Kitabı oku: «Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր», sayfa 13

Yazı tipi:

10

Ակոբը ոչ մի լուր չուներ Լիլոյի և Արայի հարաբերությունների մասին։ Նրա հետ շատ քչերն էին խոսում և կապ պահում։ Իսկ Ակոբն էլ միայն զբաղված էր աղավնիներով։ Նա բարեկամ էր միայն աղավնիներին և մանուկներին։ Բայց կինը գիտեր Լիլոյի սիրո մասին և պարտականություն համարեց ասել ամուսնուն, չթաքցնել նրանից, վերջապես հայրն էր, իրավունք ուներ իմանալու։

– Լիլոյիս բախտը վարդի պես բացվավ, աստված էրեսը նայեցավ, – վերջացրեց մայրն իր պատմությունը։

– Աղջի՛, սուտ կխոսաս, հա՜, – հարեց Ակոբն ուրախությունից։

– Լիլոյիս թաղեմ, – երդվեց մայրը։

– Փա՜ռք քըզի, աստվա՜ծ, ճերմակ աղվընկաս պահապան եղիր, – վերջացրեց Ակոբը։

Ծնողները որոշեցին այնպես ցույց տալ Լիլոյին, որ հայրը ոչինչ չգիտե այդ մասին։ Լիլոն ամաչում էր հորից, բայց մորը պատմում էր Արայի բոլոր ասածները, բոլոր խոստումները։

– Մայրի՛կ, Արան կըսե քի՝ աշխարհը մեկ կողմ, դուն մեկ կողմ, – ասում էր Լիլոն։

Իսկ մայրը լաց էր լինում ուրախությունից և պատասխանում․

– Երկար ու կանաչ արև ըլլի:

Եվ մայրը կես֊գիշերին զարթնեցնում էր աղջկան.

– Լիլո՛, աղջի՛, ելի՛ր, տղան բաղչան է։

Լիլոն վեր էր թռչում և վազում պարտեզ քնաթաթախ աչքերով, իսկ մայրը սրտատրոփ սպասում էր պարտեզի դռան հետև, մինչև աղջիկը վերադառնար, պառկեցներ անկողնում, ծածկեր վրան, համբուրեր և մի աղոթք մրմնջելուց հետո գնար և մտներ Ակոբի ծոցը։

Մի գիշեր Արան մի մատանի դրեց Լիլոյի մատը։ Լիլոն համբուրեց մատանին և շշնջաց.

– Ստամբոլ երթանք, դնիմ մատս։

– Ինչո՞ւ հիմա չես դներ, – հարցրեց Արան։

– Հայրս կտեսնա, աղեկ չէ, – պատասխանեց Լիլոն։

Մատանիի նվերից հետո Լիլոն երեք օր նստեց տանը, սեխի կուտ փռճեց, հետո աղով բովեց և սպիտակ տոպրակի մեջ լցրաձ՝ տարավ գիշերը բաղչան, տվեց Արային.

– Ուրիշ բան չունիմ. – շշնջաց Լիլոն ամաչկոտ։

Արան համբուրեց նրան և միասին կերան ու խոսեցին։

Մի օր էլ Լիլոն մորը խնդրեց, որ մի աղավնի մորթի, կարմրեցնի, որպեսզի, երբ Արան գա, նրան հյուրասիրի.

– Հայրդ իմանա, մեզի կկախե, – պատասխանեց մայրը, բայց և մտքում որոշեց ասել Ակոբին, թերևս զիջի և կատարված լինի Լիլոյի ցանկությունը։

Ակոբն անմիջապես ընդառաջ գնաց.

– Իմ բյուդուն աղվընիկներս Լիլոյիս ղուրբան կենիմ։

Լիլոն կարմրած աղավնին փաթաթեց սպիտակ լավաշի մեջ, մայրը տվեց նրան իր սնդուկի մի անկյունում հնուց պահված մի մետաքսյա թաշկինակ։ Լիլոն ծրարեց աղավնին ու լավաշն այդ թաշկինակի մեջ, և երբ Արան եկավ պարտեզ, բաց արավ և հյուրասիրեց նրան աղավնու թանկագին մսով։

11

Այսպես Լիլոն ապրում էր իր կյանքի երջանիկ օրերը։ Նրա հետ միասին և նրա ծնողները, տեսնելով իրենց աղջկա բախտավորությունը։

Երջանկության այդ օրերին Լիլոյին տանջում էր մի բան. բոլորը, բոլորը հորն անպատվելու համար հայհոյում էին իրեն, հայհոյում էին ամենալկտի կերպով։

Երբ աղվընիկ խաղցնողն ամուրի էր, իրեն էին հայհոյում, երբ կին ուներ, կնոջն էին հայհոյում, իսկ երբ աղջիկ ուներ՝ աղջկան։

Երբ Լիլոն դեռևս փոքրիկ մանուկ էր, հայհոյողները կնոջն էին հայհոյում.

– Վա՛յ, ես քու կնկանդ…

Բայց երբ Լիլոն մեծացավ, մազերը հասան մինչև կրունկները, լցվեցին կրծքերը, թշերն ու շրթունքները նռան նման կարմրեցին, բոլորն էլ մոռացան կնոջն ու սկսեցին հայհոյել աղջկան.

– Վա՛յ, ես քու աղջկանդ…

Հաջի Թումաս աղայի որդու դեպքն առիթ դարձավ, որ հայհոյանքներն ավելի սաստկանան, ստանան ավելի թանձրացյալ գույն, ավելի գռեհիկ, ավելի լկտի, ավելի պատկերավոր։

Լիլոյի խեղճ մայրն ավելի ընկավ ամուսնու հետևից։ Մոր համար անլուծելի պրոբլեմ էր հասած աղջիկը տանը։

– Ա՛յ մարդ, քիչ մը մտմտա՛, մեղք է աղջիկս։ Աստված, երթայի Ստամբոլ, մուրայի ու ապրեի։

Իհարկե աղջկան ուզողներ կային, բայց բոլորն էլ աղվընիկ խաղցնողներ էին, իսկ Լիլոյի ծնողները երդվել էին, որ նրան աղվընիկ խաղցնողի չտան։

Լիլոն դպրոցը կիսատ էր թողել, որովհետև դպրոցի ուսուցիչներն անգամ նրան արհամարհում էին իբրև աղվընիկ խաղցնողի աղջկա։ Երբ դասը մի քիչ վատ իմանար՝ անմիջապես բարկանում էին ուսուցիչները․

– Հը՞, հարըդ աղվընիկ կխաղցնե՞։

Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել քաղաքի բերանը։

– Ես ըլ բյուդունի կնիկներն ու աղջիկները… – փոխադարձ հայհոյում էր Ակոբը և իրեն մխիթարում։

Բայց հետագայում Ակոբն ինքն էլ զգաց, որ դա ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը, միտք արավ և գտավ ճարը – մորուք թողեց, որպեսզի հայհոյողները մոռանային աղջկան և իր մորուքին հայհոյեին։

Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը և շարունակեց հետապնդել ամուսնուն՝ մտածելու աղջկա բախտի մասին, աղջկա պատվի մասին, իսկ Ակոբը պատասխանեց.

– Շատ մի՛ վռվռա, իշտե մորուք թողեցի։

Իհարկե, դա էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային աղջկան, նրանք շարունակեցին հայհոյել նրան, երբ տեսնում էին Ակոբին կտուրի վրա։

– Վա՛յ, ես քու աղջկանդ…

Ակոբը երբ իջնում էր կտուրից և տեսնում աղջկան աղի արցունքներ թափելիս, հարցնում էր․

– Լիլո՛ս, ճերմակ աղվընի՛կս, ինչո՞ւ կուլաս։

– Նորեն քֆրեցին։

Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։

Ակոբը առանձին սիրով էր սիրում աղջկան։ Այն օրից, երբ կնոջից լսեց նրա բախտավորությունը, ապրում էր երջանկության մեջ։ Աղջկա պսակից հետո, մտածում էր նա, չկար ոչ մի արգելք իր կյանքի ճանապարհին, նա կարող պիտի լիներ ֆեսը ծռել ու ման գալ, էլ աղջիկ չուներ, որին հայհոյեին, էլ աղջիկ չուներ, որի տանը մնալը տանջանք պատճառեր, կարող էր ամբողջովին նվիրվել աղավնիներին…

Օրերով նա խանութը բաց չէր անում, որպեսզի իրեն չպատմեին Լիլոյի շուրջը պտտած բամբասանքը, որպեսզի կատարված իրողության առաջ չգտնվեր։ Այդ լուրն ուրիշներից լսելուց հետո ի՞նչ էր պարտավոր անել նա. օտար տղան մտնում էր իր պարտեզը, գրկում էր իր աղջկան և համբուրում։ Ի՞նչ էր պարտավոր անել տղամարդ ծնողը, մի՞թե նա պետք է տաներ այդ ահավոր անպատվությունը։ Տղամարդ ծնողի համար միայն մի ելք կար. դուրս քաշել պապենական հին դանակը և շողացնել հարազատ աղջկա վզի վրա։ Ակոբը սարսափում էր այդ հեռապատկերից, գիշերները կոշմարներ էր ապրում, վեր էր ցատկում անկողնից, ման էր գալիս տանը, մթնում, մի անկյունում նստած, ծխում էր ու հառաչում։

Բայց մինչև ե՞րբ խանութը փակ պահեր, հարկավոր էր ապրել։ Որոշեց կարևորություն չտալ և հաջորդ օրն իսկ գնալ խանութ։ Բայց եթե հանկարծ լսեր քաղաքի բամբասանքը, հենց առավոտյան մեկը տնկվեր դեմը և պատմեր։ Ո՛չ, նա խանութը չի բանա։

Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը Լիլոյի սիրույն և հինգ կարմիր ոսկով ծախեց իր լավագույն ճինս աղավնիներից մի զույգ։ Այդ զույգ աղավնիները նրա ամբողջ սիրտն էին, բայց որովհետև նրանցից ձագեր էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։

Ակոբը, երբ ոսկին առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները և հանձնեց գնողին, նրա աչքերից արցունքի կաթիլներ կաթեցին աղավնիների փետուրների վրա։

Աղավնիների վաճառքից հետո Ակոբը մտավ տուն տխուր և աչքերը կարմրած։ Լիլոն մոտեցավ, գրկեց նրան։

