Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 20

Yazı tipi:

– Պետք է աշխատել գոնե Գանձասարի միտրոպոլիտներին միացնել Էջմիածնի հետ, – ասաց իշխանը:

– Թեև մի առանձին օգուտ չունի, բայց այդ մասին ինքը` Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսը աշխատում է, – պատասխանեց Բեկը:

Հետո նա սկսեց պատմել, թե ինչպես ինքը դուրս եկավ Վրաստանից Էջմիածնի ուխտավորի անունով, գնաց այնտեղ գլխավորապես կաթողիկոսի հետ տեսնվելու նպատակով: Այդ մարդը «շարժման» եռանդոտ և ամենաջերմ գործիչներից մեկն է, ասաց նա, ավելացնելով, թե հայերը միշտ հրաշքներ են գործել, երբ հոգևոր գլուխները միացած են եղել ժողովրդի ներկայացուցիչների հետ:

– Այստեղ նույնպես ունենք մի ամենալավ եկեղեցական, որի վրա կարելի է հույս դնել, – ընդհատեց իշխանը Բեկը խոսքը:

– Ո՞վ է:

– Տաթևի վանքի Ներսես արքեպիսկոպոսը: Ես ամեն ինչ հայտնել եմ նրան, և նա մեծ անհամբերությամբ սպասում էր քո գալստյանը:

– Ներսեսին հատավալ կարելի է. մեր պատմության մեջ Ներսեսները ներկայացնում են միշտ պայծառ բացառություններ:

Արեգակը վաղուց մայր էր մտել, բայց վրաններից ոչ մեկի մեջ դեռ ճրագ չէր երևում: Լուսնկա գիշերը բավական պարզ էր: Բեկի և իշխանի մեջ խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ սուլելու խորհրդավոր ձայն: Բեկը ավելի ուշադրությամբ ականջ դրեց, երբ ձայնը կրկնվեցավ: Այդ միջոցին երկու ձիավորներ, ամենայն թափով իրանց նժույգները վազեցնելով, մտան ձորի մեջ և մոտեցան Բեկի վրանին: Եկվորները նրա մարդիկն էին, մեկը մեծ Գիորգին, մյուսը փոքր Գիորգին: Նրանք ուղարկված էին Կարա-չոռլուների կեցած տեղի դիրքերը հետազոտելու: Բեկը իսկույն իմացում տվեց իր ծառաներից մեկին, որ Մխիթար սպարապետին և Բայինդուր իշխանին կանչեն իր մոտ:

Երբ նրանք եկան, Բեկը ծանոթացրեց Ստեփաննոսին նրանց հետ, ասելով.

– Ահա այն մարդը, որ մեզ հրավիրել էր այստեղ – իշխան Ստեփաննոս Շահումյանը:

Բայինդուր իշխանը թեք աչքով նայելով նրա վրա, ասաց.

– Դուք կանչեցիք, մենք եկանք, եթե այս րոպեիս ինձ հինգ հազար հրացանավոր չտաք, պարսից թագավորի «բաթման ղլիճը» քեզ հինգ հազար կտոր կանե:

Բոլորը ծիծաղեցին: Այդ միջոցին մեծ Գիորգին և փոքր Գիորգին նույնպես մտան Բեկի վրանը: Սկսվեցավ խորհուրդը գիշերային արշավանքի մասին Կարա-չոռլուների ցեղի վրա:

Ե

Առավոտ էր, վաղորդյան այն ժամը, երբ մութը դեռ չէր բաժանվել լույսից: Տաթևի վանքի առաջնորդարանի դուռը կամաց բացվեցավ. մի բարձրահասակ աբեղա հայտնվեցավ շեմքի վրա: Նա աչք ածեց իր շուրջը, ոչ ոք չէր երևում: Ամբողջ միաբանությունը դեռ քնած էր: Վեղարը ավելի ցածր թողնելով աչքերի վրա, նա սկսեց դիմել դեպի վանքի շրջապարիսպի մեծ դուռը: Դռնապանը փաթաթված իր վերարկուի մեջ, նույնպես քնած էր: Չզարթեցնելով նրան, աբեղան հանեց իր գրպանից մի բանալի, բաց արեց ահագին երկաթե կողպեքը, որ քարշ էր ընկած նույնպես երկաթե սողնակից: Երկփեղկյա դուռը նրա ոտքի մի հարվածով հետ-հետ գնաց: Նա դուրս եկավ և իր ետևից կրկին կողպեց դուռը:

Վաղորդյան լռությունը սքանչելի է. ամեն ինչ չորս կողմում դեռ նիրհում էր քաղցր, խաղաղ անդորրության մեջ: Նա աչքերը դարձրեց դեպի արևելք, տեսնելու, արդյոք շա՞տ էր մնացել, մինչև արևի ծագելը: Արշալույսը դեռ նոր էր սկսել պարզվել: Հետո դիմեց նա դեպի վանքի մերձակա բլուրներից մեկը, բարձրացավ նրա գագաթի վրա: Այստեղից սկսեց նայել դեպի նեղ ճանապարհը, որ ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր դեպի վանքի զառիվերը: Ոչ ոք չէր երևում: Իսկ նա արձանի պես կանգնած, երկար նայում էր: Վաղորդյան մռայլը թույլ չէր տալիս խիստ հեռուն նշմարել. նա այժմ լարեց իր լսողության բոլոր ուժը: Արդյոք չէ՞ր լսվում մի որևիցե ոտնաձայն, արդյոք ճանապարհի վրա ոչ ոք չէ՞ր գալիս:

Դա մի բարձրահասակ աբեղա էր, որի փառավոր սև մորուքի մեջ դեռ նոր երևում էին հատ-հատ սպիտակ մազեր: Նրա նույնպես սև և խոշոր աչքերը դեռ պահպանել էին երիտասարդական փայլը: Փոքր-ինչ թուխ դեմքը արտահայտում էր տաք, եռանդոտ, անվեհեր բնավորություն: Իսկ այժմ նրա կրակոտ աչքերում կարելի էր նկատել սաստիկ անհանգստություն, որ ավելի բարկության նշան էր, քան թե հուսահատության: «Ի՞նչ եղան… հիմա պետք է եկած լինեին… ինչո՞ւ ուշացան…» – կրկնում էր իր մտքում անհամբերությամբ:

Երկար սպասելուց հետո, երբ նկատեց, ոչ ոք չէ երևում, ցած իջավ բլուրից և վերադարձավ վանքը: Այժմ միայն նա զարթեցրեց դռնապանին, պատվիրելով.

– Արթուն եղիր, երբ դռան ձայնը կլսես, շուտ բաց արա ու ինձ իսկույն իմացում տուր:

– Ե՞րբ եք տեսել, սրբազան, որ Օհանը քնի, – ասաց նա աչքերը տրորելով, – Օհանը միշտ էլ մի աչքը խուփ, մյուսը բաց է քնում. ճանճն էլ անցնելիս իսկույն զարթնում է:

Սրբազանը միայն ժպտաց ծերունի դռնապանի ինքնագովության վրա և հեռացավ, կրկին պատվիրելով, որ արթուն կենա:

Մտնելով իր խուցը, նա մոտեցավ ճրագին, շարունակեց գրել նամակը, որ դեռ չէր վերջացրել: Նրա ուրախ դեմքի վրա կարելի էր կարդալ բոլորը, թե ինչ է գրում: Մերթ-մերթ մի ինքնաբավական ժպիտ ցնցում էր նրա փոքր-ինչ ուռած շրթունքը և աչքերի մեջ փայլում էր խիստ վսեմ, խորհրդավոր բերկրություն: Կարծես նրա հոգին թափում էր իր բոլոր սրբազան զգացմունքները այն թղթի մեջ, որի վրա վազում էր նրա գրիչը:

Մեկ ժամից հետո լսելի եղան վանքի զանգակների մեղմ հնչյունները: Հրավիրում էին մենակյացներին կատարելու առավոտյան ժամերգությունը: Նա չշարժվեցավ իր տեղից. դեռ գրում էր: Ամբողջ միաբանությունը զարթնեցավ: Նրանք մինը մյուսի ետևից դուրս եկան իրանց նեղ խցերից, և լուռ, դանդաղ քայլերով սկսեցին դիմել դեպի աստուծո տաճարը աղոթելու:

Այդ միջոցին Օհանը բաց արեց սրբազանի խցի դուռը, հայտնեց, թե վանքի ջորիները վերադարձան, ո’րտեղ է հրամայում դարսել բեռները:

Սրբազանի սպասածն էլ հենց այդ էր. նա իսկույն նամակը թողեց և դուրս եկավ: Արշալույսը արդեն սկսել էր շառագունիլ, բայց դեռ բավական մութն էր: Մի խումբ բեռնած ջորիներ վանքի մեծ դռնից մտան բակը: Ջորեպանները տեսնելով սրբազանին, գտակները վեր առին, մոտեցան, համբուրեցին նրա աջը:

Նա դարձավ դեպի նրանցից մեկը, որի ծպտյալ հագուստը ամենևին չէր ցույց տալիս, թե աբեղա է, հարցրեց.

– Խորեն հայր սուրբ, ինչո՞ւ այդչափ ուշացաք:

– Ուշացանք, իրավ է, – պատասխանեց Խորեն հայր սուրբը ուրախ ծիծաղով. – բայց լավ բեռնով ու բարձով հետ դարձանք… Ոչ մի տարի այսքան առատ «պտուղ» հավաքած չունեինք… Ինչ ասես բերել եմ, – յուղ, պանիր, չորթան, բուրդ, բամբակ, – ինչ որ ուզեք…

– Օրհնյա՛լ լինի ժողովուրդը, նա իր տուրքը երբեք չի խնայել մեր վանքից, երբ ունեցել է, տվել է, – ասաց սրբազանը ժպտելով և հրամայեց բեռները ցած իջեցնել:

Ջորեպանները կատարեցին նրա հրամանը և սկսեցին բեռները կրել ոչ թե վանքի ամբարը, ուր սովորաբար պահվում էին վիճակներից հավաքված յուղը, պանիրը և այլ «պտուղները» – այլ տարան դարսեցին մի ստորերկրյա մառանում, որի դուռը սրբազանը իր ձեռքով բաց արեց:

– Ես կարծում եմ, այժմ մի ամբողջ տարվա համար պաշար կունենանք… – ասաց Խորեն հայր սուրբը, մի առանձին հրճվանքով նայելով այնտեղ դիզված մթերքների վրա:

– Ով գիտե, թե սպառողները շատ կլինեն, գուցե այդ չի բավականանա… – պատասխանեց սրբազանը և խորհրդավոր ժպիտը դարձյալ երևաց նրա համակրական դեմքի վրա:

Երբ բոլոր բեռները ներս բերեցին, սրբազանը հրամայեց ջորեպաններին, որ տանեն անասունները հանգստացնեն: Նրանք հեռացան: Իսկ ինքը մոտեցավ, սկսեց նոր բերված հակերից մեկը բաց անել, ասելով.

– Տեսնենք, Խորեն հայր սորբ, ձեր այս անգամ բերած յուղն ու պանիրը ի՞նչ համ ունի:

– Շա՛տ համեղ է, սրբազան, – պատասխանեց Խորեն հայր սուրբը և սկսեց օգնել սրբազանին հակը բաց անելու:

Հակի մեջ հայտնվեցավ ոչ յուղ, ոչ պանիր և ոչ ուրիշ ուտեստներ, այլ դրանց փոխարեն առատ վառոդ և գնդակ, որ լցրած էին կաշյա պարկերի մեջ: Սրբազանը մեծ բավականությամբ ձեռքերով շոշափում էր այդ մահաբեր մթերքը, որից ամեն մի եկեղեցական սարսափում է: Օրհնյա՛լ լինիս, Խորեն հայր սուրբ, – ասաց նա դառնալով դեպի երիտասարդ աբեղան: – Շա՛տ համեղ է, անչափ շա՛տ համեղ…

Հետո նա կողպեց ստորերկրյա մառանի դուռը, բանալին դրեց գրպանը և դիմեց իր խուցը, Խորեն հայր սուրբին ևս իր մոտ հրավիրելով:

– Ես այդ րոպեիս կգամ ձեզ մոտ, սրբազան, – ասաց նա գնալով դեպի իր խուցը. – ինձ պետք է առաջ հագուստս փոխել:

Խորեն հայր սուրբը բոլորովին նորընծա, երիտասարդ աբեղա էր, միջակ հասակով և բավական նուրբ կազմվածքով: Նրա գեղեցիկ դեմքը կնոջ դեմքի քնքուշ արտահայտությունն ուներ, թեև այժմ բավական այրվել էր արևից, որովհետև մի քանի ամբողջ շաբաթներ ճանապարհորդում էր: Մտնելով իր խուցը, նա արձակեց զենքերը, մի կողմ դրեց, հետո սկսեց մերկանալ հագուստը, որի մեջ շիրվանաձորցի բեռնակիր գյուղացու էր նմանում: Վանքի ծառաներից մեկը ջուր բերեց լվացվելու համար: Երբ նա շապկի թեքերը վեր ծալած լվացվում էր, այդ ժամանակ կարելի է նկատել նրա սպիտակ պարանոցի վրա, ետևի կողմից, մի վարդագույն սպի, որ առաջ էր եկած սրի հարվածից: Այդ սպին կրում էր նա այն ժամանակից, երբ դեռ իրան չէր նվիրել կուսակրոնության: Այդ սպիի հետ կապված էր նրա կյանքի ամենատխուր պատմություններից մեկը…

Նա հագավ իր վանականի հագուստը և դիմեց սրբազանի խուցը: Անցնելով վանքի մոտից, նկատեց, որ առավոտյան ժամերգությունը դեռ ավարտված չէր: Ներս չմտավ, միայն համբուրեց վանքի դուռը, երեսը խաչակնքեց և անցավ:

– Նստիր, Խորեն հայր սուրբ, – ասաց սրբազանը, նրան տեղ ցույց տալով փոքրիկ թախտի վրա, որ դրած էր նրա խցում և ծածկած պարսկական գորգով: Իսկ ինքը տեղավորվեցավ գրասեղանի հանդեպ, որի վրա դիզած էր թղթերի մի կույտ: Ամբողջ գիշերը նա անքուն էր մնացել և գրել էր այդ թղթերը; Այժմ մեկ-մեկ վեր էր առնում, խնամքով ծալում էր և նրանց նամակի ձև տալով, կնքում էր, գրում էր հասցեները: Նա դարձավ դեպի վարդապետը` ասելով.

– Խորեն հայր սուրբ, այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղարկվեն, աշխատեցեք մեր ծառաներից այնպիսիներին ընտրել տանելու համար, որ համ սրտումը քաջություն ունենա, համ գլխումը խելք:

Վարդապետը նայեց հասցեներին, նամակները գրված էին Սյունյաց աշխարհի նշանավոր իշխանների և մելիքների անուններով:

– Դուք արդեն հրավիրո՞ւմ եք նրանց, – հարցրեց վարդապետը հետաքրքրությամբ:

– Հրավիրում եմ… «Բեկը» արդեն հայտնվել է… – պատասխանեց սրբազանը:

Այս խոսքը այն աստիճան ուրախություն ազդեց երիտասարդ աբեղայի մեջ, որքան չէր ուրախանա մի բարեպաշտ իսրայելացի, եթե նրան ասեն. «Մեսիան հայտնվել է, որ պիտի վերանորոգե քանդված Երուսաղեմը և պիտի վերականգնե Դավթի թագավորությունը»:

– Այս գիշեր լավ տեղեկություններ ստացա, Խորեն հայր սուրբ, Բեկը հասել է արդեն Սիսիան. այնտեղ Ուչ-Թեփեի դաշտավայրի վրա զարկել է Կարա-չոռլուների ցեղը. մեծ հաղթություն է գործել. ամբողջ Սիսիանը սարսափի մեջ է. թյուրքերը թողնելով իրանց գյուղերը, փախչում են դեպի լեռները: Տեղացի հայերը տեսնելով Բեկի փառավոր հաղթությունը, հավաքվում են նրա դրոշի տակ: Այժմ մոտ 500 ձևավոր ունի, բոլորը ամենաընտիր տղամարդիկ: Բայց գիտե՞ք քանի հոգով կատարեց նա իր առաջին հաղթությունը, – իր հետ Վրաստանից բերած քառասուն հոգով:

– Այդ հրա՛շք է, կատարյալ հրաշք, – բացականչեց երիտասարդ աբեղան և ուրախությունից չգիտեր ինչ անել:

– Այո՜, հրաշք է, և մի այդպիսի հրաշք պետք էր: Կույր ժողովուրդը միշտ հրաշք է պահանջում. նա սեփական հավատ չունի: Հիսուն Քրիստոսը քանի որ խոսքերով էր քարոզում, ոչ ոք չէր լսում, բայց երբ սկսեց հրաշքներ գործել, ժողովուրդը հետևեց նրան: Այսպես էլ Բեկը իր հետևողներն ունեցավ. հաղթության հենց մյուս օրը հավաքվեցան նրա մոտ ավելի քան չորս հարյուր ձիավորներ:

– Այդ տեղեկությունները ումի՞ց ստացաք:

– Իշխան Ստեփաննոս Շահումյանից: Կարող եք կարդալ նրա նամակը, որ ստացա բանակից: – Սրբազանը տվեց նրան մի նամակ, որ գրված էր շտապ ձեռքով:

Նամակի մեջ նկարագրված էր Ուչ-թեփեի արշավանքի մանրամասները, թե ի՜նչպես Բեկը գիշերով հանկարծ հարձակում գործեց Կարա-չոռլուների վրա, և ո’րպես նրանք խռվության մեջ ընկան, կարծելով, թե զորքերի ահագին բազմության հետ գործ ունեն, այդ պատճառով մեծ մասը իրանց չադրները ու անասունները թողնելով փախան, իսկ նրանք, որ ընդդիմադրություն գործեցին, սաստիկ ջարդվեցան: Իշխանը իր նամակը վերջացնում էր, հրավիրելով սրբազանին Բեկի մոտ մի քանի կարևոր կարգադրությունների մասին խորհրդակցելու համար:

– Ուրեմն դուք պետք է գնա՞ք, – հարցրեց Խորեն հայր սուրբը` նամակը կարդալուց հետո:

– Ես պատրաստվում եմ իսկույն ճանապարհ ընկնել, – պատասխանեց սրբազանը: – Նոր և ավելի ուրախալի համբավ ևս կհաղորդեմ ձեզ` Շընհերը‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡‡ գրավված է Բեկի կամավորներով:

– Շընհե՞րը… մի՞թե, ե՞րբ… – հարցրեց հայր սուրբը, դժվարանալով հավատալ իր ականջներին:

– Ուչ-թեփեի արշավանքից հետո, երբ Բեկի հաղթության լուրը տարածվում է Սիսիանի մեջ, ինչպես ասեցի ձեզ, հավաքվում են նրա մոտ ավելի քան չորս հարյուր կամավորներ: Դրանցից շատերը զենք և ձիաներ չեն ունենում: Բեկը զինավորում է նրանց Կարա-չոռլուներից խլած ավարով, և առանց ժամանակ կորցնելու, սկսում է դիմել դեպի Շընհեր: Շընհերը առանց կռիվի անձնատուր է լինում, և տեղային հայերը միանում են Բեկի հետ: Նրա ուժերը այժմ ավելի զորություն են ստանում, մանավանդ, երբ Բեկը զարկում է շրջակա այլազգիներին և նրանցից խլած զենքերը բաժանում է իր նոր կամավորներին:

– Այդ լա՛վ է, – հայր սուրբը ծիծաղելով ընդհատեց սրբազանի պատմությունը. – թշնամիներից խլել և իր կամավորներին զինավորել: Ասպիսով Բեկը մեծ ծախսեր չի ունենա:

– Այսպես էլ պետք է, – պատասխանեց սրբազանը. – մի՞թե պարսիկները մեզ հետ միևնույն կերպով չէին վարվում: Մեր փողը, մեր կայքը, մեր զենքերը խլում էին, իրանց համար ասպատակներ էին պատրաստում ու հետ դառնում կրկին մեզ կողոպտում, կրկին մեր զենքերով մեր արյունն էին թափում: «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» – այդ օրենք է, և Բեկը խիստ խելացի կերպով է վարվում, որ հետևում է այդ օրենքին:

– Բայց նոր առակ լվարուք, Խորեն հայր սուրբ, – շարունակեց սրբազանը: – Շընհերը գրավելուց հետո և շրջակա այլազգիներին ջարդելուց հետո, պարսիկների Ջվանշիր կոչված ցեղը, որ շատ հեռու չէ այնտեղից, լսում է Բեկի հաղթությունները և կատաղում է: Տասնևվեց հազար հոգով դրանք գալիս են Բեկի վրա: Կռիվը տևում է երկու ամբողջ օր և երկու ամբողջ գիշեր, վերջը Ջվանշիրները հաղթվում են, և թողնելով պատերազմի դաշտում ահագին ավար, սկսում են փախչել: Ջվանշիներին օգնության են հասնում Կուրթլար ավանի պարսիկները: Բեկը ուղարկում է նրանց դեմ Մխիթար սպարապետին և հրամայում է բոլորովին ոչնչացնել այդ ավանը: Այժմ Կուրթլարը ներկայացնում է մոխիրի ահագին կույտ միայն, իսկ բնակիչներին սրից անց է կացրած:

– Այդ, եթե չասեմ անգթություն է, բայց փոքր-ինչ խիստ է, – նկատեց հայր սուրբը:

– Դուք սխալվում եք, Խորեն հայր սուրբ, – պատասխանեց սրբազանը: – Բեկի սկսած գործի հաջողության ամենագլխավոր պայմանը ոչ թե նրա հաղթությունները կարող են լինել, այլ այն սարսափը, որ նա կտարածե թշնամիների վրա: Իսկ թշնամուն սարսափի մեջ ձգելու համար, գոնե սկզբում այս տեսակ անգթությունները պետք են: Եվ Բեկը այդ անհրաժեշտությունը շատ լավ է հասկանում: Գազանների հետ բարեսրտությամբ ոչինչ չես կարող շինել:

– Մի բան էլ կա, – առաջ տարավ սրբազանը. – Բեկի այս տեսակ գործողությունները ոչ միայն մեծ սարսափ կտարածեն մահմեդականների վրա, այլ սաստիկ ազդեցություն կունենան նույնիսկ հայերի վրա, որոնք առանց առաջնորդի, առանց ուղեցույցի միշտ դժվարանում են գտնել ուղիղ և անմոլոր ճանապարհը: Նա իր հաղթություններով նպաստեց և մեր նպատակներին: Ես մեծ վստահություն չէի ունենալ, թե իմ նամակներով, թե իմ հրավերքով հայոց իշխանները կհավաքվեին այստեղ և կմիանային Բեկի հետ, եթե նա այդ հրաշքները գործած չլիներ: Համարյա մեկ շաբաթվա մեջ նա կատարեց չորս փառավոր հաղթություններ, ինչպես են` Ուչ-թեփեի, Շընհերի, Ջիվանշիրների և Կուրթլարի ճակատամարտը, և այդ բոլորը սկսեց նա քառասուն հոգով:

– Վերջին տեղեկությունները նույնպես Ստեփաննոս իշխա՞նն է հաղորդել ձեզ, սրբազան, – հարցրեց Խորն հայր սուրբը:

– Նա է հաղորդել: Բայց մենք ուշանում ենք, Խորն հայր սուրբ, – խոսքը փոխեց սրբազանը, նամակների ծրարները գրասեղանի վրայից առնելով և նրան տալով: – Այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղրկվեն: Շուտով կկատարվի սուրբ Վարդանանց նահատակների հոգեհանգիստը: Ես իմ նամակների մեջ նշանակել եմ, որ այդ հանդիսավոր տոնին բոլորը այստեղ գտնվեն, որպեսզի այդ խորհրդավոր օրում կնքվի և խորհրդավոր գործի ուխտը:

– Նամակները ես ինքս կտանեմ, – ասաց Խորն հայր սուրբը;

– Դուք նոր եկաք ճանապարհից, բավական հոգնած կլինեք, – պատասխանեց սրբազանը:

– Ձեր հաղորդած ուրախալի տեղեկությունները բոլորովին կազդուրեցին իմ հոգնածությունը: Այդ նամակների հետ նշանակություն ունի և կենդանի խոսքը: Թույլ տվեցեք, սրբազան, որ այդ ցանկալի դեսպանախոսությունը ես կատարեմ:

– Օրհնյալ լինիք, որդի, ասաց սրբազանը: Իսկ Խորեն հայր սուրբը, առնելով նամակների ծրարները, համբուրեց իր մեծավորի աջը և հեռացավ:

Արեգակը արդեն ծագել էր: Վանքի ծառազարդ շրջակայքը վառվում էին առաջին ճառագայթների ջերմ լույսով: Առավոտյան ժամերգությունը ավարտված էր: Վանքի բազմաթիվ միաբանները դուրս գալով աստուծո տնից, այլևս իրանց սովորության համեմատ չէին նստած բակի ծառերի հովանիների տակ և ժամանակը սպանում դատարկ շատախոսություններով կամ բամբասանքով: Նրանք առանձնացել էին իրանց մթին խցերում, ինչ-որ գործով լուռ ու մունջ զբաղված էին: Եթե մեկը աներևույթ հոգու նման մտներ նրանց փակված խցերի դռնից, կտեսներ, որ այս Սաղմոս և Նարեկ կարդացող ծույլ մարդիկը, նստած իրանց մենարանների խուլ գաղտնարանում, վառոդից և գնդակներից փամփուշտներ են շինում:

Այդ միջոցին վանքի ախոռապետ հայր սուրբը ներս մտավ սրբազանի սենյակը, հայտնեց, թե ձիաները պատրաստ են:

– Իսկ թվանքչիները (հրացանավորները) նույնպես պատրա՞ստ են, – հարցրեց սրբազանը:

– Պատրաստ են, որպես հրամայեցիք, տասնևերկու ձիավորներ:

– Լավ, ես այս րոպեից դուրս կգամ, կանչեցեք ինձ մոտ Մեսրոպ սրբազանին:

Ախոռապետ հայր սուրբը հեռացավ: Քանի րոպեից հետո ներս մտավ մի ծերունի եպիսկոպոս, սպիտակ, փառավոր մորուքով: Դա սրբազանի տեղապահը և վանքի կառավարիչն էր նրա բացակայության ժամանակ:

– Հայր Մեսրոպ, – ասաց նրան սրբազանը` կանգնելով և պատրաստվելով ճանաարհի համար, – ես այս րոպեիս գնում եմ Շընհեր` Բեկի հետ տեսնվելու, դուք, իհարկե, գիտեք, թե ինչ կարգադրություններ պիտի անեք իմ գնալուց հետո: Մենք երեկ բավական խոսեցինք այդ մասին:

– Գիտեմ… – պատասխանեց Մեսրոպ եպիսկոպոսը. – իմ ծերացած հիշողությունը դեռ այնքան չէ բթացել, որ մոռանամ, ընդհակառակն, այդ վերջին օրերում բավական սրվել է…

– Գոհություն աստուծո, – ասաց սրբազանը ժպտելով, և տալով իր տեղապահին մի քանի նոր պատվերներ, միասին դուրս եկան սենյակից:

Վանքի դռանը սպասում էին տեսնևերկու զինված ձիավորներ. այնտեղ պահած էր և սրբազանի երիվարը: Նա դուրս եկավ, երեսը խաչակնքելով, նստեց իր ձին և գնաց դեպի Շընհեր, Բեկի բանակը:

Դա Տաթևի վանահայր, միևնույն ժամանակ Սյունյաց աշխարհի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսն էր:

Է

Տաթևի վանքը թե իր շինվածքների ընդարձակությամբ և թե իր ամրություններով ամեն հարմարություններ ուներ բերդի տեղ ծառայելու: Այս պատճառով Դավիթ բեկը ընտրեց նրան որպես կենտրոն իր գործողությունների:

Կար և մի ուրիշ բան. այդ վանքը, որպես Սյունյաց աշխարհի հոգևոր կառավարության մայր աթոռը, ուներ ահագին հարստություն: Վանքի միաբանությունը իր հարստությունը դրեց Բեկի տրամադրության ներքո, իրավունք տալով նրան, գործ ածել իր պատերազմական ծախքեի համար, որպես կբարեհաճի: Ավելի քան ութ հարյուր տարի գոյություն ունեցող այդ վանքը, դարերի ընթացքում, դիզել էր արծաթի, ոսկու, թանկագին քարերի մեծ քանակություն: Ամեն մի թագավոր, ամեն մի թագուհի, ամեն մի իշխան և իշխանուհի, իր հոգու փրկության համար, նվիրել էր վանքին` որը գյուղ, որը ագարակ, որը ընդարձակ անտառներ, որը թանկագին անոթներ, խաչեր և այլն: Զանազան ժամանակներում պատահած հափշտակությունները, ավարառությունները չէին կարողացել բոլորովին սպառել այդ ահագին հարստությունը: Վանքի գաղտնի պահարանները խիստ ապահով տեղեր էին ասպատակների ձեռքից նրանց պահպանելու համար:

Վանահոր կացարանը բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնց դռները բացվում էին միմյանց մեջ: Դրանցից մեկը, որ ետևի կողմումն էր, ուներ մի նեղ լուսամուտ միայն առաստաղի մոտ և այնքան մութն էր, որ ցերեկով ևս պետք էր ճրագ վառել մի բան տեսնելու համար: Այստեղ միայնակ նստած էր մի ծերունի աբեղա և նրա առջև դրած էր մի շարժական քուրա, որ ասիական ոսկերիչների հալոցի ճիշտ նմանությունը ուներ: Նա մի ձեռքով փչում էր փուքսը, իսկ մյուսով, որով բռնած ուներ փոքրիկ ունելի, անդադար շարժում էր ածուխները, որ ավելի շիկանան, որ ավելի բոցավառվեն: Ածուխների մեջ ծածկված էր մի մեծ բութակ, որի մեջ հալվում էր մետաղ: Ծերունի աբեղան դեռ իր գործողությունը չէր վերջացրել, երբ ներս մտավ վանահայրը` Ներսես սրբազանը:

– Տեսնո՞ւմ եք, Վահան հայր սուրբ, – ասաց նա ծիծաղելով, – ձեր ոսկերչությունը վերջապես պետք եկավ մեզ:

Վահան հայր սուրբը միայն բարեսրտությամբ ժպտաց և շարունակեց փուքսը փչել: Նա իր պատանեկության հասակում, իրավ, ոսկերչի աշակերտ էր, վարպետից փախչելով, եկավ վանքը և աբեղա դարձավ:

– Այդ ի՞նչ եք հալում, – հարցրեց սրբազանը` նայելով քուրայի մեջ:

– «Սուրբ սքանչելագործի» աջը, – պատասխանեց աբեղան, և նկատելով, որ մետաղը բոլորովին հալված էր, բութակը ունելիով դուրս հանեց քուրայի միջից և հեղուկ դարձած արծաթը խնամքով ածեց մի կաղապարի մեջ, ուր սառչելով, երկայն շերտի ձև ստացավ: Հետո կաղապարի միջից դուրս հանեց շերտը, դրեց մյուսների մոտ, որ դիզված էին միմյանց վրա:

Վանահայրը սկսեց համբարել արծաթե շերտերը: Երբ վերջացրեց, նա դարձավ դեպի ծերունի աբեղան, հարցնելով.

– Երևում է, դեռ բոլորը չեք վերջացրել, Վահան հայ սուրբ: – Շա՞տ է մնացել:

Չսպասելով Վահան հայր սուրբի պատասխանին, որն ինքն էլ չգիտեր, թե որքան է մնացել, – վանահայրը մոտեցավ մի ահագին արկղի, որ շինված էր ամուր սև փայտից և գամած երկաթներով: Նրա մեջ լցրած էին զանազան արծաթյա անոթներ, խաչեր, բուրվառներ, աշտանակներ և այլ եկեղեցական սպասներ:

Վանահայրը վեր առեց մի գեղեցիկ սկիհ, սկսեց նայել: Սկիհի պատվանդանի վրա բավական ճարտարությամբ քանդակված էր նվիրողի անունը: Վանահայրը կարդալով այդ, ասաց.

– Մոտ վեց հարյուր տարվա հնություն է, հայոց Լևոն թագավորից ընծայված: Երբ Սյունյաց Հայրապետ եպիսկոպոսը գնաց Երուսաղեմ, Կիլիկիայով անցավ. այնտեղ տեսնվեցավ Լևոնի հետ: Թագավորը նվիրեց մեր վանքին այդ սկիհը ուրիշ շատ անոթների հետ: Այնօրից մեր միաբանությունը սահմանեց ամեն տարի զատկի միաշաբաթի օրը պատարագի ժամանակ հիշել բարեպաշտ թագավորի հիշատակը:

– Մենք կշարունակենք դարձյալ հիշել, – ասաց Վահան հայր սուրբը, – բայց սկիհը կհալենք այդ քուրայի մեջ, որովհետև այժմ նա ուրիշ բանի պետք է: – Վերջին խոսքերի հետ նա առեց սկիհը, և դնելով զնդանի վրա, մուրճով ջարդեց, հետո ձգեց բութակի մեջ:

Վանահայրը վեր առեց մի ահագին արծաթե կոնք (լագան), որի մեջ ոտնալվայի խորհուրդը կատարելու ժամանակ լվանում էին միաբանների ոտները:

– Այդ կոնքը Սյունյաց Փիլիպպե գահերեց իշխանի նվիրածն է, – ասաց վանահայրը: – Նա ընծայեց մեր վանքին ահագին կայք ու կալվածներ: Տաթև գյուղը, Արծիվ գյուղը, Բերդկամեջ գյուղը նրա հայրենական կալվածքներն էին, բոլորը տվեց մեր վանքին: Նա շինեց վանքի մոտ և սուրբ Լուսավորիչ անունով եկեղեցին: Այն ժամանակվա վանահայր Դավիթ եպիսկոպոսը պարտավորացրեց վանքի միաբանությանը, որ ամեն տարի իշխանի հոգու փրկության համար քառասուն օր պատարագ մատուցանեն և վաթսուն օր «Տեր ողորմյա» ասեն:

– Մենք այսուհետև յոթանասուն օր «Տեր ողորմյա» կասենք իշխանի հոգու փրկության համար, – պատասխանեց ծերունի աբեղան, – այսուամենայնիվ, նրա նվիրած կոնքը պետք է մտնի իմ քուրայի մեջ:

Այնուհետև վանահայրը վեր առեց մի փոքրիկ արծաթե արկղիկ, զարդարած գեղեցիկ քանդակներով և ոսկեջրած: Նրա մեջ պահվում էր սուրբ աստվածածնի գիսակների մի մասը:

– Այդ արկղիկը, – ասաց նա, – ընծայել է աղվանից Վարազ-Տրդատ անունով գահերեց իշխանի դուստրը` Շահանդուխտ օրիորդը: Երբ հայկազուն իշխանները նրան հարսնության էին տանում Բաղաց երկիրը, և երբ հասան Տաթևի հանդեպ, այդ միջոցին վրա հասան մի գունդ սպառազինված պարսիկներ: Նրանք կամենում էին առևանգել չքնաղագեղ օրիորդին և իրանց թագավորի համար տանել: Օրիորդը անօրենների ձեռքը չընկնելու համար, երեսը խաչակնքեց, մտրակեց իր ձին, և ահագին բարձրությունից գահավեժ եղավ խորին անդունդի մեջ: Աստուծո հրեշտակները նրան օգնության հասան, և կարծես կառքի մեջ նստած, անվնաս իջավ անդունդի հատակի վրա: Նույն տեղում բարեպաշտ օրիորդը շինեց մատուռ և այնուհետև իր անձը նվիրեց ճգնության: Վերջը այդ մատուռը կուսանոց դարձավ: Նա իր հարստության կեսը բաժանեց կարոտյալներին, իսկ մնացածը նվիրեց մեր վանքին: Շընհերի սահմաններից սկսած մինչև Գինական գետը, մեր ունեցած կալվածքների բոլորը նրա ընծայածն է: Իսկ այդ գեղեցիկ արկղիկի մեջ պահում էր նա իր հարսնության գոհարեղենները; Նա այդ գոհարեղենները վաճառեց, արծաթը բաժանեց աղքատներին, իսկ արկղիկը նվիրեց մեր վանքին, որ դրա մեջ պահվի սուրբ աստվածածնի գիսակները:

– Աստված հոգին լուսավորեսցե, – պատասխանեց ծերունի աբեղան. – մենք այսուհետև սուրբ Աստվածածնի գիսակները մի հասարակ տուփի մեջ կպահենք. այդ մասին ես հավատացած եմ, որ սուրբ աստվածածինը չի բարկանա:

– Ես էլ կարծում եմ, որ չի բարկանա, – պատասխանեց սրբազանը և վեր առեց արկղի միջից մի արծաթե բուրվառ:

– Այս բուրվառը, – ասաց նա, – Սյունյաց տիկին Շուշանի նվերն է: Նա Աշոտ իշխանի ամուսինն էր: Դրա ժամանակում Վայոց ձորի լեռների մեջ ցրված էին մի կարգ կրոնավորներ, որոնց «խոտաճարակներ» էին կոչում: Եվ իրավ, այդ ճգնավորները ոչ հաց, ոչ միս և ոչ էլ այն բոլոր ուտեստները, որ գործ են ածում մարդիկ, չէին ուտում: Կերակրվում էին բանջարներով, ընդեղեններով, որ գտնում էին լեռների մեջ: Մարդկային բնակության չէին մոտենում, և երբ հեռվից մարդիկ էին տեսնում, իսկույն փախչում էին ու թաքնվում քարերի մեջ: Զարմանալին այն էր, որ այդ կրոնավորները հագուստ չէին հագնում, բոլորն էլ Ադամի նման մերկ էին: Պատմում են, որ նրանց մորուքի, գլխի և մարմնի մազերը այնքան աճում էին, որ ծածկում էին նրանց մերկությունը: Այրերը, լեռների մեջ գտնվող քարանձավները նրանց ծառայում էին որպես բնակարան: Միայն կիրակի օրերը հավաքվում էին մի տեղ և կատարում էին պատարագի խորհուրդը, հետո կրկին ցրիվ էին գալիս լեռների մեջ և միմյանց երես չէին տեսնում: Շուշան տիկինը, ցանկանալով մի տեղ հավաքել այդ կրոնավորներին, նույն լեռների մեջ շինեց մի վանք, որ կոչվեցավ «խոտաճարակաց» վանք: Նա նվիրեց այդ վանքին իր սեփական Արաստամուխ անունով գյուղը որպես մշտական ժառանգություն: Խոտաճարակները հավաքվեցան այդ վանքում, բայց երկար ժամանակ չթողեցին իրանց սովորությունները. դարձյալ կերակրվում էին բանջարեղեններով. դարձյալ հագուստ չէին հագնում, կրում էին երկայն, սպիտակ շապիկ միայն, ոտնամաններ չունեին, ման էին գալիս բոբիկ ոտներով: Այդ Շուշան տիկինը շինեց ուրիշ հինգ եկեղեցիներ իր հինգ որդիների հիշատակը անմահացնելու համար:

– Հինգ եկեղեցինե՛ր… – կրկնեց Վահան հայր սուրբը, գլուխը շարժելով, – որոնցից մեկն էլ այժմ չէ մնացել:

– Չէ մնացել… Քարն ու կիրը երկար ժամանակ չեն պահպանում մարդերի հիշատակը. նրանք ժամանակների հետ քսվում են, մաշվում են և անհետանում են, իրանց կառուցողների հիշատակն էլ իրանց հետ տանելով:

Այդ խոսքերը սաստիկ դառնությամբ արտասանեց սրբազանը, կարծես, նրա սրտի վրա ծանրացած էր մի անախորժ բեռ, որ կամենում էր թոթափել:

– Այն օրից, Վահան հայր սուրբ, երբ մեր թագավորները, իշխանները ու իշխանուհիները սկսեցին իրանց հարստությունը վատնել եկեղեցիների ու վանքերի թիվը բազմացնելու, – այն օրից մեր զորությունը օրըստօրե թուլացավ, և մենք բոլորովին ընկանք: Երբ Հիսուս Քրիստոսին ցույց տվեցին Երուսաղեմի տաճարի շքեղությունը, այն տաճարի, որ կուլ էր տվել Իսրայելի մի քանի ամենահարուստ թագավորների գանձերը, – Հիսուս Քրիստոսը ասաց նրանց. «Կգա մի օր, որ մի քար էլ չի մնա քարի վրա»: Նրան չէր հետաքրքրում հոյակապ տաճարի փառքը. նրան ավելի թանկագին էր մի ճշմարիտ հավատացող, որի սիրտը աստուծո համար ամենամաքուր տաճար է: Երևակայեցեք, միայն Սյունյաց աշխարհում մենք ունենք 43 հոյակապ վանքեր, իսկ երեք հատ օրինավոր բերդեր չունենք: Այլևս չեմ խոսում եկեղեցիների մասին, որոնք թիվ չունեն: Այդ վանքերից ամեն մեկը ունի իր ընդարձակ կալվածքները, սեփական գյուղերը, անտառները և այլն: Բայց ի՞նչ օգուտ են քաղում նրանցից: Օրինակ, վեր առնենք մեր վանքը. նա ունի այնքան գյուղեր, այնքան լայնատարած հողեր, որոնց վրա մի փոքրիկ իշխանություն կարելի է հիմնել: Բայց մեր ձեռքը գցելով այդ երկրները, դարձրել ենք բոլորովին ապարդյուն:

– Հողերի հարցը թողնենք, – սրբազանի խոսքը ընդհատեց Վահան հայր սուրբը, – դուք տվեցեք ինձ Շուշան տիկնոջ ընծայված բուրվառը:

Սրբազանը տվեց նրան բուրվառը, որ դեռ իր ձեռքում պահած ուներ: Վահան հայր սուրբը մուրճի տակ ջարդելով նրան, ասաց.

– Այդ հոյակապ բուրվառը մենք գործ էինք ածում հանդիսավոր օրերում` միայն մեր վանքի տաճարը խնկարկելու համար: Այժմ կհալենք, նրա արծաթով հրացան կգնենք: Վառոդի ծուխը այժմ ավելի փրկարար է մեզ համար, քան թե խունկի ծուխը:

Վանահոր` Ներսես արքեպիսկոպոսի նպատակն էլ հենց այդ էր, որ վանքի ավելորդ արծաթեղենները վաճառքի հանե` ստացած փողը պատերազմական գործողությունների համար գործ դնելու: Իհարկե, այդ արծաթեղենները, որպես եկեղեցական անոթներ, իրանց ողջ ձևով ոչ մի քրիստոնյա չէր գնի, այդ պատճառով հալում էին նրանց:

Սրբազանը թողեց Վահան հայր սուրբին շարունակել իր գործը, իսկ ինքը դուրս եկավ սենյակից, երբ նրան հայտնեցին, թե Դավիթ բեկը կանչում է: Նա դիմեց դեպի վանքի թանաբին (դահլիճը), ուր այդ միջոցին առանձնացած էր Բեկը: Նրա մոտ նստած էին` Մխիթար սպարապետը, Թորոս իշխանը, Մելիք-Փարսադանը, նրա փեսա տեր Ավետիքը և իր սիրելին` Ստեփաննոս Շահումյանը:

Դահլիճի պարսկական ձևով շինված փենջերեները (լուսամուտ) նայում էին դեպի ընդարձակ բակը, որ զարդարված էր դեռ նոր տերևները բաց արած ծառերով: Բակում ոչ ոք չէր երևում: Վանքի դռները դեռ կողպված էին, թեև առավոտից մի քանի ժամ անցել էր:

Այդ միջոցին դեպի վանքը տանող ճանապարհով գալիս էին մի խումբ ձիավորներ, որ բերում էին իրանց հետ մի կալանավոր: Վերջինը ոտքով էր գնում, նրա ձեռքերը ետևի կողմից կապված էին մեջքի վրա, իսկ երկայն պարանի ծայրը բռնած ուներ մի ձիավոր: Այդ դրության մեջ նա նմանում էր մի փախստական շան, որի վզից թոկով կապելով, ձիավորը իր ետևից քարշ է տալիս, և նա ստիպված է իր ընթացքը հարմարեցնել ձիու քայլերին, եթե ոչ կխեղդվի:

Երբ մոտեցան վանքին, մի քանի մարդիկ հեռվից տեսնելով նրանց, գոչեցին. «Բերեցի՛ն… բերեցի՜ն…», և վազելով վանքը, շտապեցին ուրախալի համբավը տանել:

Ձիավորները իջան վանքի դռանը, և կալանավորին իրանց առջևը առած, ներս տարան: Նրա կնճռած դեմքի վրա չէր երևում սարսափած կամ հուսահատված մարդու գունաթափությունը, ընդհակառակն, բավական հանգիստ կարելի է համարել նրան, եթե աչքերի մեջ չնկատվեր մի տեսակ գազանային կատաղություն: Երբ նրան հասցրին դահլիճի առջև, լուսամուտները ներսից բացվեցան, Դավիթ բեկը իր մոտ նստած ավագների հետ մոտեցավ լուսամուտներին և սկսեցին վերևից նայել կալանավորի վրա:

Ցեխոտված, փոշիներում թաթախված, այդ պատառոտած հագուստով մարդուն այժմ դժվար էր ճանաչել: Այն մարդը, որ ամբողջ երկիրը պահել էր ահի և սարսափի մեջ, այժմ մի թրջված հավի էր նմանում:

Բայինդուր իշխանը, որ նրան բերող ձիավորներից մեկն էր, առաջ անցավ, ասելով. – ահա, Սյունյաց աշխարհի քանդողը: Թույլ տվեցեք ինձ հենց այս րոպեիս դրան բարձրացնեմ սուրբ երրորդության սյունի վրա և այնտեղից ցած գլորեմ, որ իր արժանավոր հատուցումը ստանա:

– Ո՞րտեղից բռնեցիք, – հարցրին վերևից:

– Ճանապարհից: Նզովից արմատը գնում է Ֆաթայի խանի մոտ, մեր դեմ պատերազմի պատրաստվելու համար, բայց չգիտեր, որ պարսից թագավորի «բաթման ղլիճի» ձեռքից ինքը սատանան էլ չի կարող պրծնիլ:

– Անիծյա՜լ… – ասաց սրբազանը, նայելով չարագործի վրա:

– Ի՜նչ գարշելի դեմք ունի… – ասաց Մխիթար սպարապետը:

Դավիթ բեկը ոչինչ չխոսեց: Այդ մարդուն նա առաջին անգամն էր տեսնում: Այդ մարդը նրա հոր, մոր, ազգականների դահիճն էր: Այդ մարդն էր վառել այն կրակը, որի միջից նա մի բախտով ազատվեցավ իր պատանեկության հասակում: Այժմ հին եղեռնագործը, գլուխը դեպի ցած խոնարհած, կանգնել էր նրա առջև:

– Տարեք, բանտարկեցեք, – ասաց Բեկը և հեռացավ լուսամուտից:

Կալանավորը մեր նախածանոթ մելիք Դավիթ ուրացողն էր:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
630 s. 1 illüstrasyon
ISBN:
9785000649824
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Seriye dahil "Столетие геноцида армян"
Serinin tüm kitapları
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 4,4, 59 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 9 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 14 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,4, 7 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 1, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,3, 3 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 12 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 48 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 10 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 7 oylamaya göre