Kitabı oku: «Նոր մարդ», sayfa 2

Yazı tipi:

Երբ փայլուն կոշիկները հագին, մազերն անգլիական ձևով գագաթի մեջտեղից ուղիղ գծով բաժանած, խնամքով սափրած երեսին հազիվ նկատելի կերպով հոտավետ փոշի ցանած, անցնում էր սեղանատնից գլուխը բարձր ու մեջքը շամփուրի պես շիփ-շիտակ, Դունյան ինքնաեռն արդեն դուրս էր տարել տաքացնելու և դեռ լացակում աչքերով զբաղված էր սեղանը կարգի դնելով:

– Կեցցե՛ս, Դունյա, իմ խելոք աղջիկ, ա՛յ հիմա հասկանում եմ, – ասաց նա մի րոպե կանգ առնելով և դիտելով շուրջը: – Միայն շուտ և, որ պատրաստ լինի, եկ ինձ իմաց տուր:

Ու շարունակեց քայլերը դեպի առանձնասենյակ: Քայլում էր թեթև, սահուն, առանց մարմնի ծանրություն զգալու:

3

Առանձնասենյակում նրա դեմ ելավ Վիկտորիա Պավլովնան ամբողջովին սևազգեստ: Դեմքից ետ էր քաշել սև գլխարկին պատած թանձր սև շղարշը, որի ծայրերը հասնում էին համարյա մինչև գետին: Մի անգամ նրա բազմաթիվ երկրպագուներից մեկը, որին ինքը մյուսներից ավելի նախապատվություն էր տալիս, նկատել էր նրան. «Վիկտորիա Պավլովնա, թեև դուք մի քիչ ի չարն եք գործ դնում ձեր ամուսնու հիշատակը, բայց այդ հագուստի մեջ ավելի ևս գեղեցիկ եք»: Եվ այդ օրվանից նա չէր ուզում բաժանվել իր սգո հագուստից:

Խանբեգյանը թույլ չտվավ, որ նա մոտենա իրեն, ինքը համարյա թե վազեց դեպի նա և, առանց խոնարհվելու առնելով նրա կարճ սև ձեռնոցի մեջ սեղմված ձեռքը, մոտեցրեց շրթունքներին:

– Որ գիտենաք, Վիկտորիա Պավլովնա, թե ինչու ձեզ այսքան սպասեցնել տվի, անշուշտ կներեք ինձ, – ասաց նա ժպտալով: – Ես մի թեթև անախորժություն ունեցա աղախնիս հետ: Երևակայեցեք… Ինչո՞ւ չեք նստում: Խնդրեմ… Երևակայեցեք, այսօր մի քիչ ուշ վեր կացա, որովհետև գիշերը շատ ուշ տուն եկա, – ժամը համարյա 2-ն էր, որ ժողովը վերջացավ, – մտնում եմ սեղանատուն, որ թեյ խմեմ, տեսնեմ ինքնաեռը սառը՝ ինչպես կարկուտ: Ի՞նչ ծածկեմ մեղքս, ինքս ինձ չկարողացա զսպել և… Չէ, ավելի լավ է՝ չպատմեմ: Արածս լավ բան չէր, – ավելացրել նա ծանր և լրջորեն:

– Դուք այնպես բղավում էիք, – նկատեց Վիկտորիա Պավլովնան ժպտալով:

Խանբեգյանը թավ հոնքերը բարձրացրեց, դեմքին ծայր աստիճանի տարակուսանքի արտահայտություն տված:

– Վիկտորիա Պավլովնա, – ասաց նա, – կարո՞ղ եք երևակայել, որ ես մինչև այժմ էլ զարմացած եմ մնացել: թե որտեղի՞ց դուրս եկավ այդ ձայնը: Ես հիմա հասկանում եմ, թե ինչպես մարդիկ, շատ օրինավոր մարդիկ, երբեմն մարդ են սպանում: Ծայր աստիճան հուզման րոպեին նրանք անշուշտ, դուրս են գալիս նորմալ դրությունից, կորցնում են հոգեկան հավասարակշռությունը և չեն հասկանում իրենց արածը: Մի րոպե, երբեմն մի վայրկյան, և ոճիրն արդյոք կատարված է: Այո, մարդ արարածի մեջ, որքան էլ նա քաղաքակրթված և գիտակից լինի, Վիկտորիա Պավլովնա, դեռևս նստած է նախապատմական գազանը: Ես այդ փորձեցի ինձ վրա: Բայց մյուս կողմից, ասեմ ձեզ, թանկագին Վիկտորիա Պավլովնա, – ավելացրեց Խանբեգյանը մտերմորեն, նստելով նրա դիմաց, – ես մեղավոր չեմ. կնոջս մահից հետո այնպիսի դրություն է տիրում մեր տանը, որ ասել չեմ կարող: Ուզեմ-չուզեմ – պիտի ջղայնանամ: Առանց այն էլ մեր գործարանում տիրող դրությունը՝ բանվորների պահանջները, գործադուլի սպառնալիքը, մյուս կողմից մեր բանկում երևան հանված վատնումը բոլորովին քայքայել են ջղերս:

– Մի՞թե վատնում է եղել, – հարցրեց Վիկտորիա Պավլովնան հետաքրքրված: – Եվ ո՞րքանի:

– Առայժմ մոտ հինգ հազար ռուբլու: Ռևիզիան դեռ շարունակվում է:

– Հայտնի՞ են վատնիչները:

– Կասկած կա մի քանիսի վրա:

– Կարելի՞ է իմանալ` ո՛ւմ:

– Ո՛չ, թանկագին Վիկտորիա Պավլովնա, ներեցեք: Այսքանը միայն կարող եմ ասել, որ եթե իմանաք, որ եթե իմանաք, թե ո՛ւմ վրա է գլխավորապես կասկածը, ապշած կմնաք: Ձեր հանգուցյալ ամուսինը… ա՛յ մարդ: Նրա օրով մի կոպեկ, մի կոպեկն ի՞նչ է, մի հատ կոպեկ անգամ չի կորել, իսկ ինչ նա չկա…

Խանբեգյանը չվերջացրեց, որովհետև Վիկտորիա Պավլովնան ռեդիկուլից շտապով հանեց թաշկինակը և սեղմեց աչքերին:

Խանբեգյանը լռեց, դիտելով նրա սպիտակ, անբիծ, ողորկ արմունկները, որոնք բաց էին համարյա թե մինչև ուսերը, հետո, ձեռքով կամացուկ շոշափելով նրա ծունկը, ասաց.

– Ներեցեք, թանկագին Վիկտորիա Պավլովնա, որ նորոգեցի ձեր վիշտը ի՞նչ արած, պիտի համբերեք: Ես ինքս էլ ձեր օրին եմ, – ավելացրեց նա թեթև հառաչանքով:

Կարճ ժամանակ անհարմար լռություն տիրեց, որի ժամանակ Վիկտորիա Պավլովնան սպիտակ, նուրբ բատիստի թաշկինակը չէր հեռացնում աչքերից, իսկ Խանբեգյանը շարունակում էր դիտել նրա արմունկներն այն էրոտիկ հայացքով, որ տղամարդն ակամա դրսևորում է կնոջ մարմնի բաց տեղերը տեսնելիս: Այդ գեղեցիկ, ջահել, շքեղակազմ կինը երբեք այնպես ցանկալի չէր թվացել նրան, ինչպես այդ րոպեին, և նա շարունակում էր մտքումը: «Այժմ կամ երբեք, այժմ կամ երբեք»:

Ու այն միջոցին, երբ նա մտածում էր, թե ի՛նչպես և ի՛նչ խոսքերով պիտի անի իր առաջարկությունը, աղախինը մտավ և հայտնեց, թե թեյը պատրաստ է:

Խանբեգյանը շտապով վեր կացավ:

– Վիկտորիա Պավլովնա, չէի՞ք կամենա ինձ հետ մի բաժակ թեյ անուշ անել:

Վիկտորիա Պավլովնան թաշկինակի ծայրով սրբեց աչքերը, որոնց մեջ արտասուքի հետք անգամ չէր երևում, թաշկինակը նորից պահեց ռեդիկուլի մեջ և նույնպես վեր կացավ:

– Ոչ, շնորհակա՛լ եմ, – ասաց նա, – ես արդեն խմել եմ: Ես ձեզ մոտ եկել եմ իսկապես մի խնդիրքով:

– Խնդիրքո՞վ, – վրա բերեց Խանբեգյանը ժպտալով: – Ես մինիստր չեմ և խնդիրներ չեմ ընդունում: Ես ձեզանից միայն հրամաններ կարող եմ ընդունել, – ավելացրեց նա ծիծաղելով: – Համեցեք, համեցեք գնանք, այնտեղ դուք կարող եք հայտնել ինձ ձեր հրամանը:

Եվ Խանբեգյանը, ոչ մի առարկություն չընդունող քնքուշ համառությամբ բռնելով Վիկտորիա Պավլովնայի թհից, առաջնորդեց նրան դեպի սեղանատուն:

Սեղանատանն ամեն ինչ կարգի էր բերված: Արծաթե ինքնաեռն ուրախ քլթքլթում էր սեղանի ծայրին: Կաթնամանից նոր եռացրած կաթը հանդարտ գոլորշի էր արձակում: Գարնանային արևի շողերը ոսկի թեք սյուներ էին պտտեցնում բաց պատուհանների վերևից մինչև հատակը: Ու որքան մռայլ էր Խանբեգյանի հոգին աղախնի հետ ունեցած միջադեպի ժամանակ, այնքան ուրախ ու զվարթ էր այժմ այդ լուսավոր, շողշողուն սենյակում, ցանկալի կնոջ ներկայությամբ, և նա զգում էր, թե մի տասը-քսան տարով ջահելացել է ինքը: Միշտ լուրջ, միշտ զգաստ, միշտ ծանրախոհ նրա դեմքն այժմ շարունակ ժպտում էր մի տեսակ երանությամբ, որպես թե այլևս ոչ մի կասկած չուներ, որ իր բաղձանքը պիտի կատարվի հենց այժմ, հենց այդ րոպեին: «Այո՛, այժմ կամ երբե՛ք… Եվ ա՛յժմ, ա՛յժմ միայն», – հաստատապես վճռեց նա:

– Գիտե՞ք ինչ կա, Վիկտորիա Պավլովնա, – ասաց նա մի տեսակ իր հասակին ոչ վայել չարաճճի տոնով, – ձեր հրամանը լսելուց առաջ ես կկամենայի, որ դուք հանեիք ձեր այդ գլխարկն ու ձեռնոցները և մի-մի բաժակ լցնեիք:

Վիկտորիա Պավլովնան ժպտաց, հանեց գլխարկն ու ձեռնոցները և նստեց ինքնաեռի մոտ: Խանբեգյանը նստեց նրա դիմաց և սկսեց ախորժակով ուտել: Կույսը պատուհաններից ընկնում էր Վիկտորիա Պավլովնայի երեսին և Խանբեգյանի մեջքին: Խանբեգյանն այդ դիրքով ավելի հարմարություն ուներ դիտելու Վիկտորիա Պավլովնայի իրեն լավ ծանոթ դեմքը իր զարմանալի կանոնավոր գծերով, փոքր-ինչ կոր քթով և լիրբ կզակով, որի տակից կարծես սպիտակ մարմարից ձուլված բարձրանիստ վիզը գնում նստում էր սև հագուստի անկվածապատ օձիքի մեջ:

«Եվ այսուհետև այսպես կլինի միշտ», – մեղր ու կարադով հացը ծամելով, մտածում էր նա, առանց աչքերը հեռացնելու Վիկտորիա Պավլովնայի դեմքից, երևակայևլով, թե նա արդեն իր կինն է, իր տան տիրուհին, բայց ոչ այդ սև հագուստով, այլ կուրծքն ու թևերը բաց զվարթագույն թեթև, գրգռիչ պենյուարով, ինչպես իր հանգուցյալ կինը նորահարս ժամանակ, որը նույնպես աչքի ընկնող գեղեցկուհի էր ջահել հասակում, իսկ պառաված և մանավանդ հիվանդ ժամանակ արդեն մի զզվելի վհուկի էր նմանում:

– Դուք կաթո՞վ եք խմում, Սերգեյ Պետրովիչ, – հարցրեց Վիկտորիա Պավլովնան, պատրաստվելով բաժակը լցնելու:

– Կաթով, թանկագինս: Առանց կաթի միայն երեկոներն եմ խմում:

Վիկտորիա Պավլովնան բաժակը լցրեց՝ կաթի տեղ թողնելով և, Խանբեգյանի առջև դնելով, ասաց լրջորեն, առանց նրան նայելու.

– Ես գիտե՞ք ինչու համար եմ եկել ձեզ մոտ, Սերգեյ Պետրովիչ:

– Ես լսում եմ ձեզ չորս ականջով, թանկագինս:

– Իմ հանգուցյալ ամուսնու մահից հետո ձեզ արդեն հայտնի է իմ դրությունը: Ձեր ինձ ցույց տված օգնության համար ես շատ երախտապարտ եմ: Բայց այսպես չի կարելի շարունակել: Պարազիտ լինելը լավ չէ:

– Վիկտորիա Պավլովնա, այդ ի՞նչ եք ասում, – բացականչեց Խանբեգյանն աչքերը լայն բանալով և դադարելով ծամելուց;

– Ես գիտեմ ինչ որ ասում եմ, – ասաց Վիկտորիա Պավլովնան հաստատուն ձայնով և աչքերը վար թողած: – Քանի ամուսինս կենդանի էր, ես ոչ մի կարոտություն չէի քաշում: Շատ հարուստ չէինք ապրում, իհարկե, բայց և ոչ աղքատ, բայց հիմա… Մեր, այսպես ասած, հարուստ կամ ունևոր ընտանիքների ամենամեծ ցավը և դժբախտությունն այն է, որ այդպիսի ընտանիքներում կինը սովորել է ապրել մարդու հաշվին: Եվ զարմանալի չէ, որ մարդու մահից հետո նա մնում է անել դրության մեջ, սրա-նրա ձեռքին նայելով, ինչպես, ահա, ես… Սա անտանելի է: Ես արդեն զգում եմ, որ կամաց-կամաց կորցնում եմ իմ արժանապատվությունը, դադարում եմ ինքս ինձ հարգելուց… Այսպես չի կարելի շարունակել: Ես ջահել եմ, ես առողջ եմ, ես կարող եմ աշխատել և ինչո՞ւ չաշխատեմ…

Վիկտորիա Պավլովնան խոսում էր, ըստ երևույթին, անկեղծ հուզումով, որից նրա դեմքը փոքր-ինչ շառագունել էր, և կզակը դողդողում էր թեթևակի, ընդսմին բնավ չէր նայում Խանբեգյանին:

Իսկ Խանբեգյանը բոլորովին դադարել էր ուտելուց, արմունկներով սեղանին կռթնած, գլուխն առաջ էր տարել և զարմացած նայում էր նրա վար թողած աչքերին, որոնց վրա երկար սև թերթերունքները նույնպես դողդողում էին հուզմունքից:

– Եվ ահա, Սերգեյ Պետրովիչ, – շարունակեց Վիկտորիա Պավլովնան, – ես եկել եմ խնդրելու ձեզ, որ ինձ որևէ աշխատանք տաք, որևէ պաշտոն ձեր բանկում կամ գործարանում…

– Գործարանո՞ւմ, – բացականչեց ակամա Խանբեգյանը և, ետ ընկնելով աթոռի մեջքին, սկսեց ծիծաղել:

– Հա, ինչո՞ւ չէ, – մեքենայաբար արտասանեց Վիկտորիա Պավլովնան, շփոթված նրա ծիծաղից, և բոլորովին շառագունեց:

– Ի՞նչ պաշտոն կկամենայիք, թանկագինս, – մի քիչ հեգնանքով և մի քիչ քնքշաբար հարցրեց Խանբեգյանը, նորից կռթնելով սեղանի վրա:

– Ես չգիտեմ… Դո՛ւք պետք է ասեք:

– Ծխախոտ կարո՞ղ եք լցնել, ծխախոտ կարո՞ղ եք մաքրել, տեսակների բաժանել, ծխախոտի փոշուն կդիմանա՞ք: Գիտե՞ք, որ մեր բանվորներից ու բանվորուհիներից համարյա մեկը չկա, որ վարակված չլինի թոքախտով: Թե ձեր խոսքը գրասենյակի մասին է, այնտեղ էլ այնպիսի կոպիտ և անտաշ մարդիկ են նստած, որ մի րոպե չեք դիմանա: Գալով բանկին, ի՞նչ պաշտոն կարող եք կատարել այնտեղ: Հաշվապահություն կամ հաշվետարություն գիտե՞ք: Երևի չգիտեք: Մեքենագրություն երևի նույնպես չգիտեք: Հասարակ ռեգիստրա՞տորչա: Ոչինչ բան է: Է, ուրիշ ի՞նչ է մնում այնտեղ, – ուբո՞րշչիցա…

Եվ Խանբեգյանը սկսեց նորից բարեսիրտ կերպով ծիծաղել:

Վիկտորիա Պավլովնան նստած էր բոլորովին շփոթված, որով նրա դեմքն ավելի ևս գեղեցկացել էր:

– Իհարկե, ինձ համար ավելի հարմար կլիներ, որ վարժուհի դառնայի, – ասաց նա կամաց, – բայց ցավն այն է, որ ես սիստեմատիկ կրթություն չեմ ստացել, գիմնազիայում սովորածս էլ համարյա թե մոռացել եմ:

– Տեսնո՞ւմ եք, – վրա բերեց Խանբեգյանը լեզուն ծլմփացնելով, – շատ լավ բան եք մտածել, բայց… ոչինչ չի դուրս գալիս:

Նա վեր կացավ և, ձեռքերն անդրավարտիքի գրպանները կոխելով, սկսեց անցուդարձ անել սենյակի երկայնքով:

Բավական երկար ժամանակ լռություն տիրեց, լսվում էր միայն ինքնաեռի քլթքլթոցը և Խանբեգյանի քայլերի ձայնը:

Խանբեգյանը անցուդարձ էր անում, հետզհետե արագացնելով քայլերը, և մեքենայաբար կրկնում մտքում. «Այժմ, կամ երբեք, այժմ, կամ երբեք»:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
36 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467031
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: