Kitabı oku: «Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր», sayfa 10

Yazı tipi:

Դ

Եվ ճամպազ Գևոն օր մըն ալ ինք չարաչար և աննախնթաց կերպով խաբվեցավ և այդ խաբվիլը ճակատագրական դարձավ իր կյանքին համար։

Ամեն վարպետին վարպետը կա. Գևոյին վարպետը երևան ելավ։

Տիգրանակերտեն ճամպազ Ֆիրիկը Խարբերդ բերած էր ձի մը և հանած էր շուկայի մեծ հրապարակը։

Գևոն գործի վրա է։

– Օվի՛կ եկուր տեսնամ, Ֆիրիկին թեք մը պիտի նետեմ։ Խըրը դուրս հանե։ – Եվ իբրև վերջին հրահանգ, ավելցուց. – Աչքին ուշադրություն դարձուր։

Օվիկը պետք էր աչքին ուշադրություն դարձներ՝ Խըրին մեկ աչքը քոռ էր։

Ֆիրիկն ու Գևոն մոտեցան իրարու։

– Ալիդ խոսք չի կա, – սկսավ Գևոն։

Իսկապես Ալը նշանավոր ձի էր, բարձր, աղջկա նման կուրծքով և արսլանի նման վզի բռնվածքով, մեկ ոտքը ճերմակ, իսկ մնացածները կարմիր, ճակատին վրա ալ հավկթաձև փոքրիկ սպիտակ մը, ականջները փոքր, բաշը ջրվեժի նման ծփո՜ւն, խրոխտ, ասպետական և ազնվական ըլլալու բոլոր նշաններով։

– Քու Խըրդ ալ շատ դիմացկուն է, – պատասխանեց Ֆիրիկը։

Երկուքն ալ կարճ կը խոսեին զգուշությամբ, հազար կը չափեին, մեկ կ՚արտասանեին։

Օվիկը զբաղված էր Խըրը դարձնելով աջեն ձախ, ձախեն ալ աջ՝ նայած Ֆիրիկի ըրած շարժումներուն։ Ֆիրիկը Խըրին աջ կողմը չպիտի տեսներ. ահա՛ Օվիկի մտահոգությունը։

Օվիկը իր վերջին գովեստն պիտի ստանար և Գևոյի կողմե պիտի հռչակվեր վարպետ։

Գևոն այնքան միամիտ չէր չմտածելու, որ ինչո՛ւ Ֆիրիկը Ալը կը ծախեր, երբ ամեն կերպով անիկա ազնվական ճինսե ըլլալը հաստատելը դյուրին էր։ Վերջապես Գևոն գտավ, որ Ալին պոչի բռնվածքը լավ չէր, և Ֆիրիկը, սիրահար ըլլալով ամեն կերպով անարատ ձիու, կը ծախեր։

Գևոն երկու ոսկի տվավ Խըրին վրա և Ալին հետ փոխեց։

Ֆիրիկը Խըրը ծախեց Խարբերդի մեջ չորս ոսկիի և մեկնեցավ Տիգրանակերտ։ Ուրեմն Ալը ծախեց վեց ոսկիի։

Ֆիրիկը Օվիկի շարժումներեն հասկացավ, որ Խըրին մեկ աչքը քոռ էր և երբեք այն տեղերը չեղավ։ Գևոն կարծեց, որ Ֆիրիկը ոչինչ չնկատեց։

Վարպետին վարպետը կա։

Ֆիրիկը ավելի վարպետ էր։

Գևոն ինք հեծավ Ալին վրա և բերավ տուն։ Ախոռը մտած ատեն Ալին առջի ոտքը դպավ ախոռի սեմին։ Գևոն մտահոգվեցավ։ Գիշերը ամբողջ մտածեր և եկավ այն եզրակացության, որ «կերևա քի խամ տեղ էր, թեքերլեմիշ եղավ»։

Երկրորդ օրը կեսօրին դուրս հանեց ձին, հեծավ և ուղղվեցավ դեպի քաղաքեն դուրս։

Պատահեցավ առու մը, Ալը ուղիղ գնաց և կոխեց առուին մեջ, փոխանակ հեշտությամբ ցատկելու վրայեն։

Գևոյին սիրտը դող ինկավ։ Անմիջապես ցատկեց ձիեն և, գալով կենդանիին դեմը, ձեռքերու ահաբեկիչ շարժումներ ըրավ անոր աչքերուն առջև, ձին երբեք չցնցվեցավ։ Այն ատեն նշմարեց, որ Ալի աչքերուն մեջ լույսի թրթռումներ չի կային։

Ալը քոռ էր երկու աչքերեն։

Գևոն կոտրվավ։

Հեծավ ձին և ամենայն զգուշությամբ եկավ տուն, որպեսզի չըլլա թե ուրիշը նշմարե՝ ճանապարհին ինքնիրեն մրմնջելով.

– Գևո՛, խաբվար, հարա՛մ ըլլի ճամպազությունդ։

Տուն հասնելուն, ձին քաշեց ներս։ Չէր խոսեր։ Օվիկը մոտեցավ վարպետին, ինքն ալ վարպետ այլևս.

– Աղա՛, ի՞նչ կա քի, – հարցուց Օվիկը։

– Ալը քոռ է երկու աչքերեն, Օվիկ։ Տիարպեքիրցին լավ նետեց մեզի, աղեկ տոլապ էր։

Օվիկը գլուխը ծռեց և չխոսեցավ։

– Օվիկ, ուշանալ չըլլիր, Ալը վաղը պետք է քշենք, – հարեց Գևոն։

– Քշե՛նք, – պատասխանեց Օվիկը։

Երկրորդ օրը ամենայն հեշտությամբ ծախեցին Ալը թուրք սպայի մը։

Անցավ մեկ֊երկու շաբաթ։ Թուրք սպան Ալը ետ բերավ։ Այդ արաբական ազնիվ ձին տասը Օսմանյան ոսկիի ծախելու գաղտնիքը իմացված էր։

Թուրք սպան տասը ոսկին կուզեր։ Աղմուկ, իրարանցում։

Գևոն կը ջանար հաստատել, որ երկու շաբաթ անցած է, երևի գլխուն զարկեր են, իսկ անասնաբույժները հաստատեցին, որ Ալին քոռությունը տարիներու խնդիր էր։

Ալը զարմանալի կուրություն ուներ, աչքերը բաց էին, կանոնավորապես կը թարթեր, բայց լույս չի կար մեջը։ Ճերմակ չէր իջած վրան, ջուր չէր վազեր, մաքուր աչքեր ուներ, բայց չէր տեսներ։

Պախար քոռ էր։

Գևոն ընդդիմացավ և չուզեց տասը ոսկին ետ տալ։

– Աղա, – ըսավ Օվիկը, – տուր օր երթա, նորեն կը ծախենք։

– Չէ՛, չէ՛, Օվիկ, արդեն բոլոր տեղը ձայն գնաց, եթե առանց աղմուկի, սուս֊փուս բերեր ետ տար, կառնեի, մյուս օրն ալ կը ծախեի, – հառաչանքով պատասխանեց Գևոն։

– Ես կը տանիմ Սվազ, կը ծախեմ, կուգամ, – առաջարկեց Օվիկը։

– Ո՞վ մինչև Սվազ սոլուխ պիտի առնե, չեմ տար։

Թուրք սպան այդ օրը գնաց և պատվիրեց, որ մտածե և պատասխան տա իրեն մյուս օրը։

Օվիկը և Գևոյի կինը շատ խնդրեցին իրիկունը, բայց Գևոն չհամոզվեցավ։

Գևոյին օրհասը մոտեցեր էր։

Առավոտուն թուրք սպան եկավ, տասը ոսկին ուզեց, Գևոն վերջնականապես մերժեց։

– Ալ՛ սանա, – ըսավ սպան և ատրճանակի մեկ հարվածով գետին փռեց Գևոն իր տան դռան առջև։

Օվիկը փախավ։ Կինը դուրս ցատկեց ներսեն, բռնեց ճակատը, որ արյունը կանգնեցնե, բայց ճամպազ Գևոն չիկար, անիկա մեռեր էր անդարձ։

1921 թ.

Գավառական ողբերգություն

Նվեր Դ. Դեմիրճյանին

Բազիլիո– ․․․ Նախ մի թեթև շշուկ, որն անցնում է գետնի երեսով, ինչպես ծիծեռնակը մրրկից առաջ, pianissimo մրմնջում է ու թռչում և թունավորված հետք է թողնում իր ետևից։ Մի որևէ բերան ընդունում է այն և piano, piano սահեցնում է ճարպիկորեն ձեր ականջը։ Չարիքը կատարված է, նա ծլում է, սողոսկում ու ճանապարհ հարթում և, բերանից բերան, rinforsando տարածվում է։ Ապա, հանկարծ, չեմ իմանում ինչպես, մեկ էլ տեսար, բամբասանքը տնկվում է, փքվում, ուռչում, մեծանում արդեն տեսանելի ձևով, խոյանում է, զարգացնում իր թռիչքը, պտտվում, փաթաթում, պոկում, տանում, պայթում և որոտում և, շնորհիվ երկնքի, դառնում է ընդհանուր աղաղակ, հանրային crscendo, ատելության և հալածանքի մի համաշխարհային խմբերգ։ Ո՞ր սատանորդին կը դիմանա դրան։

ԲՈՄԱՐՇԵ
«Սևիլյան սափրիչ», Բ արարված, VIII պատկեր

Ա

Խամբուրենց Հաջի աղան մի առավոտ, տնից դուրս գալուց հետո, փոխանակ քայլելու Մեմեդ Փաշայի պարտեզի առջևով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատի տակով՝ դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ, հազիվ հիսուն քայլ, իր խանութը, ինչպես արել էր երեսուն և հինգ տարի, իբրև անխախտ օրենք, – Մեմեդ Փաշայի պարտեզի առաջից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, հետո՝ Զինանոցի առաջով իջավ Մեծ հրապարակը և այնտեղից էլ խանութը։

Բոշայենց փողոցում, ինչպես եղավ, Հաջի աղան մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ, նայեց մի լուսամուտի և անցավ, դարձյալ գլուխը կախ, մինչև հասավ խանութը։

Երբ խանութի դուռը բաց արավ ներս մտավ, հանկարծ Հաջի աղան ինքն էլ անդրադարձավ իր արածի անսովորությանը և զարմացավ՝ ինչո՞ւ Բոշայենց փողոցից եկավ և ոչ թե ամեն օրվա ճանապարհով։ Չկարողանալով որևէ պատճառաբանություն գտնել, քթի տակեն թեթև ծիծաղեց, կես սպիտակացած բեղը շոյեց և սկսեց բաց անել խանութի փեղկերը։

Երեսուն և հինգ տարի անցած չլինելով Բոշայենց փողոցից, Հաջի աղային բոլորովին անծանոթ էր, թե ինչ փոփոխություններ էին տեղի ունեցել այդտեղ, ո՛վ էր հեռացել այնտեղից և ո՛վ էր փոխադրվել այնտեղ։

Մինչդեռ Հաջի աղան, ըստ ամենօրյա սովորության, հաճախորդներին էր սպասարկում, Բոշայենց փողոցում ծնունդ էր առնում մի դեպք։ Երբ Հաջի աղան Բոշայենց փողոցում մեջքն ուղղեց, գլուխը վեր առավ և նայեց մի լուսամուտի, հենց այդ լուսամուտի դիմացը գտնված մի ուրիշ լուսամուտից մի կին տեսավ Հաջի աղային և, քաշվելով լուսամատից, ապշահար բացականչեց.

– Քա՜, է՞ս ինչ էր, հա՜ տեր Աստված…

Լսողները ավելի ապշահար, անմիջապես և ինքնաբերաբար, խաչակնքեցին և հարցրին.

– Ի՞նչ եղավ, Էլմա՛ս խաթուն։

Էլմաս խաթունը, առանց ուշադրություն դարձնելու իրեն եղած հարցումներին, շարունակեց.

– Տե՜ր, անուշիկ մայրի՛կ Աստվածածին, չհիշե՛ս մեր մեղքերը։

Էլմաս խաթունը, թևերը բանալով, կանգնեց սենյակի մեջտեղում և «ՏԵՐ ԶԻ ԲԱԶՈԻՄ»֊ից երկու տուն մրթմրթաց։

– Էլմաս խաթուն, ի՞նչ եղավ, քա՞, – հարց տվեց նրա ամուսնու եղբոր կինը։

– Չոջուխները դուրս հանեցեք, ըսեմ, – հայտարարեց Էլմաս խաթունը և խորհրդավոր շարունակեց. – Տեր Քրիստո՛ս, աղա՛, չհիշես մեր մեղքերը։

Երեխաներին անմիջապես դուրս հանեցին սենյակից և չորս հարս, ամենամեծը՝ Էլմաս խաթունը, նստեցին սենյակի անկյունի ջեջիմի վրա։

Էլմաս խաթունն սկսեց.

– Խամբուրենց Հաջի աղան մեր սոխախեն անցավ…

– Քա՛, ի՞նչ կըսես, – բացականչեցին մյուս հարսները, ավելի մոտենալով Էլմաս խաթունին, իսկ Էլմաս խաթունը շարունակեց․ – Կանգներ էր ու աչքերը տնկեր էր Աղքատենց հարսին։

Բոլորը միասին բացականչեցին.

– Քա՜…

– Աղքատենց հարսն ըլ, – շարունակեց Էլմաս խաթունը, – զահար գիտեր պռստվածը, փենջիրեին ետևն էր։

– Քա՜, մեղա՜․․․

– Հաջի աղայի պես մարդը որ ճամփուց ելավ, – շարունակեց Էլմաս խաթունը, – հա՛ տեր Աստված, խաչ հանեցեք։

Բ

Երբ երիտասարդ ոսկերիչ Տիգրանն ապրում էր ուրիշ թաղում, նրան անվանում էին ղույումճի Տիգրան, բայց երբ ամուսնացավ և իր խնայած գումարով տուն մը գնեց Բոշայենց փողոցում, որը մի քիչ ավելի բարձր տեղ էր համարվում, Բոշայենց փողոցի բնակիչները Տիգրանին չներեցին այդ բարձրացումը և սկսեցին նրան «Աղքատենց» անվանել, իբրև արհամարհանք։

Տիգրանն ամուսնացավ մի թշվառ, բայց գեղեցիկ աղջկա հետ։ Նրա անունը Փայլուն էր, և բոլորը միաբերան ասում էին.

– Ինքն էլ անունին պես է, փայլուն, արևի կըլմանի։

Փայլունի ծնողները մի շաբաթվա մեջ, իրարից յոթն օրվա տարբերությամբ, մեռան․ պարտատերերը ոչինչ չթողեցին տանը, քաշեցին տարան և վաճառեցին նոր պարտքերի դիմաց, Փայլունը մնաց կատարելապես թշվառ։ Այդ օրերին էր, ծնողների մահից հազիվ քառասուն օր անց, ոսկերիչ Տիգրանը, առանց որևէ մի ուրիշի միջնորդության, գնաց Փայլունի մոտ, խնդրեց նրա ձեռքը։ Թշվառ աղջիկը, հուսահատ և ահաբեկված, բռնեց ոսկերիչի ձեռքը ու առանց տատանման գնաց նրա հետ։ Ամուսնությունից երկու ամիս հետո էր, որ Տիգրանը գնեց Բոշայենց փողոցի տունը և մոտ մի տարի էր, որ ապրում էր այդ տանը Փայլունի հետ, խաղաղությամբ և սիրով։

Այն առավոտ, երբ Խամբուրենց Հաջի աղան անցավ Բոշայենց փողոցից և ոսկերիչ Տիգրանի դռան առաջ կանգ առավ, նայեց լուսամուտին, Փայլունը տանը չէր։ Հաջի աղայից կես ժամ առաջ Փայլունը Տիգրանի հետ դուրս էր եկել, միասին գնացել էին Տիգրանի հորաքրոջ տունը։ Տիգրանը և Փայլունը կեսօրվա ճաշին հրավիրված էին։ Հորաքույրը խնդրել էր Տիգրանից, որ Փայլունին առավոտվանից բերի իրենց տունը, ինքն էլ մինչև կեսօրին խանութը փակի ու գա։ Տիգրանն այդպես արավ։

Ուրեմն, երբ Խամբուրենց Հաջի աղան կանգ առավ Բոշայենց փողոցում և նայեց ոսկերիչ Տիգրանի լուսամուտին, տանը ոչ ոք չկար, բայց Էլմաս խաթունին թվացել էր, որ մի ստվեր կար «փենջիրեին ետևը», և այդ ստվերը պետք է որ լիներ մանկամարդ հարսի ստվերը։

Էլմաս խաթունը և նրանից փոքր երկու հարսները, տան մաքրությունը և ճաշի պատրաստությունը թողնելով ամենափոքր հարսին, լաչերը նետեցին գլխները և դուրս եկան տնից, ամեն մեկը՝ տարբեր ուղղությամբ։

Էլմաս խաթունը, հիսուն քայլ հեռու, հենց նույն Բոշայենց փողոցում, մտավ մի տուն, և սկսեց.

– Քա՜, Լուսնթագ խաթուն, լսե՞ր ես ի՜նչ է եղեր։

Լուսնթագ խաթունը, բամբասանքի ծարավից տոչորված, անմիջապես գործը թողեց և երեխաների հանդեպ զայրացած, բացականչեց.

– Քա՛, փիճերս կթողո՞ւն, որ ոտքս դուրս դնիմ ու բան մի լսիմ, ըսե՛, ի՞նչ է եղեր։

– Խամբուրենց Հաջաղան մեր սոխախեն անցավ։

– Քա՛… – ապշեց Լուսնթագ խաթունը։

Էլմաս խաթունը վրա տվեց.

– Աչքերը ձգեր էր Աղքատենց հարսին։

– Փայլունի՞ն։

– Պռստվածին։ Փենջիրեին ետևն էր։

– Դահա տարի մի չիկա կարգվիլը, էդ ի՞նչ շուտ էրկանը ծոցեն դուրս թռավ, – արձագանքեց Լուսնթագ խաթունը։

– Դուն էս կըսես, յա Հաջի աղա՞ն, ճերմակ մազերեն չամչընա՞ր, – շարունակեց Էլմաս խաթունը։

– Ամա՜ն, ամա՜ն ժամանակը փոխվեր է, – ասաց Լուսնթագ խաթունը և ապշահար կանգնեց, ձեռքերը ծալելով փորի վրա։

Էլմաս խաթունը երկար չարավ, դուրս ելավ, քայլեց, դարձավ առաջին անկյունը և մտավ մի ուրիշ տուն։

– Թերեզա խաթուն, լսե՞ր ես։

– Չէ՜։

– Քա՛, դեվեին անկճին մե՞ջ ես քնացել, ի՞նչ է։

– Թե՜զ ըսե, Էլմաս խաթուն, հիմա կճաթիմ։

– Խամբուրենց Հաջի աղան․․․

– Էս ի՞նչ օրի հասանք, – բացականչեց Թերեզա խաթունը։

Էլմաս խաթունը շարունակեց թափառումը։ Թերեզա խաթունը, մնալով մենակ, նորից բացականչեց.

– Հիմիկվան հարսները, վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ․․․

Էլմաս խաթունը մտավ երրորդի, չորրորդի և դեռևս տասներորդի դուռը, հաղորդեց սարսափելի լուրը և հազիվ ճաշին տուն հասավ բոլորովին հոգնած։

Մյուս հարսներն էլ իրենց կարգին մտել էին զանազան դռներ և դուրս եկել։ Նրանցից լուր ունեցողներն էլ իրենց կարգին մտել էին ուրիշ դռներ։

– Քա՛, չե՞ս լսեր, Բոշայենց փողոցը․․․

– Ե՞րբ։

– Այս առավոտ…

Գ

Յուրաքանչյուր լսող ուրիշին պատմել էր մի քիչ այլ բովանդակությամբ, այնպես որ՝ երեկոյան, երբ կանայք հաղորդեցին Բոշայենց փողոցի պատահած արտակարգ դեպքը իրենց ամուսիններին, ստացել էր հետևյալ բովանդակությունը. տեսել էին Խամբուրենց Հաջի աղային երիտասարդ ոսկերիչ Տիգրանի տնից դուրս ելնելիս և տեսել էին նաև, որ մանկամարդ հարսը նրա ետևից կամացուկ դուռը փակել է։

Դ

Հաջորդ առավոտ, խաղաղ և արևոտ մի մայիսյան առավոտ, երբ Թանկագին խաթունը մեծ մաղն ամբողջ վարդ լցրած պարտեզից տան բակն էր մտնում, լսեց սարսափելի լուրը։ Թանկագին խաթունի ոտները կքոտեցին. մաղը ձեռքից նետեց, որի վարդերը թափվեցին սալահատակի վրա, հազիվ կարողացավ ձեռքը երկարել պատի վրայի ցցին և ազատվել գետին փռվելուց։

Թանկագին խաթունը Հաջի աղայի կնոջ՝ Մեմիկ խաթունի քույրն էր։

– Ուրկի՞ց լսեցիր, – կարկամելով, հարց տվեց Թանկագին խաթունը։

– Սաղ քաղաքը կխոսա, քա՛…

Մոտ կես ժամ անցավ, երբ Թանկագին խաթունը կարողացավ գտնել իր սառնասրտությունը։ Երբ գտավ սառնասրտությունը, շալը քաշեց գլխին և վազեց քրոջ մոտ։

Ներս մտավ֊չմտավ՝ բացականչեց.

– Ամա՜ն, քո՛ւրս, էս ի՞նչ բան էր լսեցի, ականճս էրվավ։

Մեմիկ խաթունն այլայլվեց։

– Քա՛, Թանկո՛ւկ, ի՞նչ կըսես։

– Ամա՜ն, Մեմի՛կս, աշխարհք չմտնեիր…

Մեմիկ խաթունի մտքից չէր անցնում, որ քրոջ լսածը կարող էր որևէ կերպ առնչություն ունենալ իր երկարամյա ամուսնական կապի հետ. ունեցել էր աղջիկ զավակ, ամուսնացրել և արդեն մի թոռնիկի էլ տեր։

– Վրաս մարելիք կուլգա, շո՛ւտ ըսե, – խնդրեց Մեմիկ խաթունը՝ ամբողջ մարմնով դողալով։

Թանկագին խաթունը չէր կարող սկսել, դառնում էր սենյակում, ձեռքերը տրորելով։

– Սաղ քաղաքը կրակ է կտրեր, քո՛րս։

– Քա ըսե՛։

– Մեր փեսային հեչ ատանկ բան չէի սպասեր, վայ գլխո՛ւս։

Մեմիկ խաթունի համբերությունը հատավ.

– Թեզ ըսե, չէնե մեծ ձայնս կհանիմ, հա՜։

Թանկագին խաթունը պատմեց եղելությունը։

– Քա՛, վո՜ւյ… – ճչաց Մեմիկ խաթունը և ընկավ թախտին։

Թանկագին խաթունը գրկեց նրան, նստեցրեց։

– Շիտա՛կ ըսիր, քո՛րս, աշխարհք չմտնեի բարով, ոտքս կոտրեր՝ ժամ չերթայի ու չպսակվեի, վայ գլխո՜ւս, վայ գլխո՜ւս․․․

Երկու քույր իրար գրկած, արցունքները խառնելով իրար, երկար լաց եղան։

Թանկագին խաթունի պատմածն արդեն բավականին տարբեր էր։ Նախ՝ Հաջի աղան ոչ միայն առաջին անգամ էր անցել Բոշայենց փողոցից, այլ շատ անգամներ, երկրորդ՝ երբ Հաջի աղան դուրս էր եկել ոսկերիչ Տիգրանի տնից, Փայլունը նրա վզովը փաթաթված է եղել, երրորդ՝ փողոցում, երբ երեխաները տեսել են Հաջի աղային այդ վիճակում, ընկել են նրա ետևը, եուհա՜ կանչել և, խայտառակելով, հասցրել մինչև խանութ։

Ե

Հաջի աղան, ըստ տարիների սովորության, երեկոները փակում էր խանութը, բանալին կողպեքի մեջ վերջին անգամ դարձնելուց հետո, խաչակնքում էր երեսը, հետո, ըստ տարիների սովորության, հազում, կոկորդը մաքրում, ֆեսի դրվածքն ստուգում և սկսում քայլել։ Քայլելիս՝ գլուխը կախում էր, մտքում ունենալով օրվա անհաջող առևտուրներից մեկը։ Նա անցնում էր միևնույն փողոցով, խանութից Հրապարակը, Հրապարակից Հին Ժամի պատի տակով Փոքր Աղբյուրի կողքով, Մեմեդ Փաշայի պարտեզի առաջով՝ տուն։ Տան դռան առաջ, ըստ տարիների սովորության, մի պահ կանգ էր առնում, մի սիգարեթ փաթաթում, վառում, քաշում, մեկ՝ փողոցի վերն է նայում, մեկ՝ վար, բարևներ էր ընդունում, բարևներ տալիս, ըստ տարիների սովորության, դուռը թակում երեք անգամ։ Կինն անմիջապես բախման հարվածների թվից և ուժգնությունից իմանում էր, որ Հաջի աղան է, վազում էր, բաց անում դուռը և, ժպտալով, մեղմորեն շշնջում․

– Քա՜, Հաջաղա՞։

Հաջի աղան էլ՝

– Մեմի՞կ։

Հաջի աղան հանում էր կրկնակոշիկը։ Նա հագնում էր կրկնակոշիկը ամառն էլ, ձմեռն էլ։ Ապա բարձրանում էր, որ կինը, ըստ տարիների սովորության, բերի մի փոքրիկ սինու վրա դրած 50 գրամ օղի և մի փոքրիկ պնակ թթու։ 50 գրամ օղին խմելը տևում էր ավելի քան մի ժամ․ խմում էր պուտ֊պուտ, յուրաքանչյուր կաթիլն ըմբոշխնելով։ Հետո Մեմիկ խաթունը բերում էր ճաշը և միասին ուտում էին։ Ճաշի ժամանակ Հաջի աղան անպայման մի փոքրիկ պատմություն կպատմեր օրվա առևտրից, պատմություն, որ նախորդ օրվա պատմությունից հազիվ մազաչափ տարբերություն կունենար, բայց կինն ունկնդրում էր իբրև բոլորովին նոր պատմություն։

Այս բոլորը կատարվում էր երեսուն և հինգ տարուց ի վեր անխախտ միօրինակությամբ, և եթե մի որևէ կետ փոխվեր այս բոլորի մեջ, նման կլիներ այն բանին, որ մի առավոտ, հանկարծ, մարդիկ տեսնեին մի շենքի ճակատի քարերի, լուսամուտների և դռան բոլորովին այլ դասավորություն։

Զ

Բոշայենց փողոցից անցնելու հաջորդ օրվա երեկոյան, երբ Հաջի աղան փակեց խանութի փեղկերը, դուրս ելավ և դուռը վրա բերեց և կախեց կողպեքը, կարծես օդում տարօրինակություն զգաց․ անցնող մարդկանցից մի քանիսը զարմանալի, բոլորովին անսովոր նայվածքներ նետեցին նրան։ Այնուամենայնիվ, Հաջի աղան բանալին կոխեց կողպեքի մեջ, դարձրեց և, դուրս քաշելուց հետո, ըստ տարիների սովորության, ֆեսի ստուգումը արավ, և գլուխը կախելով, սկսեց քայլել։ Հրապարակից անցնելիս մի անգամ գլուխը վեր առավ և նայեց։ Հաջի աղայի համար պարզ եղավ այլևս, որ մարդիկ իրեն նայում էին տարօրինակ հետաքրքրությամբ։

«Տունը բան մը պատահած չըլլի՞», – հարցրեց նա իր մտքում և քայլերը արագացրեց։

Քայլերի արագացնելը խախտումն էր տարիների օրինաչափության, և տեսնողները նշեցին այդ իրենց մտքում։ Ժամի պատերի տակով անցնելիս Հաջի աղան մի անգամ ևս գլուխը վեր առավ և չորս կողմը նայեց։ Այս անգամ նա զգաց, որ մինչև անգամ եկեղեցի աճապարող կանայք քողերի տակից իրեն էին նայում անսովոր նայվածքներով։

– Աճայի՜բ… – մռթմռթաց Հաջի աղան և քայլերն ավելի արագացրեց։

Մինչև տուն նա հանդիպեց շատ տարօրինակ նայվածքների։

Մինչև անգամ կարծես մի խոսք նետեցին իրեն։ Հաջի աղան թեև չհասկացավ, բայց զգաց, թե այդ խոսքը ինչ֊որ կշտամբանքի շեշտ էր կրում իր հասցեին։

Հաջի աղան, վերջապես, հասավ տան դուռը։ Ըստ տարիների սովորության, կանգ չառավ դռան առաջ և սիգարեթ չփաթաթեց, այլ ուղիղ թակեց դուռը։ Ըստ տարիների սովորության, նա պետք է թակեր երեք անգամ, բայց թակեց երեք անգամից ավելի, մի գործողություն, որ կատարվեց անգիտակցորեն, իբրև արդյունք ջղային տրամադրության։

Երբ դուռր թակեց երեք անգամից ավելի, Մեմիկ խաթունը կարևորություն չընծայեց, քանի որ չէր կարող Հաջի աղան լինել, մի քիչ ուշ էլ կարող էր բաց անել, բայց Հաջի աղան դրսում ապշեց և մինչև անգամ սարսափեց։

«Ի՞նչ է եղել, որ դուռն էլ չեն բանար», – շշնջաց նա և, անհամբերությամբ և իրեն համար անսովոր անձկությամբ, նորից թակեց։

– Էն ո՞վ է, քա՜, – սրտնեղեց Մեմիկ խաթունը, դանդաղորեն շարժվեց դուռը բաց անելու։

Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային, ապշությամբ ճչաց.

– Քա՛, Հաջաղա՞…

Հաջի աղան ևս ապշեց և աճապարանքով, կարծես դրսից մեկը հրեր, ընկավ ներս։

– Մեմի՞կ։

Ձայնը Հաջի աղայինը չէր, կորցրել էր բնական շեշտը, դողում էր։

Մեմիկ խաթունի լեզուն էլ փաթաթվեց, չկարողացավ անմիջապես պատասխանել և, հազիվ կռնակը տալով պատին, ապուշացած աչքերով քարացավ։

Այր ու կին երկար իրար երես նայեցին, կարծես ուզում էին իրար ճանաչել։

– Գնա՛, վե՛ր գնա, – հանկարծ շշնջաց Մեմիկ խաթունը։

Հաջի աղան, դողդոջուն, բայց արագ քայլերով վեր բարձրացավ, կարծելով թե ինչ որ պատահել է՝ այնտեղ պիտի տեսնի, բայց սենյակում ոչինչ չկար, ամեն օրվա սենյակը, ամեն ինչ իր տեղում։

Մի քիչ հանգստացավ և, նստելով անկյունը դրված և արևելյան գորգերով ծածկված թախտի վրա, սպասեց, որ, ըստ տարիների սովորության, կինը բերի սինին, վրան 50 գրամ օղի և մի պնակ թթու։

Բավական սպասեց։ Կինը չերևաց։

«Ջանըմ, բան մի կա», – ասաց Հաջի աղան մտքում և մոտենալով սենյակի դռանը, կանչեց․

– Մեմի՛կ․․․

Մեմիկ խաթունը երևաց սանդուղների վրա, սինին ձեռքը։

Ըստ տարիների սովորության, Մեմիկ խաթունը պետք է նստեր Հաջի աղայի կողքին և օրվա առևտրի մասին մի պատմություն լսեր։ Նստեց, բայց Հաջի աղան, հակառակ տարիների սովորության, չպատմեց։ Հանկարծ ջղային թակեցին տան դուռը։

Մեմիկ խաթունն անմիջապես ցատկեց և գնաց դուռը բաց անելու։ Նա լսեց, որ Հաջի աղան ինքնիրեն ասաց․

«Աճայի՛բ․․․»։

Մեմիկ խաթունը դուռը բաց արավ և հազիվ կարողացավ գրկել իր աղջկան, որ լալով ընկավ մոր գիրկը և բացականչեց․

– Մարի՜կ, չլսեի բարով․․․

Պարզ էր, որ աղջիկը ևս լսել էր հոր մասին եռացած բամբասանքը և վազել էր մոր մոտ։

Մայր ու աղջիկ, գրկելով իրար, լաց եղան։

Հաջի աղան լսեց լացի ձայնը, լսեց և սպասեց, բայց երբ տեսավ, որ ողբը չի դադարում, ինքն էլ իջավ ներքև։

Մայր ու աղջիկ ապշեցին, տեսնելով նրան, որովհետև շատ անգամ էր նա լացի ձայն լսել, բայց տեղիցը չէր շարժվել։

– Մեմի՛կ, Մայրանո՜ւշ, էս ի՞նչ է, – հարցրեց Հաջի աղան խուլ ձայնով։

Մայր ու աղջիկ լռություն պահեցին, սրբելով արցունքները։

Հաջի աղան ցասումով գոռաց․

– Հը՜…

Մայրանուշն սպասում էր, որ մայրը պայթեր և ամբողջ մաղձը թափեր հոր գլխին, բայց Մեմիկ խաթունը խոհեմություն համարեց առ այժմ ոչինչ ասել և տեղնուտեղը սուտ հնարեց.

– Փեսան Մայրանուշին վրա հաչեր֊մաչեր է։

– Աղե՛կ, – մռթմռթաց Հաջի աղան։

Այս մռթմռթոցը մայր ու աղջիկ թարգմանեցին՝ իբր թե Հաջի աղան հասկացավ, որ սուտ է։

Հաջի աղան շարունակեց.

– Էրիկ մարդ է, կհաչե ըլ, կսիրե ըլ, մենծ գործ մի դարձնեք, դուն էլ աղջկանդ ֆիթ մի տար։

– Հաջաղա՞, – կշտամբանքով բացականչեց Մեմիկ խաթունը։

Հաջի աղան, որ սկսել էր վեր բարձրանալ, ետ դարձավ և կտրուկ արտասանեց.

– Էրիկմարդ է։

Մայր ու աղջիկ լռեցին, որովհետև խեղճ փեսան հանցավոր չէր և լավ, որ Հաջի աղան այդպես էր մտածում, այլապես կարող էր փեսային բռնել և անպատվել։

Հաջի աղան վեր բարձրացավ, դեռևս ոտի վրա մի հատ օղի լցրեց, խմեց և մռթմռթաց.

– Հաչեր է… Մեկ ըլ կհաչե…

Նստեց։

Մեմիկ խաթունը ժամանակին ճաշը բերեց, բայց ինքը չկերավ։ Հաջի աղան վերագրեց այդ փեսայի վարմունքից առաջացած անտրամադրության և ոչինչ չասաց, միայն հարցրեց․

– Մայրանուշը գնա՞ց։

– Գնաց։

Մեմիկ խաթունը մի քանի անգամ ուզեց խոսք բաց անել և պարզել ամեն ինչ, բայց չհամարձակվեց։

Հանկարծ, լուսամուտի տակ, մի փողոցային տղա սուր կանչեց․

– Փայլո՜ւն…

Մեմիկ խաթունը լսեց, հասկացավ ու գունատվեց։

Փողոցային տղան նորից կանչեց ավելի սուր ձայնով.

– Աղջի Փայլո՜ւն…

Մեմիկ խաթունը, երկրորդ անգամ լսելիս՝ էլ չկարողացավ համբերել։

– Վո՜ւյ, անկաճ չունենայի՝ չլսեի, – ասաց և երեսն ի վար պառկեց գորգի վրա։

Հաջի աղան ոչինչ չհասկացավ, մինչև անգամ բառը լավ չէր լսել․ վեր վերցրեց կնոջը, ջուր խմցրեց և ասաց.

– Էս ի՞նչ է, բոլորդ ըլ սարսախցա՞ք։

Մեմիկ խաթունը լռեց և սրբեց արցունքները, ապա բավական ուժ զգաց՝ վեր կենալու, ընթրիքը հավաքելու և անկողինները փռելու։ Հաջի աղան էլ երեկոները շուտ էր պառկում, վեր կեցավ. մի ծունկ աղոթք արավ և քնեց, իսկ Մեմիկ խաթունը երկար աղոթեց։ Աղոթելուց հետո պառկեց, բայց չքնեց, նստեց անկողնում. ուզում էր իմանալ, թե Հաջի աղան որևէ բան կխոսի՞ քնի մեջ։ Մեկ հատիկ բառ բավական էր՝ ինքը հասներ հաստատ եզրակացության։

Հաջի աղան մինչև առավոտ քնեց առանց խոսելու և գրեթե առանց շարժվելու և առավոտյան էլ ճիշտ ժամին, ըստ տարիների սովորության, վեր կացավ, բայց խանութ գնալուց առաջ, հակառակ տարիների սովորության, երկու գավաթ օղի խմեց։ Մեմիկ խաթունը հիշեց, որ իրենց ամուսնությունից հետո դա մի անգամ էր միայն պատահել, մոտ տասը տարի առաջ և դա ունեցել էր իր հզոր պատճառը, որովհետև Հաջի աղան լուր էր ստացել, որ Ամերիկայում ապրող իր մեկ հատիկ քույրը վախճանվել էր։

«Ինչո՞ւ էս օր ըլ խմեց», – հարց տվեց Մեմիկ խաթունը իր մտքում, իբրև պատասխան իր աչքերի առաջ պատկերացնելով ոսկերիչ Տիգրանի երիտասարդ կինը՝ Փայլունը։

«Պռլստվա՛ծ», – ասաց մտքում և, ծայրահեղորեն չարացած՝ իջավ ներքև, անմիջապես շալը քաշեց գլխին և, պարտեզի դռնից դուրս ելնելով փողոցը, քայլեց դեպի վար։

Նա գաղտնորեն ուզում էր ստուգել, թե Հաջի աղան այսօր ո՞ր փողոցով պիտի գնար խանութ։

Հաջի աղան, ըստ տարիների սովորության, քալեց Մեմեդ Փաշայի պարտեզի առաջով, Փոքր Աղբյուրի կողքով, Հին Ժամի պատերի տակով դեպի Մեծ Հրապարակը և այնտեղից էլ՝ խանութը։

Բայց Հաջի աղայի այդ օրվա խանութ գնալը մի բանով տարբերվում էր տարիների սովորությունից, շուտ֊շուտ չորս կողմն էր նայում, կողքով անցնող մարդկանց էր դիտում, որովհետև, նախորդ օրվա պես, նա հանդիպեց տարօրինակ նայվածքների, այնքան տարօրինակ, որ մինչև անգամ ուզում էր բռնել մեկին և հարցնել պատճառը, բայց գերագույն ճիգով զսպեց իրեն։

Բաց արավ խանութը և սկսեց տնտղել ապրանքները, ծալեց, շոյեց և դրեց տեղերը և սպասեց հաճախորդի։ Հակառակ տարիների սովորության, ապրանքի հետ զբաղվելուց հաճույք չզգաց։ Ներս մտավ մի գյուղացի հաճախորդ, որի հետ Հաջի աղան սկսեց եռանդուն զբաղվել, սովորականից շատ ավելի ապրանք բաց արավ և թողեց, որ ընտրություն կատարի, ինքը նայեց դուրսը։ Նա ականատես եղավ չափազանց անսովոր մի երևույթի. մի քանի հոգի կանգնել էին խանութից մի քիչ հեռու, նրանցից մեկը մատով իրեն էր ցույց տալիս մյուսներին։ Հաջի աղայի աչքի տեսությունից կորսվեց գյուղացի հաճախորդը, ողջ խանութը մշուշվեց, բայց մի ցնցում անելով, վերադարձրեց տեսողության պայծառությունը և էլի սկսեց զբաղվել հաճախորդի հետ։

– Ապրա՜նք է, խոսք չուզեր, – արտասանեց մեքենայորեն։

Գյուղացու պատասխանը Հաջի աղան չլսեց, որովհետև ճիշտ այդ պահին քաղաքացիներից մեկը, որին Հաջի աղան լավ էր ճանաչում, – իրենից առևտուր անողներից էր, – եկավ կանգնեց խանութի առաջ և հեգնորեն և կշտամբանքով ասաց.

– Մաշալլա՜հ, Հաջի աղա՛, մաշալլա՜հ…

Հաջի աղան ուզում էր կանչել և հարցնել, թե ի՛նչ էր ուզում ասել, բայց դանդաղ վճռող մարդ էր. մինչև վճռեց քաղաքացին անցավ։

Հաջի աղան գյուղացու հետ այս անգամ կարճ կապեց։ Գյուղացին զարմացավ. մի րոպե առաջվա սիրալիրությունը ինչո՞ւ հանկարծակի փոխվեց։

– Ինչ որ կուզես՝ առ ու գնա, գլոխս մի՛ ցավցներ,― ասաց Հաջի աղան թթված, մի մարդ, որի գլուխը ոչ մի հաճախորդ չէր հաջողել ցավացնել։

– Քաղաքին մեջ ապրանք շատ կա, Հաջի աղա, – ասաց գյուղացին։

– Է՛հ, աղեկ որ կա, գնա՛ առ, – կոպտորեն պատասխանեց Հաջի աղան և սկսեց ապրանքը հավաքել։

Հաճախորդը հեռացավ։

Ապրանքը հավաքելիս՝ Հաջի աղան մեկ֊մեկ դուրս էր նայում։ Թեև իրեն դիտողներ չեղան, բայց սկսեց կարծել, որ ամեն մի անցնող մի անգամ ներս է նայում և ապա անց կենում։ Վերջին կտոր ապրանքը տեղն էր դնում, ներս մտավ Մարգար աղան։ Հաջի աղան չափազանց մտահոգվեց։ Այդ ժամին ինչո՞ւ Մարգար աղան իր խանութը պիտի գար։ Նա էլ այն մարդկանցից էր, որ անում էր այն, ինչ ոը տարիների ընթացքում անում էր։ Մարգար աղան տարիների ընթացքում այդ ժամին Հաջի աղայի խանութը ոտք չէր դրել։

Մարգար աղան ներս մտավ չմտավ, հարեց.

– Տեսնամ Հաջի աղայիս քեֆն ինտո՞ր է։

Հաջի աղան ոչինչ չպատասխանեց․ լեզուն վայրկենապես չորացավ, որովհետև մտածեց, որ Մարգար աղայի գալն էլ վերջին տարօրինակ երևույթների մի օղակ է։

– Կըսիմ Հաջի աղայիս քեֆն ինտո՞ր է,― կրկնեց Մարգար աղան։

Հաջի աղան կարծեց, որ դիմացինը հեգնում է իրեն։

– Ասվածդ կսիրես, հերիք է, Մարգար աղա, քեֆի վախտ չէ։

Մարգար աղան էլ ապշեց։ Նա ոչնչից լուր չուներ և զարմացավ, որ Հաջի աղային դուր չեկավ ոչ միայն իր հարց ու փորձը, այլև՝ ներս մտնելը։

– Ի՞նչ է եղեր, մախմո՞ւր ես, – հարցրեց Մարգար աղան, այս անգամ կես հեգնանքով և ավելացրեց, – անկաճ մի՛ կախեր, քեֆ ըրե, ի՛նչ կուզեն ըսեն։

– Մարգար աղա՛, քըզի բան մի ըսի՞մ, – հարցրեց Հաջի աղան։

– Մեկ ըլ ըսե՛, երկուք ըլ ըսե՛։

– Չէ՛, միակ մեկ բան։

– Ըսե՛։

– Լեզվիդ տակն ի՞նչ կա։

– Ի՞նչ տըլլի, ջանըմ։

– Չէ՛, բան մի կա։

Մարգար աղան երդում արավ, որ լեզվի տակ ոչինչ կա։

– Սրտի՞դ մեջ ինչ կա, սրտի՛դ մեջ։

– Սրտիս մեջ ըլ բան չկա, Հաջի աղա։

Մարգար աղան նշմարեց, որ Հաջի աղան ապշահար դուրս է նայում։ Ինքն էլ նայեց։ Մի քանի հոգի, ֆեսները լկտիորեն ճակատների վրա իջեցրած, աչքերը կկոցած, նայում էին Հաջի աղային։ Բավական նայելուց հետո հեռացան, ինչ֊որ իրար հետ փսփսալով և քրքջալով։

– Մարգար աղա, – դողահար ձայնով հարեց Հաջի աղան, – էս ի՞նչ բան է։

– Ի՞նչը, Հաջի աղա։

– Բոլորը ինծի կնային։

– Ի՞նչ կըլլի, թող նային,

– Թող նայի՜ն, – երկարեց Հաջի աղան։

– Մարգար աղա, – սրտնեղած դարձավ Հաջի աղան, – չոչո՞ւխ ես, թե՞ էշ ես։

– Նե չոչուխ իմ, նե էշ իմ, հայվա՛ն, – վշտացած բացականչեց Մարգար աղան։

Տիրեց լռություն, Հաջի աղան մի ակնթարթում զգաստացավ և զգաց, որ ավելորդ հարց տվեց։

– Բան մըն էր, ըսի, ներե՛։

– Ինչ ներելու բան է, ես եկեր իմ քեֆդ կհարցնեմ, դուն ինծի ինչ կըսես, – պատասխանեց Մարգար աղան և լռությամբ հեռացավ խանութից։

Հաջի աղան եկավ այն եզրակացության, որ կոպիտ վարվեց Մարգար աղայի հետ, բայց, ի վերջո, համոզեց իրան, որ նրա լեզվի տակ մի բան կար և չասաց։ Սկսեց զբաղվել խանութի ապրանքներով մեծ ճիգով, ներքին հզոր պայքարով, որպեսզի դուրս չնայի։ Դարսած ապրանքները վերստին դասավորեց, բայց չկարողացավ ներքին բուռն ցանկությունը հաղթահարել և նորից դուրս նայեց։ Դրսում էլի մի քանի հոգի կանգնած էին և իրեն էին նայում, նայում էին տարօրինակորեն։ Տեսավ չի կարող ազատվել նայվածքներից՝ մի միտք հղացավ, փակել խանութը և գնալ տուն։

Այս անգամ զարմանալիորեն արագ վճռեց, արագ փակեց խանութը և սկսեց քայլել գլխիկոր։

Մեկը կողքից ասաց, բայց չլսեց.

– Հարսին քով կերթա։

Եվ հետևեց նրան։

Հաջի աղան, Հրապարակից անցնելուց հետո, սկսեց քայլել Հին Ժամի պատերի տակով և հանկարծ լսեց․

– Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Էլի ուշադրություն չդարձրեց այդ կանչերին, ինչպես երբ լսեց միևնույն կանչը իր տան լուսամուտի տակից.

– Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Ձայնը սուր էր և սարսափելի հեգնական։ Կանչողը միևնույն փողոցային պատանին էր, սև աչքերով, կարճ կտրված, ստևի նման ցցված մազերով։

Հաջի աղան շարունակեց քայլել։

Այս անգամ պատանին կտրեց նրա առաջը, երկու մատը կոխեց բերանը, զիլ սուլեց և կանչեց.

– Աղջի՛, Փայլո՜ւն․․․

Զարմանալի արագությամբ, ինչպես կայծակի մտրակը, որ կտրում֊անցնում է ողջ երկինքը մի ակնթարթում, Հաջի աղայի միտքը կապվեց այն կանչի հետ, որից կինը գրեթե ուշաթափվեց։

«Ուրեմն՝ այդ «աղջի Փայլունը» ինձ հետ կապ ունի», – մտածեց նա, բայց ոչինչ չհասկացավ, ընկավ տանջալից, մտածմունքի մեջ։

Երբ պատանին մի անգամ էլ կանչեց և փախավ, այլևս ոչ մի տարակույս չմնաց Հաջի աղայի հոգում։

Երբ կինը դուռը բաց արավ և տեսավ իր ամուսնուն, բացականչեց.

– Քա՛, Հաջաղա՞։

Հաջի աղան քշեց ներս։

– Հիվա՞նդ ես, – հարցրեց կինը։

– Չէ՛։

– Քա՛, ինչո՞ւ եկար տուն։

– Կնի՛կ, բան մի կըլլիմ, քաղաքը գլխուս կդառնա։

– Մարդ որ քառասուն տարվան չըրած բանն ընե՝ էդպես կըլլի։

– Ի՞նչ, – անձկագին հարց տվեց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը լռեց։

Հաջի աղան ետ դարձավ, սուր նայեց կնոջ աչքերին և հարցրեց.

– Լեզվիդ տակն ինչ կա նե՝ ըսե՛։

Մեմիկ խաթունը պատրաստված էր ամեն ինչ ասելու, բայց փողոցից մի խոսք լսեց և ամբողջովին այլայլվեց։

Փողոցից ասացին.

– Փայլունը քըզի կսպասե։

«Նորի՞ց Փայլուն անունը», – մտածեց Հաջի աղան, իսկ Մեմիկ խաթունը պիտի փռվեր գետին, եթե ամուսինը չբռներ նրան։

Հաջի աղան ոչ մի եզրակացության չէր կարող հանգել, որովհետև Փայլուն անունով ոչ ոքին չէր ճանաչում ողջ կյանքում և ողջ աշխարհում։

– Մեմի՛կ, ինչ կա նե՝ ըսե՛, – խեղճուկ ձայնով ասաց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը չկարողացավ խոսել, արցունքը խեղդեց նրան։

Հաջի աղան լուռ և գլխիկոր վեր բարձրացավ, երկու գավաթ օղի տնկեց և սկսեց երթևեկել սենյակում։ Ոչինչ չէր կարող գուշակել, հազար ու մի բաներ էր միտքը բերում, չափչփում, վերվար էր անում։ Ո՛չ մի կաթիլ լույս։ Երկար երթևեկելուց և մտածելուց հետո իջավ ներքև։ Կինը խոհանոցումն էր։ Մտավ ներս, տնկվեց կնոջ առաջ և հարեց.

– Մեմի՛կ, ըսե, ե՞ս եմ խելքս թռցրեր, թե՞ դուք։

– Դո՛ւն ես խելքդ թռցրեր։

Հաջի աղան քարացավ։ Այդպիսի պատասխանի չէր սպասում։ Հանկարծ բղավեց.

– Ինչ կա նե՝ ըսե՛․․․

Մեմիկ խաթունը լռեց։

Հաջի աղան զայրացավ, մոտեցավ կնոջը, բռնեց ուսերից և սպառնագին բղավեց.

– Ըսե՛, ըսե՛, ըսե՛…

Մեմիկ խաթունը պատմեց ինչ որ լսել էր։

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

– Մեմի՛կ, դուն կհավատա՞ս, – հարցրեց Հաջի աղան ամբողջովին գույնը գցած։

– Աչքերով տեսեր են։

– Ես քեզի կհարցնեմ՝ դուն կհավատա՞ս։

Մեմիկ խաթունը մտածեց. «Արդյոք այդ բոլորը կարող են սո՞ւտ լինել»։

Հաջի աղային աչքերը պատասխանի էին սպասում։

Մեմիկ խաթունը կրկնեց․

– Աչքերով տեսեր են։

Հաջի աղան լուռ դուրս եկավ խոհանոցից և բարձրացավ սենյակը։ Մեմիկ խաթունը ճիշտ ժամանակին ճաշը բերեց։ Հաջի աղան նստած էր անկյունը, թախտի վրա, և համրիչ էր քաշում։ Արտաքնապես չափազանց խաղաղ էր։ Մեմիկ խաթունը ճաշը դրեց առաջը և իջավ ներքև։ Հաջի աղան ճաշի վրա չնայեց, այնպես որ, երբ մի ժամ անց Մեմիկ խաթունը եկավ ճաշը հավաքելու՝ տեսավ որ ոչ մի ձեռք չէր դիպած ճաշին։

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
260 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467888
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: