Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 28

Yazı tipi:

– Ես նրան կոտրեցի, մի՞թե դու չտեսար, – հարցրեց տիկինը:

– Տեսա, հիմա ո՞րտեղ են:

– Ածել եմ այն մեծ սնդուկի մեջ, որ դրած է այն պատուհանում:

Աղախինը բաց արեց ցույց տված սնդուկը, դուրս բերեց ինչ որ պետք էր տիկնոջ պաճուճանքի համար: Այնտեղ կային ոսկյա ծանր ապարանջաններ, կային ոսկյա մատանիների թանկագին ակներով, կային զանազան տեսակ մեծ և փոքրիկ քորոցներ ալմատյա և մարգարտյա գլխիկներով, կային թևքերի վրա կապելու բազբանդներ, – բոլորը իրանց պատշաճավոր տեղերը բռնեցին նրա մարմնի վրա:

Երբ ամեն ինչ վերջացած էր, տիկինը հեռացավ հայելու առջևից, նստեղ մի փոքրիկ թախտի վրա, բոլորովին հոգնած, ջարդված, կարծես թե, վաստակած և նվաղած լիներ մի ծանր աշխատությունից: Այդ միջոցին Փարիշանը վեր առեց վարդաջրի սրվակը, սկսեց անուշահոտ հեղուկով ցողել սենյակի շուրջը:

Մինչ այստեղ զբաղված էին փառավոր պատրաստություններով, կանանոցի բակը ներս մտան երկու հոգի: Մեկը առջևից տանում էր գույնզգույն լապտեր, մյուսը գալիս էր նրա ետևից: Վերջինը խանն էր, իսկ լապտերը բռնողը` ներքինապետը, որին կոչում էին Կզլար-աղասի, այսինքն աղջիկների վրա իշխող: Դա մի բարձրահասակ արաբ էր, վայրենի դեմքով և հսկայական կազմվածքով: Գլխի և երեսի սպիտակ մազերը սև կաշու վրա ավելի սարսափելի էին դարձնում նրա կերպարանքը: Գոտիից քարշ էր գալիս նրա ծանր սուրը:

– Ինչպե՞ս են ձեզ մոտ, – հարցրեց խանը:

– Ձեր մեծության շնորհիվ բոլորը լավ են, ապրում են հանգիստ իրանց օթյակներում, այնպես անմերձենալի, այնպես փակված, որպես հավի ճուտը ձվի կեղևի մեջ, – ասաց Կզլար-աղասին, ինքն էլ զարմանալով իր տգեղ համեմատության վրա: – Միայն դրսի խռովությունները փոքր-ինչ վախեցնում են իմ գառնուկներին:

– Այդ ոչինչ, էգուց առավոտյան բոլորին վերջ կդրվի, – պատասխանեց խանը: – Միայն դուք այս գիշեր փոքր-ինչ զգաստ եղեք մինչև լուսանալը:

– Կզլար-աղասին մեռած չէ, նա հարյուր աչքեր ունի, – պատասխանեց ներքինապետը խրոխտալով: – Իմ տիրոջ շնորհիվ ծիտն էլ չէ կարող նրա կանանոցի վրայից համարձակ թռչել:

Խանի ամրոցի, մանավանդ կանանոցի պահապանները մեծ մասամբ ծերացած մարդիկ էին: Արևելքցին մի առանձին հարգանք ունի դեպի ծերությունը, և նրան ամենայն հավատարմության արժանի է համարում: Բայց անապատի արաբը այնքան երկարակյաց է լինում, որքան Նեղոսի կոկորդիլոսը: Այդ կետից նայելով, «աղջիկների վրա իշխողի» խրոխտալը բոլորվին անտեղի չէր. նա իր ծերության հասակում պահպանել էր թե՜ երիտասարդության ուժը և թե՜ քաջությունը:

Այսպես խոսելով նրանք անցան կանանոցի բակից, մոտեցան Զուբեյիդա խանումի կացարանի դռանը: Ներքինապետը այստեղ կանգնեց, իսկ խանը առաջ անցավ, մտավ նախասենյակը, ուր տիկինը քաղցր, փաղաքշական խոսքերով ընդունեց նրան և ներս տարավ իր սենյակը: Խանը նստեց իր համար պատրաստված փառավոր օթոցի վրա: Նա բարեհաճեց հարցնել տիկնոջ առողջությունը:

– Իմ առողջությունը, իմ կյանքը, – պատասխանեց տիկինը, – կախված է իմ տիրոջ ողորմածությունից. նրա մի քաղցր հայացքը ինձ անմահություն կբաշխե, նրա մի խոսքը կփարատե իմ սրտից աշխարհի բոլոր դառնությունները: Ես նրանով եմ ապրում: Եթե մեռած ևս լինեմ, եթե նա ոտք կոխելու լինի իմ գերեզմանի վրա, ես իսկույն հարություն կառնեմ: Իսկ այսօր ո՜րքան բախտավոր եմ ես, որ նա բարեհաճեց ոտք կոխել իմ օթևանի անարժան շեմքի վրա: Թո՜ղ օրհնյալ լինի աստված, թող օրհնյալ լինեն նրա սուրբերը:

Տիկնոջ փոքրիկ ճառը չափից դուրս գրավեց խանին: Նա հարեմի իշխանի և կնոջ «տիրոջ» բարձրությունից իջավ ամուսնի աստիճանի վրա: Նա անկեղծությամբ բռնեց տիկնոջ ձեռքից, և նստացնելով իր մոտ ասաց.

– Զուբեյիդա, դու այնքան խելացի ես, քո մեջ այնքան հարուստ հոգեկան գանձեր կան, որ չէ կարելի քեզ չսիրել: Դու այն կենդանի աղբյուրն ես, որ բխում է Սահարայի ընդարձակ անապատի օազիսի մեջ, և դեպի որը խորին փափագով վազում է հոգնած, նվազած ուղևորը իր ծարավը հագեցնելու համար: Դու այն բարերար արմավենին ես, որ հագեցնում է Յամենի ավազուտներում թափառող, սովատանջ ճանապարհորդի քաղցը: Ես այդ անբախտներից մեկն եմ, Զուբեյիդա: Ճակատագիրը հալածում է ինձ: Ես վազեցի քեզ մոտ փոքր-ինչ կազդուրվելու, փոքր-ինչ փարատելու իմ սրտի ցավերը: Ես վազեցի քեզ մոտ ապաստան գտնելու…

Տիկինը բոլորովին ապշած էր մնացել: Նա իր ականջներին չէր հավատում, որ այդ խոսքերը արտասանում է այն խիստ, գոռոզ, վայրենի մարդը, որին կյանքի փափուկ կողմերը ամենևին ծանոթ չէին, որը սովորած էր միայն իշխել, հրամայել և ամեն մի ազնիվ զգացմունք իր ոտքերի տակ ջարդուփշուր անել: Այժմ այդ ի՜նչ անբնական փոփոխություն էր առաջ եկել նրա մեջ: Տիկինը հասկանալ չէր կարողանում: Նա միայն աչքերը խոնարհած, չէր համարձակվում նայել իր տիրոջ երեսին, զարմանում էր նրա խոնարհամտության վրա, տատանվում էր, և իր լեզվի բոլոր պերճախոսությամբ, մի բառ անգամ չէր գտնում նրան պատասխանելու:

– Զուբեյիդա, մի՜ զարմացիր, – ասաց նա ավելի մեղմ ձայնով և, նրա ձեռքը չթողնելով իր ափի միջից: – Մի՜ զարմացի՜ր, կրկնեց նա, – ինչպես ինձ չէ զարմացնում իմ դրությունը: Ես այսօր, այս գիշեր միայն հասկացա իմ թշվառությունը, հասկացա, թե ինչ ողորմելի արարած եմ ես: – Այս գիշեր, երբ թշնամին պատել է իմ շուրջը, երբ մահը կանգնած է իմ գլխի վրա, ես ինձ բոլորովին միայնակ և օգնության կարոտ եմ զգում, չնայելով, որ հազարները սուրը ձեռքում սպասում են իմ հրամանին: Ասա՜, Զուբեյիդա, այդ ի՞նչ դրություն է: Ի՞նչու ես ոչ ոքին հավատալ, ոչ ոքի վրա հույս դնել կարող չեմ: Ինչո՞ւ ես մենակ եմ մնացել:

– Դու միշտ մենակ ես եղել… – պատասխանեց կինը սառն կերպով: – Ես որ թույլ կտաս ինձ խոսել ճշմարիտը և արդարը, ես կասեմ քեզ բոլորը:

– Խոսի՜ր, մի՜ ծածկիր, ես եկել եմ քեզ լսելու. քո ամեն մի խոսքը առողջարար բալասանի նման կբուժե իմ սրտի վերքերը:

– Բայց կարող է և նշտարի նման ծակել…

– Թող ծակե, թող ավելի ևս վիրավորե: Բժշկի նշտարը առողջացնելու նպատակ ունի:

Տիկինը հրամայեց Փարիշանին, որ սուրճ մատուցանե, ղեյլան տա, հետո հեռանա: Աղախինը վեր առեց սուրճի արծաթյա ամանը կրակի վրայից, ածեց գեղեցիկ ֆինջանների մեջ, մոտեցրեց մեկը իր տիրոջը, մյուսը` տիկնոջը: Մինչև նրանց խմելը, նա պատրաստեց անուշահոտ թամբաքուից թանկագին ղեյլանը, դրեց խանի առջև, իսկ ինքը հեռացավ, իր ետևից կողպելով դուռը: Դուրս գալով մթին նախասենյակը, նա կծկվեցավ դռան ետևում, սկսեց ականջ դնել:

– Ես ասացի, թե դու միշտ մենակ ես եղել, – շարունակեց տիկինը ընդհատված խոսակցությունը: – Որովհետև բռնակալը իր երկրպագուների, իր պաշտողների, իր շողոքորթների անհուն բազմության մեջ դարձյալ միշտ մնում է մենակ: Նա ընկեր, բարեկամ, սրտակից, մտերիմ, – ոչ ոք չունի: Նա չէ զգում իր թշվառ միայնակությունը, որովհետև իշխանության փառքը սև մառախուղի նման ծածկում է նրա աչքերից այն, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ ուղիղ է, ինչ որ ավելի օգտավետ է: Նա ապրում է հարատև խաբեության մեջ և չէ նկատում, որ ամեն ինչ իր չորս կողմում կեղծ է, պատիր է, փտած է: Նա չէ զգում իր ոչնչությունը, որովհետև երբ հրամայում է, – ամեն ինչ կատարված է, և այդ պահում է նրան մշտական մոլորության մեջ: Կենդանի միտքը, առողջ դատողությունը անծանոթ է մնում նրան, նրա համար, որ ամեն մի իրավացի ընդդիմադրություն, ամեն մի խելացի հակաճառություն խորտակվում է նրա կոպիտ կամքի առջև: Նա միշտ այն կարծիքի մեջ է մնում, թե ինչ որ ցանկանում է ինքը, թե ինչ որ հաճո է իրան, – այն է լավը, արժանը, վայելուչը: Եվ եթե բախտի հաջողությունները այսպիսիներիին փոքր-ինչ շողոքորթում են, այն ժամանակ նրանք ավելի վայրենի են դառնում: Նրանք կարծում են, թե ամեն ինչ ստեղված է միմիայն իրանց վայելչության համար, և ինչ որ իրանց հաճելի չէ, և ինչ որ չէ ծառայում իրանց, կարող են ոչնչացնել: Նրանք իրանց միշտ անկարոտ են զգում, որովհետև միշտ սովորած են տեսնել իրանց շուրջը մի կեղծ պատրաստակամություն: Բայց խոնարհության մեջ անկեղծություն չկա, թեև ամեն ինչ խոնարհվում է նրանց առջև, որովհետև վերևից ճնշում կա: – Բայց երբ բարձրանում է մի փոթորիկ, երբ հասնում է վտանգը, երբ զարկում է սոսկալի տագնապի րոպեն, այն ժամանակ շողոքորթների, երկրպագուների, կեղծ բարեկամների անհուն բազմությունը սև ուրվականների նման չքանում են, անհետանում են և մեկն էլ չէ մնում, որ բռնե իր պաշտած մարդու ձեռքից: Այդ բավական չէ. – նրանք դառնում են ամենասարսափելի թշնամիներ…

– Բոլորը ճշմարիտ է… – ասաց խանը, հոգվոց հանելով: – Ես երբեք բարեկամ չեմ ունեցել, ես միշտ մենակ եմ եղել, թեև շրջապատված անթիվ կեղծավորներով: Բայց ինձ թող մխիթարե իմ տունը, իմ ընտանիքը, որ ինձ համար օտար չէ, որ ամենից մոտ է ինձ:

– Դու տուն ունես, բայց ընտանիք չունես, – պատասխանեց տիկինը խստությամբ: – Ընտանիքից ևս իզուր է քեզ մխիթարություն սպասել:

– Ե՞ս, ընտանիք չունե՞մ, – բացագանչեց նա գժվածի նման: – Ո՞վ ունի այնքան կնիկներ, որքան ես, ո՞վ ունի այնքան զավակներ, որքան ես: Մի գիշերվա մեջ յոթը որդիներ ծնվեցան ինձ համար:

– Ոչխարների հոտի մեջ մի գիշերում երբեմն ծնվում է հարյուրը, բայց հոտը ըտանիք չէ կազմում: – Լսի՜ր, խան, առաջ տարավ նա իր խոսքը. – ես սկզբից քեզանից խոստմունք առեցի, որ չպիտի բարկանաս ինձ վրա, երբ իմ բերանից կլսեես քեզ անսովոր, կծու խոսքեր:

– Ես չեմ բարկանա:

– Ուրեմն կշարունակեմ: Ես ասացի, որ դու ընտանիք ևս չունես, որ դու զուրկ ես և ընտանեկան մխիթարությունից, – այդ խոսքը քեզ զարմացնում է, քեզ օտարոտի է թվում: Դու մտածում ես. ինչպե՞ս կարող է մի մարդ զուրկ լինել ընտանիքից, որը հարուրավոր կնիկներ ունի, որը բազմաթիվ զավակների հայր է: Այդ բավական չէ: Ընտանիքի հիմքը սերն է: Կա՞ արդյոք սեր քո ընտանիքի մեջ: – Անկարելի է, որ ինի: Եթե քո կնիկները սեր են ցույց տալիս, այդ նրա համար է, որ կամ վախենում են քեզանից, կամ շողոքորթում են ավելի ընծաներ ստանալու համար: Մի՞թե դա միևնույն կեղծ հարաբերությունը չէ, որ դու ունես քո ծռաների, պաշտոնակալների ու հպատակների հետ, որոնք նույնպես խոնարհվում էին քեզ, շահերի կամ երկյուղի պատճառով: Ոչինչ զանազանություն չկա: Եթե դու քննելու լինես քո կնիկների ամեն մեկի սիրտը, փոխանակ սիրո, կգտնես նրանց մեջ խորին, դառն ատելություն դեպի քեզ: – Ինչո՞ւ: – Որովհետև նրանցից և ոչ մեկը իր հոժարությամբ չէ կապվել քեզ հետ. կամ գերի է բերվել, կամ իբրև ընծա է ստացվել, կամ փողով է գնվել: Եվ դու պահանջում ես դրանցից ճշմարիտ սեր, կարեկցություն, ցավակցություն, հավատարմություն և այն բոլոր գեղեցիկ հատկությունները, որ կարող է ունենալ լավ կինը: Դու իրավունք չունես պահանջելու, քանի որ դու ինքդ չես սիրում նրանց:

– Ե՞ս, չե՞մ սիրում, – գոչեց դժբախտ ամուսինը վրդովվելով: – Ի՞նչ որ ուզում ես, ասա՜, Զուբեյիդա, այդ հանդիմանությունը գոնե մի անիր ինձ: Ես սիրող սիրտ ունեմ:

– Քեզ այդպես թվում է միայն, որովհետև դեռ չես հասկացել սիրո ճշմարիտ նշանակությունը, – ասաց տիկինը, պահպանելով իր սառնասրտությունը: – Դու չես սիրում, դու միայն վայելում ես. իսկ այդ երկու բառերի մեջ ահագին տարբերություն կա: Դու վայելում ես քո կնիկների սերը, ինչպես վայելում ես քո մնացած հարստությունները: Քո հարեմը ամենագեղեցիկ կնիկների մի ճոխ ժողովածու է, մի անսպառ հարստություն է, ինչպես հարստություն պետք է համարել քո նժույգների երամակները, քո ոչխարների հոտերը, քո ամբարանոցների թանկագին մթերքները, – այդ բոլորը ծառայում է քո զվարճությունների համար:

– Մի՞թե կարելի է այսպիսի համեմատություն անել, – հարցրեց խանը վշտանալով:

– Համեմատությունը ճիշտ է: Զանազանությունը նրա մեջն է միայն, որ քո ձիաները, ոչխարները, և ամբարանոցների թանկագին մթերքները զգացմունք չունեն, գիտակցություն չունեն, և այդ պատճառով էլ չեն կարող հասկանալ, թե ինչպես են վարվում իրանց հետ, և, հետևաբար չեն կարող ունենալ դեպի քեզ ո՜չ սեր և ո՜չ ատելություն: Բայց քո կնիկները այդպես չեն. նրանք, որպես բանական արարածներ, զգացմունք ունեն, նրանք կարող են հասկանալ իրանց դրության անտանելիությունը:

Յոթն տարվա գերիի փակված լեզուն բաց էր եղել: Նա կամենում էր թափել իր սրտի բոլոր դառնությունները, բոլոր թույնը, բոլոր ցավերը, ինչ որ հավաքվել էին իր գերության յոթն տարիներին ընթացքում:

– Ինչ որ խոսում ես դու, – նրա խոսքը կտրեց խանը, – հակառակ է մուսուլմանների սովորություններին, հակառակ է մեր օրենքներին:

– Սերը ոչ մի օրենքի չէ հպատակում, – պատասխանեց տիկինը, – և ավելի մուսուլմանների օրենքին: Նա մարդու ազատ զբացմունքն է, ինչպես կրոնը:

– Դու գիտե՞ս, խան, – հարցրեց նա, – որ ես քրիստոնյայի աղջիկ էի, դու ինձ գերի վեր առեցիր իմ ծնողների տնից: Իմ հայրը շատ կարդացած մարդ էր, նա սովորել էր մեր ազգի բոլոր նշանավոր իմաստունների գրքերը: Նա սիրում էր ուսուցանել ինձ շատ բաներ, ինչ որ ինքը սովորել էր: Մեր երկրում իմ հորը մի անհավատ մարդ էին համարում, որովհետև նրա կարծիքները, նրա մտքերը տարբերվում էին հավատավոր մարդիկների կարծիքներից: Իմ մայրը մի ջերմեռանդ քրիստոնյա կին էր. նա էլ իր կողմից աշխատում էր կրթել ինձ քրիստոնեական բարեպաշտության մեջ: – Ուրեմն ինչո՞ւ ես զարմանում դու, որ իմ խոսքերը հակառակում են մուսուլմանների սովորություններին կամ նրանց օրենքներին: Ես այդպես եմ սովորել:

– Ուրեմն դու դեռ պահպանե՞լ ես քո քրիստոնեությունը, – հարցրեց խանը զայրացած կերպով:

Տիկինը մնաց շվարած, չգիտեր ինչ պատասխանել: Նա իր դատողությունների մեջ շատ հեռու գնաց, վիրավորեց խանի ոչ միայն անձնասիրությունը, այլև նրա կրոնական զգացմունքը: Այդ բավական չէր, նա մերկացրեց իրան: Այժմ մի կերպով պետք էր փարատել նրա տարակուսանքը:

– Ես, – պատասխանեց նա, – ճշմարիտն ասած, ինքս էլ չգիտեմ, թե ինչ կրոնքի եմ պատկանում: Բայց որովհետև մեր վիճաբանությունը ամուսնական սիրո վրա էր, շարունակենք դրա վրա խոսել:

Տիկնոջ անորոշ պատասխանը փոքր-ինչ հանգստացրեց խանին, նա ասաց.

– Խոսի՜ր:

– Ճշմարիտ սերը պետք է փոխադարձ լինի, – շարունակեց տիկինը: – Իսկ փոխադարձ սեր կարող է կայանալ միայն մի զույգի մեջ: Բայց երբ որ այրը ունի հարյուր կնիկներ, կամ կինը ունի հարյուր այրեր, այդ դեպքում ճշմարիտ սերը զրկվում է գոյություն ունենալուց:

– Ես կարող եմ հարյուր կնիկներ ունենալ և հարյուրին էլ սիրել, – ընդհատեց խանը, – այդ ուրիշ բան է, եթե նրանց մեջ կգտնվեն այնպիսիները, որ ինձ դուր չեն գալ:

– Դա անբնական է, – պատասխանեց տիկինը, – դու կարող ես սիրել հարյուր կնիկներ, այլ խոսքով ասելով, դու կարող ես վայելել ավելի քան հարյուր կնիկներ, բայց հարցը դրանումն է, արդյոք նրանք էլ կսիրե՞ն քեզ: Որովհետև քո սերը կատարյալ չի լինի, եթե փոխադարձապես նրանք էլ չսիրեն քեզ: – Ես ասեցի անբնական է, այն մտքով, որ դու, որքան էլ ցանկանայիր, չէիր կարող քո սերը, քո հոգին, քո սիրտը բաժանել հարյուր կնիկների վրա, որոնք կոչվում են քո ամուսիններ: Իսկ ամուսնական սերը մի անբաժանելի զբացմունք է. նա պետք է իր զուգակցին միայն պատկանի, երբ բաժանվեցավ և օտարների վրա, – նա մեռավ, այլևս գոյություն ունենալ չէ կարող: Այդ է պատճառը, որ այսօվա քո դժբախտության րոպեում քո բազմաթիվ կնիկներից և ոչ մեկը չկա, որ քեզ ցավակից լիներ: Որովհետև, նա, որ չէ բաժանել քո սերը, չէ կարող բաժանել և քո ցավերը:

– Հիմա տեսնում ես, որ դու ընտանիք չունես, – առաջ տարավ տիկինը: – Դու ունես միայն կնիկների մի խոշոր խումբ, որոնց պահում ես երկաթյա կապանքների մեջ, որոնք հպատակում են քեզ ամենայն խոնարհությամբ, որովհետև հակառակելու, ընդդիմանություն գործելու հնար չունեն: Բանտարկյալը կհնազանդվի իր բանտապետին, բայց նրան չի սիրի: Քո հարեմատունը քո կնիկների բանտն է. – դա ընտանիք չէ: Քո զավակները ծնվում են, մեռնում են, դու ամենևին տեղեկություն չունես: Դու գիտե՞ս, որ իմ աղջիկը արդեն չորս ամիս է, որ մեռած է, դու գիտե՞ս, որ իմ որդին այժմ մահամերձ հիվանդ է: Դու ոչինչ չգիտես, որովհետև ներքինապետը չէ հայտնել քեզ, մի գուցե քո ուրախության ժամերից մի քանի րոպե խլած լինի: Քո զավակները ծնվում են, մեծանում են որպես վայրենիներ: Նրանց դաստիարակում են Աֆրիկայի անապատներից բերված սևերը, որոնք գազաններից ոչինչով չեն զանազանվում: Նրանք հարկավոր դեպքում ոչ միայն իրավունք ունեն ծեծելու քո զավակներին, այլ ծեծում են և քո կնիկներին: – Եվ այդ բոլոր հրեշավոր խառնափնթորությունը դու կոչում ես ընտանիք…

– Քո կնիկները ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ մետաքսի, գոհարների և ոսկու մեջ պատած ստրուկներ: Ստրուկը կարող է կին լինել, բայց ամուսին լինել կարող չէ, քանի որ իր ստրկության մեջ կմնա: Նայիր ինձ վրա, նայիր այդ սենյակին, դու կարծում ես այդ բոլոր զարդարանքը, այդ բոլոր շքեղությունը քո սիրո համա՞ր է: Ամենևին: Ներքինապետը ինձ հրամայեց պատրաստվել և ես պատրաստվեցա: Իսկ եթե դու իմ սիրտը այս րոպեում քննելու լինես, նրա մեջ կգտնես դառնություն, ցավ, անբժշկելի վերքեր…

– Ինչո՞ւ, – հարցրեց խանը կատաղած կերպով: – Ուրեմն դու էլ ինձ չե՞ս սիրում:

Տիկինը իսկույն ուղղեց իր սխալը, ասելով.

– Նրա համար, որ ես արդեն քեզ ասեցի, որ երեխաս հիվանդ է: Մայրը չէ կարող տխուր, վշտացած չլինել հիվանդ զավակի անկողնի մոտ:

Դրսից թշնամու թնդանոթները, իսկ իր տան մեջ կնոջ խոսքերը, – երկուսն էլ միօրինակ ներգործություն էին անում բռնապետի սրտի վրա: Թշնամին ճնշված, հարստահարված հայ էր, իսկ կինը – հարեմի ստրուկ: Երկու համանման վիճակներ, որ չէին տարբերվում: Երկու ստրուկներն ևս ապստամբել էին բռնապետի դեմ: Բայց կնոջ խոսքերը ավելի ուժգին, ավելի խորտակիչ կերպով ազդում էին նրա սրտի վրա, քան թշնամու սարսափելի գնդակները բերդի հաստահիմն պարիսպների վրա: Ընտանեկան կռիվը ավելի սոսկալի էր, քան արտաքին պատերազմը: Կինը բողոքում էր բռնության դեմ:

– Ուրեմն ես ոչ մի տեղ մխիթարություն գտնել կարող չե՞մ, ուրեմն իմ ընտանիքս էլ ինձ հալածում է… – հարցրեց խանը խելագարվածի նման:

– Ոչ ոք մեղավոր չէ, – պատասխանեց տիկինը: – Դու ինքդ ես պատրաստել քեզ համար այդ վիճաը: – Քո տունը, քո օջախն անգամ բողոքում է քո դեմ…

– Իսկ ես այդ բողոքի թարգմանը կլինեմ… – ասաց իր մտքում Փարիշանը և հեռացավ սենյակի դռան ետևից, ուր թաք կացած, լսում էր նրանց խոսակցությունը:

ԻԱ

Փարիշանը հեռանալով տիկնոջ սենյակի դռնից, մտավ իր քնարանը. նա գտավ իր տիկնոջ երեխային հանգիստ քնած. այդ նրան մի առանձին ուրախություն պատճառեց: Նստեց նրա անկողնի մոտ, սկսեց կարեկցաբար նայել հիվանդի ջերմից շառագունած երեսին: Այժմ նոր զգաց, որ ինքը սաստիկ հոգնած է: Այս գիշեր որքան աշխատել էր նա, որքան վազվզել էր, որքան նեղություն էր կրել… Եթե նրա տեղ մի ուրիշը լիներ, իսկույն կհանվեր, կպառկեր և կհանգստանար: Բայց նա չքնեց. նստած, խորին ուշադրությամբ լսում էր, թե ինչ ձայներ էին գալիս դրսից: Դրսից այժմ ձայներ չէին լսվում, լսվում էր միայն սաստիկ քամու ձայնը, որ խլացնում էր իր մեջ բոլոր մյուս հնչյունները:

Կես ժամից հետո նա դուրս եկավ իր քնարանից, կրկին մոտեցավ տիկնոջ սենյակի դռանը: Ականջը տարավ դեպի դռան ճեղքը, ձայն չէր լսվում. նայեց ճեղքից, ճրագի լույս չէր երևում: Այստեղ, երևի, քնած էին: Նա շուռ եկավ, տեսավ ծերունի Ասադին, նախասենյակի մի անկյունում կծկված: Ոտքով զարկեց, զարթեցրեց նրան, ասելով.

– Քավթառ, այստեղ ի՞նչ քո քնելու տեղն է. դու խո իմանում ես, որ խանը տիկնոջ մոտ է. կորիր, մի այլ տեղում մրափիր:

Ծերունի ներքինին, չկամենալով «անզգամի» հետ մի ղալմաղալ սարքել և իր տիրոջ ու տիկնոջ քունը խանգարել, և, մանավանդ, հասկանալով իր սխալը, որ այն գիշեր անպատշաճ էր իրան քնել տիկնոջ դռան հանդեպ, – մրթմրթալով վեր կացավ և սղոցի թեփով լցրած իր բարձը ու վերարկուն վեր առեց, հեռացավ:

Աղախինը կրկին վերադարձավ իր քնարանը: Նրա դեմքը այժմ փայլուն էր ուրախությունից: Նա սկսեց մերկանալ իր հագուստը: Նրա սենյակում պահված էին շատ տեսակ հագուստներ, ամեն սեռի, ամեն դասակարգի մարդկանց համար: Դա հարեմական խորհրդավոր անհրաժեշտություններից մեկն էր: Ով որ ծանոթ է մահմեդական կանանոցների գաղտնիքներին, կհասկանա, թե որպիսի դեպքերում կարող էին ծառայել այդ հագուստները: Այդ հագուստներից նա ընտրեց ախոռատան սպասավորի հագուստը: Երբ հագնվեցավ, ժպտելով մոտեցավ հայելուն. «Այժմ սատանան ևս չէ կարող ճանաչել ինձ», – ասաց ուրախությամբ իր վրա նայելով: Երբ բոլորովին պատրաստ էր, մոտեցավ քնած երեխային, զգուշությամբ համբուրեց նրան, հետո ճրագը մարելով, դուրս գնաց:

Նա անցավ կանանոցի բակը: Գիշերային խավարը սարսափելի էր. մի քայլ հեռավորության վրա անկարելի էր մի բան որոշել: Իսկ քամին այժմ սկսել էր ավելի կատաղաբար փչել: Նա մի պտույտ գործեց բակի մեջ. բակը անապատի նման դատարկ էր: Ոչ ոք չկար, ոչ մի մարդկային ձայն չէր լսվում, ոչ մի լուսամուտից ճրագ չէր երևում. ամբողջ հարեմը ննջում էր խորին, խաղաղական քնի մեջ:

Նա մոտեցավ մի նեղ մուտքի, որ ոլոր-մոլոր սանդուղքներով տանում էր դեպի կտուրը: Սկսեց վեր բարձրանալ: Սանդուղքները վերջանում էին մի փոքրիկ տափարակով, որտեղ էր կտուրի դուռը: Այդ դռան վրա շատ ուշադրություն չէին դարձնում: Կանանոցի ամեն մի փոքր ի շատե նշանավոր աղախինը ուներ իր մոտ այդ դռան բանալին: Դա նրանց գաղտնի հարաբերությունների անցքն էր, երբ պետք էր մեկի հետ տեսնվել կտուրի վրա: Փարիշանը հանեց գրպանից մի բանալի, բաց արեց դուռը, անցավ կտուրի վրա և կրկին իր ետևից կողպեց նրան:

Նա անցավ կանանոցի տափարակ կտուրներից. այստեղ պահապաններ չկային, միայն վախենում էր հանդիպել շներին: Նրա բախտից շներն այս գիշեր խումբով գնացել էին մի քածի ետևից: Նրանք հրապուրված էին իրանց սիրո առարկայով:

Անցնելով կանանոցի կտուրները, նա հասավ դիվանատան կտուրներին. դրանք ավելի բարձր էին, դրանց վրա վեր ելնելու համար պետք էր բարձրանալ մի պատից: Նա իր հասակի հետ չափեց պատի բարձրությունը, նկատեց, այնքան ցած չէր, որ կարողանար հեշտությամբ անցնել: Բայց դարձյալ փորձ փորձեց մի կերպով վեր բարձրանալու. ձեռքերը տարավ պատի հարթ մակերևույթի վրա, մատներով սկսեց շոշափել, արդյոք կարո՞ղ էր մի բռնելու տեղ գտնել: Ճեղքերի մեջ գտավ երկու բռնելու տեղ, չանկռեց, բավական վեր բարձրացավ, բայց որովհետև ոտները դնելու տեղ չկար, կրկին ցած ընկավ: Այդ անաջողությունը չվհատեցրեց նրան, սկսեց հնարների վրա մտածել: Մի փոքր հեռու կանգնած էր վառարանի ծխանը, որ սյունի ձևով վեր էր բարձրանում և շինված էր անթուրծ աղյուսներից: «Այդ աղյուսները կքանդեմ և իմ ոտների համար սանդուղքներ կպատրաստեմ», մտածեց նա և մոտեցավ ծխանին: Բայց նախքան քանդելը պետք էր գիտենալ` դա ո՜ր սենյակի ծխանն էր, արդյոք այնտեղ մարդիկ բնակվո՞ւմ էին, թե ոչ: Տեսավ, որ կանանոցի բաղանիքների մի սենյակի ծխանն էր, ուր գիշերային այն ժամում ոչ ոք լինել չէր կարող, ուրեմն, եթե քանդելու ժամանակ վառարանի մեջ վերևից աղյուսի կտորտանք ընկնեին, ոչ ոք չէր իմանա: Սկսեց քանդել: Գլխավոր դժվարությունը առաջին աղյուսը պոկելու մեջն էր, որը նա պոկեց իր մատները արնելու չափ ցավեցնելով: Մնացած աղյուսները հեշտությամբ պոկվեցան, որովհետև բանված էին հասարակ ցեխով: Պոկած աղյուսները նա բերում էր, միմյանց վրա շարում էր պատի մոտ, և այսպիսով պատրաստեց իր համար սանդուղքներ: Ոտքերը դրեց նրանց վրա, վեր բարձրացավ: Այժմ նրա ձեռքերը հասնում էին պատի վերնապարսպին. երկու ձեռքով բռնեց այնտեղից և կատվի նման թռավ մյուս կտուրի վրա:

Այժմ նա գտնվում էր դիվանատան կտուրի վրա. նրա ոտների տակումն էր ամրոցի գլխավոր մասը: Մի քանի րոպե լուռ կանգնած դևի նման նայում էր գիշերային խավարի մեջ խորասուզված ամրոցի վրա: Քամին այստեղ ավելի սաստիկ էր փչում, բերելով իր հետ աղաղակների մի խուլ խառնաձայնություն, որ ավելի նման էր ծովի ալիքների պարբերական դղրդյուններին:

Նա անցավ դեպի ամրոցի խոհանոցի կտուրը, որը բավական ցած էր առաջինից: Լեռնային երկրի աղջիկը, սարերի վրա, մանկությունից սովորած էր ժայռերի բարձրությունից սողալը կամ դեպի ներքև ցատկելը: Նա ծանոթ էր կտուրների դրությանը, գիտեր, որ դիվանատան կտուրի բարձրությունը խոհանոցի կտուրից իր հասակի մեկ ու կես չափը հազիվ կլիներ: Ուրեմն կարելի էր ցած սողալ առանց ոտքը կոտրելու: Այդպես էլ արեց. բռնեց պատից և զգուշությամբ ցատկեց դեպի ներքև: Այստեղ մի երեսը բաց շինվածքի մեջ դարսած էին կոտորած, չոր փայտեր, խոհանոցի համար գործ ածելու: Նա վազեց դեպի այն կողմը, ուր դարսած էին փայտերը: Նստեց կտուրի վրա, գրպանից հանեց աբեթը և կայծհանը, զարկեց քարին, աբեթը վառվեցավ: Նրանով վառեց քիբրիթը, որ իր մոտ ուներ: Հետո գրպանից հանեց մի կտոր շորի փաթոթ, որ թաթախած էր ձեթով, քիբրիթը դրեց նրա մեջ, մի քանի վայրկյան բռնեց քամու առջև, որ ավելի բոցավառվի, և ապա նետեց փայտակույտի մեջ: Ինքը իսկույն հեռացավ, վստահ լինելով, որ այնուհետև քամին կշարունակեր նրա սկսած գործը…

Այստեղից կամենում էր նա գնալ ախոռատան կտուրների վրա: Բայց այնտեղ գնալու համար ճանապարհ չկար, որովհետև կտուրները կից չէին, բաժանված էին ախոռատան ընդարձակ բակով: Մի բարձր, մերկ պատ միայն միացնում էր ախոռատունը խոհանոցի հետ, նրա ետևի կողմից: Այդ պատի վերին մասը այնքան նեղ էր, որ նրա վրայով ոտքով գնալ անհնարին էր, մանավանդ գիշերային մթության մեջ: Հեշտ կարելի էր ավելի քան քսան արշին բարձրությունից ցած գլորվել և ջարդուփշուր լինել: Բայց ո՜չ վտանգը և ո՜չ պատի բարձրությունը չվախեցրին Փարիշանին: Նա սրտոտ աղջիկ էր և հնարագետ: Զգուշությամբ հեծավ պատի վրա, որպես մարդիկ նստում են ձիու վրա: Սկսեց երկու ձեռքերը դեմ տալով, փոքր առ փոքր առաջ սողալ: Պատի տարածությունը բավական երկար էր: Եթե այդ արշավանքը նա կատարեր ցերեկով, շատ կարելի է, որ գլուխը պտույտ գար, աչքերը շաղվեին և վերևից գլորվեր դեպի ցած: Բայց խավարը բավական նպաստում էր նրան: Որպես մի հմուտ լարախաղաց, սառնասրտությամբ պահպանելով իր հավասարակշռությունը, նա սողալով առաջ էր գնում: Մի քանի տեղ կանգ առեց, որ փոքր-ինչ հանգստանա: Ձեռքերի կաշին, անդադար շփվելով անհարթ պատի հետ, կիսով չափ պլոկվեցավ: Բայց նա ցավ չէր զգում, ինչպես ցավ չեն զգում այն վիրավորները, որ դեռ կռվի ջերմ ոգևորության մեջ են լինում:

Քամին այժմ ավելի սաստկացավ: Այդ քամին ուրախացնում էր նրան, ոչ միայն այն պատճառով, որ զովացնում էր նրա շառագունած, վառված դեմքը, այլ առավել նրա համար, որ պատի վրայից սողալի ժամանակ, ցած թափված հողերի և քարերի կտորտանքի ձայնը չէր լսվում: Երկար աշխատելուց հետո վերջապես նա հասավ ախոռատան կտուրներին:

Այստեղ տանիքների վրա կիտած էին խոտի ահագին դեզեր, իսկ մարագները լիքն էին հարդով: Նա մոտեցավ այդ դեզերից մեկին, և սատանայի նման կծկվեցավ նրա մոտ: Կայծհանը, աբեթը և քիբրիթը դարձյալ գործ դրվեցան. նրանցով վառեց ցամաք խոտը: Քամին փչեց, ցամաք խոտը բոցավառվեցավ, և մի քանի րոպեի մեջ, կրակը անցավ մի դեզից մյուսը, և հրդեհը տարածվեցավ ամբողջ ախոռատան մեջ: Մնում էին հանդանոցները: Նա վեր առեց խոտի մի քանի կիսավառ խուրձեր, նետեց հարդանոցների երդիկներից: Շուտով երդիկներից հրեղեն սյուները բարձրացան օդի մեջ:

Նա այժմ իր գործը կատարած էր համարում, քաշվեցավ մի կողմ, ուր կրակի լույսը չէր հասնում, կանգնեց մթության մեջ, և խորեն ուշադրությամբ նայում էր դեպի երկինքը: Այդ միջոցին մի ֆշանք ֆշֆշալով բարձրացավ օդի մեջ: Չարագուշակ ֆշանքը պայթեց և նրա հրեղեն կայծերը, անեծքի տարափի նման, ցրիվ եկան անբախտ բերդաքաղաքի վրա…

– Հրդե՛հ… օգնեցե՛ք… – լսելի եղավ ամեն կողմից և ախոռատան ծառաները դուրս պրծան իրանց քնարաններից:

– Հրդե՛հ… – գոչեցին և դիվանատան պահապանները, երբ նկատեցին, որ խոհանոցը այրվում է, կրակը սկսել է անցնել դեպի դիվանատան սենյակները:

– Հրդե՛հ… – աղաղակեց և նա, որ այդ բոլոր չարիքների պատճառն էր, և վազելով ցած իջավ կտուրներից ախոռատան բակը:

Ընդհանուր խռովության մեջ նա աննկատելի կերպով բակից դուրս եկավ դեպի փողոցը: Ախոռատան սպասավորի հագուստը նրան պահպանեց ճանաչվելուց:

Նա սկսեց վազել դեպի ածխավաճառների հրապարակը, անդադար աղաղակելով.

– Հրդե՛հ… օգնեցե՛ք, ամրոցը այրվում է…

Ածխավաճառների հրապարակի վրա, տեր Ավետիքը, Շահումյան Ստեփաննոս իշխանը և Մելիք-Փարսադանյան Բալի զորապետը ժամադիր էին եղած միանալ տեղացի հայերի հետ և գրավել ամրոցի զենքերի մթերանոցը: Բայց դրանց և ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չէր Փարիշանը. ծանոթ էր միայն Խորեն հայր սուրբի հետ, որը այնտեղ չէր: Նա գտավ հրապարակի վրա մի խառնիճաղանջ բազմություն, որը վազում էր դեպի ամրոցը, աղաղակելով.

– Օգնեցե՛ք, ամրոցը այրվում է…

Փարիշանն էլ խառնվեցավ այդ բազմության հետ: Նրանք զինված էին բահերով, բրիչներով, կացիններով, մանգաղներով և այլ այդպիսի գործիքներով: Տեսնողը կմտածեր, որ գնում են հրդեհը հանգցնելու:

Բազմությունը հետզհետե աճում էր, ստվարանում էր, նրա հետ խառնվում էին նոր և նոր մարդիկ, և բոլորը վազում էին դեպի ամրոցը, որպես թե հրդեհը հանգցնելու համար:

Այն փողոցում, որի միջով անցնում էր բազմության փոթորկային հոսանքը, մի փոսի միջից լսելի եղավ դողդոջուն ձայն.

– Տո հեր օրհնած, կամա՜ց, կողքս կոտրեցիր:

Այն անձը, որին ուղղված էր այդ ձայնը, նայեց փոսի մեջ, տեսավ այնտեղ մի ընկած ծերունի, որին փոքր էր մնում ոտքերի տակ ջարդուփշուր աներ, երբ ինքը վազ տալու ժամանակ թռավ նրա վրայից: Իսկույն ճանաչեց նրան և ձեռքից բռնելով, ասաց.

– Ա՜խ, Սարգիս-ապեր, դո՞ւ ես:

– Տեր հայր, դո՞ւ ես, – հարցրեց նա կանգնելով: – Անպիտան ծառան ինձ թողեց այստեղ, ինքը, չեմ իմանում, որտեղ կորավ:

– Ես քեզ չէի՞ ասում, որ տանից դուրս չգաս, – ասաց նրան տեր հայրը: – Լավն այն է, որ ետ դառնաս, Սարգիս-ապեր, ես մի մարդ կտամ, որ քեզ տուն տանե:

– Տանը ի՞նչ պիտի շինեմ, որդի, – պատասխանեց ծերունին, մոռանալով իր կողքի ցավը: – Ես պիտի իմ աչքով տեսնեմ, թե որպե՜ս է այրվում, որպե՜ս է կործանվում այն ամրոցը, որ հազարավոր հայերի գլուխ է կերել… ես պիտի տեսնեմ, անպատճառ պիտի տեսնեմ ու իմ անեծքը պիտի խառնեմ կրակի բոցերի հետ…

Տեր հայրը նկատեց, որ անկարելի է ծերունուն համոզել, որ նա տուն դառնա, և որպեսզի մյուս անգամ այսպիսի փոսերի մեջ չընկնի, հանձնեց նրան մի մարդու, որ տանե դեպի ամրոցը: Իսկ ինքը անցավ բազմության առաջը, գոռալով.

– Գնանք, ուշանում ենք…

Դա տեր Ավետիքն էր, իսկ ծերունին` մեզ նախածանոթ Սարգիս յուզբաշին:

Փարիշանը խավարի միջից լսեց նրանց խոսակցությունը, այժմ նոր հասկացավ, որ այդ բահերով, բրիչներով, կացիններով զինված բազմությունը տեղացի հայերի խումբն էր, որոնց առաջնորդում էր տեր Ավետիքը իր ընկերների հետ:

Նրանք աղաղակելով անցան թյուրքերի թաղը, անցան մի քանի ծուռումուռ փողոցներ և հասան ամրոցին: Հրդեհը այժմ ավելի տարածվել էր. ախոռատնից անցնում էր դեպի կանանոցը, իսկ խոհանոցից` դեպի դիվանատունը: Բերդաքաղաքի թյուրքերի մեծ մասը այստեղ էր: Կրակը հանգցնելու համար նրանք ոչինչ հնարներ չունեին, միայն աշխատում էին մթերքները դուրս կրել այն շենքերից, որոնց դեռ կրակը չէր հասել: Ամրոցի պահապանները և ծառաները հսկում էին ավելի գողությունների վրա: Բայց ընդհանուր խառնակության մեջ «շունը տիրոջը չէր ճանաչում…»:

– Այդ ո՞րտեղն է այրվում, – հարցրեց Փարիշանը մի թյուրքից:

– Ամրոցը… – պատասխանեց նա շտապելով, և մի ահագին սնդուկ քարշ տալով դեպի իր տունը:

– Աստված ինքը ողորմություն անե… – պատասխանեց Փարիշանը լալագին ձայնով, և ցույց տալով, որ չէ նկատում ավազակի իր իշխանի պալատից հափշտակած ավարը:

Փարիշանը նկատեց, բազմության նույն խումբը, որ զինված էր բահերով և բրիչներով, փոխանակ դեպի հրդեհը գնալու, մի պտույտ գործեց և լռությամբ անցավ դեպի ամրոցի ետևը, դեպի այն կողմը, ուր կրակը դեռ չէր հասել: Ինքն էլ գնաց նրանց հետ: Նրանք մտան մի նեղ փողոց, որի մի կողմը ամրոցն էր, իսկ մյուս կողմում խանի ամբարանոցները: Այդ փողոցը դատարկ էր, այստեղ մարդիկ չկային:

Ամբարանոցների մեջ մթերված էր խանի հարստության մեծ մասը. այնտեղ էր և զենքերի պահեստի տեղը: Տեր Ավետիքը մոտեցավ ամբարանոցի գլխավոր դռանը, և իր սրի կոթով բախելով դուռը, գոչեց միևնույն եղանակով, որպես քահանան տասն կուսանաց հիշատակը կատարելու գիշերը, եկեղեցում ձեռքի խաչովը բախում է տաճարի վարագույրը, ասելով.

– «Բաց մեզ, տէր, զդուռն ողորմութեան…

– «Եկայք, օրհնեալք Հօր իմոյ, և վայելեցէք զպատրաստեալն վասն ձեր բարութիւն», – պատասխանեցին ներսից, և Խորն հայր սուրբը բաց արեց դռները:

Բազմությունը խումբով ներս թափվեցավ բացված դռնից: Խորեն հայր սուրբը առաջնորդեց նրանց դեպի զենքերի պահեստի տեղը: Սառան, որ հայր սուրբի հետ առաջուց եկած էր այնտեղ, արդեն բաց էր արել պահեստի դուռը և իր ձեռքում բռնած ճրագով լուսավորում էր մուտքը: Բազմությունը ներս մտավ: Նրանք մի կողմ ձգեցին իրանց բահերն ու բրիչները և սկսեցին մթերանոցից վեր առնել իրանց ցանկացած զենքերը: Այդ տևեց մի քանի րոպե միայն:

– Այժմ դուք զենքեր ունեք, – ասաց տեր Ավետիքը, դառնալով դեպի բազմությունը: – Ձեր զենքերը խլել էր խանը. ես փոխարենը տվեցի ձեզ նույն իսկ խանի զենքերից: Դա մեղք բան չէ. – հափշտակության փոխարեն հափշտակություն: Հիմա գնացեք, զավակներս, պաշտպանեցեք ձեր ընտանիքը, ձեր տները: Ես գիտեմ, որ խանը իր ամրոցի վրեժխնդրությունը կթափե ձեր բնակարանների վրա: – Գնացեք, այդ երիտասարդը կառաջնորդե ձեզ: Նա ցույց տվեց Մելիք-Փարսադանյան Բալի զորապետի վրա:

Կռիվը, պատերազմը իր առանձին ոգևորությունն ունի, մի սոսկալի ոգևորություն, որ սրտի և հոգու ուրախությունը գտնում է խորտակելու, ոչնչացնելու և մահացնելու մեջ: Տեր հոր խոսքերը ավելորդ էին: Զայրացած, վրեժխնդրության ծարավի բազմությունը այժմ ինքը գիտեր իր գործը: Խանը, արդարև, բերդի պաշարվելուց առաջ խլեց նրանց զենքերը, զրկելով անձնապաշտպանության ամեն միջոցներից: Այժմ նրանց մի առանձին բավականություն էր պատճառում կռվել թշնամու հետ նրանից խլած զենքերով:

– Դուք անհոգ կացեք, տեր հայր, – պատասխանեցին նրանք: – Մեր կնիկների լեչակը թող մեր գլխին լինի, եթե չարդարացնենք այն հույսը, որ դուք մեզ վրա դրած եք:

– Օրհնյալ լինիք, զավակներս, դե գնացեք, – ասաց քահանան, և դառնալով դեպի Մելիք-Փարսադանյանը, ավելացրեց.

– Բալի, ընտրիր խուլ փողոցները, և մինչև հայոց թաղ հասնելը, խույս տուր կռիվներից:

Բազմությունը Մելիք-Փարսադանյանի առաջնորդությամբ հեռացավ: Բայց մեկը մնաց այնտեղ:

Սառան, որ ճրագը ձեռքում լուսավորում էր զենքերի մթերանոցը, ճանաչեց նրան, և ճրագը դնելով պատուհանին, վազեց դեպի նա, գրկելով ասաց.

– Ա՛խ, Փարիշան, դո՞ւ ես, այդ ինչպե՞ս եկար այստեղ, պատմիր, ինչպե՞ս եկար:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
630 s. 1 illüstrasyon
ISBN:
9785000649824
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Seriye dahil "Столетие геноцида армян"
Serinin tüm kitapları
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 3,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 34 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 12 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 48 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 10 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 7 oylamaya göre