– Լիլո՛ս, աղվընի՛կս, քըզի համար բյութուն աղվընիկներս ղուրբան կենիմ։

Լիլոն զգաց հոր խորունկ սերը և նրան թվաց, որ թափած արցունքն ավելի թանկագին է, քան այն մատանիի ադամանդը, որ Արան էր նվիրել իրեն։

– Հայրի՛կ, – շշնջաց Լիլոն, – քու ոտքդ վլամ (լվամ), ջուրը խմիմ։

– Աղվընի՜կս․․․ ճերմա՜կ աղվընի՛կս․․․

Նրանք փաթաթվեցին իրար։

Ակոբն էլ բաց չարավ խանութը, հինգ ոսկին բավական էր մեկ տարի ապրելու համար։

12

Հաջի Թումաս աղան որոնեց Արայի աչքին Լիլոյին վարկաբեկելու բոլոր միջոցները, երբ որդին գրոշի արժեք չտվեց Լիլոյի հոր աղվընիկ խաղցնելու հանգամանքին։

– Կերթամ Ստամբոլ, վո՞վ կգիտնա, – վճռականապես հայտարարեց Արան։

Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց Արայի պառավ մորաքրոջը, իր քենուն, նրան տվեց մի քուրք և պատվիրեց հայտնել մի կերպ Արային, որ տեսել է բաղնիսում Լիլոյին, փորի ու մեջքի վրա ամբողջ վերք։

Արայի մորաքույրը, չար մի պառավ, չեչոտ երեսի համար ամուրի մնացած, ամբողջ կյանքում ոչ մի տղամարդ ոչ մի րոպեով չէր սեղմել նրան իր կրծքին, կրկնապատկեց իր ատելությունը դեպի ջահել և սիրուն կանայք ու, գնալով Արայի մոտ, սկսեց.

– Արա՛, հոգուդ ղուրբան, ինծի լսե, աղվընիկ խաղցնողին աղջիկը բաղնիսին մեջ չըպչըպլախ տեսա։

– Տեսա՛ր, տեսա՛ր, – արհամարհանքով և զզվանքով շպրտեց Արան և երեսը շուռ տվեց։

– Քա՜, ինծի՛ լսե, կըսիմ փորի ու մեջքի վրա յարա կար, ասքան, – շարունակեց չար պառավը՝ երկու ձեռքերի ափերն իրար միացնելով։

Պառավը տեսավ, որ ասածն ազդեց, երիտասարդ տղան ցնցվեց ահավոր հայտնությունից և գլուխը կախեց։

– Աչքովդ տեսա՞ր, – հարցրեց ի վերջո։

– Աս աչքերովս, – ստեց պառավը։

Այդ իրիկուն իսկ Արան, Լիլոյին գրկելիս, տարօրինակ կերպով ձեռքը տարավ նրա փորին և ուժգին սեղմեց մեջքը։ Լիլոն իրեն վերք ունեցողի նման չպահեց, բայց նրան տարօրինակ թվացին Արայի այդ իրիկվա ձևերը։

– Ըսե, ի՞նչ կա, ի՞նչ ես լսել։

Արան հայտնեց անկեղծորեն լսածը, որից պարզվեց Լիլոյի համար, թե ինչո՞ւ սեղմեց մեջքը և ձեռքը տարավ վարին, մի բան, որ երբեք նա չէր փորձել դրանից առաջ։

Լիլոն չպատասխանեց, աչքերը տխուր հառեց Արայի վրա և սիրտը փլվեց, սկսեց հեկեկալ և, փախչելով Արայի գրկից, մտավ տուն։

Մայրը նրան սպասում էր քնաթաթախ աչքերով, պարտեզի դռան հետևում, աղորիքի քարի վրա նստած։ Լիլոն ընկավ նրա գիրկը, արցունքների մեջ խեղդված։ Խեղճ մայրը պատճառը հարցրեց, բայց Լիլոն ոչինչ չկարողացավ ասել, բուռն արցունքները խեղդեցին նրա կոկորդը։ Մայրը վազեց դուրս։ Արան դեռևս կանգնած էր ծառի տակը, մտամոլոր և տխուր։

– Աչքիս լույսը, Լիլոյին ինչո՞ւ ես լացուցեր։

Արան պատմեց եղելությունը և ավելացրեց.

– Ես չեմ հավտար, բայց Լիլոն չըսավ, թե սուտ կսեն։

Լիլոյի մայրը բռնեց Արայի ձեռքը հարազատ մոր նման, համբուրեց նրան և խաչ հանելով՝ շշնջաց.

– Օղո՛ւլ, էդպես բան չկա, լուսնկայի պես մարմին ունի, աչքս քոռնա, որ սուտ ըսեմ, թե չես հավտար՝ պսակի երթալեն առաջ չպլխցնիմ, տե՛ս։

Արան գրկեց Լիլոյի մորը և ողողեց նրան համբույրներով։ Միասին առաջացան դեպի պարտեզի դուռը։ Մայրը մտավ ներս և դուրս բերեց Լիլոյին։ Լիլոն փաթաթվեց Արային։

– Շուտով քեզ տանիմ Ստամբոլ, խալըսինք էս կրակեն։

– Հա, օղո՛ւլ, հա՛, տար, – շշնջաց մայրը։

Բայց Հաջի Թումաս աղան սրանով չվերջացրեց իր ինտրիգները։ Նա մեկին ուղարկեց Արայի մոտ՝ թե ինքը աչքով տեսել է, որ Լիլոն փոքր եղած ժամանակ ընկել է փողոցում, մի ուրիշին ուղարկեց այն մտքով, թե Լիլոյի քեռին գժվել է ու մեռել, աղջիկը կարող է ժառանգած լինել այդ հիվանդությունը, մի երրորդին՝ թե Լիլոն բարակ ցավ (թոքախտ) ունի, վերջապես հազար ու մի միջոցներով ճգնեց տան «նամուսը» փրկել, պատճառ եղավ, որ որդին օրերով տանջվի, խեղճ անմեղ աղջիկը բոլոր մարդկանց բերաններում ծամոն դառնա։

Այդ բոլորն անցան անօգուտ, որովհետև Արան եկավ ի վերջո վճռական եզրակացության․

«Ինչ կուզե ըլլի, իմ խաբուլս է», – պատասխանեց բոլոր բամբասանքներին։

Հաջի Թումաս աղային էլ հրահրում էին, հանգիստ չէին տալիս բոլոր ազգականները, հարևանները, ծանոթները։ Ով տեսներ Հաջի Թումաս աղային՝ պարտականություն էր համարում մի բան ասել.

– Եգու տես, որ նամուսդ սոխախն (փողոցը) է նետեր տղադ։

– Հա՛, չիգար բարով, – պատասխանում էր հայրը։

Հաջի Թումաս աղայի պատիվը վերջնականապես դրված էր խարույկի վրա, հանկարծ նա կարող էր կորցնել ընտանեկան համբավը՝ խնամի դառնալով աղվընիկ խաղցնող Ակոբին։

– Ես ընծի կկախիմ, – հայտարարում էր Հաջի Թումաս աղան, – ասկե ետքը ապրելը հարամ է։

– Տե՛ս, հեչ մեկս հարսնիքի չենք գար, հա՜, – սպառնում էին բարեկամներն ու ազգականները։

Եվ ատելությունը գնալով խորանում էր։

Երբ մայրը հայտնեց Արային, որ ոչ ոք, ոչ մի «շնորհով մարդ» հարսանիքի ներկա չի լինի, խայտառակություն է, որդին պատասխանեց մորը․

– Չոբաններ ու համալներ կկանչիմ, շուներ կհրավիրիմ, շուներ, հասկցա՞ր։

Մայրը հուսահատվեց և սկսեց որոնել դառն իրողության հետ հաշտվելու միջոցներ։

– Թող առնե, երթա Ստամբոլ, մենք ըլ հողը մտնենք, – ասաց նա Հաջի Թումասին։

– Կնի՛կ, թամամ սարսաղցեր ես, մտնամ հողը, շատ աղեկ, հողին տակը հանգիստ կըլլի՞մ – հարց տվեց Հաջի Թումասը։

Բամբասանքը բոցավառվում էր քաղաքում, այրում էր Հաջի Թումաս աղայի գերդաստանի պատիվը։

13

Մի օր էլ, հուսահատված բոլոր միջոցներից՝ Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց աղվընիկ խաղցնող Ակոբին։ Ակոբն ուզում էր չգնալ, կինն աղաչեց որ գնա։

– Զահար հարսնիքի համար կանչեր է, – ասաց կինը։

– Հավը երազի մեջ կորեկ կտեսնա, – հեգնեց Ակոբը։

Իհարկե, այս խոսքերից հետո նա զգում էր, որ մի լավ բանի համար չէր կանչում իրեն։ Հաջի Թումաս աղան, երկար տարիներ դրացի լինելով հանդերձ՝ պատվին չէր ձգել մի օր բարևելու։ Այնուամենայնիվ, պիտի գնար։

Ակոբը միտքը դրեց համբերատար լինել, իրեն չկորցնել, թերևս Լիլոյի համար մի բարի բան դուրս գար այդ բոլորից, թերևս, ո՞վ է իմանում, այդ գոռոզ մարդը խոնարհվել էր, խորտակվել էին նրա հպարտության աշտարակները։

– Աղջի՛, մեյ մը երթամ, աչքին դպնամ, տեսնեմ ի՞նչ կըսե, – հայտարարեց Ակոբը ու գնաց։

Ակոբը թեև որոշեց գնալ, բայց քայլերն առաջ չէին գնում, լավ բան չէր գուշակում։

– Ակո՛բ, – սկսեց հարուստ Հաջի Թումասը գոռոզ տոնով, – քիչ մը աղջիկդ պահե, ամո՛թ է։

Ակոբը չհամբերեց, հարուստի գոռոզությունը զայրացրեց նրան։ Մինչև անգամ ամբարտավան հարուստը աթոռ չառաջարկեց նրան, և այլևս սուտ չիմանալու ժամանակն անցել էր, բերանը բաց արավ.

– Իմ աղջիկս բոզ չէ, որ ամչնամ, դուն քու ճերմակ մազերեդ ամչցիր։

– Դուն իմ այերի (դիրքի) մարդ չես, որ հետդ խնամություն էնիմ, էս մեկը հասկցիր։

– Շիտակ ես, Հաջի աղա, դու ինձմե շատ ցած ես, – պատասխանեց Ակոբը և դառն ծիծաղեց։

– Ամո՛թ է, վերջ տուր էս խայտառակությանը, – հայտարարեց Հաջի Թումասը՝ ցանկանալով կարճ կապել։

Բայց Ակոբը չլռեց։

– Մեծ տղադ Սամսոնեն բոզ բերեց, որու՞ կկլլեցնես, բոլոր արաբաջիները[5] գիտեն, բերանս բանալ մի՛ տար, փա՜ռք աստծո, աղջիկս սուրբ է, անոր վյուջուդը[6] էրիկ մարդ դահա չի տեսեր։

Մեր քաղաքից Սամսոն երթևեկող արաբաջիներն էին հայտնել այդ լուրը Ակոբին, որ Հաջի Թումաս աղայի որդու կինը Սամսոնի հանրատնից էր վերցրած։

– Է՜հ, էնքան մոտը գնացեր են՜ք… – հայտարարել էին կառապանները։

Հաջի Թումասը տեղեկություն ուներ այդ մասին, բայց քանի որ քաղաքում չէին բամբասում, լռել էր և հաշտվել իրողության հետ։ Քաղքենու համար ամեն կեղտ տանելի է, եթե այդ կեղտի մասին ոչ ոք ոչինչ չի իմանում։

Հաջի Թումասը զգաց, որ աստծո կրակը կարող է թափվել ամբողջ տան վրա, Ակոբի բերանը ոչ ոք չէր կարող փակել, ուստի նրան փող առաջարկեց, որ լռի։

– Ես քեզմե հարուստ եմ, փարադ քըզի պահե, բերանս որ չեմ բանար, Արայի ազիզ խաթեր համար է, – պատասխանեց Ակոբը և դուրս ելավ։

Ակոբը հանգիստ էր, որ ոչ մի խոսք չխնայեց ամբարտավան Հաջի Թումասին։

Լիլոյի մայրը սրտատրոփ սպասում էր Ակոբին։ Ակոբը խրճիթ մտավ տխուր։

– Ի՞նչ ըսավ։

– Հին դավուլը չալեց, կըսե քի դուն իմ այերես չես։

– Դուն ի՞նչ ըսիր։

– Քթին֊բերնին տվի, – պատասխանեց Ակոբը և սկսեց սիգարեթը փաթաթել՝ մի երգ մրմնջալով քթի տակ։

– Թարս չխոսայիր, – վախենալով հարեց կինը։

Ակոբը մի սուր նայվածք գամեց կնոջ վրա և լռեց։ Այդ նայվածքից դողահար՝ կինը քաշվեց խոհանոց և գոգնոցի ծայրով սրբեց թաց աչքերը։

Հաջի Թումաս աղան չդադարեց պայքարելուց մի անմեղ աղջկա դեմ, չէր էլ կարող դադարեցնել, որովհետև ամբողջ քաղաքը խոսակցության մի նյութ ուներ. Թումաս աղայի տղան և աղվընիկ խաղցնող Ակոբի աղջիկը։

Մի օր էլ Հաջի Թումասն իր որդուն կանչեց մոտը, երկար֊բարակ պատմություն ըրավ ու առակներ պատմեց և ի վերջ առաջարկեց նրան իսկույն ևեթ մեկնել Ստամբոլ։

– Շատ փարա կուտամ, գնա Ստամբոլ, էնտեղ կարգվիր, երեսս մի՛ տեսնար, – հայտարարեց հայրը։

Որդին ընդդիմացավ։

– Հո՛ս պիտի կարգվիմ։

Հաջի Թումաս աղան զայրացավ, լցվել էր համբերության բաժակը, ոչ մի խրատ, ոչ մի աղաչանք չօգնեց, պետք է դիմեր ծայրահեղ միջոցի։

– Դուն իմ տղաս չես, դուն իմ ժառանգը չես, – հայտարարեց անողոք հայրը։

– Մեկ փարայի կարոտ չեմ, – պատասխանեց որդին և դուրս եկավ տնից։

Այդ օրվանից Արան այլևս տուն չվերադարձավ։

14

Քաղաքում այս դեպքից հետո բամբասանքն ավելի և ավելի բոցավառվեց, հայհոյանքներն սկսեցին տեղատարափի նման թափվել Լիլոյի հասցեին։ Հաջի Թումասի սեղանից փշրանքներ կորզողները բարձրաձայն հայհոյում էին Ակոբի աղջկան, հայհոյում էին կտուրներից, փողոցից, անկյուններից, լուսամուտներից։ Լիլոն վեց ամիս էր, ինչ չէր կարողանում բաղնիս գնալ, բոլորն աչքները հառում էին նրա վրա և մինչև բաղնիս հասնելը բազմաթիվ անգամ լսում էր․

– Ես քու…

Լիլոն լսում էր ու արտասվում։

Այս բոլորն ազդեցին աղջկա ոչ միայն հոգեկան, այլև մարմնական դրության վրա, օրեցօր սկսեց մաշվել։

– Տա՛ր ընծի, ուր կուզես տար, ազատե ընծի էս կրակեն, – աղաչում էր Լիլոն Արային։

Բայց Արայի նախկին ինքնավստահությունը չէր մնացել, փող չուներ, ապրելու դժվարություններ էր քաշում, հոր երեսից ընկած տղային ո՞վ մտիկ կտար։ Տնից դուրս գալու առաջին օրերն ազգականների մոտ էր ապրում, մի օր մեկի տանը, մյուս օրը ուրիշի, բայց սրանք էլ երես դարձրին։

– Եթե աղվընիկ խաղցնողի աղջիկը չես թողուր, մեր տունը մի՛ գար, – ազդարարեցին նրանք։

Պարզ էր. դա հոր պայքարի շարունակությունն էր։

Արան ստիպված եղավ փոխադրվել բազարի կեղտոտ խանը։ Նա ման էր գալիս քաղաքում կեղտոտված զգեստներով, շապիկը սևացած, մորուքը երկարած, շատերը նրան չէին էլ բարևում։

Արան հանդիպում էր իր եղբայրներին և անցնում էր անտարբեր, առանց ցույց տալու, թե մինչև անգամ մի օր ծանոթ է եղել նրանց։ Մի անգամ նա հանդիպեց մորը և գլուխը կախ անցավ, իսկ մայրը հազիվ իրեն գցեց մի մոտիկ ծանոթի տուն, արտասուքների մեջ խեղդված։

Վերջապես մայրը լուր ուղարկեց, որ փող կտա նրան, թող վերցնի աղջկան և գնա հեռավոր երկիր, իրենց աչքից հեռու։ Այս միտքը մայրը հայտնեց և մյուս որդիներին, նրանք էլ համաձայնեցին, որ լավ կլիներ հեռանար քաղաքից։ Մայրը մարդ ուղարկեց Արային և հայտնեց այդ մտադրությունը։ Արան շատ էր խեղճացել, այլևս նախկին համառությունը չշարունակեց և համաձայնեց.

– Հա՛, թող փարա տա, երթամ։

Մի օր էլ Արան եկավ Լիլոյի մոտ թե՝

– Մայրս խոսք է տվել փարա տա, քեղ առնիմ տանիմ Ստամբոլ։

Եվ Լիլոն սպասում էր այդ խոստումի կատարման։

Իսկ Ակոբի համար կյանքը դառնում էր անտանելի։ Անցնում էին օրեր ու շաբաթներ, և նա կտուր չէր բարձրանում աղավնիները թռցնելու, միայն պատվիրում էր կնոջը՝ կտուր բարձրանալ առավոտյան, բաց անել թռչունների դռնակը և կուտ տալ։

– Մեղք են աղվընիկները, ի՞նչ սունչ ունին։

Հետզհետե օրերը կապարի ծանրություն էին ստանում, աղորիքի քարի նման չոքում վզին։ Փակված տանը՝ ծխում էր ու հառաչում։

Լիլոյի համար դառն էր տեսնել, որ իր պատճառով հայրը կորցրեց նախկին երջանկությունը։ Արայի վիճակը մի կողմից, հորը և մորը վիճակը մյուս կողմից՝ մռայլում էին Լիլոյին, մահացու հարվածներ հասցնում նրա առողջությանը։

– Աշխարհք չի գայի բարով, – ասում էր Լիլոն և լաց լինում։

Ակոբը մի քանի անգամ որոշեց ծախել աղավնիները, ոչնչացնել տուն֊տեղ, գնալ մի ուրիշ քաղաք, թերևս մի ուրիշ երկիր, որպեսզի մարդիկ մոռանային, թե ինքը եղել էր աղվընիկ խաղցնող, բայց արդեն ուշ էր, որովհետև Լիլոն պաղատում էր.

– Ընծի մի՛ մորթեր, Արան ու՞ր թողունք էրթանք։

Իսկ Արան չէր համաձայնում հեռանալ քաղաքից՝ Լիլոյի հոր անձուկ միջոցներով։

– Քիչ մ՚ալ սպասե, մայրս խոստացեր է։

Որքան որ Ակոբը որոշում էր ծախել աղավնիները և հեռանալ քաղաքից, բայց սարսափում էր այդ հեռապատկերից։ Գիշերը, կես֊քուն, կես արթուն, տեսնում էր՝ ինչպես սարսափելի դեմքով մարդիկ բարձրացան կտուրը, բաց արին աղավնիների դռնակը և տանում են, տանում։ «Չեմ տար, մի՛ տանիք», – գոռում էր քնի մեջ, վեր էր ցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում դռնակը, մտիկ տալիս աղավնիների մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։

Սկզբում, երբ Ակոբը քնի մեջ բղավում էր, Լիլոն և մայրը շատ էին վախենում, կարծում էին, որ խենթության նախանշաններ են, ահա շուտով պետք է խենթանա, ընկնի փողոցները, բայց հետզհետե վարժվեցին։

Վերջապես Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել, որովհետև նա չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ աղավնիներն ապրեին, լինեին ողջ, թռչեին, մրմնջեին և իրը չլինեին։

Մի առավոտ Ակոբը հայտնվեց կտուրի վրա։ Երկար ժամանակ էր նա կտուր չէր բարձրացել։ Բարձրանալիս Լիլոն տեսավ հորը։ Նրա դեմքը պարզապես զարհուրելի էր, ավելի զարհուրելի, քան երբ դանակը վերցնում էր և փողոց դուրս գալիս կռվի, կարծես նա չափազանց նիհարել էր և ծերացել։ Լիլոն անմիջապես վազեց մոր մոտ, չկարողանալով ոչինչ ասել, փաթաթվեց նրան և սկսեց հեկեկալ։

– Ինչո՞ւ կուլաս։

Լիլոն հազիվ կարողացավ արտասանել.

– Հայրի՛կը…

Մայրը վազեց դեպի կտուրը։

Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը, դուրս թռան աղավնիները, նրանց համերգը տարածվեց օդում, նրանցից շատերը թառեցին Ակոբի վրա, կարծես կարոտել էին։ Ակոբը լուռ կանգնեց պահ մի, հետո դարձավ հեռավոր կապույտ սարի հետևից բարձրացող արևին, հանեց ֆեսը, բռնեց աղավնիներից մեկը, քաշեց դանակը… արյունը ժայթքեց նրա կրծքի սպիտակ շապիկի վրա, բռնեց երկրորդ աղավնին, բայց ձեռքերը թուլացան, դանակն ընկավ գետնին։

Այդ ժամանակ էր, որ կինը բարձրացավ կտուրը, տեսավ արյունոտ դանակը գետնին, ամուսնու արյունոտ կուրծքը և սարսափահար նրա աչքերը։ Կինը չնշմարեց աղավնին, որ ընկած էր մի քանի քայլ հեռու, և կարծեց, որ ամուսինը դանակով վիրավորել է կուրծքը։

Կտուրի վրա բարձրացավ աղիողորմ ճիչ։ Լիլոն վազեց վեր, փաթաթվեց մեկ մորը, մեկ հորը։

Ներքևից դիտողները չիմացան, թե ինչ էր կատարվում, ոմանք կարծեցին, թե աղվընիկ խաղցնող Ակոբը կնոջն էր ծեծել։

Երբ Լիլոն հորը ցած իջեցրեց կտուրից, ներքևից մարդիկ աղջկան հայհոյեցին և անցան։

Իսկ աղվընիկ խաղցնողը, արցունքոտ աչքերով, սեղմեց իր մեկ հատիկ աղջկան աղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց.

– Լիլո՛ս, աղվընի՛կս, իմ բյութուն աղվընիկներս ոտքերիդ ղուրբան էնիմ։

Եվ սկսեց լաց լինել այդ ալեխառն գլխով մանուկը, թափելով կոպերն այրող արցունքներ։

Այս բոլորն աղետալի կերպով անդրադառնում էին Լիլոյի հոգու վրա և ի վերջո ֆիզիկականի վրա։ Նա օրեցօր տժգունում էր, աչքերի ներքևում կամարաձև կապուտցան, նիհարեց, սիրտն արագ֊արագ խփում էր։

– Սիրտս կուզե դուրս թռի, – ասում էր։

Իսկ մայրը նրան մխիթարում էր.

– Ջահելություն է, կանցնի, մի՛ մտմտա։

Լիլոն չէր կարող չմտածել։ Հոր, մոր և Արայի թշվառությունը նրա հոգում կաթեցնում էր դառնության հեղուկը։

15

Մի գիշեր Արայի մայրը որոնեց Հաջի Թումաս աղայի գրպանները և գտավ երկաթե սնդուկի բանալին, սնդուկի, որտեղ նա պահում էր իր հնչուն դրամը, մուրհակները և առևտրական բոլոր փաստաթղթերը։ Կինը դողահար, սարսափահար – հանկարծ Հաջի Թումասը զարթներ – վառեց լուցկին՝ տեսնելու, թե սնդուկի մեջ ո՞ր կույտն է ոսկիների կույտը։ Որոնեց նա իրար վրա դարսված մի շարք, լցրեց գոգնոցի գրպանը, փակեց սնդուկը, իջավ սանդուղներից, բաց արավ ածխանոցը, պահեց ոսկիները ածուխների տակ՝ հենց գոգնոցով միասին և վերադարձավ ննջարան, մտավ ամուսնու անկողինը։ Հաջի Թումաս աղան խոր քնած էր։ Ստուգելու համար, թե իսկապես ամուսինը քնա՞ծ է, թե ոչ, մի քանի անգամ ձայն տվեց.

– Հա՛ջ աղա, Հա՛ջ աղա, քա՛, Հաջ աղա, քըզի կըսիմ։

Հաջի աղան չզարթնեց։ Բայց կինը մինչև առավոտ չքնեց։ Առավոտյան նա շուտ վեր կացավ, առաջին գործը եղավ փոխել ոսկիների թաքստոցը, և դիտմամբ չզարթեցրեց ամուսնուն, որ ուշանա խանութից և վեր կենալուն պես շտապի դեպի շուկա, որովհետև երբեմն պատահում էր, որ Հաջի աղան տան բոլոր անդամներին դուրս էր հանում, բաց անում երկաթե սնդուկը, ստուգում բովանդակությունը կամ մի որևէ փաստաթուղթ վերցնում և ապա խանութ գնում։

– Աղջի՛, ինչո՞ւ չես արթնացուցեր, առուտուրս խարաբ եղավ, – ասաց Հաջի Թումասը և, առանց նախաճաշի, աճապարեց դեպի շուկա։

Արան կեսօրից հետո թակեց պարտեզի դուռը և կանչեց մորը։ Մայրը նրան համբուրեց, լաց եղավ և տվեց ոսկիները։

– Հարսնիք֊մարսնիք մ՚էներ, աղջիկը առ ու գնա՛, հայրդ ինադի է ընկեր։

Արան համբուրեց մորը մի քանի անգամ և խոր տաքություն զգաց նրա շնչից։

Մայրը լացով բաժանվեց որդուց։

Արան փողը ստանալուց հետո անմիջապես չվազեց Լիլոյի մոտ։ Նա տխուր կանգնեց պարտեզի պարսպի տակ և գլուխը կախեց։

Լիլոն հիվանդ էր։ Արան չէր կարող ոսկիներն անմիջապես օգտագործել․ ինչպե՞ս հիվանդ աղջկան վերցներ անկողնից և հեռանար քաղաքից։

Նա քայլեց, դարձավ մյուս փողոցը և կանգ առավ Լիլոյենց պարտեզի դռան առաջ, որտեղից նա մտնում էր ներս, Լիլոյին տեսնելու։

Պարտեզից, պարսպի վրայով, փողոց էր կախվել նոր ծաղկած ծիրանու մի մեծ ճյուղ, օդում անսահման թարմություն կար, գարնան վրա կապույտ երկինքն էր կախվել, և ամպերի սպիտակ շղարշներ էին սահում։

Արան նայեց վեր և օրորեց գլուխը, ձեռքը խրեց պարտեզի դռան կողքի ծակից ներս, բաց արավ դուռը և քայլեց ներս։ Պարտեզում ծաղկել էին նշենիները և ծիրանենիները, հողը փխրուն էր ու նոր տաքացած, առվի եզերքների խոտերը կանաչել էին և վառվում էին զմրուխտի նման։ Գարունը հորդում էր։

Արան, գլխիկոր, կարկատած և կեղտոտ զգեստներով, մտավ Լիլոյի տունը։ Մայրը չէր երևում, գլուխը կոխեց խոհանոցը, այնտեղ էլ չէր։ Բարձրացավ վեր, ոտների ձայնից և սանդուղների ճռնչոցից Լիլոյի մայրը ցատկեց սենյակից դուրս։

Արան ոգևորվեց։

– Մայրի՛կ, – շշնջաց նա՝ բռնելով Լիլոյի մոր ձեռքը, – փարա ունիմ, կերթանք Ստամթբոլ, բոլորս միասին կերթանք։

Մայրը չպատասխանեց և ցավագին ժպտաց։

Նրանք միասին մտան սենյակը։

Լիլոն պառկած էր բաց լուսամուտի առաջ, գարնան արևի շողերը փռվել էին առատությամբ նրա անկողնի վրա։

Արան կանգնեց Լիլոյի անկողնի առաջ, գլխարկը հանեց, նստեց անկողնու վրա և ասաց.

– Լիլո՛ս, նախշուն խուշս, փարա բերեր իմ, երթանք Ստամբոլ։

Լիլոյի մարած աչքերը բոցավառվեցին։

Արան անմիջապես ավելացրեց.

– Բոլորս միասին, հայրիկն ըլ, մայրիկն ըլ։

Լիլոն ժպտաց, թարմացավ, տժգույն շուրթերի վրա դողաց գարնան շողը։

– Աղեկնամ, երթանք, – շշնջաց նա։

Ապա դառնալով մորը՝

– Մայրի՛կ, աղեկնամ, երթանք Ստամբոլ։

Մոր արցունքները գլորվում էին այտոսկրների վրայից։

– Շատ փարա բերեր եմ, տե՛ս, – հարեց Արան և գրպանի բոլոր ոսկիները փռեց Լիլոյի անկողնի վրա։

– Հայրիկն ո՞ւր է, – հարցրեց Լիլոն։

– Գնաց աղվընիկ ծախե, հեքիմ բերե, – պատասխանեց մայրը գոգնոցի ծայրով քիթը սրբելով։

– Ես երթամ բերիմ, – հայտարարեց Արան և վազեց դուրս։

Փողոցում Արան պատահեց Հաջի Թումաս աղին, որ թիթեղի կտորներով գավազանը գետնին խփելով՝ շուկայից էր վերադառնում։ Արան հորը սուտ չտեսնել արավ։ Նա գարշում էր հորից։ Արայի՝ տնից դուրս գնալուց ի վեր՝ Հաջի Թումաս աղան առաջին անգամն էր, որ այդ փոքրիկ քաղաքում պատահում էր որդուն։ Որդու տեսքը՝ կարկատած զգեստ, կեղտոտած շապիկ և ֆես, չսափրված դեմք, ազդեց հոր վրա, հազիվ կարողացավ տուն ընկնել, ոտները ծալվում էին, սրտի վրա ինչ֊որ ծանր բան էր չոքում, կարծես մեկը խեղդում էր նրան։ Երբ ծառան դուռը բաց արավ, Հաջի Թումաս աղան ընկավ ներս և փռվեց գետնին։ Կինը վազեց, հարսները հավաքվեցին, վերցրին և փոխադրեցին սենյակ։

– Ի՞նչ ռաստ եկավ, – հարցրեց կինը, երբ Հաջի Թումաս աղան կարողացավ աչքերը բանալ։

– Արան դեմս ելավ, աղջի՛կ, խաֆաս դարձավ։

– Սիրտ չունիս, ա՛յ մարդ, – պատասխանեց մայրը և խփեց ծնկներին։

– Գնացեք, գնացեք, գերեզման փորեցեք, էրթամ պառկիմ, ռահաթ ըլլիմ։

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
260 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467888
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: