Kitabı oku: «Նոր մարդ», sayfa 3

Yazı tipi:

Հանկարծ ինքն էլ չիմացավ, թե ինչպես, կանգ առավ սեղանի առջև, ձեռքերը դրեց սեղանի վրա և ամբողջ մեջքով առաջ թեքվեց դեպի Վիկտորիա Պավլովնան այնպես, որ շատ քիչ տարածություն էր մնում նրանց դեմքերի միջև:

– Ես մի ուրիշ բան եմ ուզում առաջարկել ձեզ, Վիկտորիա Պավլովնա, – ասաց նա շատ լուրջ կերպով և առանց շփոթվելու, – մի բան, որ մինչև այդ րոպեն ամենքին չէր սպասում իրենից: – Միայն մի պայմանով, – որ ինձ կլսեք բոլորովին հանգիստ կերպով և հանգիստ էլ կպատասխանեք – այո, կամ ոչ:

– Ես ձեզ չեմ հասկանում, – զարմացած ասաց Վիկտորիա Պավլովնան, ակամա դեմքը ետ քաշելով:

– Առաջարկս ահա թե ինչ է, – շարունակեց Խանբեգյանը, – համաձա՞յն եք իմ կինը լինելու:

Թեև Վիկտորիա Պավլովնան նրա տոնից և վարմունքից, ըստ երևույթին, ուրիշ բան չէր սպասում, բայց և այնպես այնքան շփոթվեց, որ պարզապես չիմացավ ինչ պատասխանի և միայն ապուշ-ապուշ նայում էր նրա դեմքին:

– Ես, իհարկե, ջահել չեմ, – վրա բերեց Խանբեգյանը, այս անգամ արդեն շփոթվելով, – իմ տարիքը գուցե…

Ու չվերջացրեց, որովհետև Վիկտորիա Պավլովնան հանկարծ վեր կացավ և, առանց նայելու նրան, առանց ձայնծպտուն հանելու, սկսեց գլխարկը ծածկել:

Խանբեգյանը տեղնուտեղը քար կտրեց:

– Ես ձեզ վիրավորեցի՞, – թոթովեց նա:

– Ոչ,

– Հապա…

– Թույլ տվեք ինձ գնամ:

– Առա՞նց պատասխանելու:

– Առայժմ ոչ… այս րոպեին ոչ…

– Հապա ե՞րբ:

– Չգիտեմ:

Վիկտորիա Պավլովնան, մեջքը դեպի նա արած, արագորեն հագավ ձեռնոցները, ուղղեց գլխարկի սև շղարշը և ռեդիկուլը առնելով դիմեց դեպի դուռը:

Խանբեգյանը հետևեց նրան մինչև նախասենյակ:

– Լսեցեք, Վիկտորիա Պավլովնա, – ասաց նա, համարյա զոռով պահելով նրան, – այս օրերս ես մեկնելու եմ Պետերբուրգ բանկի գործերով և շատ եմ խնդրում, որ եթե ոչ այսօր, գեթ վաղն ինձ պատասխանեք, կպատասխանե՞ք:

– Չգիտեմ:

– Ոչ, աղաչում եմ, պատասխանեցեք: Թող բացասական լինի ձեր պատասխանը, միայն թե պատասխանեցեք, անպատճառ պատասխանեցեք: Այո՞:

– Լավ:

– Ե՞րբ:

– Վաղը:

– Ի՞նչպես: Սպասե՞մ ձեզ, թե…

– Կգրեմ:

– Ինձ մեկ բառ էլ բավական կլինի, – այո, կամ ոչ: Լսո՞ւմ եք, Վիկտորիա Պավլովնա – այո, կամ ոչ, – կանչեց նրա հետևից Խանբեգյանը, երբ նա արդեն իջնում էր մարմարի լայն սանդուղքներով և շուտով ծածկվեց ներքևում:

4

Հետևյալ օրը առավոտից մինչև երեկո Խանբեգյանն անհամբեր սպասում էր Վիկտորիա Պավլովնայի նամակին: Սպասողական դրության մեջ, ոչ մի բանի վրա չէր կարողանում կենտրոնանալ: Մոռացել էր բանկում երևան հանված վատնումը, որ վերջին օրերր շատ էր զբաղեցնում նրան, նույնիսկ հետին գծի վրա էր քաշվել գործարանի բանվորների պահանջը աշխատավարձի հավելման մասին, որը քիչ մտահոգություն չէր պատճառում նրան: Այն րոպեից, երբ նախորդ օրը Վիկտորիա Պավլովնան հեռացավ նրանից, նա աշխատում էր վերլուծել այդ կնոջ հոգեբանական դրությունը և տարօրինակ վարմունքն իր առաջարկությունից հետո, որպեսզի պարզեր, թե ի՛նչ պատասխան կստանար, դրակս՞ն, թե բացասական, և որքան գլուխ էր կոտրում, ոչ մի եզրակացության չէր կարողանում հանգել: Եվ որքան ուշանում էր պատասխանը, այնքան նրա աղայի լարված դրությունը սաստկանում էր: «Թող բացասական լինի պատասխանը, միայն թե շուտով վերջանա այս անտանելի դրությունը», – ասում էր նա ինքն իրեն երեկոյան դեմ իր առանձնասենյակում արագ քայլելով մի անկյունից մյուսը:

Այդ միջոցին աղախինը մտավ և հայտնեց, որ մի պառավ կին ուզում է տեսնել նրան:

Խանբեգյանը կարծես հանկարծ թևեր առավ: Այդ պառավ կինը, անշուշտ, Վիկտորիա Պավլովնայի կողմից էր և բերել էր սպասված պատասխանը: Եվ հրամայեց աղախնուն, որ իսկույն ներս հրավիրել նրան:

Անհամարձակ քայլերով ներս մտավ պառավ կինը և կանգ առավ դռան մոտ այնպիսի մի վախկոտ կեցվածքով, որ կարծես ուզում էր անտեսանելի մնալ: Նա ոչնչով չէր տարբերվում փողոցների անկյունում նստած մուրացիկ կանանցից, – փոքրիկ, լղար, խորշոմած դեմքով, լացակում աչքերով, գլխին մի սև, հնությունից դեղնած շալ, հագին ծակոտկեն մի դեյրա, ոտներին կրունկների հետևի մասը ներս ծալված տղամարդու հնամաշ չուստեր, այդ բոլորի հետ միասին նրա գլուխը փոքրիկ մարմնի վրա անդադար շարժվում էր, որը նրա լացած աչքերի հետ չափազանց խղճալի տեսք էր տալիս նրան:

Խանբեգյանը կանգ էր առել և երկար նայում էր նրան ապշած: Վիկտորիա Պավլովնան չէր կարող այդպիսի մի կնոջ ձեռքով ուղարկել իր պատասխանը: Հետո, ի՞նչ էին նշանակում այդ լացակում աչքերը, այդ արցունքները, որոնք պլպլում էին նրա դեմքի խորշոմների մեջ:

– Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում, – հարցրեց նա վերջապես:

– Շուշանի մերն եմ, աղա ջան, – պատասխանեց պառավը լալագին ձայնով:

– Շուշա՞ն… ի՞նչ Շուշան:

– Շուշան Մարտիրոսովի:

– Ո՞վ է Շուշան Մարտիրոսովը, ես քեզ չեմ հասկանում:

– Էն, որ ձեր փաբրիկումը բանում էր:

– Չեմ ճանաչում, չգիտեմ:

– Հա, աղա ջան, դու չես գիտենա: Ձեր ուպրավլաուչին գիդա:

– Լավ, հետո՞:

Պառավը փղձկաց և փղձուկի միջից հազիվ կարողացավ արտասանել:

– Չարդ տարավ…

– Մեռա՞վ:

– Մեռավ, աղա ջան, մեռավ, մեռավ նաչարս…

Պառավն, ըստ երևույթին, զսպում էր իրեն, որ բարձրաձայն լաց չլինի այդ աղա մարդու առաջ, որից իրեն հեռու էր զգում, ինչպես երկինքն երկրից, բայց և այնպես մայրական կսկիծը հաղթեց, և նա, շալի ծայրով ծածկելով աչքերը, սկսեց հեկեկալ:

– Լավ, ես ի՞նչ անեմ, որ մեռավ, – ասաց Խանբեգյանը զարմացած նայելով նրա փոքրիկ մարմնին, որ ամբողջապես ցնցվում էր հեկեկանքից դռան մոտ կուչ եկած:

– Չոր տափին մնացինք, աղա ջան… իրեք որբերով… մեր տեր ու տիրականը նա էր, աղա ջան… սրանից եդը ի՞նչ պտի անենք, ի՞նչ պտի անենք…

Խանբեգյանը հոնքերը կիտեց: Չէր իմանում ի՛նչպես վերջ տա այդ իրեն համար անախորժ տեսարանին և մի բան ասած լինելու համար հարցրեց.

– Շա՞տ ժամանակ էր հիվանդ:

– Հա, աղա ջան, շատ վախտ էր հիվանդ, – աչքերը սրբելով ասաց պառավը, – համա ըսկի մի օր էլ բանից եդ չէր ընգել: Էրեգ չէ, մեկ էլ ըռավոտն էլ սաղ-սալամաթ վեր կացավ, գնաց փաբրիկը, համա ըրիգունը տուն եկավ թե չէ, բերնիցը կոլմ-կում արին գցեց, հննա, աղիս ասեմ, արինը ոնց որ կժիցը թափես… Վո՛ւյ, վո՛ւյ, քոռանա աչքերս, քոռանա աչքերս, – թակեց ծնկներին պառավը, – արնաքամ ըլավ նաչարս, արնաքամ, աղա ջան, ոնց որ հավի ճիտը կտրես դեն գցես…

– Չէ՞ր բժշկվում:

– Ըսկի չէինք կարում ծերը ծերին գցի, դոխտուրի ու դեղի փողը ո՞րդիան էր, ինչ իմ նաչար փեսեն սալդատ չէր գնացել, էլի քչից-շատից…

– Լավ, լավ, – կտրեց պառավի խոսքը Խանբեգյանը, զգալով, որ նրա պատմո՛ւթյունը երկար է լինելու: – Հիմի ասա, ինչի՞ ես եկել ինձ մոտ, – հարցրեց նա, շատ լավ իմանալով, որ եկել էր օգնություն խնդրելու:

– Ասեմ, աղա ջան, ընչի եմ եկել: Գիդամ, որ սա իմ տեղը չի, համա ճարը կտրածր ի՛նչ չի անի: Էրեգ էլ, ըսօր էլ գնացի ձեր ուպրավլաուչի մոտ, որ մի քիչ փող տա, նաչարիս տանեմ հողին պահ տամ, ասեց, թե իբր ժալովնեն ստացել պրծել ահալա մի երեք մանեթ էլ էս գլխից ա տարել, ու դարդակ ճամփա դրեց: Ինչքան խնդրվեցի, ինչքան աղաչեցի, պաղատեցի, ասի՝ բա ընչկլի ե՞փ մեռելս տափին պտի մնա – ըսկի մի գրոշ էլ ա չհանեց, չտվեց: Հըմի, աղա ջան, ճարս կտրած, քե մոտ եմ եկել, ումիկս դու ես: Էն իմ խեղճ նաչարը – վա՛յ, քոռանա քու մերը, Նատո ջան, – որ ասես չէր հվանում ձեր էդ ուպրավլաուչուն, ասում էր փիս մարդ ա, համա քեզ, աղա ջան, շատ էր գովում, ասում էր, որ…

– Լավ, լավ, – հոնքերը տհաճությամբ կիտելով, շտապեց նորից ընդհատել պառավին Խանբեգյանը և, երեք ռուբլիանոց մի ծալծլած թղթադրամ դնելով նրա բուռը, ասաց. – գնա, եթե պակաս կլինի, դիմիր ֆաբրիկի բանվորներին ու բանվորուհիներին, երևի նրանք էլ մի-մի բան կտան իրենց ընկերուհու թաղման համար:

Պառավը դուռը բաց արավ, նայեց թղթադրամին, հետո Խանբեգյանին այնպիսի մի հայացքով, որ Խանբեդյանը քաջություն չունեցավ ընդունելու և երեսն ակամա շուռ տվավ: Այնուհետև պառավը մի թառանչ քաշեց, դարձավ ու սուս ու փուս դուրս գնաց:

«Շնորհակալություն չհայտնեց… և իրավունք ուներ», – ասաց Խանբեգյանն ինքն իրեն պառավի հանդիմանական հայացքի ազդեցության տակ, հետո, մտածելով, որ նա նախասենյակում կարող էր որևէ բան գողանալ, շտապով դուրս գնաց պառավի հետևից:

Պառավին վրա հասավ այն ժամանակ, երբ նա հագի լայն չուստերը շլմփացնելով մեկ-մեկ չափում էր սանդուղքի մարմարե աստիճանները, ախ ու վիշով ցած իջնելով: Իր փոքրիկ մարմնով, կորացած մեջքով նա այնքան խղճալի էր թվում վերևից, որ Խանբեդյանը քիչ մնաց ետ կանչեր նրան իր տված երեք ռուբլուն մի քանի ռուբլի էլ ավելացնելու, բայց հետո մտածեց. «Չէ, վատ կսովորի», և ուզում էր ներս մտնել, երբ հանկարծ լսվեց դռան զանգակի ձայնը: Նա կանգ առավ և սպասում էր, թե ո՛վ կլինի:

Աղախինը դուրս եկավ և վազեց ներքև դուռը բանալու: Մի րոպեից հետո նա սկսեց վերև վազել մի նամակ ձեռքին:

«Վերջապես», – բացականեց մտքումը Խանբեդյանը և զգաց, որ հանկարծ մի տարօրինակ դող բռնեց իր ամբողջ մարմինը: «Այո՞, թե ոչ, այո՞, թե ոչ» – գրամեքենայի պես սկսեց թրխկթրխկացնել նրա գանգում ուղեղը:

Նա շտապով պատռեց ծրարը և ձեռքերը դողալուց մի անգամից չկարողացավ նամակը հանել միջից:

Նամակի մեջ գրված էր միայն մի բառ. «Այո»: Ոչ թիվ, ոչ ստորագրություն – ոչինչ չկար:

Խանբեգյանը ակամա ժպտաց, նամակի թուղթը կամացուկ խփեց աղախնի քթին, պատանու աշխույժով կրնկի վրա շուռ եկավ, որ ներս մտնի, բայց հանկարծ, լուրջ դեմք առած, դարձավ աղախնուն և ասաց.

– Դունյա, շուտ, վազիր այն պառավի հետևից, ետ կան չիր և բեր ինձ մոտ:

Դունյան ներքև վազեց:

Խանբեգյանը վերադարձավ առանձնասենյակ, նստեց գրասեղանի մոտ, նամակը դրեց առջևը և աչքը չէր հեռացնում կախարդական «Այո» – ից: Նամակի թղթից հոտավետ օծանելիքի սուր բուրմունք էր խփում նրա քթին: Սիրտը սաստիկ բաբախում էր, կարծես կուրծքը ծիտ էր մտել և թըրթըռում էր այնտեղ:

Աղախնու ուղեկցությամբ պառավը մտավ, կուչ եկավ առաջվա տեղը, դռան մոտ, և իր լացակում աչքերը հարցական հայացքով տնկեց Խանբեգյանի երեսին:

Խանբեգյանը դուրս քաշեց գրասեղանի գզրոցը, միջից հանեց մի ծալ թղթադրամներ և, առանց իմանալու, թե որքան էր, տվավ նրան:

– Էն տվածս քիչ էր, – ասաց նա, – առ էս էլ, հիմի, կարծում եմ, բավական կլինի:

Պառավն, ըստ երևույթին, իր ամբողջ կյանքում այդքան փող չէր տեսել իր ձեռքին: Սկզբում չհավատաց իր աչքերին, շուտ-շուտ ձեռքի ափը բաց էր անում, նայում փողերին, նորից խփում, նորից բաց անում, հետո հանկարծ մոտեցավ Խանբեդյանին, ուզեց չոքել նրա առջև և համբուրել նրա ձեռքը, բայց Խանբեգյանը շտապով ետ ու ետ քաշվեց, ակամա տհաճություն զգալով նրա ձեռքի շոշափումից:

– Գնա, գնա, մայրիկ, – ասաց նա մեղմորեն և իսկույն մտածեց, որ իր տարիքին ավելի շուտ «քույրիկ» ասելը կսազեր. ինձ շնորհակալություն հարկավոր չէ:

– Վո՛ւյ, ո՞նց շնորհակալ չըլեմ, աղա ջան, – բացականչեց պառավը, – դու որ իմ խեղճ նաչարին տափի վրա չթողիր… Վույ, քու արևը շատ ապրի, աղա ջան, ինչքան որ պակսեց իմ նաչարից, էնքան օր…

– Дуня, выведи ее, – պատվիրեց Խանբեգյանն աղախնուն, որը զարմացած դիտում էր իրեն անհասկանալի և այդ տան մեջ տարօրինակ տեսարանը:

Խանբեգյանն ուզում էր կարելույն չափ շուտ ազատվել այդ կպչուն պառավից, որպեսզի նստի և մի լավ մտածի այն խենթացնելու չափ երանավետ օրերի մասին, որ իր հետևից բերելու էր «Այո» – ն:

Դունյան բռնեց պառավի թևից և դուրս տարավ:

Türler ve etiketler

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
36 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467031
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: