Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 21

Yazı tipi:

Ը

Վանքը մերկանում էր իր տաճարի զարդերը: Խաչերը, բուրվառները, սկիհները, որ մինչև այն օր ծառայում էին որպես անոթներ, որ գործ էին դրվում մեղքերի քավության համար, – այդ դարավոր հարստությունները այժմ սկսվեցան գործ ածվիլ հայրենիքի փրկության համար: Այդ ժամանակ ինքը ժողովուրդը ոչ սակավ զոհաբերություններ էր անում: Ծնողներից որն որ ունևոր էր և պատերազմելու ընդունակ որդի ուներ, իր ծախքով զինվորում էր նրան և ուղարկում էր կռվելու: Իսկ այն ընտանիքները, որ զուրկ էին չափահաս տղամարդից, օգնում էին իրանց աղքատ դրացուն. եթե ձի չուներ, ձի էին տալիս նրան, եթե զենք չուներ, զենք էին տալիս: Եվ այսպես, ընդհանուր զինվորությունը օրըստօրե աճում էր, ընդարձակվում էր ժողովրդի ջերմ ոգևորության հետ:

Այլևս սեփականության իմուքոյություն չկար: Ով ինչ որ ուներ, բոլորը ծառայում էին միայն մեկ նպատակի և այդ նպատակը ամենի համար սուրբ էր: Եթե գտնվում էին այնպիսիները, որոնք խնայում էին, որոնք չէին ցանկանում նվիրել, պատահած կամավոր զինվորը համարձակություն ուներ մտնել նրա տունը և իրան հարկավոր եղած բանը` մի ձի, մի զենք դուրս տանել, ասելով.

– Քեզ համար միևնույն է, այդ խո պարսիկը պիտի տաներ, և դու լուռ ու մունջ պիտի մտիկ տայիր: Այժմ ինձ պետք է. ես գնում եմ պարսիկի հետ կռվելու և քեզ նրա հարստահարությունից ազատելու: Գոնե քո որդիների կայքը ապահովված կլինի:

Թե Բեկը և թե նրա զորապետները այս տեսակի կամայականությունների վրա միշտ ներողամտությամբ էին նայում:

Ուխտադրության օրվա երեկոյան պահուն վանքի մեջ տեղի ունեցավ մի սրտաշարժ տեսարան: Բեկը նստած էր դահլիճում, նրան շրջապատել էին իր ավագները: Վանքի հյուրընկալը ներս մտավ, հայտնեց, թե կնիկների մի պատգամավորություն կամենում է ներկայանալ:

– Կնիկների պատգամավորությո՛ւն… – կրկնեց Բեկը ժպտալով. – տեսնենք ի՞նչ են կամենում մեր քույրիկները:

Նա վերկացավ, և գեղեցիկ սեռը ավելի հարգած լինելու համար, ինքը անձամբ գնաց նրանց դիմավորելու: Ներսես արքեպիսկոպոսը և բոլոր ավագները, որ դահլիճում նստած էին, գնացին նրա հետ:

Մի քանի հարյուր կնիկներ լցրել էին վանքի բակը: Հայոց աշխարհի այդ համեստուհիները, որոնք հայ կնոջ վաղեմի սովորությամբ երեսները միշտ կալած ունեին և ցույց էին տալիս իրանց ամենամերձավոր ազգականներին միայն, – այն օր, ընդհակառակն, բոլորի երեսներն էլ բաց էին: Կարծես, նրանք ներկայանում էին հարազատ եղբորը կամ իրենց ծնողին: Դրանք Տաթևի ավանիցն էին: Երբ Բեկը հայտնվեցավ բակում, նրանցից երկուսը բաժանվեցան խումբից և առաջ եկան: Մեկը Տաթևի ավագ քահանայի երեցկինն էր, իսկ մյուսը նույն տեղի տանուտիրոջ տիկինն էր:

– Մեր տղամարդիկը, – ասաց երեցկինը առաջ ընթանալով, – զոհում են իրանց կյանքը, իրանց արյունը մեր հայրնիքի ազատության համար. իսկ մենք` կնիկներս, որպեսզի անմասն չմնանք սուրբ գործից, նվիրում ենք մեր զարդերը: Ընդունեցեք, Բեկ, մեր կողմից այդ փոքրիկ նվերը, որպես նշան մեր համակրության և խորին զգացմունքի: Այդ զարդերով թող զենք, վառոդ ու գնդակ գնվի, թող մեր երկրի տղամարդիկը պատերազմեն նրանցով: Երբ նրանց հաղթության համբավը կլսենք, այնուհետև մեր ամենաթանկագին զարդը կլինի նրանց քաջությունը:

Բեկը չկարողացավ թաքցնել իր սրտի ամենազգալի ցնցումը: Ուրախության արտասուքը դուրս ցայտեց նրա խորախորհուրդ աչքերից, երբ մի քանի ուրիշ կնիկներ առաջ մատուցին պղնձե սինիների վրա դիզած նվերները: Այդ նրանց զարդերն էին: Սինիների մեջ կային` գինտեր, մատանիներ, պարանոցի մանյակներ, ապարանջաններ և զանազան այլ տեսակ արծաթեղեն, ոսկեղեն զարդեր: Առաջին սինու վրա դրած էր մի փունջ ծաղիկ: Պսակ պատրաստելու գաղափարը դեռ անծանոթ էր նրանց: Տանուտերի կինը, որ ավելի մանկահասակ էր, քան թե առաջինը, վեր առեց փունջը և իր ձեռքով տվեց Բեկին: Նա, երևի, կամենում էր մի բան ասել, բայց շփոթությունից լեզուն կապվեցավ: Իսկ այդ լուռ շփոթության մեջ զգացմունքի և շնորհակալության այնքան ազդու արտահայտություն կար, որ Բեկը իսկույն ըմբռնեց, թե ինչ էր կամենում ասել հայրենասեր կինը, և նրա ձեռքից առնելով փունջը, ասաց.

– Ձեր վարմունքով դուք նմանում եք ձեր հինգերորդ դարու քույրերին. նրանք էլ ձեզ պես նվիրեցին իրանց զարդերը հայրենիքի ազատության գործին: Նրանք նվիրեցին և իրանց արյունը, մասնակցելով կռվի մեջ: Իսկ եթե դուք չեք կարող հետևել նրանց օրինակին` վերք տալ և վերք ստանալ թշնամուց, գոնե ընդունեցեք դարմանել ձեր տղամարդերի վերքերը: Եվ այդ ամենամեծ առաքինությունն էր, որ կինը կարող է մատուցանել պատերազմող մարդուն:

– Մենք ամեն բանի պատրաստ ենք, ամեն զոհաբերություն հանձն կառնենք, – պատասխանեցին կնիկները: – Թշնամին մեր տունը քանդեց, մեր օջախի ծուխը մարեց, էլ ո՞ր օրվա համար ենք ապրում: Նա արատավորեց ամեն ինչ, որ սուրբ և մաքուր էր մեզ համար: Այլևս համբերություն չէ մնացել: Կամ պիտի միանգամով մեռնենք, կամ պիտի ազատվենք վատ դրությունից: Մենք մեր պատվի, մեր ընտանիքի, մեր կյանքի տերը չէինք: Որդիք էինք մեծացնում, նա էր տանում. անասուններ էինք հասցնում, նա էր տանում, մեր զավակների համար շալեր էինք գործում, կտավ էինք պատրաստում, նա էր տանում, իսկ մեր զավակները մնում էին մերկ: Նա մեզ մոտ ոչինչ չէր թողնում, ինչ որ լավ էր, ինչ որ մեզ հարկավոր էր: Էլ ինչի՞ն է պետք այսպիսի կյանքը, երբ մարդ իր գլխի, իր տան տերը չէ: Մենք շատ անգամ ցույց ենք տվել, թե հարկավոր ժամանակ ինչպես պետք է վարվել թշնամու հետ: Այն երևելի կինը, տաթևացի Սոնան, մեր քույրերից մեկն էր, որ իր գեղեցկությամբ հրապուրեց Ալի-խանին, և մի գիշեր իր տունը բերելով, գլուխը կտրեց: Նա մեր երկիրը ազատեց մի բռնակալից, թեև ինէն էլ իրան սպանեց գործողությունը կատարելուց հետո: Նրա պատմությունը մենք միշտ համակրությամբ ենք լսել մեր ծնողներից:

Թե Բեկը, թե Ներսես եպիսկոպոսը և թե այնտեղ կանգնած ավագները մեծ ուրախությամբ էին լսում կնիկների խոսքերը: Երբ նրանք ավարտեցին, եպիսկոպոսը ասաց.

– Ես հավատացած եմ, որ սյունեցի կինը նույնքան քաջասիրտ է, որքան սյունեցի տղամարդը: Բայց դուք մոռանում եք մի անցք, որ պատահեց մեզանից մոտ քսան տարի առաջ: Այդ անցքը կարող է ձեզ լավ օրինակ լինել: Պարսիկները տիրեցին Գենվազի ամբողջ գավառը, մնաց միայն Կալեր ավանը, որը չկամեցավ անձնատուր լինել և քաջությամբ պաշտպանվում էր: Վերջը պարսիկները խաբեությամբ տղամարդերին կանչեցին իրանց բանակը, հրամայեցին բոլորին կոտորել: Այդ դավաճանությունից հետո կամենում էին տիրել Կալերին: Բայց կնիկները զինվեցան թշնամու դեմ և սկսեցին կռվել: Երկար պաշտպանվում էին նրանք, իսկ երբ նկատեցին, որ այլևս ընդդիմանալ չեն կարող, թունավորեցին բոլոր աղբյուրները, և իրանց տներին կրակ տալով, պատսպարվեցան անտառների մեջ: Այդ բոլորը դուք գիտեք, շատ ժամանակ չէ անցել այն օրից:

Կնիկները հայտնեցին, որ ամեն մի դեպքում կաշխատեն հետևել իրանց արժանահիշատակ քույրերի օրինակին: Եվ նրանց ներկայացուցիչները` երեցկինն ու տանուտերի կինը համբուրեցին սրբազանի աջը, և նրա օրհնությունն առնելով, բոլորը գլուխ տվեցին, ուրախությամբ դուրս եկան վանքից:

Բեկը հրամայեց նրանց բերած նվերները տանել իր գանձարանը, որ արդեն կազմված էր վանքում: Հետո իր ավագների հետ դիմեց դեպի դահլիճը: Գնալու միջոցին եպիսկոպոսը մի առանձին ոգևորությամբ ասաց նրան.

– Տեսնո՞ւմ եք, Բեկ, իմ այսօրվա քարոզը հինգերորդ դարու կանանց մասին, երևում է ազդեցություն է գործել դրանց վրա: Ես ուրախությամբ նկատում էի, որ քարոզի ժամանակ տաճարում կային բազմաթիվ կնիկներ, որոնք ուշադրությամբ լսում էին ինձ: Ա՛խ, որպես սաստիկ ազդում են կենդանի քարոզները, որ ուղղակի վերաբերվում են իրական կյանքին: Ո՜րքան մեղավոր ենք մենք ժողովրդի առջև, ո՜րքան շատ կորցրել ենք մենք մեր նախապաշարմունքներով, անդադար խոսելով դժոխքի և արքայության վրա:

– Երանի՜ թե այդ տեսակ քարոզները մի քանի դար առաջուց կրկնվեին մեր եկեղեցու բեմից, այժմ մենք կգտնեինք հողը բոլորովին պատրաստ, – ասաց Բեկը տխրությամբ: – Բայց մենք հայերս սովորություն ունենք հիվանդի մասին մտածել միայն այն ժամանակ, երբ նրա կենսական ուժերը բոլորովին սպառված են, երբ բժշկի օգնությունը հազիվ թե կարող կլիներ ուղղել, կարգի բերել հիվանդի խանգարված կազմվածքը…

Վերադառնալով դահլիճը, Բեկը հենց նույն գիշերը կատարեց իր զինվորական կարգադրությունները: Նա իր ուժերը երկու գլխավոր մասերի բաժանեց. մեկին կոչում էր տիրապետող ուժ, իսկ մյուսին` «թշնամու գլուխը խառնող», այսինքն` նրան շփոթության մեջ գցող ուժ: Այս վերջինը կազմված էր զանազան մանր խումբերից, որոնք ավազակների հրոսակի բնավորություն ունեին: Խումբերից յուրաքանչյուրը ուներ իր առանձին առաջնորդը, որին անպայման կերպով պետք է խոնարհվեին ստորադրյալները: Ամեն մի խումբի թիվը հիսուն ձիավորից չէր անցնում: Նրանց նպատակը պետք է լիներ անակնկալ կերպով հարձակումներ գործել մահմեդականների կարավանների և գյուղերի վրա, այրել, հափշտակել և անցնել, առանց մի տեղում երկար մնալու: Այդ խումբերը, թեև առանձնացած պիտի գործեին, բայց ընդհանուր կապ պիտի ունենային միմյանց հետ, և հարկավորած ժամանակ, պետք է մինը մյուսին օգնության հասներ: Այս պատճառով յուրաքանչյուր վիճակի համար որոշված էին մի քանի խումբեր: Խմբապետը գլխավորապես այն անձինքն էին, որ Բեկը իր հետ բերել էր Վրաստանից: Լոռեցի Ավթանդիլ գնդապետը և երևանցի կաղ Օհանեսը, որ հայտնի էր իր ճարպկություններով, ուղարկվեցավ դեպի Հին Նախիջևանի կողմերը: Մեծ Գիորգին և փոքր Գիորգին ուղարկվեցան դեպի Զանգազորի կողմերը: Զաքարիա իշխանը և պատանի Մոսին ուղարկվեցան Երասխ գետի ափերի վրա` դեպի Բարգյուշատի կողմերը: Թաթեոս բեկը և գանձակեցի Եղիազար աղան ուղարկվեցան դեպի Սիսիանի կողմերը: Վաղարշապատցի Հարություն տանուտերը ուղարկվեցավ դեպի Գողթնյաց երկրի կողմերը:

«Եթե թշնամու տունը կամենում ես հրդեհել, պետք է կրակը մի քանի տեղից վառել, որ չկարողանա հանգցնել», – ասում էր Բեկը: Վերոհիշյալ խումբերը ուրիշ նշանակություն չունեին, բայց միայն կայծեր գցել Սյունյաց աշխարհի զանազան կողմերում, խռովել, աղմկել և զբաղեցնել թշնամուն:

Բայց Բեկի գլխավոր ուժերը, որոնց նա կարգել էր որպես պատերազմող և տիրապետող ուժեր, կազմված էին ավելի խոշոր խումբերից: Այդ խումբերը հանձնված էին Սյունյաց աշխարհի նշանավոր ավագների ձեռքը, որոնք ուխտակից եղան Բեկին և հավատարմության երդում տվեցին:

Չավնդուրի Թորոս իշխանը ուներ իր հրամանի ներքո 2000 հոգի. նրան օգնական էր տվել Բեկը Բայինդուր իշխանին և Թորոսի ազգական Մելիք-Նուբարին: Հալիձորի Մելիք-Փարսադանը և նրա որդի Բալի զորապետը ունեին իրանց հրամանի ներքո 500 հոգի: Մելիք-Փարսադանի փեսա տեր Ավետիքը ուներ իր հրամանի ներքո 468 հոգի: Կալերի Պապ զորապետը և Բեկի սիրելի Ստեփաննոս Շահումյանը ունեին իրանց հրամանի ներքո 700 հոգի: Սիսիանի Լևոն զորավարը ուներ իր հրամանի ներքո 500 հոգի: Սիսիանի մելիք Կաջոն ուներ իր հրամանի ներքո 200 հոգի: Սիսիանի տեր Գասպարը, որ և կոչվում էր «Ավշար երեց», ուներ իր հրամանի ներքո 250 հոգի: Բաղաբերդի Ադամ զորավարը ուներ իր հրամանի ներքո 150 հոգի: Գյուլ-բերդի Ղազար զորավարը ուներ իր հրամանի ներքո 110 հոգի: Շիրվանաձորի Սարգիս զորավարը ուներ իր հրամանի ներքո 250 հոգի: Ջուղայի Մաղա մելիքի երկու որդիները` Աշոտ և Սմբատ ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի: Տաթևի Կիջի, Այտի, Եսայի և տիրացու Սիմեոն տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի: Շընհերի Մինաս և Ստեփան տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 550 հոգի: Մեղրիի մելիք Կոնստանդինը, Հովհաննեսը, Սարի և Առաքել տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի: Բոլոր զորքերի թիվը հասնում էր 6878 հոգու: Հիշյալ գունդերի վրա Բեկը սպարապետ կարգեց Մխիթարին, բայց ընդհանուր հրամանատարությունը իր վրա պահեց:

Այդ կամավոր զինվորները հավաքված էին նույն զորապետների ձեռքով, որոնց հրամանի ներքո և գտնվում էին նրանք: Զորապետներից շատերը, որպես էին Թորոս իշխանը, Մելիք-Փարսադանը, Պապ զորապետը, իրանց ծախքով զինվորել էին իրանց գունդերը: Իսկ ոմանք հավաքել էին իրանց իշխանության տակ եղող գյուղերից:

Բեկը վճռեց շուտով սկսել իր հարձակողական գործողությունները:

Թ

Դավիթ ուրացողին կալանավորելուց հետո Տաթևի վիճակը ազատվեցավ մի չարագործից: Այդ նոր Վասակը, որ Ֆաթալի խանի աջ ձեռքն էր, հենց որ լսեց Բեկի Սիսիանի մեջ կատարած հաղթությունները, հենց որ իմացավ նրա Տաթևին մոտենալը, պատրաստվեցավ առաջն առնել: Նա հավաքեց իր ձեռքի տակ գտնվող պարսկական զորքերը, և տեղային հայերից ևս բավական բազմություն ստիպմամբ պարսիկների հետ միացնելով, աշխատում էր թույլ չտալ Բեկին Տաթևի սահմանը մտնել: Հորը աջակցում էր Շահ-կուլի անունով որդին, որ ծնված էր պարսիկ կնոջից:

Բեկի հրամանի ներքո, ինչպես մեզ հայտնի է, այդ ժամանակ կային մոտ 500 զինված մարդիկ: Իսկ ուրացողի ուժերը հնգապատիկ ավելի էին: Նրանք բռնել էին դեպի Տաթև տանող ճանապարհների բոլոր անցքերը;

Բեկը նստած էր իր սառուլար ձիու վրա, որ Սյունյաց աշխարհի ամենաընտիր նժույգների տեսակիցն էր: Նա գնում էր ամենից առաջ, շրջապատված իր թիկնապահներով: Նրա կողքին ձիավորում էր Ներսես արքեպիսկոպոսը: Ճանապարհը ընկած էր նեղ ձորի միջով, որ իր դժվարին ելևէջներով երբեմն բարձրանում էր լեռների բարձրավանդակների վրա, իսկ երբեմն իջնում էր խորին անդունդների մեջ: Սարերը պատած էին անթափանցիկ անտառով: Ամեն րոպե կարելի էր սպասել խիտ ծառերի ետևից դարանամուտ թշնամու հրացանի արձակվիլը և գնդակի սլացումը:

Բայց Բեկը, այդ զգույշ, շրջահայաց զինվորը, կարծես, ուշադրություն չէր դարձնում: Նա լուռ էր և մտախոհ: Ակամա տխրությունը, որ տիրեց նրա սրտին, համարյա մոռանալ էր տվել, թե ի՜նչ վտանգավոր տեղում է գտնվում ինքը, ուր ամեն մի քար, ամեն մի ժայռ, ամեն մի թուփ ու ծառ մահ էին սպառնում անցավորին: Նա մինչև անգամ մոռացել էր այն զինված բազմությունը, որ նրա ետևից գալիս էր:

Նրա աչքի առջև տարածվում էր իր ծննդավայրը` Տաթևի երկիրը: Բոլոր լեռները, անտառները, ձորերը ու հովիտները ծանոթ էին նրան: Բոլոր ճանապարհները, ամենաաննշան շավիղներն անգամ գիտեր նա: Այդ լեռների վրա, իր մանկության օրերում, արածացնում էր նա իր հոր այծերը: Այդ անտառներում իր ընկերների հետ քաղում էր նա զանազան տեսակ պտուղներ: Այդ սրընթաց, փրփրացող գետակների մեջ շատ անգամ լողացել է նա: Բոլորը մնացել էր միևնույնը. ոչինչ չէր փոխվել. փոխվել էր միայն ինքը…

Շուտով կտեսներ նա Տաթևի ավանը: Գուցե դեռևս շեն էր մնացել իր հայրական խրճիթը, որի մեջ անցուցել էր իր մանկության անհոգ, պայծառ օրերը: Բայց ո՞վքեր էին բնակվում այժմ այն խրճիթի մեջ: Ովքեր և բնակվեին, բայց նրանցից և ոչ մեկը այն չէր լինելու, որին նա կփափագեր տեսնել:

Ծանոթ առարկաները զարթուցին նրա մեջ տխուր հիշողություններ: Արդյոք կտեսնե՞ր այն մորը, որ այնքան քնքուշ սրտով սիրում էր իրան: Արդյոք կտեսնե՞ր այն հորը, որ այնքան բարի էր, որ իր չքավորության և դժբախտության մեջ ևս դարձյալ գիտեր լավ կրթել, սնուցանել սիրելի որդուն: Ո՞րտեղ էին նրանք: Ինքը չի պիտի կարողանար ուրախացնել նրանց, ասելով. «Տեսե՜ք, ահա ձեր որդին, վերադառնում է ձեզ մոտ փառքով ու պատվով. գրկեցեք նրան»:

Նա հիշեց Ֆաթալի խանի բանակը, հիշեց այն կրակը, որի մեջ այրվեցան իր հայրը, իր մայրը, իր ազգականները… Հիշեց այն մարդուն, որ իր ծնողների մահվան պատճառ դարձավ: Այսօր նույն չարագործը պարսիկ զորքերով կանգնած էր իր ճանապարհի վրա, որ արգելե նրան իր հայրենիքի գոնե ավերակները տեսնելու:

– Տեսնո՞ւմ եք, սրբազան, – ասաց Բեկը Ներսես արքեպիսկոպոսին, որ եկել էր Շընհերից նրան Տաթև տանելու, – մեր ձեռնարկության հենց սկզբում մեր առջև դուրս է գալիս մի ուրացող հայ:

– Այն հայը, որի հարստահարություններից ազատվելու համար ձեր ծնողները իրանց այրեցին կրակի մեջ, – պատասխանեց սրբազանը: – Այն կրակից դուք միայն ազատվեցաք, Բեկ:

– Այդ տխուր պատմությունը դուք արդեն գիտեք, սրբազան, – խոսեց Բեկը: – Երևում է, իմ և այդ մարդու ճակատագրի մեջ մի բան կա, ուր կրակը մեծ դեր է խաղում…

– Այո՜, այն ժամանակ նա կրակ թափեց ձեր ծնողների վրա, իսկ այսօր դուք կրակ կթափեք նրա գլխին, – ասաց սրբազանը ծիծաղելով: – Հաշիվը պարզ կդուրս գա:

– Տեսնենք… – պատասխանեց Բեկը և դարձյալ ընկավ տխուր մտախոհության մեջ:

Նրանք դուրս գալով ձորից, գտնվում էին այժմ մի լեռնային բարձրավանդակի վրա, որտեղից երևում էր բոլոր շրջակայքը: Սրբազանը, նկատելով Բեկի տխուր տրամադրությունը, թողեց նրան, և իր ձին հետ պահելով, կանգ առեց, մինչև հասավ Մխիթար սպարապետը Բայինդուր իշխանի հետ:

– Նայեցեք, – ասաց նրանց, – նայեցեք, այդ հրաշալի բնությանը: Սյունեցի հայը ոչ մի բանով իրավունք չունի գանգատվելու աստուծուն, թե ինչո՞ւ ինքը թշվառ է և օտարի ծառա: Երբ աստված մի ժողովրդի տալիս է այսպիսի երկիր, որ իր բնական ամրություններով ամեն հարմարություններ ունի պաշտպանելու նրան թշնամու հարձակումներից, – այդ ժողովուրդը ինքն է մեղավոր, որ չէ կարողանում օգուտ քաղել աստուծո շնորհած պարգևից:

Եվ իրավ, վայրենի բնությունը հիացնելու չափ սքանչելի էր: Դեպի ամեն կողմ անկանոն կերպով տարածվում էին լեռնային ցանցատեսակ շղթաներ, որոնք խիտ կերպով զետեղված էին մինը մյուսի մոտ, թողնելով իրանց միջավայրում նեղ և խորին ձորեր: Այդ շղթաների վրա, սղոցի ատամների նման, բարձրանում էին սարերի սուր գագաթները, որ կորչում էին ամպերի մեջ: Կուսական անտառը, որպես մի կանաչազարդ վերարկու, ծածկում էր լեռների մերկությունը և նրանց ավելի անմատչելի էր դարձնում: Ոչ մի մարդկային արարած չէր կարող ոտք կոխել այդ բարձրությունների վրա. միայն արագաթռիչ արծիվը այնտեղ ժայռերի պատռվածքի մեջ դնում էր իր բույնը:

– Ճշմարիտ է, սրբազան, – պատասխանեց Մխիթար սպարապետը, – սյունեցի հայը ինքն է մեղավոր, որ չէ կարողացել օգուտ քաղել իր հայրենիքի ամուր դիրքերից: Բայց Հայաստանի ո՞ր կողմը այսպես չէ: Հայաստանը ամեն տեղ տալիս է մեզ բնական ամրություններ: Բայց մեր լեռներից ավելի օգուտ են քաղել օտարներ, քան թե մենք ինքներս:

Բայինդուր իշխանը, որ լսում էր այդ խոսակցությունը, և ինքը ոչ սակավ հիացած էր շրջապատող լեռներով և անտառներով, խոսակցության մեջ մտավ, ասելով.

– Աստված է վկա, այդ ժողովուրդը մորթելու արժանի է: Ես ինքս մեծ ուրախությամբ կվեր առնեի մի սուր և բոլորին կկոտրեի: Բայց մի զարմանալի բան կա, որ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է: Ես սաստիկ ատում եմ մեր հայերին, բայց միևնույն ժամանակ սիրում եմ: Այդ ատելությունից բխած սերը ես չեմ կարողանում բացատրել ինձ: – Սիրում եմ այդ ազգը, որպես մի սիրահար բորբոքված սրտով սիրում է մի ցած, բարոյապես ընկած, պոռնիկ կնոջ: Նա տեսնում է, թե ինչպես այդ կինը թաթախվել է բարոյական ցեխի մեջ, նա զզվում է, բայց հենց որ աչքն ընկնում է աչքին, չէ կարողանում համբերել, սկսում է գրկել, սկսում է համբուրել նրան: Թեև գիտե, որ նրա մարմնի վրա ոչ մի մաքուր տեղ չէ մնացել: Մեր ազգը մի այսպիսի անբարոյական կին է. նա մի մեծ պոռնիկ է, նրա երեսին ամոթի և պատվի մի կաթիլ անգամ չէ մնացել: Մոտ չորս հազար տարի նա պոռնկություն է անում, բայց տակավին չկշտացավ, տակավին չհագեցավ օտարներից: Ասորեստանցին դարերով գործ դրեց նրա վրա իր անբարոյական կրքերը: Հազարավոր տարիներ անցկացրեց նա երբեմն հույնի, երբեմն պարսկի և երբեմն հռոմեացու գիրկն ընկնելով: Մինչև անգամ անապատի սև արաբը իր հաստ շրթունքներով շոշափեց նրա երեսը: Մինչև անգամ Թուրանի տափակաքիթ, դեղնակաշի մոնգոլը դարերով պառկեց նրա հետ: Ի՞նչ ազգ մնաց, որի վրա չսիրահարվեր նա, որին անձնատուր չլիներ: Նա բոլոր օտարնրին տալիս էր իր սերը, անհավատարիմ էր միայն իր ամուսնին, որի հետ կապված էր օրինավոր պսակով: – Այսուամենայնիվ ես դարձյալ սիրում եմ այդ թեթևամիտ, վավաշոտ կնոջը, որ դարերի ընթացքում իր անբարոյական կյանքով մաշվել, տրորվել, քրքրվել է և միայն իր վաղեմի գեղեցկության կմախքն է պահպանել: Սիրում եմ այդ կմախքը: Սիրում եմ այդ թունավորված, հազարավոր հիվանդություններով վարակված մարմինը, որից մահվան հոտ է փչում, – հիվանդություններ, որ նա ստացել է իր բազմաթիվ հոմանիներից, որոնց նա շապիկի նման մինը մյուսի ետևից փոխում էր: Սիրում եմ, բայց ինչո՞ւ համար, ինքս էլ չգիտեմ: Սիրում եմ ատելով, սիրում եմ զզվելով… բայց սիրում եմ:

– Սիրելուց բխած այդ զզվանքը, այդ դառն ատելությունը շատ բնական է, – ասաց սրբազանը` կտրելով իշխանի խոսքը: – Դա սիրող մարդու արդար վրդովմունքն է, որ առաջ է գալիս նրանից, երբ իր սիրած առարկայի մեջ գտնում է մի որևիցե արատ, մի որևիցե բիծ, որ մաքրել չէ կարող: Ձեր ատելությունը դեպի այն ազգը, որին դուք շատ իրավացի կերով պոռնիկ կնոջ հետ համեմատեցիք, ես բոլորովին բաժանում եմ: Այդ ատելությունը ցույց է տալիս, իշխան, ձեր չափազանց բարի ցանկությունները, որով փափագում եք պոռնիկը դուրս քաշել իր բարոյական ցեխից և նրան օրինավոր, պատվավոր կյանքի սովորեցնել: Բայց երբ նկատում եք, որ նա ուղղվելու ոչ մի ընդունակություն չէ ցույց տալիս, սկսում եք բարկանալ, սկսում եք ատել, բայց չդադարելով միևնույն ժամանակ սիրելուց: Ինքը Հիսուս Քրիստոսը սիրում էր ընկած կնիկներին, սիրում էր նրանց ուղղելու համար: Եվ նա հասավ իր նպատակին, նրա վարդապետության ամենաջերմ տարածողները եղան այդ ժողովրդի մերժված կնիկները:

– Ինչո՞ւ ենք հեռու գնում, – առաջ տարավ սրբազանը իր խոսքը. – ահա մի մարդ, ինչպես մելիք Դավիթ ուրացողը. նա բարոյապես ընկած մի մարդ է: Նա դավաճանեց իր հայրենիքին, և պարսիկների ձեռքում գործիք դառնալով սկսեց նրան ավերակ դարձնել: Նույն չարագործությունները շարունակելու համար և պարսից լուծը մեր ժողովրդի վրա պահպանելու համար նա կանգնած է այժմ մեր ճանապարհի վրա, որ արգելե մեր մուտքը, որ թույլ չտա մեզ պարսիկների անիրավությամբ տիրած երկրի վրա ոտք կոխենք: Այսպիսի դավաճաններին ոչ սակավ անգամ ծնել են Հայաստանի մայրերը: Բայց դրանք ինչո՞վ են մեղավոր: Դրանք արդյունք են նույն անբարոյականացած, նույն փչացած ժողովրդական կյանքի: Հիվանդոտ կինը չի կարող առողջ որդիք ծնել: Հիվանդ ժողովրդից այս տեսակ հրեշներ առաջ կգան: Եթե կամենում ենք, որ դրանք չլինեն, պետք է ուղղենք ժողովրդի առողջություն, – ուղղենք նրան սիրելով:

Այդ խոսակցությունը, որ բոլորի համար հետաքրքիր էր, ընդհատվեցավ: Նրանք նկատեցին, որ Բեկը բավական տարածություն առաջ էր անցել: Այժմ կանգնել էր նա և խոսում էր Ստեփաննոս Շահումյանի հետ, որին առաջուց ուղարկել էր թշնամու բռնած դիրքերը հետազոտելու:

– Ստեփաննոսը վերադարձավ, – ասաց Մխիթար սպարապետը, – տեսնենք, ինչ տեղեկություններ է բերել:

Երեքն էլ` սրբազանը, Մխիթար սպարապետը և Բայինդուր իշխանը, իրանց ձիաները թափով քշեցին և մի քանի րոպեի մեջ հասան Բեկի կանգնած տեղը:

Ստեփաննոսի բերած տեղեկություններից երևաց, որ Դավիթ ուրացողը բռնել էր երկու գլխավոր անցքեր, որտեղից պետք էր մտնել Տաթև: Մի անցքի վրա կանգնել էր նա ինքը, իսկ մյուսի պահպանությունը հանձնել էր իր Շահ-կուլի որդուն: Երկուսի ձեռքի տակ կային ավելի քան երկու հազար մարդիկ:

– Ես ձեզ մի ուրիշ ճանապարհով կտանեմ, – ասաց սրբազանը, – որը թեև բավական դժվարանցանելի է և բավական երկար է, բայց ավելի ապահով է: Այդ ճանապարհով մենք չենք հանդիպի թշնամուն:

– Ի՞նչ օգուտ դրանից, – պատասխանեց Բեկը, – ես կամենում եմ անպատճառ հանդիպել նրանց: Ինձ պետք է այսօր ձերբակալել այդ անզգամին:

– Այդ ձեր կամքն է, – ասաց սրբազանը: – Եթե դուք վճռել եք ուղղակի նրանց վրա գնալ, իմ կարծիքով, ավելի լավ կլինի փոքր-ինչ սպասել, մինչև մութը կպատեր: Մենք համեմատաբար շատ փոքր թվով մարդիկ ունենք մեզ մոտ: Եթե ցերեկով թշնամին մեզ տեսնելու լինի, մեր սակավությունը նկատելով, ավելի սիրտ կառնի: Բայց խավարի մեջ փոքրիկ խումբերն ևս, եթե քաջությամբ կգործեն, կարող են սարսափեցնել թշնամուն:

– Դուք, սրբազան, – ժպտալով ասաց Բեկը, – ոչ միայն հմուտ աստվածաբան եք, այլ ձեր մեջ երևում է և պատերազմական տաղանդ:

– Կատակը մի կողմ կենա: Թույլ տվեցեք այսօր փորձել իմ տաղանդը, որը ծաղրում եք դուք:

– Այդ խիստ վտանգավոր փորձ կլինի: Այսուամենայնիվ, ես կարող եմ ապահովացնել ձեզ, սրբազան, որ մինչև թշնամու մոտ հասնելը, ձեր ցանկացած խավարը կպատե մեր աշխարհը: Նայեցեք արեգակին, որքան թեքվել է դեպի իր մուտքը: Եվ ես ցավում եմ, որ դուք Հեսուի հրաշքը կատարել չեք կարող, որ արեգակը առժամանակ կանգնեցնեիք, մինչև մենք լուսով ավարտեինք մեր կռիվը:

– Դարձյալ կատակ: Ես չեմ հասկանում, թե դուք ինչո՞ւ եք փախչում խավարից:

– Նրա համար, որ խավարի մեջ մենք աչքից կկորցնենք այն մարդուն, որին ես ցանկանում եմ այսօր անպատճառ բռնել, – պատասխանեց Բեկը:

Հետո նա իր մոտ գտնված զինվորներին երկու մասերի բաժանեց. մի մասը հանձնեց Մխիթար սպարապետին և նրան Ներսես արքեպիսկոպոսի հետ ուղարկեց ուրացողի որդի Շահ-կուլու վրա, իսկ մյուս մասը ինքը վեր առնելով, ուղղակի դիմեց ուրացողի վրա, իր հետ տանելով Բայինդուր իշխանին և իր սիրելի Ստեփաննոս Շահումյանին:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
630 s. 1 illüstrasyon
ISBN:
9785000649824
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Seriye dahil "Столетие геноцида армян"
Serinin tüm kitapları
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 4,4, 59 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 9 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 14 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,4, 7 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 1, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,3, 3 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 48 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 12 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 10 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 7 oylamaya göre