Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 31

Yazı tipi:

Վեզիրը կրկին վերադարձավ դեպի խանը: Այն վիրավորը, որի մոտ գնաց նա օգնելու, արդեն մեռած էր: Դա խանի քաջ և նշանավոր զորապետներից մեկն էր:

– Հիմա համոզվեցա՞ք, խան, որ մեր թշնամիները ճանճեր չեն եղել… – հարցրեց պաշտոնից զրկված վեզիրը, կանգնելով նրա առջև:

Խանը ոչինչ չպատասխանեց, միայն վրդովվեցավ ծերունու հանգստության պատճառով:

Ծերունին հասցրեց երկրորդ հարվածքը.

– Տեսա՞ք խան, ի՜նչպես էր փախչում ձեր նոր վեզիրը և զորքերի պոռոտախոս հրամանատարը «ճանճերի» առջևից…

– Տեսա, – պատասխանեց խանը դառնությամբ: – Բայց ես հրամայեցի, որ ձեզ բանտարկեն, այդ ինչպե՞ս եղավ, որ փախաք բանտից:

– Ես չփախա, ես փախչելու սովորություն չունեմ: Իրավ է, դուք հրամայեցիք ինձ բանտարկել, բայց չմտածեցիք, որ դուք այլևս բանտ չունեիք:

– Ինչպե՞ս չունեի:

– Ձեր բանտը, մինչև ինձ այնտեղ հասցնելը, արդեն քանդված էր: Ձեր ավելի քան մի քանի հարյուր բանտարկյալները, որոնք ըստ մեծ մասին հայեր էին, օգուտ քաղելով բերդի մեջ պատահած խռովություններից, փշրել էին իրանց շղթաները և իրանց ձեռքով քանդել էին բանտը: Այս պատճառով ձեր հրամանը անկատար մնաց, որովհետև տեղ չգտան ինձ բանտարկելու:

– Իսկ իմ բանտապետները, պահապանները ինչպե՞ս չզսպեցին անզգամներին:

– Բանտարկյալները կոտորեցին նրանց:

Այն բոլոր թշվառություններից հետո, որոնց ականատես էր եղած այն գիշեր բերդի դժբախտ իշխանը, այդ լուրը ավելի խոր խոցեց նրա սիրտը:

– Եվ դուք, ազատվելով բանտից, երևի, մի առիթ էիք որոնում վրեժխնդիր լինելու ձեզ բանտարկողից, – հարցրեց նա:

– Ոչ, ես վրեժխնդիր չեմ լինում այն անձից, որ արդեն դժբախտության մեջ է գտնվում, – պատասխանեց ծերունի վեզիրը կարեկցական եղանակով: – Ընդհակառակն, ես շտապեցի ձեզ օգնելու: Երկար որոնում էի ձեզ: Երբ թշնամու գունդը անցավ, ջահերի լուսավորության առջև ճանաչեցի ձեզ և մոտեցա:

Վեզիրի ցավակցական պատասխանը ավելի վիրավորեց խանին. նա իր սովորական հպարտությամբ ասաց.

– Շնորհակալ եմ, ափսո՛ս, որ ձեր օգնությանը այլևս կարոտություն չունեմ: Դուք միայն ինձ այն ասացեք, կռիվներից ի՞նչ տեղեկություն ունիք:

– Ես անցա համարյա բոլոր կետերի վրա, ուր որ կռվում էին մեր զորքերը: Զորքերը, պետք է խոստովանած, քաջությամբ էին պաշտպանվում: Եթե նրանց առաջնորդները այնպիսի վատ, երկչոտ և տգետ մարդիկ չլինեին, – եթե նրանք չթողնեին իրանց գունդերը և չփախչեին, գուցե ձեր զինվորները թույլ չէին տա, որ թշնամին ամեն կողմից մտներ բերդը:

– Լավ, բոլորը հասկացա… – ասաց խանը զայրացած ձայնով. – խնդրում եմ, որ հիմա ինձ մենակ թողնեք:

– Ես ձեզ երկար չեմ ձանձրացնի, որովհետև ինքս էլ շտապում եմ…

– Ո՞ւր պիտի գնաք:

– Բեկի մոտը:

– Բեկի մո՞տ, – հարցրեց խանը կասկածանքով: – Ի՞նչ գործ ունիք այն ավազակի մոտ:

– Գնում եմ, որ ընկնեմ նրա ոտքերի առջև, համբուրեմ, աղաչեմ, պաղատեմ, որ խնայե մնացածներին և կոտորել չտա:

Գոռոզ իշխանը, որ իրան երբեք թույլ չէր տա որևիցե խնդիրքով դիմել երկրի թագավորներին անգամ, բռնեց պաշտոնազուրկ վեզիրի ձեռքից, և աղաչելով ասաց.

– Լսեցեք, վեզիր, ես ձեզ կոչում եմ ձեր առաջվա պաշտոնի անունով, – եթե մնացել է ձեր մեջ հարգանքի որևիցե նշույլ դեպի ձեր նախկին տերը, ընդունեցեք նրա տված խորհուրդը, և մի գնացաք այն ավազակի մոտ:

– Ես հիմա էլ հարգում եմ ձեզ, – ինչպես միշտ, – պատասխանեց վեզիրը սառն կերպով: – Բայց բյուրավոր մուսուլմանների կյանքը ավելի մեծ նշանակություն ունի ինձ համար, քան թե ձեր տված խորհուրդը:

– Բեկը այն գազաններից չէ, որ ընդունե ձեր խնդիրքը, դուք իզուր ձեզ կստորացնեք միայն:

– Ես հանձն եմ առնում այդ ստորությունը, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որքան անգութ է Բեկը, այնքան էլ մեծահոգի է:

– Բայց այս ստորությունը վերաբերում է ամբողջ մուսուլմաններին, – մի գավուրից գթություն խնդրել…

– Մուսուլմաններին կրոնքով թույլ է տրված հարկը պահանջած դեպքում թաղիա անել:

Խանը, նկատելով, որ ոչինչ կերպով չէ կարող համոզել համառ ծերունուն, ասաց.

– Գնացեք, այդ ձեր կամքն է, միայն խոսք տվեցեք ինձ, որ դուք չեք ներկայանա այն ավազակի մոտ իբրև իմ վեզիր, և իմ կողմից ոչինչ չեք խոսի:

– Ես հաստատ խոսք եմ տալիս ձեզ, որ կներկայանամ իբրև հասարակ մարդ:

Վեզիրը հեռացավ:

Խանը մնաց մենակ: Չգիտեր, ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Նրան տիրեց սարսափելի վհատություն: «Ամեն բան կորավ, ամեն ինչ ոչնչացավ, այլևս ոչնչի վրա հույս դնելու տեղ չէր մնացել…» – մտածում էր նա:

Նա մտաբերեց իր ամրոցը, իր կնիկները, իր զավակները: «Չէ՜, մտածեց նա, ես պիտի շտապեմ դեպի իմ տունը, քանի որ թշնամին չէ գրավել նրան…»:

Նա դուրս եկավ իր թաքստի տեղից: Բայց վախենում էր, որ ճանաչվի, վախենում էր թշնամու ձեռքը ընկնելուց: Գիշերը անցել էր արդեն, օրը լուսանալու մոտ էր. երկինքը սկսել էր պարզվիլ:

«Իմ հագուստը կարող է մատնել ինձ, պետք է փոխել» – մտածեց նա:

Այդ պետքը լրացնելու համար մեծ դժվարություն չկար. փողոցները ծածկված էին դիակներով. նա մոտեցավ մեկին և սկսեց մերկացնել: Կաշյա գոտիից քարշ ընկած շղթայաձև մտրակից նկատեց նա, որ դա մի ջորեպանի դիակ է, գուցե իր ջորեպաններից մեկի դիակը: Բայց հագուստների մեջ ընտրություն անելու ժամանակ չուներ նա. այդ ավելի լավ էր, ավելի անճանաչելի կարող էր դարձնել նրան: Նա հանեց իր իշխանական զգեստը և մի կողմ ձգեց: Նրա հետ, կարծես, մերկացավ իր բոլոր փառքը…

Հագուստը փոխելուց հետո նա բռնեց առաջին հանդիպած փողոցը և սկսեց առաջ գնալ: Անցուդարձը սարսափելի էր: Նեղ փողոցի անձկության մեջ կենդանի մարդկանց մարմինները խառնվում էին ընկած դիակների հետ: Կանայք, երեխաներ, անզոր ծերունիք, չկարողանալով դուրս պրծնել մարդկանց սոսկալի հոսանքի միջից, ցած էին գլորվում, և հազարավոր ոտքերի տակ տրորվում էին, ճխլտվում էին: Սրից ազատվածը զոհ էր գնում ամբոխի կատաղի անգիտությանը:

Բայց ո՞ւր էր դիմում այդ փոթորկային, խելակորույս բազմությունը: Նա փախչում էր: Նա ամեն ինչ մոռացած` տուն, ընտանիք, զավակներ, իր ազատությունը աշխատում էր գտնել փախուստի մեջ, ամենևին չմտածելով, արդյոք հնար ունի՞ փախչելու:

Մարդկային բարբարոսությունը, անգթությունը կատարում էր մի հսկայական խաղ, որի նմանը հորինում են փոքրիկ մանուկները, միայն փոքրիկ ձևով: Ո՞վ չէ տեսել այն խաղը, թե ինչպես են պատժում կարիճներին: Շիկացած ածուխներով կազմում են մի հավասար բոլորակ, թունավոր միջատներին ձգում են այդ հրեղեն բոլորակի մեջ: Նրանք սկսում են այս կողմ և այն կողմ վազվզել, որ մի ելք գտնեն փախչելու, ազատվելու: Բայց ամեն կողմից կրակի հանդիպելով, հետ են դառնում: Հազար անգամ կատարում են նրանք միևնույն շրջանը, միևնույն փորձը, բայց կյանքի պաշտպանության տագնապի մեջ, միշտ մոռանում են կրակը, մինչև կրկին անգամ չեն հանդիպում նրան: Վերջը հուսահատությունից, անճարությունից, իրանց խայթոցը ցցում են իրանց մարմնի մեջ և անձնասպանություն են գործում:

Միևնույն դրության մեջ էր բերդաքաղաքը: Ամեն կողմից պաշարված էր թշնամու սրերով և կրակներով: Ժողովուրդը մեջտեղում այս կողմ և այն կողմ էր փախչում, որ ազատության ելք գտնե: Բայց ամեն տեղ հանդիպում են կրակների: Միևնույն ճանապարհով հազար անգամ անցել էր և անցնում էր նա, բայց ելք չէր գտնում, միայն իր ոտքերի տակ տրորում էր իր նման անբախտներին…

Ծպտյալ ջորեպանը անցավ մարդկանց դիակներով ծածկված փողոցների մսեղեն հատակի վրայով և դուրս եկավ մի փոքրիկ հրապարակի վրա: Նա ճանաչեց, որ դա մեծ մզկիթի առջևի փոքրիկ հրապարակն էր: Մզկիթի դռան հանդեպ ցցած էր մի նիզակ, որի ծայրին երևում էր մի մարդկային գլուխ: Նրա մոտ վառվում էին մի քանի ջահեր և ամեն կողմից տեսնելի էին կացուցանում կառափը:

– Այդ ի՞նչ գլուխ է, – հարցրեց խանը մեկից:

– Մոլլաների գլխավորի գլուխն է, – պատասխանեց նա: – Հիմա ամեն տեղ պտռում են խանին, որ նրա գլուխն էլ կտրեն և ցցեն դրա մոտ: Ախ, եթե ինձ հաջողվեր գտնել նրան, ի՛նչ մեծ ընծա կստանայի:

– Դու ի՞նչ ազգից ես, – հարցրեց խանը սառնությամբ:

– Ես Բայինդուր իշխանի զինվորներից եմ: Նա խոստացել է հարյուր ոսկի տալ, ով կտանե նրան խանի գլուխը, իսկ երկու հարյուր ոսկի, երբ կենդանի կներկայացնե նրան:

Խանը լռությամբ հեռացավ իր վտանգավոր խոսակցից: Նա ընտրեց բերդի մի խուլ, հետ ընկած կողմը: Լեռնային անհարթությունների վրա կառուցած քաղաքը բոլորովին զուրկ էր տափարակ տարածություններից, մանավանդ այն կողմը, որ այժմ ընտրեց նա: Վազում էր նա ամենայն արագությամբ, առանց հետ ու առաջ, առանց աջ ու ձախ նայելու: Խորդուբորդ, դարուփոս, անհավասար անցքերի մեջ երբեմն սայթաքում էր, երբեմն ոտքը, գլուխը քարերին էր զարկում, երբեմն ցած էր գլորվում և երկար մնում էր անշարժ, մինչև կրկին ուշի էր գալիս, հետո դողդողալով բարձրանում էր, և կրկին շարունակում էր իր փախուստը: Նա հոգնած էր, սաստիկ հոգնած: Նա, որ իր կյանքում հարյուր քայլ ոտքով ման չէր եկել, այս գիշեր մի անգամ անցել էր ամբողջ քաղաքը, զանազան ուղղությամբ պտույտների գործելով: Նա հոգնած էր, բայց հոգնածություն չէր զգում: Երկյուղը, հոգեկան վրդովմունքը, անաջողությունների կատաղությունը այն աստիճան գրգռել էին նրա ջղերը, որ խելագարի նման գտնվում էր մի տեսակ տենդային դրության մեջ: Այդ հիվանդոտ դրությունը մարդիկներին երբեմն ավելի ուժ և զորություն է տալիս, քան թե ունեին նրանք, երբ առողջ էին: Այդ էր պատճառը, որ նա լուսնահարի նման, ոչնչի տեղ էր դնում, անցնում էր հանդիպած խոչընդոտները, առանց ցավ զգալու, թեև նրա մարմինը ջարդ ու փշուր էր լինում: Բայց երբ ընկավ մի փոսի մեջ, երկար դուրս գալ չկարողացավ:

Ճակատագիրը, կարծես, վճռել էր մինչև վերջին ծայրը ստորացնել նրան, քամել տալ նրան դժբախտության մրուրը մինչև վերջին կաթիլը, և զգալ տալ նրան իր ոչնչությունը… Փոսի մեջ մի քանի օր առաջ ջուր էր կանգնած. ջուրը ցամաքել էր և իր տեղը թողել էր թանձր ցեխ: Նա խրվեցավ այդ ցեխի մեջ: Երկար թավալվում էր նա իր փափուկ անկողնի մեջ, առանց հասկանալու թե որտեղ է գտնվում: Վերջը ուշի եկավ, և խարխափելով, մի կերպով դուրս եկավ փոսից, մոռանալով, որ գլխարկը թողեց այնտեղ: Գլխաբաց շարունակեց իր ճանապարհը: Այժմ նրա մտքի և հիշողության խավարի մեջ աղոտ լուսով փայլում էր մի կետ միայն – իր հարեմը…

ԻԶ

Դուրս գալով փոսից, խանը շարունակեց իր դանդաղ ընթացքը: Նա գտնվում էր սարսափելի ինքնամոռացության մեջ: Նրան տիրել էր այն երազական դրությունը, երբ մտքի տեղ արթուն է մնում միայն երևակայությունը: Ամեն առարկա, ցնորքի նման, նրա վրա միայն վայրկենական տպավորություն էր գործում. հանկարծ երևան էր գալիս և շուտով էլ մոռացվում էր: Բերդի մեջ բարձրացած սոսկալի աղաղակները, հրանոթների որոտը, հուզված, զարհուրված ամբոխի դղրդոցը նա այլևս չէր լսում: Նրա ականջներին դիպչում էին միայն անորոշ և ոչինչ նշանակություն չունեցող ձայներ, և անցնում էին քամու մեղմ սոսափյունի պես: Նա չէր տեսնում և հրդեհների բոցը, որ բարձրանում էր թե աղքատի խրճիթից և թե հարստի ապարանքից, և հրեղեն վիշապների նման, պտտվում էր, գալարվում էր օդի մեջ: Նա տեսնում էր միայն լույսի հազիվ երևացող նշույլներ, որոնք մոլաշրջիկ կրակների նման վառվում էին և րոպեական լուսավորությունից հետո, դարձյալ անհետանում էին:

Նա դուրս եկավ ամրոցի մոտ և միևնույն անբացատրելի բնազդումով, ինչպես լուսնահարները գնում են իրանց ցանկացած տեղը, թեև քնած են լինում: Մտավ դիվանատան բակը, կանգնեց և մի քանի րոպե խորին ապշությամբ նայում էր վառվող շինվածքների վրա: Նրա դեմքի վրա երևաց մի տեսակ անմիտ ժպիտ, գլուխը շարժեց և իր քայլերը ուղղեց դեպի կանանոցը: Այստեղ հարեմական բոլոր կարգերը խանգարված էին: Դռների մոտ պահապաններ չկային, ներքինիներ չէին երևում, բայց այսուամենայնիվ, ոչ ոք այնտեղ մուտք չէր գործել, միևնույն ավանդական երկյուղածության շնորհիվ, որպես մեկը չէ համարձակվում մտնել մի որևիցե ամայի տաճարի մեջ, թեև նրա դռները բաց է տեսնում: Թշնամին, դեռևս իր գործը բոլորովին վերջացրած չլինելով մահմեդական ամբոխի և զորքի հետ, մինչև այստեղ տակավին չէր հասել:

Կնիկների բազմությունը, փակված իրանց օթյակներում, օրհասական երկյուղի մեջ, սպասում էին սոսկալի ճգնաժամին: Կինը, մանավանդ մահմեդական կինը, պատերազմի ժամանակ, ավելի փոքր երկյուղ ունի, քան թե տղամարդը: Նրա մեջ գտնվում են այնպիսի արժանավորություններ, որ թշնամին նրա հետ բավական մեղմությամբ է վարվում: Այդ կետից նայելով, կնիկների երկյուղը այնքան թշնամու կողմից չէր, որքան ամրոցում հայտնված հրդեհից: Կրակը արդեն անցել էր կանանոցի մեջ, մի քանի սենյակներ այրվում էին: Կնիկները դուրս փախչելու թույլտվություն չունեին, որովհետև, իրանց վրա հսկողներից մեկը պետք է լիներ, որ նրանց իրավունք տար դուրս գալու, իսկ այդ մեկը, որ ներքինապետն էր, չկար:

Նա ուրվականի նման անցավ կանանոցի բակից և մտավ Զուբեիդա խանումի նախասենյակը: Ծերունի Ասադը իր սովորական պարտաճանաչությամբ, սղոցի թեփով լցրած բարձը գլխի տակին դրած, և վերմակի փոխարեն, իր վերարկուի մեջ փաթաթված, պառկել էր տիկնոջ օթյակի դռան հանդեպ: Խանը չնկատեց նրան, և կոխ տալով, նրա վրայից անցնելու միջոցին, ծերունի պահապանը քնաթաթախ վեր թռավ, զարկվեցավ նրան, և նա, չկարողանալով պահպանել իր դիրքը, ընկավ ծերունու վրա: Երկու քնածներ սկսեցին անգիտակցաբար միմյանց տրորել, միմյանց կողքերը ջարդել: Վերջը ծերունուն հաջողվեցավ բռնել խանի կոկորդից, գոչելով. «Գո՛ղը… գո՛ղը… շուտ հասեք… բռնվեցավ գողը…»:

Նրա ձայնին ոչ ոք օգնության չհասավ:

Միայն ծերունու աղաղակը և այն սաստիկ ցնցումը, որ գործեց նա խանի մարմնի վրա, այն հետևանքն ունեցան, որ խանը լուսնահարի նման արթնացավ, և չհիշելով ծերունու մի քանի րոպե առաջվա գործողությունները, այնքանը միայն զգաց, որ իր կոկորդը գտնվում է նրա ճանկերի մեջ: Զորեղ ձեռքով նրան մի կողմ գլորեց և ինքը վեր կացավ, ասելով.

– Ճանաչի՜ր քո տիրոջը, անզգամ:

Այդ խրոխտ ձայնի մեջ ծերունին ճանաչեց խանին, բայց նախասենյակի մթության մեջ չկարողացավ տեսնել նրա ցեխի մեջ թաթախված ջորեպանի հագուստը:

– Հեռացի՜ր այստեղից, – հրամայեց խանը և մտավ տիկնոջ սենյակը:

Սարսափած ծերունին ոտքը դուրս դրեց նախասենյակի շեմքից. բայց հանկարծ հիշեց իր սղոցի թեփով լցրած բարձը և վերարկուն: Նա դողդողալով հետ դարձավ, վեր առեց իր գիշերային անբաժան ընկերները և հեռացավ:

Նրա մեջ այժմ տիրապետում էր մի զգացմունք միայն, մահվան և դատապարտության զգացմունքը: Նա հիշեց ներքինապետի խոսքերը, որ տիկնոջ փախուստի լուրը առնելու ժամանակ ասաց նրան. «Խանը քեզ կրակի մեջ կենդանի այրել կտա…»: Իսկ այժմ իր հանցանքը ավելի ծանրացավ: Նա բռնեց խանի կոկորդից, նա ապտակեց նրան: Բայց ինչո՞ւ չհրամայեց նա իսկույն կտոր-կտոր անել, իսկույն խեղդել իր անզգամ ծառային: Այդ միտքը սաստիկ տանջում էր ծերունուն: «Ես արժանի եմ մի այսպիսի պատժի», – մտածեց նա և առանձնացավ կանանոցի մի անկյունում, նստեց, խոնարհաբար սպասում էր իր դատապարտության րոպեին:

Խանը մտնելով տիկնոջ սենյակը, գտավ նրան իր գեղեցիկ, վայելչական կարգուսարքի մեջ: Այնտեղ դեռ վառվում էր ճրագը, տարածելով իր շուրջը բաց – վարդագույն լուսավորություն, որ արտափայլում էր նույն գույնով թավիշյա վարագույրներից: Սիրելի խանումի սենյակում ամեն ինչ իր տեղում էր. թե փափուկ մութաքաները ոսկյա փունջերով, թե նախշուն օթոցները, և թե արծաթեղեն կամ հազվագյուտ չինապակիից կազմված անոթները, բոլորը, բոլորը իրանց պատշաճավոր տեղերն էին բռնած: Միայն պակաս էր սենյակի թագուհին:

Ամրոցի իշխանը այժմ գտնվում էր իր տան մեջ, բայց որպես մի հանցավոր, որպես մի փախստական, որ ոչ ոքին երևնալու համարձակություն չունի: Նա կանգնած էր ոտքի վրա, և իր ջորեպանի ցեխոտ հագուստով մինչև անգամ չէր համարձակվում մերձենալ այն գեղեցկություններին, որոնցմով շրջապատված էր ինքը: Նա աչքերը հառած, խորին տխրությամբ նայում էր այն օթոցին, ուր իր մոտ նստած էր նույն գիշերը խանումներից ամենագեղեցիկը և ամենախելացին: Հիշեց նրա սքանչելի դեմքը, մտաբերեց նրա լի ճշմարտություններով խոսքերը: Այստեղ, այս օթոցի վրա նստած, նա, որպես մի անողոք մարգարեուհի, կարդում էր բռնակալի ճակատագիրը, բացատրում էր նրա խաբուսիկ վիճակը: Խոսում էր ընտանիքի և ամուսնական սիրո վրա: Ա՛խ, որքան իմաստալից, որքան խորախորհուրդ էին նրա խոսքերը: Ինքն այն ժամանակ չհասկացավ, և եթե հասկացավ, բարկությունը, հպարտությունը, եսականությունը թույլ չտվեցին խոստովանել նրանց ճշմարտությունը: Ա՛խ, եթե այժմ այստեղ լիներ այն մարգարեուհին: Նա պատրաստ էր գրկել նրա ոտները, համբուրել, և նրա ոտների առջև խոստովանել, թե ինքը մարդկային ծնունդներից ամենաթշվառը և ամենահրեշավորն է: Բայց նա չկար. նրա փոխարեն գրկեց այն անուշահոտ բարձը, որի վրա գեղեցիկ գլուխը դրած, նա քնած էր այն գիշեր, – գրկեց, և իր երեսը սեղմելով նրա վրա, սկսեց թանալ դառն արտասուքներով…

Այդ ի՞նչ զգացմունք էր, ինչո՞ւ էր տանջվում. ինչո՞ւ էր այնպես սպանված նա: Այն րոպեում, երբ կորչում, ոչնչանում էին` փառք, մեծություն, իշխանություն, երբ նրա ամբողջ զորությունը խորտակվում էր թշնամու ուժի առջև, երբ իր կյանքն անգամ սոսկալի վտանգի մեջ էր, – նա ոչինչ չէր ափսոսում, ոչինչ չէր մտաբերում, մտաբերում էր միայն այն կնոջը, որը այնպես անխնա կերպով հանդիմանեց նրա գազանությունը թե՜ իր տան և թե՜ իր իշխանության մեջ:

Յոթն տարվա ստրկուհին մի անգամ միայն բաց արեց փակված լեզուն, մի անգամ միայն խոսեց ճշմարիտը ու արդարը, և միանգամից գրավեց իր բռնապետի սերն ու հարգանքը: Բայց մի՞թե այդ հասկանում էր նա: Նա ոչինչ չէր հասկանում, միայն զգում էր:

Նա զգում էր, որ սիրելի կնոջ ներկայությունը, նրա մի խոսքը, նրա մի ժպիտը կարող էր մխիթարել նրան, կարող էր փարատել նրա բոլոր թշվառությունները: Բայց նա չկար: Նրան կորցնելով, ամեն ինչ կորցրեց նա…

Նա գլուխը վեր բարձրացրեց աննման կնոջ բարձի վրայից, և սոսկալով վեր թռավ, որպես մի անարժան, անմաքուր էակ, որ չէ համարձակվում իր հպավորությամբ պղծել մի որևիցե սրբություն: Կանգնեց ոտքի վրա: Այժմ վայրենի կերպով նայում էր իր շուրջը և ականջ էր դնում:

Հրանոթների ձայնը սկսեց ավելի մոտից լսելի լինել: Թշնամին մերձենում էր ամրոցին: Բայց ի՞նչ էր մնացել այդ գեղեցիկ, հոյակապ շինվածքից: Բոլորը լափեց կրակը: Մնում էր միայն հարեմը – կնիկների ընտիր հավաքածուն: Ամեն բան կարելի էր տալ թշնամու ձեռքը, իսկ այդ հավաքածուն – ո՜չ:

Մի փոքր հեռու, փողոցներում, կոտորածը դեռ շարունակվում էր: Շուտով նույն բարբարոսությունը սկսվելու էր և այստեղ – կանանոցում:

Բայց այստեղ չէին կոտորի, այստեղից գերի կտանեին: Այդ ավելի սարսափելի էր: Խանը չէր կարող համբերել մի այսպիսի անարգանքի, որ այն կնիկները, որոնց ինքը գրկել էր, որոնց աստված ստեղծել էր միայն նրա հաճույքի և զվարճության համար, – պատկանեին մի ուրիշին, կամ մի օտար մարդու ձեռքը շոշափեր նրանց:

Դառն իրականությունը դարձյալ խռովեց, դարձյալ գրգռեց նրա երևակայությունը: Նրան երևում էր, թե իր կնիկներին կիսամերկ, ոտաբոբիկ, թոկերով կապած, անասունների նման կանգնեցրել էին մի մեծ քաղաքի հրապարակի վրա և վաճառում էին: Նրան երևում էր, որ իր զավակները, պատառոտած հագուստներով, թափառում էին նույն քաղաքի փողոցներում և անցնողներից ողորմություն էին խնդրում: Իսկ ինքը, մի կթոց շալակած, պտտում էր դռնից-դուռ, և ողորմելի ձայնով աղաղակում էր, որ իրան աղբ կամ մի այլ բան տան դեն ածելու:

Հրանոթների ձայնը այժմ ավելի մոտից սկսեց լսելի լինել: Կանանոցի մեջ բարձրացավ խառնաշփոթ աղմուկ: Ամբողջ շինվածքը դղրդում էր: Կարծես թե, դռները խորտակում էին:

Նա դողդոջուն ձեռքով վեր առեց ճրագը և մի քանի րոպե փետացածի նման մնաց անշարժ: Մի սոսկալի խորհուրդ ալեկոծում էր նրա սիրտը: Նա տարուբերվում էր անվճռականության մեջ, որպես մի կատաղի եղեռնագործ, որ պատրաստվում է կատարելու մի մեծ հանցանք: «Թո՜ղ նզովյալ լինի սատանան…» – ասաց նա և իր քայլերը ուղղեց դեպի դուռը:

Ճրագը ձեռքում նա անցավ կանանոցի բակը, մտավ մի փոքրիկ տալան, այստեղից մտավ մի բավական ընդարձակ սենյակ, որի բանալին իր մոտ ուներ: Դա նրա առանձնասենյակն էր: Ներս մտնելուց հետո կրկին կողպեց դուռը: Մոտեցավ այն փառավոր օթոցին, որի վրա սովորաբար նստում էր ինքը: Ոտքով օթոցը մի կողմ հեռացրեց, թեքվեցավ և մատով սեղմեց մի փոքրիկ երկաթյա տախտակ, որը ճրնգալով վեր բարձրացավ: Տախտակի տակում բացվեցավ մի նեղ ճեղք, որի մեջ մի բանալի հազիվ կարող էր շարժվել: Նա հանեց իր քսակից մի այլ բանալի, անկացրեց ճեղքի մեջ, մի քանի անգամ պտույտ տալուց հետո, ծանր, երկաթյա դռնակը հատակից ինքնիրան վեր բարձրացավ, և բացվեցավ մի մթին և նեղ անցք, որտեղից մի մարդ հազիվ կարող էր մուտք գործել: Նա ճրագը ձեռքում սկսեց փոքրիկ սանդուղքներով ցած իջնել:

Սանդուղքները տանում էին մի երկար, ստորերկրյա շինվածքի մեջ, որ ամենևին լուսամուտներ չուներ: Այդ շինվածքը փորված էր ապառաժի մեջ և ծածկված էր ահագին կամարներով: Նա ավելի բնական քարանձավի ձև ուներ, քան մարդկային արհեստի կերտվածքի: Նրա վերին հարկում գտնվում էր ամբողջ կանանոցը: Այստեղ խանը պահում էր իր գանձերը: Բայց բերդի պաշարվելու ժամանակ նա տեղավորեց այնտեղ, տոպրակների մեջ լցրած, մի նոր մթերք: Ի՞նչ էր նա, – ոչ ոք չգիտեր: Նա թողեց ոսկով և արծաթով լի արկղիկները և մոտեցավ այդ տոպրակներին: Ճրագը մի կողմ դրեց և ինքը չոքեց խոնավ հատակի վրա: Նրա դեմքը այժմ արտահայտում էր սրտի խորին հանդարտություն, որպես մի մարդ, որ արդեն հաշտվել էր իր խղճի հետ: Նա իր պղտոր աչքերը բարձրացրեց դեպի երկինքը և լռությամբ կարդաց մի կարճ աղոթք: Հետո վեր առեց ճրագը և սառնասրտությամբ մոտեցրեց տոպրակներից մեկին: Նույն վայրկյանում ստորերկրյա շինվածքը սոսկալի բոմբյունով որոտաց և ամբողջ կանանոցը բարձրացավ, ցնդեց օդի մեջ…

ԻԷ

Օրհասական գիշերը անցավ, կրակի, կոտորածի գիշերը: Վաղորդյան արեգակը իր ուրախ ճառագայթներով տարածեց մոխիր դարձած բերդաքաղաքի ավերակների վրա:

Բերդից ոչ այնքան հեռու, հայոց բանակատեղում կազմված էր մի առանձին վրան: Այդ վրանը տաղավարի ձև ուներ, համարյա միևնույն ձևը, որ մինչև այսօր էլ կարելի է տեսնել Սյունյաց աշխարհի խոշնարած ցեղերի մոտ: Շրջապատը հյուսած էր եղեգներով, իսկ առաստաղը ծածկված էր թանձր թաղիքներով, որ տարածել էին բարակ, ճկուն ձողերի կորաձև կամարների վրա:

Վրանում նստած էր Ներսես սրբազանը, իսկ նրա հանդեպ չոքած էր խանի ծերունի վեզիրը:

– Ես, սրբազան, – խոսեց նա. – դիմում եմ ձեզ ոչ իբրև վեզիր և ոչ իբրև մի պաշտոնական անձն, այլ իբրև մի հասարակ մարդկ, սիրտը լի ցավերով ու վշտերով: – Դիմում եմ ձեզ, այն հուսով, որ հավատացած եմ, իմ աղաչանքները ավելի հեշտությամբ ընդունելություն կգտնեն մի հոգևորականի մոտ, որի պաշտոնն է քարոզել գթություն, ողորմածություն և խիղճ, որի կոչումն է ներել թշնամուն, որին ծանոթ չէ ոխը, ատելությունը, նախանձը: – Ես դիմում եմ ձեզ որպես Հիսուն Քրիստոսի աշակերտի և նրա վարդապետությունը ժողովրդին քարոզողի, նույն Հիսուս Քրիստոսի, որ ասում էր. երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն: Ողորմեցեք մեզ, սրբազան, ընկած մարդուն այլևս ոտքով չեն խփում: Բեկը կընդունե ձեր խորհուրդները. օգնեցեք ինձ խնդրել նրանից, որ դադարեցնեն կոտորածը: Այդ մարդիկը, թեև ձեր կրոնից չեն, բայց աստուծո ստեղծածներ են: Աստծուն շատ հաճելի չի լինի, երբ անասունների, միջատների հետ անգամ անգթությամբ են վարվում:

– Ձեր խոսքերը շատ գեղեցիկ են, վեզիր, – պատասխանեց սրբազանը նրան ուշադրությամբ լսելուց հետո. – և ես ուրախ եմ, որ դուք այնքան կարդացած եք երևում, որ լավ ըմբռնել եք մեր կրոնի ոգին: Բայց այն բանը, որ կոչում եք անգթություն, դուք ինքներդ սովորեցրիք մեզ: Վարժապետը չի պիտի նախատե իր աշակերտին, երբ նա նույնն է գործում, ինչ որ սովորել է իր վարպետից:

– Ինչպե՞ս մենք սովորեցրինք, – հարցրեց վեզիրը:

– Այո՜, դուք սովորեցրիք. ես այս րոպեիս կբացատրեմ ձեզ: Այդ դաստիարակությունը կատարեցիք դուք բոլորովին անգիտակցաբար, ոչ թե մի տարվա մեջ, այլ շատ դարերի ընթացքում: Դուք մի մոռացեք, որ դուք մի գաղթական հյուր եք մեր երկրում, այն անշնորհակալ հյուրերից մեկը, որ տան տիրոջը սպանում է, իսկ ինքը սկսում է տաքանալ նրա օջախի կրակովը: Այդ սպանությունը գործեցիք դուք: Այս երկիրը պատկանում է մեր նախնիքներին: Այստեղ մենք ունեինք մեր թագավորությունը, մեր իշխանությունը: Բոլորը ոչնչացրիք դուք: Մեր հայրենիքում մի քար չէ մնացել, որ դուք չներկեիք մեր պապերի արյունով. մեր հայրենիքում մի տաճար չէ մնացել, որ դուք հարյուր անգամ քանդած չլինեիք: Որքան կամեցաք` կոտորեցիք, որքան կամեցաք` ոչնչացրիք: Հայաստանի երեսուն միլիոն հայ բնակիչներից թողեցիք հինգ միլիոն միայն. այդ ևս այն մտքով, որ նրանց կենդանի մահացնեք, որ նրանց մերկ ու քաղցած թողնեք, իսկ ինքներդ նրանց աշխատանքով ապրել կարողանաք: Դուք Ջանկիզ-խանի, Մանգո-խանի, Հալուգո-խանի, Լենկ-Թեմուրի և այլ այդ տեսակ հրեշների մեզ մոտ բերած գազանների չար կորյուններն եք: Դուք մեր աշխարհը ավերակ դարձրիք, իսկ Թաթարստանը, Մոնղոլստանը, Ավղանստանը լցրիք մեր երկրից տարած գերիներով: Ես եթե ամբողջ օրերով խոսեի ձեզ հետ, դարձյալ չէի կարող ավարտել այն բոլոր բարբարոսությունների աղետավոր պատմությունը, որ դուք և ձեր նախնիքը կատարել եք մեր հայրենիքում: Մեր կնիկներին, մեր աղջիկներին, մեր երեխաներին, մեր ընտիր տղամարդերին հազարներով լեցնում էիք աստուծո տաճարների մեջ, կրակ էիք տալիս և այրում էիք: Ձեր պապերից մեկը կործանեց մեր սքանչելի մայրաքաղաքը` Անին. այնքան կոտորել տվեց, որ փողոցների միջով արյան վտակներ էին վազում: Բայց դրանով ևս չկշտացավ գազանը, հրամայեց մորթել հազարավոր ծծկեր երեխաներ, նրանց արյունով լցրեց մի ահագին լճակ, մտավ այդ լճակի մեջ լողացավ, որ դրանով գովացնե սրտի բարկությունը: Ձեր բարբարոսությունը, բացի մարդիկներից, տարածվեցավ և մեր երկրի վրա: Մեր երկիրը մի ծաղկյալ դրախտ էր, բուսացանում էր աստուծո շնորհած բոլոր բարիքները: Բայց դուք նրան բոլորովին անապատ դարձրիք: Միջին Ասիայի տխուր անապատների նման, որտեղից դուրս էին եկած ձեր նախնիքը: Մեր հարուստ քաղաքները կործանեցիք, մեր շեն գյուղերը ավերակ դարձրիք, մեր վաճառականությունը, մեր արհեստը, մեր ճարտարությունը ոչնչացրիք և ամեն տեղ տարածեցիք աղքատություն ու սով: Դո՜ւք, անապատի զավակներ, սիրում եք անապատ, ամայություն, և մահացություն: Ձեր համար անտանելի է ծաղկյալ կյանքը, մարդկային երջանիկ բարօրությունը և աշխատասեր ժողովրդի արդյունավոր գործունեությունը: Դուք սիրում եք իշխել միայն ավերակների վրա: Ամեն ինչ, որ լավ էր, ամեն ինչ, որ օգտավետ էր, դուք խլեցիք մեզանից, իսկ փոխարենը տվեցիք մեզ ձեր վայրենությունը, ձեր անկրթությունը: Եվ այժմ զարմանում եք, որ մենք վարվում ենք ձեզ հետ միևնույն եղանակով, ինչպես դուք վարվել եք մեզ հետ հազարավոր տարիների ընթացքում: – Հիմա հասկանում եք, որ դուք ինքներդ այդպես դաստիարակեցիք մեզ, որ դուք ինքներդ սովորեցրիք մեզ անգթությունը:

– Հասկանում եմ… – պատասխանեց վեզիրը: – Բայց որդին ինչո՞վ է մեղավոր, որ տուժե իր պապերի հանցանքների համար:

– Որդին մեղավոր չէր լինի, եթե ինքն էլ միևնույն կերպով չգործեր, եթե ինքն էլ չշարունակեր իր պապերի բարբարոսությունը, – ասաց սրբազանը: – Դուք չփոխվեցաք, դուք մնացիք նույնպես անկիրթ, նույնպես վայրենի, որպես էիք հազար տարիներ առաջ: Ամբողջ աշխարհը փոխվեցավ, դուք մնացիք միևնույնը:

– Ինչո՞ւ չկրթեցիք մեզ, քանի որ դուք ձեր քաղաքակրթությամբ ավելի բարձր էիք մեզանից, – հարցրեց վեզիրը:

– Այդ մեր հանցանքն է, – պատասխանեց սրբազանը: – Բայց ձեզ կրթելու համար մի մեծ դժվարություն, մի մեծ արգելք կար: Ձեզ կրթելու համար հարկավոր էր նախ ձեր ձեռքից խլել սուրը և նրա փոխարեն տալ գիրքը: Այդ անելու համար մենք բավական ուժ և պատրաստականություն չունեինք: Մի ժողովուրդ չէ կարող կրթել մյուսին, երբ ինքը գտնվում է նրա իշխանության ներքո: Վարժապետը պետք է ազատ լինի իր աշակերտների վերաբերությամբ: Մենք ձեզ կարող ենք կրթել, երբ դուք մեր հպատակներ կլինեք:

– Այդ անկարելի բան է, – ասաց վեզիրը դառն ժպիտով: – Իսլամը չէ հպատակում, իսլամը տիրում է, իշխում է…

Նկատելով, որ իր վերջին պատասխանը անախորժ տպավորություն գործեց սրբազանի վրա, նա փոխեց խոսքը, ասելով.

– Սրբազան, ես համաձայն եմ ձեզ հետ, որ մեր նախնիքը և մենք ինքներս վատ ենք վարվել ձեր ազգի հետ: Ես բոլորովին արդարացնում եմ այն պատճառները, որ ստիպեցին ձեզ սուր բարձրացնել մեր դեմ: Բայց երբեք չեմ կարող իրավացի համարել, երբ դուք կանցնեք չափն ու սահմանը մարդկային խղճի, և հաղթող մարդու մեծահոգությունը կփոխարինեք բարբարոսի անգթությունով:

– Ես բացատրեցի ձեզ, որ այդ անգթությունը ձեզանից սովորեցինք:

– Այդ ուղիղ է, բայց քրիստոնյային վայել չէ, – ասաց վեզիրը: – Ես կպատասխանեմ ձեզ ձեր կրոնի վարդապետի խոսքերով. դուք պարտավոր եք ձեր թշնամիներին սիրել, դուք պարտավոր եք ձեզ անիծողներին օրհնել, դուք պարտավոր եք ձեր ատելիներին բարություն անել, դուք պարտավոր եք աղոթել նրանց համար, որ միշտ նեղացնում են, որ միշտ չարչարում են ձեզ:

Սրբազանը սկսեց ծիծաղել:

– Այդ բոլոր պատվիրանքները մենք կատարել ենք, վեզիր, ավելի քան հազար տարի մենք հնազանդ էինք այդ պատվիրանքներին: Բայց փոխանակ շահվելու, նրանց մեջ գտանք մեր դժբախտությունը: Մեր վիճակը ավելի և ավելի ծանրացավ: Մենք կորցրինք բոլորը, ինչ որ ունեինք, և վերջապես օտարի լծի տակ ստրուկ դարձանք: Մենք կարծում էինք, թե սիրելով մեր թշնամիներին, բարություն անելով մեր ատելիներին, այսպիսով կփափկացնենք նրանց բարք ու վարքի կոշտությունը, կմեղմացնոնք նրանց վայրենությունը և փոխադարձապես սեր կվայելենք նրանց կողմից: Բայց կյանքի փորձի մեջ ընդհակառակն եղավ: – Մենք հավատարիմ մնացինք մեր փրկչի հրամանին. ով որ մեր ձախ երեսին ապտակով զարկեց, աջն էլ շուռ տվեցինք. ով որ մեր շապիկը պահանջեց, մեր պատմուճանն էլ նրան տվեցինք: Բայց արդյունքն ի՞նչ եղավ: – Այն, որ մեր հնազանդությունով, մեր զոհաբերություններով ավելի լրբացրինք մեր թշնամուն, ավելի գրգռեցինք նրա կատաղությունն ու ընչաքաղցությունը: Մեր խոնարհությունը, մեր հեզությունը նկատելով, մեր թշնամին ավելի բռնացավ մեզ վրա և ավելի սաստիկ կերպով սկսեց ճնշել, տրորել մեզ: Այդ էր պատճառը, որ մենք վերջ ի վերջո խելքի եկանք, սկսեցինք մեր թշնամիների հետ վարվել նույն կերպով, ինչպես նրանք են վարվում: Եվ այդ վարմունքը դուք ինքներդ սովորեցրիք մեզ:

Վեզիրը ոչինչ չգտավ պատասխանելու:

– Ասացեք, խնդրեմ, – հարցրեց սրբազանը. – դուք ինչպե՞ս կվարվեիք մեզ հետ, եթե այդ կռվի մեջ հաղթությունը ձեր կողմը լիներ:

– Մենք ձեզ կկոտորեինք:

– Ապա ինչո՞ւ եք դատապարտում մեր մեջ միևնույն վարմունքը, երբ հաղթությունը մեր կողմն է:

– Նրա համար, որ ձեր կրոնը ձեզ հրամայում է ներել, իսկ մեր կրոնը հրամայում է կոտորել:

– Դուք դարձյալ կրոնի վրա եք հիմնում ձեր պատասխանները:

– Որովհետև կրոնավորի հետ եմ խոսում:

– Այո՜, կրոնավորի հետ եք խոսում, – ասաց սրբազանը, – բայց մի մոռացեք, որ այդ կրոնավորը միացրել է իր մեջ թե պատերազմող և թե աղոթող մարդու հատկությունները:

– Այս ես աչքի առաջ ունեմ, – պատասխանեց վեզիրը, պահպանելով իր սառնասրտությունը: – Բայց մի հարց եմ առաջարկում ձեզ. ինչպե՞ս կվարվեր աստված հանցավոր Սողոմի և Գոմորի հետ, եթե գտնելու լիներ նրանց մեջ գոնե մի քանի արդար մարդիկ:

– Այդ քաղաքները այլևս չէր այրի կրակով, – պատասխանեց սրբազանը:

– Ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ: Մեր նախնիքը և մենք նույնպիսի հանցավորներ ենք եղել, որպես Սողոմի և Գոմորի չարագործները: Բայց եթե մի մարդ եղել է այդ բերդի մեջ արդարադատ, ճշմարտասեր և գթած դեպի տառապյալները, մի՞թե դուք այդ մարդու համար չէիք խղճա մյուսներին:

– Ո՞վ է այդ մարդը:

– Նա, որ խոսում է ձեզ հետ:

Սրբազանը մտածության մեջ ընկավ: Վեզիրը առաջ տարավ իր խոսքը.

– Ես ձեզ չեմ խաբում, սրբազան, և խաբելու սովորություն երբեք չեմ ունեցել: Դուք կարող եք տեղեկանալ բոլոր հայերից, որ բնակվում են այդ բերում, դուք կարող եք հարցնել բոլոր հայ գյուղացիներին, որ գտնվում էին մեր իշխանության ներքո: Ես եղել եմ միշտ ողորմած դեպի այդ ժողովուրդը, որովհետև իմ նախնիքը նույնպես հայեր են եղել և մեր ընտանիքի մեջ դեռ պահպանել են այդ ազգի բարոյականության նշույլները: Ես, իբրև վեզիր, միշտ աշխատել եմ մեղմացնել իմ բռնապետի անգթությունը, և որքան կարողացել եմ, ազատել եմ քրիստոնյաներին նրա կատաղությունից: Ոչ թե նրա համար, որ ես մի առանձին համակրություն ունեի դեպի քրիստոնեությունը, ո՜չ, այլ առավելապես այն պատճառով, որ քրիստոնյաները մեզ համար լավ հպատակներ էին, մեր կաթնատու կովն էին, պետք էր խնամք տանել նրանց վրա: Ես բավական փաստեր ունեմ իմ խոսքերի ճշմարտության մասին, բայց ավելորդ եմ համարում մի առ մի հիշել: Շատ անգամ հայերի վերաբերությամբ իմ միջամտությունները, իմ բարեխոսությունները ենթարկել են ինձ իմ բռնապետի բարկությանը, մինչև անգամ պատժին: Հենց այս գիշեր նա հրամայեց ինձ բանտարկել, և ինձ այս առավոտ հրապարակի վրա պիտի գլխատել տար, եթե հաջողությունները նրա կողմը լինեին:

Սրբազանը դարձյալ դժվարանում էր հավատալ նրա խոսքերի անկեղծությանը: Վեզիրը մոտեցավ, բռնեց նրա փեշից և իր աղերսավոր աչքերը դարձնելով նրան, ասաց.

– Ընդունեցեք իմ աղաչանքը. թող բարությունը և առաքինությունը վարձատրված լինի. դրանով դուք կսովորեցնեք մարդիկներին բարի լինել:

– Բարությունը և առաքինությունը պետք է վարձատրել, – պատասխանեց սրբազանը: – Բայց նախքան խոստանալը, թե կարող եմ կատարել ձեր խնդիրքը, ես հարկավոր եմ համարում մի բան հարցնել ձեզանից. հուսով եմ, որ անկեղծությամբ կպատասխանեք:

– Հարցրեք:

– Դուք ի՞նչ տեսակ հարաբերություններ կպահպանեք մեզ հետ մեր այդ բոլոր կռիվներից, մեր հաղթություններից հետո:

– Ես կմնամ ձեզ անհաշտ թշնամի:

– Իսկ հայ ժողովրդի՞ վերաբերությամբ:

– Կաշխատեմ կրկին մեր իշխանության տակ ձգել:

– Իսկ մահմեդական ժողովրդի՞ վերաբերությամբ:

– Կաշխատեմ նրանց գրգռել ձեր դեմ, որ թոթափեն օտարի լուծը: Հուսով եմ, որ դուք չեք դատապարտի իմ մեջ այդ սերը դեպի իմ կրոնակիցները, որովհետև միևնույն սերը ունեք դուք ձեր ժողովրդի վերաբերությամբ:

– Ես հարգում եմ ձեր անկեղծությունը, – ասաց սրբազանը. – բայց դուք մի րոպե առաջ խոստովանեցաք, որ ձեր նախնիքը հայեր են եղել:

– Իսկ ես մահմեդական եմ և իմ կրոնի նախանձախնդրությունն ունեմ:

– Ձեր կրոնը ձեզանից ոչ ոք չէ խլում. բայց դուք ազգով հայ եք:

– Մահմեդականության մեջ ազգ չկա. ամբողջ իսլամը մի ժողովուրդ է կազմում:

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
630 s. 1 illüstrasyon
ISBN:
9785000649824
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Seriye dahil "Столетие геноцида армян"
Serinin tüm kitapları
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 3,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,6, 34 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 5 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 17 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,7, 7 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,8, 12 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 48 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 10 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 4 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,5, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 4,9, 7 oylamaya göre