Kitabı oku: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», sayfa 3

Yazı tipi:

Զ

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ջին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․

– Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.

– Ակոբը գնաց սիրականին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբբուրում։

– Գիտես քի ամպի վրայեն կթռի, – ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, ոմանք նշանված էին, ոմանք էլ արդեն վաղուց խայտառակված ապօրինի կենակցությունների համար, մի քանիսը բռնվեցին Մարիցայի տանը, բայց Հակոբը սիրում էր Մարանին և նրանով լցնում իր հոգու ամբողջ պարապը։

Նրա համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան, անկողին և եփել֊թափելու անհրաժեշտ պիտույքներ ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան և անցկացնում ժամանակը։

– Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, – հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

– Շուտով տուն տ՚երթանք, – ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

– Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

– Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, – հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։ Հակոբը սկսում էր․

 
Լավանդամըն շիշեսի,
Իչինտե մենեմշեսի,
Բեն Մարանը սևերիմ,
Զիկերիմին քեոշեսին9։
 

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

– Հաջի էֆենդի, կենե 10տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․

– Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկթաձև սպիտակը։

Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

***

Մի օր Մարանի առաջի ոտի վերևի մասում երևաց մի ուռուցք, փոքր և գրեթե աննշան, բայց բշտեց, դարձավ վերք, այդ վերքը մեծացավ, թարախակալեց։ Քաղաքում մի անասնաբույժ կար, որը չկարողացավ օգնել, Հակոբը կանչեց և մարդկային բժիշկներին, որոնք ոչինչ չկարողացան անել, ամեն մեկը մի բառ ասաց։ Վերքը մեծանում էր, թարախակալումն ավելի համառում։

Սկզբնական շրջանում Մարանի վրա ո՛չ մի ազդեցություն չարավ, բայց կամաց֊կամաց նա կորցրեց իր աշխուժությունը, աչքերը կորցրին արշալույսային վճիտությունը, նրա ոսկեհնչյուն խրխինջում լսվեցին ինչ֊որ մթին ակկորդներ։

Հակոբը Մարանի հետ սկսեց կերպարանափոխվել։ Մինչև անգամ հայրս և մայրս դարձան մելամաղձոտ. Հակոբը կորցնում էր իր գարնան ուրախությունը, մռայլ էր իջնում նրա պայծառ ճակատի վրա։

Հայրս լսեց, որ Սեբաստիայում մի նշանավոր անասնաբույժ կա, հեռագրեց այդ անասնաբույժին, որ գա և տեսնի ձիուն։ Պատասխան ստացվեց, որ անասնաբույժը համաձայնել է և երկու օրից մեկնելու է Սեբաստիայից։

Հակոբն այդ հեռագիրը կարդալիս՝ ցավագին ժպտում էր և արցունքներ թափում։

Մայրս փաթաթվեց իր հերկուլեսյան որդու վզին, սրբեց նրա արցունքները և շշնջաց․

– Դոքտո՞րը կուգա, կաղեկցնե, չաղեկցնե ըլ, հայրդ Դիարբեքիրեն դահա աղվորը բերել կուտա, մի՛ լար, յավրուս։

– Մարա՜նս, Մարա՜նս, – մրմնջում էր Հակոբը և համբուրում մորս, լաց լինում, կոպերից կախում աստղանման արցունքի կաթիլներ։

Շատերն ասացին, որ աչքով են տվել։ Մայրս բաց արավ սնդուկը, դուրս բերեց մի խոշոր փիրուզ և կախեց Մարանի վզից։

Անասնաբույժն ուշանում էր, պիտի գար կառքով, ութն օրվա ճանապարհ էր լավագույն դեպքում։

Եվ Մարանը մի առավոտ մեռավ։

Բոլորս էլ հավաքվել էինք Հակոբի շուրջը, որ արցունքի կաթիլներով շաղախված խոսքերով պատմում էր Մարանի կյանքը, պատմում էր մինչև անգամ, թե մի օր ինչ խոսակցություն են ունեցել իրար հետ և Մարանն ինչ է ասել։

Եթե պատահած եղելության անծանոթ մի մարդ ներս մտներ և լսեր Հակոբին, երբեք չէր կարող գուշակել, որ խոսքը և ողբը վերաբերում էին մի անասունի։

