Kitabı oku: «Դավիթ Բեկ», sayfa 30
ԻԴ
Գալով իր բանակը, Բայինդուր իշխանը իսկույն հրամայեց չվել: Երկար պատրաստությունների պետք չկար. զինվորներից ամեն մեկը գիտեր, թե ինչ պետք էր անել: Նրանք վաղուց պատրաստված էին: Միայն զորապետը հարկավոր համարեց գրգռել նրանց ինքնասիրությունը, հայտնելով, որ զինվորական խորհուրդը մի առանձին պատիվ արեց նրանց, թույլ տալով ամենից առաջ մտնել բերդը: – Այդ պատիվը մեծ է և ամենայն գովության արժանի, ասաց նա, – և ես հույս ունեմ, որ դուք կապացուցանեք, որ արժանի եք այդ պատվին:
Հետո իր սովորական զվարճախոսությամբ դարձավ նա դեպի զինվորները, հարցնելով.
– Ո՞վ կա ձեր մեջ, որ գոմեշի ուժ և դևի ճարպկություն ունենա:
Մի խումբ առաջ անցավ: Նա ցույց տվեց փոքրիկ թնդանոթները, ասելով.
– Մենք այնպիսի սատանայական տեղերով պիտի գնանք, որ չորքոտանին իր գլուխը կկոտրե. հիմա դրանց տանելը երկոտանիի գործ է. քարշ տվեցեք ձեր հետ. դրանք մեզ շատ հարկավոր կլինեն այնտեղ: – Նա ձեռքը մեկնեց դեպի բերդը:
– Մեր ուսերի վրա կտանենք, – պատասխանեցին քաջերը, և ավելի քան քսան ուժեղ տղամարդիկ սկսեցին շարժել թնդանոթները, որ մի քանի օր առաջ խլել էին պարսիկներից: Նրանց թիվը չորս էր:
Իշխանը առաջ անցավ և հրամայեց հետևել իրան: Ամբողջ զորախումբը գնաց նրա ետևից:
Ճանապարհը, եթե կարելի է նեղ գեծանը ճանապարհ կոչել, տարածվում էր Գեղվա գետի աջ եզերքի վրայով: Մի կողմում հոսում էր գետը, մյուս կողմում բարձրանում էր անտառապատ լեռը: Պետք էր գնալ այդ լեռան կողքերովը: Ծառերի, մացառների և մոշի փշոտ պատատուկների մեջ կորած շավիղը այնքան նեղ էր, որ հազիվ կարող էր մի մարդ միայն անց կենալ: Իսկ այդ մարդը ստիպված էր անդադար իր սրովը կտրատել մացառները, որ տեղ-տեղ փակում էին անցքը: Այդ պաշտոնը կատարում էր ինքը Բայինդուր իշխանը, պարսից թագավորի ընծայած, մի բաթմանի ծանրություն ունեցող թրովը: Նա գնում էր առջևից, իսկ նրա ետևից գալիս էին ուղտերի քարավանի նման շարված զինվորները: Բոլորը լուռ էին. նրանց ոտների և փշերի հետ կռվող հագուստների խշխշոցն անգամ չէր լսվում, որովհետև այդ արշավանքը կատարվում էր միևնույն սարսափելի ժամում, երբ քամին կատաղաբար փչում էր ձորի միջից և իր հնչման մեջ ամեն այլ ձայներ խլացնում էր:
Երբ մոտեցան բերդին, պետք էր բարձրանալ դեպի մի սեպացած զառիվեր, որի վրա կանգնած էր բերդը: Զինվորների ոգևորությունը այնքան մեծ էր, որ նրանք բոլորովին ոչնչի տեղ էին դնում քարափների ժայռոտ առապարը: Նրանց օգնում էին քարերի վրա բուսած ծառերը և թփերը` մագլցելու համար:
Երբ հասան բերդի պարսպին, իշխանը կանչել տվեց այն երիտասարդին, որ ականի միջով անցնելով, բերել էր տեր Ավետիքի նամակը:
– Տղա, անունդ ի՞նչ է, – հարցրեց նրանից:
– Ղազար:
– Եթե Նազար լիներ, ես քո գլուխը կտրել կտայի:
Երիտասարդը սարսափեց զորապետի օտարոտի նկատողությունից:
– Դե՜, առաջ անցիր, մեզ ցույց տուր այն ծակը, որ բաց են արել պարսպի տակով:
Երիտասարդը հասկացավ, որ ականի մասին է խոսում, լռությամբ առաջ անցավ և սկսեց առաջնորդել նրան:
Պետք էր մի փոքրիկ պտույտ գործել պարսպի շուրջը և հասնել ականի տեղը: Թեև հրդեհի ճառագայթները բավական լույսյ էին տարածել բերդի շրջակայքում, բայց անտառի խտության մեջ, եթե ցերեկով ևս մարդիկ անցնելու լինեին, դարձյալ ոչ ոք չէր տեսնի նրանց: Այստեղ տիրում էր խավարի մշտական թագավորությունը: Եվ տեր Ավետիքի ռազմագիտական հանճարը ընտրել էր այդ կողմը միայն իր փորվածքի համար:
– Ահա այստեղ է, – կանգնելով ցույց տվեց առաջնորդը:
– Դու քո պարտքը կատարեցիր, հիմա հերթը իմն է, – ասաց իշխանը: – Դեն գնա՜:
Ականի մուտքը ծածկված էր մամուռով և թարմ խոտերով, այնպես բնական կերպով, որ բնավ չէր զանազանվում լեռան խոտով ծածկված մակերևույթից: Դուրս բերած հողը ածել էին գետի մեջ:
Բայինդուր իշխանը ձեռքերով ետ քաշեց խոտերն ու մամուռները, քանի րոպեից հետո բաց եղավ ստորերկրյա քարանձավի բերանը: Նա երեսը խաչակնքեց և ներս մտավ: Բոլորը հետևեցին նրա օրինակին:
– Տղերք, գլուխներդ ցած պահեցեք, շատ մի բարձրացրեք, – ասում էր նա. – վերևից հող է թափվում:
Հետո ինքն իրան ասաց.
