Kitabı oku: «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», sayfa 4

Yazı tipi:

Է

Ես ունեի երեք քույր՝ Խասիկր, Սիրանուշը և Ձայնիկը։

Խասիկը մեծ եղբորիցս փոքր էր, բայց Գևորգից և Լևոնից մեծ, ես եղբայրներից ամենափոքրն էի, իսկ Սիրանուշը և Ձայնիկը ինձանից փոքր էին։

Խասիկին ես հիշում եմ հորս կապակցությամբ՝ հորս հողաթափներն էր տալիս, ջուր էր լցնում, որ լվացվի, չափազանց աշխատասեր մի աղջիկ, որ հորս մատուցած ծառայության մեջ գտնում էր խոր երջանկություն։

Թե ինչպես նա կապվեց Ամերիկայից եկած ոսկյա ատամնավոր մի մարդու, չգիտեմ, մանրամասներն ինձ ծանոթ չեն, բայց գիտեմ, որ նա դժբախտ եղավ։

Անձնվեր աղջիկ էր, ուրիշին միշտ ծառայելու պատրաստ, անում էր այն, ինչ որ կարող էր։

Սիրանուշը սև, խոշոր աչքերով, սպիտակ մորթով, առատ մազերով մի աղջիկ էր, խոսում էր ու ծիծաղում և ուրիշին ճաքեցնելու մեծ հատկություններ ուներ։ Ճաքեցնելու համար նա չէր ընդդիմախոսում․ ճաքեցնում էր համաձայնելով, այդ համաձայնության մեջ կար այնպիսի նրբին հեգնություն, ինչպես իր սքանչելի ձեռագործներում։

Մենք միասին էինք դպրոց գնում․ ես առաջնորդում էի նրան։ Երբ հեռանում էինք տնից, նա բռնում էր ձեռքս և կամաց֊կամաց սեղմվում ինձ։ Ես հպարտ էի, որ ահա պաշտպանում եմ մի քնքուշ աղջկա։ Ես սիրում էի նրան, որովհետև նա ինձ չէր ճաքեցնում, իմ հանդեպ նա չէր գործածում ամենաթույլ հեգնությունն անգամ։

Սիրանուշն ևս դժբախտ եղավ, որովհետև սպանվեց նրա ամուսինը չար մարդկանց ձեռքով։

Ձայնիկը՝ դա ես էի, եթե աղջիկ ծնված լինեի – կապույտ աչքեր՝ սև հոնքերով ու սև թարթիչներով նիզակավորված, սև մազերով և սպիտակ մորթով։ Ձայնիկը ահա զայրանում է մի րոպե և քնքշանում հաջորդ րոպեին։ Այնպես լավ էի հասկանում ես նրան։ Շատերի համար նա մի մութ առեղծված էր, բայց նրա բնավորությունը, մինչև անգամ նրա անիմաստ գործերը ինձ համար կարդացված գրքի պես էին։ Այն գործերը, որոնք անիմաստ էին կոչվում, անգամ ես էհ անիմաստ կոչում, ես ինքս էլ կանեի այնպես, ինչպես Ձայնիկն էր անում։

Ինչքա՜ն եմ հիշում քեզ, կապուտաչյա՜ իմ քույր։ Քեզ հիշելիս՝ իմ հոգին լցվում է պատկերներով․ հիշում եմ մեր պարտեզը, կտուրը, ծաղկող աքացիան, հիշում եմ աշնան դեղին տերևները, որ քամին քշում բերում էր մեր դռան առաջ, հիշում եմ ձյունի սպիտակ փաթիլները, այդ ձյունի մեջ քո ոստոստումները, և հիշում եմ մորս վերջին մայրությունը։ Քեզանով վերջացավ, կապուտաչյա իմ քույր, նրա կողերի խայտանքր, ընդմիշտ լռեց նրա քնարը։ Դո՛ւ եղար վերջինը, որ ծծեցիր նրա կաթը, դու, մորս վերջի՛ն մանուշակ, վերջի՛ն երգ, վերջի՛ն բերկրանք։

***

Բացի իմ քույրերից, կային և ուրիշ աղջիկներ, որոնք աճում էին իմ մանկության հետ, որոնք ծաղկում ու վառվում էին իմ մանկության ափերի վրա։

Դեռևս նրանց ամեն մեկի ճիչը թրթռում է իմ ականջում, նրանց ամեն մեկի ժպիտը ծաղկում է իմ ալքերի առաջ։ Նրանք գարուններ էին. որոնք վազում էին գարունների մեջ, նրանք ծաղիկներ էին, որոնք թավալվում էին ծաղիկների գրկում։

Նրանցից մեկը Քրիստինեն էր, դժգու՜յն, ինչպես սառած մաքուր մեղրը, բայց նրան հանդիպելիս՝ շիկնում էր, այնքան շիկնում, որ ահա, կարծես, պետք է վառվի ։ Փոքրիկ էր, լիքը, կլոր, սպիտակ ձեռներով, բայց էլի լիքը և փոսիկներով։

Մոտենում եմ, որ բռնեմ մազերից, փախչում է մեղմ ծիծաղելով։ Նրա ծիծաղր մեծ սիմֆոնիայի մի բեկորն էր կարծես։

Վազում է Քրիստինեն պարտեզի կածաններով, ինչպես եղնիկն անտառում, բարձրանում տան վերևի հարկը, բաց անում լուսամուտը, նայում ներքև ու ծիծաղում։

Քրիստինեն մի աստղ էր՝ վար ընկած երկնքից և խոշորացած։

– Վա՛ր եկուր։

– Չեմ գար, մազս կքաշես։

– Եկու՛ր, չեմ քաշեր։

Իջնում է նա պարտեզը։ Ես հեռանում եմ դեպի պարտեզի թավուտները։ Նա հետևում է ինձ։ Կանգ եմ առնում այնտեղ, ուր ոչ ոք չի կարող նշմարել մեզ, մինչև անգամ երկնքից դիտողը։

Քրիստինեն կանգ է առնում թավուտի մուգ կանաչում։ Կարծես մի անծանոթ ձեռք թավուտների մեջ մի կանթեղ վառեց և անհետացավ։

Մոտենում եմ։

Գլուխը կախում է։

Սիրտս պոկվում է, փախչում է վանդակից դուրս։ Բռնում եմ նրա մազերից։

– Քաշի՞մ։

– Քաշե՛, – շշնջում է Քրիստինեն։

– Ես քու մազերդ չեմ քաշեր, – ասում եմ և մոտեցնում եմ շրթունքներիս։

Այդ մազերի բուրումը պարտեզի բոլոր ծաղիկների բաժակներից էր հավաքել։

Երբ բռնում եմ նրա ձեռքը, աչքերը բոցավառվում են։

Էլի փախչում է։

Ո՛չ մի կանթեղ թավուտների մուգ կանաչում։ Խոշորացած և երկնքից վար ընկած աստղ, Քրիստինե՜, ես քեզ հիշում եմ։

***

Վերոնին ես տեսնում էի տարեկան մի անգամ։ Մայրս ինձ նշանել էր նրա հետ օրորոցում։ Եվ այդ պատճառ էր լինում, որ նա փախչեր ինձանից։ Փոքրիկ և բոսո՛ր աղջիկ, ես հիշում եմ քո մարգարտյա ատամները, քո ծնոտի փոսիկը, քո ձեռքը, որի նմանը ես տեսա միայն Ջիոկոնդայի կրծքի վրա, հիշում եմ քո ճակատը՝ բարձր և լայն։

Ես լսեցի, որ երկինքը խորտակվել է քո պայծառ պարտեզների վրա․․․

***

Հիշում եմ մորաքրոջս աղջկան՝ Ռեբեկային։

Մեծղի, առողջ, ժիր, շարժուն, մտացի և պոետ մի աղջիկ էր Ռեբեկան, որի կապույտ և խոշոր աչքերը միայն բավական էին, որ կարելի լիներ վերականգնել ողջ խորտակված երկինքը։

Այդ երկինքը խորտակվեց Ռեբեկայի լուսաբացի բարձր և սպիտակ շուշանների վրա։ Տարան նրան արաբական անապատները․․․ լսեցի, լսեցի ահավոր մորմոքով, որ նրա արևային ճակատի և այտերի վրա խալեր են դրոշմել․․․

Քու՜ր, խոնարհվում եմ քո զարհուրելի ճակատագրի առաջ․․․

Ընդունի՛ր քո եղբոր արցունքը․․․

Ը

Մեր փողոցը հին Արևելքի այն ճանապարհի մասնիկն էր, որ ծայր էր առնում հին Հռովմից, գալիս հասնում էր Բյուզանդիայի հին մայրաքաղաքը, ընդհատվում էր մի ակնթարթ կապույտ ծովով, ապա շարունակվում էր, օղակելով ամբողջ Փոքր Ասիան, գալիս֊անցնում էր մեր տան առջևից և գնում մինչև «աշխարհի ծայրը»՝ Բաղդադ։ Մեզ համար ամենահեռավոր վայրը Բաղդադն էր։ Բաղդադից դենը մեզ համար ուրիշ երկրներ չկային։

Մեր աշխարհից միայն մեկը գնացել էր Բաղդադ և երբ վերադարձավ՝ քաղաքի կեսը նրան դիմավորելու գնաց։

– Ի՞նչ կըսես, ծո՜, հերիֆը մինչև՜ Բաղդադ գնաց ու եկավ։

Առաջին անգամ, երբ սկսեցի Հունաստանի և Հռովմի պատմությունը սովորել՝ հելլենների դեպի Արևելք արած արշավանքները, պարսից պատերազմները, Կյուրոսը, Ալեքսանդրը, Հուլիոս Կեսարը, հռովմեական կայսրության շինած ճանապարհները, ավելի և ավելի սիրով և հպարտությամբ կապվեցի մեր փողոցին։ Կարծես զգում էի, որ պարսկական, հունական, հռովմեական զորքերն անցնում են մեր դռան առաջից։

Մի օր, երբ միջնակարգում, չեմ հիշում որ արշավանքի պատմությունն էի պատմում, հաջողեցի այդ արշավանքի ուղեգիծը բերել և անցկացնել մեր փողոցից, իմ գավառացի ուսուցիչը ժպտաց քթի տակ և չցանկացավ իմ պատմական սխալն ուղղել։

***

Մեր փողոցը միաժամանակ այն ճանապարհն է, որ միացնում էր մեր քաղաքը ուրիշ քաղաքների և գյուղերի հետ։

Տարվա բոլոր եղանակներում՝ առավոտյան, հին քաղաքից և գյուղերից մեր փողոցով էին անցնում մեր քաղաքի շուկայում խանութ ունեցողները, արհեստավորները, մշակները և երեկոյան միևնույն մարդիկ վերադառնում էին հին քաղաքն ու զանազան գյուղերը։

Այս մարդկանց մեջ կար մեկը, որ մեր քաղաքի բարձրագույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչն էր։

Այս ուսուցիչը երկու բանով տարբերվում էր ուրիշներից՝ օսլայած սպիտակ օձիք ուներ և նստում էր սպիտակ իշու վրա։

Էշն ավելի նշանավոր էր, քան ինքը։ Նա սովորություն ուներ, միայն առավոտները, մեր դռնից մի քիչ վերև աղիողորմ զռալ, որից մեր փողոցի բոլոր բնակիչները զարթնում էին և խաչակնքում։

Ով որ տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում՝ 7-ից քառորդ անց։

Իսկ նրանք, որոնք ժամացույց չունեին և էշի զռալն ավելորդ էին համարում, զայրանում էին և սկսում մրթմրթալ․

– Ինչո՞ւ չէ, ազգի փարայով էշ կհեծնա։

Մի օր մեր տանը, Նիկողոս աղայի նախագահությամբ, ժողով գումարվեց, որին մասնակցում էր նաև մաթեմատիկայի ուսուցիչը։

Երբ մաթեմատիկոսը ներս մտավ, ծառան նրա էշը տարավ պարտեզ և կապեց մի ծառի։

Ժողովի ամբողջ ընթացքում ես կանգնած էի սենյակի շեմքի մոտ և միայն սպասում էի, որ հոգաբարձության անդամներից մեկը սիկարեթը փաթաթի և ես պատրաստ լինեմ լուցկին տնկելու նրա քթին։

Ժողովի ընթացքում բուռն վեճ բացվեց մաթեմատիկոսի ռոճիկի հավելման շուրջը։ Մաթեմատիկոսը պնդում էր, որ ռոճիկի վրա անպայման հավելում պետք է լինի, իսկ հոգաբարձությունը միահամուռ դեմ էր։

Մաթեմատիկոսը գյուղում էր ապրում և մերժում էր քաղաքում բնակվել, բայց գյուղում բնակվելով և ամեն օր քաղաք գալով՝ անձնական ծախսերն ավելանում էին։

Վերջապես, հոգաբարձության անդամներից մեկը, որի բեղերն ականջներից անցնում էին և խառնվում գլխի ետևի մազերի հետ, խռպոտ ձայնով ասաց․

– Պարոն վարժապետ, էշը հերիք չէ՞։

Մաթեմատիկոսը չպատասխանած, էշը պարտեզից սկսեց այնպես զռալ, որ տան պարտեզի կողմի լուսամուտների ապակիները շխկշխկացին։

Մաթեմատիկոսը դարձավ երկար բեղերով հոգաբարձուին․

– Հը՞, ստացա՞ր պատասխանը, – ասաց։

Երկար բեղերով հոգաբարձուն շփոթվեց և անմիջապես վրա տվեց․

– Եթե թվաբանության մեջ ալ էշին օգնության կդիմես, խոսք չունինք։ Այս վեճը պարզեց այն. որ մաթեմատիկոսի էշը տրված էր հոգաբարձության կողմից։ Դա կազմում էր պայմանագրի մի մասը, և դրա համար էր, որ էշի զռալուց չօգտվողներն ասում էին․ – «Ինչու՞ չէ, ազգի փարայովը էշ կհեծնա»։

***

Այդ ժողովից մի քանի օր հետո էր, նույն այդ ժողովի ամբարտավան նախագահը՝ Նիկողոս աղան, զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց ամբողջ քաղաքում։

Մեր քաղաքում միայն մեկ հատ անառակ կին կար՝ Մարիցան։

Ասում էին, որ նրանից առաջ էլ եղել էր մի ուրիշը, նրա անունն էլ Մարիցա։

Այնպես որ շատերն անառակ կնոջ փոխարեն Մարիցա էին ասում․․․

Օրինակի համար՝ մեկը հարցնում էր․

– Ո՞ւր տեղաց։

Մյուսր պատասխանում էր մի աչքը փակելով․

– Մարիցայի մոտեն։

Մարից ան – նրան մատով էին ցույց տալիս փղոցների անկյուններից, լուսամուտներից, կտուրներից։

Մատով էին ցույց տալիս, բայց չէին խոսում հետը՝ ամոթ էր։

Մինչև անգամ գիշերները նրա հետ անցկացնող աղաները, շան նման նրա ոտները լիզողները, եթե փողոցում պատահեին, սուտ չտեսնել էին ձևացնում։ Մարիցայի տան երկու հարևանները նրա տան կողմի լուսամուտները փակել էին, մինչև որ այդ «Սոդոմ֊Գոմորը» հեռանար մի ուրիշ տուն, ուրիշ քաղաք կամ մի ուրիշ աշխարհ։

Բաղնիս ում նրան տեսնողները փսփսում էին․

– Մսերը տես, ատոր համար է, որ բոլորը վրեն կվազեն։

Նրան չէին քսվում, միգուցե վարակվին նրա անառակությունից։

Մարիցան բաղնիսում ձեռքը թասին չէր տանում, նստում էր աթոռի վրա, մի պառավ կին, անառաղությաս դպրոցի նախկին աշակերտուհի, որը, իր կարգին, մաշել էր մի սեռունդ, լողացնում էր նրան՝ երիտասարդ հերոսուհուն, տեսակ֊տեսակ հոտավետ յուղեր էր քսում, հոտավետ ջրեր ցանում, տանում դուրս, առանձին սենյակում չորացնում, հագցնում։

Փողոցում Մարիցան քայլում էր դանդաղ, կապույտ զոնտիկով, սպասուհին ետևից, գլխի վրա աղավնու բացված թևերի նման մի սանր, կոնքերը արվեստականորեն գցում էր աջ և մեկ ձախ, աչքի պոչով նայում տղամարդկանց, թեթև ժպտում և շարունակում ճանապարհը։

Եկեղեցի երբեք չէր մտել, չէին թույլ տա, որ մտնի, միայն երբեմն քաղաքի երիտասարդ առաջնորդը կանչում էր նրան իր մոտ, որպեսզի «աստծո խոսքը հաղորդի» նրան։

***

Մի օր փողոցի վերևից մի աղմուկ լսվեց, անորոշ աղմուկ, բայց համառորեն մոտենում էր ու մեծանում։ Բոլորը դուրս թափվեցին, կանայք լցվեցին լուսամուտները, երեխաներր թռան կտուրները։

Վերևից գալիս էր, ավելի ճիշտ՝ խուժում էր երեխաների մի ստվար բազմություն։

Այդ բազմությունը հալածում էր մի մարդու՝ հոգաբարձության նախագահ Նիկողոս աղային։

Երեխաներն աղաղակում էին․

– Մարիցայի մոտ էր գացե՜ր․․․

– Էհե՜յ, էհե՜յ, Մարիցայի տունեն դուրս ելավ․․․

Նիկողոս աղան գետնից քար էր վերցնում, նետում բազմության։ Երեխաները ցրվում էին, ինչպես թռչունների մի երամ, բայց էլի հավաքվում և ճչում ավելի բարձր*․

– Հոգաբարձության նախագահը Մարիցայի մո՜տ․․․

Երեխաների բազմության խառնվեցին և հասակավորներ։

Նիկողոս աղան պատասխանում էր․

– Սու՛տ են, սու՛տ են։

Եվ ահաբեկ, ամոթածեծ նա վազում էր, սարսափով լցված և խուզարկու աչքերով հառում էր դռներին։

Նա որոնում էր մի որևիցե բաց դուռ, որպեսզի ներս մտնի և ազատվի ամոթի անգութ ճանկերից։

Բայց բոլորն էլ փակում էին դռները, քաշվում ներս՝ մեղսակից չլինելու համար այն հանցանքին, որ բոլոր մարդիկ, բոլոր ժամանակներում գործել էին։

Երբ Նիկողոս աղան հասավ մեր դուռը, մեր տան կանայք իջեցրին լուսամուտների վարագույրները, դուռն արդեն փակ էր։

Ես կտուրից տեսա Նիկողոս աղային բավականին մոտից․ քրտինքը ողողել էր նրան, գլխից շոգի էր բարձրանում, վզի երակներն ուռած, բեղի վրա խլինք, շրթունքները պրկված, ա՜հ, նրա աչքերը՝ սարսափը ցցվել էր նրա աչքերում դանակի նման։

– Բոլոր գիշերը Մարիցայի մոտ էր, – աղաղակում էին ոմանք։

– Հոգաբարձության նախագա՜հը, – աղաղակում էին ուրիշները։

Հայրս նստած էր թախտի վրա։ Երբեք չմոտեցավ լուսամուտին։ Քաշում էր ծխախոտը և շշնջում․

– Անպիտաննե՛ր, կարծես ուրիշ գործ չունին։

Նիկողոս աղան հասավ բազարի մեծ հրապարակը և կորավ բազմության մեջ։

Ամբոխը ցրվեց բավարարված և հանգստացած։

Այդ դեպքից հետո Նիկողոս աղային ոչ ոք չտեսավ քաղաքի փողոցներում, խանութը մնաց փակ։

Ասում էին, որ տանն էլ ո՛չ ոքի չի ընդունում, քաշվել է մի առանձին սենյակ, ծխում է, քայլում անընդհատ, գլուխն օրորում, ինքնիրեն խոսում, հայհոյում։

Վեց ամիս հետո լուր տարածվեց, որ Նիկողոս աղան լցրել է իր ընտանիքը մի կառքում և գիշերով հեռացել է քաղաքից՝ վերջին անգամ թքելով քաղաքի հողի վրա, կոշիկների փոշին թափ տալով։

Թե ու՞ր գնաց Նիկողոս աղան, ի՞նչ եղավ՝ ո՛չ ոք չիմացավ։

***

Գարուն է։ Մեր վւողոցում ծաղկում են նշենիները, խնձորենիները, տանձենիները, սալորենիները և ակացիաներր։ Հեռուն՝ Մաստառի գագաթին, դեռևս ձյունը համառում է, դիմադրում է անէանալու վտանգի մեջ եղող որևէ տարերքի նման, բայց արևը հաղթանակում է ծաղկավառ, կանաչափառ դաշտում։

Երբ առավոտյան գյուղական սայլերը մտնում են քաղաքը, անցնում են մեր փողոցով, եզների կոտոշներր զարդարված են նոր ծաղկած նշենիների սպիտակ մեծ ճյուղերով․ իրենց ծաղկած վիճակում ինչքա՜ն նման են ձյունի տակ մնացած ճյուղերին։

Սայլապանների գդակների չորս բոլորքը շարված են անպայման խնձորենու վարդագույն ծաղիկներ, որպեսզի գույնով տարբերվեն նշենու սպիտակ ծաղիկից։

Սայլերի ճռճռոցը սկսվում էր շատ կանուխ, գարնանային մթնշաղի այն կախարդական ժամերին, երբ քունն այնքան էր քաղցրանում, որ դառնում էր անդիմադրելի։

Սայլերի ճռճռոցը օրորում էր մեզ, մենք վարժ էինք այդ երաժշտության, նրանք հեռվից գրկում էին մեզ, խորացնում մեզ մեր արշալույսի թեթև, խուսափուկ և երերուն երազում։

Սայլերի ճռճռոցը տևում էր շատ երկար։

Զարթնում էինք, սկսվում էր աշխատանքի օրը և շարունակվում եռանդուն կերպով մինչև կեսօր։

Դանդաղ, միօրինակ այդ ճռճռոցը կարելի էր նմանեցնել ամեն մի նվագի, ուրախ կամ տխուր, նայած ունկնդրի ներքին տրամադրություններին։ Երբ տանն ինձ կշտամբում էին, այնպես կշտամբում, որ սիրտս փլչում էր, ուզում էի լաց լինել, այդ ճռճռոցը թվում էր, որ ինձ հետ ողբում է լալագին, սայլերի ամեն մի անիվն արձագանքում էր իմ հոգու թախիծին։

Սայլերի ճռճռոցի հետ լսվում էին նաև դարբինների մուրճերի հարվածները՝ երբեմն արագ֊արագ, երբեմն ընդհատ֊ընդհատ։

Մեր փողոցում շատ էին դարբինները։ Սիրում էի ես կանգնել նրանց կրպակների առաջ և դիտել նրանց օջախի կրակը, որ գնալով կատաղում էր փքսի քամուց, ես կարծում էի, որ կրակը կատաղում է, որովհետև ջղայնացնում են նրան։

Դարբինը երբ դուրս էր բերում կարմրած երկաթը, այն ժամանակ իմ ոգևորությունը հասնում էր իր գագաթնակետին։ Դարբինը, մրոտած դեմքով, կոշտացած, սևացած և այրված ձեռքերով առնում էր ծանր մուրճը և ընկնում շիկացած երկաթի վրա՝ համառությունը կոտրելու համար։

Իմ միակ ցանկությունն էր կարողանալ մի երկաթի ուզած ձևը տալ։

Տանը, երբ չէի կարողանում մի քիչ հաստ երկաթաթելը ծռել, միտս բերում էի մեր հարևան դարբինը, որ կարողանում էր ամենախոշոր և ամենակոպիտ երկաթին տալ իր ցանկացած ձևը։

Նա հերոս էր իմ աչքին։

Ամեն անգամ, որ ինձ հարց էին տալիս, թե «ի՞նչ ես ուզում դառնալ», ես անվերապահ և ոգևորված պատասխանում էի՝ «դարբին»։

Դրանից ավելի հերոսական արհեստ ես չէի երևակայում։

Ինձ դուր էր գալիս դարբինների դեմքը, մանավանդ նրանց աչքերը, երբ կրակից կարմրում էին, մրից դեմքերը սևանում, աչքերն ավելի էին կարմրում, հենց օջախի կրակի նման վառվում։

Ես նայում էի մերթ կրակին և մերթ աչքերին։

Գնում կանգնում էի կռանին շատ մոտ, որպեսզի շիկացած երկաթից թռչող ասուպներն իմ շորերն էլ այրեն, և ես էլ նմանվեմ դարբնի։

Ես հավատացած էի, որ մարդ միայն դարբին պետք է լինի, որ աշխատանքը վերջացնելուց հետո ախորժակով ուտի։

Առհասարակ դարբիններն ուտում էին չոր հաց՝ սոխով։

Գալիս էի տուն, վերցնում էի հաց ու սոխ, ուտում, բայց չկար այն ախորժակը, դրա համար ես հավատացած էի, որ պետք է անպայման դարբին լինել։

Փորձեցի տանը օջախ և փքոց շինել, չկարողացա։

***

Երբ հիմա հիշում եմ մեր փողոցը, ամենից ավելի իմ աչքի առաջ պատկերանում են իմ մանկության ընկերները՝ շները։ Իմ ամբողջ մանկությունն անցել է նրանց անձնվեր մտերմության հետ։

Շան ոհմակն իմ բանակս էր։

Մինչև հիմա էլ, երբ մեկը մի շան քացով է տալիս, սիրտս մղկտում է, ես հիշում եմ իմ մանկության ընկերներին։ Նրանց մեջ մեկը չկար, որի վրա իմ կնիքը չլիներ։ Նախ և առաջ բոլորի պոչերը կտրել էի, երբ նրանք տակավին կախ էին ընկնում իրենց մոր ծծերից։ Կտրում էի նրանց պոչերը, այդպես նրանք ավելի գողտրիկ և գրավիչ էին դառնում իմ աչքին։ Չէի սիրում պոչերը, ուզում էի, որ նրանք անպոչ դառնան, նախքան էվոլյուցիայի օրենքի լրումը։

Նրանք սիրում էին ինձ, և այդ սերը նման չէր մարդկային սիրո։

Անվերապահ էր, անաչառ անհիշաչար, անվարձ, առանց որևէ ակնկալության։ նրանք չէին հիշում մի րոպե առաջ արած իմ մարդկային չարությունը։

Զարնում էի, ցավից վնգստում էին միայն մի ակնթարթ, ապա նորից գալիս, քսվում էին, լիզում էին իմ ոտները, այն ոտները, որ խփել էին նրանց։

Այդպես է իսկական սերը՝ շնային։

Ես անցնում էի հռովմեական հինավուրց ճանապարհից՝ շներով շրջապատված։ Նրանք հավաքվում էին իմ շուրջը, մի քանիսն ինձանից առաջ (նրանց ես չէի ընտրել, ընտրված էին իրենցից) մի քանիսը քայլում էին ինձ հավասար, իսկ ջախջախիչ մեծամասնությունը՝ իմ ետևից։

Ես գիտեի նրանց բոլորի անունը (առանց ազգանունի, ինչպես մեծ մարդիկ՝ Նապոլեոն, Ալեքսանդր), գիտեի նրանց ծննդական թվականները, մինչև անգամ նրանց սերնդաբանոթյունը, ճանաչում էի ամեն մեկի հորը, պապին, ապուպապին, բայց իրենք, իբրև շներ, մոռանում էին իրենց ծնողներին, եղբայրներին, մոռանում էին մանավանդ քույրերին, որովհետև կռվում էրն իրար հետ, կծում էին իրար, հոշոտում և հուսկ ապա սիրաբանում ու սերնդագործում։

Ալոն մոռացավ իր քրոջը, նրանից լակոտներ ունեցավ, լակոտներն իրենց հերթին մոռացան իրար և շարունակեցին սերունդը։ Նրանք իմանում էին, թե երբ եմ դուրս գալու դպրոցից, շարվում էին դռան առաջ, ճանապարհ էին գցում ինձ մինչև տունը։

Ներս եմ մտնում, ցրվում են։

Դուրս եմ գալիս՝ շարվել են ուրախ աչքերով, բարեկամական ամեն տեսակ ժպիտներով։

Հիշում եմ նրանց և հասկանում եմ իսկական սերը։

***

Մեր պարտեզի երկար կտզամախիի վրա արագիլը կառուցել էր իր բույնը, այնպես ուղիղ և երկար, ինչպես մարմարյա մինարեները իսլամական մզկիթների բակերում։

***

Մինչև այդ արագիլը չվերադառնար հարավից՝ մորս համար դեռ գարունը չէր եկել, և ոչ մեկին թույլ չէր տալիս, որ ձմեռային հագուստները փոխեն։ Իսկ երբ արագիլը գալիս էր. և եթե մինչև անգամ մայրս տեսած չլիներ և միայն մենք տեսած լինեինք, վազում էինք տուն, հանում վերարկուները, շպրտում և դուրս վազում։ Մայրս վերադառնում էր տուն և սկսում հարցուփորձը․

– Ինչո՞ւ եք հաներ ձմեռվա սակոները14։

– Լագլագը եկեր է․․․

– Ի՜նչ կըսե․․․

Եվ մայրս էլ բարձրանում էր կտուրը, որպեսզի տեսնի արագիլը։ Արագիլը կափկափում էր կաղամախիի բարձրից, և, չգիտեմ ինչու, մայրս խաչակնքում էր։

Մեր պարտեզի ծառի վրա արագիլի բույն շինելը մայրս համարում էր բախտավորություն։ Պարտեզի մյուս ծառերի վրա գտնվող ուրիշ թռչունների հետ մենք իրավունք ունեինք խաղեր խաղալու, մինչև անգամ բույներն ավերելու, բայց չէինք համարձակվի որևէ բան անել արագիլին։ Ամենաշատը կարելի էր քար նետել. – այնքան բարձր էր նրա գահը, որ ոչ ոք չէր կարող հասնել։ Մագլցել կաղամախիի վրա՝ անկարելի էր, վախեցնել նրան՝ նույն պես ավելորդ էր, կարևորություն չէր տա, միայն քար կարող էինք նետել, և այն էլ արգելված էր մորս կողմից։

Մի տարի չէր եկել, մեր տանը մահ էր պատահել։ Իհարկե, զուգադիպել էր արագիլի բացակայությունը մահվան, բայց մայրս հավատում էր դրան, ինչպես հաստատված մի օրենքի։ Եվ պատահեց, որ մի տարի ևս չերևաց արագիլը։

Մայրս գնալով տխրեց։

– Մահը տի գա, – ասում էր և խորը թախծում։

Տան բոլոր անդամներին նայում էր գորովանքով, միգուցե ամեն մեկին նայելիս՝ մտածում էր, որ նրան կարող է գալ մահը։

Ուզում էինք վւարատել նրա կասկածը։

– Բոշ բանի մի հավատար, մայրիկ։

– Տարին չի թամամած՝ մահը տի գա, – հայտարարում էր նա խորագույն հավատով։

Եվ տարին չվերջացած՝ մահը եկավ, և մահվան հետ միասին, ձեռք֊ձեռքի տված, ճանապարհ ընկավ հայրս, մեկնեց և է՛լ չվերադարձավ։

Մայրս լաց էր լինում և ասում․

– Ես գիտեի, լագլագը չեկավ․․․

***

Արևածագից մինչև արևամար մեր ընդարձակ ագարակում աշխատում էին մշակները։

Ամառ և ձմեռ մեզ համար ժամանակն ու ժամացույցն ունեին իրենց խստագույն օրինաչափությունը, արևը երբ ուզում էր ծագել և երբ ուզում էր մարել, մենք զարթնում, նախաճաշում էին որոշ ժամին, աշխատանքի գնում, վերադառնում, ուտում և քնում որոշ ժամին, բայց մշակները դատապարտված էին արևի չար քմահաճույքին – նրանց հետ բոլոր պայմանները կապվում էին արևի օրենքի համաձայն՝ արևածագից մինչև արևմար։

Եվ արևը չար էր նրանց համար, և արևն այրում էր նրանց մարմինը։

Արևածագից մինչև արևմար նրանց բահերը զրնգում էին հողի մեջ, և երբ դուրս էին քաշում, փայլում էին արևի տակ ծովի գույնով։

Կեսօրին նստում էին «ճաշի» ագարակի ամենաթևավոր ծառի տակ, ուտում էին սոխ ու հաց, երբեմն մի խաշած գետնախնձոր և շատ հազվադեպորեն՝ խաշած մի ձու, և երբ չոր հացը համառում էր գլորվել կոկորդից ներքև, երկարում էին և պառկելով կրծքի վրա՝ խմում էին առվի սառը ջրից ու կախ ընկած ցնցոտու մի կտորով սրբում ջրի մեջ թաթախված բեղը։

Երեկոյան, վերջալույսին, երբ արդեն ծառերի ստվերներն այնքան էին երկարած լինում, որ խառնվում էին արդեն գետնից բարձրացող մութի թևերի հետ, նրանք թողնում էին բահերը և իրենց հացի տոպրակներն առած՝ քայլում էին դեպի տուն։

Հոգնությունը նրանց դեմքի, ձեռքերի, բաց կրծքերի և բոբիկ ոտների վրա այնպես էր երևում, կարծես հոգնությունը ներկ լիներ քսած նրանց մարմնի վրա։

Հոգնությու՜ն․․․

Ամբողջ աշխարհը խնդությամբ ողջունում էր նոր ծագող արևը, բայց մշակներն ավելի խորը խնդությամբ, քան ամբողջ աշխարհը, ողջունում էին վերջալույսը, ողջունում էին նրանք մռայլաթև մութը արևային խնդությամբ, որովհետև մութը բերում էր նրանց տառապանքի թեթևացում, հանգիստ, անսահմանորեն խո՜րը հանգիստ։

Եվ երբ ես տեսնում էի նրանց բահերը պատն ի վեր տնկված՝ ինձ թվում էր, որ բահերն էլ հոգնել են և քնում են։ Պատահում էր երբեմն, որ բահերից մեկը կամ երկուսը թողնված էին լինում հողի մեջ – հենց խրած և էլ չքաշած – ինձ թվում էր, որ այդ բահերը դեռևս շարունակում են աշխատանքը՝ հոգնած և ուժասպառ։

Այնքան բարի մայրս չէր մտածում նրանց մասին․ այն կինը, որ ամեն կիրակի աղքատներ էր բերում տուն և նրանց հետ ճաշի նստում, մի քանի ընտանիքների դրամական օգնություն էր անում, լաց էր լինում, լաց էր լինում, երբ տեսնում էր քաղցածներ, բայց գտնում էր, որ մշակները պետք է աշխատանքը սկսեն արևածագին և վերջացնեն արևմարին։

Նրանց հոգնածությունը նշմարվում էր և նրանց կռնակներից՝ առանց բեռի, բայց կարծես ահավոր բեռան տակ կքած էին, հոգնածությունը մանավանդ երևում էր նրանց աչքերի մեջ և ձեռների վրա։

Շաբաթ երեկոները նրանք գալիս էին տուն, շարվում պատն ի վեր, որպեսզի նրանց հաշիվները տեսնեին, վճարեին աշխատավարձը և ճամփու դնեին։

Նրանք շնորհակալություն էին հայտնում և գնում։

14.վերարկուները

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
150 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772468236
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin PDF
Ortalama puan 5, 2 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 4, 6 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin, ses formatı mevcut
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 5, 1 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Ses
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 4,7, 3 oylamaya göre