ Ասլան-փաշայի կառավարության ժամանակ (1659-1679) այդ կողմերի ազնվականները, մահմեդականություն ընդունելով, ստանում էին «բեկ», «փաշա», «աղա» տիտղոսները և պաշտոններ էին վարում որպես թյուրքերի ներկայացուցիչներ: Վրաստանը այդ ժամանակներում ընկած էր երկու կրակների մեջ. – մի կողմից պարսիկները, մյուս կողմից թյուրքերը: Դեպի ո՜ր կողմը երեսը շուռ էր տալիս, այրում էր…: Վրաց ազնվականները իրանց դիրքը պահպանելու համար, երբ պարսիկներից հուսահատվում էին, դիմում էին դեպի թյուրքերը, իսկ երբ այդ վերջիններից հուսահատվում էին, դիմում էին դեպի պարսիկները: Ամեն տեղ կրոնափոխությունը մեծ դեր է խաղում պաշտոններ և իշխանություն ձեռք բերելու համար: Վերջին ժամանակներում նրանք ծանոթացան ռուսաց կառավարության հետ և երբեմն անձամբ կամ խնդիրքներով դիմում էին ռուսաց թագավորներին, որ իրանց օգնեն:

Դավիթ բեկի Վրաստանում գտնված ժամանակվա վերջին տարիներում այնտեղ կային երեք նշանավոր իշխանություններ` Իմերեթիայի իշխանությունը, որ կառավարում էր Ալեքսանդր V-ը, որպես թյուրքաց ներկայացուցիչ, Կարթալինիայի իշխանությունը և Կախեթիայի իշխանությունը, որոնք կախումն ունեին պարսից կառավարությունից: Մենք կխոսենք վերջին երկուսի մասին:

Կարթալինիայի իշխանության կենտրոնը Թիֆլիսն էր. այստեղ Մետեխի բերդի մեջ կանգնած էր մի ամբողջ գունդ պարսկական պահապան զորք, որը միևնույն ժամանակ հսկում էր թե քաղաքի և թե վրաց իշխանի գործողությունների վրա: Այդ գունդը պահվում էր այնտեղ սկսյալ այն օրից, երբ Վրաստանը պարսկական նահանգ դարձավ:

Դավիթ բեկը իր մանկության հասակում բերվեցավ Մցխեթ ավանը, որ այդ ժամանակ դադարել էր Վրաստանի մայրաքաղաք լինելուց: Այստեղ առաջին անգամ ծանոթացավ նա Վախթանգ VI-ի հետ, որը հալածված իր եղբոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններից, անպաշտոն առանձնացել էր Վրաստանի հին մայրաքաղաքում: Սկզբում նա վարում էր լի զվարճություններով անհոգ կյանք և անձնատուր էր եղած արբեցողության: (Մեր վեպի երկրորդ գրքում հիշված «մեծ պարոնը» նույն իսկ այդ Վախթանգն է): Հետո նա մոտենալով Մցխեթի աբեղաներին, սկսեց պարապվել վրաց գրականությամբ և օրինավոր կյանք վարել: Դավիթ բեկը այդ ժամանակ թողեց նրան և ծառայում էր երբեմն Կարթալինիայի, երբեմն Կախեթիայի իշխանների մոտ, որոնք անդադար մինը մյուսի ետևից փոխվում էին պարսից կառավարությունից: Իսկ երբ Կարթալինիայի իշխանությունը անցավ Գիորգին-խանի ձեռքը, այդ ժամանակ Վախթանգը թողեց Մցխեթը, տեղափոխվեցավ Թիֆլիս, և սկսեց որպես փոխանորդ կառավարել Կարթալինիան, որովհետև Գիորգին-խանը բացակա էր, Պարսկաստանում էր գտնվում: Այդ ժամանակ Դավիթ բեկը կրկին հանձն առեց Վախթանգի մոտ ծառայել և չբաժանվեցավ նրանից, մինչև իր Հայաստան գնալը:

Գիորգին-խանը սպանվեցավ Ղանդահարում առանց ժառանգ թողնելու: Որովհետև Վախթանգը պահպանել էր քրիստոնեական կրոնը, շահը նշանակեց Գիորգին-խանի փոխարեն Կարթալինիայի իշխան Վախթանգի եղբորը` մահմեդականություն ընդունած Քեյ-Խոսրով խանին: Երբ այդ վերջինն էլ սպանվեցավ պարսից ավղանների հետ ունեցած պատերազմում, այն ժամանակ Վախթանգը կանչվեցավ Սպահան, որ իշխանությունը նրան հանձնեն:

Բայց բարեպաշտ Վախթանգը չխոնարհվեցավ այն կանոններին, որ ընդունված էին իր նախորդների օրերում, այսինքն` նա չհամաձայնվեցավ իր կրոնը փոխելով ընդունել Կարթալինիայի իշխանությունը: Շահը բարկացավ նրա վրա, հրամայեց բանտարկել: Յոթը տարի որպես կալանավոր մնաց Սպահանում: Երկար ընդդիմադրություններից հետո, երբ լսեց հայրենիքի դժբախտությունը, նրա ավերակ դառնալը մի կողմից լեզգիների ձեռքով, մյուս կողմից, իր եղբոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններով, – վշտացած Վախթանգը վերջապես ակամայից ընդունեց մահմեդականությունը, կոչվեցավ Հյուսեին-Ղուլի-խան, և ստանալով Կարթալինիայի իշխանությունը, վերադարձավ Թիֆլիս:

Այստեղ հանդիպեց նա իր երկու վաղեմի անհաշտ թշնամիներին, մեկը` իր եղբայր Յասսեն, մյուսը` Կախեթիայի Մամադ-Ղուլի-խանը (Կոնստանդին II-ը): Եղբոր հետ Վախթանգը կարողացավ հաշտվել, թեև այդ հաշտությունը երկար չտևեց, բայց Կոնստանդինի հետ ունեցավ անվերջ կռիվներ: Կոնստանդինը աշխատում էր տիրել Կարթալինիային և ամբողջ Վրաստանի իշխանը դառնալ: Այստեղից ծագում էին բոլոր երկպառակությունները, որ տակնուվրա էին անում երկիրը:

Վախթանգը նեղվելով իր թշնամիներից, խնդիրքով դիմեց ռուսաց թագավոր Պետրոս մեծին, առաջարկեց իր հպատակությունը և սկսեց նրանից օգնութուն խնդրել: Այդ բավական փաստ էր Կոնստանդինի համար մատնել նրան պարսից կառավարության առջև, թե նա խաբում է շահին, թե նա անունով միայն մահմեդական է, իսկ սրտով քրիստոնյա է և գաղտնի բանակցություններ ունի ռուսաց թագավորի հետ, կամենում է Վրաստանը դուրս բերել պարսից իշխանությունից և հանձնել ռուսներին:

Վախթանգը այժմ ստիպված էր երկերեսանի դեր խաղալ, մի կողմից պահպանել իր հարաբերությունները ռուսների հետ, մյուս կողմից արդարացնել իրան պարսից կառավարության առջև, թե ինքը պարսից հավատարիմ հպատակ է, թե Կոնստանդինի հաղորդածները բոլորը զրպարտություն են, թե նա դիտավորություն ունի իր երկրին ևս տիրելու, այս պատճառով չարախոսություններ է անում, և այլն: Ռուսաց կառավարությանը ուղղած թղթերի վրա Վախթանգը ստորագրում էր «թագավոր Վրաստանի», իսկ պարսից կառավարությանը ուղղած թղթերը ստորագրում է «վալի» Պարսկաստանի:

Մինչև Վրաստանը այդ խռովությունների մեջ տակնուվրա էր լինում, Սյունյաց աշխարհում հայոց ապստամբները պատրաստվում էին: Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսը, որը գաղտնի ուժ էր տալիս ապստամբությանը, աշխատում էր կազմել վրացիներից և հայերից մի ընդհանուր միություն, որ միասին կռվեն պարսիկների դեմ: Բայց այդ նպատակին հասնելու համար նախ պետք էր, որ Վրաստանի մեջ երկպառակությունները դադարեին, վրացիները միմյանց հետ միանային, որ հետո կարելի լիներ կայացնել նրանց հայերի հետ միությունը: Այս մտքով հայոց կաթողիկոսը անձամբ Վրաստան գնաց, որ Վախթանգին հաշտեցնե Կախեթիայի իշխան Կոնստանդինի հետ: Բայց չնայելով կաթողիկոսի եռանդուն աշխատությանը, հաշտությունը չկայացավ: Մինչև անգամ Կոնստանդինը թշնամացավ կաթողիկոսի հետ և նրա նամակները բռնելով, մատնեց պարսից կառավարությանը, որից կաթողիկոսը հազիվ կարողացավ ազատվել, ուրանալով, թե նամակները իր գրածը չեն, այլ իր կնիքը գողանալով, դրոշմել են նրանց վրա: Այդ պատճառաբանությունը, իհարկե, բավական թանկ նստեղ նրան, որովհետև կաթողիկոսի բացակայության ժամանակ, երբ նա Վրաստանումն էր, պարսիկները եկան Էջմիածինը կողոպտեցին:

Դավիթ բեկը դեռ Վրաստանում էր, երբ կատարվեցան այդ բանակցությունները: Նա ինքը աշխատում էր, որ հայոց կաթողիկոսի միջնորդությունը ապարդյուն չմնա, բայց վերջը ցավելով հասավ այն համոզմունքին, թե հայերի և վրացիների մեջ միություն կազմելը անհնարին է: Վրացիները ավելի բարվոք էին համարում իրանց կամ ռուսների գիրկը գցել, կամ պարսից ծանր լծի տակ մնալ, կամ օսմանցիներին հրավիրել, – բայց ոչ երբեք միանալ հայերի հետ և ազատ լինել: Այդ երկու համանման վիճակի մեջ գտնվող, համանման պայմանների ենթակա ազգերի միմյանց դեմ ունեցած ատելությունը սաստիկ վշտացնում էր Դավթի զգայուն սիրտը: Նրա հեռատես աչքը խիստ պարզ տեսնում էր, թե ի՜նչ բախտավոր ապագա կարող էին պատրաստել այդ երկու հարևան ազգերը, եթե իրանց շահերը միացնեին, եթե ձեռք ձեռքի տված, մի սրտով, մի հոգով տանեին իրանց ընդհանուր գործերը: Ո՞ր սատանան մտցրեց այդ դարևոր ատելությունը երկու ազգերի մեջ – այդ միտքը սաստիկ տանջում էր Դավթին: Բայց ի՞նչ կարող էր անել, դարերով կազմված նախապաշարմունքին դարեր հարկավոր էին ոչնչացնելու համար, իսկ նրան պետք էր շուտափույթ ձեռնարկություն իր հայրենիքի փրկության համար: Այդ էր պատճառը, որ նա բաժանվեցավ Վախթանգից առանց իր դիտավորությունը նրան հայտնելու, երբ նկատեց, թե վրացիների վրա հույս դնելն անօգուտ էր:

Դավիթ բեկի հեռանալուց հետո Վրաստանը սաստիկ պատժվեցավ: Պարսից կառավարությունը նկատելով Վախթանգի համակրությունը դեպի ռուսները, հրամայեց Կախեթիայի կառավարիչ Կոնստանդինին տիրել Թիֆլիսը և հրաժարեցնել Վախթանգին Կարթալինիայի իշխանությունից: Կոնստանդինը մի այսպիսի հրամանի էր սպասում, որ իր վաղեմի բաղձանքը իրագործե և Թիֆլիսը իր ձեռքը գցե: Նա միացավ լեզգիների հետ, եկավ տիրեց Թիֆլիսը, նրան ավերակ դարձրեց և մինչև անգամ կողոպտեց Սիոնի եկեղեցին:

Թիֆլիսի առումից հետո Վախթանգը փախավ Իմերեթիայի կողմերը: Բարեսիրտ իշխանը այնուհետև շատ աշխատեց կրկին ձեռք բերել Վրաստանի մայրաքաղաքը, և ռուսներից հուսացած օգնությունը չգտնելով, իր եղբայր Յասսեին ուղարկեց Ախալցխայի թյուրքից Իսակ փաշայի մոտ և նրանից օգնություն խնդրեց: Բայց դավաճան Յասսեն, փոխանակ հօգուտ իր եղբոր աշխատելու, առաջարկեց թյուրքերին իր ծառայությունը, թե կառաջնորդե նրանց Թիֆլիսը գրավելու, միայն թե իրան այնտեղի կառավարիչ նշանակեին: Այդ չարագործը, որ մի ժամանակ Կարթալինիայի իշխանությունը ստանալու համար, պարսիկներին իր հպատակությունը առաջարկելով, ընդունել էր Ալիի կրոնը և կոչվում էր Ալի-Ղուլի-խան, – այժմ միևնույն իշխանությունը ձեռք բերելու մտքով, և թյուրքերից օգնություն գտնելու համար, ընդունեց թյուրքաց Օմարի կրոնը և կոչվեցավ Մուստաֆա-փաշա:

Եվ այսպես, Կոստանդինի իշխանությունը Թիֆլիսում երկար չտևեց, որովհետև Իսակ-փաշան Յասսեի առաջնորդությամբ եկավ, տիրեց Թիֆլիսը, և Կոստանդինին բռնելով, բանտարկեց: Նրան ազատեց բանտից մելիք Աշխարատը, գիշերով Կուր գետի վրա նավակ կանգնեցնելով, և Կոստանդինին նրա մեջ իջեցնելով, փախցրեց: Դրա համար Իսակ-փաշան հրամայեց մելիքին գլխատեցին:

Վրաստանը այժմ պարսիկների ձեռքից դուրս գալով, ընկավ թյուրքերի իշխանության ներքո (1724 թ.) կառավարում էր Իսակ փաշան: Իսկ դավաճան Յասսեն իր նպատակին չհասավ, որովհետև օսմանցիք փոխանակ Թիֆլիսը նրան հանձնելու, հանձնեցին Վախթանգի որդի Բակարին: Այս վերջինս էլ տեսնելով, որ պարսիկների դարը անցավ, ընդունեց թյուրքաց կրոնը, և իր գլխին օսմանցոց չալմա փաթաթելով, կոչվեցավ Իբրահիմ-փաշա: – Ահա այդ էր վրացոց երևակայական թագավորությունը: Նրա իշխանները պարսից տիրապետության ժամանակ` պարսից կրոնն էին ընդունում և պարսից խաների անունով էին կոչվում, իսկ օսմանցոց տիրապետության ժամանակ` թյուրքաց կրոնն էին ընդունում և թյուրքաց փաշաների անունով էին կոչվում:

Այդ բոլոր դժբախտություններից հետո Վախթանգը իր ընտանիքով և 1400 հոգով գնաց Ռուսաստան: Նա չգտավ Պետրոս մեծին կենդանի, նրան պատվով ընդունեց Եկատերինա կայսրուհին: Վերջը մեռավ Պարսկաստանում, և մարմինը բերվելով թաղվեցավ Հաշտարխանում:

Դ

Սյունյանց աշխարհի Սիսիան գավառի Ուչ-թափե կոչված դաշտավայրի վրա երևում էին մի քանի սպիտակ վրաններ: Այդ խուլ, մարդկային բնակությունից հեռու անապատում երբեմն թափառում էին Կարա-չոռլու կոչված թյուրք ցեղի կիսավայրենի խաչնարածները: Ուրիշ ոչ ոք այդ ավազակների երկյուղից այն կողմերից անցնել չէր համարձակվում: Իսկ այժմ սպիտակ վրանների երևույթը բավական աչքի զարկող էր: Ո՞ւմն էին այդ վրանները, ո՞վքեր էին բնակվում նրանց մեջ, – ոչ ոք չգիտեր: Կարծես, նրանք սունկի նման հանկարծ բուսել էին գետնից և ոչ ոք չէր տեսել նրանց տերերի որևիցե կողմից գալը:

Վրանները կազմված էին դաշտավայրի լեռնային կողմում, մի ձորի մեջ, որ երեք կողմից պատած էր բարձր սարերով, իսկ մի կողմից նեղ փապարով բացվում էր դեպի ընդարձակ, ամայի անապատը, որ ծածկված էր ճոխ խոտաբույսերով: Մի խումբ թամքած ձիաներ արածում էին վրանների շուրջը: Մարդիկ չէին երևում: Նրանք, երևի, նոր էին եկել հեռավոր ճանապարհից և պառկած էին վրանների մեջ իրանց հոգնածությունը կազդուրելու համար: Մի մարդ միայն, մերձակա քարաժայռի բարձրության վրա նստած, այդ դիտանոցից զգուշությամբ նայում էր իր շուրջը: Դա, երևի, նրանց պահակն էր:

Արեգակը մայր մտնելու վրա էր: Սարերի գագաթները դեռ լուսավորված էին վերջին ճառագայթներով, բայց խուլ ձորերի մեջ, որտեղ կազմված էին վրանները, արդեն տիրում էր երեկոյան մռայլը:

Վրաններից մեկի մեջ նստած էր Դավիթ բեկը, իսկ նրա մոտ իր մանկության ընկեր և բարեկամ Ստեփաննոս Շահումյանը: Երիտասարդ իշխանը համարյա նոր էր իջել ձիուց և նրա անբաժան ծառաները` Աղասին և Ջումշուդը դեռ ման էին ածում հոգնած, քրտինքի մեջ թաթախված ձիաները, որ հանգստացնեն: Երկար տարիների անջատումից հետո, երկու կարոտյալ բարեկամները, առաջին անգամ միմյանց հանդիպելով, որպես երկու սիրահարներ, երկար համբուրվեցան, երկար ողջագուրեցին միմյանց: Իսկ այժմ թե Բեկը և թե իշխանը երկուսն էլ լուռ էին: Ի՞նչ լռություն էր այդ, որ տեղի ունեցավ այն ջերմ գրկախառնություններից, այն առաջին սիրալիր խոսքերից հետո:

– Ես կամենում եմ քեզ հետ կարճ կտրել, Դավիթ, – ասաց իշխանը գլուխը վեր բարձրացնելով և ուղիղ Բեկի երեսին նայելով: – Նախ քան քո հարցուփորձը սկսելը, իմացած եղիր, որ ես խաբել եմ քեզ:

– Ի՞նձ… խաբե՞լ ես… – հարցրեց Բեկը զարմացած կերպով:

– Այո՜, քեզ, – պատասխանեց նա ծանր կերպով: – Այն նամակները, որ դու ինձանից ստացար, դրոշմված զանազան եպիսկոպոսների և մելիքների կնիքներով, – բոլորը կեղծ էին: Այդ կնիքները ես շինել էի տվել մի հրեա քանդակագործի, իսկ նամակները ինքս էի շարադրել: Իմ նպատակս էր քեզ բերել հայրենիքը և ես հասա իմ նպատակին: Գործի մեծությունը ինձ թույլ տվեց մի այսպիսի խորամանկության դիմել: Այժմ կամենում ես բարկացիր, կամենում ես ինձ խաբեբա անվանիր, – միևնույն է:

Լսելով այդ խոսքերը, Բեկը կարծում էր, որ իր բարեկամը երևի կատակ է անում:

– Դու, Ստեփան, – ասաց նա ժպտելով, – դեռ չես թողել քո հին սովորությունները:

– Ես հանաք չեմ անում, ինչ որ ասում եմ, ճշմարիտ է, – պատասխանեց նա սառնությամբ:

– Ուրեմն ոչինչ պատրաստություններ չկա՞ն այստեղ:

– Այստեղ կան անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժեր միայն, որոնց միացնելու համար մեծ ջանք է հարկավոր:

Բեկին տիրեց մի տեսակ շվարում, մի տեսակ թուլացած վհատություն: Այդ մարդը, որ երբեք հուսահատվել չգիտեր, սաստիկ զայրացավ, երբ նկատեց, որ իր ձեռնարկության հենց առաջին քայլափոխում հանդիպում է դատարկության, հանդիպում է մթին ունայնության: Ի՛նչ քաղցր հույսերով եկել էր նա իր հայրենիքը. ինչե՛ր էին խոստացել նրան. որքա՛ն մեծ ակնկալություններ ուներ իր հայրենակիցներից, իսկ այժմ ասում էին նրան` «դու խաբված ես…»: Ուրեմն այդ բոլորը երազ էր, բոլորը մի տաքարյուն երիտասարդի երևակայության ցնորք էր, որ մի հնարքով կամեցել էր նրան իր հայրենիքը բերել:

– Ես այս աստիճան անհեռատես չէի համարում քեզ, Ստեփան, – ասաց նա փոքր-ինչ խռովյալ ձայնով. – եթե դու ինձ ուղիղը գրեիր և ոչինչ չթաքցնեիր ինձանից, ես դարձյալ կգայի, բայց բոլորովին ուրիշ պատրաստություններով: Իսկ քո այդ գործ դրած ձևը կփոխե իմ ծրագիրը, որ առաջուց կազմել էի, հիմնվելով այն խոստումների վրա, որ դու արել էիր ինձ քո նամակների մեջ: Այսուամենայնիվ, ես պետք է շնորհակալ լինեմ քո հնարագիտության համար, Ստեփան, դու ցանկանում էիր, որ ես իմ հայրենիքումը լինեմ, – ահա այստեղ եմ:

Վերջին խոսքերի ժամանակ նա բռնեց իր բարեկամի աջը և համակրությամբ սեղմեց:

– Վհատելու ոչինչ չունենք, – ասաց երիտասարդ իշխանը, – ես դարձյալ քեզ համար գունդեր կկազմեմ, ինձ հարկավոր էր միայն քո այստեղ ներկայությունը, – և այդ բավական է ժողովուրդը ոտքի կանգնացնելու համար:

Այդ խոսքերը այնպիսի մի զգացմունքով արտասանեց նա, որ սաստիկ ազդեց Բեկի սրտին: Նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը կրկին պայծառացավ և նրա զգայուն հոգին լցվեցավ անսահման ուրախությամբ: Նա տեսնում էր իր առջև մի եռանդոտ երիտասարդ, որ այնքան անկեղծ և ջերմ սրտով նվիրված էր հայրենիքի փրկության գործին և դրանով մխիթարվում էր:

– Ես ամենևին չեմ վհատում, Ստեփան, – ասաց նա, – որ այստեղ չգտա այն, ինչ որ սպասում էի: Ես դարձյալ ուրախ եմ, որ իմ հայրենիքում գտնում եմ գոնե մի բարեկամ, որ համակրում է ինձ:

– Մի մարդով ոչինչ չի դառնա:

– Այդ մի մարդը կդառնա հարյուր, իսկ հարյուրը – հազարներ:

– Ես քեզ ասեցի, որ իմ առաջուց կազմած ծրագիրը փոխեցի արդեն, – շարունակեց նա այժմ ավելի համոզիչ եղանակով: – Ես հույս ունեի, որ այստեղ կգտնեմ բազմաթիվ պատրաստի ուժեր, որոնց գլուխը անցնելով, կսկսեմ գործը: Այժմ հանգամանքները փոխվեցան, ես էլ ստիպված եմ փոխել իմ ձեռնարկության ձևը: Ես այժմ գործը փոքրով կսկսեմ և դրա համար բավական մարդիկ ունեմ:

– Քառասո՜ն հոգի միայն… – ընդհատեց իշխանը ծիծաղելով:

– Սկսելու համար քառասուն հոգին փոքր չէ, – ասաց Բեկը վստահությամբ:

– Եթե դու կսպասեիր, ես մի քանի օրվա մեջ մի քանի գունդեր կպատրաստեի: Դարձյալ կրկնում եմ իմ խոսքը:

– Այժմ գունդեր ամենևին պետք չեն: Մարդիկների բազմությունը կծանրաբեռնե ինձ: Մեր գունդերը ինքնըստինքյան կկազմվեն: Շտապել պետք չէ: Բոլորը կախված է գործի սկզբնական հաջողությունից: Եթե այս գիշեր աստված կտա ինձ ջարդել Կարա-չոռլուների ցեղը, որ մեզանից մի մղոն հեռավորության վրա է գտնվում, – այնուհետև հաղթությունը մեր կողմը կլինի: Եվ այն բոլոր անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժերը, որոնց մասին ակնարկեցիր դու, այնուհետև իրանք կգան և կմիանան մեզ հետ:

– Ես չեմ հասկանում, թե ի՞նչ վնաս կլիներ, եթե սկզբից հրավիրեինք նրանց, – խոսեց իշխանը, չհամաձայնվելով Բեկի չափազանց անձնավստահության հետ: – Ես կարծում եմ, քո անունը բավական հաստատ երաշխավորություն կարելի է համարել, որ նրանք չեն մերժի քո հրավերը:

– Դու դեռ անփորձ ես, Ստեփան, – ասաց Բեկը ժպտելով: – Այդ զգույշ, մտածող և իրանց կարծիքով խոհեմ պարոններին, – որ իրանց մելիքներ, տանուտներեր ու բեկեր են կոչում և որոնց յուրաքանչյուրը մի-մի վիճակի տեր է, – լոկ խոսքերով չես կարող համոզել: Նրանք դարձյալ կմնան իրանց խոհեմության մեջ, որ ուրիշ ոչինչ չէ, բայց միայն մի տեսակ խոհեմ անտարբերություն, ավելի լավ է ասել` մի տեսակ խոհեմ մեռելություն: Նրանց պետք է ցույց տալ շոշափելի փաստ. պետք է ցույց տալ, որ փոքրաթիվ մարդիկներով ևս կարելի է մեծ գործ սկսել, միայն թե պետք է գիտենալ, թե ինչպես սկսել:

Այդ փոքրիկ պատերազմական խորհուրդը տևեց մի քանի ժամ. նրանք երկար խոսում էին, վիճում էին և մի քանի կետերի մեջ միմյանց հետ չէին համաձայնվում: Վերջը իշխանը հարցրեց.

– Ուրեմն դու վճռել ես հենց ա՞յս գիշեր հարձակում գործել, այն ևս Կարա-չոռլուների վայրենի ցեղի վրա:

– Այո՜, Կարա-չոռլուների վրա: Վիշապին պետք է գլխից զարկել. ուրիշ կերպ չես սպանի նրան: Դրա համար ես ընտրեցի այդ բարբարոս ցեղը, որ սարսափի մեջ էր պահել ամբողջ երկիրը:

– Դա խիստ վտանգավոր վստահություն է, եթե չհաջողվի, մենք ամեն ինչ կկորցնենք:

– Իսկ եթե հաջողվի, մենք ամեն ինչ կշահենք: Վտանգի մեծության հետ կապված է և արդյունքի մեծությունը:

– Գոնե ինձ թույլ տուր հրավիրել մի քանի վստահության արժանի մարդիկ, որոնց ես ի նկատի ունեմ:

– Դու դարձյալ նույնն ես կրկնում, ինչ որ մի քանի րոպե առաջ ասեցիր: Մեզ պետք չեն այն մարդիկը, որոնց մենք ստիպված պիտի լինենք հրավիրել: Մարդիկ իրանք իրանց սեփական կամքով պետք է հետևեն մեզ: Գործի բնավորությունն այդ է պահանջում: Իսկ մարդիկ գրավելու համար, որպես քեզ ասեցի, հարկավոր է ցույց տալ նրանց մի շոշափելի օրինակ: Խրատներով բան չի դառնա: Իմ անցյալը, իմ Վրաստանում ունեցած հեղինակությունը բավական չէ մարդկանց հավատը որսալու համար: Նրանք պետք է տեսնեն, թե այստեղ ինչ եմ շինում ես: Եվ այդ ես ցույց կտամ հենց այս գիշեր:

Դավիթ բեկը ընտրել էր իր հայրենիքի ամենաընդարձակ մասը, որ ընդհանուր անունով կոչվում էր Մեծ-Սյունիք: Այստեղ դեռ շարժում չկար, թեև այս կողմերումն էին երկրի գլխավոր ուժերը, թեև այստեղ էին հայոց նշանավոր մելիքները: Մեծ-Սյունիք նահանգը բաժանված էր այդ ժամանակ յոթ ընդարձակ գավառների, որոնք սկսյալ Երասխի ափերից տարածվում էին մինչև Սևանա լիճը, մինչև Հաքարի գետը: Այդ յոթ գավառները հետևյալներն էին.

1. Գողթան, ուր տիրում էր Մելիք-Մուսան, 2. Գենվազ, ուր տիրում էր իշխան Ստեփաննոս Շահումյանը, 3. Ղափան, ուր տիրում էր Մելիք-Փարսադանը, 4. Չավնդուր, ուր տիրում էր Թորոս իշխանը, 5. Բարգյուշատ, ուր տիրում էր մելիք Ֆրանգյուլը, 6. Սիսիան, ուր տիրում էր Բայինդուր իշխանը, 7. Զանգեզուր, ուր տիրում էր Մխիթար սպարապետը: Այս կողմերում դեռ շարժում չկար, դեռ սպասում էին, դեռ գտնվում էին անվճռականության մեջ:

Շարժումը սկսվել էր վերոհիշյալ գավառների, այսինքն Մեծ-Սյունիքի հյուսիս-արևելյան կողմերում: Այստեղ սկսյալ Երասխի ափերից մինչև Գանձակի սահմանը, որ էր Քուրակ-չայ գետը, տարածվում էին հինգ փոքրիկ գավառներ, որոնք միասին կազմում էին մի ամբողջ նահանգ, որ կոչվում էր Փոքր-Սյունիք կամ Արցախ: Դա այժմյան Ղարաբաղն է:

Ղարաբաղի կամ Արցախի հինգ գավառները հետևյալն էին.

1. Գյուլիստան, ուր տիրում էր Մելիք-Յուսուբը, 2. Ջրաբերդ, ուր տիրում էր Մելիք-Աթամը, 3. Խաչեն, ուր տիրում էր Մելիք-Ալլահվերդին, 4. Վարանդա, ուր տիրում էր Մելիք-Հյուսեինը, 5. Դուզախ, ուր տիրում էր Մելիք-Եգանը:

Հիշյալ հինգ գավառները կազմում էին հինգ հայ մելիքությունների դաշնակցական մի իշխանություն, որ պարսիկները կոչում էին Խամսա-մելիքլար, այսինքն հինգ մելիքություններ: Այդ հինգ մելիքներից մեկը, Դուզախի Մելիք-Եգանը, որ հետո կոչվեցավ մելիք-Ավան-խան, գերիշխանություն ուներ մյուսների վրա: Նրա գլխավոր դաշնակիցն էր Ավան-Միրզան, որ բնակվում էր իր անմատչելի ամրոցում, որ գտնվում էր այժմյան Շուշի քաղաքի մոտ և մինչև այսօր կոչվում է Ավանի քերծ (Ավանի ժայռ):

Ավան-Միրզան մեր պատմության մեջ հայտնի է անունովս Հովհաննես իշխան: Նրան երբեմն կոչում են գուգարացոց, երբեմն ուտեացոց, իսկ երբեմն իր բերդի անունով կոչում են Մեծ-Սղնախի իշխան, որովհետև իշխում էր զանազան տեղերում, ուր իր սուրը հաջողություն էր գտնում: Նա չափազանց խիստ, կամակոր և հպարտ մի անձնավորություն էր, իր մեջ կրում էր արկածախնդիր ասպետի բոլոր հատկությունները:

Իր թշնամիներին սարսափի մեջ պահելը – գլխավոր պայմանն էր նրա զորության: Ահա այդ հերոսից գլխավորապես օգուտ քաղեց Մելիք-Ավան-խանը (Մելիք-Եգանը) իր մեծ ձեռնարկությունների մեջ:

Լինելով գլուխ հինգ դաշնակցական մելիքությունների, Մելիք-Ավան-խանը միացրել էր ամբողջ Ղարաբաղը (Փոքր-Սյունիքը կամ Արցախը) և այսպիսով կազմել էր մի ահագին ուժ: Երբ ռուսները տիրեցին Դերբենդը և Բաքուն, նա սկսեց իր դաշնակից Ավան-Միրզայի հետ բանակցություններ անել Պետրոս մեծի հետ, առաջարկելով կայսրին իրենց ծառայությունը, և խնդրելով նրա հովանավորությունը պարսից լծից ազատվելու համար: Այդ է պատճառը, որ այդ երկու նշանավոր իշխանների անուններին մենք հաճախ հանդիպում ենք ռուսաց հին ակտերում:

Այդ երկու Ավանները, որպես երկու հզոր հսկաներ, ամենայն եռանդով աշխատում էին իրանց հայրենիքի վերածնելության գործում. մեկը, իբրև հանճարեղ քաղաքականագետ, մյուսը, իբրև քաջ պատերազմող:

Եվ այսպես, Փոքր-Սյունիքի կամ Արցախի նահանգում շարժումը սկսվել էր, որովհետև այստեղ միություն կար, մելիքների դաշնակցություն կար: Իսկ Մեծ-Սյունիքի նահանգում, որտեղ Դավիթ բեկը կամենում էր սկսել իր գործողությունները, դեռ ամեն ինչ անշարժ էր, որովհետև այստեղ մելիքները ոչինչ կապ չունեին միմյանց հետ:

Ցավալին այն էր, որ Փոքր-Սյունիքը և Արցախը թե քաղաքական և թե եկեղեցական կառավարության կողմից բոլորովին բաժանված էին Մեծ-Սյունիքից: Քաղաքական կողմից բաժանված էին նրանով, որ մեր հիշած հինգ դաշնակցական մելիքությունները իրանց առանձին ինքնավարությունն ունեին և կապված չէին Մեծ Սյունիքի հետ: Իսկ եկեղեցական կառավարության կողմից նույնպես բաժանված էին, որովհետև սկսյալ ամենահին դարերից Աղվանից կաթողիկոսները, միտրոպոլիտները, եպիսկոպոսները առանձին հոգևոր իշխանություն ունեին Էջմիածնից անկախ: Գանձասարի վանքը որպես առաջ նույնպես և Դավիթ բեկի օրերում Աղվանից հոգևոր իշխանության աթոռանիստն էր: Նրա ներկայացուցիչները, որպես էին` սկզբում Եսայի եպիսկոպոսը, իսկ հետո Ներսես եպիսկոպոսը ձեռք ձեռքի տված միասին էին գործում Հովհաննես իշխանի հետ: Թե ռուսների հետ ունեցած բանակցությունների մեջ և թե իրանց ներքին զինվորական պատրաստությունների մեջ այդ երկրի հոգևոր և մարմնավոր իշխանությունների ներկայացուցիչները համերաշխ էին:

– Պետք է աշխատել գոնե միանալ Հովհաննես իշխանի հետ, – ասաց Ստեփաննոսը, երբ նկատեց, որ Բեկը շարունակում է համառությամբ պնդել իր կամքը: – Ես կարող եմ այդ միությունը կայացնել, իմ հարաբերությունները իշխանի հետ շատ լավ են:

– Ես միության հակառակ չեմ, Ստեփան, – պատասխանեց Բեկը: – Բայց դու գիտես, Հովհաննես իշխանը որ աստիճան հպարտ մարդ է. նա, շատ հասկանալի է, որ ինձ չի ենթարկվի, իսկ ես նրա զորապետը լինել չէի ցանկանա:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
630 s. 1 illüstrasyon
ISBN:
9785000649824
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Seriye dahil "Столетие геноцида армян"
Serinin tüm kitapları
Ses
Средний рейтинг 5 на основе 3 оценок
Ses
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Ses
Средний рейтинг 4 на основе 1 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin, ses formatı mevcut
Средний рейтинг 5 на основе 2 оценок
Metin
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Ses
Средний рейтинг 4,5 на основе 2 оценок
Metin PDF
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Metin
Средний рейтинг 4,8 на основе 19 оценок
Metin
Средний рейтинг 4,7 на основе 7 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 13 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 51 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 4,6 на основе 11 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 4,6 на основе 7 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 8 оценок