Kitabı oku: «Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր», sayfa 9

Yazı tipi:

Գ

Մի առավոտ Ավետիս Ամուճան խանութը բաց անելիս նկատեց, որ Թումուճան Ախպարի խանութը փակ է։ Խանութի փակ լինելը տարօրինակ թվաց, որովհետև Թումուճան ախպարը միշտ իրենից առաջ էր խանութը բաց անում։ Մինչև կեսօր սպասեց, Թումուճան Ախպարի խանութը չբացվեց։

– Կերևա հիվընդցեր է, – մտածեց Ավետիս Ամուճան։

Բայց մինչև իրիկուն պարզվեց, որ Թումուճան Ախպարը խանութը չի բաց արել, որովհետև պսակվել է։

– Վա՛յ, շունշանորդի՛, – վա՜յ, – բացականչեց Ավետիս Ամուճան, երբ առաջին անգամ լուրն ստացավ։

– Ծո՛, մարդ կնիկ մը թաղե ու նորեն կարգվի՞… Ի՜նչ աշխարհք մնացինք։

Երկու օր հետո Թումուճան Ախպարը եկավ խանութ։

– Ի՞նչ ընեի, տանը մեջ մինակ՝ շվաքիս հետ կխաղայի՛․․․― պատճառաբանեց Թումուճան Ախպարը։

Ավետիս Ամուճան տարակուսանքով օրորեց գլուխը։

Այդ օրերից մեկում նա հանդիպեց մի ծանոթի։ Ծանոթը տեսավ, որ Ավետիս Ամուճան շատ տխուր է, ասաց.

– Է՜, Ավետի՛ս Ամուճա, շատ մի՛ մտմտա, դուն ըլ արդեն ծեր ես, ասկեց ետքը կնիկն ի՞նչ տ՚ենես։

Ավետիս Ամուճան պատասխանեց։

– Ծո՛, սարսախ, կնիկը վաթցունեն վերջը պետք է։

– Հա՞։ – Թումուճան Ախպարը կճանչնա՞ս։

– Հա՛, կճանչնամ։

– Իշտե վաթցունին վերջը կարգվավ մարդը։

– Եթե էդպես է, դո՛ւն ըլ կարգվիր, կնիկը կնիկ է, – խրատեց ծանոթը։

Ավետիս Ամուճան ցնցվեց.

– Կարգվի՞մ։

– Կարգվիր յա՜։

– Նոր կնիկ բերիմ, հա՞։

– Հա՛։

Ավետիս Ամուճային դուր եկավ այս խրատը, բայց երբ բաժանվեց և տուն գնաց, չկարողացավ մոռանալ։ Մի քանի օր հետո նա նորից հանդիպեց նույն ծանոթին փողոցում, կանգնեցրեց նրան և ասաց.

– Գիտե՞ս, դուն գլխուս մեջը ճրագ վառեցիր։

Ծանոթը մոռացել էր, գլխի չընկավ։

– Ի՞նչ կըսես, չի՛մ հասկնար։

– Ըսիր քի՝ նորեն կարգվիր։

– Հա յա՜, նորեն կըսիմ, նոր կնիկ ա՛ռ, նոր կնիկը ավելի քաղցր կ՚ըլլի։

– Ավելի քա՞ղցր։

– Յա՜…

Երբ Ավետիս Ամուճան Թումուճան Ախպարին հարցրեց, թե՝

– Նոր կնիկդ ինտո՞ր է։

Թումուճան Ախպարը պատասխանեց.

– Շեքերի պես։

Ավետիս Ամուճայի մտքում մեխվեց նորից ամուսնանալու գաղափարը։ Դրանից հետո նա զգալապես աշխուժացավ։ Երկար ժամանակ էր մորուքը չէր կտրել, գնաց և մաքուր սափրվեց և նոր, չուխայից շալվար կարել տվեց, մեկ֊մեկ սրճարաններում սկսեց երևալ և կիրակի օրերն էլ՝ ժամի բակը։

Նրան հաճախ տեսնում էին քաղաքի Վարի թաղը։ Սա բոլորովին անսովոր երևույթ էր։ Այդ թաղում նա ո՛չ ազգական ուներ, ո՛չ էլ բարեկամ։

Վարի թաղում մենակ, փոքրիկ և խարխուլ մի խրճիթում ապրում էր Թագուկ Տուտուն, մի այրի, որի ամուսնուն տարիներ, տարիներ առաջ Ավետիս Ամուճան ծանոթ էր եղել և պատահել էր մի քանի անգամ, որ Ավետիս Ամուճան նրա կնոջ ձեռքից օղի էր խմել, երբ նրանք ապրում էին Վարի թաղում։

Ավետիս Ամուճայի Վարի թաղում քսվռտվելու, ինչպես ասում էին, պատճառը Թագուկ Տուտուն էր, որին տեսել էր ժամից դուրս գալիս և հիշել, որ նրա ամուսինն ահա մի քանի տարի է, որ չկա։

Վարի թաղում մեկ֊երկու շաբաթ քսվռտվելուց հետո մի օր տեսավ Թագուկ Տուտուին խարխուլ խրճիթի դռան շեմքին կանգնած, ձեռքերը ծալած և գոգնոցի տակով դրած փորի վրա։

Ավետիս Ամուճան մոտեցավ նրան և հարցրեց.

– Հալըդ, վախտդ ինտո՞ր է։

– Հալ ու վախտ կհարցնե՞ս, հալ ու վա՞խտ է մնացել, – պատասխանեց Թագուկ Տուտուն և տխրորեն նայեց երկնքին, որ սկսել էր սևանալ անձրևով ծոցվորված ամպերով։

– Արզև տի գա։

– Թող գա, ի՞նչ զերեր։

– Տեներնիս ծակերն ըլ ըհը ամեն մեկը, – պատասխանեց Թագուկ Տուտուն, մատներով ցույց տալով կտուրի ճեղքերի չափը։

– Էդի հե՜չ, մեռնել է, ճա՞ր չիկա, ատոր ճարը կա, մեյ մը վեր ելլամ, նայիմ, – ասաց Ավետիս Ամուճան և ուղիղ քշեց դեպի կտուրի աստիճանները։ Մի ժամից ավելի նա չարչարվեց, փակեց ճեղքերը, ոտներով կոխկռտեց, ժրացրեց և իջավ ներքև, երբ արդեն անձրևի խոշոր կաթիլները սկսել էին թափվել երկնքից։

Թագուկ Տուտուն, խորապես զգացված այս բարեկամությունից, թույլ չտվեց, որ Ավետիս Ամուճան անմիջապես հեռանա, աթոռ տվեց, նստեցրեց և, բանալով պահարանը, նրան երկու բաժակ օղի հրամցրեց։

Ավետիս Ամուճան երկար ժամանակ էր, ինչ կնոջ հետ չէր խոսել, ուղղակի հեշտանք զգաց և ուզեց մի քիչ ավելի մնալ։

– Կուզիմ քիչ մըլ կենալ, տեսնամ պիտի կաթե՞, թե չէ, – ասաց և նայեց առաստաղին։

– Հա՜, աղեկ ըսիր, դուրսն ըլ արզևը կշռշռա։

Եվ Ավետիս Ամուճան նրան ասաց,

– Է՜հ, Թագուկ Տուտու, ես ըլ, դուն ըլ էս աշխարհքի մեջ մնացինք մինակ։

– Քա, ի՞նչ կըսես…

– Յա՜, Գուվարս մեռավ․․․

Եվ Թագուկ Տուտուն իր աչքերով տեսավ, որ այդ վաթսուն և հինգ տարեկան ծերունին, այդ կոպիտ մարդը մանկան նման լաց էր լինում իր մեռած կնոջ վրա։

Այդ իրողությունը խորը, խորը տպավորություն թողեց Թագուկ Տուտուի վրա և ինքն էլ ձայնակցեց լացին։

Հաջորդ առավոտյան Թագուկ Տուտուն բոլոր հարևանուհիներին պատմեց դեպքը և ասաց.

– Կնկա բախտն էլ էն է, որ էրիկմարդուն առաջը մեռնի, ինքը չի լա մարդուն վրա, մարդը լա իրեն վրա։

Այդ օրվանից Ավետիս Ամուճան հաճախ էր երևում Վարի թաղում և հատկապես Թագուկ Տուտուի խրճիթում։

Այն օրն անձրևը չէր կարողացել թափանցել Թագուկ Տուտուի կտուրը։

– Հեչ չպիտի թողում, որ կաթիլ մի վար գա, – վճռականորեն ասաց Ավետիս Ամուճան։

– Սաղ ըլլիս, Ավետիս Ամուճա, – պատասխանեց Թագուկ Տուտուն։

Երբ անձրևներից հետո ձյունը թափվեց, Ավետիս Ամուճան սկսեց գնալ և Թագուկ Տուտույի կտուրի ձյունը մաքրել։

Առաջին ձյունը երբ թափվեց և առավոտյան դեմ կտրվեց, Ավետիս Ամուճան գնաց Թագուկ Տուտույի տունը, առանց նրան լուր տալու բարձրացավ կտուրը, կտուրի աստիճանները դրսից էին, և սկսեց մաքրել ձյունը։ Թագուկ Տուտուն դեռ չէր զարթնել, հենց Ավետիս Ամուճայի՝ կտուրի վրա գնալ֊գալուց էլ զարթնեց։

– Քա, վո՞վ է տեները ելեր, ձոնը կմաքրե, – ասաց Թագուկ Տուտուն ինքնիրեն և դուրս ելավ։ [ էջ] – Ե՛ս իմ, Թագուկ Տուտո՛ւ։

– Քա՛, ի՜նչ նեղություն։

Ավետիս Ամուճան էլ չպատասխանեց և փայտե թիի կոթը փորին դրած՝ քշեց ձյունը դեպի փողոցը։

Թագուկ Տուտուն ներս եկավ։ Էլ նրա մեջ ո՛չ մի կասկած չմնաց, թե ինչ էր Ավետիս Ամուճայի միտքը։ Երբ Թագուկ Տուտուն եկավ այդ եզրակացության՝ խորը ուրախություն զգաց, նրան պաշարեց մի այնպիսի զգացում, որ ամուսնու մեռնելուց հետո չէր ունեցել։ Չհամբերեց, նորից դուրս եկավ և բարձր ձայնով կանչեց.

– Ավետիս Ամուճա՜, Ավետիս Ամուճա՜…

Ավետիս Ամուճան նորից եկավ կտրի ծայրը, կանգնեց և ցուցադրական ձևով քրտինքը սրբեց։

– Ավետիս Ամուճա խալըսելեն ետքը վար եկո՛, բան մը պիտի ըսեմ։

– Փե՛ք աղեկ, փե՛ք աղեկ, կուգամ։

Թագուկ Տուտուն պատրաստություն տեսավ, որ նրան նախաճաշ տա։

Քիչ անց Ավետիս Ամուճան հայտնվեց ներքևում։

– Քա՜, շնորհակալ եմ, ընծի համար նեղություն քաշեցիր։

– Բան մը չէ։

Թագուկը նորից նրան հրամցրեց երկու բաժակ օղի և ձվածեղ եփեց այս անգամ։

– Նեղություն մի քաշեր, Թագուկ Տուտու։

– Քա՜, նեղությունս ի՞նչ է, քըզի նման բարեկամի համար պարտականությունս է գառնուկ մորթել, ամա չունիմ։

– Մեկ խոսքդ հազար գառնուկ արժե, Թագո՛ւկ Տուտու, – ջերմագին ասաց Ավետիս Ամուճան։

Ձյունը մաքրելու օրերից մեկում, ձմռան կեսերին, Ավետիս Ամուճան Թագուկ Տուտուի առաջ բաց արավ իր սիրտը։

Եվ ձմռան կեսերին Թագուկ Տուտուն տանտեղ որոնող մի մարդու ծախեց իր խրճիթը, ինքն էլ փոխադրվեց Ավետիս Ամուճայի տունը, իբրև օրինավոր կինը՝ եկեղեցիով թագ ու պսակ եղած։ Թե Ավետիս Ամուճան ինչպես վերջացրեց այդ հարցը, ո՜չ ոք չիմացավ։

Ավետիս Ամուճայի համար սկսվեց նոր մի կյանք, ինչպես գիշերից հետո լուսաբացը, աշխույժ, ոգևորված և ուրախ։

– Աշխարհքն աղեկ բան է եղեր, ես չէի գիտեր, – ասում էր նա բոլորին։

Մի քանի օրվա րնթացքում Թագուկ Տուտուն վերականգնեց հին տունը, մաքրեց, դարսեց, լվաց, արդուկեց, կարկատեց։ Տան ամեն մի առարկան սկսեց ծիծաղել, ինչպես առաջ, ամաններն ստացան իրենց նախկին փայլը։

– Ամա՜ն, Թագուկս, հոգուդ ղուրբան ըլլիմ, դուն էզիյեթ մի՛ քաշեր, ե՛ս կենիմ։

Եվ շտապում էր նա օգնելու Թագուկ Տուտուին, չթողնելով որ, գեթ իր ներկայության, ամենաթեթև իրն անգամ վերցնի և տեղափոխի, այն մարդը, որ կես դարից քիչ պակաս ապրել էր մի ուրիշ կնոջ հետ և, ինչպես ասում են, մատը մատին չէր թաթխել։

Նրա թախիծին ծանոթները երբ հանդիպում էին նրան և չիմանալով, որ ամուսնացել է, զարմանում էին՝ տեսնելով նրա փոփոխությունը, հարց էին տալիս.

– Ի՞նչ եղավ, որ էսպես…

– Չե՜ս ըսեր՝ կարգվա։

– Հա՞։ Ինտո՞ր է։

– Խայմախի պես։

Ավետիս Ամուճան, թեև զգալիորեն կզած, բայց կարծես թռչկոտում էր, այնքան բարձր տրամադրության մեջ էր։

Երբ Թագուկ Տուտուն օղին բերում էր, դնում Ավետիս Ամուճայի առաջը, նստում կողքին և ասում՝ «Անուշ ըրե», Ավետիս Ամուճան իրեն զգում էր երջանկության յոթերորդ երկնքում, աճապարում էր իր թևի տակի կակուղ բարձը վերցնել և դնել Թագուկ Տուտուի կողքին, որ վրան հենվի։

– Կողերդ չցավի, մեղք ես, Թագո՛ւկս, – շշնջում էր նա։

Եվ ակնարկելով բարձի բրդին, ավելացնում էր.

– Լուսահոգին է չփխեր։ Հակառակ այնքան գուրգուրանքներին, Թագուկ Տուտուին դուր չէր գալիս, որ լուսահոգիի մասին մի բան էր ասում Ավետիս Ամուճան կամ որևէ առիթով հիշում էր նրան, թեև ոչինչ չէր ասում և ճիգ էր թափում ոչինչ ցույց չտար։ Ժամանակաի ընթարցքում Ավետիս Ամուճան գլխի ընկավ և այլևս չհիշեց և չխոսեց նրա մասին, և Գուվար Քորոն բոլորովին մոռացվեց այդ տանը։

Մի օր, գրեթե պատահաբար, Ավետիս Ամուճան հարցրեց Թագուկ Տուտուին,

– Ինչո՞ւ անպտուղ մնացիր։

Թագուկ Տուտուն չկարողացավ անմիջապես պատասխանել, աչքերը թացացան և ապա արցունքի խոշոր կաթիլներ կախվեցին նրա կոպերից.

– Լուսահոգին Ստամբոլ գացեր էր, կ՚ըսեին քի՝ հիվնդցեր է, – ի վերջո շշնջաց Թագուկ Տուտուն մռայլագույն թախիծով։

Ավետիս Ամուճան բռնեց նրա գլուխը և ասաց.

– Ընծի ըռաստ գայի՜ր…

Թագուկ Տուտուի աչքերը պայծառացան։

– Տղա մի, աղջիկ մի, էվել չէ, – շշնջաց նա։

– Հա՜, յա՜, – բացականչեց Ավետիս Ամուճան հպարտությամբ։

Մի օր Ավետիս Ամուճան տուն մտնելիս լսեց, որ Թագուկ Տուտուն ինքնիրեն գանգատվում էր. «Էս հավերն ըլ հոգիս հանեցին, քը՜շ, քը՜շ, քըշա՜ ա՜ …»։

Այդ օրվանից Ավետիս Ամուճան սկսեց հավերը մեկիկ֊մեկիկ մորթել։ Տասն և հինգ օր նրանք ամեն օր հավ կերան, որպեսզի վերջացնեն։

– Քա՜, մա՛րդ, – ասում էր Թագուկ Տուտուն, – մի՛ մորթեր, մեղք են։

– Դո՞ւն մեղք ես, թե հավերը, անոնց խե՛րն անիծեմ, – ասաց Ավետիս Ամուճան։

Հարևան կանայք, տեսնելով Ավետիս Ամուճայի գուրգուրանքը նոր կնոջ հանդեպ և հիշելով Գուվար Քորոյին, ասում էին.

– Անտե՜ր մնար Գուվարը, արևոտ օր չի տեսավ, հիմա կնկանը Թագուկ մըլ կըսե, Թագուկ մըլ բերն են կըյնի։

Եվ օրերը թռչում էին ուրախ։ Ավետիս Ամուճան այնքան երիտասարդություն էր զգում իր մեջ, որ խանութում մեկ աշխատանքի տեղը տասն էր անում։

Ժամանակի ընթացքում Թագուկ Տուտուն, որն սկզբում բավական տատանվել էր իր խրճիթը ծախելու և ճակատագիրը կապելու Ավետիս Ամուճայի հետ, գտավ, որ այդ չեչոտ և տափակ քթով, մազակալած ականջներով, մեծ բեղերով, ֆիզիկապես գրեթե այլանդակ մարդու մեջ կար ջերմագին մի սիրտ։

Երբ Թագուկ Տուտուն ձավար կամ այլ բան փռում էր կտուրը, որ չորանա, Ավետիս Ամուճան ժամերով նստում էր կտրի ծայրին, ծխում և հսկում, որ ճնճղուկներն ավերումներ չանեն։ Եվ դա անում էր ուրախ սրտով, առանց ջղայնանալու։ Իրերը շալակում էր, բարձրանում կտուրը, կտուրից վար բերում, էլի բարձրանում, էլի վար բերում, և՝ ո՛չ մի հոգնություն, ո՛չ մի սրտնեղություն։

Եթե պատահեր, որ Թագուկ Տուտուն բաժակը ջուր լցներ խմելու և մի ումպ կուլ տալուց հետո կանգ առներ, թե՝ տաքացել է, Ավետիս Ամուճան անմիջապես ձեռքիցն առնում էր բաժակը և չէր թողնում, որ խմի.

– Քիչ մը բեքլեմիշ ըրե, երթամ թաժա ջուր բերիմ։

– Չէ՜, թող խմիմ, ջեննե՜մ…

– Չէ՛, երթամ բերիմ։

Եվ ծերունին վազում էր աղբյուր՝ մանրիկ քայլերով, ուրախ և աշխույժ, թարմ և սառը ջուր բերում, որ Թագուկը խմի։

– Էս ջրին պես երկար ըլլիս, մա՛րդ, – ասում էր Թագուկ Տուտուն խմելուց և կռթալուց հետո։

– Բերանդ պագնիմ, Թագո՛ւկս, – բացականչում էր Ավետիս Ամուճան։

Շատ անգամ էր պատահում, որ Ավետիս Ամուճան ժամանակից առաջ խանութը փակեր և տուն վազեր։

– Ո՞ւր էսպես, – հարցնում էին խանութի հարևանները։

– Երթամ տեսնամ կնիկս ի՞նչ կենե, հազար տարի է չիմ տեսեր, – պատասխանում էր Ավետիս Ամուճան և շտապում դեպի տուն։ Հարևանները ետևից ծիծաղում էին և ասում.

– Թամա՜մ խենթըցեր է։

Թագուկ Տուտուն, ամեն անգամ որ ցանկություն էր հայտնել այսինչ կամ այնինչ բանը լիներ՝ ուտեր, զղջացել էր, որովհետև տարվա այդ եղանակին այդ բանը գրեթե անկարելի էր ճարել, բայց բավական էր, որ Թագուկ Տուտուն ցանկություն հայտներ ուտելու՝ Ավետիս Ամուճան անպայման պիտի գտներ։ Նա խփում էր իր ծերացած գլուխը ամեն մի քարի, որպեսզի ճարի և իր Թագուկին կերցնի։

– Ամա՜ն, մուրազը փորը չմնա, – ասում էր Ավետիս Ամուճան։

Մի ձմեռ գիշեր, երբ երկուսը տաք քուրսիի շուրջը նստած՝ զրույց էին անում, ինչպես եղավ, Թագուկ Տուտուի բերնիցը թռավ.

– Ասմա խավող ըլլեր՝ ուտեինք։

Ավետիս Ամուճան դիտմամբ արձագանք չտվեց, որպեսզի Թագուկ Տուտուն արգելք չլինի իր մտադրության։ Քիչ անց նա վեր կացավ և սկսեց դուրս գնալ։

– Քա՛, ո՞ւր։

– Ոտաց ճամփա։

– Քա՜, ես ըլ… – էլ չշարունակեց Թագուկը, այն մտահոգությամբ, որ Ավետիս Ամուճայի միտքը բան չգցի։

Ավետիս Ամուճան դուրս եկավ փողոց, որպեսզի գնա խաղող գտնի։ Դրսում քամին, սառնաշունչ և դաժան, ոռնում էր, հեռագրական թելերը սուլում էին, և բարձր չոր բարդիները խոնարհվում էին կես մեջքով և ուղղվում։

Ավետիս Ամուճան ուղղակի դիմեց թուրքերի թաղը, որովհետև միայն թուրքերն ասմա խաղող կպահեին։ Ծեծեց մի դուռ։ Երկու, երեք, չորս։ Հինգերորդ դուռն արձագանքեց՝ ո՞վ է։

– Հիվանդ ունիմ, կմեռնի, խավող կուզե, – աղաչեց Ավետիս Ամուճան։

Բաց արին դուռը, տվին խաղողը։

Տուն մտնելիս Ավետիս Ամուճայի բեղերից լուլաներ էին [ էջ ]կախվել։ Թագուկ Տուտուն ուրախության արցունքներով փաթաթվեց նրա վզովը և ասաց.

– Քա՛, ո՞ւր գացիր, կարծեցի քի կինե աշխըրքի մեջ մինակ մնացի։

– Գացի ասմա խաղող բերի, որ ուտես, Թագո՛ւկս, – ասաց Ավետիս Ամուճան և հպարտությամբ խաղողը դրեց նրա առաջը։

– Քա՜, – բացականչեց Թագուկ Տուտուն։

Ձմռան կեսգիշերին, փոքրիկ խրճիթի մի սենյակում, լամպի աղոտ լույսի տակ, ծաղկում էր մի սեր, որ ավելի խորն էր, քան որևէ երիտասարդ զույգի սերը։

Երբ Ավետիս Ամուճան փորձեց ձեռքով պոկել բեղերի սառույցի կտորները, Թագուկ Տուտուն չթողեց.

– Բեղերդ կցավի, քիչ մի բեքլեմիշ ըրե, կլկի։

Ավետիս Ամուճան ականջ չկախեց, պոկեց սառույցը, թաշկինակով չորացրեց բեղը և ասաց.

– Կե՛ր, տեսնամ։

– Դո՛ւն ըլ կեր։

– Հըլա դո՛ւն կեր։

Ավետիս Ամուճան անսահման հրճվանքով դիտում էր Թագուկին, որ սմքած, բայց շաքարի պես քաղցրացած խաղողի հատիկները հատիկ֊հատիկ դնում էր բերանը, ծամում։

– Քեֆդ եկա՞վ, Թագու՜կս, – ի վերջո հարցրեց Ավետիս Ամուճան։

– Էն էլ ինչպե՜ս…

Ավետիս Ամուճան մոտեցավ նրան, մի ձեռքը դրավ նրա գլխի ետևը, մյուս ձեռքով բռնեց և վեր բարձրացրեց ալեխառն մազերի մի փնջիկ և ասաց.

– Աս մազը կա՞ յա, աս մազը քսան տարեկան աղջկան մազերի հետ չեմ փոխեր, կե՛ր, Թագու՜կս, կե՛ր։

Երբ Թագուկ Տուտուն խաղողը կերավ և վերջացրեց՝ ի տրիտուր Ավետիս Ամուճայի հերոսական սիրո, զգուշության համար չորս կողմը նայելով, որպեսզի ոչ ոք չլսի, ասաց.

– Աս գիշեր ծոցդ գամ…

Դ

Կյանքի դաժան օրենքը, սակայն, չթողեց, որ այս ծերունիները սպիտակ մազերից հետո նորից ծաղկեին, ինչպես գարունն էր ծաղկում՝ սևանային նրանց մազերը, կնճիռներն անհետանային, մեջքերն ուղղվեին և աչքերը, պայծառացած, թարթեին կանաչ դաշտերի և կակաչներով վառվող արտերի վրա։

Թագուկ Տուտուն հիվանդացավ, հազում էր սաստիկ, հազը երբ բռներ, աղիքները դուրս էին թափվում։

– Հեքի՛մ էֆենդի, – աղաչում էր Ավետիս Ամուճան, – ճար մի ըրե՛, փրկե մեկ հատիկս, քու եսիրդ ըլլիմ։

Բայց ո՛չ մի ճար չեղավ։

Գարնան սկզբին, երբ ուռենին հազիվ էր կանաչ ոստեր տվել, Թագուկ Տուտուն փակեց իր աչքերն ընդմիշտ։

Վերջին անգամ նա ասաց Ավետիս Ամուճային, զարմանալիորեն պայծառացած, խոշորացած աչքերը հառելով նրան.

– Մա՛րդ, դուն ըլ ետևես եկո՛, աշխըրքի մեջ մինակ մի՛ մնար։

Խորտակվեց փիրուզյա և աստղերով ծածկված գմբեթը Ավետիս Ամուճայի սպիտակած գլխի վրա։

Նորից հավաքվեցին ազգականներ և ծանոթներ, վերցրին Թագուկ Տուտուի դագաղը և շտկվեցին դեպի հին գերեզմանոցը։

Մինչև գերեզմանոց Ավետիս Ամուճան ձեռքը դրել էր Թագուկ Տուտուի սառը ճակատի վրա, լաց էր լինում և ասում.

– Ո՞ւր կերթաս, ընծի մինա՞կ կթողուս։

Մարդիկ զարմանում էին, թե ինչո՞ւ մի ծերունու այդքան վիշտ պիտի պատճառեր մի պառավի մահը։

Երբ դագաղը դրին փորված փոսից գոյացած հողակույտի վրա, Ավետիս Ամուճան կռացավ դագաղի վրա, բարձր լաց եղավ և ասաց.

– Թագո՛ւկս, Գուվարին բարև ըրե՛, ասոր, վաղը ե՛ս ըլ կուգամ, Թագո՛ւկս, իլք բահարի ծաղի՛կս…

Արցունքը խեղդեց ծերունու կոկորդը, չկարողացավ շարունակել։ [ էջ ]Դագաղը իջեցրին փոսը և սկսեցին հողը լցնել։

Ավետիս Ամուճան էլ չկարողացավ նայել, ետ քաշվեց, աչքերը հառեց երկնքին, ինչ֊որ շշնջաց դողդոջուն շրթունքներով, ապա աչքին զարկավ Գուվար Քորոյի գերեզմանը, որ գտնվում էր հիսուն քայլ հեռու, նայեց, նայեց և սկսեց քայլել դեպի նրան։ Գնաց, չոքեց Գուվար Քորոյի հողակույտի վրա, արցունքի մի նոր ուղխ ողողեց նրա աչքերն ու հոգին, և ասաց.

– Թագո՜ւկս ըլ մեռավ, Գուվա՛ր, իրարու աղեկ նայեցեք՝ մինչև ես ըլ գամ։

Մինչ այդ հուղարկավորներն անտարբեր էին, թաղում էին մի պառավ կին, բայց երբ Ավետիս Ամուճան գնաց և սկսեց ողբը շարունակել Գուվար Քորոյի հողակույտի վրա, բոլորի աչքերն էլ խոնավացան։

Երբ տուն բերին Ավետիս Ամուճային, տանն ավելի ողբագին շարունակեց լացը և ասաց.

– Աշխըրքի մեջ մինակ երկու գերեզման ունիմ, ուրիշ բան չունիմ…

1934 թ.

Գևոն

Ա

– Հե՜յ, հե՜յ, հե՜յ, սաթթըղըմ քեհլան, քեհլան, քեհլան…

Անկըճմուկենց Գևոյին ձայնն է, որ քաղաքին կեսը արձագանք կուտա, կը պոռա, կը կանչե, կը մռնչե։

Գևոն ձի կը ծախե։

* * *

Մեր տեղերը ձի ծախելը ամենավարնոց արհեստն էր, որուն համահավասարը միայն աղվնիկ խաղցնելն էր։

Ձիու ճամպազի աղջիկ տալը կնշանակեր քրիստոնեական կանոնե քչիկ մը հրաժարիլ և նեզենիմ աղջիկը կրակը ձգել։

Բայց ամեն արհեստ իր հերոսությունն ունի։ Զիու ճամպազին ալ հերոսը կար։

Գևոն ձիու ճամպազության հերոսն էր։

Կը գներ որևէ տեսակի ձի, որովհետև գիտեր, թե ինչպես պիտի ծախեր։

Զիու ճամպազը իր հերոսիկն ունի։ Այդ արհեստը երկու հոգիով կդառնա։

Բ

Գևոն նստած է տանը դռան առջև խաչաձևած չորս փայտերով շինված ցած աթոռի մը վրա և ներկյուլե կը քաշե։ Շատ խոր մտածմունքներու մեջ է, մերթ կը նայի գետնին, մերթ երկնքին, աչքերը կը դարձնե և կը խորհի, բայց նայվածքի մեջ խորություն չիկա, միայն իր պզտիկ ուղեղ ունեցողի ձևերն են, որ հանդիսավորություն կուտան իր խորհելուն։

Օվիկը, իր հերոսիկը, պըպըզած է իր դեմը երկյուղածությամբ և սիգարեթը պահած է ափին մեջ, որպեսզի իր վարպետը չի նշմարե իր ներկայության ծխելու անպատկառությունը և համարձակությունը, թեև վարպետը բացեն կը տեսնե ծուխը, որ կը բարձրանա Օվիկի բերնեն և քթի ծակերեն, բայց չտեսնելու կը զարնե, բավական է, որ Օվիկը կզգուշանա սիկարեթը ցուցնելե։

– Օվի՛կ – առաջինը կսկի խոսիլ Գևոն, – Խըրը ինչպե՞ս է, վաղը ծախենք որ երթա։

Օվիկը մեղմիվ կը հազա, քիչ մը բարձրանալու պես բան մը կ՛ընե ու նորեն կր պըպըզի, ֆեսը կը շտկե և կպատասխանե.

– Խըրին բանը պաշխա է, աղա՛, քանի կերթա կը կատղի, – դարձյալ կը կիսաբարձրանա ու կը պըպըզի, սիգարեթը նետելով իր ոտքին տակ աննշմար։

– Հեչ լուսուն ցուցուցի՞ր, – կը հարցնէ խորհրդավոր կերպով Գևոն։

– Լուս չէ օր, քիպրիթ չէ տեսեր, աղա՛։

Օվիկը կուզէ բան մը ավելի ըսել, բայց չի համարձակիր։ Գևոն կզգա Օվիկի անհանգստությունը։

– Գիտես քի բան մը ունիս։

– Հալա, հալա, – կը հազա, խռչափողը կմաքրե, – հալա վաղը շուտ է― մեկ քանի օր ըլ թող խըզմիշ ըլլի, աղէկ է։

– Փեք աղեկ, փեք աղեկ, Օվիկ, – կը պատասխանե Գևոն ոտքը ոտքին վրա նետելով և ավելի ցուցադրելով իր աղտոտած վարտիկի փաչաները, – ես դիտմամբ ըսի վաղը ծախենք, տեսնամ դուն ինչ կ՚ըսես, կամաց֊կամաց կը սովրիս, արհեստեն կը հասկնաս։

Օվիկը երջանիկ է, փղձկելու չափ ուրա՛խ…

– Օվիկ, ես քեզ մարդ պիտի շինեմ, պապուդ քով օր մնայիր՝ էշ կը դառնայիր, հը… – գոռոզությամբ կարտասանե, – էշ՛ պիտի դառնայիր, էշ՛, կը հասկնա՞ս։

– Էվալլա՛, աղա՛, էվալլա՛, իմ հույսս ըլ դուն ես, – հազիվ շնորհակալություն հայտնելու կը համարձակի Օվիկը։

Օվիկը ավելի և ավելի բախտավոր կզգար ինքզինքը իր սողոսկող ստրկության մեջ։

Օվիկը Գևոյին քով դնելուն համար տանը մեջ իր հոր և մոր միջև պաղություն ինկեր էր։ Մայրը, խեղճ ու կրակ գավառացի կին մը, խելքին փչեր էր, որ Օվիկը եթե դպրոցը շարունակեր, ավելի լավ կըլլար, բայց հայրը ընդդիմացեր էր և պնդեր, որ ավելի աղեկ էր արհեստի դնեին և ինքն իրեն որոշած էր Օվիկը ձիու ճամպազ դարձնել, որովհետև իր արհեստը ապերախտ արհեստ էր, խալաճությամբ ո՞վ կրցեր էր հարուստ ըլլալ։

Օվիկը վեց տարիե ի վեր Գևոյին կը ծառայեր, ձիերը ջրելու կըտաներ, թիմար կըներ, թրիքները կը մաքրեր, կենդանիներուն վերքերը կը լվար և ատեն֊ատեն ալ ձիու պոչ կը բռներ, որովհետև էգ ձիու տերը քառորդ մը կուտար անպայման իբրև պախշիշ։

Այս դրամով Օվիկը շիշ մը օղի կը տաներ իր հորը։

– Պապա, պախշիշի փարա է, խմե՛, – գոհունակությամբ կը հայտարարեր Օվիկը։

– Տեսա՞ր, կնիկ, – կը դառնար Օվիկի հայրը իր կնոջ― տեսա՞ր, վարժատունը պախշի՞շ պիտի տայի՜ն, աֆերիմ, տղաս, աֆերիմ, վարձքդ կատար։

Օվիկի վարձքը ձիու պոչ բռնելն էր։

– Վաղը,― կը շարունակեր խոսակցությունը ճամպազ Գևոն, – վաղը Տոռին ծախենք, հը՛, ի՞նչ կըսես ասոր, Օվի՛կ, հա՜յ գիտի թերես, մա՛րդ եղար, մա՜րդ…

– Ատոր խոսք չի կա, աղա, – կը մլավեր Օվիկը։

Գ

Երկրորդ օրն է։ Տոռին դուրս են հանած ծախելու։

Տոռին գնված էր ծախվելե տասն և յոթն օր առաջ։ Բոլորը Գևոյին վրա ծիծաղեցան։

– Ի՞նչ ձի է, որ կառնե։

Բայց ամեն անոնք, որոնք Գևոյի ճամպազական հեղինակության վրա գաղափար ունեին, գլուխնին երերցուցին և ըսին.

– Գևոն սատկածն ալ կրնա ծախել, ոչ թե միայն շնչող ձին։

Տոռին գնված ատենը միայն ոսկոր էր։ Տերը փոխանակ ազատ թողնելու ձին՝ բերած էր հրապարակ իբրև կաշի ծախելու։ Գևոն վճարեց երեք մեճիտե։

Տոռին բերին տուն և պահեցին տասն և յոթն օր մութ ախոռին մեջ, դուռն անգամ զգուշությամբ բանալով և գոցելով, որպեսզի չըլլա թե լույսի շող մը իյնա Տոռի աչքերեն ներս։ Օվիկը խնամեց ուշի֊ուշով, համաձայն իր վարպետին տված հրահանգներուն։

Գևոյի տված հրահանգներեն ամենեն կարևորը այն էր, որ Օվիկը օրական մեկ քանի անգամ պիտի մտներ մութ ախոռը և զանազան ձայներով և հպումներով պիտի ջղայնացներ ձին, որպեսզի լույս աշխարհ բերած օրերնին՝ արդեն կենդանին կատաղած ըլլալու վիճակին հասած ըլլար՝ ցատկելու, անհանգիստ շարժումներ ընելու համար։

Օվիկը հեծած է Տոռիին վրա, հաճախորդները դատապարտյալի պես կանգնած են և կը դիտեն։

Օվիկը մեկ վար, մեկ վեր կերթա ու կուգա սարսափելի աղմուկներով, Գևոն կանգնած է հաճախորդներու միջև և մերթ ընդ մերթ խոսք կը նետե։

– Արաբական ճինս է, ամմա լավ չեն նայած։

Հետո կը կեցնե Օվիկը և ինք կը հեծնե վերջին անգամ ըլլալով հանդիսավորություն տալու Տոռիի քայլքին, որպեսզի հետո կարենա պետք եղածին պես խոսիլ։

– Հե՜յ, հե՜յ, հե՜յ, քեհլա՛ն, քեհլա՛ն, ծախածս քեհլա՜ն է…

Տոռին անհասկանալի ջղային շարժումներ կընե երբ մեկը կա վրան հեծած, բայց երբ կիջնե, հանդարտ կը կանգնի և գլուխը կը կախե։ Արդեն անցավ մութեն դեպի առատ միջօրեի լույսը հանկարծակի դուրս գալու ջղայնությունը։ Բայց Գևոն չի թողուր, որ Տոռին հանդարտ մնա, Օվիկը միշտ վրան է, միշտ դեպի վար և վեր։

– Հե՜յ, հե՜յ, հե՜յ, արապիստան ջեօլլերտեն, արապիստան…

Հինգ ոսկիեն Գևոն կիջնա մինչև մեկուկես ոսկիի և հաճախորդներեն մեկը կը համաձայնի գնել։

Օվիկը կիջնե վար, ձին կը հանձնե գնողին և կը բռնե իր վարպետին և գնողին ձեռքերը, կը միացնե իրարու և թոթվելով, հանդիսավոր կերպով կը հայտարարե.

– Տեօնենոն…

Գնողը ձին կառնե և կը հեռանա։

– Օվիկ, լավ քշեցինք, եթե վաղը փյուզյուր մը դուրս չի գա նե։

– Բան մը չըլլիր, աղա, մի վախնար, – կը պատասխանe Օվիկy։

Մյուս օրը փյուզյուրը դուրս կուգա։ Ձին ետ են բերած։

– Իշու պես բան է, – կը հայտարարե Տոռին գնողը, – ականջները թիզ ու կես կը կախե, կը կանգնի։

– Դուք ձին հեծնալ չեք գիտեր, Օվի՛կ, – կը պոռա Գևոն,― մեր փալանը բեր։

Օվիկը մագնիսական, մոգական փալանը կըբերե, կը փոխե գնողի ձիուն վրա անցուցած փալանին հետ։

Գևոն կը հեծնե և նույնհետայն կը սկսին Տոռիի եռանդուն շարժումները։ Կը ցատկե, կը վրնջե, բերան են փրփուրներ դուրս կուտա։ Գևոն կը բերե ետ, կիջնե վար.

– Ես չըսի՞ օր ձի հեծնել չեք գիտեր. պետք է սովրիք, յավրում, սովրի՛ք։

Գնողը գլուխը կախ և խորապես համոզված, որ ձի հեծնել չի գիտեր, ձիուն սանձեն կը բռնե ու կը մեկնի առանց դույզն կասկածն ունենալու միամիտը, որ Գևոյին մոգությունը, մագնիսական ուժը ձին լավ հեծնելու մեջ չէր կայանար, այլ այն սուր գամերուն, որոնք տեղավորված էին Գևոյի փալանի տակը և որոնք կը ծակեին խեղճ անասունի կռնակը, և անասունը կը ցատկեր, անհանգիստ և ջղային շարժումներ կ՚ըներ։

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
260 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467888
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: