Kitabı oku: «Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր», sayfa 7

Yazı tipi:

5

Երբ դեռ ես մանուկ էի՝ մեր տան կանանց հետ գնում էի բաղնիս։ Մինչև հիմա էլ չեմ սիրում արևելյան բաղնիսը, հիշում եմ կոշմարը կավերի հոտի, գոլորշիների, սիրտ մարեցնող տաքի և խըշխըշ ջրի։

Արևելյան բաղնիսը՝ այն վայրը, ուր հորաքույրս կարող էր երևան գալ իր բոլոր ընդունակություններով և պառավի բոլոր չարություններով։

Հորաքույրս բաղնիսում միայն լողանալով զբաղված չէր – նա դիտում էր այն աղջկան, որ հարսնացու էր կամ թեկնածու հարսնության, որպեսզի բաղնիսից դուրս գալուց հետո՝ խոսեր֊բամբասեր նրա մասին։ Բաղնիսից անմիջապես հետո չէր կարող այցելություններ անել իր «տեսածները» կամ տեսնել ցանկացածները պատմելու բաղնիսում հանդիպած աղջիկների կամ հարսնացուների մասին, որովհետև այնքան չեչքար էր քսում մարմնին և այնքան վառող֊թափող դեղեր էր գործ ածում, որ սարսափելի հոգնած էր լինում և բերանը բաց՝ պառկում ու քնում էր։

Բայց մյուս օրը հորաքրոջս օրն էր։ Յուղոտում էր ծնոտները, ոտին քաշում էր մի խրիկ, գլխին՝ մի կիսամաշ շալ և ընկնում էր հարևանների տները, մեկից մյուսը, ամեն լսած խոսք և տեսած բան կարգապահորեն իր տեղը հասցնելու կամ «խոսքը իր տեղը կողելու»՝ ինչպես ինքը սովոր էր արտահայտվել։

Մտնում էր Եղիս հանըմի մոտ։ Եղիս հանըմը մի կին էր, որ իր շվաքից էր վախենում, որի լուսամուտների վարագույրները ոչ ոք տակավին կիսաբաց չէր տեսել, խոսում էր նոր ծնած հորթի նման, առանց արտասանելու մի ուրիշի անունը՝ միգուցե բամբասանքի նմաներ։ Երեք որդի ուներ, մեծը՝ Ալեքը, կը լիներ 41 տարեկան, բայց չէր ամուսնացել, որպեսզի «խոսք֊զրուց» չլիներ քաղաքում։ Եղիս հանըմը մի կին էր, որ միայն եկեղեցի էր գնում և եկեղեցուց ուղիղ տուն էր վերադառնում և զբաղվում էր մինչև իրիկուն իր տան պարտեզի ծառերով, մարգերով և խոտերի վրա արածող կենդանիներով։ Մեր տեղում Եղիս հանըմը մի տիպար կին էր, նրա մեկ հատիկ աղջիկը զատկին միայն դուրս էր գնում՝ այն էլ եկեղեցի, որի երեսը ոչ ոք բաց չէր տեսել։ Մայրը նրան կանգնեցնում էր եկեղեցու վերնատան ամենից ետևը և հազիվ թույլ էր տալիս քիթը և աչքերի միայն մին ազատագրելու իր երեսի քողից։

Հորաքույրս գնում էր Եղիս հանըմի մոտ և սկսում բամբասել Գուհար հանըմին աղջիկը, որին առջի օրը տեսել էր բաղնիսում մերկ։

– Կռնակին վրա երկու մատ դանակի նշան կա, ո՜վ գիտե ի՞նչ հիվանդություն ունի, լսեր եմ, որ Ալեքիդ համար ուզեր ես՝ չեն տվեր, – ասում էր նա։

– Սխալ ես լսեր, Վարդեր հորքոր, – մեղմագին մայում էր Եղիս հանըմը, – Ալեքս հալա կարգվելու չէ։

– Ի՜նչ գիտեմ, կը խոսին. ես ալ իմ պարտքս սեպեցի գալու և քեզի լուր տալու։

– Շա՜տ, շա՜տ շնորհակալ եմ, Վարդեր հորքոր, ես կը սեպեմ, որ դուն մեր բարեկամն ես, բարեկամ ըսածդ այդպես կըլլի։

Եղիս հանըմը կարճ էր կապում՝ միգուցե Գուհար հանըմը լսեր այդ խոսակցությունը և հորաքրոջս խոսքերի պատասխանատուն իրան բռներ։

Երբ հորաքույրս խոսքր վերջացուցած՝ դուրս էր գալիս մի ուրիշ դուռ բախելու ավելի ոգևորված, Եղիս հանըմը սենյակի մեջտեղում կանգնած՝ իր ցողունի նման, պառաված բազուկները վեր էր բարձրացնում, խաչակնքում երեք անգամ և ասում.

– Տե՜ր, դու պահյա՛ զմեզ ի փորձութենե, Տե՜ր, Տե՜ր անոխակալ և երկայնամիտ։

Դրանից հետո հորաքույրս մտնում էր Մեմիկ հանըմի տունը։ Նա վարպետ էր խոսք բանալու մեջ, ինչ նյութի մասին էլ խոսվեր՝ նա կարող էր խոսքը ավտոմոբիլի պես շուռ տալ և բերել գցել իր ուզած ուղին։ Մեմիկ հանըմի տունը մտնելու պատճառն էր բամբասել Հազարխան խաթունի աղջկան, որ զրույց կար, թե պետք է նշանվեր Մեմիկ հանըմի քրոջը ամուսնու քրոջը թոռան հետ։

– Գիտե՞ս, Մեմիկ հանըմ, – սկսում էր պառավը, – իմ գործս չէ թեև, բայց որովհետև ես քեզ շա՜տ կը հավնիմ՝ կուզեմ որ ձեր տունը լավ հարս գա։ Երեկ բաղնիքն էի և, ի՜նչպես եղավ, մտա Հազարխան խաթունի օդան, և ի՞նչ տեսնամ – աղջըկան ճռվները (սրունքները) դեղ կը քսեր, ո՞վ գիտե, ըսի մտքես մեջ, ի՜նչ հիվանդություն ունի, մտմտացի, թե Մեմիկ հանըմը սախա՞տ՝ պիտի բերե իր տունը։

Մեմիկ հանըմի տունը չպետք էր գար հարսը։ Մեմիկ հանըմը ամուսնու քրոջը թոռանը հետ որևէ կապ չուներ, բայց Մեմիկ հանըմի համար էլ այդ խոսակցությունը քաղցր էր, որովհետև Սարգիսին (իր ամուսնու քրոջր թոռը) ամուսնացնելու մտադրություն կար, բայց Մեմիկ հանըմին «շան տեղ» չէին դրել և իրեն ոչինչ չէին հարցրել։ Հորաքրոջս խոսակցության նյութը չափից դուրս շահագրգռեց նրան և աճեցրեց նրա անտեղի հետաքրքրությունը։ Սրունքներին դեղ գործածել բաղնիսում… ուրեմն անպայման մի ջղային անբուժելի հիվանդություն գոյություն ունի։ Մեմիկ հանըմը, առանց հորաքրոջս ճամբու դնելու, շալը քաշեց գլխին, որպեսզի գնա և գեթ Սարգիսին հայտնի իր «անձնական քննության» արդյունքը։ Հորաքույրս կաղ֊կաղ վազեց նրա ետևից մինչև դուրսի դուռը և իբր վերջին խոսք՝ ասաց.

– Աղջիկ եղած ատենս իմ ճռվըներս ըլ այդպես էին, ատոր համար այս հալին ընկա։

Ուրիշ ժամանակ ասում էր, որ իր սրունքներին ցավը վերջեն ժառանգած ցավ էր, բայց այս պարագային իր խոսքի՝ բամբասանքի կշիռը պահելու համար իր կաղության պատճառները տարավ և կապեց մինչև աղջիկության շրջանին։

Այս երկու տներից հետո նա կարգով մտնում էր զանազան ուրիշ տներ իր «տեսածները» իրենց տեղերը հասցնելու։ Օրինակ՝ մեկի համար ասում էր.

– Երեսը տեղն է, բայց մարմինը չորցած է, իմ մարմինս քեզի օրինակ։

Իր կմախքը օրինակ էր բերում 17 – 18 տարեկան մի աղջկա մարմնին, որ եթե դագաղում էլ լիներ, ավելի թարմություն ուներ, քան հորաքույրս իր կենդանությանը։

Մի ուրիշ աղջկա համար ասում էր.

– Մարմնին վրա տղամարդու պես մազ ունի, ի՜նչ աղջիկ է որ…

Այս բոլորր բաղնիսից դուրս, բայց նա երբեմն ողբերգություններ էր խաղում բաղնիսի ներսում։

Շատ լավ եմ հիշում՝ մի օր բաղնիսի դուրսի ընդհանուր սրահից մի ծանոթ կին մեր սենյակը եկավ և մայրիկից խնդրեց մեր ջրից օգտվել։ Մայրիկս ուրախությամբ արտոնեց և ասաց.

– Խնդրելու պետք չկա, Օղաբեր հանըմ, հրամեցե՛ք։

Մայրիկս ասաց և գնաց դուրս մի քիչ ցուրտ օդ շնչելու։

Հորաքույրս ներս եկավ և տեսավ, որ Օղաբեր հանըմը լվացվում է։

– Մեր սենյակեն դո՛ւրս գնա, – հրամայեց նա։

– Վարդեր խաթուն, – ասաց Օղաբեր հանըմը, – խանըմը արդեն հրաման տվեր է։

– Խանըմ֊մանըմ չեմ ճանչնար, գնա՛ դուրս, – կրկին հրամայեց մեր պառավը։

Օղաբերը զայրացավ։ Սա էլ այնպես մեղմ կանանցից չէր։ Երկուքը սկսեցին իրար խոսքեր կանչել՝ գնա՛ – չե՛մ գնա – դուն ո՞ր շունն ես՝ հալա կը խոսիս՝ դիպան իրար։ Օղաբերի ազգականները հավաքվեցին մեր սենյակը, երկու կողմի տաքության աստիճանները իրենց սահմանները անց կացան, և բաց արվեց ողբերգության վարագույրը։ Օղաբերը և իր մեկ֊երկու ազգականները վար առին իրենց եվայությունը ծածկող շորերը, բաղնիսի կոպիտ թասերը փաթաթեցին շորերի մեջ և հորաքրոջս ձգեցին սենյակի մեջտեղում և՝ տո՛ւր թե կտաս։ Պարզվեց մի անհունապես տգեղ տեսարան. ճարպոտ կանանց ծիծերը կատաղած շան գլուխների նման սկսեցին վեր֊վար ելլել և իջնել, մեկի ոտերը սլլացին և ամբողջ հասակովը և մսերովը զարնվեց սալին և էլի ոտի կանգնեց ավելի կատաղած։ Հորաքույրս թասի հարվածներին պատասխանում էր իր փոքրիկ աթոռով, որը վերջին անգամ, հուսահատած, նետեց Օղաբերին, ճեղքեց նրա ծիծերից մեկը, բայց ինքն էլ փռվեց գետին և ուշաթափվեց։ Քույրերս վախեցած արդեն վազել էին և լուր տվել մայրիկիս, որ հազիվ հասավ և դադարեցրեց կռիվը, քաշեց վարագույրը։ Իմ ձեռքիցս բռնեց մայրիկս, բերեց դուրս, հագվեցրեց և պատվիրեց գնալ անմիջապես տուն և ասել մեր ծառային, որ էշը բերի և հորաքրոջս տուն տանի։ Մինչև ես իշուն հետ բաղնիս վերադարձա, բոլորն էլ հագվել էին, մայրիկս տխուր էր, իսկ հորաքույրս, աչքերը փակած, բերանը բաց արած, ատամները ցցած, պառկել էր փոքրիկ գորգի վրա և հազիվ կարողանում էր տնքալ։

6

Երկար տարիներ համբերություն ունենալուց հետո հորս համբերությունը վերջ էր գտնում՝ անկարելի էր հանդուրժել հորաքրոջս ներկայության մեր տան մեջ։

Հայրս մի օր տանը հաղորդեց իր վերջնական որոշումներից մեկը՝ Վարդերը դուրս պետք է գա մեր տնից։ Հայրս չորս սենյականոց մի տուն էր վարձել և ուզում էր, որ հորաքույրս գնա և այնտեղ բնակի իր համար։ Մայրս նախ ընդդիմացավ։

– Ատքա՜ն տարի քաշեր ենք, հիմա՞ չպիտի քաշենք, – ասաց մայրիկս։

Բայց հորս որոշումը որոշում էր։

– Ես որ մինչև հիմա այդ կնիկը կը պահեի՝ այն տղու խաթեր համար էր, մինչև կոկորդս եկեր հասեր է, համբերանք չմնաց, դուրս պիտի ելլա, դո՛ւրս, չեմ ուզեր, մազերս ճերմկցուց։

Այն տղան հորաքրոջս որդի Խաչերն էր։ Խաչերը դպրոցում ամենից ուշիմ և աջող աշակերտն էր։ Երբ հայկական ծխականը ավարտեց, հայրս նրան ուղարկեց թրքական Պետական բարձրագույն վարժարան՝ Իտատիեն, և դրանից էլ հետո ուղարկեց Պոլիս, բժշկական վարժարան։ Հորս խոսքին վրա ուրիշ խոսք դնել անկարելի էր, հետևաբար մայրս թույլ տվեց, որ հայրս կանչի հորաքույրին և հաղորդի իր որոշումը, միայն մայրս, գալիք պատասխանատվությունից խուսափելու համար, Պիղատոսի պես ձեռքերը լվաց և դուրս եկավ։

– Վերջեն որ զղջաս, ես մեջը բաժին չունիմ, – ասաց մայրիկս հայրիկիս դուրս ելլալեն հետո, – այնպիսի բաներ ընե, այնպիսի օյիններ խաղա, որ տեսնես։

Բայց հայրս կանչեց իր հարազատ քրոջը և շատ կտրուկ կերպով ասաց.

– Երեսուն տարի է ինծի հետ ես, առաջ ջահել էիր, մենակ չէիր կրնար ապրիլ, բայց հիմա տարիքդ առեր ես, մարդ թելիդ չի կրնար դպչիլ, պետք է իմ տունես ելլաս և առանձին բնակիս, ես քեզի համար տուն եմ… – հայրս չի կարողացավ խոսքը վերջացնել, հորաքույրս արձակեց մի այնպիսի ահռելի ճիչ, որ կարծես երեսուն տարուց ի վեր պահեստի դրած լիներ։ Այս ահռելի ճչից մեր հարևանները վազեցին ներս, կարծելով, որ մի արտակարգ բան է պատահել մեր տան մեջ։ Մայրս սենյակից դուրս էր։ Նա, որ ամենափոքրիկ աղմուկից ցնցվում էր, ոչինչ չզգաց, որովհետև սպասում էր դրան։

Հայրս այլայլվեց, մինչև անգամ չկարողացավ խոսել, մի մարդ, որ քաղաքում կատաղածի համբավ էր վայելում։

Մայրս մի քանի ստերով հարևաններին ճամփու գցեց, թե՝ հորքորը լսել է, որ Խաչերը Սև ծովու մեջ խեղդվել է։ Թեև բոլոր հարևանները լսել էին, որ Խաչերի Պոլիս հասնելուն՝ հեռագիր էր ստացվել։ Հորաքույրս ոչինչ չկարողացավ ասել, ոչ մի լուսաբանություն չէր կարող տալ, որովհետև «ուշաթափվել էր»։ Ավելի լավ էր սուտ պատճառներ տային, քան թույլ տար, որ իր «ուշաթափվելու արվեստը» տապալվեր, քանի որ վերջերս մոդայից ընկել էր այդ։

Ուշաթափվել․․․ ահա՛ հորաքրոջս ուժեղ զենքերից մեկը։ Տարիներ առաջ տան բոլոր անդամները վախենում էին հորաքրոջ ուշաթափվելուց – բժիշկ, դեղ, սառը ջուր, քթին՝ ռուհիներ – բայց վերջ ի վերջո իմացվեց նրա ուշաթափվելու արվեստը։

– Երեսուն տարի առավ, – ասում էր խեղճ մայրիկս, – որ հասկացա, թե սուտ կը մարի։

Ճչից բավականին հետո զարթնեց հորաքույրս, բայց մինչև իրիկուն չդադրեց լաց լինելուց։

Երկրորդ օրր հայրս խոստովանեց իր անզորությունը։

– Եթե դուրս գա տունեն՝ ինձ ալամին առջև խաղք ու խայտառակ կընե, Մարգարիտ, – ասաց հայրիկս։

– Պետք է տանենք մինչև ետքը, – պատասխանեց մ այ֊ րիկս, – այդ կնիկը մեր տան խարղան է (ագռավը), քանի քշես խարղան, այնքան չար խաբարներ կը բերե։

– Աղջի՛ – հարց տվեց հայրիկս, – մինչև ետքը որ կըսես, այդ մինչև ետքը ե՞րբ է, այս կնիկը բոլորիս գլուխը կուտե։

– Թո՛ղ մեր գլուխը ուտե, բայց ո՛չ քուկդ, – պատասխանեց հորս կինը։

– Իմ ու քուկիդ խնդիր չկա, ես կուզեմ, որ կատվին գլուխն անգամ չուտե, բայց բոլորիսն ալ պիտի ուտե… – վերջացրեց հայրիկս։

Հորաքույրս մնաց մեր տանը։

7

Հայրս մի ազգական ուներ, որի անունն էր Հաջի Մայր։ Մենք բոլորս էլ Հաջի Մայր էինք ասում այն քաղցր պառավին, որի ներկայությունը որևէ տան մեջ խաղաղություն էր։ Մի պայծառ, ալեզարդ պառավ, որի ձեռքերը շուշանի սպիտակություն ունեին, որին մոտենալիս՝ նոր լվացված և արդուկված ճերմակեղենի մաքուր բույր էր գալիս, նիհար, բայց ոչ ոսկրուտ։ Նա մեզ միշտ պատմում էր Երուսաղեմ քաղաքի պատմությունները, ուր այցելել էր իբրև ուխտավոր, մի տասնյակ տարի առաջ։ Նա ուներ մի կարմիր մարջանից խաչ, մեջտեղում մի փոքրիկ ապակյա ծակ, որի մեջ նայելիս երևում էր Քրիստոսի խաչելության պատկերը։ Այդ պատկերը, ասեղի ծակի չափ փոքրիկ ծակից երևցած, իմ մանկական մտքիս վրա ավելի մեծ տպավորություն էր թողել, քան հետագայի իմ տեսած սինեմաները, ռադիոֆոները և ուրիշ գիտական հրաշալիքներ։ Ես Երուսաղեմի մասին միայն մի բան գիտեի։ Երբ երկրաշարժը օրորում էր մեր տները, ամեն մարդ պոռում էր – «Սյունն Երուսաղմա», – ես կարծում էի, թե Երուսաղեմ ի մեջ մի սյուն կա, որ երկրից մինչև երկինքը երկարած է, և այդ սյունն է, որ կարող է հանդարտեցնել երկրի կատաղությունը։ Այդ խաչի պատկերը ուրիշ հորիզոններ բացավ իմ աչքիս, միշտ էլ փնտրում էի Երուսաղեմի սյունը և Քրիստոսի խաչելությունը։ Հաջի Մայրը իմ մտքում միշտ կապվել էր խաչելության և այդ սյունի հետ, և միշտ մտածում էի, թե ինչպես այդ խորին բարի պառավը կարող էր կապ ունենալ խաչելության գործիքի և այդ վիթխարի սյունի հետ։

Մի օր Հաջի Մայրը էլի մեզ մոտ էր և խոսք կար, որ նա պիտի հեռանար մեր քաղաքից։ Հայրս երկար խորհրդակցության նստեց նրա հետ։

Հայրս համոզում էր Հաջի Մորը, որ հորաքրոջս հետը տանի Պոլիս։

– Ես կը վախնամ այդ կնիկ են, – ասում էր Հաջի Մայրը, – ճամբան գլխուս օյին կը բերե։

– Չէ՛, – առարկում էր հայրս, – դուն գիտես, որ քեզմե կը քաշվի։

– Նա միայն Աստուծմե կը քաշվի, մարդոցմե քաշվիլ չունի, – պնդում էր Հաջի Մայրը։

Վերջապես հայրս աջողեց Հաջի Մորը համոզել, որ հորաքրոջս հետը տանի։

Հիմա հարց էր ծագում, թե ի՞նչ կերպով կարելի պիտի լիներ հորաքրոջս համոզել գնալու։ Հայրս մի քանի օրեր ծանր մտածելուց հետո՝ իր մոտ կանչեց իր քրոջը և ասաց.

– Տղադ քեզ Պոլսեն ուզեր է, պիտի ղրկեմ որ երթաս տեսնաս։

Այս խոսքը դառավ մի նոր և ահավոր ցավ։ Հորաքույրս մեկնաբանեց, որ Խաչերը հիվանդ է և դրա համար են ուղարկում։ Մինչև մեկնելու օրը գովեց ու լաց եղավ, լաց եղավ ու գովեց իր տղին՝ կարծես թե նրա դագաղը դրված լիներ իր առջև։ Ամբողջ մեր ընտանիքը Հոբի համբերությամբ համբերեց այն մեծ հույսով, որ որքան լաց և շիվան՝ այնքան մեկնելու մտքի խորացում։

Ութը մարդ հազիվ կարողացավ հորաքրոջս տնից դուրս բերել և կառք նստեցնել ոտները իրար էր զարնում լաց լինելով և ճչելով։

– Խաչե՜րս, Խաչե՜րս, քոռնայի, քեզ այս օրին չի տեսնեի։

Հաջի Մայրը Պոլսում մի աղջիկ թոռ ուներ, որ պատկերով նշանվել էր Եգիպտոսում ապրող մի հարուստ վաճառականի հետ։ Հաջի Մայրը գնում էր Պոլիս, որպեսզի իր թոռը տանի Եգիպտոս և ամուսնացնի։ Հորաքույրս պիտի մնար Պոլսում, Խաչերի մոտ։

Ճանապարհին հորաքույրս մի քանի կռիվներ կը սարքի Հաջի Մոր հետ։

– Վա յ, դուն այսպես ըսիր, վա՜յ, դուն այնպես ըսիր։

– Վարդե՛ր, – աղաչում է Հաջի Մայրը, – սիրտդ հանգիստ պահե, ծով պիտի անցնենք, Աստուծո բարկությունը մի հրավիրեր մեր վրա։

– Շիտակ բանին Աստված չի բարկանար, – պատասխանում է հորաքույրս։

Մենք լսեցինք, որ Պոլսում Խաչերը մի կերպ աջողացնում է իր մորը ճանապարհ դնել Հաջի Մորը և նրա թոռանը հետ դեպի Եգիպտոս։ Թե ինչպես էր եղել, որ այդ կռիվներից հետո Հաջի Մայրը համաձայնվել էր՝ ես չգիտեմ։

Հորաքրոջս մեր տնից դուրս գալուց հետո՝ մեծ քրոջս բախտը ժպտաց։ Նրա բախտը սկսեց վարդի կոկոնի նման բացվել։ Քույրս 17 տարեկան էր, սիրուն, սև աչքերով և հասակով։ Ըստ մեր Խարբերդի սովորության՝ նա պետք էր բերնի ծամոն դառնար արդեն երկու տարուց ի վեր։ Պետք էր որ մի քանի անդամ հարսնության ուզեին նրան, ծնողները մերժեին, պետք էր ողջ քաղաքում խոսքի և զրույցի առարկա դառնար, բայց որի՞ բերնին էր ընկել մոտենալ մեր տանը և աղջիկ ուզել՝ հորաքույրս անմիջապես պիտի լիներ իր դերում, գործի վրա և անպայման խանգարեր։ Եթե մինչև անգամ չի խանգարեր, այնուամենայնիվ այդ էր դրսի տպավորությունը։

Հորաքույրս դեռևս Սև ծովու վրա էր, երբ մեծ քրոջս նշանեցինք, մի տարի հետո ամուսնացնելու երկուստեք խոստումներով։ Քույրս՝ զարմանալի՜ չէ, դառավ հետաքրքրության առարկա նշանվելուց հետո։ Ամեն ներս մտնելուն և դուրս գնալուն, եկեղեցի կամ բաղնիս հաճախելուն՝ նրա մասին մանրամասն պատմություններ էին պտտվում քաղաքում։ Հորս և մորս՝ նրան տալիք դրամօժիտի մասին չիմացածը՝ քաղաքը իմանում էր։ Առասպելներ էին հյուսվում նրա դրամօժիտի շուրջը։ Դրամօժիտի չափերը այնքան էին բարձրացվում, որ մոտավորապես գալիս էր հավասարվելու հորս ունեցած հարստության։

Հորաքույրս այլևս չկար, մայրս դառել էր մեր տան իրական և տիրական տիրուհին, մանավանդ՝ աղջիկների մայրը։

Խաղաղ էր մեր տան կյանքը, այնպես խաղաղ, ինչպես կապույտ ու անդորր երկինքը մեր ամառների։ Առաջին անգամն էինք տեսնում, որ մայրս լաց չի լինում, տան մեջ անհամություններ չկան, բամբասանքներր դադրեցան, ագռավը, սև և անողոք ագռավը, չէր կանգ առնում մեր կտրի քիվերի վրա, մեր տան պատերը մի ժպտուն լռություն էին պահում։

Հորաքրոջս մեկնելուց վեց ամիս հետո լսեցինք, որ Եգիպտոսում մեռել է Հաջի Մայրը, որովհետև իր թոռը մերժել էր ամուսնանալ իր նշանածի հետ հորաքրոջս թելադրությամբ և փախել էր Փարիզ, ամուսնացել մի ուրիշի հետ։ Այս դեպքից հետո Հաջի Մայրը կաթվածք էր տարել և մեռել։ Իսկ Հաջի Մոր մահից հետո հորաքույրս եկավ, բոբո՜ս, կանգնեց… մեր տանը դռան առաջ։

Նա էլի վերադարձավ մեր առաստաղի տակ՝ իր հետ բերելով գորշ և սպառնական ամպեր։ Մեր երկինքը էլի մթնեց՝ կարկուտի նշան կար։

Անպա յման մեր տանը պիտի պատահեր մի ահեղ և մութ բան։

Մի աշունի ցուրտ օր մայրս, վերադառնալով պարտեզից, դժգունած և այլայլված, իր ջինջ աչքերում մի քանի կաթիլ արցունքով, ողբագին ասաց.

– Երեք սև ագռավ մեկանց կկանչեն մեր կտրի վրա, – և չի կարողացավ գուշակություն անել։

Երեկոյան հայրիկս սովորական ժամից ավելի շուտ տուն եկավ և անմիջապես մտավ անկողին։

– Մարգարի՛տ, – ասաց նա մորս թուլացած և դժգունած, – հիվանդ եմ, սիրտս կը ցավի։

Հայրս այդ օրվանից ոտքի չկանգնեց, անկողնում հիվանդ մնաց մինչև կաղանդի կես գիշերը։

Հորս հուղարկավորությունը տեղի ունեցավ այն նոր տարվա ցուրտ առավոտը։

Տեղի էր ունեցել ահեղ բան՝ հայրիկս չկար։

8

Հորաքույրս գտավ իր անխորտակելի պարանը՝ վրան խազալու, պար գալու։ Հայրիկիս վախը չկար, իսկ տան մյուս անդամներն էլ հորս մահվան վշտով էին տարվել։ Նրա առաջին գործը եղավ ընկնել մեր նոր փեսայի ետևից, որի ամուսնությունը արդեն մոտ էր։ Հորաքույրս որևէ պատճառ չուներ մեր փեսային թշնամի լինելու, իսկ քույրս էլ խենթի նման սիրում էր իր նշանածին և փոխադարձաբար։

– Առանց ինձ նշանե՜ն, ինձ մարդու տեղ չդնե՜ն , ես այս տան մեջ ո՛չ աղախին եմ և ո՛չ ըլ շուն, – մտածում էր հորաքույրս, ավելի ճիշտ՝ դավադրում։

Առաջին գործը եղավ մորս միտքը պղտորել, բայց չօգնեց, հետո մեծ եղբորս գրգռեց փեսայի դեմ և պատճառ եղավ մի շարք անհամ և անհարկի կռիվների, մինչև անգամ, ապտակ, ամաններ իրար գլխի և այլն։

– Հակո՚բ, գառնո՛ւկս, – գաղտնի փսփսում էր հորաքույրս մեծ եղբորս ականջին, – փեսադ ասդին անդին, գլխեն դուրս խոսեր է, որ իբր թե դուն չես կրնար հորդ տեղը բռնել, շռայլ ես, պատիվ չես բերեր տանը, թե հորդ հին բարեկամները կամաց֊կամաց կը հեռանան և փուշտերու հետ գործ ունիս։

Եղբորս միամտությունը և հորաքրոջս ինտրիգի աջողությունը հասան մինչև այն աստիճանին, որ մի օր եղբայրս դուրս վռնդեց տնից մեր փեսային։

Քույրս լաց եղավ, մայրս զգայնությունից հիվանդացավ, մենք էլ սկսանք չսիրել փեսային, որ «պատճառ» էր մեր տան վրա թափած նոր կրակե կարկուտին։ Փեսան հանդարտաբարո բնավորությամբ մի երիտասարդ էր և չկարողացավ ավելի ճիգ և կամք հանդես բերել։

– Հերի՛ք է, – ասում էր վշտագին մայրիկս հորաքրոջս, – հերի՛ք է սև սատանի դեր կատարես այս տան մեջ, ի՞նչ ունիս աղջկանս մոտ, որ չես կրնար ետ առնել։

– Ես ի՞նչ բան ունիմ, – պատասխանում էր հորաքույրս, – խելառ տղադ է ընողը, ամեն բան ըրեք, վերջեն ելեք իմ վրաս նետեցեք հանցանքը, Աստծու ահեն չե՞ք վախնար, շատ ըլ մի գուրգուրար փեսայիդ վրա, չգտնվելիք չէր, մեր ոտը թող պագնեն ու մեր աղջիկը առնեն։

Մայրիկս, ինչպես երեսուն տարի, այս անգամ էլ լռեց՝ առիթ չտալու համար նրան ավելի սատանայական մեքենայությունների, բայց մեր տան փեսայի հետ կռիվները այնքան հաճախակի դառան, որ փեսան ստիպվեց իր տված նշանը ետ պահանջել։ Նշանը ակամա ետ ուղարկվեց, բայց խեղճ երիտասարդը վշտից հիվանդացավ, ուժասպառվեց և մի օր էլ մեռավ։ Քույրս, աներևակայելի ջանքերի շնորհիվ՝ Եվրոպա, ամառանոց և ջերմուկներ, հազիվ փրկվեց մահվան վտանգից։

Մինչև հիմա էլ հիշում եմ մեր ժամանակավոր փեսային՝ շատ սիրուն դեմքով և կազմվածքով, բարի և հիմար։

Խեղճ տղան քաշվում էր իր սերը պաշտպանելուց։

9

Եգիպտոսի վրայով՝ Ամերիկայից մեր քաղաքը հասավ մի մարդ, որ աչքի զարնվեց միայն այն բանի համար, որ առջևի ատամների երկուսը ոսկուց էին շինված և ապա ասում էին, որ շատ հարուստ էր։ Այս մարդը խարբերդցի էր, բայց նրան միայն ծերունիներն էին հիշում։

Ջինջիլյան էֆենդի՝ այս էր նրա ազգանունը։

Հորաքույրս Եգիպտոսում պատահել էր այս ոսկե ատամներով պարոնին և խոստացել էր երկիր վերադարձին ցույց տալ իր եղբոր աղջիկը։

Ահա թե ինչպես Ջինջիլյան էֆենդին մուտք գործեց մեր տունը և էլ դուրս չեկավ։

Թե հորաքույրս ինչպես և որպեսզի աջողությամբ տարավ թելլալ[7] կնիկի այս գործը, դժվար թե ես կարողանամ պատմել այստեղ մանրամասնորեն և ճշգրտորեն, որովհետև այս պատմությունը հորաքրոջս ամենածածուկ, մութ և լռին գործերից մեկն է։

– Չեմ գիտեր թե աղջիկդ պահես֊պահես՝ որի՞ն պիտի տաս, ասում էր մորս, բոլորն ըլ կը խոսին, որ թոքախտավոր է, բարակ ցավ ունի, և ինչե՜ր, մեյ մը ականջդ դուրս ըրե՛ և լսե՛, թթո՞ւն պիտի դնես։

– Բայց շատ տարիք ունի, ինձմե մեծ է, պատասխանում էր մայրիկս ոսկի ատամներով մարդու համար, գլխուն վրա ճերմակ մազերու համրանքը չկա, աղջիկս ծերի՞ պիտի տամ։

– Ոո՜ւհ, գլուխդ հողիմ, – ասում էր հորաքույրս, բոլորը Ջինջիլյան մը կըսեն հինգ Ջինջիլյան ըլ պռկունքներեն կը կախվին, ի՜նչ պատիվներ կուտա խալխը աղջիկները անոր շալակը հանելու, բայց բախտը տես, որ իր ոտքովը ընկեր է մեր դուռը։

Վերջապես հորաքույրս բոլորին համաձայնացրեց։

Մինչև ամուսնություն՝ մի կերպ մենք նոր փեսային տարինք, բայց ամուսնությունից հետո՝ մեծ եղբայրս մտավ իր դերում, որովհետև փեսան դուրս եկավ իր դերից։

Ջինջիլյան էֆենդին սկսեց եղբորս անձնական գործերին խառնվել։ Եղբայրս անցել էր հորս տեղը և չէր տանում, որ որևէ մեկը միջամտի իր խելքին։

Մենք մի մեծ պարտեզ ունեինք քաղաքից քիչ դուրս, որ չորս բոլորը փշենիներով ցանկապատ ուներ։ Մեծ եղբայրս ցանկացավ ցանկապատի տեղ աղյուսով պատ կանգնեցնել։ Շատերը եղբորս խորհուրդ տվին չանել այդ, որովհետև ծախսը շատ է և չարժե։

– Գառնո՛ւկս, մոռցիր, որ երթա, խրատում էր մեր ալևոր ազգականներից մեկը։

– Տղա՛ս, մի ըներ, ասում էր մայրս։

– Պիտի ընեմ, մեկ անգամ խոսքը բերնես թռեր է, պիտի կատարվի, – համառում էր եղբայրս։

Մի երեկո Ջինջիլյան էֆենդին մեր տանն էր՝ ընթրիքի։ Ճաշի ժամանակ էլի, ինչպես միշտ, խոսքը բացվեց պատի մասին։ Վերջին երկու ամիսների ընթացքին արդեն մեր տան մեջ պատի խոսակցությունից դուրս ուրիշ խոսակցություն գրեթե չկար։ Մի շարք համոզիչ խոսքեր ասվելուց հետո, երբ եղբայրս շարունակեց պնդել պատը կանգնեցնելու մասին, փեսան սկսեց բղավել.

– Առնվազն սարսաղություն է, հիմա՛ր…

Ջինջիլյան էֆենդին դեռևս չէր լրացրել իր խոսքը՝ եղբայրս իր առաջ դրված կանաչ լոբու ամանը առավ և խփեց փեսայի ոսկե ատամներին։ Բոլորս էլ սեղանից թռանք, քրոջս սիրտը գնաց, մայրս զայրացավ, որ փեսան խոսքի խառնվեց և վիրավորեց եղբորս, հորաքույրս փախավ դուրս, իսկ փեսան և եղբայրս ինկան իրար կոկորդի։ Ոչ ոք չկար, որ բաժաներ, երկուքն էլ սպասում էին, որ մեկը միջամտի։ Վերջ ի վերջո մայրս հրամայեց։

– Հակո՛բ, բավական է։

Հակոբը բաց թողեց փեսայի վիզը։

Երեք օր հետո պատը սկսեց կառուցվել, բայց մեր տան և Ջինջիլյան էֆենդու միջև պատի խնդիրը միշտ մնաց դաժան խնդիր։

Հորաքույրս շատ աշխատեց փեսան նորից մեր տուն բերել, բայց այդ նրան երբեք չաջողվեց։

Yaş sınırı:
12+
Litres'teki yayın tarihi:
26 haziran 2017
Hacim:
260 s. 1 illüstrasyon
ISBN:
9781772467888
Telif hakkı:
Aegitas
İndirme biçimi: