Kitabı oku: «Նոր մարդ», sayfa 5

Yazı tipi:

7

Խանբեգյանը կլուբում ոչ մի կարևոր գործ չուներ, նա ուզում էր միայն խույս տալ աղջկա անհաճո հարցուփորձերից և, բացի այդ, հույս ուներ կլուբում այդ գիշեր հանդիպելու Վիկտորիա Պավլովնային, որը, չնայելով իր «սգավորությանը», շուտ-շուտ երևում էր այնտեղ իր փայլուն կավալերներով շրջապատված: Ու որքան անհամբեր էր շուտով գնալու և արդեն հագնված պետք է դուրս գար, հետաքրքրությունը ստիպեց նրան իմանալու, թե ի՛նչ են խոսում իրար հետ տղան ու աղջիկն իր որոշումը նրանց հայտնելուց հետո: Այդ նպատակով կամացուկ մտավ մութ հյուրասենյակը, ոտների ծայրերի վրա մոտեցավ ճաշասենյակի դռանը, որի ճեղքից լույսի հազիվ մի շերտ էր երևում, և շունչը պահած, սկսեց ականջ դնել:

Ու որքան էլ Կատյան ու Վանյան շշնջալով էին խոսում, Խանբեգյանը պարզորեն լսում էր նրանց արտասանած բառերը:

– Գիտե՞ս ինչ, – ասում էր Կատյան, – եկ մի քիչ էլ թվաբանությամբ զբաղվենք: Պարզ հանման և գումարման գործողություններ: Քանի՞ տարեկան կլինի, քո կարծիքով, Վիկտորիա Պավլովնան:

– Երևի ոչ պակաս 30-ից:

– Չէ՛, ի՞նչ ես ասում: Լինի շատ-շատ 25 տարեկան: Իսկ պապա՞ն:

– Պապան 57 տարեկան է:

– Գցենք 55: Քանի՞ տարով մեծ կլինի Վիկտորիա Պավլովնայից:

– 55 մինուս 25 = 30:

– Միշան (մեծ եղբայրը, որ ուսանում էր Պետերբուրգում: 23 տարեկան է, – շարունակեց քույրը, – քանի՞ տարեկան կլիներ Վիկտորիա Պավլովնան, եթե էն գլխից պապայի կինը լիներ և նա ծնած լիներ Միշային:

– 25 մինուս 23 = 2, ինն ամիս էլ долой= 1 տարեկան 3 ամսական:

Ու երկուսն էլ ծիծաղեցին:

– Հիմա մի ուրիշ խնդիր, – շարունակեց քույրը: – Ես 15 տարեկան եմ. եթե ամուսնանամ ու ամուսինս 30 տարով մեծ լինի ինձնից, քանի՞ տարեկան կլինի:

– 15 պլյուս 30=45 տարեկան:

– Երևակայո՞ւմ ես ինձ, Վանյա, 45 տարեկան ամուսնու հետ:

– Պապան խելագարվել է, – նկատեց Վանյան, որ ավելի լուրջ էր պահում իրեն: – Եթե նա…

Խանբեգյանն այլևս քաջություն չունեցավ լսելու և հեռացավ, «Շան լակոտներ, – ասաց մտքումը տես ինչ հաշիվներ են անում և ինչեր գիտեն»: Զգաց, որ տրամադրությունը միանգամայն փոխվել է, և շատ զղջաց, թե ինչու ականջ դրեց,

Կլուբում շրջեց բոլոր դահլիճները, բայց ո՛չ մի տեղ չգտավ Վիկտորիա Պավլովնային և լավ համարեց, որ չգտավ, որովհետև այժմ, տղայի և աղջկա արած հաշիվների ազդեցության տակ, զգաց, թե շատ պիտի ամաչեր իր մոտ 60-ամյա հասակով երևալ այդ նորատի կնոջ հետ կլուբը լցրած իրեն շատ լավ ծանոթ հասարակության մեջ, կարծելով, թե այդ հասարակությունն արդեն գիտե, որ ինքն ու այդ նորատի կինը, որը ավելի շուտ իրեն իբրև աղջիկ կսազեր, շուտով պիտի ամուսնանային իրար հետ:

Բայց և այնպես այդ կնոջը շուտով տիրելու տենչալի հեռանկարը, նրա համաձայնությունն առնելուց հետո, այն աստիճան պաշարել էր նրան, որ շուտով մոռացավ տղայի ու աղջկա հաշիվները, իսկ հասարակության կարծիքի վրա թքել անգամ չուզեց և գնաց նստեց կանաչ սեղանի մոտ իր հին պարտնյորների հետ մի քիչ թուղթ խաղալու՝ բախտը փորձելու համար: «Թե կտանեմ, – ասաց մտքումը, – խո ամեն բան լավ կգնա, թե չէ…»: Նա չվերջացրեց միտքը և սկսեց թղթի կոլոդը խառնել: Հենց առաջին խաղից տարավ: Ոգևորվեց և շարունակեց: Տարավ, տարվեց, տարավ, տարվեց և մի անգամ էլ որ տարավ, վեր կացավ: Վերջը որ հաշվեց, տեսավ տանուլ է տվել: «К чорту, – ասաց մտքումը, – հիմար նախապաշարմունք է»: Ու նստեց ընթրելու և, հակառակ իր սովորության, մի քիչ կոնծեց: Առհասարակ շատ ուրախ էր և կատակներ էր անում:

Խաղակից և սեղանակիցներից մեկը – մի պնդակազմ, խոշոր ու գեղեցիկ տղամարդ, որի հետևից կարտյոժնիկ կամ, այդ ածականը փոփոխելով, կատորժնիկ Գաբո էին անվանում իր թղթամոլության համար, որի մեջ վիրտուոզ էր դարձել և երբեմն չէր քաշվում շոլլերության դիմելու – տեսնելով միշտ զգաստ, միշտ հավասարակշռված Խանբեգյանի արտասովոր ոգևորությունը, հարցրեց.

– Սերգեյ Պետրովիչ, ի՞նչ է պատահել ձեզ, կարծես մի մեծ գանձ եք գտել:

Խանբեգյանը բազմախորհուրդ ժպիտով նայեց նրա դեմքին և, մտքումը պատկերացնելով Վիկտորիա Պավլովնայի նամակի մեջ գրված մի հատիկ բառը, պատասխանեց մի առանձին շեշտով:

– Այո:

Կլուբից վերադառնալուց հետո քնեց շատ լավ, բայց առավոտյան սովորականից շուտ արթնանալով, սովորականից ավելի երկար նստեց ջղերը հանգստացնող և ամրացնող լողարանի մեջ, թեյի հետ ավելի ախորժակով կերավ նախաճաշը: Մտադիր էր ժամանակ վաստակելու համար նախ մտնել գործարան, հետո` բանկ և ապա կեսօրին մոտ այցելել Վիկտորիա Պավլովնային՝ խոսելու իրենց ամուսնության մասին:

8

Ժամը տասին մոտ էր, որ նա մտավ գործարան և զարմանքով տեսավ, որ բոլոր բանվորները, տղամարդ և կին, հավաքվել էին բակում, և նրանց մեջ բարձրաձայն խոսակցության կատարյալ քաոս էր տիրում: Տղամարդ բանվորների մի ստվար խումբ շրջապատել էր գործարանի կառավարչին և նրա հետ մի ինչ-որ բանի մասին թունդ բանավեճի էր բռնվել:

– Հինգ տարի բանել ենք մի տեղ, հինգ տարի ձեր թամբաքուի թոզն ենք կուլ տվել, բա էլ մեր հընգերութինը, մեր համքարութինը ո՞րդի պտի շանց տանք, – բղավում էր մի ճղճղան ձայն:

– Հլա քեզ էլ պտի տանենք, քե՛զ էլ, – նրանից ավելի բարձր էր գոռում մի ուրիշը շրջանի հետին շարքերից: – Ի՞նչ ա, որ ուպրավլաուշչի ա, լայեղ չի՞, – դիմեց այդ ասողը մոտը կանգնածներին:

– Խազեինին էլ իմաց տանք, խազեինին էլ, – գոռաց մի երրորդը:

– Հրե՛ն խազեինը, տո հրեն գալիս ա, – կանչեց մեկը:

Խանբեգյանի բարձր հասակն իսկույն աչքի ընկավ, նույն րոպեին կառավարչին շրջապատող բանվորների կծիկը քանդվեց, և բակում տիրող խառնաշփոթ ձայները հանդարտվեցին:

Խանբեգյանն առանց կանգ առնելու իր շտապ ու եռանդուն քայլերով մտավ գրասենյակ և հենց դռան մոտ դիմեց իր հետևից մտնող կառավարչին:

– Այս ի՞նչ է. ինչո՞ւ են հավաքվել, ինչո՞ւ չեն բանում:

– Սերգեյ Պետրովիչ, – ասաց կառավարիչը դեմքի ջղային ցնցումներով (ինչպես երևում էր, շատ էր հուզվել բանվորների հետ բանավիճելիս), – մինչև հիմա բանում էին, բայց ձեր գալուց մի քիչ առաջ մեկ էլ տեսնեմ ամենքը, կարծես խոսքը մեկ արած, հագնվեցին և դուրս եկան, թե` գնում ենք մեռելը թաղելու:

– Ի՞նչ մեռել:

– Մի թոքախտավոր բանվորուհի ունեինք, մեռել է:

– Ախ, հա՛, – հանկարծ հիշեց Խանբեգյանն երեկվա աղքատ պառավին: – Երեկ նրա մայրը եկել էր ինձ մոտ:

– Ձեզ մոտ է՞լ, – զարմացավ կառավարիչը:

– Ստեփան Գերասիմիչ, – նկատեց Խանբեգյանը մեղմ կշտամբանքով, – ներեցեք, դուք մարդկանք հետ վարվել չգիտեք: Կտայիք այն պառավին մի քանի մանեթ և ռադ կանեիք:

– Ի՞նչ իրավունքով, Սերգեյ Պետրովիչ:

– Կզանգահարեիք ինձ:

– Առանց այն էլ նրա վրա առաջուց տարած ավանսի…

– Լավ, այդ թողնենք, – կտրեց նրա խոսքը Խանբեգյանը: – Ասում եք, ուզում են գնալ մեռելը թաղելու: Էլ ինչի՞ մասին էիք վիճում:

– Ես չեմ թողնում:

– Ինչո՞ւ:

– Ինչպե՞ս թե ինչու, Սերգեյ Պետրովիչ: Մի օր չբանելն ախր ահագին վնաս է գո՛րծարանին:

– Թաղումից հետո կգան, չէ՞, բանելու:

– Ասում են՝ կգանք, բայց գիտեմ, որ չեն գա:

– Ինչպե՞ս թե չեն գա:

– Կհարբեն:

– Այդպիսի բան չի կարող պատահել, – բացականչեց Խանբեգյանը վառված աչքերով: – Մի մեռելի պատճառով ամբողջ օրը գործարանը կանգնեցնել…

– Դե իմ ասելս էլ ի՞նչ էր, – վրա բերեց կառավարիչը:

– Ո՞վ է նրանց գլխավորը, կանչեցեք գա այստեղ, – հրամայեց Խանբեգյանը:

Կառավարիչը շտապով դուրս գնաց, ուր նորից բարձրացել էին խառնաշփոթ ձայները:

Խանբեգյանը նստեց կառավարչի գրասեղանի մոտ և նոր միայն, ձեռքը հազիվ մոտեցնելով գլխարկին, բարևեց գրասենյակի ծառայողներին, որոնք, գործերը թողած, հարգական-սպասողական դրության մեջ, սուս ու փուս նայում էին նրան:

Կառավարիչը վերադարձավ չուխավոր, կապույտ արխալուղի վրա կաշու գոտիկ կապած մոտ երեսուն տարեկան մի բանվորի հետ, որը մտնելուն պես գդակը վերցրեց և կանգ առավ դռան մոտ: Սրա դեղնավուն դեմքի վրա այտերը կարծես մատներով հուպ էին տվել դեպի ներս, անսովոր առատամազ բեղերը ծածկել էին ամբողջ բերանը և թևերը կախել այս կողմը: Աչքերի մեջ ինչ-որ խորամանկ Ժպիտ էր խաղում:

Խանբեգյանը նայեց նրան ոտից գլուխ: «Տիպիկ կինտո», – անցավ նրա մտքով:

– Անունդ ի՞նչ է, – հարցրեց:

– Բախշո Նախշունով:

– Էդ դո՞ւ ես նրանց խելքից հանել:

Բանվորը զարմացած նայեց Խանբեգյանին.

– Ո՞նց թե խելքից հանել, խազեին: Երեխեք ե՞ն: Մենք ամենքս մեկ ենք:

– Լավ: Չի լինի՞, որ չգնաք:

Բանվորը ժպտաց.

– Ո՞նց կըլի, խազեին ջան, համքարութին ա:

– Բայց գործը թողնել չի լինի, չէ՞:

– Դե ի՞նչ անենք, խազեին ջան, էս մի օրն ա, է՛լի ամեն օր խո մեռել չի պատահում: Պտի յոլա տանենք: Էն խեղճն սկի կուբոն (դագաղը) վե քաշող էլ չունի:

– Շատ լավ: Չի լինի՞, որ ամենքդ չգնաք, այլ մի քանի մարդ ղրկեք ձեզանից:

– Չէ, խազեին ջան, համքարութինը պտի համքարութին ըլի, որդի մի քանիսը, ընդեղ էլ ամենքը:

– Իսկ եթե մեռելը պահեք մինչև կիրակի, երբ ամենքդ ազատ կլինեք:

– Բանվորը նորից ժպտաց:

– Խազեին ջան, – ասաց նա և, գդակը կռան տակը դնելով, սկսեց մատները մեկ-մեկ ծալել. – ըսօր չորեքշաբթի, էգուց հինգշաբթի, էլօր ուրբաթ, շաբաթ, կիրակի – հինգ օր. բա հինգ օր մեռելը, որ ըսկի տանը դնելու տեղ էլ չունի, պահել կըլի՞: Տունը քուլփաթով լիքը, օթախը այ էսքան, – ցույց տվեց նա մի շատ փոքրիկ տարածություն – մեռելը գետնին դրած, ըսկի մուկը պոչը ժաժ տալու տեղ չունի: Էն պառավն էլ օր ու գիշեր գլուխը թակում ա, հա՛ թակում: Ես նրանց հարևանն եմ, գիդամ բանը, ընենց որ, խազեին ջան, չի ըլի, պտի թողաք, որ գնանք ըսօր ևեթ հողին պահ տանք, պրծնենք:

– Լավ, որ գնաք թաղեք, ետ կգա՞ք գործը շարունակելու:

– Վա, դրան էլ խոսք կա՞, խազեին ջան, – կգանք, բա ի՞նչ կանենք:

– Քելեխ խո չե՞ք սարքի:

– Աղքատին ի՞նչ քելեխ, խազեին ջան: Ձեր տված փողը հրեն կուբոյին ենք տվել, մնացածն էլ ժամ-պատարագին կգնա:

– Լավ, գնացեք, բայց տեսեք` ետ գաք:

– Արխային կաց, խազեին ջան:

Բանվորը գդակը ծածկեց և դարձավ, որ դուրս գնա, բայց կառավարիչը պահեց նրան.

– Լսի՛ր Բախշո, ի՛նչ եմ ասում, խազեինը թողեց, որ գնաք, բայց իմացեք, որ ես ժամերը կհաշվեմ:

Բանվորը շուռ եկավ և տարակուսանքով նայեց նրա դեմքին.

– Ո՞նց թե…

Խանբեգյանը վեր կացավ և կանգնեց կառավարչի ու բանվորի մեջտեղը:

– Լավ, հիմա ժամանակ չէ այդ մասին խոսելու, – ասաց նա և դարձավ բանվորին. – շուտով գնացեք, որ շուտով վերադառնաք:

Բանվորը դուրս գնաց:

Խանբեգյանը դարձավ կառավարչին:

– Ստեփան Գերասիմիչ, հարկ չկար այդ բանն իսկույն ասելու: Ես զարմանում եմ, որ մինչև այժմ չսովորեցիք նրանց հետ վարվելու կերպը: Դուք նրանց զոռով սոցիալիստ եք դարձնում:

– Ախր, Սերգեյ Պետրովիչ, դուք չգիտեք, թե ի՛նչ լիրբ ու զզվելի…

Խոսքը չվերջացավ կառավարչի բերանում, ներս մտավ նույն բանվորը ուրիշ երկու բանվորների հետ, և երեքն էլ մի րոպե լուռ կանգնած մնացին դռան մոտ մի տեսակ անհամարձակ ժպիտ դեմքերին:

– Էլ ի՞նչ կա, – հարցրեց Խանբեգյանը, դառնալով առաջվա բանվորին, որն իրեն Բախշո Նախշունով անվանեց:

– Մենք ուզում ենք խնդրենք ձեզ, – ասաց Բախշոն, – որ դուք էլ, Ստեփան Գերասիմիչն էլ ու սրանք ամենքն էլ, – ցույց տվեց գրասենյակի բոլոր ծառայողներին, – շնորհ անեք գաք:

– Թե ի՞նչ, – զարմացավ Խանբեգյանը:

– Լազաթ կըլի:

Խանբեգյանը դեմքը խոժոռեց:

– Դե, այդ արդեն…

Ուզում էր ասել լրբություն է, բայց զսպեց իրեն, դեմքը շուռ տվավ ու ասաց առարկություն չվերցնող հանգիստ տոնով.

– Դուք գնում եք` գնացեք, իսկ կանտորը փակել չի կարելի, հազար ու մի գործ կա:

– Չէ, խազեին ջան, ընչի՞ եք…

– Դե բավական է, – հանկարծ բռնկեց Խանբեգյանը, այլևս չկարողանալով զսպել իրեն, – ես չեմ սիրում ավելորդ խոսակցություն: Չէ մի, սև դրոշակ էլ կախենք ֆաբրիկի գլխին:

Բախշոն ու երկու ընկերները սուս ու փուս դուրս գնացին: Ժպիտը չքացել էր նրանց դեմքից:

– Իսկապես լիրբ և անամոթ ժողովուրդ, – ասաց Խանբեգյանը ջղայնորեն և նորից նստեց կառավարչի գրասեղանի մոտ:

Հապա որ ասում էի ձեզ, – նկատեց կառավարիչը, – դրանց որ երես ես տալիս, աստառ էլ են ուզում: Այդ ես եմ, որ դիմանում եմ դրանց, թե չէ, ուրիշը որ լինի… իսկ դուք ասում եք, թե ես չգիտեմ նրանց հետ վարվելու կերպը:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
36 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467031
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: