Kitabı oku: «Նոր մարդ», sayfa 4
5
Կնոջ մահից հետո կրկին ամուսնանալու միտքը չէր հեռանում Խանբեգյանի գլխից՝ երկու պատճառով: Նախ այն պատճառով, որ տունը կատարյալ վերանա էր դարձել, ոչ մի բան իր տեղը չէր, ոչ մի բան իր ժամանակին և ինչպես հարկն էր չէր կատարվում, բարեկամների այցելությունը կտրվել էր, տղան ու աղջիկը բոլորովին սանձաթող էին եղել, երբ ուզում և ուր ուզում` գնում էին, դասերը չէին պատրաստում: Մի խոսքով` տանտիկնոջ և մոր հսկող զսպող աչքը վերացել էր և այդպես շարունակել այլևս անկարելի էր:
Երկրորդ պատճառը, որ պակաս զորավոր չէր, քան առաջինը, այդ այն էր, որ Խանբեգյանը, իբրև տղամարդ, պարզապես կնոջ կարիք էր զգում, այնպիսի մի կնոջ, որը, բացի ընկեր-ամուսին լինելուց, լիուլի գոհացում տար իր արուի պահանջներին: Բանն այն է, որ, չնայելով իր մոտ 60-ամյա հասակին, իր վարած ժուժկալ կյանքի և ամենօրյա ֆիզիկական մարզանքների շնորհիվ նա դեռևս առույգ երիտասարդի չափ առնական ուժ ու կորով էր զգում իր մեջ, և թեպետ ըստ ամենայնի հնարավորություն ուներ մի «կոմպանիոնովուհի» պահելու իր տանը հատկապես այդ «պաշտոնի» համար տեղ փնտրող ֆրանսուհիներից կամ գաղտնի կապ հաստատելու որևէ թեթևաբարո կնոջ հետ, որպիսիք շատ կային իր ծանոթ շրջանում, բայց իրեն թույլ չէր տալիս այդ քայլն անելու, որովհետև կարծում էր, որ դրանով նախ՝ անարգած կլիներ իր հանգուցյալ կնոջ հիշատակը, երկրորդ՝ «կոմպանիոնուհու» իսկական դերը գաղտնի չէր կարող մնալ տղայից ու աղջկանից, որոնք այդ բանը հասկանալու համար արդեն հասունացած էին, և երրորդ` որևէ թեթևաբարո կնոջ հետ հարաբերություն ունենալն անվայել կլիներ իր անվանը, դիրքին և, մանավանդ, հասակին, որը քիչ չէր զսպում նրան որևէ թեթևամիտ քայլ անելուց:
Պետք էր օրինավոր ամուսնություն, օրինավոր կին, «աստծու և մարդկանց առջև», որի հետ կարողանար առանց քաշվելու, առանց ամաչելու, բաց ճակատով իր տանը, իր զավակների մոտ նստել-վեր կենալ, հյուր գնալ, հյուր ընդունել և երևալ հասարակության մեջ:
Այդ կինը կարող էր լինել Վիկտորիա Պավլովնան, միմիայն նա և ուրիշ ոչ ոք: Թեպետ նա շատ էր կասկածում, թե այդ նորատի կինը, որը իր հանգուցյալ ամուսնուց զավակ չէր ունեցել, կարող լիներ գեթ չնչին չափով փոխարինել իր հանգուցյալ կնոջը` իբրև մայր և տանտիկին, բայց իբրև սոսկ կին իր ջահելությամբ և գեղեցկությամբ այնքան տենչալի էր թվում նրան, որ պատրաստ էր ուրիշ ոչ մի պահանջ չառաջադրելու նրան:
Եվ այժմ, երբ նրա ուրախությունից դողդողացող ձեռքին թրթռում էր նամակի բուրավետ թուղթը, որի վրա գրված էր կանացի անվարժ, անկանոն բարակ գրերով մի բառ միայն – «Այո», նա արյան այնպիսի մի հորդում էր զգում երակների մեջ, որ կարծում էր, թե մի քսան տարով ջահելացել է ինքը, և մկանները պողպատ են կտրվել: Նա ետ ընկավ թիկնաթոռի մեջքին, ձեռքերը տարածեց այս ու այն կողմը խաչելության ձևով, ատամները պինդ սեղմեց իրար և կուրծքը դուրս ձգեց մկանների այնպիսի ուժգին լարումով, որ թիակները ճռճռացին մեջքի վրա.
Սարեր տվեք ինձ, սարեր կործանեմ,
Ծառը արմատով գետինեն հանեմ,
Սուր ակռաներովս երկաթ կծամեմ,
Մեջս արքան ում, ասեք, ի՞նչ անեմ, —
արտասանեց նա Գամառ-Քաթիպայի մի ոտանավորի խոսքերն այն ձևով, ինչ ձևով որ լսել էր մի ժամանակ հայ բեմի վրա իրեն տրագիկ երևակայող մի դերասանից, որը բացի հուժկու ձայնից ուրիշ ոչ մի շնորհք չուներ:
Մի րոպե նրա միտքը կանգ առավ այդ դերասանի վրա: Այն ժամանակ նրան շարունակ տեսնում էր կլուբում կոկ հագնված, սրածայր բեղերով, փայլուն ցիլինդրով, գեղեցիկ կանանց հետ: Իսկ այժմ երբեմն հանդիպում էր նրան Փողոցում մազակալած երեսով, հնոտիների մեջ, պատռած կոշիկներով, մի ոտը կաթվածահար քարշ տալիս, ձեռնափայտին ղիմհար տված: «Մենք պետք է որ հասակակից լինենք, – մտածեց Խանբեգյանը, – ինչո՞ւ ես այսպես պահպանվել եմ, իսկ նա…»:
– К чорту! – բացականչեց տեղից վեր թռչելով, – ո՞րտեղից միտս եկավ այդ ավերակը…
Բնազդաբար զգաց, որ եթե շարունակի մտածել իրեն հասակակից այդ «ավերակի» մասին, կարող է այդ րոպեին իրեն տիրող ֆիզիկական զգացողությանը և հոգեկան տրամադրությանը միանգամայն հակադիր եզրակացության հանգել, ուստի կտրուկ կերպով վանեց իրենից այդ մտքերը և, ետ ու առաջ քայլելով, սկսեց մտածել, թե այժմ ի՛նչ պիտի անի:
Այժմ, որ արդեն առել էր Վիկտորիա Պավլովնայի համաձայնությունը, իր ամենաառաջին անելիքը համարեց այն, որ իր կրկին ամուսնանալու որոշումը հենց այդ երեկո հայտնի տղային և աղջկան: Ուրիշ պարագաներում նա շատ կդժվարանար այդ բանն անել, բայց այդ երեկո մի շատ հարմար առիթ ներկայացավ, որից և վճռեց օգտվել: Բանն այն է, որ Վանյուշն ու Կատյան ճաշից հետո դուրս էին գնացել, առանց հորը հայտնելու, թե ուր են գնում և – ժամը արդեն տասն էր – դեռ չէին վերադարձել: Թեև այդ առաջին անգամը չէր և այդ բանի համար նրանք ամեն անգամ նկատողություն էին ստացել հորից, բայց այս անգամ Խանբեգյանը վճռեց այնպես ձևացնել, թե այլևս չի կարող հանդուրժել այդ «ինքնակամությունը», և այն համոզումը թելադրել նրանց, թե այդ «ինքնակամությանը» մի անգամ առմիշտ վերջ տալու համար է, որ ինքը «հարկադրված» է կրկին ամուսնանալ, մանավանդ, որ նրանք տանն էլ շատ անկարգ են պահում իրեց` վերահսկող աչք չունենալու պատճառով:
Այս մտորումների մեջ նա երկար ժամանակ իր եռանդուն քայլերով անցուդարձ էր անում առանձնասենյակում, անհամբեր սպասելով տղայի ու աղջկա վերադարձին, երբ, վերջապես, նախ նախասենյակում, հետո մի սենյակ այն կողմը – ճաշասենյակում լսեց նրանց ոտքերի և խոսակցության ձայնը: Դուրս գնաց, անցավ մութ հյուրասենյակով և մտավ ճաշասենյակ այն ժամանակ, երբ աղախինը սառած ինքնաեռը գրկած դուրս էր տանում, ըստ երևույթին, տաքացնելու:
6
Վանյուշը, գիմնազիստի սպիտակ երիզավոր գլխարկը դեպի ծոծրակը ետ գցած, նստած էր ճաշասեղանի մոտ, ոտները երկար ու մեկ մեկնել էր սեղանի տակ, շվշվացնում էր և մատներով թմբկահարում. էր սեղանի ծայրը: Իսկ աղջիկը, գիմնազիստուհու սրճագույն շրջազգեստով և սև գոգնոցով, բուֆետից ուտելիքներ էր հանում ընթրելու համար:
Հոր մտնելուն պես Վանյուշը դադարեց շվշվացնելուց, առանց շփոթվելու, դանդաղորեն վեր կացավ, գլխարկը վերցրեց գցեց աթոռներից մեկի վրա և սկսեց երկու ձեռքի ափերով շտկել մազերը: Նա իր տարիքին անհամեմատ բարձր և շատ բարակ տղա էր, հորը շատ նման, երևում էր, որ հասուն հասակում հոր կատարյալ պատճենը դուրս կգար: Կատյան, ընդհակառակը, համեմատաբար ցածրահասակ էր, գիրուկ, արդեն նկատելի հասուն կրծքով և հոր հետ ոչ մի նմանություն չուներ: Խանբեգյանն ասում էր, որ տղան իրեն է գցել, իսկ աղջիկը` մորը:
– Պապա, դուք դեռ տա՞նն եք, – դիմեց նրան աղջիկը:
– Այո, ես դեռ կլուբ չեմ գնացել, ձեզ էի սպասում, թե՞ երբ, վերջապես, կբարեհաճեք շնորհ անել տուն դառնալու, որ նստենք և այս անգամ արդեն շատ լուրջ կերպով խոսենք:
– Ինչի՞ մասին:
– Այն մասին, որի համար ես շատ անգամ եմ ձեզ հանդիմանել, և դուք ոչ մի նշանակություն չեք տվել իմ խոսքերին, կարծես թե ես ձեր հայրը չեմ այստեղ, այլ մի օտար մարդ, որը ոչ մի իրավունք չունի խառնվելու ձեր գործերին: Քանի՞ անգամ եմ ասել ձեզ, որ դուք ձեր իրավունքը չպիտի համարեք առանց իմ թույլտվության ե՛րբ ուզենաք և ո՛ւր ուզենաք` գնալ և վերադառնալ՝ երբ քեֆներդ տա:
– Պապա, զարմանալի մարդ եք, ճշմարիտ, – վառվեց աղջիկը և հուզմունքից նրա գեղեցիկ դեմքը կարմրեց. – այնպես եք խոսում, որ կարծես թե մենք երեխաներ ենք և ամեն մի չնչին բանի համար պետք է անպատճառ թույլտվություն խնդրենք:
– Ինչպե՞ս, – բարձրացրեց ձայնը հայրը, իր խոշոր աչքերը թավ հոնքերի տակից ոլորելով աղջկա վրա: – Այդ համարձակությունն էլ ես ստացել, հա՞: Լա՛վ է, շա՛տ լավ է, կեցցես: Չնչին բան է, հա՞, որ մի աղջիկ թրև գա փողոցներում աստված գիտե ո՛ւմ հետ և տուն դառնա կեսգիշերին:
– Պապա, – միջամտեց Վանյուշը շատ հանգիստ կերպով, բայց առանց համարձակվելու նայել նրան, – նախ` հիմա կեսգիշեր չէ, և երկ…
– Ձայնդ կտրի՛ր, – հանկարծ պայթեց հայրը համբերությունից ելած: – Հիմի էլ դո՞ւ: Ես ձեզ հետ չեմ խոսում դիսկուսիա բանալու համար: Ես ինչ որ ասում եմ, այնպես էլ պե՛տք է լինի, այլապես ոչ ե՛ս եմ ձեր հայրը, և ոչ էլ դո՛ւք եք իմ որդիքը: Վաղը չէ մյուս օրը քննություններ ունեք, փոխանակ տանը նստելու և լուրջ կերպով պատրաստվելու, որ չխայտառակվեք և չխայտառակեք ինձ, դուք ամբողջ օրը չեք իմանում ինչ եք անում և ո՛րտեղ եք թրև գալիս: Ես դեն ածովի փողեր չունեմ, որ ամեն անգամ տանեմ ձեր դիրեկտորի և ուսուցիչների բուռը կոխեմ, որ մի կերպ անցկացնեն ձեզ: Փողը – ջհանդամը, բայց այն նվաստացո՞ւմը, որ ես զգում եմ: Թե որ երեխա չեք, պետք է որ այդ հասկանաք, բայց որ չեք հասկանում, ուրիշ ի՞նչ կերպ վարվեմ ձեզ հետ ասացեք, խնդրեմ:
Խանբեգյանի բարկությունը ավելի շատ ձևական էր, քան իսկական, իբրև նախապատրաստություն իր կրկին ամուսնանալու որոշումը նրանց աչքերում արդարացնելու համար: Եվ երբ տեսավ, որ իր ցասկոտ խոսքերն իրենց ազդեցությունը գործեցին, կամաց-կամաց մեղմացավ, մանավանդ որ աղջիկը լացակում, կարմրատակած աչքերով խռոված նստել էր սեղանի մոտ, իսկ տղան, ձեռքերը անդրավարտիքի գրպանները կոխած, իր երկար ոտներով չափում էր սենյակի երկայնքը և չէր համարձակվում ձայն հանել:
– Ես, իհարկե, հասկանում եմ ձեզ, – ասաց հայրը մեղմացած տոնով, բայց աշխատելով ցույց չտալ, թե զիջում է նրանց, – ձեր մոր մահից հետո կիսով չափ որբ եք մնացել, տանը մարդ չկա, եկող-գնացող չկա, որ զբաղվեք, իսկ իմ գործերը ժամանակ չեն տալիս ինձ ձեզնով զբաղվելու, ձեզ հետ տեղ գնալու: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ, տանը: Ո՞վ է այստեղ տեր ու տիրական, – Դունյան, ձեր պառավ հիվանդ դայակը և խոհարարը: Է՛հ, եղա՞վ: Մինչև ե՞րբ այսպես: Եվ որպեսզի մի անգամ առ միշտ վերջ տամ այս դրությանը, ես ահա թե ինչ եմ որոշել:
Նա նստեց սեղանի մոտ և դարձավ տղային:
– Վանյա, բավական է չափես սենյակը, եկ նստիր այստեղ և լսիր ինչ եմ ասում:
Վանյուշը նստեց նրա դիմաց, մեջքը դեմ տվեց աթոռի թիկունքին և չէր նայում հորը:
– Ի՞նչ եք կարծում, – ասաց Խանբեգյանը, փոխնիփոխ դառնալով տղային և աղջկան, – ո՞րն է ավելի լավ. Այսպես շարունակե՞լ, թե՞ տանն ունենալ մեկը, որ փոխարինի ձեր հանգուցյալ մորը և նայի տուն ու տեղին:
Այդ խոսքերի վրա տղան ու աղջիկը, որոնք մինչ այդ նստած էին խռովածի պես և ամենևին չէին նայում հորը, մեկեն նայեցին նրան այնպիսի մի հարցական-տարակուսական հայացքով, որ նա ակամա շփոթվեց և մի րոպե լռեց, աշխատելով դիմանալ նրանց այդ հայացքին: Հետո, զգալով, որ կորցնում է իր հրամայողական-տիրական տոնը, շարունակեց, այս անգամ արդեն խոսքերը խառնելով իրար.
– Ասելս այն է, որ… Դուք եք ավելի… ավելի ձեզ համար է, որ ես մտածում եմ… Դուք արդեն երեխաներ չեք, և որովհետև այս բանում դուք էլ… որովհետև այս բանը ձեզ էլ է վերաբերում, ես պարտավոր եմ զգում ինձ… ես չեմ ուզում առանց ձեզ նախապես հայտնելու իրագործել իմ որոշումը: Իսկ իմ որոշումը ահա թե ինչ է ասաց նա, այս անգամ բռնի կերպով տիրապետելով իրեն, – վաղը, թե մյուս օրը, առայժմ չեմ կարող ասել, բայց շուտով դուք այստեղ կունենաք նոր մայր և նոր տանտիկին: Եվ այդ նոր մայրն ու տանտիկինը, – շտապեց նա միանգամից վերջացնել իրեն համար այդ շատ ծանր բացատրությունը, – կլսիր ձեզ երկուսիդ էլ շատ լավ ծանոթ Վիկտորիա Պավլովնան:
– Վա՛յ, – հանկարծ բացականեց Կատյան և ուրախությանից վեր թռավ տեղից: – Այդ ի՞նչ ասացիք, պապա: Դուք առաջարկությո՞ւն եք արել նրան:
Աշխատելով պահպանել մեծի լրջությունը՝ աղջկա ուրախ տրամադրությունը չենթարկվելու համար, Խանբեգյանը մի թռուցիկ հայացք ձգեց տղայի վրա, որը առաջվա պես նստած էր հոնքերը կիտած, առանց որևէ նշանով ցույց տալու, թե հոր հայտնությունն ի՛նչ տպավորություն գործեց իր վրա, վեր կացավ և ասաց.
– Դե ավելորդ հարցումներ հարկավոր չեն: Այժմ, – նա նայեց պատի ժամացույցին, – ես կլուբ եմ գնում մի կարևոր գործի համար, արդեն ուշացել եմ: Իսկ դուք ընթրեցեք և քնեցեք: Բայց, տեսեք, – ավելացրեց նա դուրս գնալիս, – առավոտյան չտեսնեմ այստեղ ձեր սովորական խոզությունը: