Kitabı oku: «Պատմվածքներ», sayfa 5
Գ
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:
– Ահմադը ո՞ւր գնաց, նանի – հարցրի իմ տատին:
– Իրենց տունը գնաց, – պատասխանեց տատս:
– Իրենց տունը ո՞րն է…
– Ուրիշ տեղ է:
– Ահմադը ո՞վ էր որ…
– Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…
– Բա էլ չի՞ գալու:
– Չէ՜, բալա ջան, գնա՜ց…
ԳՐԱԶԸ
1
Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր:
Մութը Ձորը բաժանում է հայերին ու թուրքերին իրարից: Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը` հայը:
Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այն խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում: Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում:
Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն – «Հավար հե՜յ…» Այդ գուժավոր ձայնը ձգվելով` տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում:
2
Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր արել Մութը Ձորի մի կողմը: Այնտեղից խրոխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին: Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին: Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում:
3
Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ: Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով:
– Էս դիմացի հայերին լա՛վ է տղերքը տակնուվրա չեն անում, – իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ:
– Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց, – պատասխանեց տանտերը:
– Դրա՞նց…
– Հա՜, դրանց: Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում, որ մենակ էն մի տղի դեմը դուրս գա:
– Փա՛ հա՛, – բացականչեց վրդոված ավազակը ու շրըխկալով վրա նստեց:
– Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը:
– Կապուտ ձին փեշքեշ:
– Ձեռքդ տուր:
Նրանք ձեռք-ձեռքի խփեցին ու գրազ եկան:
4
Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները:
Մի մթնագիշեր էր. անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար: Քնած էր հայերի բինեն: Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հեյ-հե՜յ…» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ:
Գիշերվա մի ժամանակը մի թմփթըմփոց անցավ վրանների մոտից: Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց: Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր:
– Շունը տարա՜ն, բինեն պահեցեք, հե՛յ… – գոռաց աժդահա հովիվ Չատին:
– Շունը տարա՜ն… – Ձայն տվին ամեն կողմից ու սև սարսափը կալավ բինին: Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի` «շունը տարան»:
Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար: Շներն ընկնում են նրանց ետևից: Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից: Այնուհետև խառնված, անշուն թինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են անասունները:
Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև:
Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում: Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ: Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում, և հովիվների աղաղակը, որ կանչում էին` «Տարա՜ն, տարա՜ն… Ալաբաշ հե՜յ…»:
Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին ու էլ ոչինչ չէր լսվում:
Անձրևը միալար շրըփում էր և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում:
5
Լուսադեմին տղերքը վերադարձան: Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ: Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատնի վրանը, որ հաց ուտեն:
Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը:
Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում:
Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.
«Ա տղա, նա էլ մեր կունենա՜…
Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜…
Ա տղա, կասի, տղես ետ չեկավ…
Ա տղա, ճամփա կպահի` ետ չի գնա՜լ…»
Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք: Այնինչ` հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ:
– Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր: Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին ու ամենքը մի կռան վրա փախան: Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի: Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց թե` գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում: Ոնց թե միջիցդ կես եմ անում – դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՜ռ հա կտաս…
– Ա՜յ տո՛ւր, – բացականչեցին սարվորները:
– Շրըխկալով փռվեց, – վերջացրեց Չատին իր պատմությունը:
– Հա՜, հա՜, հա՜, հա՜, – քահ-քահ խնդացին սարվորները:
6
Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել: Մի օր շները հաչեցին. դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից:
– Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա:
– Չոբան Չատնի վրանն եմ ուզում, – ասավ քուրդը: Բերին չոբան Չատնի վրանը: Չատին հաց դրեց հյուրի առաջ: Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ: Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց.
– Խեր ըլի, ընչի՞ համար է եկել քիրվա:
– Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ, – խոսեց հյուրը:
– Սպանել են, – պատասխանեց հովիվը:
– Ասում են` դու ես սպանել:
– Դրուստ է:
– Ես նրա հայրն եմ, – ասավ ծերունին: – Եկել ես, որ նրա արինը քեզ հալալ անեմ: Դու նրան ճամփին չես սպանել, իր ոչխարումը չես սպանել, իր տանը չես սպանել… Քանի անգամ ասի` ա՜յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից. ուրիշները քեզ համար չեն աշխատել… ինձ չլսեց: Երևի էդպես մահը մոտեցել էր, – ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց:
– Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում, – չորս կողմից ձայն տվին սարվորներն ու իրենք էլ լռեցին:
– Արինը քեզ հալալ, – բացականչեց ծերունին, – միայն մայրը… գիտես էլի, մայր է… չի հանգստանում… Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի:
Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց:
– Դե մնաս բարով, զավակս, – հրաժեշտ տվավ ծերունի քուրդը:
– Գնաս բարով, քիրվա՛:
ՄԱՅՐԸ
Ա
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց: Եվ էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը:
Ծիծեռնակը բուն էր շինել մեր սրահի օճորքում: Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին:
Ե՛վ գարունն էր բացվում, և՜ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ:
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը: Ձու էր ածել, ճուտ էր հանել, ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում ճուտերին:
Բ
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցումը կերակուր բերավ ճուտերի համար: Ճուտերը ճվճվալով դեղին կտուցները դուրս հանեցին բնից:
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև:
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից: Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ էր, դուրս պրծավ մեր կատուն, ճուտն առավ ու փախավ:
– Փի՜շտ, փի՜շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ: Կատուն մտավ ամբարի տակը: Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի եղավ մի բան անել:
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք, երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դունչը լիզելով:
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին: Այնտեղ լուռ վեր եկավ: Մին էլ տեսանք, հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման: Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին:
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց: Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում ոչ այս դեպքը, ոչ այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:
ԵՂՋԵՐՈԻՆ
Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը: Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալույսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի:
Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու:
Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր:
Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում: ճամփին որսից էինք խոսում:
– Որսը բախտի պես բան է, – ասում էր Օսեփը: – Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ: Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի: Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կացավ:
– Հապա դուք ի՞նչպես եք որսի ման գալի, ուստա Օսեփ:
– Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի, – պատմում էր որսկանը: – Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա` կգնա էն տեղը կպահի: Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավ – պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ:
Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին: Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել:
– Բարի րիգան, Օվակիմ բիձա:
– Այ աստծու բարին ձեզ, դուք բարով եկաք. ա՜յ տղա, էդ ինչ լավ ղոնախներ եք: Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի… էս հենց աստոծ հասցրեց ձեզ… – ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն:
– Դու էն ասա` որս ա ժաժ գալի թե չէ, 0վակիմ բիձա, – անհամբեր հարց տվավ որսկանը:
– Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա լոբին ուտում ու գնում: Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ… Պախրա մի ասիլ – մ՜ի սար ասա: Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի:
– Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի՜:
– Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել: Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինը որոտում էր:
– Հա՛յ հող ու ջրի աստոծ հա՜, – աղաղակեց որսկանը:
Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը:
– Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնում եմ, որ աշխարքի երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա:
– Ի՞նչի, Օվակիմ բիձա:
– Ինչին էլ ո՞րին ես ասում. տեսնում ես` դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա – մի պախրա կսպանենք, կուտենք: Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շունչ կենդանի ա, հրեն կես գիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. չէ` էն էլ նրա սերն ու մուրազն ա…
– Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ, – ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը:
– Չէ՜, շատ մեղք բան ա, շա՜տ, – գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.
– Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ:
– Պատմի, Օվակիմ բիձա:
– Մի տարի սարումն էի: Էկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի: Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի: ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի: Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի: Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ի՞նչի չի երևում: Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի: Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը: Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս ընկավ ու ետ գետնովը դիպավ: Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող էրեխա: Ուստա որսկաններից լսել էի, ասի` էս ա սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղից որ է հիմի ետ կգա: Մտա մի ծառի տակ ճամփա պահեցի: Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ հրես էկավ, բայց ոնց էկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք – մի խոսքով մոր նման, թվանքի ձենը իր էրեխի վրա լսած մոր նման: Էկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված: Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում… Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, էկա տուն: Էկա տուն. էկա տեսա էրեխեն դժար ա, հոգու հետ կռիվն ա տալի, տնքում ա: Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ դեռ էն թփի կողքին եմ կանգնած: Վերջապես, էրեխեն մեռավ. հիմի մերը ընկել ա վրեն – բառանչում ա… Ասում եմ, փառքդ շատ ըլի աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը – ոչինչ… ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ-ցավ…
Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միառժամանակ լուռ էինք:
– Օվակիմ բիձա, չէ որ ասում են պախրեն էլ տեր ունի, – խոսեց շալակտար Ղազարը:
– Ունի բաս, պախրեն մեծ տեր ունի:
– Ետնա էդ դրո՞ւստ բան ա:
– Դրուստ ա, բաս: Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած: Մի անգամ մի պախրա ա վիրավորում: Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը: Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը: Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա-որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում: Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի. էս սիրուն հարսը դուրս ա գալի` որսկանի դեմը ծղրտում.
– Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ: Ագա՛հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում: Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը…
Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր – գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղն ու տեղը չորանում ա:
– Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են որսկանությունը անիծած ա:
– Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են: Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ: Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց: Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի` մի վիրավորված պախրա տեսավ: Տեսավ` անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էս տեղ սազն առավ ու մի խաղ ասավ:
Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով, խարույկի առաջ երգում էր մութը ձորում.
Հե՛յ պարոններ, տեսա կանանչ գարունքին`
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին`
Էս սարերում լաց էր լինում մի պախրա:
Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկըտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա:
Աստված սիրող` որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող` որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի`
Էս սարերում լաց էր լինում մի պախրա:
***
Ամենքը քնեցին. ես մնացի զարթուն: Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում:
Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել: Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին:
Ու անքուն էի ես:
Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը: Պարզ աշնանային գիշեր էր: Չոր ցուրտը սեղմում էր: Ձորերը խուլ թշշում էին: Նրանք էլ ասես քնել էին, Օվակիմ բիձու նման փշշացնում էին խոր ու հանգիստ:
Բայց Քարվան-ղռան աստղը արդեն դուրս էր եկել. մեր ճամփա ընկնելու ժամանակն էր: Ես վեր կացրի իմ ընկերներին: Նրանք շտապով հագան իրենց տրեխները ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը…
***
Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնատի կիրճում: Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը: Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը:
Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ: Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից: Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել: Ապա երևաց Եղջերուն-Լուսաստղը: Վեր կացավ վաղորդյան զեփյուռը: Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին: Անտառն սկսեց զարթնել: Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը` մյուս թփից, մեկն էլ հեռվից…
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից ու զմայլած դիտում էի շուրջս-բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը:
Հանկարծ մի ձայն… չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում: Նայում եմ էն կողմը: Անտառը տակավին մութն է: Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի– խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ… Բան չի երևում, բայց դարձյալ խը՜շտ, խը՜շտ, խը՜շտ, մոտենում է ավելի ու ավելի… Եվ, ահա, դուրս եկավ…
Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ: Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը: Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը:
Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում:
Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս… Շարժվեցի թե չէ, նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը. վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը: Հրացանի ձայնից անտառը որոտաց ու սկսեց ճռճռալ: Էն եղջերուն էր փախչում:
– Հա՛յ քո տունը չքանդվի, – ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի ո՛ր կողմից կերևա փախած որսը: Առավոտը բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանաչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը:
Վիրավորված էր եղջերուն: Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու:
– Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա` մերն է, – հայտնեց որսկան Օսեփը:
***
Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում: Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ վրա: Ես տեսա` ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շըշկլած, անորոշ հայացքով: Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճղփալով ընկավ իր արյան մեջ մի ծանր, անզոր թառանչով:
Որսկանը վրա վազեց… Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի… Նա բռնեց եղջերուի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը… Ես կրկին ուզեցի մեջ մտնեմ… դարձյալ սիրտ չարի… Եվ ահա դաշույնը փայլատակեց:
Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում: Ետևից մի խուլ տնքոց լսեցի… ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը…
ՆԵՍՈՅԻ ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ
Կիրակոսը մրսել էր, անկողին էր ընկել, տանջվում էր տաքության մեջ: Հարևանները հիվանդի շուրջը հավաքված օդեն լիքը զրույց էին անում, չիբուխ քաշում:
– Տղե՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, էկեք սրան մի քարաբաղնիս անենք, – ծխի միջից առաջարկեց Նեսո բիձեն:
– Հա, էդ խելքս կտրեց, – հավանություն տվեց մի ուրիշը:
– Դրան էլ ուրիշ ճար չկա, – ձեն տվին էս ու էն կողմից:
– Կիրակո՜ս…
– Հը՛՛:
– Ասում ենք քարաբաղնիս անենք, ի՞նչ ես ասում:
– Վախենում եմ… չդիմանամ…
– Տո՛, կդիմանաս, էրեխա հո չե՛ս:
– Դե… դուք գիտեք… ձեզ… մատաղ:
– Ա՛ղջի, պղինձը ջուր լցրեք բերեք. մի փեշ էլ քար բերեք կրակն ածենք տաքանան:
Պղինձը դրին կրակին, քարերն ածին կրակի մեջ ու նստոտեցին: Նեսո բիձեն սկսեց պատմել, թե քանի հոգի են ազատվել քարաբաղնիսով. Մատնանց Դանելը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկավորանց Միկոն–մինչև որ ջուրն եփ էկավ, քարերն էլ կարմրեցին:
– Դե ժամանակն ա, վե՛ր կացեք:
– Տղե՛ք, վախում եմ… – կանչեց հիվանդը:
– Դու սո՛ւս կաց: Աղջի, մի երկու հաստ լեհեբ բերեք, մի չորս ու հինգ ուժով տղեք էլ էկեք էստեղ:
Շորերով փաթաթած եռման ջրով լիքը պղինձն ու հիվանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մեջ. քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին ու չորս կողմից վրեն պինդ նստոտեցին:
– Վա՛յ, խեղդվեցի՛, – խուլ գոռում էր հիվանդը:
– Խեղդվիլ չես… տղեք, պինդ նստեցեք: Գլուխն ու ոտները ամուր պահեցեք:
Հիվանդը աղաղակում էր, օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրեն նստած չէին թողնում:
– Ո՞ւր ես գնում, – կանչում էին էս ու էն կողմից, վերևից սեղմում ու հռհռում:
– Հիմի թե չքրտնի՜:
Ու Նեսո բիձեն, հիվանդի վրեն նստած, չիբուխը բերանին շարունակում էր իր պատմությունը:
– Մի տարի էս մեր Աբգարն էլ էսպես մրսել էր: Ղանթափա ծաղիկ բերին չայ շինեցին խմացրին, պրաշոկ բերին, ջուր արին, տվին իրան, քացախ քսեցին, բան չի դառավ:
Ասի` տղեք, բերեք ես դրան մի քարաբաղնիս անեմ: Թե` դե դու գիտես: Բերի մի թեժ կրակ արի, Գարան տատի պռունգը կոտրած պղինձը ջուր լցրի վրեն դրի, քար հավաքեցի ածի շեղջը: Ջուրն եփ էկավ, քարը կարմրեց: Սա թե` վախում եմ: Ախր նա էլ սրա նման մի լեղապատառ օքմին ա:
– Ադա, ընչի՞ ես ասում, Աբգարը հո սրտոտ մարդ ա:
– Վա՜յ է՛, նրա սրտոտը որն ա: Մի աշունք ես մի արջի բուն գտա: Էկա ասի` Աբգար, արջի բուն եմ գտել, արի գնանք արջին բնիցը հանենք: Գնացինք: Ես մի ձող վեր կալա էս արջի բունը խըրխըթորեցի: Մին էլ հանկարծ էն անտեր արջը դուրս եկավ ու ինձ կալավ: Աբգար, քոմագ հա քոմագ: Ո՞վ կտա Աբգար – մին էլ տեսնեմ հրեն փախած գնում ա: Արջի ձեռիցը մի կերպով պրծա էկա տուն: Ասում եմ, ադա, դու էս ի՞նչ արիր: Թե` էկա տուն, որ թվանք բերեմ: Սուտ: Վախիցը փախավ:
– Էն էի ասում – հիմի սա կանգնել ա, թե Նեսո ջան, վախենում եմ, ինձ քարաբաղնիս մի՛ անիլ:
Ականջ չի դրինք, բերինք կեծացած քարերն եփման ջուրը լցրինք ու հենց էնպես բուղը վեր ըլելով սրա հետ կոխեցինք տեղի տակը. – վա՜յ, մեռա հա, մեռա: Լսողն ո՞վ ա: Վրեն նստոտեցինք: Ես եմ, էս մեր Ղուկասն ա, Փիլոն ա, Գաբոն ա, Արաթն ա: Հիմի սա տակից գոռում ա, ո՜նց ա գոռում… Էնքան գոռաց, մինչև դինջացավ բաց արինք, տեսանք ջուր ա կտրել: Էն էր ու էն, լավացավ, տեղիցը վեր կանգնեց ողջ, առողջ մարդ:
Նեսո բիձու պատմությունը որ վերջացավ, վեր կացան վերմակները ետ քաշեցին: Գոլորշին օդեն բռնեց: Բայց Կիրակոսը…
– Կի՜րակոս:
Ժաժ չի գալի:
– Կի՜րակոս…
Պատասխան չի տալի:
– Կիրակո՛ս – ձեն տվին, շարժեցին, քաշքշեցին: Կիրակոս չկա:
– Ա՛յ տղա, էս ո՞նց էլավ, – մոլորված արտասանեց Նեսոն: Մյուսները լուռ էին:
– Վա՜յ, տունս քանդվե՛ց… – Ծղրտաց Կիրակոսի կինը: Իրար հրհրելով տղեքը դուրս էկան կտուրը: Ու մինչդեռ ներքև Կիրակոսի կինը սուգ էր անում, կտերը արևում նստոտած տղեքը պատմում էին, թե քանի-քանի հոգի են խեղդվել քարաբաղնիսից Հանըսանց Հարոնը, Մելիքանց Վանեսը, Հախվերդոնց Աղեն, Շիմալանց Շամիրը… ո՞ր մինն ասես:
– Տո՛ դե ճակատի գիր ա էլի, հո նրանց էլ Նեսոն չի խեղդել:
Նեսոն լուռ, գլուխը կախ արած լսում էր ու չիբուխ էր քաշում:
ՔԵՌԻ ԽԵՉԱՆԸ
– Բարի լիս ձեզ:
– Ա՜, բա՜րով, բա՜րով, քեռի Խեչան: Աղջի, չայ բերեք, հաց բերեք, արաղ բերեք քեռի Խեչանի համար: Է՜, խեր ըլի, քեռի Խեչան, ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, որ դու քաղաք ես եկել:
– Ինչ պետք է պատահի. ձեր կարոտն էինք քաշում: Ասի` մեռնիլ կա, ապրիլ կա, մի գնանք տեսնենք:
– Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, քեռի Խեչան:
Քեռի Խեչանը դեսից-դենից խոսելով թեյ խմեց, հաց կերավ, վերջը լռեց ու սկսեց չիբուխ քաշել:
Մին էլ չիբուխը բերնից հանեց թե`
– Բա էս ո՞նց պըտի ըլի:
– Ինչը, քեռի Խեչան:
– Էս, որ էրեխին սալդաթ են տանում:
– Չգիտեմ… ես ի՞նչ կարող եմ անել…
– Էլ ինչը ո՞րն ա, հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում:
– Դե ասա, ինչ որ կարող եմ անել, – պատրաստ եմ:
– Ասում եմ` գնանք մի մետրիկեն հանենք. տեսնենք ինչ ենք անում:
– Լա՜վ, համեցեք գնանք:
Գնացինք կոնսիստոր:
Դիվանապահին խնդրեցի` քեռի Խեչանի ցույց տված թվականի մետրիկական մատյանները հանեց, ման եկանք, քրքրեցինք, քեռի Խեչանի տղեն չկա:
– Էդ ոնց ա, ախպեր:
– Դե չկա էլի, քեռի Խեչան:
– Հլա մի քանի տարի էլ ցած մտիկ արեք, կարելի՜ ա սխալվել ենք:
Նոր մատյաններ բերինք, ման եկանք, նրանց մեջ էլ չկա:
– Մենք սխալվել ենք.. անպատճառ սխալվել ենք էլի, – կրկին խոսեց քեռի Խեչանը: Էրեխեն իմ հաշվով մեծ պետք է ըլի: Մթամ պետք է ասեի բարձր մտիկ արեք, ցած եմ ասել:
– Լավ, քեռի Խեչան, բարձր էլ մտիկ կանենք:
Նոր մատյաններ բերինք, նորից ման եկանք: Դարձյալ չկա:
– Չկա, քահանեն գրել չի:
– Բա էս ո՞նց պըտի ըլի:
– Դե որ չկա` ի՞նչ անենք… Գնանք, քեռի Խեչան:
– Գնալով ո՞նց կըլի… հրեն քեռեկինդ նստած լաց ա ըլում:
– Դե ինչ անենք, որ չկա:
Դուրս եկանք: Մի հիսուն քայլ գնացինք, քեռի Խեչանը կանգնեց:
– Կա՛ց հլա:
– Ի՞նչ կա, քեռի Խեչան:
– Մըթամ էս ո՜ւր եկանք, ուր ենք գնում:
– Մեր տունն ենք գնում, էլի:
– Ետո էդ էլավ որ…
– Բա ի՞նչ անենք:
– Ախր էնտեղից էստեղ քու անունը տվել եմ եկել, հիմի որ գնամ` ի՞նչ խաբար տանեմ:
– Դե ի՛նչ անեմ, քեռի Խեչան, մատյաններն էն էին, էնքան տարի տեսանք, տակնուվրա արինք – չկա:
– Ո՞նց թե չկա. էն ոնց ա ամենի տղեն էլ կա, հենց իմը չկա…
– Դե որ էդպես է, ի՛նչ անենք:
Քեռի Խեչանը մինչև տուն բան չխոսեց:
– Հը՞, ինչ արիք, – հարցրեց կինս:
– Դեռ հալա տեսնենք, – պատասխանեց քեռի Խեչանը:
– Էլ ի՞նչ տեսնենք, մատյանումը գրած չէ, վերջացավ գնաց, – մեջ մտա ես:
Քեռի Խեչանը տնքաց:
– Վերջացավ, վերջացավ, ես էլ ինչ ճամփով եկել եմ, էն ճամփովն էլ ետ կերթամ մեր տունը, – վճռեց ու վշտացած նստեց, սկսեց չիբխին զոռ տալ:
Ճաշի ժամանակն եկավ: Լուռ նստած ճաշում էինք. հանկարծ քեռի Խեչանը ճաշն ընդհատեց ու ինձ դիմեց.
– Բաս ես որ հիմի գնամ` քեռեկնկանդ ի՞նչ ասեմ:
– Ընչի՞ համար:
– Էս մետրիկականի:
– Վա՜հ, չկա, չկա, քեռի Խեչան. տերտերը գրել չի, չկա:
– Է՛, դե ասում ես, է՛լի:
– Ի՞նչպես թե ասում ես, էլի. քեզ ասում են – չկա:
Քեռի Խեչանը դարձյալ տնքաց ու չիբուխը սարքեց:
Ճաշից հետո մտա իմ առանձնասենյակը, որ հանգստանամ: Մտածում էի, թե ինչ տեսակ մարդիկ են մեր գյուղացիք…
Մին էլ տեսնեմ ներս մտավ քեռի Խեչանը:
– Քնո՞ւմ ես:
– Հա՛:
– Բա էս քնելու ժամանակ ա՞:
– Բա՛ ինչ անեմ, քեռի Խեչան:
– Ախր ես եկա էստեղ մնացի, բա ի՞նչ ես անում:
– Ի՞նչ անեմ, քեռի Խեչան:
– Էս մետրիկի համար բա ի՞նչ ես ասում:
– Վա՜հ, զարմանալի մարդ ես, ա՜յ մարդ, քեզ հայերեն ասում են` չկա՛, չկա՜, քեռի Խեչան:
– Դե լավ, լավ, էլ ինչ ես նեղանում, չկա, ես էլ կգնամ մեր տունը: Մնաք բարով, – ու քրթմնջալով դուրս գնաց:
– Գնաս բարով. դե ինչ անեմ, որ չկա:
Վեր կացա, տեսնեմ քեռի Խեչանը պատշգամբում նստած չիբուխ է քաշում: Գլխարկս վերցրի, որ տանիցը դուրս գամ:
– Էդ ո՞ւր ես գնում, – ետևիցս կանչեց քեռի Խեչանը, – բա ի՞նչ ես ասում…
– Բան չեմ ասում:
– Գնո՞ւմ ես…
– Հա՛:
– Էլ մետրիկեն չես տեսնի՞լ…
– Չէ՛, չեմ կարող:
Էս պատմությունից հետո քեռի Խեչանը գնացել էր գյուղումը պատմել, թե իր տեղը նեղ էր, եկել էր քաղաք` ինձ խնդրել, որ օգնեմ, իսկ ես ասել էի` չեմ կարող, ու ոչ նրա խոսքին էին ականջ դրել, ոչ երեսին էին մտիկ արել: