Kitabı oku: «Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր», sayfa 11

Yazı tipi:

Է

Քաղաքում տարածվող շշուկը հասավ ոսկերիչ Տիգրանի ականջը։

Սկզբում շատ տարտամ, ինքն էլ չիմացավ, թե որտեղից լսեց և ինչպես, առաջին անգամ ով ասաց. բայց հետզհետե նրա համար պարզ եղավ, որ մի օր Խամբուրենց Հաջի աղան մտել էր իր տունը, փաթաթվել էր իր կնոջը և Հաջի աղան և իր կինը եղել էին այնքան համարձակ և լիրբ, որ խոսածները դուրսը լսողներ էին եղել, իսկ իր կինը Հաջի աղայի վզովը փաթաթված եկել էր մինչև դրսի դուռր և նրան համբուրելով էր ճանապարհ գցել։ Եվ այս բոլորը շատերն իրենց աչքերով տեսել էին։ Ոսկերիչ Տիգրանն ինքը, Հաջի աղայի նման, ընկավ տարօրինակ նայվածքների տակ։ Այդ նայվածքները չէին թույլ տալիս, որ աշխատի․ մի քանի մատանիներ փչացրեց, հալած ոսկու անոթն ընկավ ձեռքից և ամբողջը թափվեց մոխրի մեջ։ Նա դարձել էր միակ եղջյուրավոր մարդը քաղաքում։

Տարօրինակ նայվածքներից մտրակված՝ Տիգրանը վեր էր թռչում, հանում կաշե գոգնոցը, փակում աշխատանոցը և գնում տուն։ Փայլունը ջերմագին սիրով դիմավորում էր նրան, փաթաթվում և սիրում։ Տիգրանը չկասկածելով դույզն չափով իր մանկամարդ կնոջ անկեղծության և առաքինության, վերադառնում էր աշխատանոցը, նստում և եռանդուն աշխատում, բայց ապակե փեղկի միջից նայող աչքերը հանգիստ չէին տալիս։

Որպեսզի կարողանար հաստատել իր կնոջ դավաճանությունը, նա հանկարծակի գնում էր տուն, որպեսզի Հաջի աղային բռնի։ Մի քանի անգամ քաղաքից գյուղ գնալ կեղծեց, հանկարծակի վերադարձավ և ոչինչ չկարողացավ տեսնել։ Հսկեց Խամբուրենց Հաջի աղային, որ այլևս տնից դուրս չէր գալիս, և խանութը մնում էր փակ։ Տիգրանն սկզբում կարողանում էր առողջ տրամաբանել․ ի՞նչ պատճառ կարող էր ունենալ երիտասարդ կինը Հաջի աղային սիրելու, ի՞նչ էր պակաս իրեն․ ինքը երիտասարդ, տունը տեղը՝ լեցուն։ Միթե Հաջի աղան կարո՞ղ էր որևէ առավելություն, թեկուզ ամենաչնչին չափով, ունենալ իր վրա, որ կինն իրեն դավաճանի և նրան սիրի, և այն էլ ա՛յն աստիճան, որ փաթթվելով մինչև դրսի դուռը գնա և նրան ճանապարհ դնի։

Այսպես էր մտածում և տրամաբանում ոսկերիչ Տիգրանը առաջին օրերը, բայց գնալով մթագնեց նրա գիտակցությունը, սկսեց խենեշ պատկերներ տեսնել. Հաջի աղան և կինը միասին, իր անկողնում, կամ անկյունում, թախտի վրա, թերևս և խոհանոցում…

Ը

Մի օր Տիգրանը շինեց մի արծաթյա ապարանջան և տուն ուղարկեց իբրև նվեր կնոջը։

– Չըսես, թե ո՛վ ղրկեց, ըսե մեկը քեզի նվեր ղրկեց, – պատվիրեց նա այն տղային, որի միջոցով ուղարկեց ապարանջանը։

Տիգրանը մտածում էր ոչինչ չասել, որպեսզի, երբ իրիկունը տուն գնար, տեսներ, թե Փայլունն ինքը պիտի հայտնե՞ր, որ նվեր է ստացել։

Երեկոյան հենց որ Տիգրանը ոտը դրեց տան շեմի վրա, Փայլունը դիմավորեց նրան ու մանկական ուրախությամբ թևը ցույց տվեց ամուսնուն։ Տիգրանը տեսավ ապարանջանը և խորհրդավոր հարցրեց․

– Հորաքո՞ւյրդ տվեց։

– Չէ՛։

– Յա՛, վո՞վ տվեց։

– Դուն չե՞ս ղրկեր։

– Քա՛․․․ – բացականչեց Փայլունը, – ես ըլ ըսի Տիգրանս ղրկեր է։

– Վո՞վ բերեց։

– Տղա մի բերեց։

– Ի՞նչ ըսավ։

– Ըսավ նվեր է։

– Դուն չի հարցուցի՞ր քի ո՞ւրկեց է նվերը։

– Չէ՛։

– Ինչո՞ւ։

– Քա՛, ի՞նչ պիտի հարցնեմ։ Գիտեմ, որ դուն ես ղրկեր։

– Եկուր տեսնամ, – ասաց ոսկերիչ Տիգրանը և միասին գնացին սենյակ։

Տիգրանը սենյակում վերցրեց ապարանջանը կնոջ թևից, լավ քննեց և ասաց.

– Աղջի՛, Փայլո՛ւն իմ շինածն է։

– Ես գիտեմ, որ քու շինածն է, քու ձեռքդ է։

– Հա՛, ամա ե՛ս չեմ ղրկեր։

– Որո՞ւ համար ես շինել, միտքդ բեր, – հարցրեց Փայլունը։

Ոսկերիչը շեշտակի նայեց կնոջ աչքերին և ասաց․

– Շիներ եմ Խամբուրենց Հաջի աղայի համար։

– Խամբուրենց Հաջաղա՜ն։

– Հա՛։

Փայլունը բարձր և միամիտ ծիծաղեց։

– Ինչո՞ւ կխնդաս, – զայրույթով հարեց Տիգրանը։

– Ի՜նչ չի խնդամ, քա՜… Խամբուրենց Հաջի աղա՞ն․․․ – երկարացրեց Փայլունը և նորից բարձր ծիծաղեց և հարցրեց.

– Ե՞րբ ես շիներ։

– Երկու օր առաջ։

– Խելքս հեչ բան չի պառկիր, – զարմանքով ասաց Փայլունը և դուրս գնաց։

Տիգրանը մտածեց. «Մեջտեղն էշը ես մնացի»։ Եվ լսեց, որ կինը երգում է և սուլում։ Երգելը նրան զայրացրեց, դուրս գնաց և կոպիտ ասաց.

– Փայլո՛ւն, բիլեզիկը ետ ղրկե։

– Որո՜ւն ղրկեմ։

– Հաջի աղային։

– Խենթ֊խենթ մի՛ խոսար։

– Խենթը դո՛ւն ես։

Փայլունը լռեց։ Առաջին անգամ էր, որ իրենց միջև կոպիտ խոսակցություն էր տեղի ունենում։

– Հիմա՛ ետ ղրկե։

– Թերևս Հաջի աղան չէ ղրկեր։

– Մի՛ հակաճառեր, – բղավեց Տիգրանը և դուրս գնաց։

Փայլունն ապշած մնաց իր կանգնած տեղում, ավելն ընկավ ձեռքից, աչքերը թացացան, գոգնոցի ծայրով սրբեց արցունքները և գնաց հարևանի փոքրիկ տղային խնդրեց՝ ապարանջանը տանելու և հանձնելու Խամբուրենց Հաջի աղային։

Երբ Մեմիկ խաթունը բաց արավ դուռը, փոքրիկ տղան, թղթի մեջ փաթաթված ապարանջանը երկարեց նրան և ասաց.

– Ղույումճի Տիգրանի կնիկը ղրկեց։

Մեմիկ խաթունը բացականչեց.

– Վո՜ւյ…

Տղան թռավ։ Մեմիկ խաթունը բաց չարավ ծրարը, ուղիղ բարձրացավ վեր, ծրարը դրեց Հաջի աղային առաջ և ասաց.

– Տե՛ս, ինչ աստիճան լկտի տըլլի, որ քըզի նվեր ղրկե։

– Ո՞վ, կնի՛կ,

– Սիրեկանդ։

Հաջի աղան ցնցվեց։ Տիրեց լռություն։

Ծրարը մնացել էր մեջտեղում և ոչ ոք չէր մոտենում բաց անելու։

– Լեզուդ չորացա՞վ, – կոպիտ ճչաց Մեմիկ խաթունը։

Հաջի աղան մեղմ ձայնով ասաց.

– Մեմի՛կ, էս ի՞նչ է, ո՞վ է, ե՞ս, թե՞ դուն, թե՞ աշխարքը։

– Դո՛ւն,

– Է՛, աղեկ որ մինակ ես եմ խենթեցեր, աշխարքը խելոք է․ դո՛ւն ըլ խելոք ես։

Հաջի աղայի ձայնի մեջ կար դողդոջուն մի ալիք, որ Մեմիկ խաթունի մեջ առաջացրեց խղճահարություն, աչքերը լցվեցին արցունքով, մոտեցավ, փաթաթվեց ամուսնուն և ողոքիչ ձայնով ասաց․

– Հաջի աղա, ո՛տքդ պագնեմ, ըսե՛, էս բոլորը սո՞ւտ է։

– Սո՛ւտ է, Մեմի՜կ, սո՛ւտ է, թե որ սուտ չէ, մինչև առտու անկողնես չէլլամ, տունեն դագաղով դուրս տանեն։

Մեմիկ խաթունը կարծես հավատաց, բայց հարկավոր էր ծրարը բաց անել, և արին․ ապարանջա՜ն։ Հաջի աղան և Մեմիկ խաթունը ապշահար, գրեթե խելագարված, իրար երես նայեցին․ ապարանջա՜ն։

– Մեղա՜ Աստված… – շշնջաց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը երկար մտածեց և բացականչեց, ըստ երևույթին նա եզրակացության հասել էր․

– Քա՛, Հաջաղա՞․․․

– Մեմի՛կ, ալ բան մի՛ հարցներ, քիչ առաջ դուն կըսեիր ես եմ խենթցեր, շիտակ է. ես խենթ եմ։

– Քա՛, էս ի՞նչ բան է, բիլեզիկը էրիկմա՞րդը կղրկե հարսին, թե՞ հարսը կղրկե էրիկմարդուն։

– Քանի որ աշխարքը տակն ու վրա եղավ, էդպես էլ կըլլի, Մեմի՛կ, վնաս չունի, – պատասխանեց Հաջի աղան, բայց նրա աչքերի լույսի մեջ արդեն առկախ էին իսկական խելագարության նշանները։

Մեմիկ խաթունն ինքնիրեն շշնջաց, այնպես՝ որ Հաջի աղան էլ լսի․

– Պռստվածի՜ն տես, չի՛ հավնիր, ե՜տ ղրկեր է…

Հաջի աղան խայթվածի պես ետև դարձավ, զայրացած նայեց կնոջը և հարցրեց.

– Դուն էդպե՞ս կկարծես։

– Ալ ուրիշ բան կա՞։

Հանկարծ Հաջի աղան բղավեց․ մի բղավոց, որ չէր լսել Մեմիկ խաթունը նրա հետ ամուսնանալու առաջին օրից մինչ այդ պահը.

– Խենթը դո՛ւն ես, խենթը աշխա՛րքն է, դո՛ւրս, դո՛ւրս, դուրս։

Մեմիկ խաթունը, վախենալով նրա զայրույթից, դուրս գնաց և հազիվ երկու աստիճան վար էր իջել, նստեց, զգալով, որ կորցնում է մարմնի հավասարակշռությունը։ Բարեբախտաբար, վրա հասավ աղջիկը, որին պատմեց ապարանջանի պատմությունը։ Աղջիկն էլ համոզվեց մոր եզրակացության, որ հայրը ապարանջանը ուղարկել էր ղույումճի Տիգրանի կնոջր, կինը չէր հավանել և սրտնեղած ետ էր ուղարկել։

Մեմիկ խաթունի լացը չկտրվեց, հակառակ, որ աղջիկը նրան գրեթե գրկելով, իջեցրեց ներքև, երեսները լվաց և ամենաքնքուշ խոսքերով ջանաց մխիթարել նրան։

– Էս ի՞նչ սև ձյուն էր մաղվավ գլխուս… ասում էր Մեմիկ խաթունը և զարնում ծնկներին։

Աղջիկը տեսնելով, որ մայրը չի հանգստանում, առաջարկեց գնալ իր տունը և մի քանի օր այնտեղ մնալ։

– Քանի մը օր մեր տունը կեցիր, տեսնենք ինչ կըլլի, ինչ չըլլիր, – ասաց աղջիկը։

– Ի՜նչ տըլլի, Սոդոմ Գոմոր տըլլ, բոլորս ըլ մեջը տի վառինք, – պատասխանեց մայրը և, շալը քաշելով գլխին, հետևեց աղջկան։

Երբ երեկոյան Մեմիկ խաթունը պատմեց ամբողջ եղելությունը փեսային, փեսան վճռականորեն հայտարարեց.

– Այդ բոլորը սո՛ւտ է, ես չե՛մ հավտար։

Փեսան լսեր էր դրսի բամբասանքը, նա միայն չէր իմանում ապարանջանի դեպքը, որ նույնպես նրան թվաց բոլորովին անհավանական։

– Քա՛, փեսա՛, – ասաց Մեմիկ խաթունը, – բերող տղան ըսավ քի բարև ըրե Հաջի աղային և ըսե քի Փայլունը ղրկեց։

– Այս բոլորին մեջ օյին մի կա, քիչ մը համբերեցեք, տեսնանք ի՞նչ կըլլի, – եզրափակեց փեսան, և պատրաստ էր գնալու աներոջ մոտ և պարզելու խնդիրը, բայց ո՛չ իր կինը, և ո՛չ էլ զոքանչը թույլ չտվին։

Թ

Հաջի աղան ամբողջ գիշերը մենակ մնաց տանը և ոչ մի վայրկյան չքնելով, մինչև անգամ շորերը չհանելով, մտածեց։ Նրա մտքից երբեք չանցավ, թե կինը տանը չէր․ նա կարծեց, որ մյուս սենյակում քնեց և չուզեց իր երեսը տեսնել։

Ամբողջ գիշերը, լռության և մենակության մեջ, հազար ու մի բաներ անցան նրա մտքով, բայց ոչ մի եզրակացության չկարողացավ հանգել․ երբեմն հաստատապես համոզվում էր, որ ինքը խելագարված է, բայց երբ գալիս էր այդ համոզման, ակամա մի թեթև ժպիտ էր ուրվագծվում դեմքի վրա, և ինքն իրեն մռթմռթում էր. «Շա՜տ աղեկ, խենթցեր եմ. ջանը՛մ, խենթ մարդը ինքը կգիտնա՞ թե խենթցեր է»։

Կեսգիշերից հետո մի կամ երկու անգամ տան մեջ ձայն լսեց, առաջացավ սենյակի դուռը, ունկնդրեց և, հանդիպելով լռության թանձր պատերին, վերադարձավ իր անկյունը, նստեց և, անվերջ ծխելով, մտածեց։ Առավոտյան դեմ հանկարծ որոշեց գնալ ղույումճի Տիգրանի մոտ և խոսել նրա հետ ու պարզել ամեն բան։ Երբ այս որոշումը տվեց, թեթևացավ նա, մինչև անգամ թեթևացավ նրա մարմինը, որ կարծես ծանրացել էր, ինչպես դիակ։

Առավոտյան կիրակի էր, Տիգրանը տունը կլիներ, կարող էր գնալ և տունը, կինն էլ կլիներ տանը, կարող էր խոսել մինչև անգամ կնոջ ներկայության և ամեն թյուրիմացություն վերացնել։

Երկար սպասեց Մեմիկի ներս մտնելուն, բայց Մեմիկը չերևաց․ որոշեց գնալ, էլ սպասելու կարիք չկար։ Մեմիկը, երևի, եկեղեցի է գնացել, մտածեց նա և, ապարանջանը դնելով գրպանը, իջավ սենյակից։ Տանը բացարձակ լռություն էր. մտավ խոհանոցը, ոչ ոք կար։ Երբ դրսի դուռը պիտի բաց աներ, կանգ առավ դռան ետև. գնա՞ր, թե՞ չգնար․ գնար ի՞նչ ասեր, ինչի՞ց սկսեր, ի՞նչ կար որ ինչից սկսեր, ապա՝ որոշեց սկսել ապարանջանից և վճռականորեն նրա քայլերն ընկավ դուրս։

Փողոցում ոչ ոքի չէր նայում, խուսափելու համար ջղայնացնող նայվածքներից։ Նրան տեսնողները, մինչև Մեմեդ Փաշայի պարտեզը՝ այնքան էլ ուշադրություն չդարձրին, կարծեցին, թե եկեղեցի է գնում, բայց, երբ Մեմեդ Փաշայի պարտեզից ծռվեց դեպի Բոշայենց փողոցը, այլևս ոչ մի անուշադիր նայվածք չմնաց, մի քանի հոգի մինչև անգամ ետ դարձան տեսնելու համար, թե Խամբուրենց Հաջի աղան ինչո՞ւ ծռվեց Բոշայենց փողոցը։ Հաջի աղան գնաց ու կանգ առավ ոսկերիչ Տիգրանի դռանը և առանց վարանելու թակեց դուռը և սպասեց։ Եթե մեկը նրան մոտիկից դիտեր՝ կտեսներ նրա ճակատի բարակ քրտինքը և տերևի նման ողջ մարմնով դողալը։ Նրա գլուխը կախ էր, նայում էր գետնին, առանց նայվածքը վեր բարձրացնելու։

Եթե նա մի անգամ նայվածքը բարձրացներ, կտեսներ հեռուն կանգնած 25 – 30 հոգի, որոնք անհամբեր սպասում էին, թե ինչ պիտի պատահեր, կտեսներ Էլմաս խաթունը և մյուս հարսները, որոնք դիմացի լուսամուտից, գրեթե իրար վրա հենվելով, դիտում էին իրեն։ Նրանք սպասում էին, որ Փայլունը դուռը բանա, հրավիրի Հաջի աղային ներս և փաթաթվի վզովը, և իրենք էլ երկրորդ անգամ ականատես լինեն։

Հանկարծ Փայլունը երևաց պատշգամբը և ձայնեց.

– Ի՞նչ կուզեք։

– Պարոն Տիգրանը կուզիմ։

– Տիգրանը տունը չէ։

– Ե՞րբ կուգա, – հարցրեց Հաջի աղան, բայց այլևս գրեթե բան չէր տեսնում, որովհետև, նայվածքը վեր բարձրացնելով, տեսել էր դիմացի կանանց և փողոցում կանգնողներին։

– Չեմ գիտեր, – պատասխանեց Փայլունը և դողահար ներս քաշվեց պատշզամբից։

Հաջի աղայի քայլերը մեքենայորեն ետ դարձան։ Գլուխը կախ՝ նա շարունակեց ճանապարհը, հազիվ ջոկելով փողոցի քարը առվից։ Նա լսում էր բացականչություններ, որոնք ծակում էին նրա ականջը։

– Տեսավ, որ մարդ կա՝ «Պարոն Տիգրա՜նը կուզիմ»… – ծամածռելով կանչում էր մեկը։

– Հաջաղա՛, Փայլունը քեզ կկանչի…

– Հաջաղային քեֆը եկե՜ր է․․․

Հաջի աղան հասավ տուն, սառը քրտինքի մեջ ողողված, մտավ ներս, դուռը փակեց և հենց դռան ետև նստեց և ինքնիրեն ասաց. «Մահվան թասա է»։

Մեմիկ խաթունը չէր երևում։ Մի կերպ հավաքեց իր ուժերը, բարձրացավ սենյակը և, մոտենալով լուսամուտին, դիտեց դուրսը գաղտագողի։ Ոչ ոք չկար փողոցում, իրեն հետևողները ցրված էին։ Այս իրողությունը կազդուրեց նրան, և թեթևացավ։ Մարմնի ղողը դադարեցնելու համար մեկ երկու գավաթ օղի քաշեց և նստեց անկյունը և սկսեց մտածել մի ելք գտնելու համար։

Որքան մտածում էր, այնքան մթնում էր իր աչքերի առաջ ողջ աշխարհը։ Ինչի՞ց սկսվեց այս բոլորը, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է այդ աղջիկն իրեն ապարանջան ուղարկել. արդյոք ճի՞շտ կաներ, եթե ապարանջա՞նը ներքևից նետեր պատշգամբը, որպեսզի բոլորը տեսնեին, թե ինքը չի ընդունում այդ նվերը. թերևս սխալ արավ, որ չարավ, թերևս անհրաժեշտ էր գնալ և ապարանջանը շպրտել պատշգամբը և վերադառնալ։

Գնալով մտքերը դառնում էին կիզիչ․ կարծես տաք, շիկացած շամփուրներ էին կոխվում գանգի մեջ և անգթորեն դուրս քաշվում. կարծես մի հզոր և կոպիտ ձեռք բռնում էր իր սիրտը և ճմլում, ինչպես մի բուռ մսի կտոր։ Հանկարծ վեր կացավ, մոտեցավ սենյակի դռանը և կանչեց․

– Մեմի՜կ…

Կանչեց և անմիջապես լռեց, որովհետև ձայնը սայթաքեց, կորցրեց իր բնական շեշտը. կարծես մի օտարոտի մարդ էր կնոջը կանչում․ ետ քաշվեց, մոտեցավ հայելուն, հազիվ կարողացավ իր դեմքը ճանաչել, քայլեց դեպի անկյունը, բայց սկսեց պտտվել ողջ մարմնով, օրորվում էր սենյակը, առաստաղը ծռվեց, նորից ուղղվեց, պատից կախված լամպը հպավ հատակի գորգին և նորից կախվեց իր տեղը։ Որքան ջանաց մի սիգարեթ փաթաթել, չհաջողվեց, որովհետև մատներն իրար չէին հասնում. նայում էր մատներին և տեսնում էր ահավոր տարածություն իր երկու մատների միջև. վերջապես հասավ անկյունը, մարմինը ձգեց հատակին, գլուխը դրեց բարձի վրա և փակեց աչքերը։

Ժ

Երբ պատարագը վերջացավ և ոսկերիչ Տիգրանը դուրս եկավ եկեղեցուց, նա ևս ենթակա եղավ տարօրինակ նայվածքների տարափի։

Դեռ եկեղեցու բակումն էր, երբ լսեց.

– Ժա՜մ է եկեր, տո՛ւն գնա, տե՛ս ո՞վ կա էնտեղ։

Լսեց, թեև հաստատ համոզված չլինելով, որ իրեն է վերաբերում, այնուամենայնիվ, ետ դարձավ։ Մարդկանց երեսին տեսավ հեգնական ժպիտ։ Ցնցվեց։ Եկեղեցու բակից դուրս ելնելիս մեկը, – այս անգամ արդեն պարզ էր ակնարկությունը, – ասաց.

– Հաջաղա Փայլունին քով էր գացեր․․․

Այս լսելուց հետո ոսկերիչ Տիգրանը միայն բնազդորեն գտավ իր տան ճանապարհը։

Տուն մտնելուն պես կատաղած բարձրաղաղակ պոռաց․

– Ո՞վ էր եկեր հոս։

Փայլունը նայեց Տիգրանի աչքերին, և՛ սարսափեց, և՛ սարսափից ամեն ինչ մոռացավ, հենվեց պատին և բյուրեղացած աչքերով սկսեց նայել անգույն տարածության մեջ։ Տիգրանը մոտեցավ նրան․

– Ո՞վ էր եկեր քովդ, – հարցրեց ահռելի ձայնով։

Փայլունը ոչինչ չկարողացավ պատասխանել։ Տիգրանը քաշեց ուսից և շպրտեց նրան հատակին։

– Ո՞վ էր եկեր հոս, կըսիմ, բերանդ չի՞ բացվիր, հա՞… – բղավեց զայրույթի գագաթնակետին հասած և բարձրացնելով ջրի կուժը՝ շպրտեց նրան։

Փայլունը դարձյալ բնազդորեն և մեքենայորեն խուսափեց հարվածից։ Կուժը զարնվեց պատին և շառաչյունով փշրվեց։

– Տիգրա՜ն… – հազիվ կարողացավ արտասանել անմեղ կինը։

– Դահա անո՞ւնս կուտաս, լի՛րբ, – պոռաց Տիգրանը և նորից մոտեցավ կնոջը։

Ոչ մի աղերսական նայվածք չազդեց խելագարված ամուսնու վրա։

– Ժամ չեկար, որ Հաջի աղայի հետ քեֆ ընես, հա՞, հիմա քեֆը ես քըզի սովրացնիմ։

Փայլունը ուզում էր ասել, թե Հաջի աղան եկել էր և միայն իրեն էր հարցնում, բայց Տիգրանը չթողեց, որովհետև կատաղությամբ հարձակվեց վրան, երկու ձեռքերով բռնեց վիզը և սկսեց սեղմել։ Փայլունի աչքերն ընկան դուրս և արյունակալվեցին, մատներովը ճանկռոտեց Տիգրանի երեսը, որից Տիգրանն ավելի կատաղեց և ավելի ուժգնությամբ և խելագարվածի ֆիզիկական ուժով շարունակեց կոկորդի սեղմումը։ Հանկարծ Փայլունը թուլացավ, կորավ վզի դիմադրականությունը, այնպես, որ Տիգրանի մատները խրվեցին կնոջ մսի մեջ։ Ինչպես ձեռքերի արանքում լիներ խմորի մի կույտ, մարմինն ամբողջ կորցրեց իր պնդությունը և շորի կտորի նման ընկավ Տիգրանի ծնկների վրա։ Տիգրանը վայրկենապես սթափվեց և սարսափեց, ձգեց Փայլունի մարմինը հատակի վրա և սկսեց կանչել.

– Մեռա՜վ, մեռա՜վ, մեռա՜վ…

Ձայնն այնքան բարձրաղաղակ և աղիողորմ էր, որ բոլոր հարևանները լսեցին և թափվեցին դռան առաջ։ Տիգրանն ուզում էր մոտենալ դռան և բաց անել, բայց դողում էին ծնկները և չկարողացավ ոչ մի քայլ անել։ Դռան առաջ հավաքվողները լսում էին, որ Տիգրանն ինչ-որ ձայներ էր հանում, կարծես լացի ձայն էր, բայց անասնական։

Դռան առաջ հավաքվողների մեջ երկու երիտասարդ, տեսնելով, որ Տիգրանը դուռը չի բաց անում և զգալով ինչ֊որ զարհուրելի ոճրի առկայությունը տան ներսում, քայլեցին տան ետևը, բարձրացան պատի վրա և, ցատկելով պարտեզը, ներս մտան և բաց արին տան դուռը։ Բազմությունը լցվեց ներս։ Փայլունի դիակն ընկած էր հատակին անշնչացած։ Տիգրանը քաշված մի անկյունում, հատակի վրա ծնկի չոքած, գլուխը հենած պատին՝ հեկեկում էր։

Ավելի արագ, քան կայծակի սլացումը՝ ամբողջ քաղաքում տարածվեց ոճիրի լուրը։

– Ոսկերիչ Տիգրանը կնիկն է խեղդե՜ր։

– Վա՜յ Հաջաղա՛, վա՜յ․․․

ԺԱ

Ոճիրի լուրը լսեց և Մեմիկ խաթունը հենց աղջկա տանը․ լսեց նա մանրամասնորեն. Հաջի աղան գնացել է Փայլունի մոտ այն ժամանակ, երբ ամուսինը եկեղեցումն է եղել. Փայլունը ներս է առել Հաջի աղային, ոսկերիչը տուն վերադարձին իմացել է, բացատրություն է պահանջել կնոջից, կինը լռել է և…

– Աս մարդը խելքը թռցրե՜ր է, – բացականչեց Մեմիկ խաթունը և վազեց տուն։

Հաջի աղան ոչինչ չէր լսել ոճրի մասին։

Մեմիկ խաթունը տուն մտնելուն պես ձեռքերը խփեց ծնկներին և կանչեց․

– Հաջի աղա՛, Հաջի աղա՛, նամուս չի մնաց, ալ բան չի մնաց…

Հաջի աղան լսեց այդ կանչը, բայց կարևորություն չընծայեց, որովհետև նոր բան չգուշակեց․ նա կարծեց, թե միևնույն դեպքի շարունակությունն էր, բայց լուսամուտի տակ ձայներ սկսեցին լսվել․ լսեց իր անունը, Փայլունի անունը, ոսկերիչի տունը։ Նախ և առաջ Հաջի աղան որոշեց պահել իր սառնասրտությունը։ «Կհաչեն՝ կհաչեն՝ կերթան», – եզրակացրեց նա մտքում և փաթաթեց սիգարեթը, բայց ձայներն ավելի բարձր և ավելի համառ դարձան։

– Նազենիմ հարսին գլոխը կերավ…

– Դատաստանին օրը ի՞նչ պատասխան տի տա։

– Լոս֊լոս գնացեր է հարսին քովը…

Հաջի աղան չկարողացավ դիմադրել, մոտեցավ լուսամուտին։

Փողոցում լիքը բազմություն կար, բոլորն էլ դեպի լուսամուտն էին հառել իրենց աչքերը։

Հաջի աղան ետ քաշվեց և սկսեց ունկնդրել։ Ոչ մի բացականչությունից չկարողացավ իմանալ, թե նոր ի՞նչ է պատահել, բայց նրա ներքին աշխարհում չոքեց մռայլությունը։ Երկար ունկնդրելով ձայներին և չկարողանալով որևէ եզրակացության գալ, երկու գավաթ նորից օղի տնկեց և իջավ ներքև՝ Մեմիկից մի բան իմանալու։

– Մեմի՛կ…

Մեմիկ խաթունը գլուխը վեր բարձրացրեց և սարսափահար աչքերով նայեց ամուսնուն։ Նա սարսափեց նախ և առաջ նրա ձայնից, բոլորովին օտարոտի էր այդ ձայնը, չկար այդ ձայնի մեջ երեսունհինգ տարվա հարազատությունը, և ապա Հաջի աղան փոխվել էր դեմքով, զգալիորեն ծերացել էր, մռայլվել, հոնքերը կախվել էին աչքերի վրա, ինչպես քիվը՝ փլատակ տան կույր լուսամուտների վրա։

– Մեմի՛կ․․․ – նորից ձայնեց Հաջի աղան։

– Մեմիկ գետնին տակ անցներ, աս բանը չտեսնար, – պատասխանեց Մեմիկը։

Հաջի աղան լռեց, կարծես թանձր պատերի միջից տեսնում էր դռան առաջին բազմությունը։

– Մեմի՛կ, ի՞նչ է եղեր, ըսե՛, – ասաց Հաջի աղան։

Մեմիկ խաթունը խղճաց Հաջի աղային. նրա ձայնում այնքան աղերսական շեշտ կար, որ ամենաանտարբեր մարդն անգամ կզգացվեր։

– Հաջի աղա՛, ո՛տքդ պագնիմ, սա բաներն ինչո՞ւ ըրիր, – լացով արտասանեց Մեմիկ խաթունը։

– Ջանըմ, ի՞նչ ըրի, ի՞նչ եմ ըրեր…

Մեմիկ խաթունը պատմեց ահավոր եղելությունը…

– Խեղդե՞ց, – հարցրեց Հաջի աղան։

– Հա՛, խեղդեր է։

Հաջի աղան մի քիչ օրորվեց, բռնեց սանդուղների հենարանը, ձեռքը տարավ ճակատին՝ վայրկենապես կուտակված պաղ քրտինքի կաթիլները սրբելու, և դանդաղորեն բարձրացավ իր սենյակը։ Սանդուղից վեր բարձրանալիս նրան թվաց, որ քայլում է դեպի ավելի և ավելի մութը․ կարծես մթնոլորտը սևացավ, խտացավ և դարձավ կուպր։ Սենյակ մտնելիս նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ չճանաչեց, տարիների հարազատ սենյակը կորցրել էր իր արտաքին տեսքը։ Դեռևս փողոցի ձայները լսվում էին, բայց ոչ քիչ առաջվա պարզությամբ, որովհետև Հաջի աղան սուզվում էր անել քաոսի մեջ։ Գրեթե խարխափելով, նա գտավ պահարանը, բնազդորեն բաց արավ և, կույրի նման շոշափելով, ձեռք բերեց օղու շիշը, քաշեց բերանին, խմեց մինչև հատակը։ Շիշը չկարողացավ իր տեղը դնել, բաց թողեց պարապության մեջ․ շիշն ընկավ հատակին և ջարդվեց․ Մեմիկ խաթունը լսեց այդ աղմուկը և շշնջաց․

– Շուշա՞ կկոյրե, կոյրե (կոտրե), գլո՛ւխդ ըլ հետը կոյրե, աննա՛մուս․․․

Հանկարծ մի միտք, ինչպես մթան մեջ վառվող փոքրիկ լուցկին, լուսավորեց Հաջի աղայի տեսողությունը։ Ինչքան այդ միտքը լայնացավ նրա ուղեղում, այնքան պայծառացավ շրջապատը, իրերը ստացան իրենց նախկին ձևը, սենյակը լուսավորվեց, ջարդված շշի բեկորները հատիկ֊հատիկ երևացին նրա աչքին, նա մինչև անգամ ժպտաց, ինչ֊որ շշնջաց, կարծես մի գաղտնի բան ասաց ինչ֊որ մեկին, քայլերն ուղղեց դեպի դուռը, դուրս ելավ, իջավ սանդուղից, մտավ կրակատունը, բաց արավ պահարանը, վերցրեց լվացքի թոկը, որ Մեմիկ խաթունը խնամքով փաթաթել էր, թոկը դրեց ժակետի տակը, որ ոչ ոք չտեսնի, բարձրացավ նորից սենյակը։ Կարծես ուրախ տրամադրություն ուներ, ուզեց օղի խմել, բայց ոչ մի կաթիլ չկար։

Մեմիկ խաթունը լսեց սեղանի անկման աղմուկը, բայց ոչինչ չկարողացավ գուշակել, նորից շշնջաց.

– Աննա՛մուս․․․

Ապա ողջ տանը տիրեց լռություն, ինչպես փակված գերեզմանում։

Փողոցի բազմությունը դեռ ամբողջովին չէր հեռացել, երբ Մեմիկ խաթունը որոշեց վեր բարձրանալ, խոսիլ ամուսնու հետ, թքել նրա երեսին և պահանջել, որ մի բան անի՝ բազմությունը հեռացնելու։

Մինչև Մեմիկ խաթունի սենյակ մտնելը Հաջի աղան ավանդել էր իր հոգին․ նրա մարմինը երկարել էր, ոտները գրեթե հասել էին սենյակի հատակին։ Երբ Մեմիկ խաթունը տեսավ Հաջի աղային՝ սյունի պես երկարած հատակեն մինչև առաստաղը, սարսափելի ճիչ արձակեց և ընկավ հատակին, հազիվ մի քանի անգամ կարողանալով կանչել՝ հասե՜ք․․․

Փողոցում կանգնողները լսեցին ճիչը և ապշահար դարձան դեպի լուսամուտը։ Մեկն աղաղակեց․

– Հիմ ըլ կնիկը կխեղդե։

– Հասե՛ք, տո՛․․․

Մի քանի հոգի մոտեցան դռան, հրեցին, բաց արին։ Բազմությունը լցվեց ներս և տեսավ Մեմիկ խաթունին՝ ընկած սենյակի հատակին, ուշագնաց, իսկ Հաջի աղայի հասակը, ինչպես մի սյուն, տնկված էր սենյակի մեջտեղում։

1935 թ.

Աղավնիներ

1

Կանգնած եմ Պարթենոնի մարմարների վրա, հենված խորտակված մի սյունի։

Հեռուն՝ լեղակի կապույտ ծովը, վերևում՝ երկինքը՝ փիրուզյա հսկա թասի նման։

Կարծես լսում եմ Միներվայի թևերի շրշյունը։

Հանկարծ, փիրուզյա ֆոնի վրա, Ակրոպոլիսի ստորոտից վեր է բարձրանում սպիտակ աղավնիների մի երամ։

Կաթնագույն աղավնիներն են, որոնք գալիս, թառում են Էրեքթեոնի արձանների վրա, կարծես ձուլվում են մարմարի սպիտակության մեջ, ապա նորեն թռչում են, փիրուզյա երկնքի և ծովի միջև դարձդարձիկ պար դառնալով։

Ջինջ օդում կարկաչում է նրանց մրմունջը։

Այդ կաթնագույն աղավնիները հիշեցնում են ինձ մի հի՜ն տրագեդիա։

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
260 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467888
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi:
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin PDF
Ortalama puan 0, 0 oylamaya göre
Metin
Ortalama puan 0, 0 oylamaya göre