Հակոբի անկողինը մայրս կարգադրեց, որ փոխադրեն իր ննջարանը։ Հայրս և մայրս, մոռացած ամբողջ տունը, իրենց ամբողջ գուրգուրանքը թափում էին Հակոբի վրա, որպեսզի մոռանա, գեթ մեղմանա նրա վիշտը՝ կորցրած ընկերոջ համար։

Հայրս և մայրս չափազանց սիրում էին Հակոբին, ոչ միայն նրա համար, որ իրենց անդրանիկ որդին էր, այլ նրա համար, որ հասակով նրանք Հակոբից շատ տարբերություն չունեին։

Հայրս 13 տարով մեծ էր Հակոբից, իսկ հայրս՝ 17 տարով։ Մայրս դեռևս եղել էր մանուկ, երբ առաջին անգամ զգացել էր նրա շարժվիլն իր հոգում։ Մանավանդ մայրս և Հակոբն իրար հետ կատարյալ մտերիմներ էին։ Մայրս չէր հիշում, թե արդյոք եղե՞լ է մի ժամանակ, երբ Հակոբը գոյություն չի ունեցել։

Անցավ մի ամիս, բայց Հակոբի վիշտն ավելի էր խորանում։

Եվ հայրս որոշեց նրան առաջարկել երկու բան՝ ճամփորդություն կամ ամուսնություն։ Հայրս խորապես համոզված էր, որ սրանցից մեկն ու մեկը կփրկի նրան, կմեղմացնի նրա վիշտը, և մի օր էլ կմոռանա։ Այս նպատակով, հայրս հիշեցրեց նրան թուրքական երգի մի կտորը՝ «Գյուն դուր, կեչեր, աղլամա11»։

Հակոբն ընտրեց ճանապարհոորդությունը։

Մայրս մեծ պատրաստություն տեսավ, նոր շորեր կարեց, սպիտակեղեններ պատրաստեց, նոր անկողին կարեց, քուրք առավ, Հակոբի գոտին լցրեց ոսկով։

Բոլորս համբուրեցինք նրան, մայրս հազիվ կարողացավ բաժանվել Հակոբից, իսկ հայրս սառնասրտությամբ համբուրեց նրան և ասաց․

– Դուն քըզի աղեկ նայիր։

Բոլորը զարմացան, որ հաջի էֆենդին լաց չեղավ, բայց երբ կառքի անիվները սկսեցին գլորվել, կառքր հեռացավ, դարձավ մի կետ և ի վերջո անհետացավ, հայրս մտավ իր սենյակը, բաց արավ պահարանր, մի երկու գավաթ օղի խմեց, և մենք տեսանք, որ նրա աչքերից արցունքի կաթիլներ էին վազում լուռ ու սրտակեղեք։ Մայրս մոտեցավ նրան լացով, հայրս շրթունքներն իրար էր սեղմում և չէր նայում նրան, բայց ի վերջո չդիմացավ, սկսեց հեկեկալ։

– Մարանը նոր մեռավ, – ասաց հայրս և օղի ուզեց։

– Աստված չի կամեցավ, որ յավրուս քեֆ էնի, – շշնջաց մայրս։

Հայրս մի մթին հայհոյանք շպրտեց աստծո հասցեին, որից հետո մայրս դուրս եկավ սենյակից և խաչակնքեց։

***

Հակոբը վերադարձավ կազդուրված, էլի առողջ, հզոր։ Նրա հասակը կարծես ավելի էր բարձրացել։

– Հակոբը եկե՞ր է, հա՞․․․ – հարցն ում էին ծանոթները մորս։ Մայրս պատասխանում էր․

– Հա՛, չինարս եկեր է։

Հակոբը տեսել էր ծով, զանազան քաղաքներ, մեծ քաղաքներ՝ Սամսոն, Պոլիս, Զմյուռնիա, Վառնա։ Օրերով նա պատմեց իր տեսածները։ Մենք կախվում էինք նրա շրթունքներից։ Հայրս այդ բոլոր վայրերում եղել էր։ Նա հարցեր էր տալիս․

– Սկյուտար գացի՞ր, ծո։

– Գացի։

– Բո յ աճի֊ գյ ուղ։

– Բոյաճի֊գյուղ ըլ գացի։

– Ստամբոլի կողմը փաչա12 կերա՞ր։

– Կերա։

– Աֆերիմ, ծո, ամեն տեղ եղեր ես։

Երբ մայրս լսում էր, որ Հակոբը եղել է այն վայրերում, որտեղ եղել է նաև իր ամուսինը, հրճվանքից չէր իմ անում, թե ինչ անի։

– Ղավզայի բաղնիքը լողցա՞ր։

– Չէ՛, հայրի՛կ, ատեն չեղավ։

– Ծո՛, մարդ Ղավզա երթա ու բաղնիքը չլողնա՞․․․ եբոր նորեն երթաս, լողցիր։

– Կլողնամ, հա, – խոստանում էր Հակոբը։

Ամբողջ մի ամիս մեր տանը գլխավոր խոսակցությունն էր Հակոբի ճամփորգությունը, զբաղված էին նրան լսելով և հետը բերած նվերներն ուտելով, հագնելով, կախելով զանազան տեղեր։

Ինձ բերել էր կարմիր չուստ։ Առաջին անգամ երբ հագա և փողոց գնացի, ինձ թվում էր, որ ամբողջ քաղաքի բնակչությունը չուստս է դիտում։

Մի ամիս հետո՝ Հակոբը, բոլորից գաղտնի, բաց արավ Մարանի «ննջարանը», որն ինքը կողպել ու գնացել էր և դուրս եկավ տխուր։

Թե Մարանի հիշատակը և թե՛ այն, որ քաղաքում շատ զբաղվելու բաներ չկային, բացի դրախտային պարտեզներից, Հակոբի ճակատին իջեցրին նորից մի թեթև մռայլ։

Սկզբի օրերին այս մռայլն այնքան էլ նշմարելի չեղավ, բայց հետզհետե դարձավ զգալի և մտահոգիչ ծնողների համար։

Մի օր, երբ ես նստած էի հորս կողքին, և նա խաղում էր իմ ոսկեգույն մազերի հետ, կանչեց մորս ու սկսեցին խոսել Հակոբի մասին։

– Պիտի կարգենք էդ տղան, – ասաց հայրս։

Մորս աչքերը փայլեցին։

– Եթե համոզես։

– Կհամոզվի, բեղերն արդեն մեծցեր են, Պոլիս֊մոլիս կերևա քիթ֊բերանը աղջիկներու քսեր է, խելքը տեղ է էրեր։

Մորս դուր չեկավ, որ հայրս մատնանշեց այդ։

– Ի՞նչ գիտես, – հարցրեց։

– Ես գիտեմ, դուն ինձի հարցուր, – կարճ կտրեց հայրս։

Մայրս խոստացավ, որ ինքը այդ բանը հայտնի Հակոբին։

– Սանկ շնորհքով ձևով ըսե, – պատվիրեց հայրս։

Եվ որոշեցին, որ աղջիկը պետք է լիներ սիրուն։ Հայրս ինքն առաջարկեց․

– Ւնչ ընտանիքի կուզե թող ըլլի՝ աղվոր ըլլի, – ասաց։

Մայրս ապշեց։ Հայրս ինչքան խորր պետք է Հակոբին սիրեր, որ զիջեր իր արիստոկրատիզմից։

Մայրս ավելացրեց․

– Աղվոր ըլլի ու կաթն ըլ մաքուր ըլլի։

– Դահա աղեկ։

Հակոբը համաձայնել էր, երևի ճիշտ էր հորս կարծիքը, թե «քիթը֊բերանն աղջիկներու քսած կըլլի»։ Սկսվեց աղջիկ որոնելու պրոցեսը։ Պարզվեց, որ հայրս չէր զիջի ամենափոքրիկ, ամենաաննշան պակասության անգամ։ Մայրս ի վերջո մատնանշեց մի աղջիկ, որ իսկապես սիրուն էր, բայց հայրս առարկեց․

– Գլուխն աղեկ չի բռներ, քիչ մը կկախե։

Մայրս հուսահատվեց, որ կարող պիտի լիներ գտնելու այն տիպարը, որ գոյություն ուներ հորս մտապատկերում, բայց իրականության մեջ գոյություն չուներ։

– Ես աղջիկ չեմ ուզեր, արձան կուզիմ, ― հայտարարեց հայրս։

Անցավ մի ամիս ևս։ Մայրս այլևս այդ մասին չէր խոսում։

Մի օր հայրս թե՝

– Հը՞, Մարգրիտ, աղջիկ գտա՞ր։

– Դուն հրեշտակ կուզիս, աշխարքի մեջ հրեշտակ կա՞։

– Հա, հրեշտակ կուզիմ, բերանդ պագնիմ, աղեկ ըսիր, հրեշտակ կուզիմ։

– Հրեշտակ չիկա։

– Կա, – վճռական պատասխանեց հայրս, – հրեշտակ կա, հրեշտակն ըլ գտեր իմ։

– Վո՞վ,

– Գրիգոր աղային աղջիկը։

– Պզտիկ է։

– Թող ըլլի, դուն տասնիրեք տարեկան էիր ծոցս մտար, – պատասխանեց հայրս։

Մայրս լռեց, ամաչեց և ապա գտավ, որ ճիշտ էր ասում հայրս։

Ի վերջո մայրս հարցրեց․

– Կուտա՞ն։

Արդեն այստեղ վիրավորվեց հորս արիստոկրատիզմը։

– Ես ուզեմ, թող չիտան, – աղջիկը տասնիրեք, տղան՝ տասնութը, ինչո՞ւ չպիտի տան։

– Ասլանի պես ըլ տղա, – ավելացրեց մայրս։

Գրիգոր աղայի աղջիկը՝ Եղիսաբեթը, իսկապես գեղեցիկ էր, հորս մտապատկերում գոյություն ունեցող աղջիկն էր, նա նման էր Միլոսյան Վեներային, ավելացրած նրա վարդագույն մարմինը և կոկորդի վրա մի սև խալ, թռչկոտուն և կարկաչուն մի աղջիկ, որի մասին երբ մայրս հայտնել էր Հակոբին, Հակոբը ժպտացել և փաթաթվել էր մորս։

Մի երեկո հայրս և մայրս գնացին Գրիգոր աղայի մոտ և երկար֊բարակ ուրիշ խնդիրն երի մասին խոսելուց հետո՝ խոսք էին բաց արել Եղիսաբեթի մասին։

– Հաջի էֆենդի, մեր աղջիկը ձերն է, բայց քիչ մը ժամանակ տուր մորը հետ դանըշմիշ ըլլիմ13, – ասել էր Գրրգոր աղան։

– Շատ աղեկ, – պատասխանել էր հայրս։

Մյուս օրր երեկոյան մենք ստացանք մի մեծ սինիով փախլավա Գրիգոր աղայի տնից՝ ի նշան համաձայնության։

Մի քանի օր նվերներ գնացին մեր տնից և նվերներ եկան Գրիգոր աղայի տնից։

Այս խոսակցությունից ութ օր անց, երր մայրս վերադարձավ բաղնիսից և ուղիղ բարձրանալով հորս մոտ՝ հայտնեց, որ Եղիսաբեթին տեսել էր բաղնիսում։

– Հը՞, ինտո՞ր էր, – հարցրեց հայրս։

– Գիտես քի լուսնկայեն է ընկեր, – պատասխանեց մայրս։

Ապա պատմեց, թե ինչպես Եղիսաբեթը, իր մոր թելադրանքով, եկել և համբուրել է մորս ձեռքը և մայրս չի թողել, որ գնա, ինքն է լողացրել նրան, սանրել մազերը, հագցրել և կառքով բոլոր ընտանիքին տուն ուղարկել։

– Շա՛տ աղեկ ես ըրեր, – ասաց հայրս։

Երկար ժամանակ չթողեցին, որ անցնի, նշանեցին Հակոբին, և շուտով էլ պսակեցին։

Մայրս հոգս տարավ, որ հարսանիքն անցնի շքեղ, ոչ մի բան պակաս չլինի, բայց հորս հետ ունեցան մի անհամ վեճ։

Հայրս չէր ցանկանում, որ իր որդին քահանայով պսակվի։

– Հոր տունեն կբերենք մեր տունը, վերջացավ գնաց․․․ – պնդում էր հայրս, իսկ մայրս հակաճառում էր․

– Ես քըզի հետ համաձայն եմ, բայց անոր հայրն ու մայրը կուզե՞ն, որ իրենց աղջիկն անպսակ ըլլի։

Հայրս գիտակցում էր, որ դա ճիշտ է, անպսակ չէր կարելի աղջկան տուն բերել, բայց չէր էլ կարող տանել, որ քահանա պետք է լիներ գործում։

Վերջապես, երկար վեճից հետո՝ հայրս զիջեց և համաձայնեց, որ որդին քահանայով պսակվի, բայց պայմանով, որ քահանան եկեղեցում պսակը վերջացնելուց հետո՝ տուն չգա։ Մայրս համաձայնեց, բայց պսակից հետո ընդունեց քահանային՝ հորիցս գաղտնի, բոլորին պատվիրեց, որ նրան չասեն, պատվեց, կերակրեց, խմցրեց, վարձատրեց և ճանապարհ դրեց։ Թերևս հայրս գուշակում էր, որ մայրս այդպիսի բան կարող էր անել, բայց վրա չընկավ, քանի որ իրենից գաղտնի էր տեղի ունենում, և իր կամքը ձևականորեն կատարվում էր։

Մի նոր ուրախություն ծագեց մեր տանը Եղիսաբեթի երևալով։ Փոքր էր Եղիսաբեթը, թոփ էր խաղում մեզ հետ, այգում վազվզում, ավազանում լողանում։ Երբ Հակոբը գալիս էր տուն, գրկում էր նրան իր հզոր թևերի մեջ, բարձրացնում վեր և տանում սենյակ, ճանապարհին համբուրելով և ասելով՝

– Մարա՛նս, իմ աղվո՜ր Մարանս։

***

Գևորգին՝ Հակոբից փոքր եղբորս, ես միշտ հիշում եմ անհուն բերկրանքով, որովհետև նա մեր տան գրեթե միակ անդամն էր, որ ազատ էր ջղայնությունից։ Ամեն մի բարկություն նա հավասարեցնում էր բացարձակ զրոյի։ Պատահում էր, որ մեկնումեկը լցվում էր նսեմ զայրույթով՝ աչքեր էին փայլատակում, բարձրանում էր որոտ, որ ո՛չ թե գալիս էր երկնքից, այլ սենյակի հատակից դեպի առաստաղը, գործը հասնում էր Գևորգին, մի մեղմ ժպիտ, մի հյութալի կատակ, մի չվիրավորող հեգնություն, և նսեմ զայրույթը փոխվում էր վսեմ հանգստության։ Պատահում էր, որ աչքերի փայլատակումին հաջորդում էր դանակի փայլատակում․ այդ երկու փայլակներին ընդառաջ էր գնում նա սրերից ավելի հզոր կատակով, և տիրում էր խորին խաղաղություն։

Այն օրերից մինչև հիմա էլ ես հիանում եմ նրանով, նրա հզոր ջղերի կարգ ու սարքով, և եկել եմ այն վերջնական եզրակացության, որ մարդիկ հիանում են իրենց չունեցած հատկություններով։

Գևորգը մեծ կրքեր չուներ։ Նրա ամենամեծ կիրքը չամիչն էր։ Նա սիրում էր չամիչ։ Չամիչը՝ դա ուտելիք չէր նրա համար, այլ մի ուրիշ բան։ Սակավակեր, ընտրությամբ ուտող, բայց չամիչի համար տածում էր նա բոցավառ կիրք։ Չամիչը՝ դա երազի կապույտ թռչունն էր։ Նա չամիչի հետ փոխում էր ամեն ինչ, իր ունեցած ամենաթանկագին իրը կարող էր վտանգել, եթե մեկը նրան դյութեր չամիչով։

Գևորգը հիվանդ պառկած է, տաքությունը բարձր։ Հայրս մոտենում էր նրան, ձեռքը դնում ճակատին և հարցնում․

– Գևորգ, չամիչ կուզե՞ս։

Գևորգն աչքերը բաց էր անում, տենդի մեջ անգամ զգում էր չամիչի թովչանքը և խոր թախիծով պատասխանում․

– Չէ՛, չեմ ուզեր, հիվանդ իմ․․․

Հայրս անմիջապես կարգադրում էր վազել բժշկի ետևից։

– Չամիչ որ չուզեց, ըսել է քի գործը բուրդ է, – եզրակացնում էր հայրս։

Եվ չամիչով փորձում էին նրա առողջանալը։

– Ի՞նչ կուզես, որ բերիմ քըզի, – հարցնում էր մայրս։

Գևորգի սև աչքերր փայլում էին, և բերանն այնպիսի ձև էր ստանում, որ պարզ էր լինում, թե պիտի ասի․

– Չամիչ կուզիմ։

***

Հիշում եմ նաև իմ բրոնզյա եղբորս, Լևոնին, որին մենք տանը Լոլո էինք անվանում։

Թուխ և մաքուր մորթով, բարձր ճակատով, ուժեղ ծնոտներով, քիչ ալիքավորվող, սև մազերով, սև և խոշոր աչքերով, բարձրահասակ մի տղամարդ էր Լոլոն։

Լոլոյի աչքերն էին, որ փայլատակում էին երբեմն զայրույթից, նրա ձայնն էր, որ որոտի նման պայթում էր մեր տանը, նա էր, որ շողշողացնում էր դանակը։ Այս ահավոր տղան, սակայն, ուներ բարի, աղավնու սրտի պես բարի մի սիրտ։

Գևորգը երբեք լաց չէր լինում և երբեք չէր զայրանում։

Լևոնը զայրանում էր գազանի նման և լաց էր լինում, ինչպես գանգրահեր մի մանուկ, երբ վեգն է կորցնում։

Մինչկ իր եղերական մահը նա չիմացավ, թե ինչ է կյանքի միջին ճանապարհը։ Մահն անգամ նա չդիմավորեց միջին ճանապարհով, սոսկ չմեռավ նա, այլ սպանվեց – սպանվեց, ինչպես պատմում էին, հորդահոս արիությամբ, բուռն թափով և եղերական կերպով։

Նրա դեմքի վրա ապրում էին երկու արտահայտություն՝ մանկական ժպիտ և գազանի մռայլություն։

Ես հիանում էի Գևորգի կայուն ջղերով, բայց իմ մարմնի և հոգու բոլոր թելերով ձգտում էի դեպի Լոլոյի ծայրահեղությունները։

Սիրում էի, երբ Լոլոն մի տեղ էր գնում և վերադարձին պատմում․

– Գացինք ձորը, արև֊մարև կորսվեցավ, սկսեցավ կարկուտ, ամեն մեկը գլխուս չափ․․․

Հետագայում, կյանքի բովում, նա իր ներքին թափի համապատասխան միայն մի բան գտավ այս աշխարհում՝ Նյու֊Յորքի, արևմուտքի այդ ահարկու քաղաքի, բիրժան։ Մտավ նա այդ բիրժան ֆինանսական մոլուցքով, թավալվեց այդ բիրժայի վերիվայրումներում, բարձրացավ և ընկավ, ապրեց կյանքի զարհուրելի րոպեներ, մի օր՝ միլիոններ, մյուս օր՝ սենտերի կարոտ, բայց խելահեղորեն առնական, միշտ նոր և ահեղ թափով։ Ոչ մի բան այս աշխարհում նրան չկարողացավ վախեցնել, որի դեմ նա ցցում էր իր սև թարթիչները և այդ թարթիչների արանքներից նայում հեռուն։

Նա ինձ դիմավորեց Նյու֊Ցորքի առաջ ֆրանսական «Լա Տուրեն» շոգենավում։

– Մայրիկը ինտո՞ր է, – հարցրեց։

– Աղեկ է, ամա որ քեզ ու Գևորգը կհիշե՝ կուլա, – պատասխանեցի։

Ես տեսա, որ Լոլոյի պայծառ աչքերը թացացել էին արցունքի տեղատարափով։

Ձեռքիցս բռնեց, և միասին մտանք Ամերիկայի ցամաքը։

Այդ գիշեր Լոլոն ինձ ցույց տվեց Նյու֊Յորքը։

– Կտեսնա՞ս այս քաղաքը, մեծ է, հա՜, աղեկ է, պզտլիկ չէ, աս երկրեն անդին ա՛լ երկիր չիկա, ինչ որ տի սովրիս, աստեղ տի սովրիս, հայդե՛, բոյդ տեսնամ, ծո՛։

Այդ ժամանակ նա ձեռքում ուներ երկաթուղային ակցիաներ։

Ես Լոլոյի նման չմտա բիրժան, այլ մտա գրքերի աշխարհը, բայց մտա նույն թափով և կրքով, ինչ թափով և կրքով Լոլոն մտել էր բիրժան։

***

Մեսրոպյան տառերն ինձ առաջին անգամ սովորեցրեց մի ասորի վարժապետ՝ պարոն Աշուրը։ Կարճահասակ էր նա, բայց լայնաթիկունք, ոսկրոտ, լայն և բարձր ճակատով, ճաղատ գանգով, ցցված այտոսկրներով, ժայռային մուգ֊կապույտ և խոշոր աչքերով, անզուսպ աճած բեղերով, որոնք գնալով լայնանում էին և ապա մեղմորեն բարականում և կախվում անխնա կերպով բացված բերանի երկու կողմերից վար, ինչպես փոքրիկ պոչեր, ծածկելով վերևի մեծ ատամները և բերանի ահավոր խոռոչը։ Հին, բաբելոնական արձաններից պարոն Աշուրը տարբերվում էր միայն մի բանով՝ ակնոցով, մի բան, որ խանգարում էր նրա արխայիկ և վսեմ կերպարանքը։

Պարոն Աշուրը և՛ բանաստեղծ էր, գրում էր ոտանավորներ կիսագրաբար և հին վարպետների ոճով՝ «Նինջ մանկան», «Ողբ ի վերա շիրմի ազնվաշուք Նիկողայոս աղայի Ազնավուրյանց», «Հրեշտակք», «Հաղաքս զինվորի», «Վասն ընտանյաց խաղաղության», «Դստերք երկնի» և այլն, և այլն։ Այս բոլորը նա գրում էր մի որևէ դեպքի առթիվ և նվիրում էր որոշ մարդկանց։

Պարոն Աշուրն էր, որ ինձ հեգելով կարդացնել տվեց առաջին նախադասությունը՝ «Խա՛չ, օգնյա ինձ»։ Կային երեխաներ, որ դժվարությամբ էին «կանչում» խաչին օգնության։ Պարոն Աշուրը այդ դժվարությունը հեռացնելու համար ուներ մի շատ պարզ մեթոդ՝ փայտի հարվածը։ Պետք է խղճմտորեն հիշատակել այստեղ, որ փայտի հարվածներն իջնում էին բացառապես մարմնի փափուկ տեղերին։ Բոլոր ծնողներն էլ գոհ էին այս մեթոդից։ Ծնողներն իրենք էին, որ հրահանգում էին և քաջալերում. «Փափուկ տեղվանքը մեյ մը չկարմրցնե՞ս»։

Տառերը սովորելուց և հեգելով կարդալուց հետո մենք հեռացանք պարոն Աշուրի մոտից և գնացինք դպրոց։ Տարեվերջին նա կարդաց մի ճառ, գրած մեծ թաբաղայի վրա, որից մենք ոչինչ չհասկացանք, որովհետև գրաբար էր ամբողջովին, միայն այնքան հասկացանք, որ մեզ խրատներ էր տալիս։ Ճառի վերնագիրն էր՝ «Հուսկ բանք», որի նշանակությունն էլ մենք հուսկ ապա հասկացանք։

Բայց պարոն Աշուրը մեզ չմոռացավ։ Նա երբեմն հանդիպում էր մեզ փողոցում, կանգնեցնում ու հրամայում՝ «Հայերեն գիրքդ կարդա»։ Ստուզում էր ուզում կատարել մեր առաջադիմության մասին։ Երբ լավ էինք կարդում, պարոն Աշուրը, անսահման գոհ ժպիտով, մրթմրթում էր․ «Քոքը աղեկ դրեր իմ, մաշալլա՜հ․․․»։

Մի օր պարոն Աշուրը հայտնվեց մեր տանը՝ գոհունակ ժպիտով և ժայռագույն աչքերն ավելի խոշորացած։ Նրա հայտնվելուց մի քանի շաբաթ առաջ մենք հողին էինք հանձնել մեծ եղբորս մանչ երեխային՝ Տիգրանին։ Այդ առթիվ ես գրել էի մի ոտանավոր և, առանց ոչ ոքի մի բան ասելու, ուղարկել էի Զմյուռնիա՝ «Արևելյան մամուլ» շաբաթաթերթին։ Այդ ոտանավորը տպվեց՝ առաջին տպագրված «երկը» իմ կյանքում։ Պարոն Աշուրը եկել էր մեր տունը այդ ոտանավորը կարդալուց հետո, եկել էր գոհունակ ժպիտով և ժայռային աչքերն ավելի խոշորացած։

Մի քանի գովասանական խոսքեր ասելուց հետո՝ նա հայտարարեց․ «Քոքը աղեկ գրեր իմ, մաշալլա՜հ․․․»։

9.Դուխու շիշը, մեջը մանուշակ, ես Մարանին սիրում եմ, սրտիս անկյունը։
10.նորից, դարձյալ
11.օր է, կանցնի, լաց մի՛ լինի
12.խաշ
13.զրուցել, խորհրդակցել

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
150 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772468236
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin PDF
Ortalama puan 5, 2 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 4, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Ses
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 4,7, 3 oylamaya göre