– Այդ տերտերները այնքան թաղելու սովորած են,ինչ որ փորել տալու լինեն, անպատճառ գերեզմանի նմանություն կունենա:
Նա խարխափելով առաջ էր գնում, և մյուսները հետևում էին նրան, որպես խլուրդներ իրանց ստորերկրյա մթին որջի մեջ:
Երբ դուրս եկան ականից, իշխանը նայեց իր շուրջը, տեսավ` այնտեղ կանգնած էր մարդիկների մի խումբ:
– Օհո՜, էդ էր պակաս, – ասաց նա, կարծելով, թե պարսիկներ են:
– Տղե՜րք, պատրաստվեցեք, – ձայն տվեց նա իր ընկերներին:
– Հանգիստ կացեք, այդ մենք ենք, – խոսեց խումբից մեկը և տեր Ավետիքը առաջ եկավ:
Նա գրկեց իշխանին և համբուրվեցան:
– Ինչպե՞ս է, լա՞վ եմ սարքել, – հարցրեց քահանան:
– Երբ տերտերը զինվոր է դառնում, այն ժամանակ իր փասափուսեն պետք է հավաքե սատանան, – պատասխանեց իշխանը ծիծաղելով: Հետո իր խոսքերին ավելի լուրջ կերպարանք տալով, ասաց.
– Լավ եք սարքել, բայց դեռ պարծենալու ժամանակ չէ. դու ինձ այն ասա՜, թե գործերը ի՞նչ դրության մեջ են, միայն կարճ կտրիր, երկար լսելու համբերություն չունեմ:
Քահանան սկսեց հաղորդել իր համառոտ զեկուցումը.
– Ամրոցը խո տեսնո՞ւմ եք ինչ դրության մեջ է:
– Այդ ես տեսնում եմ, դու այն ասա, ինչ որ չեմ տեսնում:
– Խանի զենքերի պահեստը գրավված է, – առաջ տարավ քահանան. – տեղացի հայերը զինված են. հայոց փողոցները ամրացրած են պատնեշներով. նրանք կպաշտպանեն իրանց ընտանիքը մահմեդականների վրեժխնդրությունից:
– Խանը ի՞նչ է շինում:
– Խանը պատրաստվել է իր զինվորներով ընդդիմադրել: Իսկ մոլլաների գլխավորը առաջնորդում է ամբոխին:
Վերջին խոսքը փոքր-ինչ դժվարության մեջ դրեց իշխանին:
– Երբ հոգևորականը բանի մեջ է մտնում, գործը ծանր կերպարանք է ստանում, – ասաց նա:
– Հոգ չէ, – պատասխանեց տեր Ավետիքը. – դուք հոգևորականին թողեցեք, որ հոգևորականը պատասխանե:
– Այսինքն դու:
– Այո՜, ես:
Մինչև զբաղված էին այդ խոսակցություններով, Բայինդուր իշխանի զորքի մնացած մասն էլ դուրս եկավ ականի միջով:
– Հիմա գիտե՞ք ինչ պետք է անել, տեր հայր, – ասաց իշխանը. – այդ ծակը խիստ նեղ է. մինչև Մելիք-Փարսադանի և Ավթանդիլի զինվորները դրա միջով անցկենալու լինեն, բավական ժամանակ կկորչի: Պետք է քանդել տալ պարիսպը:
– Մեծ դժվարություն չունի, ես այս րոպեիս կհրամայեմ, որ քանդեն, – պատասխանեց քահանան: – Գործիքներ այստեղ կան. ականափորների բահերը, բրիչները դեռ այստեղ են մնացել:
Զինվորները վրա վազեցին, սկսեցին քանդել պարիսպը: Քարը, կիրը, որ արհեստի շնորհիվ միացել, երկաթի ամրություն էին ստացել, նրանց կատաղի հարվածների տակ փշրվում էին և թափվում էին ցած:
– Ես մոռացա հարցնելու, – կրկին դարձավ իշխանը դեպի քահանան. – որտեղ են Շահումյանը, Խորենը, Բալին:
– Շահումյանը և բալին կարգված են առաջնորդելու տեղացի հայերին, իսկ Խորենը զբաղված է մի այլ գործով:
– Ի՞նչ գործով:
– Նա պիտի ազատե խանի կնիկներից մեկի կյանքը:
– Այդ լավ է, կնոջ գործը վարդապետին հանձնել:
– Այդ կինը, մանավանդ նրա աղախինը, բավական օգնեցին մեզ:
– Գեղեցի՞կ է:
– Ես չեմ տեսել:
– Դու ինչ գիտեիր, հաղորդեցիր ինձ, տեր հայր, – խոսքը փոխեց իշխանը. – հիմա մնում է ինձ հայտնել քեզ Բեկի հրամանը:
– Հայտնեցե՜ք:
– «Չխղճալ, կոտորել անխնա կերպով»:
– Ես առանց այդ հրամանի նույնը կանեի, – պատասխանեց քահանան:
– Շատ ապրես, տեր հայր, խաչը վկա, օրինավոր մարդ ես եղել, ես այդ չէի իմանում: Բե՜ր ձեռքդ համբուրեմ:
Քահանան ետ քաշեց իր ձեռքը, նշանակություն չտալով իշխանի կատակներին:
Ականը փորված էր բերդի այն կողմում, որ համարյայ թե ամայի էր: Այստեղ կային բազմաթիվ հին շինվածքների ավերակներ, և ավելի ոչինչ: Քանդված եկեղեցին ցույց էր տալիս, որ մի ժամանակ բերդի այս կողմում կար հայոց մի ամբողջ թաղ: Ո՞ր ժամանակ, և ի՞նչ հանգամանքներից ստիպված, նրանք թողեցին իրանց բնակարանները, – հայտնի չէր: Այդ ավերակների մեջ կարող էին հազարավոր զինվորներ թաքնվել և անհայտ մնալ: Այդ կետից նայելով, տեր Ավետիքը ընտրել էր բերդի ամենահիվանդոտ տեղը:
Հեռվից լսելի եղան խառնաձայն աղաղակներ, որոնց հետևեցին հրացանի ձայներ:
– Այդ ի՞նչ ձայներ են, – հարցրեց Բայինդուր իշխանը տեր Ավետիքից:
– Երևի, մահմեդականները հարձակվեցան հայոց թաղի վրա, – պատասխանեց նա, ավելի ուշադրությամբ ականջ դնելով ձայներին: – Այո՜, հարձակվեցան: Նրանք սովորություն ունեն հարձակումից առաջ վայրենի աղաղակներ բարձրացնել:
– Հայերը կարո՞ղ են ընդդիմադրել:
– Երկար, իհարկե, չեն կարող, բայց մինչև մեր հասնելը, կդիմանան:
– Ուրեմն էլ ինչո՞ւ ենք սպասում, – հարցրեց իշխանը:
– Սպասում ենք, որ Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը գան:
– «Մինչև Շուշանը կզարդարվի, պատարագը կարձակվի…», – պատասխանեց իշխանը: – Մինչև նրանց գալը, գուցե հայերին կկոտորեն:
– Հրամայեցեք թմբուկները ածեն. մենք նրանց աղաղակներին կպատասխանենք մեր թմբուկներով: Դա բավական սարսափ կձգե նրանց վրա:
– Դրանով բան չի դառնա: Այդ ֆանդերը ես քեզանից լավ եմ իմանում, տեր հայր: Որսորդները արջին խփելու ժամանակ սկզբից «հուշտ» չեն անում: Հանկարծակի զարկը ավելի սոսկալի է լինում:
Նա հրամայեց առաջ բերել թնդանոթները:
– Խիստ զվարճալի բան է այդ հրանոթները գործ ածել ամբոխով լի փողոցների մեջ: Այնպես չէ՞, տեր հայր, – հարցրեց նա, ձեռքը քսելով նրանցից մեկի փողին, նույն զգացմունքով, որպես մի սիրահար փայփայում է իր նազելի էակին: – Զվարճալի՛ է, – կրկնեց նա, – այնպես հնձում է, որպես սուր մանգաղը խիտ խոտաբույսերի մեջ:
Մինչ դրանք զբաղված էին այդ պատրաստություններով, հայտնվեցան Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը իրանց զինվորներով: Նրանք համարձակ անցան քանդված պարսպի միջով:
Ծերունի զորավարը շատ ուրախացավ, տեր Ավետիքին ողջ և առողջ գտնելով: Տեր հայրը նրա փեսան էր, այսինքն դստեր ամուսինը:
– Զորանաս, – ասաց նա գրկելով, – դու իմ երեսը սպիտակացրիր թե՜ Բեկի և թե՜ Ներսես սրբազանի մոտ:
Բայինդուր իշխանը, որ չէր կարող այդ տեսակ քնքշությունների համբերել, ընդհատեց նրանց խոսքը, ասելով.
– «Ճտերը աշնանը կհամբարեն…»: Հիմա դեռ շնորհակալությունների ժամանակ չէ: Սպասեցեք, մինչև տեսնենք, այդ ղալմաղալները ինչո՞վ կվերջանան: Լսո՞ւմ եք պարսիկների աղաղակները: Հայոց թաղի վրա կրակ են թափում:
Այժմ աղաղակները ավելի կատաղի կերպով էին հնչում, բայց հրացանների ձայնը երբեմն որոտում էր, երբեմն ընդհատվում էր: Ծերունի զորավարը ուշադրությամբ հետևում էր բոլոր հնչումներին: Նրա ականջներն այն աստիճան սովորած էին այդ տեսակ ձայների, որ համարյա աչքերի տեղ էին ծառայում:
Նա կռվի ժամանակ նույնքան սառնասիրտ էր, նույնպես չէր շտապում, որպես չէր շտապում, երբ խորին ոգևորությամբ կարդում էր իր Նարեկը:
Այժմ լսելի եղան խուլ բոմբյուններ, որ ավելի նման էին թնդանոթների որոտմունքին: Ծերունի զորավարը սկսեց ավելի ուշադրությամբ հետևել նրանց.
– Դու սխալվում ես, Բայինդուր. – դարձավ նա դեպի իշխանը. – պարսիկները չեն, որ կրակ են թափում, այլ այդ մերոնք են կրակ թափողները:
– Մերո՜նք, – այսինքն ո՞վքեր:
– Հալիձորի գետի վերին կողմից Մխիթար սպարապետը, իսկ ներքին կողմից` Բեկը:
– Այդ միայն սատանան կարող է ջոկել քրիստոնյայի և մահմեականի թնդանոթի ձայների զանազանությունը, – պատասխանեց Բայինդուր իշխանը մրթմրթալով:
– Մարդն էլ կարող է ջոկել այդ, – ասաց ծերունի զորավարը ժպտալով. – միայն հարկավոր է դրա համար սյունեցի լինել, ծանոթ լինել նրա լեռների դիրքի և բնավորության հետ, այն ժամանակ հեշտ կլինի հասկանալ, թե յուրաքանչյուր հնչյուն ինչպես է տարածվում, որպիսի արձագանքներ է արձակում: Լավ ականջ դրեցեք, թնդանոթների ձայնը բոլորովին բերդի դրսից է գալիս, բայց մեզ այնպես է թվում, որ բերդի ներսիցն է:
– Ուրեմն Բեկը և Մխիթար սպարապետը հարձակում են գործում առանց մեզ իմացում տալո՞ւ:
– Նրանք ինձ իմացում տվեցին:
– Ե՞րբ:
– Մի քանի րոպե նրանից հետո, երբ դու բաժանվեցար ինձանից և սկսեցիր դիմել դեպի ականը:
– Իսկ մեր շարժման մասին տեղեկություն ունե՞ն:
– Իհա՞րկե, ունեն, ես հենց նրանց ուղարկված սուրհանդակների բերանով տեղեկություն տվեցի:
– Հիմա հասկանում եմ, որ սյունեցու ականջները ուրիշ տեսակ կազմված են, քան թե մեզ նման մեղավորներինը… – պատասխանեց հեգնությամբ իշխանը: – Այսուամենայնիվ, այդ ավերակների մեջ մենք երկար սպասելու գործ չունենք. շտապենք, եթե չենք ցանկանում, որ խեղճ հայերի թաղը դրանց նման ավերակ դարձնեն: Բեկը կամ Մխիթար սպարապետը հեշտությամբ բերդը մտնել չեն կարող: Իսկ մենք բերդի միջումն ենք: Մենք պետք է բաց անենք նրանց առջև դռները:
Վիճաբանությունը դադարեց: Այդ խոսքերից հետո կարգադրեցին իրանց գործողության եղանակը, թե որը ո՜ր կողմով պետք է առաջ գնա: Զինվորները երեք մաս բաժանվեցան. մեկ մասին պիտի առաջնորդեր Ավթանդիլ գնդապետը տեր Ավետիքի հետ, մյուս մասին պետք է առաջնորդեր Մելիք-Փարսադանը, իսկ երրորդ մասին` Բայինդուրը:
ԻԵ
Զեվու (գեղի) բերդը հայոց Բաղաց թագավորների բազմաթիվ բերդերից մեկն էր: Այդ տոհմի վերջին երկու անբախտ թագավորները, երկու եղբայրներ` Գրիգոր և Սմբատ, անժառանգ էին: Գրիգորը միայն ուներ մի դուստր Կատա անունով: Եվ որպեսզի իր թագավորությունը շարունակվի, նա հրավիրեց Խաչենի Ջալալյան իշխաններից մի երիտասարդ Հասան անունով, տվեց Կատային նրան կնության և նրա հետ նվիրեց իր փեսային Բաղաց իշխանության աթոռը: Շուտով երկու եղբայրներն ևս վախճանվեցան, առանց տեսնելու իրանց թագավորության կործանումը:
Այդ միջոցներում արևելքում զորացավ մանգոլական տարրը և հեղեղի նման սկսեց սփռվել դեպի ամեն կողմ: Երիտասարդ Հասանը այնքան քաջություն չունեցավ, որ դեմ դներ թշնամու արշավանքներին, թողեց իր երկրի բերդերն ու ամրությունները անտեր, և իր անձն ու ընտանիքը միայն ազատելու համար, հեռացավ իր հայրենիքը` Խաչեն: Եվ այսպես Անդոկի նման սարսափելի հսկայի թագավորությունը վերջացավ Հասանի նման երկչոտ թզուկով:
Այնուհետև Զեվուն, ինչպես Կապանի մյուս բերդերը, փոփոխակի ընկան երբեմն պարսից, երբեմն արաբացոց և երբեմն թյուրքաց իշխանությունների ներքո: Հայ բնակիչներն սկսեցին ցրիվ գալ, իսկ նրանց փոխարեն հետզհետե զետեղվեցան մահմեդականները:
Դավիթ բեկի օրերում Զեվուն ուներ մոտ հինգ հազար տուն բնակիչներ, որոնց թվում հայերը խիստ չնչին փոքրամասնություն էին ներկայացնում:
Բայց երբ խանը լսեց Բեկի արշավանքը դեպի իր բերդը, նա հավաքեց շրջակա թյուրքաբնակ գյուղերի բնակիչներին ևս բերդի մեջ, այնպես որ, պաշարման ժամանակ այնտեղ կար մահմեդականների բավական մեծ բազմություն:
Երկու բան կարող է մահմեդականին քաջություն տալ, սիրտ տալ թշնամու հետ կռվելու համար. մեկը, ավարառության ցանկությունը, մյուսը, կրոնական մոլեռանդությունը: Պատերազմական մի այլ իդեալ անծանոթ է նրան: Այդ երկու պայմաններն ևս, պաշարված բերդի մահմեդականների վերաբերությամբ, տնօրինված էին: Խանը իրավունք էր տվել նրանց կոտորելու, կողոպտելու իրանց դրացի բոլոր հայերին: Իսկ մոլլաների գլխավորը, որպես վարձատրություն այդ բարբարոսության համար, խոստացել էր Մուհամմեդի դրախտը:
Այդ էր պատճառը, երբ խանը հրամայեց վեզիրին, որ ածել տա պատերազմական թմբուկները, այդ միջոցին, հրդեհով բռնված ամրոցի հանդեպ, հրապարակի վրա, մի քանի րոպեի մեջ հավաքվեցան նրա բազմաթիվ զինվորները, որոնք առաջ բոլորովին վհատած և սրտաբեկ էին եղած: Նրանք կրկին վստահություն և խրախույս ստացան, երբ լսեցին խանի քաջալերական խոսքերը: Իսկ երբ մոլլաների գլխավորը իր չավուշների բերանով հայտնեց աստուծո և նրա մարգարեի հրամանը, ամբողջ մահմեական ամբոխը ոգևորվեցավ կրոնական խավար հափշտակությամբ, և մի մարդու նման, ոտքի ելավ կռվելու «անհավատների» դեմ:
Խանը վեզիր հաղորդած տեղեկությունները հուսահատական համարելով, ավելի ճիշտ ասած, չհավատալով նրան, այժմ դարձավ դեպի իր զորքերի գլխավոր հրամանատարը, հարցնելով.
– Աքպար, ի՞նչ ես կարծում, ո՞րքան զինվորներ կունենա Բեկը:
– Իմ տերը թող ողջ լինի, – պատասխանեց զորապետը. – գավուրը ո՞րքան զինվորներ կարող է ունենալ. շատ-շատ` մի քանի հարյուր հոգի: Բայց բանը թվի մեջը չէ. դիցուք թե ունենա մի քանի հազար, մի քանի բյուր զինվորներ: Բայց մի՞թե ճանճերի բազմությանը կարելի է նշանակություն տալ:
Բռնակալներն այն աստիճան սովորած են լինում շողոքորթությունների, որ թեև հասկանում են շողոքորթի ստությունը, խաբեությունը, բայց դարձյալ սիրում են լսել նրանց: Դա մի ախտ է, նույն մոլորությունների նման, երբ մեկը թեև հասկանում է, որ աֆիոնի կամ արաղի գործածությունը թունավորում է, ոչնչացնում է իր կազմվածքը, բայց դարձյալ սիրում է գործ ածել:
– Ուրեմն հաղթությունը մեր կողմն է, – ասաց խանը:
– Տարակույս չկա, – պատասխանեց զորապետը մի առանձին արհամարհական ժպիտով: – Թող իմ տերը միայն հրամայե իր ծառային, այն ժամանակ կտեսնե, թե Աքպարը ինչ խաղ կխաղա այդ անհավատների գլխին:
– Զորանաս, Աքպար, – ասաց խանը գոհունակությամբ. – ես կվարձատրեմ, առատությամբ կվարձատրեմ քո քաջությունը:
Վեզիրը քթի տակից ծիծաղելով, լսում էր այդ խոսակցությունը: Իսկ սնապարծ Աքպարը ավելի ևս փքեց դյուրահավան խանին, ասելով.
– Տեր իմ, ձեր սրի զորությունից լեռները դողում են, իսկ ծովերը սոսկալով ալեկոծվում են: Մարդը ի՞նչ է, որ կարողանա դիմանալ ձեր ամենակարողության առջև:
Զինված բազմությունը հրապարակի վրա ավելի և ավելի ստվարանում էր: Նրանց հետ խառնվում էին և այնպիսիները, որ զենք չունեին: Խանը հրամայեց վեզիրին, որ բաց անել տա զենքերի պահեստի դուռը և նրանց զենքեր բաժանե:
– Այնտեղ այլևս զենքեր չեն մնացել, – ասաց նրան վեզիրը:
– Ինչպե՞ս չեն մնացել, – հարցրեց խանը վրդովվելով:
– Մեր զենքերը այժմ մեր թշնամու ձեռքումն են, – պատասխանեց վեզիրը սառնասրտությամբ:
– Ինչպե՞ս մեր թշնամու ձեռքումն են, – հարցրեց խանը կատաղելով:
– Նրանք հափշակել են մեր զենքերը:
– Դու ամեն ինչ գիտես, վեզիր, բայց հայտնում ես ինձ միայն այն ժամանակ, երբ գործողությունը արդեն կատարված, վերջացած է: Այդ ի՞նչ է նշանակում:
– Այդ այն է նշանակում, որ մեր թշնամին (թեև Աքպարը նրան ճանճերի հետ է համեմատում) այնքան խորամանկ է, այնքան ճարպիկ է, որ ժամանակ չէ տալիս մեզ նախատեսելու, թե ինչ է ցանկանում անել ինքը: Մենք հասկանում ենք այն ժամանակ միայն, երբ գործը կատարած է լինում:
Աքպարը, որ վաղուց ոխ ուներ վեզիրի հետ, օգուտ քաղելով խանի բարկությունից, խոսեց.
– Ես կարծում եմ, որ տեր վեզիրի համար շատ դժվար չէր լինի թշնամու գործողությունները նախատեսել, եթե նա աչքերը չփակեր, որ թշնամին իր ցանկացածը անի: Այդ դեպքում, իհարկե, ճանճն էլ կարող է մի բան անել:
– Դու զրպարտիչ ես, Աքպար, – պատասխանեց նրան վեզիրը:
– Դու դավաճան ես, վեզիր, – պատասխանեց նրան Աքպարը:
Պետական երկու մեծ մարդիկը, վեզիրը և զորքերի գլխավոր հրամանատարը, սկսեցին միմյանց նախատել: Այդ բանակռիվը կատարվում էր հրապարակի վրա, այն րոպեում, երբ մի կողմում այրվում էր ամրոցը, իսկ մյուս կողմից, լսելի էին լինում թշնամու հրանոթների որոտմունքները: Խանը արդարացրեց Աքպարին, և դառնալով իր թիկնապահներին, հրամայեց.
– Տարեք դրան, բանտարկեցեք, ես առավոտյան, հենց այդ հրապարակի վրա, դրան գլխատել կտամ:
Զորքերի գլխավոր հրամանատարի ուրախությանը չափ չկար. նա հաղթեց իր թշնամուն. վեզիրին տարան:
Ճանապարհին իր մտքումը ասաց նա. «Եթե մինչև առավոտ դու կենդանի մնալու լինես, վնաս չունի, ինձ գլխատել տուր…»:
Հետո խանը դառնալով դեպի շողոքորթը ու զրպարտիչը, ասաց նրան.
– Քեզ, Աքպար, այս րոպեից վեզիր եմ նշանակում: Դու կմնաս միևնույն ժամանակ քո հրամանատարության պաշտոնի մեջ:
Շողոքորթը մինչև գետին խոնարհվեցավ և գլուխ տվեց, ասելով.
– Իմ հոգին և իմ արյունը նվիրված է իմ տիրոջը, ես նրա փառքի համար պիտի գործեմ և նրա մեծության համար պիտի աշխատեմ:
Նոր վեզիրը և հին հրամանատարը սկսեց կարգի դնել զորքերը: Նրանք զենքեր ունեին, և որի մոտ մի զենք ավելորդ էր, առնում էր, տալիս էր չունեցողին: Մի քանի րոպեի մեջ գունդերը պատրաստվեցան և նրանց վրա զորապետներ կարգվեցան:
Թշնամու թմբուկների ձայներին այժմ ավելի սաստկությամբ փոխարինեցին հրանոթների ձայները: Հեռվից կրակ էին թափում: Խանը ստիպված էր թողնել ամրոցը հրդեհի կամքին և մի կրակից դիմել դեպի մյուս կրակը: Նա ամենևին չմտաբերեց, նա, կարծես, մոռացել էր, որ հրդեհի բոցերի մեջ մնում են նրա բազմաթիվ կնիկները, նրա զավակները…
Նա օգնության կանչեց ալլահին ու նրա մեծ մարգարեին, հետո հրամայեց զորքերին, որ առաջ խաղան:
Խանը, որքան ուրիշ բաներում տգետ էր, այնքան պատերազմական գործի մեջ հմտություն ուներ: Նա նկատեց, որ թշնամու հրանոթները զանազան կողմերից էին կրակ թափում – բերդի դրսից և բերդի ներսից: Այդ պատճառով, իր զորքերը մի քանի մասերի բաժանելով, առանձին զորապետների առաջնորդությամբ, ուղարկեց նրանց հանդեպ: Իսկ ինքը իր թիկնապահներով և մի փոքրիկ խմբի հետ մնաց, որ վերահսկե այլ և այլ կետերում կատարված գործողությունների վրա:
Ամբողջ բերդաքաղաքը ծխում էր վառոդի մուխի մեջ: Այդ աղետային գիշերը հիշեցնում էր չարչամբեի այն հանդիսավոր գիշերներից մեկը, երբ թե հարստի ապարանքի և թե աղքատի խրճիթի կտուրների վրա կրակներ են վառվում. և ամեն տանիքից, ամեն լուսամուտից հրացաններ են արձակում:
Մոլլաների գլխավորը մահմեդական ամբոխի հետ արդեն հարձակվել էին հայոց թաղի վրա: Նրանք թնդանոթներ չունեին, զինված էին հրացաններով, ատրճանակներով և խենջարներով:
Խանը իր թիկնապահների հետ նախ դիմեց դեպի նրանց կողմը, տեսնելու, թե ամբոխը ինչպես է գործում: Այստեղ կռիվը գտնվում էր իր զարհուրելի կերպարանքի մեջ: Փողոցների լուսավորությունը այդ ժամանակներում դեռ սովորություն չէր: Խավար գործողությունը կատարվում էր գիշերայի խավարի մեջ, որը մի վայրկենական լուսավորություն էր ստանում, երբ հրանոթները կրակ էին թափում: Նրանց լույսի հետ խավարում էր հարյուրավորների կյանքը…
Քամին, սոսկալի փոթորիկը, որ մի քանի ժամ առաջ կատաղաբար փչում էր, այժմ համարյա թե դադարած էր: Նա տեսնելով մարդիկների բարբարոսությունը, մեղմացրեց իր կատաղությունը:
Խանի թիկնապահների թվում գտնվում էր նրա մերձավոր ազգականներից մեկը, որին կոչում էին Հաջի-Ֆարաջ: Նա տեսնելով, որ իր տերը անձնավստահ կերպով առաջ է մղվում, զգուշացրեց նրան, ասելով.
– Խան, իզուր եք մտնում այդ կրակների մեջ:
– Ես ցանկանում եմ ավելի մոտից տեսնել կռիվը, – պատասխանեց նա, ուշադրություն չդարձնելով:
– Մոտ գնալ անհնարին է. դուք իզուր ձեր անձը վտանգի կենթարկեք: Ահա այստեղից ևս կարելի է շատ բան տեսնել:
Նա ցույց տվեց մի բարձրավանդակ, որ կազմվել էր այնտեղ ածած աղբերից: Խանը բարձրացավ նրա վրա: Այստեղ հավաքված էին անմաքուր բերդաքաղաքի անմաքրությունները:
Դեպքերը շատ անգամ զարմանալի կատակներ են պարունակում իրանց մեջ, և ամենահասարակ իրողությունը արտահայտում է մի խորին, փիլիսոփայական միտք: Իշխանի հոյակապ ամրոցի կողքին տեսնում ես աղբանոց: Նրա շքեղազարդ դահլիճների հանդեպ` ողորմելի խրճիթներ, աղքատություն: Մեկը վայելում է, հազարավորները տուժում են: – Դա արևելքի և արևելյան իշխանության ճիշտ նկարագիրն է: Դա բռնության և ստրկության անհամեմատ հակապատկերն է:
Դեպքերը այժմ դուրս քաշեցին բռնակալին իր փառավոր ամրոցից և կանգնեցրին աղբանոցի բարձրության վրա: – Դրա մեջն է բուն կատակը, անցքերի հետաքրքիր խաղը: Նա իր բարձրավանդակից նայում է, թե ի՜նչպես է կռվում, ի՜նչպես է արյուն թափում ժողովուրդը: Բայց ո՞ւմ համար: – Նույն անձի համար, որ իրան կեղեքում է, ստրկացնում է: Ահա դրա մեջն է ամբոխի ամենագլխավոր հիմարությունը…
Մի աննշան փոքրամասնություն բողոքում էր բռնության դեմ, իսկ խավար մեծամասնությունը աշխատում էր խեղդել նրա բողոքը: Ինչո՞ւ: – Որ այն մեկ անձի իշխանությունը պահպանվի, որ նա ավելի երկար ժամանակ ունենա ճնշելու, կեղեքելու և իր ստրուկների արյունը ծծելու…
– Նայեցեք, խան, ցույց էր տալիս Հաջի-Ֆարաջը կատարվող բարբարոսությունները: – Մերոնք աշխատում են անց կենալ, բայց փողոցի մուտքը բռնված է պատնեշով: Հայերը պատնեշի ետևից հրացաններ են արձակում: Նրանք արձակում են և կտուրների վրայից: Տեսեք այդ անզգամ կնիկներին, ի՜նչպես օգնում են իրանց տղամարդերին: Նրանք առնում են դատարկ հրացանները, արագությամբ լեցնում են, և շուտով տալիս են տղամարդերի ձեռքը նետելու համար: Ո՞վ տվեց դրանց այդքան զենքերը:
Խանը ոչինչ չպատասխանեց:
– Նայեցեք, խան, – ասաց Հաջին, այժմ մի առանձին ուրախությամբ առաջ տանելով իր նկատողությունները: – Մերոնք խորտակեցին պատնեշը… անցկացան… Հայերը խույս են տալիս… Ա՛խ, թշվառականներ… նրանք դարձյալ կանգնեցին… մտան մի այլ պատնեշի ետևում… այժմ կրկին պաշտպանվում են…
Օդի մեջ լսելի եղան խուլ որոտմունքներ, որոնց հետևեցին խառնաշփոթ աղաղակներ: Մահմեդական ամբոխը սկսեց սարսափելի աղմուկով դուրս փախչել հայոց թաղից:
– Հեռանանք, խան, – գոչեց նրա ոչ սակավ զարհուրած խոսակիցը:
– Այդ ի՞նչ պատահեց, – հարցրեց խանը, տեղից չշարժվելով:
– Ո՞վ գիտե, ի՜նչ պատահեց: Մերոնք փախչում են: Հեռանանք, եթե չենք ցանկանում տրորվել այդ կատաղի փախստականների ոտքերի տակ:
– Ի՞նչ պատահեց, – կրկին հարցրեց խանը:
– Մի՞թե չեք տեսնում, – պատասխանեց մի այլ թիկնապահ:
– Ես ոչինչ չեմ տեսնում:
Եվ իրավ, նա ոչինչ չէր տեսնում: Բարկությունը, վրդովմունքը զրկել էին նրա աչքերը տեսությունից: Նա միայն լսում էր խառնաշփոթ, հուսահատական աղաղակներ, և ավելի ոչինչ:
– Մերոնց վրա զորքեր եկան, – ասաց թիկնապահը, – երևի, թշնամու զորքերը: Մերոնց թնդանոթների են բռնել, այդ պատճառով փախչում են:
– Ո՞րտեղից կարող էին մտնել թշնամու զորքերը, – հարցրեց խանը, չհավատալով իր ականջներին:
– Այդ աստված գիտե, – պատասխանեց թիկնապահը: – Երբ աստված բարկանում է մարդիկների վրա, գետնի տակիցն էլ կրակ է դուրս բերում, աստղերի մոտիցն էլ կրակ է ցած թափում…
Խանը մտածեց իջնել իր բարձրավանդակից: Նրան տիրեց երկյուղի նման մի զգացմունք, և անվեհեր սիրտը սկսեց սաստիկ բաբախել:
Սարսափած ամբոխը փոթորկի նման հետ էր մղվում: Հանկարծ փոթորիկը կանգնեց, անշարժ մնաց, կարծես թե, նա ճանապարհ չէր գտնում իր հոսանքի համար:
– Այդ ինչո՞ւ կանգնեցին, երևի, ընդդիմադրում են, – հարցրեց խանը:
– Ոչ, փողոցի մյուս ծայրից ուրիշ զորք հայտվեցավ, – ասաց Հաջին: – Մերոնց ճանապարհը կտրեցին… մերոնք այժմ գտնվում են երկու կրակների մեջ… առջևից և ետևից… Դրա համար էլ չգիտեն, թե դեպի ո՜ր կողմը փախչեն…
Թնդանոթները այժմ սկսեցին ավելի մոտից արձակել: Ամեն մի արձակման րոպեում լուսավորում էր փողոցի բավական ընդարձակ տարածությունը: Այդ սոսկալի լուսավորության մեջ խանը նշմարում էր դիակների կույտերը, նշմարում էր, թե որպես գնդակահար մարդիկ, արմատախիլ եղած ծառերի նման տապալվում էին մինը մյուսի վրա:
– Ա՛խ, որքա՞ն մարդիկ են ընկած… – բացականչեց նա ողբալի ձայնով: – Որտեղի՞ց ներս մտան այդ անհավատները…
Նրան ոչ ոք չպատասխանեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե թշնամին որտեղից ներս մտավ:
– Մարդիկ հիմա սկսեցին փախչել կտուրների վրայով, – նկատեց թիկնապահներից մեկը:
– Ինչպե՞ս են բարձրանում կտուրների վրա, – հարցրեց խանը:
– Փողոցի պատերը տեղ-տեղ խիստ ցած են:
Թնդանոթներ արձակողը Բայինդուր իշխանի զորախումբն էր: Իսկ նրա հակառակ կողմից ժողովրդին երկու կրակների մեջ դնողը Ավթանդիլ գնդապետն էր:
Մի քանի կետերի վրա հայտնվեցան հրդեհի նշաններ:
– Շապե՜նք, – գոչեց խանը: – Պետք է դեպի այս կողմը դարձնել մեր զինվորներին: Շուտով անհավատները ամբողջ բերդը կոչնչացնեն:
Հրդեհի նշաններն այժմ ավելի պարզ կերպով էին երևում: Զարհուրած բնակիչները չգիտեին ուր փախչել:
Խանը և իր թիկնապահները ընտրեցին դատարկ, մթին փողոցներից մեկը, և սկսեցին առաջ վազել, որ զորքը օգնության կանչեն: Զորքը այդ ժամանակ, բերդի մի այլ կողմում, նույնպես թշնամու հետ գործ ուներ:
Խանի ուշադրությունը գրավեց խավարի միջից մի խոսակցություն. նա իր քայլերը դանդաղեցրեց:
– Թող անիծվի՛ այսպիսի խանը, – ասում էր ձայներից մեկը: – Եթե չէր կարող թշնամուն դեմ դնել, էլ ինչո՞ւ մեզ ձգեց այդ կրակի մեջ…
Կարծես, մի սուր ցցեցին խանի սրտում:
– Մայրի՜կ, – գոչեց մի երեխայական ձայն. – ինձ գրկիր, ես հոգնեցա…
– Ինչպե՞ս գրկեմ, զավակս, – պատասխանեց մայրը. – քո փոքրիկ քույրը գրկումս է:
– Ինձ շալակիր, մայրիկ, ես է՜լ չեմ կարող գալ:
– Ինչպե՞ս շալակեմ, զավակս, քո փոքրիկ եղբայրը ուսիս է:
– Մայրիկ, ես այստեղ կնստեմ:
– Այստեղ լավ չէ, զավակս, մի քիչ էլ առաջ գնանք, հետո կհանգստանանք:
– Ինչո՞ւ այստեղ լավ չէ, մայրիկ:
– Այնպես, զավակս, լավ չէ…
– Նրանք կգան:
– Ովքե՞ր:
– Նրանք, որ հորս ծեծում էին: – Ինչո՞ւ ընկավ հայրս, մայրիկ:
Թշվառ մայրը և անբախտ ամուսինը ոչինչ չգտավ պատասխանելու: Նրանք հեռացան, անհետացան խավարի մեջ: Խանը այլևս չէր լսում մոր և զավակի խոսակցությունը:
– «Թո՛ղ անիծվի այսպիսի խանը…» – մտաբերեց նա մոր բանադրանքը, և այդ ավելի դառն կերպով ազդեց նրա սրտին, քան այն բոլոր կրակները, որ թափում էր թշնամին:
Մթին, աղմկալի փողոցով անցավ նա հրապարակի վրա: Այստեղ մարդիկ նույնպես վազվզում էին դեպի զանազան կողմեր: Մի քանի փողոցներ խաչաձև կերպով կտրում էին հրապարակը: Խանը չգիտեր նրանցից ո՜րը ընտրել:
– Հետ նայեցեք, խան, – ասաց նրա թիկնապահներից մեկը, – ամբողջ «Փոս-թաղը» այրվում է:
Խանը նայեց և ոչինչ չպատասխանեց:
– Այդ մարդիկ այնտեղից են փախչում, – ավելացրեց թիկնապահը: – Տեսնո՞ւմ եք, նրանցից շատերը շալակած ունեն իրանց տնային կարասիները:
– Ո՞ւր են գնում, – հարցրեց խանը:
– Երևի, իրանք էլ չգիտեն…
Խանը ընտրեց խաչաձև փողոցներից մեկը և անցավ: Այդ միջոցին հայտնվեցավ թշնամիների մի խումբ, որ միևնույն փողոցով գալիս էր ուղիղ նրա հանդեպ: Նրանք այնքան մոտ էին, որ խանը մինչև անգամ լսում էր նրանց ձայները:
Խանը հետ դարձավ: Բայց մի քանի քայլ հեռանալուց հետո նկատեց, որ ինքը մենակ է: Նրա թիկնապահները կամ թողեցին նրան և փախան, կամ թշնամուն մոտից տեսնելով, շփոթվեցան և աչքից կորցրին իրանց տիրոջը: Վերջինը ավելի հավանական էր: Նա մնաց մենակ: Իր բերդի, իր ժողովրդի մեջ մենակ մնաց նա: Այլևս ոչ ոք չէր նայում նրա վրա: Այժմ միայն տիրեց նրան տագնապի զարհուրանքը: Բայց նա այնքան սրտի և կամքի ամրություն ուներ, որ բոլորովին չշվարեցավ, չհուսահատվեցավ:
Նա մտավ մի նեղ քուչա: Աշխատում էր կրկին չհանդիպել թշնամուն: Ամեն տնից, որ անցնում էր նա, լսում էր ցավալի ձայներ, հուսահատական աղաղակներ, լաց, արտասուք: Մարդիկ, սարսափելի ճգնաժամի մեջ, չգիտեին որտեղ թաքցնել իրանց գլուխը: Նա լսում էր ժողովրդի սուգն ու ողբը և անց էր կենում:
Անցուդարձը նեղ քուչայի մեջ չափազանց դժվարին էր: Երբեմն ետևից, երբեմն առջևից զարկվում էին նրան փախստական մարդիկ, և հայհոյանքով անց էին կենում: Մեկը գլուխը սաստիկ խփելով նրա ճակատին, ասաց.
– Կո՞ւյր ես, չես տեսնում, ճանապարհովդ ուղիղ գնա:
Երկրի իշխանը լուռ կացավ:
Դրանք այն ստրուկներն էին, որ նրա շվաքն անգամ տեսնելիս, մինչև գետին կթեքվեին և հարյուր անգամ գլուխ կտային: Այժմ իրանց գլուխները զարկում էին նրա գլխին… Ճակատագիրը ահա այսպիսի խաղեր ունի…
Նեղ քուչան դուրս հանեց նրան մի բավական ընդարձակ փողոց: Այստեղ մարդիկ ավելի խոշոր խումբերով էին վազվզում: Այդ մարդիկը զինված էին:
– Մերոնք կոտրվեցան… մերոնք կոտրվեցան… – աղաղակում էին նրանք:
– Ինչպե՞ս կոտրվեցան, – հարցրեց խանը, նրանցից մեկին կանգնեցնելով:
– Կոտրվեցան էլի, – պատասխանեց նա, արագ վազելուց դժվարությամբ շունչ քաշելով: – Թշնամին դրսից խորտակում էր բերդի երկաթե դռները. մերոնք աշխատում էին արգելել, նրանք հաղթեցին, խորտակեցին դռները և ներս մտան:
– Ո՞ր դռները:
– Երկաթե դռները:
Բերդի բոլոր դռները երկաթից էին շինված: Բայց փախստականի պատմությունը այն դռների մասին էր, որ ուղիղ բացվում էին դեպի Մխիթար սպարապետի բանակի կողմը: Ուրեմն բերդի մեջ մուտք գործողը նա պիտի լիներ:
– Հետո ի՞նչ եղավ, – հարցրեց խանը:
– Հետո չեմ իմանում ինչ եղավ, – պատասխանեց նա. – ես փախա:
– Դու զինվո՞ր ես:
– Ապա ի՞նչ եմ:
Խանը նկատեց, որ այդ բոլոր փախստականները իր զինվորներն էին: Նա մտածեց կանգնեցնել նրանց: Նա կամեցավ հայտնել իր ով լինելը և իր իշխանական բարձր հրամանով ստիպել նրանց հետ դառնալ, կռվել, մինչև արյան վերջին կաթիլը կռվել:
Մինչ այդ մտածության մեջ էր նա, տեսավ, իրավ որ, թշնամու զորքը բերդի «Մեղրու դուռ» կոչված մուտքից ներս մտնելով, առաջ էր գալիս: Նրանցից ոմանք բռնած ունեին վառած ջահեր, և փողոցը, որտեղից անցնում էին, այդ ջահերով լուսավորված էր: Մի տան լուսամուտից արձակեցին նրանց վրա ատրճանակ: Գունդը կանգնեց և մի քանի րոպեի մեջ տունը հիմնահատակ դարձավ: Բնակիչների դիակները խառնվեցան բնակարանի փլատակների հետ:
Գունդը մոտենում էր: Ջահերի լույսը ճառագայթում էր խանի սպանված, գունաթափ դեմքի վրա: Նա մի կողմ քաշվեցավ, որ չճանաչվի, թաքնվեցավ մի մթին անկյունում: Գունդը անցավ: Այժմ նա ևս կամենում էր դուրս գալ իր թաքստի տեղից: Բայց դեպի ո՞ր կողմը գնալ: Նա իր բերդի բոլոր փողոցների հետ ծանոթ չէր, նա ծանոթ էր մի քանի ուղիղ փողոցների, որոնց միջով հանդիսավոր կերպով անցնում էր, երբ իր ամրոցից դուրս գալով, գնում էր որսորդության: Մի քանի րոպե անշարժ մնաց իր թաքստի տեղում. դուրս չեկավ, վախենում էր թշնամու խումբերի հանդիպել:
Նրա մոտից, խավարի մեջ խարխափելով, անցնում էին մի քանի հոգի: Նա մտածեց, թե իրան են որոնում և ավելի պինդ կերպով սեղմվեցավ իր թաքստի մեջ:
– Աքպար, կամաց գնա, որ ես հասնեմ, – կանչում էր մեկը նրա ետևից:
– Վազի՜ր, ես կանգնել չեմ կարող, – ասում էր Աքպարը հեռվից:
– Ես վիրավորված եմ, օգնիր ինձ, շարժվել չեմ կարողանում, – աղաչում էր առաջին ձայնը:
Աքպարը ոչինչ չպատասխանեց և անցավ:
Խանը ճանաչեց իր նոր վեզիրին և իր զորքերի գլխավոր հրամանատարին:
– Ինչո՞ւ է փախչում նա, – հարցրեց խանը մեկից, որ ուրվականի նման, խավարի միջից, մոտեցավ իրան:
– Երևի «ճանճերը» շատ են նեղացնում… – պատասխանեց նա ծիծաղելով:
Խանը ճանաչեց իր հին վեզիրի ձայնը:
Բայց մի՞թե նա բանտարկված չէր, ո՞վ բաց թողեց նրան, հիմա ո՞ւր է գնում, – այդ հարցերը շփոթեցրին խանին: Վեզիրը թողեց խանին և դիմեց դեպի վիրավորյալը, որին չկամեցավ օգնել Աքպարը:
Խանը մնաց մտատանջության մեջ: «Ինձ ճանաչեց, մտածում էր նա, – երևի ինձ որոնում էր և գտավ: Հիմա կաշխատե ինձ մատնել, անպատճառ մատնել թշնամու ձեռքը… Ա՛խ, ո՜րքան դառն կերպով ծիծաղեց նա իմ դյուրահավատության վրա. ինձ հիշեցրեց իմ հիմարությունը, որ ես Աքպարի խոսքերը հալած յուղի տեղ ընդունեցի, երբ նա թշնամուն ճանճերի հետ էր համեմատում… Փախչեմ… բայց ո՞ւր փախչեմ… Գոնե գտնվեր մի մարդ, որին ես հայտնեի իմ ով լինելը, և նա կառաջնորդեր ինձ…»: