Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 29

Yazı tipi:

Փարիշանը մի քանի խոսքով պատմեց իր վերջին գործողությունները: Այդ միջոցին տեր Ավետիքը, Խորեն հայր սուրբը և Շահումյան Ստեփաննոս իշխանը, առանձնացած մթերանոցի մի կողմում, ինչ-որ խոսում էին: Սառան տարավ Փարիշանին նրանց մոտ, և ներկայացնելով, ասաց.

– Ահա այն աղջիկը, որ տվեց ինձ այդ մթերանոցի բանալիները, և որը վառեց այդ մեծ կրակը, որ ամբողջ քաղաքը լուսավորվում է…

Քահանան, վարդապետը և իշխանը մի առանձին ուրախությամբ նայեցին ախոռատան սպասավորի հագուստով ծպտյալ հերոսուհու վրա:

– Զավակս, – ասաց քահանան, նրա ձեռքից բռնելով և ճակատը համբուրելով. – դու արժանի ես մեր ամենի սիրույն և հարգանքին: Քո քույրիկները այսուհետև կարող են պարծենալ, որ հայոց աղջիկների մեջ ևս տակավին չէ հանգած հայրենասիրության կրակը: Ես ճանաչում եմ քո հորը. դու մի որբ աղջիկ ես, բայց այսօրից դու կլինես մեր զորագնդի որդեգրուհին` դուստրը:

– Համբուրեցեք ձեր դստերը, – դարձավ նա դեպի Խորեն հայր սուրբը և Շահումյան իշխանը:

Երկուսն էլ համբուրեցին նրա ճակատը:

Ուրախության արտասուքը խեղդեց քաջասիրտ աղջկան: Նա մի բառ անգամ չէր գտնում իր շնորհակալությունը արտահայտելու: Արդարև, նա մի թշվառ որբ էր: Մորից զրկվեցավ նա դեռ իր տասն տարեկան հասակում, իսկ հայրը կսկծից մեռավ, երբ նրան բռնությամբ տարան խանի պալատը: Այժմ որքան ուրախ էր նա, որ փոխանակ իր կորուսած ծնողների, եղավ որդեգրուհի մի քաջ և հաղթող զորագնդի:

– Շնորհակալ եմ, – ասաց նա, – որ դուք անհայր և անմայր որբին ձեր դուստր եք կոչում, բայց թող ձեր դուստրը համարձակություն ունենա խնդրելու ձեզանից մի ուրիշ բան ևս:

– Խնդրիր, – ասաց նրան տեր Ավետիքը, – ես գիտեմ, որ դու այնքան խելացի ես, որ անկարելի բան չես խնդրի:

– Իհարկե չեմ խնդրի, – պատասխանեց Փարիշանը, այժմ փոքր-ինչ համարձակություն ստանալով: – Իմ խնդիրքս այն է, որ իմ տիկնոջը, որին կոչում են Զուբեյիդա խանում, առնեք ձեր պաշտպանության ներքո, խնայեք նրա կյանքը ընդհանուր կոտորածի ժամանակ: Նա մի բարի, քրիստոնյա կին է:

– Մենք կկատարենք քո ցանկությունը, – պատասխանեց տեր Ավետիքը:

ԻԲ

Որպես ամառային գիշերներում ճրագի լույսը դեպի ինքն է հրապուրում զանազան միջատներին, այնպես էլ ամրոցում հայտնված հրդեհը ամեն կողմից դեպի ինքն էր կոչում բերդաքաղաքի բնակիչներին: Ոմանք լոկ հետաքրքրության համար, ոմանք օգնություն հասցնելու համար, ոմանք զվարճանալու համար վազում էին դեպի հրդեհը: Ամբոխը մի մեծ երեխա է, սիրում է կրակի հետ խաղալ: Բերդի պարիսպների մոտ կանգնեցրած պահապան զորքերն անգամ, հակառան զինվորական կարգապահության, թողեցին իրենց պահականոցները և վազեցին դեպի ամրոցը: Կրակը հեղաշրջեց ամեն օրենք, կանոն և այն բոլոր կարգադրությունները, որ տնօրինված էին թշնամուն դեմ դնելու համար:

Հանգցնելու հնար չկար: Երկու մեծ գետերից, որ անցնում էին բերդի մոտով, ջուր վերցնել անկարելի էր, որովհետև թշնամին դրսում կանգնած էր: Իսկ բերդի մեջ գտնված ջուրը խմելու անգամ բավական չէր:

Հրդեհը հետզհետե տարածվում էր: Կրակը խոհանոցի մասից անցել էր դեպի դիվանատունը, իսկ ախոռատան կողմից մոտենում էր կանանոցին: Կատաղի քամին, մի հսկայական փուքսի նման, ավելի բորբոքում էր, ավելի բոցավառում էր նրան:

Այժմ սկսել էր այրվել դիվանատունը: Դա ամրոցի ամենագեղեցիկ մասն էր: Ահագին դահլիճների կամարները, որոնց վրա նկարիչները գործ էին դրել իրանց բոլոր ճարտարությունը, խորտակվում էին, և դղրդալով կործանվում էին դեպի ցած: Հրեղեն բոցերը, խառն ծխային թանձր ամպերի հետ, դուրս էին հոսում աշխարհի բոլոր շքեղություններով զարդարված սենյակներից: Պալատի փառքը, գեղեցկությունը և ամեն զեղխություններով լի վայելչությունը լուծվում էր, մոխիր էր դառնում: Եվ ո՞ւմ ձեռքով: – Մի աղախնի, մի թույլ աղջկա ձեռքով: Դա մի դառն խրատ է, որով ժողովուրդը պատժում է բռնակալի ամբարտավանությունը, որով կամենում է ցույց տալ նրա ոչնչությունը: Երկրների երկաթե գավազանով իշխողին պատժում է իր ստրուկներից ամենատկարի ձեռքով: Կարծես կամենում է հասկացնել նրան. «Տես, դու էլ նույնպիսի մի մարդ ես, որպես այն բյուրավոր մարդիկը, որոնց ճնշում ես քո ոտքերի տակ…»:

Երկու սոսկալի տարերք` կրակը և քամին – կարծես միաբանվել էին մի սերտ դաշնակցությամբ, ոչնչացնելու բոլորը, ինչ որ կառուցել էր բռնակալ ձեռքը իր զոհերի արյունով և արտասուքով: Երկու տարերք գործում էին. քամին, որպես արդարադատի վրեժխնդրության շունչը, և կրակը, որպես հարստահարված ժողովրդի անեծքի արհատայությունը…

Հրդեհը ավելի և ավելի ծավալվում էր, տարածելով իր շուրջը մի սոսկալի լուսավորություն: Կանանոցի կիսամերկ գեղեցկուհիները, սարսափելով հանկարծակի վտանգից, քնաթաթախ դուրս էին թափվել իրանց օթյակներից: Այդ թշվառները, մի այլ պատսպարան չգտնելով, հավաքվել էին բակի մեջ, և ոչխարի նման մինը մյուսի կողքին սեղմված, դողդողում էին, լաց էին լինում: Նրանք մոռացել էին հարեմի փակված կնոջ թե՜ երկյուղը և թե՜ ամոթխածությունը, և դառն հառաչանքներով օգնություն էին աղաղակում: Նրանց ձայնը գրավեց ներքինապետի ուշադրությունը, որը զայրացած կերպով մոտեցավ, և սպառնական խոսքերով ասաց.

– Քածեր, այդ ի՞նչ աղմուկ է, ինչո՞ւ եք հավաքվել այստեղ, դուք չե՞ք տեսնում, որ մարդիկ են նայում ձեզ վրա:

Կնիկները նկատեցին, որ կտուրների վրա, իրավ որ, բավական մարդիկ էին հավաքված: Նրանք աշխատում էին քանդել մի կից շինվածք, որ միացնում էր կանանոցը դիվանատան հետ, որպեսզի արգելեն կրակի առաջ խաղալը: Հարեմական կարգերին ընդդեմ էր, որ այդ մարդիկը տեսնեին խանի գեղեցիկ խանումներին, որոնք հրդեհի ծիրանագույն լուսավորության առջև ներկայացնում էին կենդանի պատկերների մի սքանչելի խումբ, զարհուրած, շվարած ընդհանուր սոսկումից, որպես Պոմպեի և Հերքուլանի կնիկները Էտնայի հրաբխության րոպեներում:

– Չե՞ք լսում, դեռ կանգնա՞ծ եք, – գոռաց ներքինապետը:

– Ո՞ւր գնանք, – եղավ թշվառների պատասխանը:

– Դժո՛խքը և գերեզմա՛նը… եղավ ներքինապետի պատասխանը: – Մտե՜ք ձեր օթյակները:

– Շուտով կրակը մեր օթյակներին կհասնի, – համարձակվեցավ հակառակել մեկը:

– Երբ որ այրվելու լինիք, այն ժամանակ ձեզ հրաման կտամ դուրս գալու:

Կնիկների խումբը ցրիվ եկավ, ամեն մեկը մտավ իր սենյակը, սարսափով սպասում էր կրակի մոտենալուն:

Ամրոցի բոլոր մուտքերը բաց էին, որ ժողովուրդը կարողանար օգնություն հասցնել: Միայն կանանոցի դռների մոտ կանգնեցրած էին պահապաններ: Այստեղ անցուդարձը արգելված էր:

Կանանոցի կտուրի վրա հավաքված բազմությունից երեքը գաղտնի կերպով բաժանվեցան և մոտեցան տանիքի մեզ ծանոթ փոքրիկ դռանը: Ընդհանուր խռովության մեջ ոչ ոք չնկատեց նրանց մեկնելը: Նրանցից մեկը գրպանից հանեց բանալին, բաց արեց փոքրիկ դուռը: Երեքն էլ ներս մտան, դուռը կրկին փակվեցավ:

– Դուք այստեղ սպասեցեք, ես կգնամ նրան կբերեն, – հազիվ լսելի ձայնով ասաց նրանցից մեկը:

Երկուսը մնացին դռան մոտ, ներսի կողմից, իսկ երրորդը սկսեց մութ սանդուղքներով ցած իջնել: Երբ հասավ վերջին աստիճանին, նա կանգնեց և նայում էր դեպի կանանոցի բակը, որը երբեմն լուսավորվում էր հրդեհի բոցերով, իսկ երբեմն խավարը պատում էր, երբ ծխային սև ամպերը ծածկում էին կրակի ճառագայթները: Նա ընտրեց խավարի այդ վերջին րոպեներից մեկը և արագությամբ վազեց դեպի Զուբեյիդա խանումի սենյակը: Ներքինի Ասադը այնտեղ չէր, ծերունին իր սղոցի թեփով լցրած բարձը վեր էր առել, և սատանան գիտե, թե որ անկյունում պառկած էր: Նա մտավ խանումի սենյակը, որը միայնակ նստած էր, գրկած ունենալով իր հիվանդ երեխային, և գտնվում էր մի տեսակ տխուր, ուշակորույս ինքնամոռացության մեջ: Տեսնելով անծանոթ մարդուն իր սենյակը մտնելիս, տիկինը սթափվեցավ և լալագին ձայնով աղաղակեց.

– Ինչ որ ուզում ես, տա՜ր, ես բոլորը քեզ կտամ, ի սեր աստուծո, երեխային մի՜ սպանիր:

Նա կարծեց, որ անծանոթը Բեկի զինվորներից մեկն էր, մտել էր իր սենյակը կողոպտելու: Բայց նա մոտենալով տիկնոջը, կամաց շշնջաց.

– Սո՜ւս կաց, մի՜ վախիր, ես եկա քեզ էլ, քո երեխային էլ ազատելու: – Չե՞ս ճանաչում ինձ: Վերջին խոսքերի ժամանակ նա մի կողմ ձգեց գլխի ահագին մորթե գտակը, և նրա տակից դուրս թափվեցան կանացի երկայն գիսակները:

– Ա՛խ, Փարիշան, դո՞ւ ես, – բացականչեց տիկինը ուրախանալով: – Ո՞րտեղ էիր, ինչո՞ւ, ինձ մենակ թողեցիր, ո՞ւր գնացիր:

– Սո՜ւս, – կրկնեց Փարիշանը, – կամաց խոսեցեք, վեր կացեք, վեր կացեք, պատրաստվեցեք, գնանք, քանի որ դեռ ուշ չէ: Ես հետո կպատմեմ ձեզ, թե որտեղ էի:

– Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում, – հարցրեց տիկինը շփոթվելով:

– Մի այնպիսի ապահով տեղ, ուր դուք ազատված կլինիք: Շտապեցեք, ժամանակ կորցնելու չէ, մի քանի րոպեից հետո Բեկի զինվորները կթափվեն ամրոցի վրա և կրակից մնացածը նրանք սրով կոչնչացնեն:

– Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում, – դարձյալ հարցրեց տիկինը, նստած տեղից չշարժվելով:

– Սառայի տունը, – պատասխանեց աղախինը նրա ձեռքից բռնելով: – Սառան ձեր լավ բարեկամն է. նա այնքան բարի է, որ դուք կարող եք նրա վրա վստահություն ունենալ: Նա ինքը այստեղ է, եկել է ձեզ տանելու, սանդուղքների վրա սպասում է:

Տիկինը իսկույն չպատասխանեց. տխուր մտածություններ տիրեցին նրա սրտին: Նա թաշկինակը սեղմեց աչքերի վրա, և րոպեական լռությունից հետո, արտասավախառն հեկեկանքով հարցրեց.

– Դու ինձ առաջարկում ես փախչե՜լ, Փարիշան…

– Այո՜, փախչել, – պետք է անպատճառ փախչել այդ Սոդոմից, որ աստուծո բարկության հրովը կործանվում է…

Նրանց խոսակցությունը ընդհատեց մի սոսկալի, որոտաձայն դղրդոց: Կարծես, հարյուր թնդանոթներ միասին արձակեցին, և կիսավեր ամրոցը հիմքից շարժվեցավ, օրորվեցավ, և փոքր էր մնում, որ մնացած մասերն էլ կործանվեին, տակնուվրա լինեին:

Փարիշանը վազեց, բաց արեց լուսամուտը, նայեց դեպի ծխի և փոշու մեջ կորած բակը:

– Այդ ի՞նչ էր, – հարցրեց սարսափած տիկինը:

– Ներքինապետի բարձր աշտարակը կործանվեցավ, նրա փառքը և իշխանությունը տապալվեցավ, – ծիծաղելով ասաց Փարիշանը: – Կրակը անցնում է դեպի կանանոցը:

Իրավ, փուլ եկողը ներքինապետի աշտարակն էր, որի բարձրությունից «աղջիկների իշխանը» տիրում էր ամբողջ կանանոցի վրա: Նա կործանվեցավ և իր ծանրության տակ փշրեց մի քանի այլ շինվածքներ: Նրա որոտաձայն դղրդոցը բարձրացրեց հարյուրավոր կնիկների բերաններից զարհուրելի աղաղակներ, իսկ տիկնոջ գրկում զարթեցրեց քնած երեխային:

Նա իր գեղեցիկ աչքերը բաց արեց, և լուսամուտից տեսնելով դրսի լուսավորությունը, – ժպտալով ասաց.

– Արևը դուրս է եկել, ես ո՜րքան շատ քնեցի:

– Հա՜, զավակս, շատ քնեցիր, – պատասխանեց մայրը, նրան համբուրելով: – Բայց դա արևը չէ. այնտեղ կրակ են վառում…

– Ինչո՞ւ համար են վառում:

– Այնպես, վառում են…

– Երևի մի բան խորովում են:

Մայրը ոչինչ չգտավ պատասխանելու, կրկին համբուրեց իր զավակին: Փարիշանը տեսնելով, որ ժամանակը անցնում է, սկսեց շտապեցնել իր տիկնոջը:

– Ուշանում ենք, տիկին, – ասաց նա. – տվեցեք ինձ երեխային, իսկ դուք ծածկվեցեք այդ վերարկուի մեջ:

Տիկինը դրեց երեխային աղախնի գիրկը, ինքը վեր կացավ:

– Ո՞ւր ենք գնում, – հարցրեց հետաքրքիր երեխան:

– Պարտեզը, – պատասխանեց աղախինը, – այնտեղ լավ է, այդպես չէ՞:

– Լավ է, – ասաց երեխան, – այնտեղ խնձոր կա:

Աղախինը իր վերարկուի տակ ծածկեց երեխային, որ նրան ոչ ոք չտեսնե: Իսկ նրա մայրը արդեն պատրաստ էր, նրա թուլասրտությունը անցավ: Ազատության հույսը զորություն տվեց նրան: Նա թողնում էր այն զնդանը, ուր ամբողջ յոթ տարի տանջվել էր, մաշվել էր, ուր թաղել էր իր երիտասարդության ամենաթանկագին օրերը: Բայց երբ դուրս եկան սենյակից, տիկնոջ աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով: Բնակարանը մարդու մտերիմ ընկեն է, նրա հավատարիմ խորհրդապահն է: Ամբողջ յոթ տարի այդ շքեղազարդ սենյակին, ուր կենդանի թաղված էր նա, հավատացել էր իր սրտի ցավերը: Նրա լուռ, գեղագրական պատերը միայն վկա էին եղել նրա արտասուքներին, բայց մխիթարել չէին կարողացել: Այժմ թողնում էր իր սգարանը:

Բակում մարդիկ էին ման գալիս: Խավարի մեջ դժվար էր որոշել նրանց: Լույս չկար, բայց խեղդող ծուխը թանձր մառախուղի նման ծածկել էր շինվածքները: Երբ իջան բակը, տիկինը հարցրեց.

– Հիմա Սառան ո՞րտեղ է:

– Սանդուղքների վրա, նրա հետ կա և մի տղամարդ, – պատասխանեց աղախինը:

Սառայի անունը լսելիս, երեխան գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և ճչալով բացականչեց.

– Սառային չեմ ուզի, Սառան վատ է, նա բողազս հուպ կտա…

Խեղճ երեխան մտաբերեց իր բժշկին և իր կոկորդի նույն գիշերվա ցավը: Բայց Փարիշանը հանգստացրեց նրան, ասելով.

– Չէ, սիրելիս, դա այն Սառան չէ, դա ուրիշ Սառա է, քեզ լավ բաներ կտա:

Երբ սկսեցին բարձրանալ սանխուքներից, տիկինը հարցրեց.

– Ո՞վ է Սառայի հետ եկող տղամարդը:

– Մի վարդապետ, որին կոչում են Խորեն հայր սուրբ: Նա շատ լավ մարդ է:

– Վարդապե՛տ, – զարմանալով կրկնեց տիկինը:

– Այո՜, վարդապետ: Նա մի քաջ տղամարդ է և Սառայի բարեկամն է:

Զբաղված լինելով այդ խոսակցություններով, փախստականները չնկատեցին, որ մի մարդ խավարի միջից լրտեսում էր նրանց: Դա ներքինի Ասադն էր: Հենց որ լսեց ծերունին երեխայի ճիչը, թե «Սառային չեմ ուզի», իսկույն ճանաչեց նրա ձայնը, հետո սկսեց ականջ դնել տիկնոջ և աղախնի խոսակցություններին: Երբ փախստականները ոտք դրեցին սանդուղքների վրա, սկսեցին բրձրանալ, նա հասկացավ բոլորը, և իսկույն վազեց ներքինապետի մոտ, նրան իմացում տալու համար:

Այդ միջոցին փախստականները արդեն գտնվում էին սանդուղքների վերին աստիճանների վրա: Սառան բաց արեց փոքրիկ դուռը, և բոլորը միասին դուրս եկան կտուրի վրա, դուռը իրանց ետևից կողպեցին:

Երեխան դարձյալ իր գլուխը դուրս հանեց աղախնի վերարկուի տակից, և տեսնելով հրդեհի շրջակա լուսավորությունը, ասաց.

– Հո՛ւ, այդ ո՜րքան կրակ են վառել… Ի՞նչ են եփում, մայրիկ:

Փարիշանը մտածեց երեխայի ձայնը կտրել, ասելով.

– Եթե դու մյուս անգամ կխոսես, ես «բոբոխին» կկանչեմ…

Երեխան երկյուղից գլուխը ներս քաշեց աղախնի վերարկուի տակ և կծկվեցավ նրա գրկի մեջ: «Բոբոխը» մի երևակայական էակ էր, որի սարսափելի նշանակությունը միայն երեխան գիտեր:

Կտուրի վրա հավաքված բազմությունը այժմ ավելի շատ էր: Բոլորը գոռում էին, գոչում էին, և մինը մյուսին չէր հասկանում: Նրանք աշխատում էին քանդել կից շինվածքները, որպեսզի կրակի առաջ անցնելը արգելեն: Փախստականները շտապով անցան հուզված, խառնափնթոր բազմության միջից, և կտուրից իջան փոքրիկ պարտեզը, որ կից էր կանանոցին:

Այդ պարտեզը խանի տիկինների զբոսանքի դրախտն էր: Այստեղ ներքինիների հսկողության ներքո բաց էին թողնում նրանց, ուր զվարճանում էին, թռչկոտում էին, վազվզում էին և զանազան խաղեր էին անում, որպես կուսանոցների գիշերօթիկ աշակերտուհիները վերակացուների հսկողության ներքո: Այստեղ երբեմն, գիշերային մթության ժամանակ, դուրս էին գալիս խանի գեղեցկուհիները և հանդիպում էին վարդենիների տակ թաքնված սիրահարին…

Ներքինապետը, լսելով Ասագից Զուբեյիդա խանումի փախստյան մասին, իսպառ կատաղեցավ:

– Ո՞ր կողմով փախան, թշվառ ծերուկ, – հարցրեց նա, – էգուց խանը քեզ կենդանի այրել կտա:

– Աստված էլ գիտե, որ ես մեղավոր չեմ, – պատասխանեց սարսափած ծերուկը, ցույց տալով կտուրի սանդուղքները:

Ներքինապետը վազեց դեպի սանդուղքները: Իսկ ծերուկը իր սղոցի թեփով լցրած բարձը, իր անբաժան ընկերը, գրկած, դիմեց դեպի իր տիկնոջ բնակարանը, և, գլուխը դնելով սենյակի դռան մոտ, պառկեց, դարձյալ միևնույն վաղեմի տպավորության ներքո երևակայելով, թե իր տիկինը այնտեղ է:

Ներքինապետը բարձրանալով սանդուղքներից, փոքրիկ դուռը գտավ փակված: Նա մի սաստիկ քացի տվեց, և տախտակները փշրվեցան հսկայի ոտքի հարվածքից: Անցավ կտուրի վրա և վազեց դեպի պարտեզը, բնազդումով հասկանալով, որ փախստականները այն կողմով պիտի գնացած լինեին, որովհետև այնտեղ մարդիկ չկային: Պարտեզից մի դուռ բացվում էր ուղիղ դեպի փողոցը:

– Կանգնեցե՜ք, – կանչեց ներքինապետը որոտալից ձայնով, երբ լսեց փախստականների ոտքերի խշխշոցը պարտեզի խոտերի վրա:

Խորեն հայր սուրբը կանգնեց, մյուսներին ասելով, որ հեռանան:

– Ձեզ եմ ասում կանգնեցե՜ք, – կրկնեց ներքինապետը ավելի խրոխտալի ձայնով:

– Ի՞նչ ես կամենում, – հարցրեց երիատասարդ աբեղան, վիթխարիի առաջը կտրելով:

– Ո՞ւր ես տանում դրանց:

– Այդ իմ գիտենալու գործն է:

– Քո գիտենալու գո՞րծն է, – խոսեց դառն ծիծաղով վիթխարին: – Ահա այդ էլ իմ գիտենալու գործն է…

Վերջին խոսքերի հետ նա իր ծանր սուրը սաստիկ թափով իջեցրեց դեպի աբեղայի գլուխը: Բայց աբեղան զարմանալի ճարպկությամբ իր սրով ետ մղեց նրա զարկը: Վիթխարին կրկին բարձրացրեց իր սուրը, գազանային կատաղությամբ մռնչելով.

– Հիմա դիմացի՜ր…

Աբեղան մի կողմի թեքվեցավ, իսկ վիթխարիի սուրը դիպչելով ծառի ահագին ճյուղին, կտրեց և ցած ձգեց:

Այդ միջոցին երիտասարդ աբեղան իր սուրը խրեց նրա կողքի մեջ: Հարվածքը թեև սաստիկ էր, բայց վիթխրին, ամենևին ցավ չզգալով, կրկին անգամ հարձակում գործեց: Նույն րոպեում Սառան վրա վազեց, և ետևից իր խենջարը խրելով հսկայի փորը, ասաց.

– Սատկի՜ր, անպիտան, մինչև ե՞րբ պիտի չարչարես մեզ:

Վիթխարին մի մեծ կոթղի նման ցած գլորվեցավ և մռնչալով փչեց հոգին:

Փախստականները մոտեցան պարտեզի դռանը, որ փակված էր փայտյա վանդակապատով:

– Թողեք, ես դրա բաց անելու ձևը գիտեմ, – ասաց Փարիշանը, ձեռքը տանելով դեպի դռան սողնակը:

Ի՞նչ սատանայական հնարք գործ դրեց նա, հայտնի չէ, բայց սողնակը իսկույն ետ քաշվեցավ, դուռը բացվեցավ, և նրանք դուրս եկան փողոցը: Այստեղ Փարիշանը հարցրեց իր տիկնոջից.

– Գիտե՞ք նա ով էր:

– Գիտեմ… – ասաց տիկինը և նրա ձայնի մեջ լսելի եղան ուրախության հնչյուններ:

Դուրս գալով փողոցը, փախստականները դիմեցին ուղղակի դեպի հայոց թաղը: Արշալույսը սկսել էր շառագունիլ, և երկնքի վրա մոխրագույն ամպեր ցոլացնում էին արևի ծագման վաղահաս նշույլները: Բայց փողոցների մեջ դեռ տիրում էր խավարը: Շրջակա անտառապատ լեռները այնքան բարձր էին, որ երկար մրցում էին արևի հետ, մինչև թույլ էին տալիս նրա ճառագայթներին մուտք գործել խոր ձորի մեջ թաղված բերդաքաղաքը:

Բերդի բնակիչները գտնվում էին սարսափելի խռովության մեջ: Իսկ անտառային թռչունները սկսել էին իրանց վաղորդյան ուրախ չըկչըկոցը: Նրանք, կարծես, ծիծաղում էին մարդիկների բարբարոսությունների վրա, կարծես ասում լինեին նրանց. «Տեսեք, մենք որքան ուրախ ենք, որքան երջանիկ ենք, որովհետև միմյանց դեմ ոխ, թշնամություն չունենք, նրա համար, որ բաժանելու էլ ոչինչ չունենք…»:

Խորեն հայր սուրբը և տիկինը գնում էին առաջ: Տիկինը լուռ էր, ոչինչ չէր խոսում: Երիտասարդ աբեղան մի քանի անգամ փորձեց խոսեցնել նրան, բայց ստացավ կարճ, սառն պատասխաններ:

– Դուք, երևի, հոգնեցաք, տիկին, – ասաց նա, նկատելով, որ չէր կարողանում հետևել իրան:

– Այո՜, յոթ տարի կանանոցի մեջ փակված մնալով, ես համարյա կորցրի ման գալու ընդունակությունը, – պատասխանեց տիկինը տխրությամբ:

– Թույլ տվեցեք բռնել ձեր թևքից:

Տիկինը իր թևքը մեկնեց նրան:

Միևնույն կարեկցությունը ցույց տվեց Սառան Փարիշանին, ասելով.

– Դու հոգնեցար, սիրելիս, ինձ տուր երեխային, ես կգրկեմ:

– Այսպես լավ է, – պատասխանեց Փարիշանը, – երեխան կարող է խանգարել քեզ, դու մի քաջ թիկնապահի պաշտոն ես կատարում, քո ձեռքերը պետք է ազատ լինեն:

– Ծիծաղո՞ւմ ես իմ վրա, Փարիշան:

– Ինչո՞ւ եմ ծիծաղում, ես տեսա, թե ինչպես դու ծակեցիր ներքինապետի կողքը. կարող է մի այսպիսի դեպք դարձյալ պատահել:

Նրանց մոտից մեծ աղմուկով անցան մի քանի մահմեդական զինված խումբեր: Բայց որովհետև գիտեին, որ այդ ժամանակ փողոցներում ոչ մի հայ չի համարձակվի դուրս գալ, այդ պատճառով ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց վրա:

Մեկը միայն հարցրեց.

– Ո՞ւր եք գնում:

– Դեպի այդ կողմը, – պատասխանեց Խորեն հայր սուրբը:

– Հայոց թաղով չեք կարող անցնել, բոլոր փողոցները բռնված են:

– Ինչպե՞ս բռնված են:

– Բռնված են… գնացեք, կտեսնեք…

Նա անցավ,ժամանակ չունենալով բացատրություն տալու:

Եվ իրավ, հասնելով հենց առաջին փողոցը, նրանք գտան փակված: Փողոցի մուտքը բռնված էր ամուր սանգիառով (պատնեշ): Հայ բնակիչները դիզել էին միմյանց վրա իրանց սայլերը, գութանները, արորները և տնային զանազան կարասիները, այսպիսով կազմել էին մի ամուր պատնեշ: Կին, աղջիկ, տղամարդ, ծեր և պատանի, հրացանները ձեռքներին բռնած, կանգնել էին պատնեշի ետևում:

– Այստեղից անցնել անկարելի է, գնանք մյուս փողոցով, – ասաց Խորեն հայր սուրբը:

– Ինչո՞ւ, դրանք խո հայեր են, – պատասխանեց Սառան: – Մեզ ի՞նչ վնաս պիտի տան:

– Հայեր են, բայց մինչև նրանց հասկացնելը, թե մենք ովքեր ենք, հարյուրավոր հրացաններ կարձակեն մեզ վրա:

Նրանք շուռ տվեցին դեպի մյուս փողոցը:

– Ինչպե՞ս շուտ պատրաստվեցան, – ասաց Սառան մի առանձին ուրախությամբ:

– Զենքը մարդուն քաջություն է ներշնչում, – պատասխանեց Խորեն հայր սուրբը: – Մենք տվեցինք նրանց զենքեր, իսկ նրանք կտան մեզ լավ զինվորներ:

– Մի՞թե հայերը զինվորական ընդունակություն ունեն, – հարցրեց տիկինը:

– Հայերը նույնպիսի մարդիկ են, ինչպես բոլոր մարդիկը, – պատասխանեց Խորեն հայր սուրբը: – Դու տուր մարդուն աչքի լույս, նա կգտնե իր ճանապարհը…

ԻԳ

Միևնույն ժամում, երբ հրդեհը տարածվում էր ամրոցի մեջ, երբ հոյակապ շինվածքները գոռգոռալով խորտակվում էին, երբ մարդիկների բազմությունը աշխատում էր կրակի ծավալման առաջը առնել, – համարյա միևնույն ժամում, երբ փախստականները դուրս եկան պարտեզից, խանը կատաղի վրդովմունքով կանգնած էր դիվանատան ընդարձակ բակի կենտրոնում, իսկ նրա հանդեպ կանգնած էր վեզիրը: Կրակի սաստիկ լուսավորությունը ամեն կողմից տեսանելի էր կացուցանում երկրի այդ երկու պետերին:

Բավական հեռու կանգնած էին խանի դրանիկները և չէին համարձակվում մոտենալ նրան: Բարկության րոպեներում նա նույնքան կատաղի էր, որպես այն հրդեհը, որ լափում էր շինությունները: Դրանիկներից ոմանք զանազան հրամաններ էին տալիս ամբոխին, իսկ ոմանք սպասում էին խանի հրամանին:

– Վեզիր, դա քրիստոնյաների գործն է, – ասաց խանը:

– Այո՜, քրիստոնյաների գործն է, – պատասխանեց վեզիրը:

– Այստեղի քրիստոնյաների, – ավելացրեց խանը:

– Այո, այստեղ քրիստոնյաների, – հաստատեց վեզիրը:

– Ես այս րոպեիս կհրամայեմ, որ նրանց կոտորեն, շան նման կոտորեն:

– Այժմ խիստ ուշ է… – պատասխանեց վեզիրը:

– Ինչո՞ւ:

– Չե՞ք լսում:

– Ի՞նչը:

– Թմբուկների ձայնը:

– Լսում եմ: Այդ ի՞նչ ձայն է:

– Բեկի զորքերի թմբուկների ձայնն է: Թշնամին մտնում է բերդը:

Խանը գունաթափվեցավ:

– Թշնամին մտնում է բե՛րդը… – կրկնեց նա մի այնպիսի ծիծաղով, որ բարկության ժամանակ փոխարինում է արտասուքին: – Ապա ո՞րտեղ են իմ զորքերը, իմ զորապետները, որ կարգված էին բերդը պահպանելու համար:

– Նրանցից ոմանք փախել են, իսկ ոմանք եկել են այստեղ կրակը հանգցնելու համար: Թշնամին մեր տան մեջ կրակ ձգեց, որ մեզ դրանով զբաղեցնե, իսկ ինքը միջոց գտավ գրավելու մեր բերդը:

– Հիմա ի՞նչ պետք է արած, – հարցրեց խանը հուսահատ կերպով:

– Եթե դուք ինձ թույլ տաք, ես կդիմեմ հաղթողին և հնազանդություն կհայտնեմ:

– Երբեք:

– Դուք դրանով կազատեք հազարավորների կյանքը սարսափելի կոտորածից:

– Թող բոլորն էլ ինձ հետ կոտորվեն, քան թե խոնարհվեն գավուրի առջև: Դու չգիտես, վեզիր, մեր կրոնի հանգանակը. մուսուլմանին թույլ տված չէ խոնարհվել այլադավանի լծի ներքո. մուսուլմանը կամ պետք է տիրե, կամ պետք է ոչնչանա:

Այդ միջոցին դիվանատան բակը մտավ մի խուռն, զինված բազմություն: Նրանց առաջնորդում էր մոլլաների գլխավորը, մի բաց սուր ձեռքումը բռնած: Նրա առջևից գալիս էին երկու չավուշներ, որոնք տանում էին երկու հոգևոր դրոշակներ: Չավուշները քարոզ էին կարդում.

– Մուսուլմաններ, ղեյրաթի օր է: Գավուրները գրավեցին մեր բերդը: Աստված և նրա մարգարեն հրամայում են զենքով ընդդիմանալ թշնամուն:

Այդ խոսքերը վառեցին ամբոխի կատաղությունը և հազարավոր ձայներ կրկնեցին.

– Պատրաստ ենք, պատրաստ ենք:

Խանը մոտեցավ մոլլաների գլխավորին և նրա ձեռքը բռնելով, ասաց.

– Ես էլ պատրաստ եմ: Աստուծո և նրա մարգարեի հրամանի հետ ավելացնում եմ և իմ հրամանը. – պետք է մինչև մեր արյան վերջին կաթիլը ընդդիմանանք թշնամուն:

Ամբոխի մոլեռանդությանը չափ չկար: Նրան հրամայում էր աստված իր հոգևոր ներկայացուցչի բերանով, հրամայում էր մարգարեն իր մարմնավոր ներկայացուցչի` երկրի իշխանի բերանով:

Չավուշները, սրբազան դրոշակները առաջ տանելով, դուրս եկան ամրոցից: Նրանց հետևում էին մոլլաների գլխավորը և խանը, իսկ հետո – ամբոխը:

Երբ դուրս եկան ամրոցի առջևի հրապարակի վրա, խանը դարձավ դեպի մոլլաների գլխավորը այս խոսքերով.

– Դուք, հոգևոր տեր, առաջնորդեցեք ամբոխին, իսկ ես կառաջնորդեմ զորքերին:

– Այդպես էլ պետք է, – պատասխանեց մոլլաների գլխավորը:

Նրանք բաժանվեցան:

Մոլլաների գլխավորը ամբոխի հետ սկսեց առաջ գնալ: Չավուշները բարձր ձայնով կրկնում էին միևնույն խոսքերը: Բազմությունը հետզհետե ստվարանում էր, ամեն մարդ, զենքը առած, միանում էր ամբոխի հետ:

Խանը մնաց հրապարակի վրա: Երբ բոլորը հեռացան, հրամայեց վեզիրին.

– Թմբուկները ածել տուր, որ զորքը հավաքվի:

Մինչև դրանց զորքի հավաքվելը, մենք անցնենք Բեկի զորքերի մեջ, տեսնենք այնտեղ ինչ է կատարվում:

Միևնույն րոպեում, երբ երկու չավուշները, բերդի փողոցների մեջ հոգևոր թափոր կատարելով, կարդում էին աստուծո և նրա մարգարեի հրամանը, – միևնույն րոպեում հայոց բանակների մեջ երկու ջառչիներ բարձր ձայնով հրատարակում էին Բեկի հրամանը. «Չխղճալ, կոտորել անխնա կերպով…»:

Այդ հրամանի հրատարակվելուց մի քանի ժամ առաջ, Գեղվա գետի ափի վրա զետեղված բանակի մոտ, սարի բարձրավանդակի վրա, միայնակ նստած էր մի մարդ: Նա աչքերը հառած, անհամբերությամբ նայում էր երբեմն դեպի բերդը, երբեմն դեպի երկինքը: Թեև խավարի միջից ոչինչ տեսնել չէր կարող, բայց այն, որ ցանկանում էր տեսնել, խավարի միջից ավելի պայծառ կերպով կարող էր երևնալ: Ձանձրույթը, անհամբերությունը, սրտի վրդովմունքը մեղմացնելու համար, նա ստեպ-ստեպ վառում էր իր կարճ չիբուխը և ծխում էր: Նա նմանում էր այն մոլեռանդ աստղահմաներին, որ ամբողջ գիշերը լուսացնում են, երկնքի վրա որոնելով իրանց ցանկացած աստղին, որպեսզի նրանով կատարեն մի մեծ, սքանչելի կախարդություն:

– Այդ պատարագիչներից ոչինչ չի դուրս գա, – ասաց նա իր մտքում, ավելի բարկանալով. – ամեն բան նրանց մոտ ծես է, արարողություն է, խորհուրդ է…

Պատարագիչներ կոչում էր նա քահանաներին:

– Հարյուր ծովի ջրով լվանալու ևս լինես նրանց, դարձյալ խունկի հոտը չի կտրվի նրանցից… – ավելացրեց նա:

Նրա շուրջը լեռ, ապառաժ և անտառ էր: Նա նստած էր մի քարաժայռի բեկորի վրա և թիկն էր տված մի ահագին կաղնիի: Այդ դրության մեջ նմանում էր նա այն վիթխարի անտառային հուշկապարիկներից մեկին, որ իրանց ծարավը հագեցնում են մարդկային արյունով: Նա նստած էր այնտեղ սկսյալ այն ժամանակից, երբ Բեկի բանակի մեջ ստացվեցավ բերդից ուղարկած գաղտնի նամակը:

Նրա բարկությունը, անհամբերությունը, վրդովմունքը հետզհետե սաստկանում էր: Եթե մեկը խավարի միջից կարողանար հետազոտել նրա դեմքը, կսարսափեր: Բայց ինչո՞ւ էր զայրացած նա: Այդ մարդը բնավորությամբ բարի, գթած և խաղաղ էր: Բայց խաղաղ մարդկանց բարկությունը նմանում է Խաղաղական օվկիանոսի սոսկալի փոթորիկներին, որոնք թեև հաճախ չեն պատահում, իսկ երբ որ պատահում են, ճանապարհորդները ազատ չեն մնում նավաբեկությունից:

Նրա ահարկու դեմքը փոքր-ինչ պայծառացավ, երբ իր նստած բարձրավանդակի հեռավորությունից նշմարեց բերդի մեջ լույսի ծիրանագույն շառավիղները: Շառավիղները հետզհետե աճում էին և արշալույսի առաջին ճառագայթների նման ցոլանում էին շրջակա բարձրությունների վրա: Երբեմն խավարում էին նրանք, կարծես սև, միդգանման ամպերը անցնում էին նրանց վրայով և ծածկում էին լույսի պայծառությունը: Այդ միջոցին բերդից մի ֆշանք բարձրացավ օդի մեջ, պայթեց և հրեղեն կայծերը թափվեցան դեպի ամեն կողմ:

– Վերջապես… – ասաց նա, վեր կենալով. – վարագույրը բացվեցավ, պատարագիչը երևան եկավ…

Նա սկսեց սարի բարձրությունից ցած իջնել: Ստորոտում, դեպի ափի մոտ, գտնվում էր բանակը: Զինվորների մեծ մասը արթուն էր: Սկսեց դիմել դեպի ծերունի Մելիք-Փարսադանի վրանը, իր մտքում ասելով.

– Նա այժմ արթուն կլինի: Ծերացած դևերը յոթն տարին մի անգամ են քնում, այն էլ յոթն օր շարունակ:

Եվ իրավ, ծերունի զորավարի վրանում լապտերը դեռ վառվում էր: Նա ներս մտավ, գտավ նրան միայնակ նստած, կարդում էր մի փոքրիկ գիրք: Դա Նարեկ էր, որը սովորություն ուներ բարեպաշտ ծերունին կարդալ ամեն երեկո և առավոտ:

– Թո՜ղ այդ գիրքը, – ասաց նա նստելով. – պարսից թագավորի «բաթման-ղլիճը» քեզ համար լավ խաբար է բերել:

– Ի՞նչ խաբար, – հարցրեց ծերունին, Նարեկը թաքցնելով իր ծոցի մեջ:

– Տեր Ավետիքը արդեն իր դալլաքությունը բանեցրեց խանի գլխի վրա… – ասաց նա ծիծաղելով:

Ծերունի զորավարը գիտեր, որ տեր Ավետիքը սափրիչի կամ դալլաքի կերպարանքով էր մտել բերդը, բայց թե ի՞նչ դալլաքություն էր բանեցրել – այդ մասին դեռ տեղեկություն չուներ: Նա հարցրեց.

– Ի՞նչ դալլաքություն:

– Մեր սպասած հրդեհը և ֆշանքը երևացին բերդի մեջ, – պատասխանեց պարսից թագավորի «բաթման-ղլիճը»:

Մի քանի րոպե առաջ Նարեկ կարդացող բարեպաշտի երեսի կնճիռները պայծառացան մի անսովոր ուրախությամբ: Նա բռնեց Բայինդուրի ձեռքը, ասելով.

– Շնորհակալ եմ, իշխան, իրավ որ, լավ խաբար է: Դու քո աչքերո՞վը տեսար:

– Ես իմ աչքերովը տեսա, ուրիշի աչքերովը չտեսա, – պատասխանեց իշխանը: – Ես այս գիշեր չեմ քնել. սև ագռավի նման նստած էի սարի գագաթի վրա, ժամերով նայում էի, թե երբ կհայտնվի այդ անիծյալ ֆշանքը:

– Օրհնյալ լինի աստված, – ասաց ծերունի զորավարը, երեսը խաչակնքելով:

– Թող մի քիչ էլ օրհնյալ լինի տեր Ավետիքը, որ մեր գործը հեշտացրեց: Ես, իրավն ասեմ, մի քանի րոպե առաջ այնքան բարկացած էի նրա վրա, որ եթե ձեռքս ընկներ, անպատճառ մորուքը կկտրեի: Բայց այժմ ներում եմ նրան, թեև մեզ շատ սպասել տվեց: Հիմա, եթե տեսնելու լինեմ, մեծ ուրախությամբ նրա մորուքը կհամբուրեմ:

Մի բարեմիտ ծիծաղ անցավ ծերունու առաքինի դեմքի վրա:

– Նա խիստ շատ արժանավորություններ ունեցող մի մարդ է, – ասաց նա:

– Ափսո՜ս, որ տերտեր է, – պատասխանեց իշխանը: – Եթե ձեր փեսան չլիներ, ես կստիպեի նրան թողնել փիլոնը, բայց դուք ամբողջ տոհմով տերտերների ու Նարեկի սիրահար եք:

Ծերունի զորավարը նկատեց, որ Բայինդուր իշխանի հետ այդ տեսակ խոսքերով ժամավաճառ լինելը վերջ չէր կարող ունենալ, այդ պատճառով, դարձավ դեպի գործը, հարցնելով.

– Ի՞նչ եք կարծում, մենք պիտի սպասե՞նք մյուսներին, թե՞ ոչ:

– Ո՞ւմը պետք է սպասենք, – պատասխանեց նա, – սպասելու ոչինչ չունենք: Մյուսներն էլ մեզ նման երկու աչքեր ունեն, իհարկե, կտեսնեն բերդի մեջ պատահածը և իրանց անելիքը կհասկանան:

– Այդ իրավ է, Բեկի բոլոր զորապետներին հայտնի են այն նշանները, որոնց տեսնելու ժամանակ պետք է հարձակում գործեն: Բայց հարցը նրանումն է, թե ո՞վ առաջ պետք է հարձակում գործե:

– Մենք, – պատասխանեց իշխանը մի առանձին հպարտությամբ: – Հերթը մերն է: Մեր բանակը կանգնած է ուղիղ փորված ականի հանդեպ, որտեղից պետք է մտնել բերդը: Առաջ մենք պետք է անցնենք, որ մյուսների համար ճանապարհ բաց անենք: – Պարսից թագավորի «բաթման-ղլիջը» իր ձեռքը կտրել կտա, եթե մեկը համարձակվի նրանից առաջ մտնել բերդը:

Ծերունի զորավարը համոզվեցավ, որ հերթը իրանցն էր: Մխիթար սպարապետը իր զորապետների հետ բռնել էր Հալիձորի գետի վերին անցքը: Դավիթ բեկը և Ներսես եպիսկոպոսը բռնել էին Հալիձորի գետի ներքին անցքը: Իսկ իրանց բանակը գտնվում էր Գեղվա գետի անցքի վրա, ուղիղ բերդի մեջ փորված ականի հանդեպ: Ուրեմն առաջ իրանք պեք է անցնեին ականից, որ մնացած զորքերի համար ճանապարհ բաց անեին:

– Դուք չե՞ք կանչել տա այստեղ «Արաբոյին», – հարցրեց նա ծերունի զորավարից:

Արաբո կոչում էր Բայինդուր իշխանը Ավթանդիլ գնդապետին, նրա դեմքի բավական թուխ գույն ունենալու համար: Այդ մականունը այնքան հատկանիշ էր, որ ընդունելություն գտավ բոլոր զորքերի մեջ:

Ծերունի զորապետը իր թիկնապահներից մեկին հրամայեց կանչել Ավթանդիլ գնդապետին:

Երբ երիտասարդ գնդապետը հայտնվեցավ, նրա թուխ, բայց իր գեղեցիկ գծագրություններով ախորժելի դեմքը փայլում էր ուրախությունից: Նա արդեն գիտեր բոլորը: Բայց ծերունի զորավարը դարձյալ պարտք համարեց նրան ասել.

– Հասավ այն ուրախալի ժամը, որին մենք մեծ անհամբերությամբ սպասում էինք: Բերդի մեջ ամեն ինչ պատրաստ է: Այժմ պետք է հարձակում գործել: Մենք պետք է անցնենք ականի միջով, որի գոյության պատմությունը ձեզ հայտնի է: Պետք է անցնենք առանց աղմուկի, առանց շփոթի: Մեր խոհեմությունիցն է կախված գործի հաջողությունը:

Բայինդուր իշխանը համբերություն չուներ լսելու ամեն մի խրատ, ամեն մի հրահանգ, մանավանդ, երբ այդպիսիները արտասանվում էին քարոզի կամ ճառի ձևով: Այդ պատճառով նա կտրեց ծերունի զորավարի խոսքը, ասելով.

– Հենց այդ խոհեմություն կոչված բանից, այդ երկար քարոզներից սպիտակեցան պարսից թագավորի «բաթման-ղլիջի» սև մազերը: Ո՞ր գիժը չգիտե, թե պետք չէ սկզբից աղմուկ բարձրացնել: Մի՞թե գողը, որ գիշերով մտնում է քնած քաղաքացու տունը, թմբուկ ածելով է մտնում: – Թողնենք դրանք: Ես մի խնդիրք ունեմ առաջարկելու. դուք պետք է թույլ տաք ինձ, որ առաջ ես իմ մարդիկներով անցնեմ ծակից (ականից):

– Թող այդ լինի ինձ մի ուրախչեք այն ծառայության համար, որ առաջ ես բերեցի ձեզ բերդում հայտնված գործերի ավետիքը:

Ծերունի զորավարը թեև մեծ վստահություն ուներ Բայինդուր իշխանի քաջության վրա, բայց հավատալ նրա պատերազմական զգուշություններին չէր կարող: Նա իր հարձակումների մեջ շատ անգամ Քորօղլիի սովորությունն ուներ, առանց ետ ու առաջ նայելու, կայծակի նման նետվել: Այդ պատճառով բավական մեղմությամբ նկատեց նրան:

– Ձեզ, կարծեմ, բավական ծանոթ չէ բերդի դիրքը:

– Բերդը այնպես լուսավորված է, որ կույր մարդն էլ կարող է ամեն բան տեսնել, – պատասխանեց իշխանը փոքր-ինչ վրդովված ձայնով:

– Ինչո՞վ է լուսավորված:

– Կրակով: Նայեցեք, – վերջին խոսքերի հետ նա բարձրացրեց վրանի վարագույրը:

Նրանք նայեցին: Հրդեհի ճառագայթները ցոլանում էին շրջակա լեռների բարձրությունների վրա:

– Շատ ապրի տեր Ավետիքը, – ասաց նա, ձեռքից բաց չթողնելով վարագույրը, – տեսնո՞ւմ եք, մեզ ընդունելու համար ի՜նչ գեղեցիկ ճրագալույց է պատրաստել:

Զորապետների խորհուրդը իրավունք տվեց Բայինդուր իշխանին առաջ անցնել: Նա այնքան սիրելի էր իր ընկերների մեջ, որ չկամեցան զրկել նրան այդ ուրախությունից: Իշխանը շնորհակալություն հայտնեց և հեռացավ:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
630 s. 1 illüstrasyon
ISBN:
9785000649824
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Seriye dahil "Столетие геноцида армян"
Serinin tüm kitapları
Metin
Средний рейтинг 5 на основе 2 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Metin PDF
Средний рейтинг 4,7 на основе 7 оценок
Metin PDF
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin, ses formatı mevcut
Средний рейтинг 0 на основе 0 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 2 оценок
Metin
Средний рейтинг 4,5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 1 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 2 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 5 оценок
Metin
Средний рейтинг 4,8 на основе 19 оценок
Metin
Средний рейтинг 4,7 на основе 7 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 13 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 51 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 4,6 на основе 11 оценок
Metin
Средний рейтинг 5 на основе 4 оценок
Metin
Средний рейтинг 4,6 на основе 7 оценок
Metin
Средний рейтинг 4,9 на основе 8 оценок